Ադրբեջանը հաստատել է Նախիջևանի Սահմանադրության փոփոխությունները․ հանվել են Մոսկվայի և Կարսի պայմանագրերի անվանումները

20.05.2026 16:22
105

Փոփոխությունների համաձայն՝ Սահմանադրության նախաբանից հանվել են 1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրի և 1921 թվականի հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրի անվանումները։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սահմանադրության փոփոխությունները, որոնցով հանվել են 1921 թվականի Մոսկվայի և Կարսի պայմանագրերի հիշատակումները։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Փոփոխությունների համաձայն՝ Սահմանադրության նախաբանից հանվել են 1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրի և 1921 թվականի հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրի անվանումները։

Սահմանադրությունում ներառվել է նոր՝ 3-1 հոդված, որով սահմանվում է, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում Ադրբեջանի նախագահի լիազոր ներկայացուցչությունը հանդիսանում է գործադիր մարմին և իրականացնում է նախագահի կողմից սահմանվող խնդիրները։ Լիազոր ներկայացուցիչը նշանակվում և ազատվում է Ադրբեջանի նախագահի կողմից և անմիջականորեն ենթարկվում է նրան։

Նոր՝ 28-1 հոդվածով սահմանվում են նաև Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Գերագույն Մեջլիսի արձակման հիմքերը։ Ըստ փոփոխության՝ այն կարող է արձակվել 31 պատգամավորի պահանջով կամ այն դեպքում, երբ Գերագույն Մեջլիսը չի կարողանում իրականացնել իր լիազորությունները։

 

***

Սերգեյ Մարկեդոնով. «Ադրբեջանն ազատվում է «կրտսեր եղբոր» կարգավիճակից»

2026 թվականի մարտի 10-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հաստատեց Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության սահմանադրության փոփոխությունները, որոնցով դրանից հեռացվել են հղումները 1921 թվականի Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերին։

Փոփոխությունների մասին զրուցել ենք ռուսաստանցի քաղաքագետ, «Միջազգային վերլուծություն» ամսագրի գլխավոր խմբագիր Սերգեյ Մարկեդոնովի հետ:

- Կարելի է մեկնաբանություններ տեսնել այն մասին, թե Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուց եւ դրանից 1921 թվականի Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերին հղումները հանելուց հետո «Ռուսաստանն ու Թուրքիան դադարում են լինել Նախիջեւանի երաշխավորները»։ Արդյո՞ք նրանք այդպիսիք հանդիսասել են։

- Ես կիսում եմ այն քաղաքագետների եւ իրավաբանների հայացքները, ովքեր Սահմանադրությունները չեն դիտարկում որպես բացառապես ֆորմալ-իրավական երեւույթ։ Մասնավորապես, գերմանացի իրավագետ Ֆերդինանդ Լասալը խոսում էր փաստացի եւ ֆորմալ Սահմանադրությունների մասին, իսկ ժամանակակից ամերիկացի իրավագետ Սթիվեն Հոլմսը նշում է, որ Սահմանադրությունը զուտ իրավական ակտ չէ, այլ սոցիալ-քաղաքական ուժերի որոշակի հավասարակշռության արտացոլում։

Մեկնաբանություններն այն մասին, որ Թուրքիան եւ Ռուսաստանը դադարում են լինել Նախիջեւանի երաշխավորները, իսկապես, հաճախ են հանդիպում։ Թերեւս այս թեզի ամենածավալուն հիմնավորումը հնչել էր 1990-ականների սկզբի հայ-ադրբեջանական կարգավորման պլաններից մեկի հեղինակ Փոլ Գոբլի վերջերս հրապարակված մեկնաբանության մեջ։ 77 տարեկանում նա դեռեւս ցանկանում է ամենագետ վիզիոների դերում հանդես գալ, թեեւ հանդես է գալիս պարզունակ ընդհանրացումներով։ Օրինակ՝ գերագնահատում է Իոսիֆ Ստալինի դերը 1921 թվականի իրադարձություններում։ Այն ժամանակ Ստալինը դեռեւս խորհրդային քաղաքականության «գլխավոր ճարտարապետը» չէր։ 

