Ահա եւ Թանահատի վանքը՝ խոնարհված գեղեցկուհին, փշրված ոսկե թագը, որ ասես Աղոթարանի գագաթից է ընկել ու փշրվել

14.08.2020 14:15
18445

Օգոստոսի 6-ին  «Սյունյաց երկիրը» շարունակեց ուխտագնացությունը Սիսիանի տարածաշրջանի քրիստոնեական սրբավայրեր:

Ուխտագնացության հերթական վայրը մեծ առաքինարան Թանահատի վանքն էր, որը, ըստ Ստեփանոս Օրբելյան անզուգական պատմիչի՝ Սյունյաց աշխարհի երկրորդ սրբավայրն էր Տաթեւի վանքից հետո:

5-րդ դարում կառուցված եկեղեցու տեղում, ըստ Ղեւոնդ Ալիշանի, մինչ այդ եղել է Անահիտ աստվածուհու տաճարը, որը եզակի էր նախաքրիստոնեական (հեթանոսական) Սյունիքում:

Մեր ստեղծագործական խմբին ընկերակցում էր Սյունյաց աշխարհում ճանաչված բժիշկ, մայրաքաղաքի «Արմենիա» բժշկական կենտրոնի անհետաձգելի ծառայության ղեկավար, Սիսիան համայնքի պատվավոր քաղաքացի Արտյոմ Թադեւոսյանը (Եվա եւ Արտյոմ թոռնիկների հետ), ով ծննդով Թասիկ գյուղից է եւ լավատեղյակ է ենթաշրջանի սրբավայրերին ու պատմամշակութային արժեքներին:

Արտյոմ Թադեւոսյանին՝  «Սյունյաց երկրի» երախտագիտությունը:

Վանքի մերձակայքում մեզ միացավ նաեւ Արեւիս գյուղի բնակիչ Վահագն Մարգարյանը, ում նույնպես շնորհակալություն ենք հայտնում՝ աջակցության համար:

***

Թանահատ հասնելու համար գնացինք նախ Աշոտավան, որը երբեմնի Աղքենդն է (1948-ին է կոչվել Աշոտավան):

Նոր տեղում է կառուցված, երբեմնի Աղքենդը մնացել է Տոլորսի ջրամբարի տակ:

Աշոտավանից մեքենայով բարձրանում ենք վերեւ՝ Սիսիան գետին զուգահետ ճանապարհով: Անցնում ենք Հացավան գյուղով, որ երբեմնի Սիսիան գյուղն է:

Հացավանի հյուսիս-արեւմտյան մասում Վասակաբերդն է՝ մեծ հայրենասեր, մեծ հայ, 5-րդ դարի պետական, քաղաքական ու ռազմական գործիչ Վասակ Սյունի մարզպանի կողմից կառուցված:

Հացավանից մի ճանապարհ է թեքվում աջ՝ հյուսիս-արեւմուտք. Սալվարդ տանող ավտոմայրուղին է, այդ գյուղից կարելի է բարձրանալ Աղոթարան:

Մենք գնացինք ոչ այդ ճանապարհով, այլ ուղիղ՝ դեպի Թասիկ:

Անցնում ենք Ջոմարտու (ներկայումս՝ Թանահատ եւ անմարդաբնակ) գյուղի հարավային ստորոտով:

Թասիկ-Արեւիս ճանապարհին՝ Սիսիան գետի հովտում շատ հաճելի պատկերի ականատես եղանք՝ մոտ տասնյակ մեղվանոց՝ յուրաքանչյուրում մի քանի տասնյակի հասնող փեթակներ (մեղվաընտանիքներ):

Թարմ ծաղիկների հրավառությունը, որ երեւում է ամենուր, վկայում է՝ մեղրաբեր-մեղրաշատ այս տարածքում տարին մեղրավետ է:

Թասիկն անցնելուց հետո, քիչ անց, Սիսիան գետի աջ ափին՝ բարձունքի վրա երեւաց Թանահատի վանքը:

Չհասած Արեւիս, թեքվում ենք ձախ, անցնում Սիսիան գետը եւ սկսում վերելքը:

Սիսիան գետն իսկական հրաշք է. աներեւակայելի մաքուր եւ համով ջուր, կարկաչահոս ընթացք, աջ եւ ձախ ափերին մեղվանոցներ, լոբու, կարտոֆիլի եւ ազնվամորու պլանտացիաներ, խոտհարքներ՝ գերանդիի սպասող, ծաղիկներ, գույներ…

Սիսիանը Որոտանի ամենամեծ վտակն է, սկիզբ է առնում Զանգեզուրի լեռնաշղթայից եւ Աշոտավան գյուղից վերեւ թափվում Տոլորսի ջրամբարը, երկարությունը 33 կմ է: Արեւիս գյուղի մոտ Սիսիանին է միախառնվում Սալվարդ գետը (երկարությունը՝ 12 կմ):

Վերելքի ճանապարհին, չհասած սրբավայր, ավելի տեսանելի է դառնում Դիք-դաշ լեռը, որը նկատելի է դեռ Թասիկից, որի գագաթին հին ժամանակներում կառուցված ուխտատեղի-մատուռն է (մենք չբարձրացանք այնտեղ. Դիք-դաշ բարձրանալու համար մեկ ուրիշ օր է պետք, երիվարներ են պետք):

Մեքենան մեզ հասցրեց Թանահատի վանք…

Թանահատի վանքը. համառոտ տեղեկություններ

Մատենագիտության մեջ նաեւ՝ Թանահատաց վանք, Թանահատի վանք, Թանատ, Թանատավանք, Թանատաց վանք, Թանատի, Թանատեի վանք, Թանատի անհանգստից վանք, Թանատի վանք, Կարմիր վանք, Ղըզըլ վանք:

Գտնվում է Սիսիանի տարածաշրջանի Արեւիս գյուղի մոտ, Որոտան գետի աջակողմյան վտակ Սիսիանի վերին հոսանքի շրջանում, գետի աջ ափին, բարձրադիր, տափարակ վայրում:

Վանքի հիմնադրումը վերագրվում է 5-6-րդ դարերին:

