Իշխանության ներկայացուցիչները պետք է գյուղեր մտնեն, շփվեն ժողովրդի հետ, մարդկանց հոգսերով ապրեն. այդպես են մտածում սահմանապահ Տեղում

17.01.2023 14:40
3646

Լաչինի միջանցքի բլոկադայի պայմաններում որոշակի խնդիրների առաջ է կանգնել Տեղ գյուղը: Նախ՝ միջանցքը սկիզբ է առնում գյուղի արևելյան մատույցներից, և հատկապես բլոկադայի առաջին օրերին մարդկային կուտակումները գլխավորապես այդ տարածքում էին՝ դրանից բխող հետևանքներով: Մյուս կողմից՝ Ստեփանակերտում մեծ թիվ են կազմում ծագումով Տեղ գյուղացիները. նույնիսկ տեղցիների առանձին մայլա (թաղամաս) կա այնտեղ: Եվ հասկանալ կարելի է գյուղացիների անհանգստությունը Ստեփանակերտում բնակվող իրենց հարազատների ու մերձավորների վիճակի առնչությամբ:

Ելնելով այդ հանգամանքներից՝ մեր ստեղծագործական խումբն այցելեց Տեղ և զրույց ունեցավ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի հետ:

- Պարոն Ղուլունց, առաջին հարցը, բնականաբար, անվտանգությանն է առնչվում: Տեղ համայնքն Ադրբեջանի հետ ունի 62 կմ սահման, հետևաբար շատ կարևոր է անվտանգության վիճակը սահմանի երկարությամբ: Բնութագրեք, խնդրեմ, իրավիճակը:

- Մեր համայնքի յոթ գյուղն էլ սահմանամերձ են, ավելի ճիշտ՝ սահմանապահ: Եվ ճիշտ եք նկատում՝ համայնքի բնականոն գործունեության գլխավոր պայմանն անվտանգության ապահովումն է:

Հիմնականում անդորր է սահմանում, բայց ադրբեջանցիների կողմից հրահրվող միջադեպեր են լինում երբեմն-երբեմն՝ տեղական մասշտաբի:

Ունենք պաշտպանական ուժեղ գիծ, տղաները դիրքերում վստահ և ամուր են կանգնած, պատրաստ են հարկ եղած դեպքում հակառակորդին հակահարված տալ:

Այսպիսի վիճակ է Խոզնավարից մինչև Կորնիձոր ընկած սահմանագծում:

- Ի՞նչ ազդեցություն է ունեցել Լաչինի միջանցքի բլոկադան Տեղ գյուղի վրա. անցած մեկ ամսում Դուք եղել եք իրադարձությունների կիզակետում և ավելի շատ եք շփվել մարդկանց հետ, ի վերջո միջանցքը սկսում է Տեղի տարածքից, նաև անցակետն է գյուղի տարածքում:

- Տխուր իրավիճակ է... Ադրբեջանցիների արածը 120 հազար մարդուն ցեղասպանության տանելուն միտված քայլ է:

Գյուղի ջահելներից շատերն են արտագնա աշխատանքի բերումով Արցախում գտնվում, մնացել են այնտեղ:

Ինքներդ գիտեք՝ Ստեփանակերտում Տեղի մայլա կա, ասել է թե՝ հարյուրավոր տեղցիներ են բնակվում այնտեղ, որոնց հարազատները գյուղում են՝ անհանգստանում են:

Մշտական կապ ենք պահում նրանց հետ...

Չեմ ուզում զուգահեռներ անցկացնել 1990-ականների իրավիճակի և իրադարձությունների հետ (համեմատելու քիչ բան կա), բայց այն ժամանակ ոչ պակաս դժվարին օրեր են եղել, և կարողացել ենք հաղթահարել:

Արցախցին, սյունեցին հայի արժանապատիվ տեսակն են, արցախցիներին բլոկադայով չես վախեցնի:

Համոզված եմ՝ կդիմանանք ու կհաղթենք...

- Իսկ Տեղ գյուղում կա՞ն արցախցիներ, որ չեն կարողացել վերադառնալ Ստեփանակերտ: Որքան տեղյակ ենք՝ առաջին օրերին և՛ տրանսպորտային միջոցների, և՛ մարդկանց կուտակումներ են եղել անցակետում ու գյուղում:

- Ճանապարհին մնացած բոլոր արցախցիներին տեղավորել ենք Գորիսի հյուրանոցներում: Իսկ մինչ այդ՝ առաջին ժամերին և օրերին, հնարավոր բոլոր միջոցներով օգնել ենք մարդկանց՝  տաք կացարան, սնունդ...