1921 թվականին քեմալական Թուրքիան եւ ՌՍՖՍՀ-ն (Խորհրդային Միությունը կստեղծվի միայն 1922 թվականի դեկտեմբերին) ստորագրեցին Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերը։ Ի դեպ, ուշադրություն դարձրեք, որ Նախիջեւանի կարգավիճակը փոփոխվում է Մոսկվայի փաստաթղթի հոբելյանին ընդառաջ. այն ստորագրվել էր 105 տարի առաջ՝ 1921 թվականի մարտի 16-ին։

Քեմալական կառավարությունը գոյություն ուներ, սակայն սուլթանը դեռ Ստամբուլում էր՝ Վահդեթթին նստավայրում։ Հեռավոր Արեւելքում շարունակվում էր քաղաքացիական պատերազմը, Ռուսաստանով մեկ բռնկվել էին գյուղացիական ապստամբություններ։ Այսինքն՝ երկու երկրներն էլ այն ժամանակ գտնվում էին «ինքնահաստատման» գործընթացում։ Եվ այս պայմաններում նրանք Կովկասում որոշակի ստատուս քվո ֆիքսեցին։ Եթե դիտարկենք պայմանագրի երրորդ կետը, ապա այն խոսում է Ադրբեջանի պրոտեկտորատի ներքո Նախիջեւանի ինքնավար գոյության մասին։ Եվ վճռորոշն այն է, որ Ադրբեջանն այդ պրոտեկտորատը չի կարող փոխանցել որեւէ երրորդ կողմի։ Ըստ էության, նա ոչ մեկին չի էլ փոխանցում։ Հենց այդ պատճառով չարժե խոսել Ռուսաստանի եւ Թուրքիայի որոշակի երաշխավորչական գործառույթների դադարեցման մասին։

ԽՍՀՄ-ի ստեղծումը շատ բան փոխեց։ Թուրքիան Կովկասում լուրջ խաղացող դարձավ ԽՍՀՄ փլուզումից հետո. տեղի ունեցավ որոշակի վերադարձ, կարելի է ասել, «հին նորմալությանը»։

Իմ կարծիքով, այսօր ավելի կարեւոր է հարցը դիտարկել ոչ թե Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի լույսի ներքո, այլ այն տրանսֆորմացիաների համատեքստում, որոնք տեղի են ունեցել Ադրբեջանում։

- Եթե հարցին նայենք ավելի լայն համատեքստում. արդյո՞ք այսօրվա աշխարհում, որտեղ միջազգային իրավունքը փաստացիորեն դադարել է գոյություն ունենալ, իմաստ ունի՞ լուրջ նշանակություն տալ նրան, ինչ գրվել է 105 տարի առաջ ստորագրված Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերում։

- Կրկնեմ՝ սա սոսկ «իրավական ֆետիշիզմի» հարց չէ։ Սա քաղաքական հարց է։ Եթե քաղաքական նպատակահարմարություն առաջանա, այս պայմանագրերը կհիշեն, եւ նույնիսկ կփորձեն դրանց նոր իրավական փայլ եւ հավելյալ լեգիտիմություն հաղորդել։

Ես համաձայն չեմ այն մտքի հետ, թե միջազգային իրավունքն ընդհանրապես դադարել է գոյություն ունենալ։ Ավելի շուտ կարելի է ասել, որ այն գոյություն չունի այն տեսքով, որը հաստատվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով՝ Յալթա-Պոտսդամյան համակարգի շրջանակներում։