Ղեւոնդ Ալիշանը ենթադրում է, որ Թանահատի տեղում հեթանոսական շրջանում գոյություն է ունեցել Անահիտ աստվածուհու մեհյանը:

Գլխավոր եկեղեցին, որ կոչվում է Սուրբ Ստեփանոս Նախավկա, բազիլիկ շինություն է՝ կառուցված բաց կարմրավուն կարծր ավազաքարով:

Արեւելյան կողմում տեղադրված է բեմահարթակը:

Տանիքի կողմից երիզված է եղել բեմակամարով, որի վրա հենվել է տանիքի մի մասը:

Շենքն ունեցել է սրահ եւ ավանդատուն:

Վանքի շրջակայքում կան բնակավայրի խոշոր, անմշակ գերեզմանաքարերի եւ խաչքարերի մնացորդներ, որոնցից միայն մեկի վրա հազիվ նշմարվում են հայերեն եղծված գրեր:

Եկեղեցուց բացի ուրիշ օժանդակ շինությունների հետքեր չեն պահպանվել:

Այժմ կանգուն են միայն եկեղեցու հյուսիսային պատը եւ հարավային ու արեւելյան պատերի որոշ հատվածներ:

Շրջակայքում թափված քարաբեկորների մեջ կան քանդակազարդ խոյակներ, սյուների, պատվանդանների ու քիվերի ամբողջական կամ վնասված մնացորդներ, որոնք վկայում են վանքի երբեմնի վեհության ու գեղեցկության մասին:

Վանքի մերձակայքում են գտնվում Արեւիս, Թասիկ եւ Թանահատ գյուղերը:

Արգիշտի Բ-ի արձանագրությունը

1976 թվականին Թանահատի վանքում հայտնաբերվել է Ուրարտական թագավոր Արգիշտի Երկրորդի կողմից ստեղծված մի սեպագիր արձանագրություն՝ գրված քարակոթողի երկու երեսի վրա:

Արձանագրության մեջ հիշատակվում է Ծղուկ (Ծուլուկու) երկրի անունը:

Սեպագիր արձանագրությունը ներկայումս գտնվում է Էրեբունի թանգարանում:

Հիշեցնենք, որ Արգիշտի Երկրորդը գահակալել է Ք.ա. մոտ 713-685 թթ.:

Ստորեւ՝ սեպագրի թարգմանությունն ըստ նշանավոր ուրարտագետ Նիկոլայ Հարությունյանի եւ Միրյո Սալվանիի (սեպագրի լուսանկարի երկու դիմերեսը՝ հոդվածին կից ներկայացվող լուսանկարների մեջ):

Թանահատի սեպագիր արձանագրությունը

ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքից արևմուտք տեղակայված Թանահատի շրջակայքում՝ խաչքարերի շարքում 1975 թվականի հայտնաբերվել է մի բացառիկ բազալտե քարակոթող: Այն ուրարտական երկկողմանի սեպագիր արձանագրություն է, որը հետագայում՝ հավանաբար XII-XIII դարերում վերածվել է խաչքարի : 

Հայաստանը քրիստոնեությունը որպես պետական կրոն ճանաչած առաջին երկիրն է: Քրիստոնեության ընդունման և երբեմն հետագա ժամանակներում նախաքրիստոնեական ժամանակաշրջանին վերաբերող մի շարք կոթողներ քրիստոնեացվում էին:  Այդ ամենի համար հաճախ օգտագործվում էր քրիստոնեության կարևորագույն խորհրդանիշ խաչը:

Սկզբնական շրջանում այս կոթողը եղել է երկկողմանի ուրարտական սեպագիր արձանագրություն, որը կերտվել է Վանի (Բիայնիլի, ՈՒրարտու, Արարատ) թագավորության  միապետ Արգիշթի II-ի կողմից (մոտ Ք. ա. 713-685 թթ.): Ցավոք, արձանագրության դիմերեսը արված խաչի քանդակի պատճառով վնասվել է և որոշ հատվածներ վերականգնվել են այլ նույնանման տեքստերի համադրությամբ: Այս կոթողը  խիստ կարևոր է նաև նրանով, քանի որ այն հանդիսանում է Սյունիքի մարզից գտնված միակ ուրարտական սեպագիր արձանագրությունը:  Բավական հետաքրքիր է նաև դարձերեսի տեքստը, որը կարևոր տեղեկությոններ է հաղորդում տարածաշրջանի այդ ժամանակաշրջանի քաղաքական կյանքի, քաղաքների և երկրների մասին: Մասնավորապես, արձանագրության սկզբում հիշատակվում է Էթիուխի (Էթիունի) երկրի  արքան, ինչը փաստում է այն մասին, որ ներկայիս Կարսի շրջանից սկսվող հզոր էթիունյան համադաշնությունը առնվազն տարածվել է դեպի Սյունիք: Հետաքրքիր է նաև, որ արձանագրությունում հիշատակվում է Ծուլուկու երկիրը, որը Մեծ Հայքի Սյունիք նահանգի Ծղուկ գավառի վաղագույն հիշատակությունն է: Արձանագրությունն ավարտվում է ուրարտական բազմաթիվ սեպագիր տեքստերին բնորոշ ‹‹անեծքի բանաձևով››՝ համաձայն որի, արձանագրության ոչնչացնողներն ու վնասողները դաժանորեն պատժվելու են ուրարտական տերության գերագույն աստված Խալդի, տարերքի աստված Թեյշեբայի և արևի աստված Շիվինիի կողմից:

ՀՀ Սյունիքի մարզից հայտնաբերված միակ ուրարտական սեպագիր արձանագրությամբ կոթողն այժմ ցուցադրված է Էրեբունի թանգարանում:

Դիմերես

  1. Խալդի աստծուն՝ տիրոջը,
  2. Այս կոթողն Արգիշթին
  3. Ռուսայորդին կանգնեցրեց
  4. իր ողջության համար
  5. Թող լինի Խալդի աստծո կողմից
  6. Արգիշթի
  7. Ռուսայորդու,
  8. բարեգործություն (?),  ekuše (?),
  9. երջանկություն, ողջություն,
  10.  ուրախություն, մեծություն,
  11.  և կարգ,
  12.  ուժ, զորություն,
  13.  Խալդյան մեծությամբ...(?) (x)...մեկ օրում նվաճեցի …

