«1000 ՎԱՀԱՆԸ»՝ երեխայի հոգու, մշակույթի և ազգային հիշողության մասին

05.11.2026 15:53
149

Հարցազրույց «1000 ՎԱՀԱՆԻ» համահիմնադիր, գործադիր տնօրեն Սրբուհի Մովսիսյանի հետ։

2026 թվականի հոկտեմբերի 10-ին Խնձորեսկում՝ «Արմատներով հզոր, մշակույթով անսասան» խորագրով «1000 Վահան» ծրագրի միջոցառման ընթացքում, զրուցեցի հիմնադրամի համահիմնադիր, գործադիր տնօրեն Սրբուհի Մովսիսյանի հետ։ Հարցերը վերաբերում էին ոչ միայն «1000 Վահան» հիմնադրամի գործունեությանը, այլև Սրբուհու անձնական ճանապարհին, մանկությանն ու ընտանիքին, հոգեբանի և արտթերապևտի մասնագիտությանը, տիկնիկագործությանը, ազգային մշակույթի փոխանցմանը, սահմանամերձ համայնքների երեխաներին, մեթոդական ձեռնարկին և այն պատասխանատվությանը, որ մեծահասակներն ունեն ապագա սերնդի հանդեպ։ Ինձ համար կարևոր էր հասկանալ այն մարդու մասին, ում աշխատանքը միավորում է մանկական հոգեբանությունը, ստեղծագործական գործունեությունը և ազգային մշակույթի փոխանցումը։

— Մի պահ մի կողմ դնենք «1000 Վահան»-ը, պաշտոնը, ծրագրերն ու հասարակական գործունեությունը։ Ո՞վ է Սրբուհի Մովսիսյանը։ Որտե՞ղ եք ծնվել, ինչպիսի՞ միջավայրում է անցել Ձեր մանկությունը։ Ձեր ընտանիքում ի՞նչ կապ կար հայկական մշակույթի, ավանդույթների, արվեստի և պատմության հետ։ Ե՞րբ զգացիք, որ ազգային մշակույթը պարզապես անցյալի ժառանգություն չէ, այլ մի բան, որի պահպանմանն ու փոխանցմանը Դուք նույնպես պետք է մասնակցեք։

— Ծնվել եմ Երևանում։ Մանկությունս շատ բազմաբովանդակ, շատ լավ ու հետաքրքիր է անցել, ինչի համար շնորհակալ եմ ծնողներիս։

Փոքր տարիքից մասնակցել եմ գրեթե բոլոր խմբակներին։ Այն ժամանակ Պիոներների պալատ կար, և մենք բոլորս այնտեղ մեր անելիքն ունեինք։ Հասարակության մեջ ստացել ենք այնպիսի կրթական դաստիարակություն, որ շատ կուզեի՝ այսօր էլ այդ մշակութասեր ու մշակութաստեղծ մոտիվացիան շարունակվեր մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության գործում՝ մեր ավանդական հայ ընտանիքներում, նախակրթարաններում, դպրոցներում, Հայորդաց տներում։

— Իսկ ի՞նչն էր այդ միջավայրի առանձնահատկությունը, որը կուզենայիք տեսնել նաև այսօր։

— Մենք համակարգված էինք գնում բոլոր պարապմունքներին, մասնակցում բոլոր միջոցառումներին։ Չկար որևէ պարտադրանք․ մշակութային միջավայրում գտնվելու սերը մեր մեջ անհագ ծարավի պես մի բան էր։ Ամեն ինչի նկատմամբ շատ մեծ պատասխանատվություն ունեինք։ Ուրախանում էինք, որ ընդգրկվում ենք որևէ ծրագրում կամ միջոցառման մեջ, և դա պատվով էինք կատարում։

Այս ամենում անգնահատելի է ծնողներիս դերը։ Նրանք մեզ պատրաստում էին դրան, սովորեցնում լուրջ վերաբերվել մեր անելիքին, անտարբեր չլինել որևէ միջոցառման նկատմամբ և օրերով պատրաստվել դրան։

