2016թ. սեպտեմբերի 18-ի ուրվականը

17.02.2016 16:32
3110

Տարին, ըստ էության, քաղաքական առումով բուռն է լինելու:

Նախ՝ պետության կառավարման մեջ էական փոփոխություններ ու վերադասավորումներ տեղի կունենան՝ Հայաստանի Հանրապետության նորացված սահմանադրությունից բխող:

Այնուհետեւ, ականատես կլինենք 2017թ. խորհրդարանական ընտրությունների նախապատրաստմանը, որը նոր սահմանադրության դեպքում կարեւոր նշանակություն կունենա երկրի հետագա զարգացման ճանապարհին:

Կառավարող թիմում կհայտնվի (արդեն իսկ հայտնվել է) ՀՅԴ-ն, թեեւ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն համագործակցությունը դեռ պիտի ապացուցի իր անկեղծությունն ու պետքականությունը:

Կարեւոր իրադարձություն կլինի ընտրական նոր օրենսգրքի ընդունումը, որի ուղղությամբ աշխատանքները տարվում են:

Միգուցե եւ այլ իրողությունների բախվենք՝ աշխարհաքաղաքական անցուդարձով պայմանավորված:

Եվ, այդ ամենով հանդերձ, սպասվում է մեկ իրադարձություն նույնպես, որը ոչ պակաս հետաքրքիր է շարքային մարդկանց համար: Նկատի ունենք տեղական ինքնակառավարման մարմինների եւ հատկապես քաղաքային համայնքների ղեկավարների ընտրությունը:

Սյունիքում, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ժամանակացույցի, ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 18-ին (այդ մասին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունել դեռեւս 2015թ. սեպտեմբերի 11-ին):

Դժվար է ասել՝ կհասցնե՞նք այդ ընտրություններն անցկացնել ընտրական նոր օրենսգրքով, թե՞ ոչ:

Դժվար է նաեւ ասել, թե ինչ պատկեր կունենա մարզի համայնքների քարտեզը սեպտեմբերի 18-ի շեմին. որովհետեւ Տաթեւի ենթաշրջանում ութ գյուղը մեկ համայնքի մեջ միավորելուց հետո սպասվում են նորանոր քայլեր մարզի համայնքների խոշորացման ուղղությամբ, մանավանդ որ նորացված սահմանադրությամբ՝ «Հանրային շահերից ելնելով՝ համայնքները կարող են օրենքով միավորվել կամ բաժանվել»:

Դժվար է նույնիսկ ասել՝ համայնքի ղեկավարը կընտրվի ուղղակի՞, թե՞ անուղղակի ընտրակարգով, չէ՞ որ ՀՀ սահմանադրության հոդված 181-ն այլեւս կարելի է համարում համայնքի ղեկավարի անուղղակի ընտրությունը:

Հավանական է, որ համայնքի ղեկավար ընտրենք հինգ տարի ժամանակով:

Եվ չնայած բազմաթիվ հարցականների ու անորոշությունների առկայության, մարզի համայնքներում արդեն իսկ զգացվում է նախընտրական շունչը:

Մեղրի, Ագարակ քաղաքներում եւ առհասարակ այդ տարածաշրջանում սպասում են համայնքների խոշորացման. շրջանը մեկ համայնքի մեջ միավորելու հնարավոր տարբերակի մասին քանիցս հայտարարել են կառավարության պատասխանատուները եւս:

Եթե կյանքի կոչվի այդ ծրագիրը, ապա ընտրապայքարը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Մեղրու եւ Ագարակի քաղաքապետեր Արշավիր Հովհաննիսյանի ու Մխիթար Զաքարյանի միջեւ: Երկու քաղաքապետն էլ վայելում են վերադաս իշխանությունների վստահությունը, եւ դժվար թե որեւէ մեկը նախապես ֆավորիտ հռչակվի: Ըստ էության Մեղրի համայնքում (եթե միավորում տեղի ունենա) ամեն ինչ կթողնվի ընտրողների հայեցողությանը, որը, կարծում ենք, ամենաողջամիտ տարբերակն է: Իսկ եթե համայնքների միավորում տեղի չունենա, ապա երկու քաղաքապետն էլ վերընտրվելու ռեալ հնարավորություն կունենան, թեեւ կլինեն նաեւ մրցակիցներ:

Գորիսում սպասվում է ավագանու ընտրություն. քաղաքապետն ընտրվել է 2014-ին: Չի բացառվում, սակայն, Գորիս համայնքի խոշորացում նույնպես՝ Ակներ, Վերիշեն եւ Քարահունջ գյուղերը քաղաքային համայնքին միացնելով. այդ դեպքում անխուսափելի կդառնա նաեւ քաղաքային համայնքի ղեկավարի ընտրությունը: Գործող քաղաքապետ Վաչագան Ադունցը, նման զարգացումների դեպքում, կլինի հավակնորդներից առաջինը, մանավանդ որ հասցրել է ապացուցել իր ակտիվ գործունակությունը, դժվարին մեր օրերում համայնքը պատշաճորեն ղեկավարելու կարողությունը:

Քաջարանում վերընտրվելու մեծ շանս ունի գործող քաղաքապետ Վարդան Գեւորգյանը, ում եռանդը, պրպտումները, համայնքում համերաշխության մթնոլորտն ամրապնդելու ձգտումը մարդկանց աչքի առջեւ են: Սակայն Քաջարանում կարեւոր է լինելու նաեւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության ղեկավարության դիրքորոշումը: Իհարկե, ընկերության նոր ղեկավարությունը, որքանով տեսնում ենք, ի սկզբանե եւ արդարացիորեն հրաժարվել է քաղաքական մահակի դերից, որ տարիներ շարունակ ստանձնել էր այդ ձեռնարկության ղեկավարությունը, բայց եւ քիչ հավանական է, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի պատասխանատուներն անտարբեր լինեն համայնքի ղեկավարի ընտրության հարցում:

Լարված ընտրություն է սպասվում Կապանում: Ե՛վ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեն, ե՛ւ 2012-ի ՏԻՄ ընտրությունները, ե՛ւ 2013-ի նախագահական ընտրությունը ցույց տվեցին, որ միաբեւեռ Կապանի մասին երազելն անօգուտ զբաղմունք է: Ոչ մի կոմբինացիայի շնորհիվ միաբեւեռություն չի կարող լինել նաեւ այս տարի սպասվող ՏԻՄ ընտրություններում:

Գործող քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, անտարակույս, կլինի ՀՀԿ-ի թեկնածուն, չնայած կուսակցության կապանյան կառույցում քիչ չեն նրա ընդդիմախոսներն ու նրա գործունեությունը բացահայտ քննադատողները:

Աշոտ Հայրապետյանը, ցավոք, իր ձեռքն առավ խոսքի ազատության դեմ պայքարի մրոտված դրոշը (մի ժամանակ այդ դրոշը հպարտորեն ծածանում էր Արմեն Կարապետյան քաղաքապետը), նա մոռացավ, թե ինչ հանգամանքների շնորհիվ է քաղաքապետ դարձել 2012-ին, մոռացավ իր նախընտրական խոստումները, կադրային քաղաքականության մեջ եւ թոշակառուների հանդեպ ունեցած վերաբերմունքում մարդկանց բաժանեց մերոնքականի եւ ոչ մերոնքականի: Այդ բոլորով հանդերձ՝ հանրապետական մյուս հավակնորդների համեմատությամբ նա անվիճելի առավելություններ ունի:

Կապանում կարեւոր կլինի քաղաքի ամենախոշոր գործատուի՝ լեռնահանքային կոմբինատի ղեկավարության եւ մասնավորապես Հրաչ Ջաբրայանի դիրքորոշումը:

Աշոտ Հայրապետյանի գլխավոր մրցակիցը, ինչպես չորս տարի առաջ, կլինի Արտուր Աթայանը, ով շարունակում է որոշակի դրական հեղինակություն վայելել Կապանում: Լինելով ՀՅԴ անդամ՝ նա, սակայն, քաղաքապետարանում 2008-12թթ. պաշտոնավարելու ընթացքում (դրանից առաջ եւ հետո նույնպես) ցույց տվեց, որ ունի վերկուսակցական պահվածք, որ կարող է լինել հուսալի կամուրջ իշխանությունների եւ ժողովրդի միջեւ, կարող է հրաժարվել անձնական նկրտումներից եւ համերաշխության ձեռք մեկնել յուրաքանչյուր ուժի եւ անհատի՝ ի շահ Կապանի զարգացման: 2012-ին անհասկանալի հանգամանքներում նա դուրս մղվեց ընտրապայքարից, բայց երբեք չարությամբ չլցվեց ոչ իր հաջորդի, ոչ հանրապետության իշխանությունների հանդեպ:

2016 ընտրական տարում Սիսիանը շարունակում է մնալ բազմաբեւեռ եւ ըմբոստ՝ իր դեմքը պաշտպանելու հարցում: Համայնքի ղեկավարի համար, ամենայն հավանականությամբ, կպայքարի մի քանի բեւեռ: Գործող քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը նախորդ երկու ընտրության ժամանակ կարողացավ պարտության մատնել իր հզոր մրցակիցներին: Այսօր էլ նա ունի կայուն թիմ, հետեւորդներ, որոշակի դրական վարկանիշ, թեեւ մեկ տարի առաջ հեռացել է ԲՀԿ-ի շարքերից, թեեւ նրան ցեխոտելու արշավը չդադարեց մեկ օր անգամ:

Սակայն Սիսիանում, կարծում ենք, իր թեկնածուն կունենա ՀՀԿ-ն (թեկնածուն կարող է լինել Սամվել Թանգյանը կամ Արթուր Սարգսյանը, ով որդին է նախկին քաղաքապետ ու ճանաչված շինարար Լավրենտ Սարգսյանի): Չի բացառվում, որ թեկնածու կունենան Հերմինե Նաղդալյանի կողմնակիցները. այդ թեկնածուն կարող է լինել Արմեն Անդրեասյանը, ով վերջին տարիներին ճանաչում է ձեռք բերել ճանապարհաշինության ոլորտում կատարած աշխատանքների շնորհիվ: Կարեւոր կլինի Ջիվան Մարգարյանի, Աշոտ Մինասյանի (ով շարունակում է մնալ Սիսիանի երկրապահների անպաշտոն առաջնորդը) դիրքորոշումը, ինչը ցույց տվեց նաեւ 2015թ. դեկտեմբերյան հանրաքվեն:

Ամբողջ նախընտրական գործընթացներում էական (որոշ դեպքերում՝ վճռորոշ) կլինի Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի դիրքորոշումը, ով տիրապետում է ոչ միայն տարածքային իշխանության ու կուսակցության մարզային կառույցի լծակներին, այլ նաեւ հանրային աջակցության մեծ ռեսուրսի: Սակայն Սուրեն Խաչատրյանը, որքանով հասկանում ենք, վաղաժամ է համարում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախապատրաստությամբ զբաղվելը: Բայց քանիցս հնչեցրել է մի ֆրազ, որը կարող է եւ առաջիկա ընտրություններում գործելակերպի սկզբունք դառնալ տարածքային իշխանության համար: Ահա այդ ասույթը՝ «Որեւէ անձնավորության, ով ձգտում է համայնքի ղեկավար ընտրվել, կարելի է աջակցել առաջին անգամ: Երկրորդ անգամ նույն այդ մարդու ընտրությունը պետք է տվյալ համայնքում տոնակատարության վերածվի, այլապես ավելորդ կլինի վերընտրվելու նրա ձգտումը»:

Առաջիկա ընտրությունների մի առանձնահատկության մասին եւս (ավելի ճիշտ՝ հնարավոր առանձնահատկության մասին): Վերեւում նշեցինք, որ նորացված սահմանադրությունը թույլատրելի է համարում համայնքի ղեկավարի անուղղակի ընտրությունը: Այդ դրույթը, անշուշտ, կհստակեցվի ընտրական նոր օրենսգրքում: Դժվար չէ կռահել, որ համայնքի ղեկավարն այդ դեպքում կընտրվի ավագանու անդամների կողմից: Իսկ դա նշանակում է, որ քաղաքապետի հավակնորդները (չսպասելով ընտրական օրենսգրքի փոփոխությանը) սեպտեմբերի 18-ի ընտրություններին ընդառաջ կգնան ավագանու անդամների իրենց ցուցակով:

Չմոռանանք նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին ելույթը. նախագահը ներկայացրեց իր տեսլականը հանրային ծառայողի որակական հատկանիշների մասին: Եթե այդ պահանջները գոնե մասամբ իրականություն դառնան, ապա պարապությունից ֆեյսբուքում խզբզող քաղաքապետ չենք ունենա, պետական գրասենյակներում սերիալներ դիտելով օր մթնեցնող տիկնայք եւ պարոնայք չենք ունենա, բանսարկությամբ տուն պահող նաժիշտներ չենք ունենա, երեկվա սապոգավորին մարգարե հռչակող եւ մեռյալների (կենդանության օրոք անտեսված ու մոռացված) հաշվին վարկանիշ շինող համայնքապետ չենք ունենա:

Ահա այսպիսի շարքերով, ուժերի դասավորությամբ եւ նման իրողությունների առկայությամբ են Սյունիքի քաղաքային համայնքներում ընդառաջ գնում 2016թ. ՏԻՄ ընտրություններին:

Անտարակույս, կարող են եւ լինել իրավիճակի կտրուկ կամ անսպասելի փոփոխություններ, կարող են երեւան գալ համայնքների ղեկավարների նորանոր ու առավել ցանկալի, առաջադեմ հավակնորդներ: Կարող են եւ ուժերի վերադասավորումներ տեղի ունենալ: Կլինի (եւ արդեն կա) «դաբրոների» փնտրտուք: Այդ ամենը, սակայն, ժամանակը ցույց կտա…

Վերը շարադրվածով հանդերձ, սակայն, ոչ մի գործոն այնքան վճռորոշ չի լինի, որքան ընտրողների կամքը. այդ հարցում հավանաբար միակարծիք ենք բոլորս:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19