Վերջին ժամանակներս Ագարակ քաղաքում կառուցապատման և շիննորոգման զգալի գործեր են իրականացվել, որոնցում նշանակալի է «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության դերը։ Ընկերությունն ըստ ամենայնի շարունակում է հանդես գալ որպես քաղաքաստեղծ ձեռնարկություն։ Կոմբինատում նաև էական աշխատանքներ են կատարվել նոր տեխնիկայի ու տեխնոլոգիայի ներդրման, մարդկանց աշխատանքային պայմանների բարելավման ուղղությամբ։ Այս և խնդրո առարկային առնչվող (և ոչ միայն) հարցերի շուրջ է հարցազրույցը «Ագարակի ՊՄԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսանդր Գրիգորևիչ Բելյաևի հետ։
– Ալեքսանդր Գրիգորևիչ, նախ շնորհակալություն՝ այս հանդիպման և հարցազրույցի հնարավորության համար։ Տարիներ առաջ Դուք հարցազրույց եք տվել մեր պարբերականին։
Այդ ընթացքում շատ բան է փոխվել, և հիմա առաջին պլան են մղվել այլ հարցեր։
Առաջին հարցով կուզենայինք ճշտել համայնք-կոմբինատ հարաբերությունների կամ համագործակցության վիճակը։
Կոնկրետ՝ ընթացիկ տարում ի՞նչ ծրագրեր եք իրականացնում կամ ի՞նչ ծրագրեր ունեք։
– Արդեն չորրորդ տարին է՝ ինչ ղեկավարում եմ ընկերությունը։ Այդ ընթացքում Մեղրի համայնքի հետ գործնական հարաբերություններ և բարեկամական մթնոլորտ է ձևավորվել։ Կոմբինատի և համայնքի գործունեությունը սերտորեն առնչվում է միմյանց։ Այդ համատեքստում ձևավորված է փոխըմբռնման համագործակցություն, որը գնալով ավելի պիտի զարգանա և խորանա։ Նախագծեր շատ կան, քիչ հետո մենք կլինենք (հարցազրույցին ներկա էր նաև Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը, խմբ․) մանկական մարզահրապարակում, կտեսնենք՝ ինչպես են կառուցել։ Ձևավորվում է երկրորդ խաղահրապարակը, նաև զբոսայգու հիմք է դրվում, որը կշահագործվի նաև կոմբինատի ֆինանսավորմամբ։ Մանկական շատրվաններ կլինեն։
Իմ սեղանին է Ագարակի ստադիոնի պատի վերակառուցման նախագիծը, որի կառուցումը շուտով կսկսենք։ Իհարկե, առայժմ պատը, ոչ թե ստադիոնը։
Ընթացիկ տարում հանդիպում ունեցանք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հետ։ Մեղրու ստադիոնի վերակառուցումը մեծ նախագիծ է, որը հնարավորություն կտա երեխաներին զբաղվել մասսայական սպորտով, այդ թվում՝ ֆուտբոլով։
Ծրագրերը բազմազան են․ դրանցից մեկը երբեմնի Ագարակ գյուղի եկեղեցին է, որ ցանկանում ենք հանքի տարածքից տեղափոխել Ագարակ քաղաք։
– Արտադրական ծավալների մասին խոսենք. ներկայումս որքա՞ն հանքաքար է արդյունահանվում․․․ Փորձեք դա համեմատել նախորդ տարիների հետ։ Այսինքն՝ կա՞ աճ, թե՞ նույն չափով է արդյունահանվում, քան, օրինակ, երեք տարի առաջ։
– Այս պահին կոմբինատը տարեկան 4 միլիոն տոննա հանքաքար է արդյունահանում և վերամշակում։
Շեշտը հիմնականում դրվում է աշխատանքի արդյունավետության բարձրացման վրա, այն է՝ ոչ թե ավելի շատ հանքաքար արդյունահանել, այլ եղած հանքաքարից ավելի մեծ տոկոսով խտանյութ կորզել։ Այս պահին ստանում ենք այնքան խտանյութ, որքան նախկինում՝ տարեկան 4,5-4,8 միլիոն տոննա հանքաքարի վերամշակումից։
