2026 թվականի նոյեմբերի 3-ին Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով 9 մահացածներից մեկը Բժշկական համալսարանի ուսանող, ճանաչված և սիրված մարզիկ, բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն, տարբեր միջազգային մրցաշարերի հաղթող 22–ամյա Էրիկ Մխոյանն է։ Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր՝ ժամը 17:00-ին, Լեռնահովիտ գյուղում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ նույն վթարից մահացել են նաև 26-ամյա Նարինե Բարսեղյանը՝ Տաշիրից, նրանք նշանածի հետ Երեւան էին գնում։ Նշանածը Երեւանից էր։
Նրանք և Էրիկ Մխոյանը եղել են Ստեփանավան- Երեւան տաքսու մեջ։ Վարորդի ինքնությունը հայտնի չէ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին երեկոյան Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira»-ն և կցորդիչով բեռնատարը։ Վթարի հետեւանքով զոհվել է 9 մարդ, ևս երեքը վիրավոր են։
Տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, մյուսին գիշերը վիրահատել են, երրորդ տուժածն անցնում է անհրաժեշտ հետազոտությունները, առողջական վիճակը միջին ծանրության է:
Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով հանել են դիերը վթարված ավտոմեքենաներից, ինչպես նաև ավտոմեքենաները հեռացրել են ավտոճանապարհից։
NEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրում պարզել էր, որ մահացածներից երեքը ամուսիններ էին և նրանց 18–ամյա որդին։
Վթարի մասնակից 4 մեքենաներից մեկը՝ բեռնատարը ռուսական համարանիշներով է եղել։