Իմ տեսանկյունից՝ Հարավային Կովկասում «գետնի վրա» տեղի ունեցող փոփոխությունները հիմնված են ոչ թե Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի կետերի, այլ ուրիշ իրողությունների վրա։ Ժամանակակից Թուրքիան զգալիորեն տարբերվում է այն հանրապետությունից, որը փորձում էր խզել իր կապը օսմանյան ժառանգության հետ եւ աշխարհիկ պետություն կառուցել։ Մենք տեսնում ենք, որ Թուրքիայի Հանրապետության շատ առանցքային գաղափարախոսություններ, որոնք ձեւավորվել են նախորդ դարի քսանականների սկզբին, ենթարկվում են վերաիմաստավորման, եւ դա կապված է նաեւ Կովկասում կամ Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակի հետ։ Սակայն թուրքերը դա անում են ամենեւին ոչ այն պատճառով, որ հենվում են Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի հոդվածների կետերի վրա կամ փորձում են դրանք ինչ-որ կերպ արդիականացնել։

Նրանք դա անում են, որովհետեւ Թուրքիան հզորացել է թե՛ տնտեսապես, թե՛ ռազմական առումով։ Թուրքիայի ղեկավարությունը փորձում է վերաիմաստավորել իր դերը աշխարհում։ Առկա է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայեցակարգն այն մասին, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ պետք է լինեն ոչ թե 5 երկիր, այլ ավելին։

Թուրքերը փորձում են դուրս գալ Միացյալ Նահանգների եւ ՆԱՏՕ-ի չափազանցված խնամակալությունից, բայց երբ ձեռնտու է՝ հիշում են ՆԱՏՕ-ի մասին։ Հիշեցին, օրինակ, Սիրիայում տեղի ունեցած միջադեպի եւ 2015-ին Ռուսաստանի հետ հարաբերությունների սառեցման ժամանակ կամ հիմա՝ իրանական ճգնաժամի լույսի ներքո։ Սակայն սա արդիական օրակարգ է, այլ ոչ թե վերադարձ նրան, ինչ եղել էր 105 տարի առաջ։

- Կարելի՞ է ասել, որ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված էր «վաշինգտոնյան պայմանավորվածություններով»։

- Ո՛չ։ Այս բարեփոխումը նախանշվել էր 2025 թվականի հուլիսին, երբ սկսվեցին քննարկումները Ադրբեջանի խորհրդարանում։ Դա տեղի էր ունեցել Վաշինգտոնի գագաթնաժողովից մոտ մեկ ամիս առաջ։

Իմ կարծիքով, այս գործընթացն իր ներքին տրամաբանությունը ունի, որը կապված չէ TRIPP-ի հետ։ Եվ այն բազմաշերտ է։ Հետխորհրդային հակամարտությունների հայտնի հետազոտող Բրունո Կոպիտերսի կարծիքով՝ Նախիջեւանի մոդելը դիտարկվում էր որպես «պատերն» Լեռնային Ղարաբաղի համար։ Այլապես դժվար է հասկանալ էթնիկապես չտարբերվող բնակչություն ունեցող ինքնավարության գոյության իմաստը ունիտար պետության շրջանակներում, չէ՞ որ ինքնավարությունը ֆեդերալիզմ չի նշանակում։