Բառացիորեն մեկ շաբաթ առաջ քննարկեցինք կոմբինատի զարգացման ծրագրերն առաջիկա 5-10 տարվա կտրվածքով։ Սեղանիս վրա երեք խոշոր ծրագիր կա, որոնք հնարավորություն կտան հանքաքարի հանույթը հասցնել 6 մլն տոննայի և կոմբինատի գործունեության երկարաձգումն է մինչև 25 տարի։
Հետաքրքիր ծրագրեր են, բայց նաև ծախսատար, ինչը հնարավորություն կտա և՛ կոմբինատի գործունեությունը երկարաձգել, և՛ համայնքը զարգացնել։
– Եվ որքա՞ն աշխատող կա կոմբինատում․․․
Նոր աշխատատեղեր ստեղծվե՞լ են, թե՞ դրա կարիքը չի եղել։
– Այսօր կոմբինատում աշխատում է 1163 մարդ։
Քանի որ քաղաքը հանրապետության ամենահարավում է գտնվում, մարդիկ հետաքրքրված չեն այստեղ գալ։ Հրապուրել մարդկանց՝ բերելու Ագարակ, դժվարին գործ է, չնայած աշխատավարձերը կոմբինատում բավականին բարձր են։ Ձգտում ենք տեղական կադրերին սովորեցնել, բարձրացնել նրանց մասնագիտական պատրաստվածությունը։ Խնդիրը, ինչ խոսք, փոքր-ինչ պրոբլեմատիկ է։
– Աշխարհակարգը մեր աչքի առաջ փլվում է․․․ Դա, կարծում ենք, նորանոր խնդիրներ է առաջացնում և՛ լոգիստիկ առումով, և՛ արտադրանքի (խտանյութի առաքման տեսանկյունից) ու նյութերի, սարքավորումների ձեռք բերման առումով։ Կարողանո՞ւմ եք դժվարագույն այս պայմաններում ապահովել կոմբինատի բնականոն գործունեությունը։
– Շատ կարևոր հարց տվեցիք։ Մարտ ամսին Իրանում սկսված ռազմական գործողությունները, Հորմուզի նեղուցի փակման հանգամանքը բացասաբար անդրադարձան տարածաշրջանի տնտեսության վրա։ Մեզ մոտ արտադրության ծավալները չնվազեցին, և հումքի իրացումն ու սարքավորումների ձեռքբերումը կենտրոնացրեցինք դեպի Չինաստան։ Նաև այլ ուղղություններով ենք ուզում գործունեություն ծավալել՝ Վրաստանով, Փոթիով, որ հետագայում այլևս փաստի առաջ չկանգնենք։
– Մեր թերթի վերջին համարում հրապարակեցինք կոմբինատի հարկային պարտականությունների վերաբերյալ որոշ տեղեկություններ․․․
1000 խոշոր հարկատուների ցանկում, կարծեք, Ձեր ընկերությունը բարելավել է դիրքերը։
– Պիտի ասեմ, որ վերջին տարիներին մետաղների միջազգային շուկայում աճել են գները, ինչը հավելյալ եկամտի աղբյուր է և հնարավորություն է տալիս որոշ չափով վերազինել ձեռնարկությունը, վճարել լրացուցիչ հարկեր։ Ինչ վերաբերում է տեխնիկական վերազինմանը, վերջին ժամանակներս ձեռք ենք բերել հինգ ինքնաթափ մեքենա, երեքը ևս ձեռք բերելու պայմանավորվածություն ունենք, հարստացուցիչ ֆաբրիկայում վեց աղացը փոխարինել ենք նորերով, բառացիորեն վերջերս գործարկել ենք նոր ֆլոտահոսքագիծ։ Սպասում ենք նոր բուլդոզերի տեղափոխմանը, մյուսը ձեռք բերելու պայմանագիր ենք պատրաստում։ Տեխնիկական վերազինումը չընդհատվող գործընթաց է, մենք էլ անում ենք հնարավորը, որ կոմբինատի աշխատանքները բնականոն հունով ընթանան։