— Փաստորեն, Դուք ցանկանում եք, որ երեխաների մեջ էլ այդպիսի վերաբերմունք ձևավորվի։ Նույնիսկ եթե նրանցից յուրաքանչյուրի ընտանիքում այդ դրվածքը չկա, մշակութային միջավայրում ստացած փորձը կարող է հետագայում փոխանցվել իրենց երեխաներին։

— Մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ունեցող հոգեբան եմ, մանկական հոգեբան և արտթերապևտ։ Աշխատանքս միշտ կապված է եղել երեխաների հետ, որովհետև դա իմ մեծագույն սերն է։ Մի գաղտնիք բացեմ․ ցանկացել եմ մանկաբույժ դառնալ, բայց հոգեբանության մեջ էլ ընտրել եմ երեխաների տարիքային խումբը։ Հավանաբար, մանկության տարիներն իրենց հետքն են թողել։ Երեխաներն ինձ համար մի ուրիշ աշխարհ են։ Նրանց հոգում մանկական տարիքում դրվածը մնում է մինչև խոր ծերություն։ Մենք պետք է աշխատենք երեխաների հետ և երեխաների համար։ Իմ մանկությունը դիտարկելով՝ հասկացել եմ, թե որքան մեծ ազդեցություն է այն ունեցել  կյանքիս և երեխաներիս նկատմամբ վերաբերմունքի վրա։ Դա ինձ համոզել է, որ ծնողներից շատ բան է կախված․ նրանք իրենց մանկությունը կարծես փոխանցում են իրենց երեխաներին։ Շատ կարևոր է, որ ծնողն ինքն էլ լավ մանկություն ունեցած լինի, որպեսզի կարողանա այդ լավը փոխանցել հաջորդ սերնդին։

Մշակույթի հետ իմ կապը նույնպես ընտանիքից է եկել։ Մայրս՝ Մառլենա Վարդանյանը, հավատքով կին էր, հաճախ էր եկեղեցի գնում և միշտ կապում էր ազգը, մշակույթն ու կրոնը։ Նրա համար կարևոր էր, որ մարդը հավատք ունենա իր արած գործի նկատմամբ և սիրի իր աշխատանքը։ Մայրս մասնագիտությամբ բուժքույր էր, բայց բազմաթիվ ոլորտներում հրաշալի մասնագետ էր։ Ստեղծագործական ճանապարհիս ընթացքում շատ բան սովորել եմ նրանից, հատկապես՝ ձեռքի աշխատանքների հետ կապված։ Մեր ընտանիքը ավանդական էր, կանոնակարգված։ Յուրաքանչյուրս ընտանիքում մեր դերն ու նշանակությունն ունեինք։ Մեծի, հարևանի և հասարակության յուրաքանչյուր անդամի նկատմամբ հարգանքը առաջնահերթ էր։ Մենք դաստիարակվել ենք այդպիսի մթնոլորտում։ Այսօր էլ երեխաների մեջ ցանկանում եմ տեսնել հարգանք մշակույթի, մեծերի և սեփական աշխատանքի նկատմամբ։ Եվ ամենակարևորը՝ սեր դեպի այն աշխատանքը, որ անում են։ Եթե մարդն իր գործն անում է սիրով, շատ ավելի մեծ է հավանականությունը, որ այն կհաջողվի։

— Այսինքն՝ հոգեբանությունը, կրթությունը, արվեստը և մշակույթի պահպանումն ու տարածումը փոխկապակցված մի շղթա՞ են։

— Այո՛, իրոք փոխկապակցված են։ Երբ երեխան զբաղվում է ստեղծագործական աշխատանքով, դա կարող է մեծ ազդեցություն ունենալ նրա ներաշխարհի վրա։ Ստեղծագործող մարդը ստեղծում է, արարում։ Ես մանկուց սիրել եմ տիկնիկները։ Իմ խաղալիքները հիմնականում տիկնիկներն էին։ Դպրոցական տարիքից սկսած՝ դասընկերուհիներիս հավաքում էի մեր տանը, տիկնիկներ էինք պատրաստում, անուններ դնում, դերեր խաղում։ Այն ժամանակ դեռ չէի գիտակցում, թե դա ինչ ազդեցություն կարող է ունենալ մարդու հոգեկան աշխարհի վրա։ Հետագայում հասկացա, որ ձեռքի աշխատանքով զբաղվելը կարող է մարդուն ներդաշնակ հոգեվիճակի բերել։

