40 տարուց ավելի կապանյան բեմում

04.10.2022 11:48
1466

Դերասան, բեմի առաջատար վարպետ Արտավազդ Գրիգորյանը չորս տասնամյակից ավելի Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան թատրոնում է, կապանյան բեմի հնաբնակներից մեկը՝ ծննդով Լենինականից: Երվանդ Ղազանչյանի սաներից է, մեծ վարպետի դերասանական կուրսն է ավարտել Լենինականի թատրոնում, բեմական առաջին մկրտությունը ստացել Լեռնային Ղարաբաղի՝ այն ժամանակ Մաքսիմ Գորկու անունը կրող թատրոնում: 1979- ից Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնում է և մինչև հիմա թատրոնից չի բացակայել. տարբեր տարիքի դերասանների հետ է խաղացել, բայց կարոտով է հիշում ավագ սերնդի մարդկանց՝ հանրապետության ժողովրդական արտիստ Միլիտոս Ղազարյան, վաստակավոր արտիստներ Արուսյակ Մարտիրոսյան, Անիկ Հարությունյան, արտիսներ Ավագ Ավագյան, Սուսաննա Բաղդասարյան...

Արտավազդը խմբագրություն էր եկել՝ հետը բերելով պատվոգրեր, շնորհակալագրեր, թերթերի հրապարակումներ, նաև եզակի լուսանկարներ. ի դեպ լուսանկարներից մեկում՝ Մհեր Մկրտչյանի հետ: Պատմում է, որ Կապանի պետթատրոնը երկու անգամ հրավիրել է Մհեր Մկրտչյանին: Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար» ներկայացման մեջ ինքը Փայլակի դերն էր կատարում: Դա մեծ դպրոց էր իր և գործընկերների համար, որովհետև Մհեր Մկրտչյանի հետ խաղալն ինքնին մի ծես էր: Նրա ամեն մի շարժումը, դադարը, մենախոսությունը մի-մի դասեր էին: «Գնա մեռի, արի սիրեմ» բեմադրության մեջ խաղացել է Արմեն Խոստիկյանի հետ, խաղացել է նաև ասմունքի մեծ վարպետ Վլադիմիր Աբաջյանի հետ: Հանրապետության ժողովրդական արտիստ Լևոն Թուխիկյանի հետ խաղացել է Վիլյամ Սարոյանի «Կոտորածն մանկանց» ներկայացման մեջ: «Մեծերի հետ խաղալը երազի պես եկավ և անցավ: Դրանք եղան իմ դերասանական կյանքի աստեղային պահերը: Այդ մեծերին կինոյում, հեռուստատեսությամբ էի դիտել, ո՞վ կպատկերացներ, որ նրանց հետ միասին մի օր բեմում կխաղայինք»:

Այնուամենայնիվ, ու՞մ է համարում բեմական արվեստի իր ուսուցիչը: Գյումրու թատրոնում ժողովրդական դերասան Արզո Արզումանյանին, ումից շատ բան է սովորել, իսկ իր պաշտելի (բնութագրումն իրենն է) դերասանը Հրաչյա Ներսիսյանն է:

Երբ եկավ Կապան, թատրոնի ռեժիսորը Նոդյա Բաղդասարյանն էր, ով իրեն Մուրացանի «Ռուզան» բեմադրության մեջ մի էպիզոդիկ դեր հանձնարարեց. բեմի վրա ընդամենը հինգ-վեց նախադասություն արտաբերեց, բայց դրանով սկսվեց ամեն ինչ իր բեմական կյանքում: Հետո խաղաց Աղասի Այվազյանի «Դիպլիպիտո» ներկայացման մեջ (դատախազ Սուրմալյանի կերպարը մարմնավորեց): «Տեսան, որ գլուխ եմ հանում, սկսեցին լուրջ դերեր հանձնարարել: Կապանը սիրեց ինձ, պահեց ինձ»,- անկեղծանում է Արտավազդը և հավելում, որ իր դերասանական խաղը դուրս չի մնացել նաև շրջանի ղեկավարության ուշադրությունից, և երբ իմացան, որ ամուսնանալու մտադրություն ունի, ապահովեցին բնակարանով:

 Նստած վերհիշում ենք անցյալը, և զրուցակիցս այժմ դժվարանում է թվարկել այն ռեժիսորների անունները, ում «աշակերտել» է՝ Նոդյա Բաղդասարյան, Սամվել Գայամյան, Լեոնիդ Հարությունյան, Հակոբ Ղազանչյան, Արմեն Շահբազյան, Հայկ Մնացականյան, ուրիշներ... Հատկապես հիշում է այն ժամանակաշրջանը, երբ թատրոնի գլխավոր ռեժիսոր դարձավ Հակոբ Ղազանչյանը: Նոր ու թարմ շունչ մտավ թատրոն: Հակոբի հետ աշխատելն ինքնին խիզախում էր: Նոր բեմադրություններ եղան թատրոնի խաղացանկում՝ Ժորա Հարությունյանի «Բախտավոր մարդիկ» (ինքը բեմադրության մեջ խաղաց Սամսոնի դերը), Ալեքսանդր Բլոկի «Արքան հրապարակում» (եկեղեցական), իսկ Չարենցի «Կապկազ թամաշա» բեմադրության մեջ բանվորի դերը տարավ: Ի դեպ, այդ ներկայացումը ճանաչում բերեց թե՛ իրեն, թե՛ թատրոնին, քանզի բեմադրվեց Մոսկվայի Վ. Մայակովսկու անվան թատրոնում՝ արժանանալով թատերագետների բարձր գնահատականին: Այդ օրերին միութենական «Սովետսկայա կուլտուրա» թերթը գրեց. «...Մենք տեսանք գավառական թատրոն, բայց լրիվ արժանի Մոսկվայի յուրաքանչյուր թատրոնում ներկայանալու...»:

Բեմադրությունը կյանքի կոչողները՝ Հակոբ Ղազանչյանը, Կամո Արզումանյանը, Արտաշես Ոսկանյանը, Հրաչյա Գաբրիելյանը և Արտավազդ Գրիգորյանն արժանացան Հայաստանի Լենինյան կոմերիտմիության մրցանակին: Նույնիսկ հիշում է, որպես պարգևավճար, 60 ռուբլի ստացավ: Այն ժամանակների չափանիշներով դա փոքր գումար չէր...

Արտավազդ Գրիգորյանից հետաքրքրվեցինք, թե այժմ ինչ մթնոլորտ է Կապանի պետթատրոնում, քանզի ինքն այդ կոլեկտիվի հնաբնակներից է, ինչո՞վ է ապրում և շնչում այսօրվա թատրոնը:

– Նոր սերնդին պիտի հասկանալ, քանզի այն ավելի բաց է, ազատամիտ, դիտողություններ կան, որ չեն ընդունում, չես կարող պարտադրել, որովհետև ինքը խորհրդային դաստիարակություն չի ստացել՝ վզկապ կապելը, կոմերիտական կրծքանշան կրելը, և այդ մասին նույնիսկ իմանալը նրա համար հետաքրքիր չէ: Մեր զրուցակիցը նաև տասից ավելի բեմադրություններ է արել: Բայց իրեն ավելի հոգեհարազատ է Լևոն Մութաֆյանի «Հիշողություն սրճարանը», որ Մեծ եղեռնի թեման է շոշափում: Պապերս կարսեցի են, գուցե արյան կանչն է, որ այդ ներկայացումը հոգեհարազատ դարձավ ինձ», – բացատրում է:

Նաև գոհունակությամբ է ասում, որ իրենից առաջ ոչ ոք Նժդեհ չի խաղացել, և ինքն է առաջինը մարմնավորել մեծ հայրենասերի կերպարը՝ Կառլոս Եղիազարյանի «Նժդեհ» բեմադրության մեջ: Այդ ներկայացմամբ շրջել են Հայաստանի և Արցախի հանրապետությունների բոլոր զորամասերում: Նաև խորհրդանշական է, որ բանակ-հասարակություն կապն ամրապնդելու համար ՀՀ պաշտպանության նախարարության կողմից արժանացել է «Գարեգին Նժդեհ» մեդալի: Արտավազդի հետ հանդիպեցի օգոստոսի 12-ին, և հիշեցինք նրա խաղընկեր, ՀՀ վաստակավոր դերասան վաղամեռիկ Վազգեն Սարգսյանին, ում ծննդյան օրն էր: Վազիկը նաև տասը-տասնհինգ բեմադրություններ է արել, և դրանց գլխավոր դերերն ինքն է մարմնավորել՝ «Չար ոգի» բեմադրության մեջ՝ Ոսկան, «40 օր համբառնալուց առաջ»՝ Գոգի և այլն: «Հաճելի էր Վազիկի հետ աշխատելը, լավ ընկեր էր, տաղանդավոր մարդ: Մի տաղանդավոր մարդ էլ Արզումանյան Կամոն է եղել, հիմա ինձ համար անչափ տխուր է առանց իրենց»,- ասում է և հավելում, որ Կապանի թատրոնի հնաբնակներից ինքն է մնացել, Նատալյա Բաղդասարյանը, Մարիետա Քոչարյանը: Սերնդափոխությունն իրողություն է կապանյան թատրոնում:

... Շուտով կբարձրանա նոր թատերաշրջանի վարագույրը, և նույն պատրաստակամությամբ Արտավազդ Գրիգորյանը կշարունակի կերտել բեմական կենսագրությունը... «Քանի առողջությունս ներում է՝ բեմի վրա պիտի լինեմ, դերեր կան, որ պիտի խաղամ», – հրաժեշտից առաջ ասում է Արտավազդը:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ. ամփոփվել են Սյունիքի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները

21.02.2026 19:18

Մի՛ վախեցեք մաhից, պատրա՛ստ եղեք դրան և որևէ ձևով մի՛ արագացրեք այն և անվա՛խ քայլեք ձեր ճանապարհով՝ մնացած ամեն ինչը թողնելով Աստծուն․ Ռուբեն Վարդանյան

21.02.2026 12:50

Մեր երկրում հազարավոր մարդիկ կանգնած են դեղորայքի գների խնդրի առաջ․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

21.02.2026 12:04

Առուշ Առուշանյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դեկոտինյիին

21.02.2026 11:08

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ պատվիրակությանը

20.02.2026 22:27

Հայաստանում ստեղծվելու է սիլիկոնային ավան, ապահովվելու է բարենպաստ միջավայր․ Նարեկ Կարապետյան

20.02.2026 21:14

Ամեն ջանք գործադրելու ենք մեր ժողովրդի՝ Արցախ վերադառնալու և ինքնորոշման անքակտելի իրավունքները լիարժեքորեն իրացնելու համար. Արցախի ԱԺ

20.02.2026 19:15

Ընտրակաշառքը պոզով-պոչո՞վ է լինում. Ալիկ Ալեքսանյանը` ՔՊ-ական մարզպետի՝ ժողովրդի հաշվին արած «բարեգործության» մասին

20.02.2026 17:09

«Սյունիք» ֆուտբոլային ակումբը հուշագիր-համաձայնագիր կնքեց մարզի խոշոր ձեռնարկություններից մեկի՝ «Աժդանակ» ՍՊԸ-ի հետ

20.02.2026 17:00

Ալիևը՝ հայ լրագրողին․ Երբ Բայդենը վերադառնա` կվերագործարկի ձեր «Խաղաղության խաչմերուկը»

20.02.2026 15:57

Մակրոնը մայիսի 4-ին երկօրյա այցով կլինի Հայաստանում

20.02.2026 15:46

Սերգեյ Գորոդեցկի․ «Հայաստանի սիրտը, Արարատյան դաշտավայրը հնարավոր չէ պաշտպանել՝ առանց Արցախին տիրելու»

20.02.2026 15:37