– Մենք տեղյակ ենք՝ Դուք սովորաբար քաղաքական հարցերով չեք զբաղվում․․․ Եվ դա լավ է, բայց մի հարց, այնուամենայնիվ, կուզենայինք պարզել։
Գաղտնիք չէ, որ մեր հանրապետությունում որոշ ուժեր հակառուսականություն են քարոզում։ Իհարկե, Սյունիքում համաձայն չեն այդ ամենի հետ։ Դուք Ագարակում և Մեղրիում զգո՞ւմ եք նման քարոզի հետևանքները։
– Ձեռնարկությունում ես մարդկանց չեմ տարանջատում ըստ ազգային պատկանելության կամ քաղաքական կողմնորոշման։ Այլ նրանց գնահատում եմ ըստ պրոֆեսիոնալիզմի, ինչ ազգությամբ էլ ուզում են լինել։ Այն համոզումն ունեմ, որ ամեն տեղ մարդն օգուտ պետք է բերի՝ տանը, աշխատավայրում, ամենուր։ Երբ արդեն օգուտ չես բերում այս կյանքում, կորցնում ես ամեն ինչի իմաստը։
– Ձեր ընկերությունն անմիջապես Հայաստան-Իրան սահմանի վրա է գտնվում։ Հայաստանի բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտներ Իրանի հետ պարբերաբար լավ հարաբերություների մեջ են՝ հատկապես նյութատեխնիկական մատակարարման առումով։ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը գործընկերային հարաբերություններ ունի՞ Իրանի համապատասխան տնտեսվարողների հետ։
– Իրանից հարստացուցիչ ֆաբրիկայի համար ստանում ենք որոշակի քիմիական հակազդիչներ։ Իրանը մեզ շատ մոտ է, և լոգիստիկ խնդիրներ չեն կարող ծագել։ Ինչ վերաբերում է մեքենասարքավորումներին՝ մենք Մոսկվայում մասնակցում էինք ցուցահանդեսի, որտեղ հանդիպել ենք իրանական մի քանի ընկերության ներկայացուցիչների։ Պիտի խոստովանեմ, որ Չինաստանի համեմատ մրցունակ չեն։ Երկու տարի առաջ Ագարակում էր Իրանի արդյունաբերության նախարարը: Հետաքրքիր կլիներ ծանոթանալ նրանց արդյունաբերությանը, բայց դա առայժմ չի հաջողվում՝ ժամանակի սղության պատճառով։
– Այս տարի Հայաստանում տեղի կունենա միջազգային կոնֆերանս՝ «COP 17»։ Եվ մենք պատրաստում ենք հատուկ համար՝ ցույց տալու այն ամենը, ինչ կատարվում է մարզի կենսաբազմազանության ոլորտում։
Կուզենայինք իմանալ՝ ի՞նչ է կատարվում կոմբինատի կողմից՝ շրջակա միջավայրի պահպանման ուղղությամբ։
– Պիտի փաստեմ, որ կոմբինատն արդեն «ծեր» է։ Մենք էլ ջանում ենք նվազեցնել արտանետումներն ու արտահոսքերն արտաքին միջավայր, նաև վթարային վիճակ չենք ունեցել։ Եվ այն նախագծերը, որ այժմ իրականացնում ենք, միտված են շրջակա միջավայրի չաղտոտմանը։ Այդ առումով քննարկում ենք բոլոր նախագծերը, նույնիսկ եղել ենք Չինաստանում և դիտարկել, թե որոշ սարքավորումներ ինչ արդյունք են տալիս, որոնք ներդրվել են այդտեղ հինգ տարի առաջ։ Եվ ջանում ենք այդ տեխնոլոգիաները ներդնել մեր կոմբինատում։ Եթե դա հաջողվի, ապա Հայաստանի հանքարդյունաբերության համար կլինեն առաջադիմական տեխնոլոգիաներ։
– Արդեն անդրադարձանք համայնք-կոմբինատ համագործակցությանը։ Բայց մի հարցի կուզենայինք առանձին հայացք ձգել։ Խոսքը Հըգերակի կամ Ագարակի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու մասին է, որ հանքավայրի կենտրոնում է մնացել։
