Հայկական լեռնաշխարհն իր դիրքի շնորհիվ Արևելքն Արևմուտքի հետ կապող օղակ էր: Հնագույն ժամանակներից սկսած Հայաստանով էին անցնում տարանցիկ այն ճանապարհները, որոնք գալիս էին Չինաստանից ու Հնդկաստանից և անցնում դեպի Սև ու Միջերկրական ծովերի ափերը:
Հայաստանում այդ ճանապարհներն անցնում էին գլխավորապես Արևմտյան Տիգրիսի, Արածանիի և Արաքսի հովիտներով: Սակայն պատմական Հայաստանի ոչ բոլոր մասերն ունեին հարմար ճանապարհներ: Այդպիսի մասերի թվին է պատկանում և Սյունիքը:
Հայաստանով անցնող ճանապարհների մասին ամբողջական տեղեկություններ է հաղորդված «Պևտինգերյան» քարտեզում: Այստեղ տրված հինգ հիմնական ճանապարհներից (որոնց ելման կենտրոնը Արտաշատ մայրաքաղաքն էր) և ոչ մեկը չէր անցնում Սյունիքով1: Անհրաժեշտ է նկատել, որ «Պևտինգերյան» քարտեզում տրված ճանապարհները գլխավորապես Արտաշատից ձգվում էին դեպի արևմուտք, նրանցից միայն մեկն էր, որ գնում էր դեպի արևելք՝ դեպի Համադան:
Մեր նպատակների տեսակետից հետաքրքրական են «Մղոնաչափք»-ը2, որտեղ հիշատակված են Հայաստանով անցնող 6 հիմնական ճանապարհների ուղղությունները.
ա) Դվին-Կարին-Ամասիա -Կոստանդնուպոլիս
բ) Դվին-Խլաթ-Ուռհա-Դամասկոս-Երուսաղեմ
գ) Դվին-Բերդկունք-Պարտավ-Կասպից ծով
դ) Դվին-Նախիջևան-Գանձակ Շահաստան-Տիսբոն
Վերջինս Նախիջևանում բաժանվում էր երկու ճյուղի, որոնցից մեկը դեպի Գանձակ և Տիսբոն գնացողն էր, իսկ մյուսը` Արտեվատի (այժմ Օրդուբադ), Վարդանակերտի և Փայտակարանի վրայով տանում էր դեպի Կասպից ծովի ափերը։
ե) Գանձակ3-Նինվե-Ուռհա
զ) Դվին-Կողբ-Տփխիս (Թբիլիսի)4
Նշված ճանապարհներից մեզ հետաքրքրում են՝ Դվին-Բերդկունք-Պարտավ-Կասպից ծով և Դվին-Նախիջևան-Օրդուբադ-Վարդանակերտ-Փայտակարան-Կասպից ծով ուղղությունները: Դրանցից վերջինի ընթացքը հանրահայտ է։ Այն ձգվում էր Երասխի ափով, ուստի և հարկ չկա դրա վրա կանգ առնել:
Ուրեմն մեզ մնում է ավելի մանրամասն ծանոթանալ Դվին-Պարտավ գլխավոր ճանապարհին, ապա նրանցից դեպի Սյունյաց թագավորության տերիտորիան ձգվող ու այնտեղ եղած մի քանի երկրորդական ճանապարհներին:
Դվին-Պարտավ ճանապարհի ուղղության և կայանների միջև եղած տարածությունների մասին մանրամասն հաղորդել է՝ արաբ աշխարհագիր Իստահրին: Հիշատակենք նրա տված Բերդա-Դաբիլ5 ճանապարհի կայաններն ու դրանց միջև եղած տարածությունները: Բերդայից Կալկագուա՝ 9 փարսախ, Կալկագուայից Մետրիս՝ 13 փ., Մետրիսից Դավմիս՝ 12 փ., Դավմիսից Կիլ-կու՝ 16 փ., Կիլ-կուից Սիսաջան՝ 16 փ. և Սիսաջանից Դաբիլ՝ 16 փարսախ6:
Ինչպես տեսնում ենք, այդ ճանապարհի կայաններից ծանոթ են միայն ելման երկու կետերը՝ Դվինը և Պարտավը: Մյուս կայանների անուններն ու տեղադրությունները մեզ համար անհայտ են: Մի քանի ուսումնասիրողներ անդրադարձել են այդ հարցին: Նրանցից ոմանք բավարարվել են միայն շատ ընդհանուր ենթադրություններ անելով: Այսպես, Լեոն ենթադրում է, որ «Այս ճանապարհը գնում էր Արցախի և Սյունիքի վրայով»7: Այս կարծիքն այնքան ընդհանուր և անորոշ է, որ հազիվ թե կարելի լինի ասել, թե նա որևէ պարզություն է մտցնում Դվին-Պարտավ ճանապարհի ուղղությունն իմանալու մեջ:
Ավելի որոշակի է պրոֆ. Ստ. Լիսիցյանի ենթադրությունը: Ըստ նրա, ճանապարհն Արտաշատից և Դվինից դուրս գալով ձգվում էր Վեդի գետի հոսանքին հակառակ ուղղությամբ. անցնելով Գեղամա լեռների վրայով, մտնում էր Արգիճի գետի հովիտը, ապա Սևանա լճի ավազանի հարավային հարթություններով և Թարթառ գետի հովտով հասնում էր Պարտավ8:
Սևանա լճի ավազանից մինչև Պարտավ գծամասի ուղղությունը, ինչպես քիչ հետո կտեսնենք, բոլոր ուսումնասիրողների մոտ էլ նույնն է: Ուստի դրա մասին խոսելն ավելորդ ենք համարում: Մեզ մնում է քննել Արտաշատից և Դվինից մինչև Սևանի ավազանն ընկած ճանապարհահատվածի՝ պրոֆ. Լիսիցյանի ենթադրած ուղղությունը: Դվին-Պարտավ ճանապարհի` Դվինից մինչև Սևանա լճի ավազանը եղած հատվածը պրոֆ. Լիսիցյանը անց է կացնում Վեդի գետի հովտով դեպի Արգիճի գետը: Այս ճանապարհը, որ այժմ էլ գոյություն ունի և որով Վեդու շրջանի սարվորները, ինչպես նշում է հեղինակը, բարձրանում են Արգիճի գետի վերնագավառում գտնվող արոտավայրերը9, ձմեռը մի քանի ամիս փակվում է և անմատչելի դառնում անգամ հետիոտն մարդու համար: Մինչդեռ Դվին-Պարտավ ճանապարհը, անշուշտ, եղել է միշտ բանուկ և ժամանակի իմաստով բարեկարգ վիճակում: Դրա երաշխիքն է հենց այն փաստը, որ Հայաստանի ճանապարհներին վերբերող գրեթե բոլոր աղբյուրների մեջ հիշատակված է այդ գիծը: Բացի դրանից, ինչպես ժամանակին նկատել է ակադ. Մանանդյանը10, Սյունյաց իշխանները, Օրբելյանի վկայությամբ (էջ 264-265), դեռևս 4-րդ դարի սկզբներին Վաղարշապատի կողմերից դեպի Գեղարքունի, ապա Վայոց ձորն անցնում էին կառքով: Իսկ դա այն ճանապարհն էր, որն Այրարատում գտնվող մայրաքաղաքները կապում էր Սևանի ավազանի հետ: Պրոֆ. Ստ. Լիսիցյանի մատնանշած ճանապարհը, ինչքանով մենք ծանոթ ենք դրան, բոլորովին պիտանի չէ կառքի համար:
Այսպիսով, չափազանց անհավանական է Դվին-Պարտավ ճանապարհի Դվին-Սևանա լճի ավազան հատվածի ուղղությունը ենթադրել Վեդի գետի հոսանքով և Գեղամա լեռներով դեպի Արգիճի:
Ակադ. Հ. Մանանդյանը հիմք ընդունելով «Մղոնաչափք»-ի և Իստահարի տված վկայությունները, ինչպես նաև օգտվելով մի շարք հայ պատմիչներից ու ուսումնասիրողներից, մանրամասն քննության է ենթարկել Դվին-Պարտավ ճանապարհի ուղղությունը «Հայաստանի գլխավոր ճանապարհները ըստ Պևտինգերյան քարտեզի» արժեքավոր աշխատության «Դվին-Պարտավ հին ճանապարհը» հավելվածում:
Հեղինակն այդ աշխատության մեջ հանգում է այն եզրակացության, որ ճանապարհը Դվինից դուրս էր գալիս երկու ճյուղով: Դրանցից մեկը գնում էր Հրազդանի ափերով (այժմյան Երևան-Սևան գծով), ապա թեքվում դեպի հարավ-արևելք մինչև Բերդկունք (որի քարվանսարայի ավերակներն այժմ էլ պահպանվել են Այրիվանքի մոտ, Կամո քաղաքից 6, 5 կմ հյուսիս՝ Սևանա լճի ափին), Բերդկունքից Սևանա լճի ափով շարունակվել է դեպի արևելք, հասել Իստահրիի հիշատակած Կիլ-կու (Կոթ, Գեղարքունի) և Զոդով ուղղվել է դեպի Պարտավ: Սա «Մղոնաչափք»-ում հիշատակված հին ճանապարհն է11:
Երկրորդ ճյուղը, որը գլխավոր ճանապարհ էր արաբական շրջանում12 և համապատասխանում էր Իստահրիի հիշատակած Բերդա-Դաբիլ գծին, դուրս գալով Դվինից նախ հասնում էր Սիսաջան կայանը13, ուղղվում դեպի հյուսիս, Արփա գետի հոսանքով և Սելիմի լեռնանցքով մտնում Կիլ-կու (Գեղարքունի, Կոթ), հետո Դավմիս (Հաթերք՝ Տրտու գետի ձախ ափին) և Կալկագուայի (Կաղանկատոյք՝ Տրտու գետի ձախ ափին) վրայով՝ Բերդա (Պարտավ)14:
Դվին-Պարտավ թե՛ հին և թե՛ արաբական շրջանի ճանապարհները հանձին ակադ. Մանանդյանի հիշյալ խոր, փաստերով հարուստ աշխատության, հիմնականում ուսումնասիրված են:
Սակայն անհրաժեշտ ենք համարում մի քիչ ավելի մանրամասն ծանոթանալու Դվին-Պարտավ արաբական շրջանի ճանապարհի կայաններից մեկին՝ Սիսաջանին (Sisajan):
Սիսաջանը, Դվինից հաշված, այդ ուղու առաջին կայանն էր: Նրա հեռավորությունը Դվինից, Իստահրի վկայության համաձայն, 16 արաբական փարսախ էր:
Հաշվի առնելով, որ արաբական փարսախը հավասար է 5782,8 մետրի15 և այն, որ արաբական աշխարհագիրները սովորաբար կլորացնում են թվերը, ակադ. Մանանդյանը Դվինից մինչև Սիսաջան հաշվում է 95 կիլոմետր: Դա մոտավորապես ընկնում է այժմյան Բաշնորաշենի մոտ, այսինքն այնտեղ, որտեղ Կարաուլովը իր քարտեզում նշանակել է Կիսաջանը16:
Այսպիսով ակադ. Մանանդյանը համաձայնվում է Կարաուլովի հետ՝ Սիսաջանը Բաշնորաշենի մոտ տեղադրելու հարցում, անելով հետևյալ վերապահությունը. «Սակայն եթե անգամ ընդունելի չլինի Կիսաջանի նույնացումը Սիսաջան կայարանի հետ՝ կարելի է այնուամենայնիվ վստահորեն ենթադրել, որ Սիսաջանի տեղադրությունը լինելու էր Շարուրից Վայոց ձոր տանող ճանապարհագծում, հավանորեն Բաշնորաշենից Արփա գնացող գծամասում»17:
Ծանոթանալով Բաշնորաշենից մինչև Արենի (Արփա) գյուղն ընկած ճանապարհին, մենք եկանք այն համոզման, որ Սիսաջան կայանը հավանաբար գտնվում էր այժմյան Արենի գյուղի մոտ: Մեր այդ ենթադրության համար կան որոշ հիմքեր:
Այժմյան Արենի գյուղի մոտ պահպանվել են հին «Առփա»-ի ավերակները, որոնք ոչ թե սովորական գյուղի, այլ ավելի շուտ բերդագյուղի տպավորություն են թողնում: Մինչդեռ ենթադրվող Կիսաջանի տեղում, ինչպես և Բաշնորաշենից մինչև Արենի (Արփա) ընկած տարածության վրա, տեղացիների վկայությամբ, հին բնակավայրի ավերակներ չեն նկատված: Բացի այդ, Կիսաջան անունը մեզ ծանոթ պատմիչներից և ոչ մեկի մոտ չի հիշատակված:
Արփա (Արենի) գյուղի անունը հաճախակի հիշատակվում է Ստեփանոս Օրբելյանի մոտ (էջ 343, 364, 367, 368, 429, 490, 491) «Առփա» ձևով: Բերենք Օրբելյանի հիշատակություններից ամենակարևորները. «Այս Տէր Սարգիս, որպէս յառաջն ասացաք, բազում արդիւնս ցուցեալ ի Նորավանս, ևս առաւել արար գործ. մի երևելի, զի ի գիւղն Առփայ ի վերայ գետոյն կանգնեաց կամուրջ զարմանալի տաշածոյ վիմօք՝ յոյժ բարձր և ընդարձակ և լայն, հիացուցիչ տեսողաց, բազում ծախիւք և անչափ աշխատութեամբ՝ հրամանաւ բարեպաշտին և մեծափառ իշխանին Տարսայիճին, որոյ վարձատրեսցէ Քրիստոս հազարապատիկ»18:
Արփա գետի վրա կամուրջ կառուցելու համար կատարված այդ մեծ ծախսերը, որ նշում է Օրբելյանը, ցույց է տալիս, որ Առփան սովորական գյուղ չէր, այլ կարևոր ճանապարհի վրա գտնվող կայան19: Այլապես անիմաստ կլիներ «յոյժ բարձր և ընդարձակ և լայն» կամուրջի կառուցումը: Ճիշտ է, նրա կառուցումը վերաբերում է ավելի ուշ ժամանակներին (13-րդ դարի երկրորդ կես), սակայն դա չի բացասում ավելի հին ժամանակներում Առփայի՝ ճանապարհային կայան լինելը: Այդ կամուրջի ավերակները մինչև այժմ էլ նշմարվում են Արենի գյուղի մոտ:
Օրբելյանի վկայության համաձայն դեռևս հնագույն ժամանակներից Առփա գյուղում բնակություն էր հաստատված. «...որպէս Ախթամարեան զարմքն որ ի հին ժամանակաց բնակեալ էին յԱռփայ գիւղն՝ տան իւրեանց հայրենացն զԴայեկի քարոյ այգւոյն զվերին բաժինն»20: Բայց ավելի նշանավոր է դառնում այդ գյուղը 13-րդ դարի երկրորդ կեսին, երբ Տարսայիճ իշխանը այնտեղ կառուցում է իր «դարպաս»-ը21 (իշխանական ապարանքը): Այս հանգամանքը ևս անուղղակի կերպով գալիս է հաստատելու, որ Առփան ճանապարհի վրա ընկած կայան պետք է լիներ:
Սիսաջան ճանապարհային կայանի անվան ինչպես և Կիլ-կուի վերաբերյալ գոյություն ունի երկու կարծիք: Ըստ Մարկվարտի22 Իստահրի մոտ Sisajan (Սիսական, Սիւնիք) և Կիլ-կու (Gelakuni, Գելաքունի) կայանները նախասկիզբ են եղել՝ առաջինը Գեղարքունի գավառի, իսկ երկրորդը՝ Սիսական կամ Սյունիք (այժմ Սիսիան) գավառի և հենց այդ պատճառով էլ, ինչպես Մարկվարտն է կարծում, նրանք կոչվել են Գեղարքունի23 և Սիսական (Սիսաջան):
