Կապանի մշակույթի կենտրոնում նոյեմբերի 4-ին տեղի ունեցավ Կապանի ավագանու ընտրություններում «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության նախընտրական ծրագրի պաշտոնական ներկայացնելու արարողություն։ Դրանով տրվեց նախընտրական քարոզարշավի մեկնարկը։ Գևորգ Փարսյանը վերահաստատեց իր դիրքորոշումը՝ շարունակելու համայնքի կայուն զարգացմանն ուղղված աշխատանքը։
«Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունն ընտրապայքարին կմասնակցի՝ քվեաթերթիկում հանդես գալով 2-րդ համարով։
Առաջինը ելույթ ունեցավ «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության ցուցակը գլխավորող, համայնքի ղեկավարի թեկնածու Գևորգ Փարսյանը, ով ներկայացրեց, թե համայնքային կյանքի յուրաքանչյուր ոլորտում ինչ ծրագրեր և աշխատանքներ են նախատեսվում իրականացնել առաջիկա հինգ տարում։ Բայց մինչև այդ նա ներկայացրեց նախորդ ժամանակաշրջանում կատարված աշխատանքները․ «2021 թվականին քարոզարշավում ես հնչեցրի թիվ, որ 2018 թ․ համեմատ 2021 թ․ համայնքի սեփական եկամուտները կրկնապատկել ենք։ Այսօր արդեն արձանագրում ենք, որ 2021 թ․ համեմատ համայնքային բյուջեի սեփական եկամուտները քառապատկվել են։ Կապանի համայնքը Հայաստանում ամենաշատ սուբվենցիոն ծրագրեր իրականացնողներից է, իսկ սուբվենցիոն ծրագիրը հնարավոր չէ կյանքի կոչել առանց համայնքի ֆոնդային բյուջեում համապատասխան միջոցների առկայության»։
Գևորգ Փարսյանը նշեց, որ համայնքապետարանի և տարածաշրջանի երկու խոշոր հանքարդյունաբերական ընկերությունների միջև այսօր արդեն ձևավորված են աննախադեպ գործընկերային հարաբերություններ՝ հիմնված փոխադարձ վստահության և համայնքի զարգացմանը նպաստելու պատրաստակամության վրա։ Հանքարդյունաբերության երկու հսկան արդեն իսկ ամրագրել են Կապան համայնքում տարեկան ներդրումներ ունենալու իրենց պարտավորությունները՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ 22 միլիոն տոննա արտադրողականության պարագայում՝ 2.1 միլիարդ դրամ, իսկ Կապանի լեռնահարստացման կոմբինատը՝ 1 միլիոն տոննա արտադրողականության պարագայում՝ 300 միլիոն դրամ։ Նշված արտադրողականության աճի դեպքում համաչափորեն ավելանալու է նաև ներդրումների չափը։ Նշված գումարներն ուղղվում են համայնքում քաղաքաշինության, ճանապարհաշինության, ենթակառուցվածքների, տրանսպորտի, առողջապահության, կրթության և այլ ոլորտների զարգացմանը։
Սպորտի, առողջապահության, զբոսաշրջության, ինչպես նաև տրանսպորտային ծառայության, կոմունալ տնտեսության, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանման և բնակֆոնդի բարեկարգման ոլորտներում նախատեսվող ծրագրերն ու անելիքները ներկայացրեց ավագանու անդամի թեկնածու Գոռ Թադևոսյանը։ Կապան քաղաքի բազմաբնակարան շենքերի արդյունավետ, համակարգված և մասնագիտացված կառավարումն ապահովելու նպատակով նախատեսվում է ստեղծել մեկ միասնական համայնքային կառույց, կիրականացվի թե՛ շենքերի ընթացիկ սպասարկումը, թե՛ կապիտալ ծրագրեր, մասնավորապես, վերելակների փոխարինում նորերով, տանիքների և շքամուտքերի վերանորոգում, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի արդիականացում, շենքերի արտաքին տեսքի բարելավում, անվտանգային համակարգով դռների տեղադրում։