Որքան տեղյակ եմ՝ Ագարակի կոմբինատը և Դուք՝ անձամբ, պատրաստակամություն եք հայտնել՝ մասնակցելու 17-րդ դարի այդ եկեղեցու տեղափոխմանը։
– Այդ նախագծին կոմբինատը լծվել է 2012 թվականից։ Անցյալ տարի եկեղեցին տեղափոխելու նախագիծ ենք պատրաստել, եկեղեցու գտնվելու վայրի մի քանի տարբերակ ենք քննարկել Մեղրիի համայնքապետի հետ։ Համաձայնեցրել ենք նաև նախարարության հետ, հողհատկացման հարցն է լուծվում։ Շատ շուտով կսկսենք եկեղեցին ապամոնտաժել և տեղափոխել Ագարակ։ Այդ նախագիծը կարժենա մեկ-մեկուկես միլիոն դոլար։
Հայաստանի կառավարությունը և՛ Զանգեզուրի ՊՄԿ-ում, և՛ Կապանի լեռնահարստացման կոմբինատում որոշակի բաժնեմաս ունի։
Եթե գաղտնիք չէ՝ Ագարակի կոմբինատում նույնպե՞ս կառավարությունը բաժնեմաս ունի։
– Ոչ, կառավարությունն այստեղ մասնաբաժին չունի, կոմբինատը պատկանում է մասնավոր անձանց, ավելի ստույգ՝ ընկերության։ Բայց կառավարության հետ ակտիվորեն համագործակցում ենք, ես հանդիպել եմ տարածքային ինքնակառավարման և ենթակառուցվածքների նախարարի հետ։ Այնպես որ շփումները շատ սերտ են և գործնական։
– Հանքագործների սոցիալական պաշտպանության մասին․․․
Ի՞նչ կոնկրետ երաշխիքներ ունեն լեռնագործները․․․ Օրինակ, առողջապահական ապահովագրություն և այլն։
– Մենք ընկերությունում առողջապահական ապահովագրություն ենք ներդրել, որը բավականին պատկառելի գումար է պահանջում, տարեկան 100 միլիոն դրամ ծախսում ենք այդ նպատակով։ Ծրագիրն արդեն երեք տարի գործում է։ Երեք ապահովագրական ընկերություն ենք փոխել և վերջում կանգ առել մեկի վրա, վատ չենք համագործակցում։
Երկրորդը, ինչի մասին ուզում եմ նշել, երկու-երեք տարի է՝ ինչ հոգում ենք մեր աշխատողների սննդի հարցը, որն ըստ հերթափոխի բաշխվում է աշխատողներին: Օրվա կտրվածքով յուրաքանչյուր աշխատողի սննդի գումարը 1850 դրամ է։
– Մարդիկ գո՞հ են։
– Հիմնականում գոհ են, բայց իհարկե միշտ էլ հարցեր են ծագում։ Բառացիորեն անցյալ շաբաթ սննդի փաթեթավորումը փոխել ենք, քանի որ հատկացվող սնունդն անհրաժեշտ էր տաքացնել միկրոալիքային վառարանում, ինչը նախկին փաթեթավորման դեպքում հնարավոր չէր։ Նաև ճաշարան ունենալու գաղափար է հղացել, որ մարդիկ լիարժեք սնվեն։ Նախագիծը քննարկման փուլում է։
– Մենք քննարկեցինք աշխատողների սոցիալական ապահովվածության խնդիրը։ Հետաքրքիր է իմանալ, թե արհեստակցական կազմակերպությունը գործո՞ւմ է ընկերությունում։
– Կոմբինատում կա արհեստակցական կազմակերպություն։ Մշտապես համագործակցում ենք նրա հետ, շուտով մետալուրգի և հանքագործի մասնագիտական տոնն է լինելու, որի անցկացման գործում մեծ է արհկոմի դերը։ Կոմբինատում քննարկվում է ընկերության աշխատակիցների երեխաների ամառային հանգստի կազմակերպման հարցը:
– Ի՞նչ դժվարություններ կամ խնդիրներ ունի Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը։
– Ես արդեն նշեցի երեք նախագծի մասին, որոնք քննարկման փուլում են։