— Ի՞նչ կարող է ասել տիկնիկը երեխայի մասին, երբ նա չի կարողանում իր ապրումներն ու մտքերը բացատրել բառերով։

— Տիկնիկը երեխայի կյանքում շատ հզոր գործիք է։ Երբ երեխային տիկնիկի միջոցով հարցեր ես տալիս, կարող ես իմանալ նրա պատմությունը, հոգեվիճակը, ներաշխարհը։ Տիկնիկագործության իմ փորձը կապվում է նաև «1000 Վահան»-ի աշխատանքի հետ։ Մենք չորս մարզում անցկացրել ենք տոնածիսական դասընթացներ, որոնց մի մասն առնչվում էր հայկական մշակույթի ծիսական տիկնիկներին։ Դրանք իրենց դերն ու նշանակությունն ունեն տարբեր ծեսերի և տոների ժամանակ։

Որպես տիկնիկագործ՝ այդ ուղղությունն ինձ վրա եմ վերցրել։ Մանկավարժներին սովորեցրել եմ պատրաստել, օրինակ, Համբարձման, Բարեկենդանի և Վարդավառի տոներին նվիրված տիկնիկներ, ինչպես նաև օժիտի տիկնիկ։ Նրանք այդ գիտելիքները պետք է փոխանցեն մեր սերնդին։

Այստեղ տիկնիկը միայն գեղեցիկ առարկա չէ։ Այն կապ է երեխայի ստեղծագործական աշխարհի և ազգային մշակույթի միջև։ Երեխան ոչ միայն պատրաստում է ինչ-որ բան, այլև ծանոթանում է այն ծեսին, որի հետ կապված է տվյալ տիկնիկը։

— Դուք նշել եք, որ Գորիսում ևս նման հանդիպում ու դասընթաց է եղել։ Այդ աշխատանքը միայն Գորիսո՞վ է սահմանափակվել։

— Ո՛չ, մենք Հայաստանի չորս մարզում անցկացրել ենք հայկական ժողովրդական տոներին վերաբերող դասընթացներ։ Դրանց արդյունքներից մեկը մեր մեթոդական ձեռնարկն է, որի շնորհանդեսը կազմակերպել ենք հարցազրույցից մոտ տասը օր առաջ։

— Իսկ ինչպե՞ս համոզվեցիք, որ դասընթացների ընթացքում ստացած գիտելիքը մանկավարժները կարողանում են կիրառել։

— Մինչև մեթոդական ձեռնարկը հրատարակելը նկատեցինք, որ այն մարզերում, որտեղ անցկացրել ենք դասընթացները, մանկավարժները շարունակում են կազմակերպել համապատասխան տոներն ու ծեսերը։ Մեր դասընթացների արդյունքում նրանք արդեն ինքնուրույն էին իրականացնում այդ աշխատանքը։

Այդ ժամանակ միտք հղացավ ստեղծել մեթոդական ձեռնարկ։ Մենք չենք կարող շրջել Հայաստանի բոլոր համայնքներով և ամենուր նույն դասընթացներն անցկացնել։ Ավելի արդյունավետ է, որ մանկավարժներն ունենան ձեռնարկ, որից կարողանան օգտվել։

— Ի՞նչ է տալիս այդ ձեռնարկը, և ո՞վ կարող է օգտվել դրանից։

— Գիրքը նախատեսված է ժողովրդական տոների ու ծեսերի մասին գիտելիքները մեթոդական ձևով ներկայացնելու համար։ Մենք այն նվիրել ենք մարզերի և Երևանի գրադարաններին, որպեսզի մանկավարժները կարողանան օգտվել։