Դարձերես

  1. Իմ առջև ժամանեց… արքան,
  2. Էթիուխի երկրի, տվեց տուրքը,
  3. իր երկրի: Որոշ? քաղաքներ
  4. Լսեցինն ...վայրը,
  5. որոշ? Ռազմիկներ,
  6. ari biri, այստեղ լի է,
  7. ես արեցի, տղամարդկանց, կանանց տարա,
  8. քաղաքներն այրեցի, ամրոցներն ավերեցի
  9. Išiasie (?) միասին (?), բոլորը,
  10.  Ճակատամարտ եղավ: Ազնվականությունը (?)
  11.  Ծուլուկու երկրի, այնտեղից (?),
  12.  Իրդուա քաղաքի առջև ժամանեց
  13.  իմ առջև: Արքային Զազինու (?) ես իմ ծառան դարձրի,
  14.  տուրք այնտեղ սահմանեցի, Խալդյան
  15.  մեծությամբ, այստեղ (?),
  16.  Արգիշթի Ռուսայորդին
  17.  արքան հզոր, արքան Բիայնա երկրի,
  18.  տերը Տուշպա քաղաքի:
  19.  Խալդյան հրամանով,
  20.  Արգիշթին ասում է, ով (?)
  21.  Արևի աստծո կայազորը (?)
  22.  այս ճանապարհով գնաց (?)
  23.  դեպի Ամուշա քաղաք, տղամարդկանց,
  24.  կանանց տարա Բիայնա երկիր
  25.  Արգիշթին ասում է,
  26.  Ո′վ անունն (իմ) ոչնչացնի,
  27.  իր անունը դնի, լինի դա
  28.  բիայնացի, լինի
  29.  թշնամի, թո′ղ Խալդին,
  30.  Տարերքի աստվածը, Արևի աստվածը,
  31.  ո′չ նրա անունը, ո′չ
  32.  ընտանիքը, ո′չ
  33.  սերմը երկրի վրա,
  34.  չթողնեն:

Թանահատի վանքը՝ գրչավայր

Ըստ Սերո Խանզադյանի (Հայրենապատում, Գիրք Գ, Երեւան 1984, էջ 274)՝ Թանահատի վանքում է սովորել «Անգեղակոյտ գյուղաքաղաք»-ցի Մաթեւոս երեցը, ով դառնալով հայրենի գյուղը, զբաղվել է գրչագրությամբ: Նա հիշատակում է՝ «Իգնատիոսի եւ Եսայի, որ են հարազատ որդի վտիտ գծողիս եւ Հռիփսիմե մայր յուրեանց, դուստրն յուր, կուսանն Մարգարիտ… Ի թիվս Հայոց ՊԻԷ»-1378 թ.:

Այդ «կուսան Մարգարիտը» սովորել է Թանահատի վանքում:

Վանքի նորոգողն է եղել Թութխան իշխանուհին, ով մի ձեռագիր է պատվիրել ու ստացել 1349 թվին: Գրիչը սրա մասին ասում է՝ «Իշխանաց իշխան Թութխանի, դուստր Իվանե թագավորատոհմն հարազատ եւ քաջազավր իշխանաց իշխանին՝ որդվոյն Շահուեցոյ՝ նահանգակալի Հայկազեան գավառիս (գավառների) Վայոց ձորոյ, Վահրաման անուն կոչեցեալ, յազգեն մեծ Տարսաիճեց եւ ամուսնոյ սորայ՝ նույնպես թագավորատոհմ եւ իշխանաց իշխան… որոյ անուն Գոնցա ճանաչեր»:

Թութխանն ամուսնացել է Ամատա անունով մի իշխանի հետ, «որ ուներ բերդս անառիկս Արեւիս»:

Սա այս հովտի Արեւիս գյուղն է:

Ըստ գրիչ Հակոբ Երզնկացու վկայության՝ Հովհան Որոտնեցի Րաբունին Թանահատի իր աշակերտներին ու Տաթեւի համալսարանի սաներին՝ թվով 60, վերցնում ու գնում է Երնջակ գավառ՝ հայ ունիթորներին հալածելու:

Թանահատ վանքում 1407 թ. տակավին գոյատեւում էր նկարչական դպրոցը, որի դպրապետն Առաքել ծաղկողն էր:

Գրիչ «Գրիգոր Արեւյիսեցին» 1471 թվին մի ավետարան է ընդօրինակել, որի մեջ տալիս է Շատծամ կանացի հաճելի անունը:

Անանուն մեկ այլ գրիչ, գրեթե նույն ժամանակ, նույն Արեւիսեցի, ասում է. «Յիշեցեք զեղբայրն իմ զէվատ (Արեւիսի իշխանն էր) զամուսին յուր Աննա, որ (Աննան) աշխատութեամբ ծառայեաց եւ անուշ-անուշ կերակրով ճաշակեաց զմեզ»:

Արեւիսի այս դպրոցը Թանահատի վանքին կից էր:

Թանահատի վանքում էր ուսում առել «Քաշաթաղու երկրից» Մարիամ ապաշխարհող ուսումնականը, ով 1647 թ. ընդօրինակել է Ներսես Շնորհալու տաղերը:

Մեծ առաքինարան Թանահատի վանքն՝ ըստ Ստեփանոս Օրբելյանի

Այն ժամանակ սուրբ եւ անպատմելի կարգով ծաղկում էր հրաշափառ ու հռչակավոր Թանահատի վանքը, որ գտնվում է վերին Սյունիքի մի լեռան ստորոտի բարձրադիր տեղում, անտառի մեջ: Այնտեղ կային մշտապես աղոթող նվիրյալ կրոնավորներ՝ հեռացած ամեն տեսակի փափուկ կերակուրներից, միայն ցամաք հացով  ուլոկ ջրով էին հագեցնում իրենց քաղցն ու ծարավը, այն էլ օրը մեկ անգամ, երեկոյան դեմ: Լուռ ու մունջ, անվրդով, որպես վառ կանթեղներ կախված էին աղոթքի համար գիշեր ու զօր. եւ նրանց պաշտամունքային արարողությունները գիշեր-ցերեկ  երբեք չէին դադարում: Սպասավորներից բացի, վանքի դռներից ոչ ոք դուրս չէր գաիս: Թեեւ շատ անգամ Սյունյաց իշխանների ու եպիսկոպոսների կողմից ստիպվեցին, բայց չհամաձայնվեցին կիրակիները թան, պանիր կամ յուղ ճաշակել, միայն բավարարվում էին բանջարեղենով ու ընդեղենով: Այդ պատճառով էլ թանահատներ կոչվեցին: Միայն գլխավոր տոներին ձեթ էին ճաշակում, այն էլ քիչ՝ բաժակներով: Այս մասին մենք տեղեկացանք երանելի Մաշտոց Սեւանցու Պատմությունից: Բայց տեղի արձանագրություններում գտանք, որ եկեղեցին հայոց թվականից չորս հարյուր տարով ավելի առաջ է կառուցվել Սյունյաց իշխանների ու եպիսկոպոսների կողմից, Ստեփանոս սուրբ Նախավկայի անունով:

Այդ սուրբ վանքում Մխիթար անունով վանահայր է եղել, որը ճգնությամբ անցել էր առաքինությունների բոլոր աստիճաններով եւ վայրենի գազանները՝ արջերն ու գայլերը, հնազանդեցնում էր սուրբ եկեղեցուն, ծառայեցնում էր վանքին, որը եւ ցույց է տալիս արձանագրությունը, թե՝ «դարձրեց հարկատու  մեքոր(ա)ին», այսինքն եկեղեցուն: Գայլերը զգուշությամբ պահպանում էին ոչխարների հոտերը եւ տավարի նախիրները, իսկ արջերն իրենց մեջքով բեռ էին կրում: Սուրբ հայր Մխիթարը շարունակ անտառ էր գնում, նստում վանքի դիմաց, նրա մոտ հավաքվում էին բոլոր վայրի գազանները, եւ իբրեւ հասկացող՝ յուրաքանչյուրն իր կարիքների համաձայն խնդրում էր նրանից աղոթք ու ողորմություն: Սուրբ հայրը վանքը կարգի գցեց եւ շատ տարիներ անց վախճանվելով՝ փոխադրվեց հրեշտակների շարքը: Նրա մարմինը փայտե արկղով դրվեց եկեղեցու մոտ գտնվող մի փոքր բլրակի վրա, որտեղ գետնափոր եւ սրբաշեն գերեզման պատրաստեցին ու նրան ամփոփեցին այնտեղ, որը մինչեւ այսօր էլ  մնում է եւ մեծամեծ հրաշքներ է կատարում հիվանդների ու ցավագարների համար: Նրա բարեխոսությամբ Քրիստոսը թող գթա այս աշխարհին եւ մեզ՝ հետագայի թշվառացողներիս:

«Սյունիքի պատմություն», Երեւան 1986, էջ 166-167

Ըստ «Սյունիքի պատմություն» գրքի թարգմանության, ներածության եւ ծանոթագրությունների հեղինակ Աշոտ Աբրահամյանի

Համանունության պատճառով հայագիտության մեջ բավական ժամանակ շփոթվել են Վայոց ձորի եւ Ծղուկի երկու տարբեր վանքերը:

Հնագետ Ս. Բարխուդարյանը պարզել է, որ Ծղուկի համանուն վանքն այժմյան Սիսիանի շրջանի Սիսիան գետի վերին հոսանքում, Արեւիս գյուղից 3-4 կմ հարավ, անտառապատ լեռան լանջի վրա գտնվող հուշարձանն է: Տեղացիները կոչում են Կարմիր վանք (Ղըզըլ վանք):

Թանահատ են կոչվել նախ կրոնավորները, այստեղից էլ՝ վանքը:

Ըստ պատմիչի՝ եկեղեցին պիտի կառուցված լինի 151 թվականին (551-400 =151), որը հնարավոր չէր, որովհետեւ հայերը դեռ քրիստոնյա չէին: Սա գուցե կարելի է բացատրել երկու կերպ՝ ա) նշված ժամանակ այդտեղ կարող էր կառուցված լինել ոչ թե քրիստոնեական եկեղեցի, այլ՝ հեթանոսական տաճար, բ) հիշյալ թվական նշումը բնագրական սխալ է: Եթե առաջինը ճիշտ լիներ, ապա ինչու տաճարը պիտի Ստեփանոս Նախավկայի անունով կոչվեր: Բացի դրանից, տեղի արձանգրությունները հայերեն տառերով են եւ վերաբերում են նշվածից շատ ուշ ժամանաների:

Ուրեմն՝ մնում է կանգ առնել երկորդ ենթադրության վրա:

Ղեւոնդ Ալիշանը Թանահատի վանքի մասին (Աշխարհաբարի  վերածեց եւ  ծանոթագրեց Հակոբ Քյոսեյանը՝ «Սյունյաց երկրի» առաջարկությամբ)

 […]Պատմիչն  ասում  է, որ  ութերորդ  դարում  «սուրբ  եւ  անպատմելի  կարգով  ծաղկում  էր  հրաշափառ  ու  հռչակավոր  Թանահատի  վանքը», որը  գտնվում  է  վերին  Սյունիքի  մի  լեռան  ստորոտի  բարձրադիր  տեղում՝  անտառի  մեջ (խոսքը  վերաբերում  է  Ծղուկ  գավառի  Թանահատի  (Թանատեի, Թանատաց) վանքին:

«Այնտեղ  կային  մշտապես  աղոթող  նվիրյալ  կրոնավորներ՝  հեռացած  ամեն  տեսակի  փափուկ  կերակուրներից, միայն  ցամաք  հացով  ու  լոկ  ջրով  էին  հագեցնում  իրենց  քաղցն  ու   ծարավը, այն  էլ  օրը  մեկ  անգամ, երեկոյան  դեմ:  Լուռ  ու  մունջ, անվրդով, որպես  վառ  կանթեղներ  կախված  էին  աղոթքի  համար  գիշեր  ու  զօր.  եւ  նրանց  պաշտամունքային  արարողությունները  գիշեր – ցերեկ  երբեք  չէին  դադարում: Սպասավորներից  բացի, վանքի  դռներից  ոչ  ոք  դուրս  չէր  գալիս: Թեեւ  շատ անգամ  Սյունյաց  իշխանների  ու  եպիսկոպոսների  կողմից  ստիպվեցին, բայց  չհամաձայնեցին  կիրակիները  թան, պանիր, կամ  յուղ  ճաշակել, միայն  բավարարվում  էին  բանջարեղենով  ու  ընդեղենով: Այդ  պատճառով  էլ  Թանահատներ  կոչվեցին: Միայն  գլխավոր  տոներին  ձեթ  էին  ճաշակում, այն  էլ  քիչ՝  բաժակներով:  Այս  մասին  մենք  տեղեկացանք  երանելի  Մաշտոց  Սեւանցու  Պատմությունից» (տես  Օրբելյան,  գլ.ԼԴ, էջ  166-167): Մաշտոցի  վարքի  պատմության  մեջ, որ  գրել  է  նրա  աշակերտը՝  Ստեփանոսը,  Թանահատի  վանքի  մասին  հիշատակություն  չկա: Ուրեմն, թվում  է  սա  այլ  Պատմություն  է՝ թերեւս  գրված  նույն  Մաշտոցի  կողմից, ինչը  միանգամայն  ցույց  է  տալիս  վանքի  թե՛  հնությունը, թե՛  համբավը: Այս երկուսը  հաստատում  են  նաև  Ստեփանոս  իմաստասեր  եպիսկոպոսի  մարմնի  փոխադրությունն  այստեղ  «Թանահատի  վանքի  միաբանների  կողմից, ովքեր  հարատեւ  պաշտամունքի  մեջ  էին՝   հեռացած  ամեն տեսակ  փափուկ  կերակուրներից, որի  պատճառով  էլ  Թանահատներ   կոչվեցին: Եվ  վրան  մի  փոքրիկ  մատուռ  շինեցին, որ  հետո  ՉԻԸ (1279)  թվականին  տեղի  բնակիչները  գմբեթահարկ  եկեղեցի  կառուցեցին՝  գեղեցիկ  հորինվածքով, ու  սրբի  տապանը  դրեցին նրա  հիմքում»: Սրանից  քիչ  առաջ, նաեւ  ոմանց  կարծիքով, այս  շինությունից  առաջ  «այդ  սուրբ  վանքում  Մխիթար  անունով  վանահայր է   եղել, որը  ճգնությամբ  անցել  էր  առաքինությունների  բոլոր  աստիճաններով, եւ  վայրենի  գազանները՝  արջերն  ու  գայլերը, հնազանդեցնում  էր  սուրբ  եկեղեցուն, ծառայեցնում  էր  վանքին, որը  եւ  ցույց  է  տալիս  արձանագրությունը, թե՝ «դարձրեց  հարկատու  մեքորաին», այսինքն՝  եկեղեցուն: Գայլերը  զգուշությամբ  պահպանում  էին  ոչխարների  հոտերը, տավարի  նախիրները, իսկ  արջերն  իրենց  մեջքով  բեռ  էին  կրում: Սուրբ  հայր  Մխիթարը  շարունակ  անտառ  էր  գնում, նստում  վանքի  դիմաց, նրա  մոտ  հավաքվում  էին   բոլոր  վայրի  գազաննները, և  իբրև  հասկացող  յուրաքանչյուրն  իր  կարիքների  համաձայն  խնդրում  էր  նրանից  աղոթք  ու  ողորմություն: Սուրբ  հայրը  վանքը  կարգի  գցեց  եւ  շատ  տարիներ  անց  վախճանվելով՝  փոխադրվեց  հրեշտակների  շարքը: Նրա  մարմինը  փայտե  արկղով  դրվեց  եկեղեցու  մոտ  գտնվող  մի  փոքրիկ  բլրակի  վրա, որտեղ  գետնափոր  և  սրբաշեն  գերեզման  պատրաստեցին  ու  նրան  ամփոփեցին  այնտեղ, որը  մինչև  այսօր  էլ  մնում  է  եւ  մեծամեծ  հրաշքներ  է  կատարում  հիվանդների  ու ցավագարների  համար: Նրա  բարեխոսությամբ  Քրիստոսը  թող  գթա  այս  աշխարհին  և  մեզ՝  հետագայի  թշվառացողներիս» (Օրբելյան,գյ. ԼԴ, աշ»խար. թարգմ., էջ 167):

  Մեծարգի  նահատակի  (Ստեփանոս  եպիսկոպոսի) (Սա  նշանավոր  Ստեփանոս  Սյունեցին  է, որ  աթոռակալել  է 735  թ., և  նահատակվել  նույն  թվականին  անբարո  մի  կնոջ  ձեռքով՝  վերջինիս   պախարակելու  պատճառով) հանգստարանի  վերին  մասում   դրվեց  և  նրան  սպանողի, այն  դաժան  և  ապաշխարող  կնոջ  մարմինը, որովհետև  ինքը  զգաստանալով  «եկավ  վանքի  հանդիպակաց   արևմտյան  կողմը, ձորակի  մյուս  մասը, փորեց  և  իրեն  թաղեց  մինչև  կուրծքը, ամառ  և  ձմեռ  տապակեզ  ու   ցրտահար  էր  լինում, օր  ու  գիշեր  ողբում    և  իր  մեղքն  էր  խոստովանում…: Թեպետ  թողություն  առավ, բայց  դուրս  չեկավ  իր  տեղից, այլ  մնալով ՝ այնտեղ  էլ  վախճանվեց, ու  թաղվեց  ապաշխարության  իր  փոսի  մեջ, և  այդպես   էլ  մնում է  վանքի  դիմաց» (Օրբելյան, գլ.ԼԲ, աշխար. թրգմ., էջ 155-156): Պատմիչի  վերոնշյալ  խոսքերից  hայտնի  է  դառնում, որ  քանդվել  է  հին  եկեղեցին  և  կառուցվել  նորը, որ  հնով   և  արձանագրված  ու  անգիր  հիշատակարաններով  մնում  է  իսպառ  անհայտ, սակայն  երևում  է, թե  անբնակ  չի  եղել  մինչև  երկրաշարժը: Նաև  Թանահատի անապատի  առաջնորդների   մասին  է  վկայում    Մոկացի  ներբողագիրը, թե՝