Իսկ մեր ձեռնարկության արտադրողականության բարձրացումը կոմբինատի երկարակեցության ապահովման գրավականն է։
– Ալեքսանդր Գրիգորևիչ, այսպիսի հասկացություն կա՝ ով լավ է հանգստանում՝ նա լավ էլ աշխատում է։ Ինչպե՞ս է կազմակերպվում կոմբինատի աշխատողների ակտիվ հանգիստը և ժամանցը։
– Ես սպորտային ապրելակերպն եմ դավանում։ Տղաների հետ միշտ վոլեյբոլ ենք խաղում, Մեղրիի սահմանապահ ջոկատի ծառայողների հետ ենք ընկերական խաղեր անցկացնում այդ մարզաձևից։ Առավոտյան առողջարարական վազքով ենք զբաղվում։ Անցյալ տարի կոմբինատից 6 հոգի Թբիլիսիում մասնակցել է կիսամարաթոնին։ Այս տարի նույն այդ մրցմանն ութ հոգի է ցանկություն հայտնել մասնակցել։ Մշտապես մասնակցում ենք ինչ-ինչ միջոցառումների։ Շուտով հանքագործի և մետալուրգի օրը պետք է նշենք, ընդգրկուն ծրագիր է մշակվել, հանրահայտ հայ երգիչներ ենք հրավիրել։ Հոկտեմբեր ամսին էլ նշվելու է Ագարակ քաղաքի օրը, ինչին ևս նախապատրաստվում ենք, կոմբինատն էլ ձգտում է այդ միջոցառումները ֆինանսավորել։
– Երկար տարիներ է՝ Ագարակում եք, Մեղրիում․․․
Որքան տեղյակ ենք՝ վաղուց ինտեգրվել եք տեղի ավանդույթներին։
Եվ, այդուամենայնիվ, ի՞նչն է առավել շատ Ձեզ դուր գալիս այստեղ։
– Ընդհանրապես Հայաստանը շատ հետաքրքիր երկիր է, առաջին անգամ՝ Հայաստանում էի 2015 թվականին, եղել եմ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում։ Երբ ինձ առաջարկել են աշխատել Ագարակի ՊՄԿ-ում՝ ծանոթացա արտադրությանը, զգացի, որ հետաքրքիր կլինի աշխատել այստեղ։ Ինձ դուր է գալիս, որ այստեղ եղանակը տաք է, որ սնունդը, մրգերն ու բանջարեղենը համեղ են, մարդկանց վերաբերմունքը շատ բարեհաճ է։ Իհարկե, որոշ կարծրատիպեր կան, որոնք պիտի կոտրել և ստեղծել քո գործունեության միջավայր։ Ահա՝ ինչու այստեղ նախատեսել եմ իմ գործունեության պլանը՝ նվազագույնը տասը տարվա կտրվածքով։ Ինձ համար հաճելի է այստեղ աշխատելը։ Մանավանդ որ քեզանից հետո որևէ բան պիտի թողնես։ Եվ արդեն հասցրել եմ բարեկամանալ շատերի հետ։
Հ․ Գ․
Կոմբինատ-համայնք համագործակցության մասին խնդրեցինք մանրամասնել Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանին։
– Համայնքը և կոմբինատը մի միասնական օրգանիզմ են, - ասաց նա։ – Երբ Ալեքսանդր Գրիգորևիչի հետ ծանոթացա, մենք պարզապես շփվում էինք, հետո մեր հարաբերությունները գործնական դարձան։ Նրա մեջ տեսա մարդկային բարձր հատկանիշներ, որոնցում արտահայտվել է նրա սերը Ագարակի և Մեղրիի հանդեպ։ Առածն ասում է՝ մասնագետ լինելուց առաջ պիտի մարդ լինել։ Այդպիսին է նա, նախևառաջ օրինավոր մարդ է։ Մեր միջև փոխըմբռնման մթնոլորտ է ստեղծվել։ Եթե որևէ խնդրում իրար մերժում ենք, միմյանցից չենք նեղանում։ Չեմ թաքցնում՝ երբեմն շահերի բախում է լինում, բայց դա ոչ մի ազդեցություն չի ունենում մեր հարաբերությունների վրա։ Ագարակում էլ բոլորը նրան հարգում են, շփվում է բոլորի հետ․․․
Հարցազրույցը՝ Սամվել Ալեքսանյանի և
Վահրամ Օրբելյանի