Ադրբեջանը միշտ է փորձել հեռու մնալ ֆեդերալիզմի գաղափարից։ Եվ այդ պատճառով Նախիջեւանը յուրօրինակ «առաջարկ» էր։ Պայմանականորեն ասած՝ եթե հանկարծ Ղարաբաղը համաձայներ վերադառնալ Ադրբեջանի կազմ, կարելի էր ասել. «տեսեք, մենք նաեւ այլ ինքնավարություն ունենք»։ Չէ՞ որ Ադրբեջանի շատ բարձրաստիճան պաշտոնյաներ խոսում էին «Ղարաբաղի համար ինքնավարության ամենաբարձր կարգավիճակի» մասին։ Երկրորդը. պետք չէ մոռանալ Նախիջեւանի խորհրդանշական նշանակությունը Հեյդար Ալիեւի համար։ Հեյդար Ալիեւը հետխորհրդային Ադրբեջանի միայն երրորդ նախագահն է, սակայն պաշտոնական նարատիվում հենց նա է հիմնադիր հայր համարվում։ 1990 թվականի հունվարին Նախիջեւանի ինքնավարության Գերագույն խորհրդի հերթական նստաշրջանում որոշում էր ընդունվել ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին։ Եվ այն ժամանակ Նախիջեւանը պայմանական «անվտանգ հանգրվան» դարձավ Հեյդար Ալիեւի համար, իսկ հետո՝ հարթակ մեծ քաղաքականություն նրա վերադարձի համար՝ արդեն ոչ թե որպես կուսակցական առաջնորդ, այլ որպես անկախ Ադրբեջանի առաջնորդ։

Այսօր Իլհամ Ալիեւը, բնականաբար, չհերքելով այս նարատիվը, փորձում է կերտել իր սեփական կերպարը, որում իր արժանիքները պայմանավորված են ոչ միայն իր մեծ հոր որդին լինելու հանգամանքով։ Ի դեպ, նախագահի աշխատակազմի բազմամյա ղեկավար Ռամիզ Մեհթիեւը, ում հիմա մեղադրում են պետական դավաճանության համար, երկար տարիներ համարվում էր երկրորդ «գլխավոր նախիջեւանցին»՝ Հեյդար Ալիեւից հետո։

- Արդյո՞ք Նախիջեւանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելը պետք է լրացուցիչ անհանգստության առիթ դառնա հայկական կողմի համար։

- Ես վաղուց եմ աշխատում հայ փորձագետների հետ եւ նրանցից շատերի մոտ հակում եմ նկատում դեպի արդեն հիշատակված «իրավական ֆետիշիզմ»։ Նրանք ամենայն լրջությամբ փորձում են ապացուցել Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի ոչ լեգիտիմ լինելը եւ, ընդհակառակը, ցույց տալ Վուդրո Վիլսոնի ծրագրերի՝ այսպես կոչված «վիլսոնյան Հայաստանի» իրավական հիմնավորվածությունը։ Սակայն, կրկնում եմ՝ սահմանադրական եւ պայմանագրային նորմերը ոչինչ են առանց քաղաքական ուղեկցման, առանց «գետնի վրա» առկա աշխարհաքաղաքական իրականության։ Հետեւաբար՝ ինչո՞ւ պետք է Նախիջեւանի Սահմանադրության փոփոխությունները հայկական կողմի համար անհանգստության առիթ դառնան։

- Իսկ կարո՞ղ են Նախիջեւանի Սահմանադրության փոփոխությունները որոշակի դիսկոմֆորտ առաջացնել Ռուսաստանի մոտ։

- Կրկին՝ ոչ։ Ռուսաստանը Կովկասում իր գործողություններում առաջնորդվում է նրանով, ինչ միջազգային հարաբերությունների տեսության մեջ անվանում են «ռեալիզմ»։ Եվ այս իմաստով Ռուսաստանի մոտ շատ ավելի մեծ դիսկոմֆորտ կարող են առաջացնել ենթադրյալ «Թրամփի ուղին» կամ ՀԿԵ-ի (Հարավկովկասյան երկաթուղի) եւ ատոմակայանի վերաբերյալ Հայաստանի ծրագրերը։

- «Ինքնավար» բառն արդեն ատավիզմ է, թե՞ Նախիջեւանում ինքնավարության որոշակի տարրեր կպահպանվեն։ Եվ ընդհանրապես, կարելի՞ է խոսել ինքնավար կառավարման այս կամ այն ձեւի մասին մի երկրում, որն ունի այդչափ կենտրոնացված եւ անձնավորված կառավարման համակարգ։