«Ի  հովանին  սոցա  ախտաժէտք  բազում  կուտեցան

 Թանահտի   յանապատս, եւ  ձիթովս  այս  բժշկեցան»:

Սրանից  առաջ՝    1491 թ. ևս  հիշվում  է, երբ  մի  քահանա այնտեղից  գալիս  է  Գավառի  Գեղամայ  գյուղ, և  գրչից   (Ճաշոց  գրքի)  ասվում  է. «Ուր  սուրբ  հայրապետի՝  Սյունյաց  տեր  Ստեփանոսի  Աթոռն  է»: Մինչեւ  այժմ  ասածներիցս  ու  Վայոց  ձորի տեղադրության  վերաբերյալ  գրվածներիցս  աներկբա  է  դառնում, որ  տարբեր  են  Թանահատի  եւ  Թանատեի  վանքերը, որոնք    երկուսն  էլ  թերևս  հեթանոսական  դարերում  նվիրված  են  եղել  Անահիտ  դիցուհուն[…]:

Թանատաց վանքն ըստ Սեդրակ Բարխուդարյանի

Ստ. Օրբելյանը Սյունյաց նահանգի վանքերի թվարկության մեջ հիշատակում է երկու նույնանուն վանքեր. մեկը Ծղուկ գավառում, մյուսը՝ Վայոց ձորում: Վերջինիս տեղը լավ հայտնի է. այն գտնվում է այժմյան Եղեգնաձորի շրջանի Վերնաշեն եւ Մալիշկա գյուղերի արանքում եւ կոչվում է Ղարա-վանք, որի զույգ եկեղեցիներից մեկը կոչվում է Սուրբ Ստեփանոս եւ մյուսը՝ Սուրբ Նշան. հուշարձանի բոլոր շենքերը կառուցված են 13-րդ դարում՝ Պռոշյանների կողմից:

Մյուս՝ հնագույն Թանահատի վանքը, որ գտնվելիս է եղել Ծղուկ գավառի մեջ, եւ որը Տաթեւից հետո երկրորդն է հիշատակված պատմագրի ցուցակի մեջ եւ անվանված «մեծ առաքինարան», մինչեւ վերջին տասնամյակները մնացել է անհայտության մեջ:

Հուշարձանի անհայտությունը եւ ինչպես Օրբելյանի, այնպես էլ հետագա աղբյուրների մեջ հուշարձանի անվան տարբեր գրությունները՝ Թանահատ, Թանատէ, Թանատի, Թանատա եւ այլն, առիթ են տվել շփոթելու այս երկու հուշարձաններն իրար հետ, եւ նրանց հետ կապված պատմա-կուլտուրական երեւույթները, որ հիշատակված են աղբյուրներում՝ խառն կերպով վերագրել մեկին կամ մյուսին:

Հիշենք նախ, որ անունների այս տարբերությունները լոկ գրչական տարբերակներ են Թանահատ կամ, որ նույնն է, Թանատ բառի, որի իմաստի բացատրությունը տվել է Ստեփանոս Օրբելյանը:

Հիմնական տեղեկություններն այս հուշարձանի մասին Ստ. Օրբելյանը քաղել է տեղում եղած արձանագրություններից, որոնցից ամենակարեւորի, որի մեջ հուշարձանի կառուցման ժամանակի եւ հայր Մխիթարի մասին եղած ավանդություններն են գրված եղել, բեկորները, բարեբախտաբար միացել են տեղում:

Այժմ կիսականգուն մնացած այս հուշարձանը մեր ամենահին եւ լավագույն բազիլիկ շենքերից է եւ կառուցված առնվազն 5-րդ դարում:

Հուշարձանը շինված է կարմրավուն քարից, միանեֆ բազիլիկա է, բեմի լրիվ պայտաձեւ կամարով: Հարավային կողմից եղել է սյունազարդ սրահ, չորս սյուների վրա, որի արեւելյան ծայրին միակ ավանդատունն է եղել, որը մի դռնով միացել է եկեղեցու հետ, ուղիղ բեմից:

Այժմ փլված է սրահն ամբողջովին…

Հուշարձանի արեւմտյան կողմը կա փոքր գերեզմանատուն, ուր կան խաչքարեր եւ տապանաքարեր՝ մի քանիսն արձանագրված եւ մի գետնափոր, կանոնավոր կերպով շինված դամբարան:

Հուշարձանը գտնվում է Սիսիանի շրջանում, Սիսիան գետի վերին հոսանքում, Արավուս գյուղից 3-4 կմ դեպի հարավ, անտառապատ լեռան լանջի մի հարթության վրա:

Ստ. Օրբելյանը Ծղուկ գավառի գյուղերի ցանկում այս գյուղը հիշատակում է Արեւէս ձեւով եւ յոթ չափ հարկով, որից երեւում է նրա փոքր լիելը:

Դիվան հայ վիմագրության, հատոր 2, Երեւան 1960, էջ 94-96

Վիմական արձանագրություններ Թանահատի վանքում (ըստ Սեդրակ Բարխուդարյանի)

  1. Արձանագրության երկու բեկորներ. որոնցից՝ ա) հարավային ավանդատան պատի արեւելյան անկյունի կիսափուլ մասում, իր նախնական տեղում մնացած երեսպատման քարի վրա. չորս տող, բ) նույն տեղ, պատի տակ ընկած երեսպատման ավելի մեծ քարի վրա. հինգ տող:

Ահա՝ «Եւ եր եղեալ հայր վանիցն որոյ անուն Մխիթար, որ անցեալ եր ճգնութեամբ ընդ բոլոր հոյլս առաքինեաց, եւ զգազանս վայրենիս, զարջս եւ զգայլս ածեր ի հնազանդդութիւն սուրբ եկեղեցվոյն եւ ծառայեցուցաներ վանիցն, զոր եւ արձանն եցոյց եթե արար հարկատու ՄԵՔՈՐԱՅ, այսինքն եկեղեցւոյս»:

Գրչությամբ եւ բովանդակությամբ մեր բերած երկու բեկորները վերաբերում են միեւնույն արձանագրությանը: Ինչպես ցույց են տալիս ամբողջ մնացած մի քանի բառերը՝ հայր Մխիթար, գազան եւ հատկապես հայերենում միայն մեկ անգամ Օրբելյանի կողմից այս հատվածում գործած Մեքորայ բառը, այս բեկորները հենց այն արձանագրության մասերն են, որից օգտվել է պատմագիրը…

  1. Վանքի արեւմուտքում գտնվող գերեզմանատան մեջ օրորոցաձեւ տապանաքարի կողերին. երկու տող՝ «ԹԱՆԱՏԱՑ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՅՐ ԳՐԻԳՈՐ»:
  2. Վանքի գերեզմանատան արեւմտյան ծայրին կանգնած խաչքարի վրա՝ «:ՆԼԵ: ԹՈՒԱԿԱՆԻՆ ՎԵՐԱՓՈԽԵՑԱՒ ԳՐԻԳՈՐԻԿ ԵՐԷՑՙ ԹԱՆԱՏԱՑ ՎԱՆԱԿԱՆ:»:
  3. Վանքի արեւելյան կողմում կանգնած խաչքարի վրա՝ «ԻՇԵԱՅ ՔՍ. ԱԾ. ԶԳՐԻԳՈՐ ԵՐԷՑ ՓՐԿԵԱ Ի…. ՏԱՆՋԱՆԱՑ»:
  4. Վանքի  արեւելյան պատի կենտրոնական մասում, արտաքուստ. մեկ տող՝ «ԱԻԳՆԱԿԱՆ Է ԱԾ.»:

«Դիվան հայ վիմագրության», 2-րդ հատոր, Երեւան 1960, էջ 95-96

Սերո Խանզադյանը Թանահատի վանքի մասին

Թանահատի վանքը մի փոքր հարթության վրա է: Օրբելյանը սրան ասում է «մեծ առաքինարան»: Մինչեւ վերջերս մերոնք կարծում էին, թե նրա ասածը վերաբերում է Վայոց ձորի Թանահատին: Գրվել է նաեւ Թանատ, Թանատե, Թանատա: Շնորհակալություն Սեդրակ Բարխուդարյանին, որ զանազանեց երկու Թանահատները:

Վանքը Սիսիան գետի վերեւումն է, Արեւիս-Արեւես գյուղի մոտ: Այստեղ անտառների հետքեր կան: Իմ համոզմամբ հիմնարկել է Գրիգոր Լուսավորիչը՝ չորրորդ դարի 30-ական թվականներին: Հզոր բազիլիկ է՝ ժամանակի ոճը: Սյուները, որ ընկած են, միակտոր քարերից են: Կարծում եմ սրա տեղը եղել է Արեւես մեհյանը, եւ շինողներն օգտագործել են հեթանոսական տաճարի սյուները, որ նման են Բուժականի Թեղենիսի վանքի, նաեւ Գառնիի տաճարի սյուներին: Դրանք խոյակներ են ունեցել, որոնցից մի քանիսը ահա ընկած են փլատակների մեջ: Ստ. Օրբելյանը կարդացել է այստեղի արձանագրությունները, հատկապես կառուցմանը…

Բարխուդարյանն այստեղ տեսել է այդ արձանի բեկորները եւ օրինակել գրության մնացորդները:

Օրորոցաձեւ մի քարի կարդացի: «Թանատաց վանս հոգոյն Գրիգորի»:

Վանքը տիրաբար իշխում է հովտի վրա՝ վերեւից, ինչպես ժայռին բազմած արծիվ: Փլատակների մեջ մի հրաշալի խոյակ տեսա գետնին ընկած, որի  զարդերն այլ տեղ չեմ տեսել, կարծում եմ՝  այս զարդերը եւս հեթանոսական են: Մի այլ փլվածքի մեջ խաչքար տեսա, եզան գլխի, նռների զարդաքանդակներով: Ասել եմ, որ շենքը կարմիր գույնի կրաքարային է: Գերեզմանատանը շատ խաչքարեր կան, կոտրված, ընկած, խաչանշանը հին է, քարի կենտրոնում անպաճույճ, բայց իմաստով արված: Ողջ գերեզմանատունը  խեղդված է թփերի մեջ: Քարերից շատերը սեւ գրանիտից են, դարձյալ խաչակիր: Վանքը պարիսպ է ունեցել ու շատ շինություններ, որոնց հետքերը երեւում են:

Տաճարի դրսի պատերի քարերից շատերն ընկած են, մյուսներից ոմանց վրա արձանագրության կիսատներ են մնում: Օրինակում եմ:  Շատ հին արձանագրություններ են: Հանդիպեցի նաեւ նորի: Մի կիսատ քարի գրած է:-ՋԻԵ-1476: Մեկ ուրիշ բեկորի՝ «Պռավշ», կարծում եմ Պռոշ իշխանի անունն է:

«Հայրենապատում», Գիրք Գ, Երեւան 1974, էջ 291-92:

Վերականգնող ճարտարապետ Հրաչյա Գասպարյանի խոսքը «Սյունյաց երկրին»

Վերջին 30-40 տարվա ընթացքում քանդվեցին բեմական հատվածի պայտաձեւ կամարը, հարավային մուտքի վերին հատվածը. խարխլված վիճակ էր, մի փոքր ցնցումը բավարար էր, որ փլուզումը տեղի ունենար:

Վանքը հատկապես տուժել է 1658 թ. երկրաշարժի հետեւանքով:

Բոլոր բեկորները տեղում են, եւ միջոցներ գտնվելու դեպքում կարելի է իրականցնել վերականգման աշխատանքները:

Թանահատի վանքը, ինչես եւ Երերուքի տաճարը, ունիկալ են այն առումով, որ ոչ թե զուտ հայկական ճարտարապետության նմուշ են, այլ հայ-սիրիական ճարտարապետական առնչությունների արտահայտություն:

Թանահատի վանքի տեղում նաեւ եղել է հեթանոսական մեհյան: Եվ քրիստոնեությունը տարածվելուց հետո ոչ թե քանդել են, այլ հարմարեցրել են նոր կրոնի պահանջներին: Օրինակ, ատրուշանը (կրակատունը) պահպանել եւ ծածկել են, որի տեղում բեմն օգտագործել են որպես քրիստոնեական տաճարի խորան:

Մեկ ուրիշ հանգամանք եւս. հարավային սյունասրահում (մաքրման աշխատանքների ժամանակ) 1975 թ. գտնվել է սեպագիր արձանագրությամբ մի սալաքար, որն անմիջապես տեղափոխել ենք Էրեբունի թանգարան, որտեղ էլ՝ երկրորդ հարկում ցուցադրվում է մինչեւ հիմա:

Դա ապացույց է այն բանին, որ մեհյանի կառուցման վայրը Ուրարտական պետության տարածք էր (ասել է թե՝ Սյունիքն այդ պետության կազմում էր):

Թանահատի վանքի մերձակայքում չորս դամբարան կա, որոնք հետազոտված չեն:

Վանքին կից գերեզմանատան դամբարանը Մխիթար վանահոր դամբարանն է, որը, ցավոք, գանձագողերը պղծել են:

Փլատակներից վանքի մաքրումը սկսել ենք 1975-ին:

1988-ին փորձեցինք սկսել վերականգնողական աշխատանքները, սակայն հայտնի պատճառներով աշխատանքները շուտով կանգ առան

Ինչո՞ւ վանք, չէ՞ որ մի եկեղեցի է՝ Սուրբ Ստեփանոս Նախավկա, չէ՞ որ սովորաբար մի քանի եկեղեցու առկայությունն է մեր պատկերացմամբ վանք համարելու հիմք ծառայում:

Հայոց մեջ բազմաթիվ օրինակներ ունենք, երբ մեկ եկեղեցիով սրբավայրը վանքի հետ է նույնացվել, ասոցացվել:

Թանահատը դրանցից մեկն է:

Թանահատի վանքի չափագրությունն առաջին անգամ իրականցրել է Տարագրոսը (Տեր-Վարդանյան Տարագրոս Ստեփանի) 1920-ականներին: Այդ չափագրման արդյունքները պահպանվում են: Պահպանվում են  նաեւ իմ կողմից պատրաստված երկու ալբոմը՝ Թանահատի վանքի բեկորների չափագրության ալբոմը:

Արդյո՞ք նոր փլուզումներ եղել են Թանահատի վանքում

2013 թվականին լրատվամիջոցներով տեղեկություններ տարածվեցին առ այն, որ Թանահատի վանքում նոր փլուզումներ են եղել:

Սակայն «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը, ի պատասխան այդ հրապարակումների, հայտարարություն տարածեց «Արմենպրես»-ի միջոցով:

Ըստ այդ հայտարարության՝ «Տեղեկացնում ենք, որ Թանահատի վանքի քարերը եկեղեցու վրայից հանվել են ոչ թե երեկ կամ մի քանի տարի առաջ, այլ դեռեւս խորհրդային տարիներին: Այն ժամանակ մտադրություն է եղել նորոգել վանքը: Դրանք համարակալվել են ու տեղադրվել համալիրի տարածքում, սակայն նորոգում չի կատարվել: Ինչ վերաբերում է եկեղեցու կամարին, ապա նախատեսված է եղել եկեղեցու նորոգումից եւ ամրակայումից հետո այն տեղադրել վանքի վրա: Կամարը նույնպես հանվել է  ԽՍՀՄ տարիներին՝ թուլացած լինելու պատճառով: Ինչ վերաբերում է վերանորոգմանն ու ամրակայմանը, ապա, անշուշտ, Թանահատի վանքը հիմնանորոգման կարիք ունի: Տեղեկացնում ենք, որ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից Թանահատի վանքն արդեն մի քանի տարի է ընդգրկված է հրատապ հիմնանորոգման կարիք ունեցող հուշարձանների ցանկում»:

Սամվել Ալեքսանյան

 

Նման զենք աշխարհում ոչ ոք դեռ չունի ․ Պուտինը՝ «Օրեշնիկի» մասին

22.11.2024 23:48

Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին․ Փաշինյան

22.11.2024 23:25

Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյան

22.11.2024 23:09

ՀՀ վարչապետի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը

22.11.2024 23:00

Մեր օրենսդրությամբ Կառավարությունը միայն որոշակի հարցեր կարող է դնել հանրաքվեի. վարչապետի հարցազրույցը Հանրային ՀԸ-ին՝ 22:10-ին

22.11.2024 20:34

ՃՏՊ Սիսիան-Կապան ավտոճանապարհին․ կա զոհ

22.11.2024 19:59

Սպասվում են ձյուն, բուք, եղանակը կնվազի 10 աստիճանով. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (տեսանյութ)

22.11.2024 19:31

Մոսկվայի կողմից նոր սպառազինության կիրառման ֆոնին Կիևը դաշնակիցների աջակցությունն է ակնկալում

22.11.2024 19:05

Ադրբեջանին վերադարձված գյուղերում Բաքուն մտադիր է նոր սահմանային ուղեկալներ կառուցել

22.11.2024 16:18

Բաքուն ՀՀ-ի հետ սահմանազատված գյուղերում հսկման տեսախցիկներ է տեղադրել

22.11.2024 15:41

Իրանն, ի պատասխան ԱԷՄԳ-ի որոշման, քայլեր կձեռնարկի`«բարձրացնելու հարստացված ուրանի արտադրությունը»

22.11.2024 14:23

Բաքվին չի հաջողվում COP29-ի մասնակիցներին ընդհանուր հայտարարի բերել համաձայնագրի շուրջ

22.11.2024 14:03