Կրթության, մշակույթի և երիտասարդության, ինչպես նաև սոցիալական ոլորտներում նախատեսվող ծրագրերն ու առաջիկա անելիքները ներկայացրեց ավագանու անդամի թեկնածու Անուշ Մեժլումյանը, ով մասնավորապես նշեց, որ նախադպրոցական կրթությունը հասանելի պիտի լինի համայնքի երեխաներին։ Այս համատեսքտում նա տեղեկացրեց նաև, որ այդ ոլորտում կիրականացվի 250 տեղանոց նոր մանկապարտեզի կառուցում Բաղաբերդ թաղամասում, թիվ 4 նախադպրոցական ուսումնական հաստատության փոխարեն կկառուցվի նոր մանկապարտեզ։ Կնորոգվեն թիվ 6, 7 և 13 ՆՈՒՀ-երը։
Համայնքի բարեկարգման, կառուցապատման և քաղաքային միջավայրի զարգացմանը միտված առաջիկա հինգ տարիների ծրագրերն ու անելիքները ներկայացրեց համայնքի ղեկավարի թեկնածու Գևորգ Փարսյանը։
Մասնավորապես, բացի վերոնշյալից նախատեսվում է վերակառուցել մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի շենքը՝ ստեղծելով ժամանակակից պայմաններ կենտրոնի գործունեության համար, հիմնադրվելու են շախմատի դպրոց և պարի մասնագիտացված դպրոցներ, որոնք կտեղակայվեն վերակառուցված կենտրոնում։ Նախատեսվում է վերակառուցել թիվ 3 երաժշտական դպրոցը։ Ծրագրերում ընդգրկված են բազմաբնակարան շենքերի վերանորոգումներ՝ վերելակների թարմացմամբ, շքամուտքերի նորոգումով և անվտանգության համակարգերի տեղադրումով։
Նորոգ տեսք կստանան Գարեգին Նժդեհի հուշահամալիրը և նրան հարակից արհեստական լիճը՝ վերածելով բնակիչների ազատ ժամանցի անցկացման գրավիչ գոտու։ Բարեկարգումներ կլինեն քաղաքի տարբեր հատվածներում, մասնավորապես, կվերանորոգվեն քաղաքի կենտրոնը Շինարարների թաղամասին միացնող աստիճանները՝ կիրառելով ժամանակակից ճարտարապետական լուծումներ, տարածքը դարձնլ գրավիչ թե՛ քաղաքի բնակիչների, թե՛ զբոսաշրջիկների համար։ Կասֆալտապատվեն քաղաքի կենտրոնը թաղամասերի (Կավարտ, Բաղաբուրջ, Աշոտավան, Վաչագան, Բարաբաթում) հետ կապող ճանապարհները։ Կբարեկարգվի Հալիձորի բերդ տանող ճանապարհը։ Ծավ գյուղում նախատեսվում է կառուցել խմելու ջրի մաքրման նոր կայուն և նոր ներքին ցանց։
Ներկաները ջերմությամբ ընդունեցին այն փաստը, որ վերանորոգվելու է Վազգեն Սարգսյանի անվան մանկական զբոսայգին՝ կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաներ։ Այդ ամենը հաստատվում էր լուսանկարներով՝ ավելացնելով ներկաների ոգևորությունը։
«Առաջիկա հինգ տարվա համար մենք բարձր նշաձող ենք սահմանել, բայց կարևոր եմ համարում այն, որ մենք ունենք կամք, արհեստավարժ թիմ, բավարար հնարավորություններ և ուժ՝ իրականացնելու դա։ Կարևորում եմ, որ ունենալով անցած տարիների փորձն ու գիտելիքները, գիտենք ինչպես անել։ Քարոզարշավն անցկացնելու ենք բաց ու թափանցիկ, բարոյականության և քաղաքակրթության սահմաններում, ինչն առաջարկում եմ մյուս ուժերին։ Այն համոզմունքն ունեմ, որ կապանցին տարբերվում է բարձր գիտակցությամբ և խոհեմությամբ, կարողանում է տարբերել ճշմարտությունը կեղծիքից։ Կարծում եմ՝ նոյեմբերի 29-ին կապանցին իր վստահության քվեն կտա նրան, ում արժանի է համարում։ Մեզ բոլորիս մաղթում եմ ՏՊԱՎՈՐԻՉ հաղթանակ նոյեմբերի 29-ին», - ելույթը եզրափակեց Գևորգ Փարսյանը։
Հավաքվածներին այլ բան չէր մնում, քան բուռն ծափողջույներով հավանություն տալ Գևորգ Փարսյանի լավատեսությանը։
Վահրամ Օրբելյան