- Մոդելները կարող են շատ տարբեր լինել։ Հաճախ ավտորիտար համակարգ ունեցող երկրները կարող են կիսաինքնավար տարածաշրջաններ ունենալ։ Օրինակ՝ Պակիստանը։ Կարելի է հիշել նաեւ աֆրիկյան երկրները, օրինակ՝ Զաիրը Մոբուտուի ժամանակաշրջանում։ Դժվար թե Մոբուտուին կարելի է ժողովրդավար որակել, սակայն որոշ տարածքներ նա լիովին չէր վերահսկում։

Սակայն դա Ադրբեջանի դեպքը չէ։ Ակնհայտ է, որ տվյալ բարեփոխման նպատակն է ցույց տալ, որ Ադրբեջանը փորձում է հեռանալ որոշակի «խնամակալությունից», եւ դա անում է հենց Մոսկվայի պայմանագրի ստորագրման 105-ամյակի նախաշեմին։ Դա ուղերձ է այն մասին, որ Ադրբեջանը դուրս է եկել «կրտսեր եղբոր» դերից։ Եթե ուշադիր ընթերցենք փոփոխությունների տեքստը, այն միտված է տարածաշրջանի հատուկ կարգավիճակը բովանդակազրկելուն եւ նախագահական կառավարումն ուժեղացնելուն։ Իլհամ Ալիեւը Ղարաբաղում հաղթանակի շահառուն է, եւ այսօր նա լրացնում է իր՝ «հողեր հավաքագրողի» կերպարը։

 

Սերգեյ Մարկեդոնովի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը

 

Այսօրվանից դատական հայցեր են ներկայացվելու բոլոր այն ՔՊ-ականների դեմ, որոնք հասցրեցին ապատեղեկատվություն տարածել. Մարիաննա Ղահրամանյան

20.05.2026 16:57

Ադրբեջանը հաստատել է Նախիջևանի Սահմանադրության փոփոխությունները․ հանվել են Մոսկվայի և Կարսի պայմանագրերի անվանումները

20.05.2026 16:22

Զախարովան կոչ է արել Փաշինյանին ուշադրություն դարձնել իր վերաբերմունքին սեփական քաղաքացիների նկատմամբ

20.05.2026 15:49

Ի՞նչ զենքեր են արտադրվել Հայաստանում, ո՞ր ընկերություններն են դրանք և ո՞ր երկրներ են արտահանվել․ ABC Media-ի հարցը ԲՏԱ նախարարին

20.05.2026 15:25

Ռուսաստանը հունիսի 1-ից փոխում է ներմուծման կանոնները. ինչ պետք է հաշվի առնեն ՀՀ արտահանողները

20.05.2026 15:18

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը նախազգուշացրել է ԱՄՆ-ի կողմից պատերազմի վերսկսման հետևանքների մասին

20.05.2026 15:17

Մենք փոխում ենք Անկախության հռչակագրի փիլիսոփայությունը, ասում ենք՝ որտեղ հաց, այնտեղ կաց. Փաշինյան

20.05.2026 14:49

Ես իմ երկիրն ունեցվածքի հետ փոխող մարդ չեմ. անհնար է, պիտի թողնի, հեռանա. Գագիկ Ծառուկյան

20.05.2026 14:29

ՄԻՊ-ը զորամաս է այցելել

20.05.2026 12:15

Ուժեղ Հայաստանում հոգեկան շեղում ունեցողները, կանանց քաշքշողները պաշտոնի փոխարեն կունենան որակյալ բուժում և անվճար դեղեր. Ղահրամանյան

20.05.2026 12:14

Ռուսաստանը գերտերություն է ու ՌԴ-ին պետք է վերաբերվել հարգանքով, ակնածանքով, ես այդպես էլ վերաբերվում եմ. Նիկոլ Փաշինյան

20.05.2026 12:07

Ուսուցիչները բեմում․ համերգ Կապանի արվեստի մանկական դպրոցում

20.05.2026 11:47