Հավանաբար տեղյակ եք՝ Հայաստանի կառավարությունը հոգում է Գորիսի հյուրանոցներում հանգրվանած արցախցիների բոլոր ծախսերը:

Գնահատելի է Կարմիր խաչի գործունեությունը:

- Պարոն Ղուլունց, մենք գալիս ենք Խնածախ գյուղից: Եվ, օգտվելով առիթից, այդ բնակավայրին առնչվող որոշ հարցեր կուզենայինք քննարկել:

Առաջին հարցը խմելու ջրին է առնչվում. երեք օրը մեկ են մարդիկ ջուր ստանում..

- Մեկ տարի առաջ ավարտին է հասցվել Վաղատուրի ջրաղբյուրներից Խնածախ գյուղին ջուր մատակարարելու՝ մոտ 80 մլն դրամ արժողությամբ ծրագիրը:

Թեև վաղատուրցիներն  ընդդիմացել են այդ ծրագրի իրականացմանը, բայց մարդկանց համոզել ենք, մանավանդ որ դրանով Վաղատուրի ջրամատակարարումը չէր տուժի և չի տուժել:

Այդ ծրագրի իրականացումն սկսվել է իմ պաշտոնավարումից առաջ: Եվ վայրկյանում, ըստ նախագծի, մոտ 2 լիտր ջուր պիտի հասներ Խնածախ:

Հիմա, ցավոք, այդ ջրատարով 0,7 լիտր ջուր է հազիվ գյուղ հասնում:

Կարծում եմ՝ ծրագիրը բարեխիղճ իրականացնելու դեպքում հնարավոր կլիներ 5 լիտր ջուր հասցնել Խնածախ, ջրահավաք ավազանում նման ռեսուրսներ կան:

Դե հիմա ուշ է խոսել այդ մասին: Մենք նոր ծրագիր պիտի մտածենք Խնածախի համար, խորքային ջրերի ռեսուրս էլ կա, պետք է պոմպերով ջուրը մղենք օրվա կարգավորիչ ջրամբար:

- Ըստ Խնածախում ստացած տեղեկությունների՝ միայն վերջին մեկ տարում մոտ 50 հոգի լքել է հայրենի գյուղը:

- Ինքներդ տեսել եք, թե որքան մոտիկ են թուրքի դիրքերը գյուղին, մարդ իր տնից ամբողջ օրը նրանց դրոշն է տեսնում...

Աշխատատեղերի խնդիր էլ կա...

Արոտավայրերն են պակասել...

Իմ խորին համոզմամբ՝ եթե վերջնականապես կայուն խաղաղություն հաստատվի, եթե վերջնականապես ցրվի անորոշությունը, ապա խնածախցին չի հեռանա գյուղից:

Եվ, իհարկե, գյուղացու զբաղվածության հարցում պետական  լուրջ մոտեցում պիտի լինի. հիմնական աշխատանք ունեցող մարդը գյուղից դուրս չի  գալիս:

- Խնածախին առնչվող մի կարևոր հարց ևս՝ բնական գազը հասցվել է գյուղ, բայց գյուղացին չի կարողանում օգտվել դրանից...

- Ցավոտ հարց է, ֆինանսական միջոցների խնդիր է, որ գյուղացին չունի:

Բայց կուզենայի խնդրին մոտենալ բազմակողմանիորեն:

Սահմանապահ բնակավայրերը պետական մակարդակով հոգածության կենտրոնում պիտի լինեն: Հասկանում եմ՝ պետությունն էլ լավ օրում չէ, բայց սահմանում բնակվող գյուղացին պիտի կարողանա, օրինակ, զեղչ գներով կամ պետական սուբսիդիայով գազը հասցնել իր բնակարան:

Այդպիսի քայլերով գյուղացին ավելի խորն արմատներ կձգի իր հայրենի հողում:

- Տեղ համայնքի մեջ մտնող բոլոր գյուղերը մինչև Արցախյան 3-րդ պատերազմ անասնապահական խոշոր տնտեսություններ են ունեցել: Պատերազմից հետո, ըստ մեր ունեցած տեղեկությունների, գլխաքանակի կտրուկ կրճատում է եղել:

Ինչպե՞ս եք պատկերացնում համայնքի տնտեսության համար կարևորագույն այդ ճյուղի վաղվա օրը:

- Պատերազմից հետո, հասկանալի պատճառներով, անասունները վաճառում էին: Բայց հիմա, կարծեք, այդ միտումը չկա: Ընդհակառակը՝ կան անհատներ, ֆերմերներ, ովքեր փորձում են ավելացնել անասունների գլխաքանակը:

- Արցախյան ճգնաժամի այս օրերին միգուցե և տեղին չէ այլ հարցեր քննարկելը, բայց և չպիտի մոռանանք՝ Արցախն առաջին հերթին Սյունիքով ուժեղ պիտի լինի, իսկ Սյունիքը՝ իր սահմանամերձով:

Եվ ուրեմն՝ Տեղ համայնքում ի՞նչ սպասելիքներ ունեք 2023-ին՝ սոցիալ-տնտեսական առումով:

- Խորհրդային Միության փլուզումից հետո Տեղ գյուղում ոռոգման ջուր չենք ունեցել: 2022-ին 120 տուն և 190 հա դաշտ ոռոգման ջուր է հասցվել. դա ծրագրի առաջին փուլն էր: Այս տարի ևս այդքան տուն ոռոգման ջուր կստանա: Այսպես ասեմ՝ ոռոգման ջրով գյուղն ամբողջապես ապահովելու մտադրություն ունենք:

Կորնիձորում նույնպես նման ծրագիր ունենք՝ 190 մլն դրամ արժողությամբ. խոսքը ներքին ցանցի հիմնանորոգման մասին է:

Քարաշենում, Խնածախում խաղահրապարակներ կկառուցենք:

Իսկ ամենասպասված իրադարձությունը կլինի Վերիշենից Խոզնավար ձգվող ճանապարհի հիմնանորոգումը:

- 2022-ի սեպտեմբերի 13-15-ի ադրբեջանական ագրեսիայի ժամանակ Տեղ համայնքի տարբեր բնակավայրեր վնասներ կրեցին, արդյո՞ք փոխհատուցման խնդիրը լուծվեց:

- Այդ օրերի ամենամեծ կորուստը մեր երկու համագյուղացու կորուստն էր՝ մեկը ժամկետային զինծառայող էր, զոհվեց Ջերմուկի սարերում, մյուսն անասնապահ էր. նրանց մահը մեծ ցավ պատճառեց գյուղին...

Ունեցել ենք անասունների կորուստ. պետությունը փոխհատուցել է այդ վնասը: Վաղատուրում մի քանի տան տանիք էր ավերվել. վնասը նույնպես փոխհատուցվել է: Քարաշենի հանդիսությունների սրահն էր ավերվել՝ թշնամու արկից, վնասը փոխհատուցվել է:

Եվ քանի որ փոխհատուցումների մասին ենք խոսում, ասեմ նաև՝ փոխհատուցում են ստացել Կորնիձորի այն բնակիչները, որոնց սեփական հողերն օգտագործվել են միջանցքի ճանապարհի կառուցման համար:

- Տեղ համայնքը, մի քանի առումով, ինչպես նշեցինք, ոչ սովորական իրավիճակում է հայտնվել, մարդկանց տրամադրությունն էլ, մեղմ ասած, չի  փայլում...

- Մեր գլխավոր մտահոգությունն Արցախն է, հայոց այդ երկրամասը մայր հայրենիքին կապող միակ ճանապարհի հարցը:

Մարդկանց տրամադրությունը... Չեմ կարող ասել շատ վատ է, բայց... Տեղ համայնքի գյուղերը, նկատի ունենալով դրանց ռազմավարական նշանակությունը, կառավարության ուշադրության կենտրոնում պիտի լինեն: Կառավարությունը պետք է կանգնի սահմանը պահող գյուղացու կողքին, իմանա սահմանամերձ բնակավայրերի խնդիրները և համահունչ քայլեր ձեռնարկի: Հավատացեք, դա միայն իմ անձնական դիրքորոշումը չէ, դա բոլորի կարծիքն է:

Մարդիկ տեսնում են՝ ով է գյուղ գալիս, գալուց հետո ինչ է փոխվում գյուղում, ով է խաբում, ով է իր խոստումն ու պաշտոնեական պարտականությունը կատարում:

Բարձր իշխանության ներկայացուցիչները պիտի գյուղ մտնեն, շփվեն ժողովրդի հետ, մարդկանց հոգսերով ապրեն: Մի խոսքով՝ պետք է կանգնել գյուղացու կողքին, եթե ինչ-որ ներդրում են կատարում Երևանում, հաջորդն էլ պետք է սահմանապահ գյուղերում անեն, եթե աշխատատեղ բացելու հնար կա, ապա պետք է առաջին հերթին լեռնային գյուղերում անել... Դա է ապրելու, արարելու բանաձևը, իսկ դրանից առաջ՝ արժանապատիվ խաղաղություն, ծնկաչոք վիճակից բարձրանալու վճռականություն...

 

Հարցազրույցը՝

Սամվել Ալեքսանյանի

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53