Ադրբեջանը ձգտում է «հաղթողի խաղաղություն» կնքել Հայաստանի հետ

17.01.2024 14:30
486

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունվարի 10-ին հարցազրույց տվեց ադրբեջանական լրատվամիջոցներին, որի ընթացքում աղմկահարույց բազմաթիվ հայտարարություններ արեց։ Ալիևի հարցազրույցը բուռն արձագանքի արժանացավ Հայաստանում։ Նրան օրեր անց հրապարակայնորեն արձագանքեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ Բաքվից հնչող հայտարարությունները լրջագույն հարված են խաղաղության գործընթացին։

Ադրբեջանի նախագահը հարցազրույցի ընթացքում մեծ հաշվով ընդամենը կրկնեց այն թեզերը, որոնք վերջին ամիսների ընթացքում հնչեցվում էին Բաքվի պաշտոնական և ոչ պաշտոնական խոսնակների կողմից։ Այնուամենայնիվ, այս հարցազրույցի կարևորությունն այն է, որ Ադրբեջանի առաջնորդը հայտնի որոշ հանգամանքների մասին առաջին անգամ խոսեց ուղիղ տեքստով։

Ալիևի արած ակնառու հայտարարություններն առնչվում էին խաղաղության գործընթացի երեք կարևոր ուղղությունների՝ սահմանային փաթեթ, ապաշրջափակում և պայմանագրի իմպլեմենտացիայի մեխանիզմ կամ երաշխավորի ինստիտուտ։

Սահմանային փաթեթի վերաբերյալ Ալիևը հաստատեց այն թեզը, որը վերջին շաբաթների ընթացքում առաջ էր քաշվում խաղաղության գործընթացի մեջ ներգրավված ադրբեջանցի այլ պաշտոնյաների կողմից՝ սահմանազատման գործընթացի շուրջ պայմանավորվածությունները պետք է տարանջատել խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցություններից։

Ալիևն ուղիղ տեքստով հայտարարեց նաև, որ 1970-ականների ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի քարտեզները չեն կարող սահմանազատման գործընթացի հիմքը դառնալ։ Երկարատև դադարից հետո Ալիևը հայտարարեց նաև այս գործընթացում պատմական քարտեզների օգտագործման անհրաժեշտության մասին և առաջին անգամ պարզաբանեց, որ խոսքը կա՛մ Հայաստանի և Ադրբեջանի առաջին հանրապետությունների շրջանի, կա՛մ էլ երկու երկրների խորհրդայնացման ժամանակահատվածի քարտեզների մասին է։

Ալիևը հրապարակայնորեն հնչեցրեց նաև սահմանային փաթեթին առնչվող մեկ այլ պահանջ, որը հավանաբար հայկական կողմին է փոխանցվել նաև փակ ձևաչափով։ Խոսքը ԽՍՀՄ փլուզումից առաջ Ադրբեջանական ԽՍՀ տարածքում ներառված ութ գյուղերից չորս ոչ անկլավային գյուղերի վերադարձի մասին է։ Այստեղ տեսնում ենք, որ Ադրբեջանը Հայաստանի վերահսկողության տակ գտնվող ութ գյուղերի խնդիրը բաժանել է երկու մասի։ Ոչ անկլավային գյուղերի վերադարձը Ադրբեջանի հայելային պահանջն է Հայաստանին։ Այն նպատակ է հետապնդում չեզոքացնել 2021 և 2022 թվականներին Հայաստանի օկուպացված տարածքներից ադրբեջանական զորքերի հետքաշման հարցը։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը որևէ պարագայում չի պատրաստվում լքել այդ տարածքները։

Ալիևի առանցքային մյուս հայտարարությունն առնչվում էր ապաշրջափակման թեմային։ Ադրբեջանի նախագահն ավելի հստակ կրկնեց նախկինում արված իր հայտարարությունն այն մասին, որ կա՛մ մայրցամաքային Ադրբեջանը Մեղրիով Նախիջևանին կապող հաղորդակցությունը գործելու է առանց մաքսային ու սահմանային վերահսկողության, կա՛մ Հայաստանի և Ադրբեջանի միջև որևէ հաղորդակցություն ընդհանրապես չի բացվելու։ Հատկանշական է, որ Ալիևը վերջին ամիսների ընթացքում առաջին անգամ խոսեց այդ երթուղու վրա անվտանգության ապահովման անհրաժեշտության մասին՝ հղում անելով 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությանը, այսինքն՝ ռուսական ներկայության անհրաժեշտությանը։

Խաղաղության պայմանագրի հետ ուղղակի առնչություն ունեցող մյուս խնդիրը, որին անդրադարձ կատարեց Ալիևը, այսպես կոչված երաշխավորի ինստիտուտն է։ Ադրբեջանի նախագահն այս հարցում ևս ավելի հստակ ու ուղիղ տեքստով հնչեցրեց այն, ինչ մինչ այդ հայտարարում էին Բաքվի ոչ պաշտոնական խոսնակները փորձագիտական դաշտից։ Ադրբեջանը փաստացիորեն հրաժարվում է այդ մեխանիզմը ներառել փաստաթղթի մեջ և բացառում է երրորդ կողմերի ներգրավվածությունը խաղաղության պայմանագրի հետ առնչություն ունեցող հարցերում։