Գրքի հեղինակները «1000 Վահան» թիմի անդամներն են, որոնք վարել են այդ դասընթացները։ Նրանցից մեկը ես եմ։ Սվետա Պողոսյանը ազգագրության ոլորտի գիտաշխատող է, պատմական գիտությունների թեկնածու։ Նա և Նարինե Շամամյանը մասնակցել են տեսական նյութի մշակմանը։ Նարինե Շամամյանը պարերի հետազոտող է, պատմական գիտությունների թեկնածու։ Տոներին ու ծեսերին առնչվող երգերի բաժինը ներկայացրել է Աննա Թովմասյանը՝ «Ակունք» պետական ազգագրական համույթի մեներգչուհին։ Ես ձեռնարկի համար տրամադրել եմ տիկնիկների բաժինը և դրանց պատրաստման սխեմաները։

Սրբուհու ներկայացրածից հասկանալի է, որ ձեռնարկը ստեղծվել է ոչ թե պարզապես արդեն կատարված աշխատանքի մասին հաշվետվություն կազմելու, այլ դասընթացների փորձը համակարգելու և այն ավելի լայն շրջանակներին հասանելի դարձնելու նպատակով։ Նա նաև նշեց, որ ձեռնարկը հնարավոր է ձեռք բերել «1000 Վահան» հիմնադրամից՝ 7000 դրամով։ Նրա խոսքով՝ այդ գումարը նախատեսվում է ուղղել հաջորդ համայնքներում նմանատիպ դասընթացների կազմակերպմանը։ Այսինքն՝ ձեռնարկի տարածումը դիտարկվում է նաև որպես նոր դասընթացների շարունակականությունն ապահովելու միջոց։

Մեր զրույցում անդրադարձ եղավ նաև հիմնադրամի աջակիցներին և հաշվետվողականությանը։ Սրբուհին ընդգծեց, որ հիմնադրամի աշխատանքին աջակցած բարերարների անունները հրապարակայնորեն նշվում են միջոցառումների ժամանակ։ Օգնությունը կարող է լինել տարբեր ձևերով, ոչ միայն դրամական։ Այդ թեման, սակայն, չհասցրինք ամբողջությամբ քննարկել։

– Շնորհակալություն տիկին Մովսիսյան հարցազրույցի համար։

 

Վաչե Մկրտչյան

Ուշիի ոլորաններում 9 մարդու կյանք խլած վթարից մահացածներից մեկը բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն 22–ամյա Էրիկ Մխոյանն է

05.11.2026 16:42

«1000 ՎԱՀԱՆԸ»՝ երեխայի հոգու, մշակույթի և ազգային հիշողության մասին

05.11.2026 15:53

12 կուսակցությունների համախմբումը ոչ թե քաղաքական է, այլ համազգային․ Կարեն Քոչարյան

05.11.2026 15:46

Գևորգ Փարսյանի գլխավորած նախընտրական թիմը՝ Կապան համայնքի զարգացման աննախադեպ ծրագրով

05.11.2026 15:28

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

05.11.2026 15:21

Եթե Սահմանադրության նախագիծն ԱԺ-ում չի անցնում, դրան հետևում է արտահերթ խորհրդարանական ընտրություն. Միրզոյան

05.11.2026 14:59

Կապանի համայնքային ոստիկանները գողության դեպք են բացահայտել

05.11.2026 14:54

Փաշինյանի վարքագիծը Հարավային Կովկասում լարվածության նոր փուլ է բացում․ Իրանի նախկին արտգործնախարար

05.11.2026 14:36

Էրդողանը մտադիր է նոյեմբերի 8-ին մեկնել Ադրբեջան՝ Անկարայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամի մասին գնահատականների ֆոնին

05.11.2026 14:31

Պենտագոնը հերքել է Հեգսեթին պաշտոնից հեռացնելու մասին խոսակցությունները

05.11.2026 12:57

Կառավարությունը նոր ծրագիր է առաջարկում․ 63-72 տարեկանները կարող են ստանալ մինչև 2 մլն դրամ

05.11.2026 12:32

Երևանում 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի բնակարանից և մահացել

05.11.2026 10:50