Մյուս կարծիքը ակադ. Մանանդյանինն է։ Նա հիմնականում ընդունում է Մարկվարտի տեսակետը միայն մի փոքր տարբերությամբ: Այսպես, նա գտնում է, որ Սիսասաջան կամ Սիսական ճանապարհային կայանի անունն առաջացել է համապատասխան աշխարհի՝ Սյունիքի (որի տակ հասկանում է Սյունիքի գավառներից Վայոց ձորը) անունից:
Մանանդյանն իր այդ թեզը հավանական դարձնելու համար կռվան է ծառայեցնում այն հանգամանքը, որ Իստահրիի աշխարհագրական երկի հրապարակ գալու ժամանակ (951 թ.) Սյունյաց գահագլուխ իշխանների «արքունական ապարանքները» գտնվում էին Վայոց ձորի «Եղեգիք գիւղաքաղաք»-ում24 Ուստի և նրա սահմանի վրա գտնվող ճանապարհային կայանն էլ, ինչպես կարծում է Մանանդյանը, կոչվել է Սիսաջան25:
Բերված կարծիքներից որևէ մեկի հետ անվերապահորեն միանալ չենք կարող: Եթե ակադ. Մանանդյանը, ինչպես մենք տեսանք, հիմնականում ճիշտ էր Սիսաջան կայանի աշխարհագրական դիրքի որոշման հարցում, ապա նրա անվան առաջացման խնդրում նախապատվությունը պետք է տալ Մարկվարտին՝ միայն այնքանով, որքանով նա Սիսաջանի առաջացումը կապում է Սյունիք կամ Սիսական գավառի անվան հետ: Եվ իրոք, 10-րդ դարի սկզբներից սկսած մեր մատենագիրների մոտ սովորաբար Սյունիք է կոչվում միայն «Աշխարհացոյց»-ի մեջ նկարագրված 12 գավառից բաղկացած Սյունյաց աշխարհի հարավ-արևելյան մասը՝ հատկապես` Ծղուկք գավառը, որտեղ մինչև 9-րդ դարի առաջին քառորդի վերջերը գտնվում էր Սյունյաց գահագլուխ իշխանների ոստանը:
Մեր կարծիքով, Սիսաջան (Սիսական, Սյունիք) ճանապարհային կայանի անվան ծագումը բացատրելու համար նախ պետք է ընդունել, որ նշանավոր ճանապարհների կայանները գտնվել են գերազանցապես այլ ճանապարհների հետ ունեցած հատման կետերում: Արաբական շրջանի Դվին-Պարտավ ուղու Սյունիքում եղած երեք կայաններն էլ իրոք, գտնվում էին ճանապարհների խաչման կետերում. Կոթում (Գեղարքունի, Կիլ-կու) նրա հետ հատվում էր Դվինից Հրազդանի ափերով և Բերդկունքով անցնող հին ճանապարհը26, Սիսաջանում (որ մենք ենթադրաբար տեղադրում ենք այժմյան Արենի գյուղի տեղում) Ծղուկքի կողմերից եկող ճանապարհը, իսկ Զոդում՝ նրանից սկիզբ էին առնում երկու ճանապարհներ, որոնցից մեկը Գեղամա (Սևանա) լճի հյուսիսային ափերով գնում էր դեպի հյուսիս-արևմուտք, իսկ մյուսը Սոտք գավառի տերիտորիայով ձգվում էր դեպի հարավ, ապա նրա սահմանի մոտ թեքվելով արևմուտք՝ հասնում էր Վայոց ձորի Եղեգիք կամ Եղեգիս քաղաքավանը27:
Այդտեղից էլ դժվար չէ տեսնել նաև այն, որ արաբական շրջանի Դվին-Պարտավ ուղու Սյունիքում ունեցած կայանների անունները՝ Սիսական (Սիսաջան, Ծղուկք), Գեղարքունի (Կիլ-կու) և Զոդ, առաջացել են ոչ թե նույնանուն գավառների նախասկիզբ լինելու պատճառով28, այլ այն բանի շնորհիվ, որ տվյալ կետերում գլխավոր ճանապարհը հատող երկրորդական ճանապարհները, որոնց մասին մենք ասացինք, տանում էին դեպի համապատասխան գավառները, Գեղարքունուց դեպի Գեղարքունի գավառի խորքը, Սոտքից` դեպի Սոտք գավառի տարբեր մասերը, Սիսաջանից՝ դեպի Սյունիք (Ծղուկք):
Դվին-Պարտավ ուղու հետ միացող ճանապարհներից մեզ հետաքրքրում է Արենի (Արփա) գյուղի մոտերքից դեպի Ծղուկք գնացողը:
Ծղուկքից Վայոց ձոր, իսկ այնտեղից էլ դեպի Այրարատ գնացող ճանապարհը, ինչպես երևում է դեռևս 4-րդ դարի սկզբներին վերաբերող հիշատակություններից, գտնվում էր բավականին բարեկարգ վիճակում: Բերենք Օրբելյանի վկայությունը. «...և կազմեցին (Սյունյաց իշխանները) կառս ի սպիտակ ջորւոց. և կողոբս արծաթիս արարեալ՝ եդին ի նմա զնշխարս սրբոյն և բարձին սաղմոսիւք և օրհնութեամբ. և տաճիկ նժուգօք՝ սրավար երիվարօք իբր օդապարիկ թևօք թռուցեալ անցին ընդ լայնածիր ասպարէզ երկայն ռահին, և հասին ի բնիկ սահմանս իւրեանց տէրութեանն ի Մազազ գաւառ. և անցեալ ընդ Գեղամ մտին ի Վայոց ձոր. զի դէմ եդեալ էր տանել ի Սիւնիս յարքունական գահոյս իւրեանց»29:
Ինչպես տեսնում ենք, Սյունյաց իշխանները, կառքով Այրարատից դուրս գալով, անցել են Մազազ գավառով, Գեղամա երկրով և մտել Վայոց ձորը՝ իրենց առաջ նպատակ դնելով այստեղից էլ «արքունական» գահը տանել Սյունիք: Սա անուղղակի կերպով վկայում է, որ Այրարատից դեպի Սյունյաց ոստան Ծղուկք (որ վկայության մեջ անվանված է Սյունիք) տանող ճանապարհն անցնում էր Վայոց ձորով:
Ավելի որոշակի է նույն պատմիչի՝ 6-րդ դարին վերաբերող մի ուրիշ վկայությունը. «Եւ նորա (Մուշե կաթողիկոսը) տիրաբար խոնարհեալ գթալով ի հօտն իւր՝ ոչ ինչ վերջացաւ ի գալոյն. այլ պատրաստել հրամայեաց ըստ հայրապետական ճոխութեանն զճանապարհն՝ հեծեալ ի սպիտակ ջորւոջ ոսկէզօծ թամբօք, եպիսկոպոսօք և բազմամբոխ պաշտօնէիւք զառաջեաւ ունելով զոսկիափայլ նշանն աստուածաընկալ արեգակնակերպ նշուլիւք՝ ընթանային զճանապարհաւն սաղմոսիւք և քաղցրաձայն եղանակօք: Եւ այն ինչ հասանէին ի սահմանս Սիւնեաց, ի գաւառն Վայոց ձորոյ՝ տեսին երաշտացեալ ի բազում աւուրց և ողորմ տեսակաւ թարշամեալ ամենայն բոյսք...: Իսկ ի մերձենալն ի գահ իշխանաց ի Սիւնիս՝ աւետաւորքն առաջի ընթանային... կէսկք հետևակք կէսկք հեծեալք ընթանային յաջմէ և յահեկէ. և մեծաձայն աղաղակաւ հնչէին, գոչէին զերգս օրհնութեան այնքան, մինչ լի լինէր փորակ գաւառին իբրև յորոտմանէ ամպոց: Եւ այնպէս փառաւորութեամբ տարեալ իջուցանէին ի խորանն արքունական. և նստուցանէին ի վերայ ոսկեթել և մարգարտաշար բազմականին, ի գահ իշխանացն, ի տեղին որ կոչի Կից վտակաց»30:
Կասկածից վեր է, որ Վայոց ձորից դեպի Ծղուկք տանող ճանապարհը պետք է անցներ մոտավորապես այժմյան խճուղու ուղղությամբ, այսինքն՝ Մարտունի-Սելիմ-Եղեգնաձոր-Որոտանի լեռնանցք-Բազարչայ գծով, որովհետև խիստ լեռնային այդ երկրում նշված գավառները միացնող այլ ճանապարհ չկա:
Նույն այդ ճանապարհը Ծղուկքում չէր ընդհատվում, այլ շարունակվում էր մինչև Բաղք գավառի Երիցավանքը (այժմ Արծվանիկ) և այստեղ էլ հավանաբար միանում Ողջագետի հովտով գնացող ճանապարհին: Ծղուկք-Երիցավանք ճանապարհն այնքան բարեկարգ էր, որ կարելի էր անցնել կառքով: Ահա ինչ է գրում Օրբելյանը. «Իսկ տիկինն Սահակիա ընծայէ նմա զվրանն արքունի ամենայն կահիւքն և բազմականօքն. և հեծուցանէ զնա (Երիցակ վանականին-Թ. Հ.) յոսկիապատ կառս սպիտակ ջորւոց. ընդ որում և ամենայն բազմութիւնն գրոհ տուեալ գնացին զկնի: Եւ այն ինչ հասեալք ի դուռն Երիցու վանիցն որ է ի Բաղք գաւառի որ Քաշունիք կոչի, և այժմ Բարկուշատ, կամեցաւ սուրբն Երիցակ իջանել պարանօք ընդ պարիսպն և փախչել, և ոչ թողացուցին պահակքն»31:
Սյունյաց երկրի հարավ-արևելյան մասում մյուս համեմատաբար հարմար ճանապարհը գալիս էր Արցախի և Մուղանի կողմերից: Այս ճանապարհն, անշուշտ, բանուկ է եղել շատ վաղուց, սակայն նրա մասին եղած հիշատակությունները վերաբերում են չափազանց ուշ ժամանակներին: Առաջին հիշատակությունը պատկանում է Աբրահամ Կրետացուն: Նա նկարագրում է 1736 թ. Մուղանում Նադիր Շահի թագադրության հանդեսից Վաղարշապատ վերադառնալիս իր անցած ճանապարհը, որը Սյունյաց երկրի հարավ–արևելյան մասում ունի հետևյալ ուղղությունը։ Արցախից անցնելով Սյունիք, նա ամենից առաջ մտնում է Խնձորեսկ գյուղը, հետո՝ Քարահունջ, ապա «Սատանի կամուրջ»–ով, Մեծ Անապատով, Տաթև գյուղով անցնում է Տանձավեր ավերակ գյուղի մոտով (հնում կոչվում էր Տանձավայր, այժմ բնակեցված է և գտնվում է Ղափանի շրջանում) և դուրս գալիս Ողջագետի ափը: Այս գետի հոսանքով շարունակելով իր ճամփորդությունը՝ հասնում է Ղափանի շրջանի Փուխրուտ (հնում` Բեխորոտ, Ձորք գավառում) գյուղը, այստեղից էլ Մեղրի և ապա՝ Օրդուբադ32:
Նշված ճանապարհի Ծղուկք գավառը Բաղքի հետ կապող հատվածի մասին որոշ ակնարկներ կան Օրբելյանի կողմից մեջ բերված վավերագրերից մեկում, որը վերաբերում է Տաթևի վանքի կալվածքների 906 թվականի սահմաններին:
Բերենք մեզ հետաքրքրող հատվածը. «…և Քարաձորին մեծ բնասեռովն ի սարն և ի բուն ճանապարհն որ գայ սարովն ի Հարսնավազն, և Հարսնավազին ձորակովն զառ ի կողմն յեկեղեցին որ ի պառակոջ ճանապարհին, և սալքարովն հատեալ զմեծ ձորովն ի միաւոր քարն որ կայ հանդէպ ի յայն կողմն մեծ ձորոյն. և հատանելով զմեծ տափն ի յերկայն խաչն և ջրաթափովն ի մեծ խոռն և ի ճանապարհն որ գայ ի Բաղաց ձորոյ, և անտի ի նոյն լեառնն Գազբոյլ»33:
Անշուշտ Հարսնավազ սարի մոտով եկող բուն ճանապարհը, որի մասին ակնարկվում է, վերաբերում է Ծղուկքից դեպի Բաղք տանող ուղուն, այսինքն այն ճանապարհին, որով անցել է նաև Աբրահամ Կրետացին: Դրա համար էլ առանց որևէ լրացման միանում ենք Ալիշանի կարծիքին, ըստ որի. «Հարսնեվազն (Հարսնեքար), Կէլին գայա ըստ այլզգեաց. զոր և ըստ նախագրեալ սահմանագրութեան թեմին Տաթեւոյ համարիմ լինել յելից հարաւոյ Վանացն, առ հին ճանապարհաւն՝ որ ի Բաղաց տանէր (ընդ Ծղուկ) յԱյրարատ աշխարհ»34:
Արցախից Ծղուկք, այստեղից էլ դեպի Բաղք տանող ճանապարհի մասին Օրբելյանն ունի մի ուրիշ վկայություն ևս, որը վերաբերում է 7-րդ դարի կեսերին. «...ես մեղուցեալ աղախինս Քրիստոսի Շահանդուխտ՝ դուստր Վարազ-Տրդատայ (Աղվանից գահերեց իշխանի – Թ. Հ.), երթայի հարսն ի տունն Թորգոմեան. և եկեալ ի սահմանս Բաղաց, ի գլուխ քարիս ընդ որ անցանէ ճանապարհն»35:
Ինչպես այս, այնպես էլ նույն պատմիչից քիչ առաջ բերված մյուս վկայության մեջ Ծղուկքից դեպի Բաղք և Արցախ գնացող ճանապարհների ուղղությունների մասին որոշակի ոչինչ չի ասված, սակայն դժվար չէ նույն վկայություններից տեսնել, որ Արցախից դեպի Ծղուկք և այստեղից էլ Բաղք գնացող ճանապարհը հին ժամանակներից սկսած բանուկ է եղել:
Տաթևի վանքի կալվածքների սահմաններին վերաբերող վավերագրում, բացի «բուն ճանապարհ»-ից, հիշատակվում է նաև մի ուրիշ ճանապարհ. «...և ջրաթափովն ի մեծ խոռն և ի ճանապարհն որ գայ ի Բաղաց ձորոյ, և անտի ի նոյն լեառնն Գազբոյլ»36:
Ի տարբերություն քիչ առաջ քննված «բուն ճանապարհ»-ի, սա կոչվում է Բաղաց ձորից եկող ճանապարհ: Հավանական է, որ վերջինս համապատասխանում է այժմյան այն ճանապարհին, որն սկսվում է Ողջագետի ափից (Կապան քաղաքի և Բաղաբերդի ավերակների մոտից), ապա անցնելով Ներքին ու Վերին Գիրաթաղ գյուղերի մոտով և Կազբել (Գազբոյլ) գագաթից ոչ շատ արևելք գտնվող Արմազ լեռան արևելյան կողմով (Կամբիլի լեռնանցքով)՝ դուրս է գալիս Տաթևի ձորի նեղ հովիտը: Հետո շարունակվելով Տաթևի ձորի ափերով դեպի հյուսիս՝ նա հասնում է Տաթև և Տանձատափ գյուղերին ու սրանցից քիչ հյուսիս միանում հիմնական ճանապարհին:
Մեր այս կարծիքը հիմնավորվում է նախ նրանով, որ վավերագրի մեջ (Օրբելյան, էջ 232) Տաթևին պատկանող շրջանի սահմանների թվարկությունը սկսվում է Գազբոյլ սարից (որը հանդիսանում էր նրա արևմտյան սահմանի վրա գտնվող կետերից մեկը) և, ընթանալով ժամացույցի սլաքի ուղղությամբ, արևելքի կողմից գալիս է նորից Գազբոյլ: Ուստի «Բաղաց ձորից եկող ճանապարհը» Բարկուշատի լեռնաշղթայի վրայով անցնում էր Գազբոյլից ոչ շատ արևելք ընկած մասով, որտեղ ճանապարհի համար միակ հարմար լեռնանցքը Կամբլի (Արմազ) լեռնանցքն է:
Երկրորդ՝ «… ի ճանապարհն որ գայ ի Բաղաց ձորոյ...» ակնարկից պետք է հասկանալ, որ այդ ճանապարհը գալիս էր ոչ թե Բաղք, այլ Ձորք գավառից (որում գտնվում էին Կապան քաղաքն ու Բաղաբերդը), որովհետև՝ ա) բուն Բաղք գավառը մատենագրական ոչ մի երկի մեջ Բաղաց ձոր չի անվանված, բ) հնագույն ժամանակներում, ինչպես ճիշտ կերպով նշում է Ալիշանը37, Ձորքն ու Բաղքը կազմում էին մի գավառ՝ Բաղք անունով: Հետագայում, թեև այն բաժանված էր երկու մասի՝ Բաղքի և Ձորքի, այնուամենայնիվ երկու գավառներում էլ իշխում էր Սյունյաց իշխանական տան Ձագիկյանների ճյուղը»: Այդ պատճառով էլ չափազանց հավանական ենք համարում, որ վավերագրում հիշատակված Բաղաց ձորը նույն Ձորք գավառն է: Իսկ Ձորքից դեպի Տաթև շատ թե քիչ հարմար է միայն այն ճանապարհը, որ սկսվում է Բաղաբերդի և Կապան քաղաքի մոտից և Գիրաթաղ գետի հոսանքով ու Կամբլի լեռնանցքով անցնում Տաթևի շրջանը:
Սյունյաց երկրի հարավ-արևելյան մասի վերջին ճանապարհը, որի մասին ուզում ենք նշել, Սյունյաց իշխանների ոստան Ծղուկքը Երասխի (Արաքսի) ափին գտնվող Նախիջևվանի հետ միացնող բավականին բարեկարգ ուղին է: Նրա ուղղությունը համընկնում է այժմյան Սիսիան-Շաղատ-Սիսիանի լեռնանցք-Նախիջևան խճուղու հետ:
Ծղուկք-Նախիջևան ճանապարհի մասին առաջինը հիշատակել է Սեբեոսը 7-րդ դարի առաջին կեսին. «Իբրև ետես Երակլոս, եթէ ի մեջ արկին զնա՝ դարձաւ ի վերայ զաւրուն՝ որ ի թիկանց կողմանէ հապճեպ զաւրութեամբ եհար զնա (Շահենին-Թ. Հ.) և խորտակեաց. և գնաց ընդ Ծղուկս. և թափեցաւ ընդ լեռնակողմն ի դաշտն Նախճուանն ի ձմերան ժամանակի»38:
Հերակլ կայսրը պարսկական զորքերի կողմից շրջապատման էր ենթարկվել Տրտու (այժմ Թարթառ) գետի հովտում, որտեղից դեպի Նախիջևան նրա անցած ճանապարհի ուղղության մասին Լեոն գրում է. «Այս ճանապարհը մոտավորապես նույնն է, որ այսօր էլ Գանձակից (այժմ Կիրովաբադ) մեկնելով, Շուշի ու Գորիս քաղաքների վրայով տանում է ուղիղ Նախճավան»39:
Լեոյի կարծիքի այն մասը, որ վերաբերում է Հերակլի զորքի Թարթառ գետի հովտից մինչև Ծղուկք անցած ճանապարհի ուղղությանը, մեզ տվյալ դեպքում չի հետաքրքրում, իսկ ինչ վերաբերում է Ծղուկքից (Սիսիան) մինչև Նախիջևան հատվածը, որն ըստ նրա համընկնում է այժմյան խճուղու հետ, ընդունում ենք անվերապահորեն:
Պետք է ենթադրել, որ Ծղուկք – Նախիջևան ճանապարհը Սյունյաց աշխարհի համար տնտեսական մեծ նշանակություն է ունեցել, սակայն մեր մատենագիրների մոտ այդ մասին, բացի, Սեբեոսից վերը բերված անուղղակի վկայությունից, ոչինչ չկա ասված:
Այսպիսով, մենք խոսեցինք Սյունյաց երկրի հարավ-արևելյան մասի այն բոլոր ճանապարհների մասին (ա) Վայոց ձոր–Ծղուկք–Արցախ, բ) «Սատանի կամուրջ»–Տաթև–Տանձավայր–Երիցավանք–Ողջի գետ–Բեխորոտ–Մեղրի, գ) Տաթև–Կամբլի լեռնանցք–Վերին Գիրաթաղ–Ներքին Գիրաթաղ–Բաղաբերդ, դ) Ծղուկք–Սիսիանի լեռնանցք–Նախիջևան), որոնք այս կամ այն առիթով հիշատակվում են մատենագիրների աշխատություններում:
Սյունյաց երկրի այս մասում եղած գրեթե բոլոր ճանապարհները ձմեռը փակվում են40: Նրանք համեմատած Դվին-Պարտավ, Դվին-Նախիջևան, Դվին-Անի և Հայաստանի մյուս նշանավոր ճանապարհների հետ, իրենց նշանակությամբ երկրորդական էին:
Ծանոթագրություններ
1. Տե՛ս Հ. Մանանդյան, Հայաստանի գլխավոր ճանապարհներն ըստ Պևտինգերյան քարտեզի, Երևան, 1936, էջ 11:
2. «Մղոնաչափ»-ը պատկանում է 7-րդ դարի գիտնական Անանիա Շիրակացուն:
3. «Գանձակ Շահաստան»-ը չպետք է շփոթել Աղվանքում գտնվող Գանձակ կամ Գյանջա (այժմ Կիրովաբադ) քաղաքի հետ: Նա գտնվում էր Ատրպատականում, Ուրմիո լճից հարավ-արևելք, մոտավորապես այժմյան Թախտի-Սուլեյմանի տեղում:
4. Տեքստը տե՛ս Ա. Աբրահամյանի «Անանիա Շիրակացու մատենագրությունը», աշխ. 355 էջում:
5. Արաբական աղբյուրները Պարտավն անվանում են Բերդա, Դվինը՝ Դաբիլ, Նախիջևանը՝ Նաշավա և այլն:
6. Տե՛ս Н. А. Караулов, Сведения арабских писателей о Кавказе, Армении и Азербайджане. Сборник мат. для опис. местн. и племён Кавказа, вып. XXIX, 1901, էջ 33-34:
7. Լեո, Հայոց պատմություն, հ. 2-րդ, էջ 382:
8. Տե՛ս Ստ. Լիսիցյան, ՀԽՍՀ ֆիզիկական աշխարհագրություն, էջ 28-29:
9. Տե՛ս Ստ. Լիսիցյան, ՀԽՍՀ ֆիզիկական աշխարհագրություն, էջ 28:
10. Տե՛ս Հ. Մանանդյան, Հայաստանի գլխավոր ճանապարհներն ըստ Պևտինգերյան քարտեզի, հավելված «Դվին-Պարտավ հին ճանապարհը», էջ 177:
11. Տե՛ս Հ. Մանանդյան, Հայաստանի գլխավոր ճանապարհներն ըստ Պևտինգերյան քարտեզի, հավելված, էջ 177-193:
12. Տե՛ս նույն տեղը, էջ 196:
13. Սիսաջանը Կարաուլովի կազմած քարտեզում նշանակված է այժմյան Բաշնորաշենի մոտ՝ Կիսաջան անունով (տե՛ս ,,Сборник материалов для описания местн. и племён Кавказа՛՛, 1901, вып. XXIX-ին կցված քարտեզը):
14. Տե՛ս Հ. Մանանդյան, Հայաստանի գլխավոր ճանապարհներն ըստ Պևտինգերյան քարտեզի, էջ 193-203:
15. Տե՛ս Հ. Մանանդյան, Երատոսթենեսի ստադիոնը և Պարսից ասպարեզը, Երևան, 1934, էջ 9-12:
16. Տե՛ս Հ. Մանանդյան, Հայաստանի գլխավոր ճանապարհներն ըստ Պևտինգերյան քարտեզի, հավելվածի քարտեզները:
Караулов, Свед. арабск. писат. о Кавказе..., Сборник мат. для опис. местн. и племён Кавказа, вып. XXIX, Тифлис, 1901, քարտեզը:
17. Հ. Մանանդյան, Հայաստանի գլխավոր ճանապարհները..., «Դվին-Պարտավ հին ճանապարհը», էջ 195:
18. Ստ. Օրբելյան, Պատմութիւն նահանգին Սիսական, էջ 429-430:
19. Այժմյան Արենի (Արփա) գյուղը, որի մոտ էր և հին Առփան, գտնվում է Արփա գետի և նրա Եղեգիս վտակի անկյունում, Արփա գետի ափին:
20. Ստ. Օրբելյան, Պատմութիւն նահանգին Սիսական, էջ 368:
21. Տե՛ս Ղ. Ալիշան, Սիսական, էջ 181:
22. Տե՛ս Հ. Մանանդյան, Հայաստանի գլխավոր ճանապարհները, էջ 193:
23. Գեղարքունի կայանը համապատասխանում է Կոթ ավանին:
24. Տե՛ս Ստ. Օրբելյան, Պատմութիւն նահանգին Սիսական, էջ 199:
25. Տե՛ս Հ. Մանանդյան, Հայաստանի գլխավոր ճանապարհները..., հավելված, էջ 193-195:
26. Տե՛ս Հ. Մանանդյան, Հայաստանի գլխավոր ճանապարհները..., հավելվածին կցված քարտեզը:
27. Տե՛ս Ղ. Ալիշանի «Սիսական» աշխատ. կցված քարտեզը:
28. Ի դեպ, նկատենք, որ նշված ճանապարհային կայաններից ոչ միայն Սիսաջանը, այլև մյուս երկուսը (Գեղարքունի և Զոդ) ևս չէին հանդիսանում համապատասխան գավառների նախասկիզբ (տե՛ս Ալիշանի «Սիսական» աշխատ. կցված քարտեզը)
29. Ստ. Օրբելյան, Պատմութիւն նահանգին Սիսական, էջ 264-265:
30. Ստ. Օրբելյան, Պատմութիւն նահանգին Սիսական, էջ 73-74:
31. Նույն տեղում, էջ 75:
32. Տե՛ս Աբրահամ կաթողիկոսի Կրետացւոյ Պատմագրութիւն անցիքն իւրոց ու Նատր-Շահին Պարսից, Վաղարշապատ, 1870, էջ 73-77:
33. Ստ. Օրբելյան, Պատմութիւն նահանգին Սիսական, էջ 232:
34. Ղ. Ալիշան, Սիսական, էջ 252:
35. Ստ. Օրբելյան, Պատմութիւն նահանգին Սիսական, էջ 164:
36. Նույն տեղը, էջ 232:
37. Տե՛ս Ղ. Ալիշան, Սիսական, էջ 290:
38. Պատմութիւն Սեբէոսի եպիսկոպոսի ի Հերակլն, Թիֆլիս, 1913, էջ 115:
«Սյունիքի թագավորությունը»,
Թ. Խ. Հակոբյան
Երևան 1966