Ադրբեջանում իշխանամերձ փորձագետներն այս դիրքորոշման համար նոր հիմնավորում են գտել՝ խաղաղության պայմանագիրը չպետք է խախտի աշխարհաքաղաքական բալանսը Հարավային Կովկասում և գործիք դառնա Արևմուտք-Ռուսաստան դիմակայության մեջ։ Սա հետաքրքրական հիմնավորում է այն առումով, որ Հայաստանի իշխանությունները, արևմտյան հովանու ներքո խաղաղության գործընթացի մեջ ներգրավվելով, համոզված էին, որ Երևանն ու Բաքուն ունեն Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու ընդհանուր շահ։ Դիվանագիտական այս դիլետանտության հետևանքն այն է, որ Ադրբեջանը Ռուսաստանի լռելյայն համաձայնությամբ հայաթափել է Արցախը, արևմտյան հարթակներից մաքսիմալ դիվիդենտներ ստանալուց հետո Արևմուտքին զրկել է բանակցային գործընթացում առանցքային դերից, իսկ այժմ խոսում է տարածաշրջանում աշխարհաքաղաքական բալանսը խախտելու անթույլատրելիության մասին։

Բանակցային գործընթացին ուղղակի առնչություն ունեցող հայտարարություններից բացի Ալիևը հարցազրույցի ընթացքում շատ ավելի օդիոզ ու մաքսիմալիստական հայտարարություններ է արել։ Ու այս ամենը տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ թե՛ Բաքուն, թե՛ Երևանը խոսում են բանակցություններում առաջընթացի մասին։ Սա նշանակո՞ւմ է արդոք, որ Բաքուն խոչընդոտում է բանակցային գործընթացը և չի ցանկանում փաստաթուղթ ստորագրել մոտակա ամիսների ընթացքում։ Դա այդքան էլ միանշանակ չէ։ Պարզապես Ալիևի պատկերացրած խաղաղությունը տարբերվում է Հայաստանի իշխող ուժի պատկերացումներից։

Ալիևը վերջին տարիների ընթացքում բազմիցս հայտարարել է, որ Հայաստանը պարտվել է պատերազմում և պետք է պարզապես ընդունի Ադրբեջանի բոլոր պահանջները։ Մի խոսքով, Ադրբեջանը ձգտում է «հաղթողի խաղաղություն» (Victor’s peace) կնքել Երևանի հետ, որը ոչ միայն որևէ փոխզիջումներ չի ենթադրելու Բաքվի կողմից, այլև վերջինիս թույլ է տալու վերահսկողության որոշակի աստիճան պահպանել Հայաստանի նկատմամբ։ Հենց այդ նպատակով է Ադրբեջանը բոլոր առանցքային հարցերը հանում խաղաղության պայմանագրի օրակարգից, և հենց դա նկատի ունի Ադրբեջանի նախագահը, երբ սպառնում է ոչնչացնել Հայաստան մատակարարվող սպառազինությունը կամ խոսում է Հայաստանի տարածքում օկուպացրած ռազմավարական դիրքերի պահպանման անհրաժեշտության մասին։

ԿՐԿԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ՝ «ՊԱՐՏԱՎՈՐ ԵՔ ԱՊԱՀՈՎԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ»

05.12.2025 12:38

Բաքվում շարունակվել են հայ գերիների պաշտպանների ելույթները

05.12.2025 12:16

Սյունիքում սպասում են ՀՀ ոստիկանապետի պարզաբանմանը՝ ի՞նչ հիմքով են ոստիկանները հայտնվել Գորիսի պետական քոլեջում և ինքնիրավչությամբ զբաղվել

05.12.2025 11:38

Պուտինը ժամանել է Դելիի նախագահական պալատ. նրան դիմավորել են պատվո պահակախմբով և օրհներգով

05.12.2025 10:44

Տարեկան պետք է տնկել 20–25 միլիոն ծառ. Մելիքյանը՝ հրդեհների ու օդի աղտոտվածության մասին

05.12.2025 10:35

Արշակ Սրբազանին մեղադրում են, թե իբր Վեհափառի դեմ ակցիա իրականացնողներից մեկի պայուսակում թմրամիջոց է դրել․ փաստաբան

04.12.2025 18:56

ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում ձերբակալեց Արշակ Սրբազանին․ փաստաբան

04.12.2025 18:52

Իրանի կառավարությունը ցանկանում է ջուր գնել հարևան երկրներից

04.12.2025 17:34

Մոսկվան կոշտ արձագանքով է սպառնում Եվրոպայում սառեցված ակտիվների հետ անօրինական քայլի դեպքում

04.12.2025 16:59

Ռուսաստանը միշտ արել է հնարավորը՝ հայ-ադրբեջանական կարգավորման համար. Շոյգու

04.12.2025 16:54

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց առողջության հանընդհանուր ապահովագրության և պարտադիր զինծառայության ժամկետի կրճատման նախագծերը

04.12.2025 16:49

Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբը նշում է իր երկամյա գործունեությունը՝ նվիրված Վերադարձի Իրավունքի պաշտպանությանը

04.12.2025 16:47