9-րդցիները հայոց լեզվի քննությունը կարող են վերահանձնել հուլիսի 2-8-ը եւ օգոստոսի 20-30-ը

27.05.2019 21:59
1323

Գնահատման եւ թեստավորման կենտրոնը (ԳԹԿ) մայիսի 26-ին անցկացրեց իր պատմության մեջ ամենամեծամասշտաբ քննությունը: Խոսքը վերաբերում է 9-րդ դասարանի «հայոց լեզու» առարկայի ավարտական կենտրոնացված քննությանը:  

Եվ եթե ավանդաբար միասնական քննություններին մասնակցում է ընդհանուր առմամբ տասնյակ հազարի չափ դիմորդ, ընդ որում՝ տարբեր առարկաներից ու տարբեր օրերի, ապա այս դեպքում հիմնական դպրոցն ավարտողների քանակը շուրջ 32 հազար է, որոնց գիտելիքները ստուգվել են մեկ օրում:

«Քննությունը տեղի է ունեցել 251 քննական կենտրոնում, որից 174-ը մարզերում եւ 77-ը՝ Երեւանում: Ամեն ինչ կարծես հարթ ընթացավ: Երեխաները քննական կենտրոն, այնուհետեւ հետ են տեղափոխվել անխոչընդոտ: Նաեւ քննության գործընթացում ներգրավված բոլոր մեծահասակների՝ քննության կազմակերպիչների, ստուգողների, ԳԹԿ ներկայացուցիչների տեղաշարժի հետ կապված խնդիրներ չեն առաջացել: Քննական կենտրոնների ղեկավարները քննական նյութերն առավոտյան ստացել են գնահատման եւ թեստավորման կենտրոնից, տարել են քննական կենտրոններ եւ քննության ավարտից ու թեստի համապատասխան հատվածը ստուգվելուց հետո, նորից բերել, հասցրել են ԳԹԿ: Մարզերում քննական նյութերը նախօրեին տարված են եղել բանկերի բունկերներ եւ այնտեղ են պահվել: Մայիսի 26-ի առավոտյան մարզային քննական կենտրոնների ղեկավարները դրանք ստացել են, եւ տարել են քննական կենտրոններ, այնուհետեւ ուշ երեկոյան բերել գնահատման եւ թեստավորման կենտրոն: Հիմա այս պահին մուտք են արվում քննական նյութերը, պատասխանի ձեւաթղթերը»,- «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց ԳԹԿ մամուլի պատասխանատու Խաչանուշ Գրիգորյանը:

Նրա խոսքով, եղել են միայն մանր-մունր թերություններ՝ պայմանավորված քննության գործընթացում ընդգրկված ուսուցիչների փորձի պակասով. «Միտումնավոր ինչ-որ բաներ չկան, պարզապես ասենք թեստերն ու պատասխանները միասին չեն հավաքել եւ հիմա դրանք տեսակավորելու կարիք կա, իրենք որ բերում են հանձնելու, դրանք բացում են, դնում են իրար հետ»:

Նախապես հայտարարվել էր, որ հայոց լեզվի կենտրոնացված այս քննության ավարտից հետո մինչեւ ժամը 14-ը քննական թեստերն ու պատասխանները տեղադրվելու են ԳԹԿ պաշտոնական կայքում: Դրանք, սակայն, տեւական ժամանակ հասանելի չեն դարձել, ինչը ծնողների շրջանում բողոքի ալիք էր բարձրացրել: ԳԹԿ-ից դա պայմանավորեցին կայքի մեծաթիվ այցելություններով ու ծանրաբեռնվածությամբ: Ի դեպ, մինչեւ այսօր էլ այն աշխատում է խափանումներով:

Ինչ վերաբերում է ստուգողների շրջանակից դուրս եկած այն կարծիքին, թե հայոց լեզվի կենտրոնացված ավարտական քննությունից առավելագույն միավոր ոչ ոք չի ստանալու, Խաչանուշ Գրիգորյանը հակադարձեց, որ դեռեւս թեկուզ նախնական պատկեր չկա. «Քննություն հանձնողների մակարդակի վերաբերյալ որեւէ մեկը հիմա որեւէ բան ասել օբյեկտիվորեն չի կարող: Իսկ եթե ասում է, ուրեմն ինքը ճիշտ տեղում չի հայտնվել ու դրանով գուցեեւ ԳԹԿ-ն զբաղվի, որովհետեւ նման բան պարզապես լինել չի կարող»: Հիշեցնենք, որ այս քննության արդյունքները հրապարկվելու են յոթերորդ օրը՝ հունիսի 2-ին, իսկ բողոքարկել հնարավոր կլինի հունիսի 3-ին: Վերջնական արդյունքները հայտնի են դառնալու հունիսի 10-ին:

Իսկ թե քանի սովորող չի ներկայացել հայոց լեզվի քննությանը, առայժմ հայտնի չէ: Տվյալները դեռ ամփոփված չեն: Բացակայած աշակերտները քննությունը վերահանձնելու երկու հնարավորություն կունենան: Դրանք, սակայն, ի տարբերություն հիմնական փուլի, չեն կազմակերպվի կենտրոնացված կարգով, այլ յուրաքանչյուր աշակերտ վերաքննություն կհանձնի իր դպրոցում:  

«Բացակայությունը հարգելի համարվելու, վերաքննություն հանձնելու համար որեւէ փաստաթուղթ, բժշկի որեւէ տեղեկանք իրենց պետք չէ: Պարզապես մարդը չի եկել, հնարավորություն ունի քննությունը վերահանձնելու հուլիսի 2-8-ը: Անհրաժեշտության դեպքում երկրորդ անգամ կարող է վերահանձնել օգոստոսի 20-30-ը»,- տեղեկացրեց ԳԹԿ մամուլի պատասխանատուն: Ի դեպ, քննության հիմնական փուլում Արմավիրի եւ Գեղարքունիքի մարզերում 9-րդ դասարանն ավարտող երկու աշակերտներ դուրս են հրավիրվել քննական սենյակից՝ հեռախոսի օգնությանը դիմելու պատճառով: Նրանք նույնպես կմասնակցեն վերաքննությանը:

Հիշեցնենք, որ 9-րդ դասարանի հայոց լեզվի քննությունը կենտրոնացված կարգով անցկացվող միակ քննությունն է: Ի սկզբանե նախատեսվում էր, որ սովորողների գիտելիքներն այս սկզբունքով կստուգվեն բոլոր առարկաների պարագայում: Բայց դա խուճապային տրամադրություններ առաջացրեց թե նրանց, թե ծնողների եւ թե ուսուցիչների շրջանում: Գնահատման եւ թեստավորման կենտրոնը եւս պատրաստ չէր միանգամից նման բեռի տակ մտնել: Ի վերջո որոշվեց առայժմ կենտրոնացված կարգով անցկացնել միայն 9-րդ դասարանի հայոց լեզվի քննությունը: Կրթության ոլորտի պատասխանատուներն ակնկալում են, որ սա ցույց է տալու աշակերտների գիտելիքների իրական մակարդակը:

armtimes.com

Ավելի քան 2500 բեռնատար սպասում է Վերին Լարսի անցակետով Վրաստան մտնելուն

15.12.2025 20:14

Հրաժեշտ ենք տալիս 2025-ին, իսկ Սյունիքի մարզի հազարավոր հեկտար հողատարածքներ շարունակում են մնալ օկուպացված

15.12.2025 17:36

Կապանում հիմնանորոգված տանիքների թիվը հասել է 123-ի

15.12.2025 15:22

Զինծառայողին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով ձերբակալված կա

15.12.2025 15:20

Սահմանին շատ հանգիստ է, պատրաստվում ենք Ամանորին. տոնական օրերին ծառայությունն ավելի զգոն է իրականացվում. ՊՆ նախարար

15.12.2025 14:10

Վարդենյաց լեռնանցքում բուք է

15.12.2025 10:43

Ձեր պաշտոնավարման ժամանակ 45 գյուղի դպրոց է փակվում. Նարեկ Կարապետյանը Սյունիքի մարզպետին

14.12.2025 18:40

Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը Նիկոլ Փաշինյանի առաջ զեղչեց Գարեգին Երկրորդի անունը

14.12.2025 13:28

«Մանկական Եվրատեսիլ 2025» երգի մրցույթում Հայաստանը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը. հաղթող երկիրը Ֆրանսիան է

13.12.2025 22:27

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանի կալանքը 2 ամսով երկարաձգվել է

13.12.2025 16:15

Ըստ նախնական տվյալների՝ զինծառայողն իրեն ամրակցված զենքով կրակոց է արձակել գլխի շրջանում, ինչի հետևանքով մահացել է. ՔԿ

13.12.2025 12:58

Հայտնաբերվել է զինծառայող Սմբատ Մհերի Կիրակոսյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ

12.12.2025 23:14