Աղասի Հակոբջանյան. «Այն, ինչ նոյեմբերի 5-ին տեղի ունեցավ Սիսիանում, շատ ցանկանալու դեպքում անգամ հնարավոր չէ կոչել ընտրություն»

14.11.2017 10:49
2080

 Սիսիանում հետընտրական կրքերը եռում են: Գրոհ է սկսվել համայնքի ղեկավարի թեկնածու Կարեն Համբարձումյանի, ինչպես եւ Սիսիանի նախկին քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի դեմ: Ամեն ինչ արվում է նրանց անվանարկելու համար: Օգտագործվում է զրպարտության, գոտկատեղից ներքեւ հարվածելու մարտավարություն: Մինչ այդ էլ, քանիցս, ոռնոց էր բարձրացվել Աղասի Հակոբջանյանի դեմ, բայց նա խուսափել է հակադարձելուց:
Եվ, այդուհանդերձ, ստեղծված իրավիճակում հարկ համարեցինք մի քանի հարց ուղղել Աղասի Հակոբջանյանին՝ խնդրելով գոնե այս անգամ չհրաժարվել զրույցից:
                                                                 ***
- Պարո՛ն Հակոբջանյան, Դուք, որքանով տեղյակ ենք, գլխավորում էիք Սիսիան համայնքի ղեկավարի թեկնածու Կարեն Համբարձումյանի նախընտրական շտաբը: Գնահատեք, խնդրեմ, համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքները:


- Գնահատելու ոչինչ չկա, դա միակողմանի ընտրություն էր, որի ընթացքում պարզապես ապահովեցին մարդկանց հոսքը դեպի ընտրատեղամասեր: Այդ ընտրությունն արժանի չէ մեկնաբանության, ավելի ճիշտ՝ մեկնաբանելու բան չկա: Մրցակցությունն առնվազն երկու թեկնածուի միջեւ պիտի տեղի ունենար, որ մարդիկ իմանային, թե ում են ընտրում, որ մարդիկ թացը չորից ջոկեին: Բայց Կարեն Համբարձումյանը դուրս եկավ ընտրապայքարից ու գործող քաղաքապետը մնաց միայնակ, ով էլ ընդամենը պիտի ապահովեր ընտրողների այցելությունը տեղամասեր: Այդ դեպքում անգամ մոտ երկու հազար հոգի քվեարկեց Կարեն Համբարձումյանի օգտին, որը կազմում է քվեարկության մասնակիցների մոտ 20 տոկոսը: Եվ այն, ինչ տեղի ունեցավ Սիսիանում նոյեմբերի 5-ին, շատ ցանկանալու դեպքում անգամ հնարավոր չէ կոչել ընտրություն:


- Ինչո՞ւ Կարեն Համբարձումյանը դուրս եկավ ընտրապայքարից: Տարածված հայտարարության մեջ, ըստ էության, փակագծերն ամբողջապես չեն բացվում: Ի դեպ, եթե այդ հայտարարությունն առանց փակագծերի արվեր եւ ենթատեքստերով չխոսվեր, ապա, կարծում ենք, հետագա շահարկումները չէին լինի, մանավանդ որ ի դեմս Կարեն Համբարձումյանի՝ գործ ունենք ինտելեկտուալ, ազնիվ, իր երկրամասին նվիրված, Սիսիանում մեծ հարգանք վայելող, մարդկային բարձր հատկանիշներով օժտված անձնավորության հետ:


- Մենք չցանկացանք սրություն հաղորդել առանց այդ էլ լարված իրավիճակին: Ուղղակի տեսնելով, որ ընտրապայքարի ու մրցակցության նորմալ միջավայր, նվազագույն պայմաններ չկան, տեսնելով, որ վարչական ռեսուրսի ու սպառնալիքների ազդեցությամբ օրեցօր նոսրանում են մեր թիմակիցների շարքերը, կողք կանգնեցինք, որպեսզի չվնասենք մեր համակիրներին: Կարենը լուրջ թեկնածու էր, եւ մրցակից թիմը կիրառեց խաղի ընդունված ու չընդունված բոլոր մեթոդները, որպեսզի նա մրցակցությունը շարունակելու հնարավորություն չունենա:


Զրուցեք, խնդրեմ, սիսիանցի ընտրողների հետ, եւ նրանք առավել արտառոց փաստեր կներկայացնեն ու կասեն, թե ինչու է Կարեն Համբարձումյանը հանել թեկնածությունը:


- Նախընտրական շրջանում, կարծես, վճռորոշ կամ շրջադարձային եղավ այն եղելությունը, որ Գագիկ Ծառուկյանի նախապես հայտարարված սիսիանյան այցը չեղարկվեց, չասվեց նույնիսկ, թե ինչու այդպես ստացվեց: Կարո՞ղ եք գոնե ուշացումով լույս սփռել այդ հանգամանքի վրա:


- Գագիկ Ծառուկյանին իրականում սպասում էին հանրապետության բոլոր ընտրատարածքներում, որտեղ ԲՀԿ-ն ուներ թեկնածուներ: Այդ թվում՝ նաեւ Սիսիանում, բայց շահարկումներ եղան, թե Ծառուկյանը Սիսիան է այցելում, իսկ մյուս շրջաններ չի գնում: Եվ նման խոսակցություններին վերջ տալու համար, նաեւ մեր առաջարկությամբ, նպատակահարմար գտնվեց, որ Ծառուկյանը Սիսիան եւս չայցելի:


- Ասում են, մինչդեռ, Գագիկ Ծառուկյանին վախեցրել է նախօրեին Սիսիան այցելած Նաիրա Զոհրաբյանի եւ ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքոնյանի հանդիպումների սակավամարդությունը:


- Մեծագույն սուտ է, մենք էլ կարող էինք Սիսիանից 15-20 ավտոմեքենաների շարասյունով մեկնել որեւէ գյուղական համայնք ու տպավորություն ստեղծել, թե տեսեք-տեսեք… Եվ չնայած դրան, մեր ընտրարշավի ժամանակ գյուղական համայնքներում եղել են բազմամարդ հավաքներ:Չմոռանանք նաեւ, որ բերքահավաքի շրջան էր, մարդիկ դաշտում եւ այգիներում էին: Մենք ազդեցություն չունեինք գյուղապետարանների, դպրոցների, մանկապարտեզների վրա, որոնց օգնությամբ են սովորաբար մարդկանց հավաքում գյուղերում: Այնպես որ՝ գյուղերին բնորոշ նորմալ հանդիպումներ էին: Դարբասում, օրինակ, 60-ից ավելի մարդ էր հավաքվել, Տոլորսում՝ 70: Մենք որեւէ համայնք այցելելուց երկու ժամ առաջ էինք հայտարարություն տարածում: Եվ նպատակն ինչ-որ շոուներ ցուցադրելը չի եղել: Պարզապես փորձել ենք նորովի ծանոթանալ գյուղերի հիմնախնդիրներին, ճանաչելի դարձնել մեր թեկնածուն:


- Որպեսզի Կարեն Համբարձումյանի առաջադրման հետ կապված բանսարկությանը վերջ տրվի, կուզենայինք իմանալ՝ ինչպե՞ս եղավ, որ համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրվեց հենց Կարեն Հաբարձումյանը, ի՞նչ հանգամանքների մղումով, հասարակական-քաղաքական ի՞նչ հաշվարկների հիման վրա նպատակահարմար գտնվեց նրա առաջադրումը համայնքի ղեկավարի թեկնածու:


- Անկեղծ լինեմ՝ Կարեն Համբարձումյանի առաջադրման հետ Աղասի Հակոբջանյանը ոչ մի առնչություն չի ունեցել: Իր ընկերական շրջապատի, երիտասարդության հետ է քննարկումներ արել ու որոշում կայացրել, որից հետո եմ իրազեկ դարձել: Առաջադրման գաղափարը ծնվել է Կարենի թիմակիցների «խոհանոցում», ինչն էլ հավանության է արժանացել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարության կողմից: Կարեն Համբարձումյանը հանդիպել է Գագիկ Ծառուկյանին, քննարկել են սիսիանցի համակիրների մտադրությունը, խոսել հնարավորությունների մասին: Եվ նախընտրական շրջանի սկզբում մեծ բում, ոգեւորություն կար, ինչն էլ մրցակից թիմին մղեց անսովոր հակաքայլերի, տարածաշրջանի մասշտաբով ոտքի հանվեց պետական ողջ մեքենան:


- Սիսիանում շարունակում է կենսունակ մնալ կարծիքը, որ Ձեր առաջադրման դեպքում հաղթանակն անհավանական չէր լինի:


- Միգուցե, բայց մեր համայնքում, համոզված եմ, բնական եւ ողջամիտ  սերնդափոխության կարիք կար, ինչին յուրաքանչյուր ոք պետք է նպաստեր: Նաեւ գիտեի համայնքի ղեկավար լինելու ե՛ւ բերկրանքը, ե՛ւ անխուսափելի դժվարությունները: Խոշորացման դեպքում համայնքի պրոբլեմները տասնապատիկ անգամ ավելին են լինելու. այդ ճանապարհով մի անգամ անցել եմ ու պատկերացնում եմ պատասխանատվության աստիճանը, նաեւ համայնքի ու երկրի սուղ հնարավորությունները:


- Երկու մրցակից թիմի միջեւ հրդեհը բռնկվեց հատկապես այն բանից հետո, երբ համացանցում վերստին հայտնվեց Սիսիանի քաղաքապետի ծննդյան օրվա առթիվ 2017թ. ապրիլին կազմակերպված ծեսը: Կարեն Համբարձումյանը մրցակցի կողմից մեղադրվեց այն բանում, որ ինքն է տեսագրությունը շրջանառության մեջ դրել: Կարենը չպատասխանեց այդ մեղադրանքին. ուշացումով կարո՞ղ եք հերքել կամ հաստատել ասվածի իսկությունը:


- Այդ տեսահոլովակից մեկ-երկու դրվագ եմ տեսել, ինձ եւ իմ ընտանիքի անդամներին բացարձակապես չի հետաքրքրել դրա բովանդակությունը, եւ Կարենին՝ մրցակցի կողմից այդ հարցում մեղադրելը վերջինիս պատիվ չի բերում, դա մեր ձեռագիրը չէ, մեզ բնորոշ գործելակերպ չէ, թող իրենք մտածեն, թե որտեղ է թաղված շան գլուխը: Բոլորը համոզված էին, որ դրա հետ Կարենը որեւէ առնչություն չէր կարող ունենալ, ինչից հետեւում էր, որ Կարենը տվյալ դեպքում ասելիք չունի:


- Մեզ տեղեկացնում են նաեւ, որ պետական սահմանում հերթապահության կանգնած պայմանագրային զինծառայողները նոյեմբերի 5-ին բերվել են քվեարկության՝ պոստերն անտեր թողնելով, իսկ հետո նրանց վերադարձրել սահման:


- Զինվորականների մասով ընդհանուր գնահատական չեմ կարող տալ, բայց իմ հայրենի Տոլորսում հինգ-վեց պայմանագրային զինծառայող է եղել, ովքեր մասնակցել են ընտրություններին՝ իջնելով պոստերից, չգիտեմ՝ դա օրենքո՞վ էր, հրամա՞ն էր, թե՞ ինչպես... Բայց ինձ հասած տվյալներով՝ այդ տղաները ծառայության մեջ պիտի լինեին՝ պոստում հերթապահելիս:  Այդ հարցը պատկան մարմինների միջոցով ճշտման կարիք ունի:


- Մայրաքաղաքային մամուլը շատ գրեց ընտրական գործընթացներին Սիսիանի ոստիկանության անհարկի միջամտության մասին: Պաշտոնական հերքումներ չեղան: Համապատասխանո՞ւմ է այդ տեղեկությունն իրականությանը:


- Կենտրոնանալ ոստիկանության կամ պետական մեկ այլ ծառայության միջամտության վրա…

Ոստիկանության մասով դրանք հաստատող ստույգ տվյալներ չունենք: Բայց ստեղծված իրավիճակը թույլ է տալիս ենթադրել, որ առանց ճնշումների չէր կարող նման ստորացուցիչ մթնոլորտ ստեղծվել: Դրանում համոզված ենք ե՛ւ մենք, ե՛ւ իրենք, ե՛ւ բոլորը, ովքեր շատ թե քիչ առնչվել են Սիսիանի ընտրություններին: Առանց վարչական ռեսուրսի օգտագործման հնարավոր չէր Սիսիանը դարձնել այդպիսին:


- Վերջին օրերին շրջանառվում էր մի ասեկոսե եւս՝ իբր դեռեւս պաշտոնավարման ժամանակ եք հայտարարել, թե Սիսիանի քաղաքապետի աթոռը Ձեր ընտանիքինն է լինելու առաջիկա 25 տարում՝ սկզբում՝ Կարենը, ապա՝ Ձեր որդին…


- Դա հիվանդ մարդու հիվանդ երեւակայության արդյունք է: Կրկնեմ ասվածը՝ ինքս ութ տարի այդ պարտականությունն եմ կատարել եւ խորհուրդ չէի տա ընտանիքիս անդամներին այդ հարցում ընդօրինակել ինձ: Կարենի նպատակադրությանն ի սկզբանե տեղյակ չէի, բայց քանի որ որոշումը կայացվել էր, պարտքս համարեցի կանգնել նրա կողքին՝ մանավանդ որ արժանավոր թեկնածու էր: Այնուհետեւ՝ իմ տղան այդ ոլորտի հետ ընդհանրապես կապ չունի: Թող իրենք մտածեն իրենց, նաեւ իրենց ընտանիքների ու իրենց տղաների մասին:


- Իսկապե՞ս Սիսիանը Ձեզ մերժել է մեկ տարի առաջ տեղի ունեցած ՏԻՄ, ապա այս տարվա ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններում (ընդ որում՝ անողոքաբար, դաժան): Կարո՞ղ եք փաստերով հերքել կամ հաստատել համառորեն տարածվող այդ չարախոսությունը:


- Նախ, եթե այդ մարդիկ գրաճանաչ են, թող վերցնեն թվերը, նայեն: Մի բան կարող եմ ստույգ ասել՝ Աղասի Հակոբջանյանը պարտվեց բացառապես դրսի ուժերի եւ վարչական ռեսուրսի գռեհիկ միջամտությամբ: Աղասի Հակոբջանյանը 6500-ից ստացավ 3200 ձայն, երրորդ թեկնածուն՝ մոտ 180 ձայն, իսկ մոտ 300 քվեաթերթիկ անվավեր համարվեց. դա՞ է ջախջախումը, թե՞ նրա մրցակցի վիճակը, որ հույսը դրել էր բացառապես դրսից բերվող ձայների վրա: Այդ մասին թող բարձրաձայնեն…


Իմիջիայլոց, «անողոք եւ դաժան պարտություն» արտահայտությունը կարելի է օգտագործել 2008-ի ՏԻՄ ընտրությունների առիթով, երբ նախորդ քաղաքապետը հազիվ երրորդ տեղը զբաղեցրեց:

Կարելի է հիշել մինչ այդ տեղի ունեցած մեկ այլ ընտրություն, երբ մյուս նախորդը չորրորդ տեղն էր զբաղեցրել:


Իսկ այս տարվա ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունները, կարելի է ասել, փակում են բոլոր չարախոսների անմաքուր բերանը: Այդ ընտրություններում, եթե չհաշվենք զինծառայողների մասնակցությունը, առավել շատ ձայն ստացողներից եմ՝ 4373 քվե:


- Ձեզ մեղադրեցին փառասիրության, ինքնասիրահարվածության եւ մի շարք այլ «մեղքերի» մեջ, քանի որ ավելի լուրջ, փաստարկված մեղադրանքներ չգտան:


- Այդ մեղադրողները եւ նրանց կողմից վարձակալվածները ծնված չեն եղել, երբ պաշտոններ եմ վարել: Իմ անցած ճանապարհը սիսիանցիների աչքի առջեւ է, իմ ղեկավարած կոլեկտիվների անդամների հետ մինչեւ հիմա բարեկամական կապերի մեջ եմ, այդ թվում՝ քաղաքապետարանի ներկայիս կազմի շատ մարդկանց հետ: Ինչպես միշտ, նաեւ այսօր Սիսիանում, մերձակա գյուղերում քայլում եմ բաց ճակատով: Չեմ տառապում փառասիրությամբ: Ինչ վերաբերում է սիրահարվածությանը… Իրոք որ սիրահարված եմ, բայց սիրահարված եմ Սիսիանին, սիսիանցիներին: Ե՛վ իմ հնարավորությունները գիտեմ, ե՛ւ իմ կարողությունները, ու դրանք այսուհետ եւս ծառայեցնելու եմ հարազատ համայնքիս: Վերջին ընտրությունն այն իրադարձությունը չէ, որ իմ ու Սիսիանի միջեւ ջրբաժան ստեղծվի:


- Կուզենայինք մի պահ մոռանալ, որ Կարեն Համբարձումյանը Ձեր դստեր ամուսինն է եւ բնութագրեիք նրան: Ի դեպ, նույն մարդիկ, որ բացառապես զբաղված են Ձեզ հայհոյելով, տեղեկացնում են, թե իբր Կարենը պատրաստվում է հեռանալ երկրից:


- Բա ինչո՞ւ ինձ եւս հեռացողների մեջ չեն դասում (ծիծաղում է): Դա ֆանտաստիկայի ոլորտից է, նման բան լինել չի կարող, որովհետեւ Կարենն իր հողն ու ջուրը սիրող տղա է, պաշտոնի բերումով բնակվում եւ աշխատում է Երեւանում, բայց սիսիանյան կյանքով է ապրում, ինքն ու իր որդին շատ կապված են իրենց արմատներին, թոռնիկս ասում է՝ ես ուզեցի եմ… Որպես իմ դստեր ամուսին, որպես փեսա, շատ գոհ եմ նրա վերաբերմունքից, որպես քաղաքացի՝ կրթված, հավասարակշիռ, հասարակության կողմից ընդունված, դրական հատկանիշներով օժտված, բարեկամասեր, բարձր ինտելեկտով անձնավորություն է, ինչի համար նույնպես ուրախ եմ: Հիմա էլ ընդգրկված է սիսիանցի ուսանողներին «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամով անվանական կրթաթոշակ նշանակելու գործընթացում:


- Մի առիթով այսպիսի խոսքեր էին հնչել Ձեր հասցեին՝ իբր ժամանակին խնդիրներ եք ունեցել Շչորս Դավթյանի, Քոչար Դավթյանի, Գառնիկ Հովակիմյանի, Սուրիկ Խաչատրյանի, Արմեն Բեգլարյան ոստիկանապետի, Գագիկ Ծառուկյանի հետ:


Մենք, ի դեպ, մեր պատկերացումն ունենք Աղասի Հակոբջանյան մարդու եւ գործչի մասին ու ասվածն անլուրջ խոսակցություն ենք համարում: Եվ, այդուհանդերձ, կուզենայինք լսել Ձեր արձագանքը:


-  Երբեք մարդկանց կատարածը չեմ թերագնահատել: Բայց նաեւ անբարոյականություն եմ համարել, երբ փորձել են շահարկել հանգուցյալների անունը: Շչորս Դավթյանը, իրոք, ինձ ժամանակին նկատել է, բայց դա չի նշանակում, որ ոմանց նման կուրորեն, ստրկաբար պիտի ծառայեի նրան, լինեի կամակատար: Գնահատում եմ Շչորս Դավթյանի վաստակը, նրա ընտանիքն ինձ համար առայսօր շատ հարգելի է: Քոչար Դավթյանի՝ շրջխորհրդի պատգամավոր դառնալու համար, թող անհամեստ չհնչի, մեծ ավանդ ունեմ ինքս՝ իմ թիմակիցներով: Գառնիկ Հովակիմյանը շատ լավ գիտի, թե ով եմ ես, ես էլ գիտեմ, թե ով է ինքը. Աղասի Հակոբջանյանի ձեռքերի վրա եկավ քաղաքական դաշտ ու քաղաքապետի աթոռը նվեր ստացավ, բայց չդիմացավ: Շատ վաղուց նույնիսկ չգիտեմ նրա գոյության մասին՝ քաղաքական դաշտում կա՞, թե՞ չկա: Սուրիկ Խաչատրյանն իմ վաղեմի ընկերն է ու այսօր էլ շարունակում ենք հարաբերությունները, աշխատանքի մեջ եղել են ե՛ւ տարաձայնություններ, ե՛ւ փոխըմբռնման պահեր, իսկ որպես անհատականություն այսօր էլ նրան բարձր եմ գնահատում: Գագիկ Ծառուկյանի հետ իմ հարաբերությունները տարեցտարի ջերմանում են. ի վերջո ընդդիմախոսներս շատ փոքր են, որ քննարկեն իմ եւ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները, կամ շահարկեն նրա անունը: Ինչ վերաբերում է Արմեն Բեգլարյան երբեմնի ոստիկանապետին, ապա նրան, ինչպես եւ եկող-գնացող մյուս ոստիկանապետերին, ի տարբերություն ուրիշների, վերաբերվել եմ միայն իբրեւ ոստիկանապետի:


- Ընտրությունների արդյունքների մասին խոսելիս հատկապես ակնարկվում է Ույծը, որ Կարեն Համբարձումյանի հայրենի գյուղն է, Տոլորսը, որ Ձեր ծննդավայրն է, Սիսիանի Գայի փողոցը, որտեղ ցածր արդյունքներ են գրանցվել՝ ի տարբերություն նախորդ ընտրությունների:


- Գիտեք՝ այդ խնդրում մեղքի բաժին ունեմ: Ույծում պատրաստվում էին մեծ շուքով դիմավորել Կարեն Համբարձումյանին, բայց շտապեցի… Եվ մեր խնդիրը, ինչպես նշեցի, շոուներ սարքելը չէր: Նույնը՝ Տոլորսում, թեեւ մի քանի ընտանիք ծառայում է ինչ-որ կլանի: Դա բնական եմ համարում:
Տոլորսի գյուղապետն ասում էր՝ եթե Կարեն Համբարձումյանին պաշտպանեմ, ապա, ինչպես մարզպետն է սպառնացել, հինգ տարվա գործերս կհանեն ու մի բան կսարքեն գլխիս: Նման սպառնալիքներ ուրիշ գյուղերում էլ են հնչել:


Վերջիվերջո, եթե մրցակցություն չի եղել, եթե մի շարք գյուղերում բաց քվեարկություն է եղել, ապա որքանո՞վ է տրամաբանական Ույծը, Տոլորսը կամ քաղաքի որեւէ թաղամաս ընտրություն կոչված խաղ-ներկայացման մեջ առանձնացնելը:


- Ի՞նչ խոսք կուզենայիք հղել Սիսիան համայնքի բնակիչներին. իհարկե, չենք ուզում հավատալ, որ նեղացած եք: Ավելի ճիշտ՝ համոզված ենք՝ Աղասի Հակոբջանյանը Սիսիանի նորագույն շրջանի ամենավառ անհատականություններից է, ով իր ժողովրդի ու երկրամասի նվիրյալն է եղել ու մնում:


- Սիսիանցիներից նեղանալու իրավունք չունեմ, միգուցե նեղանամ ինչ-որ աննշան չինովնիկներից, առանձին մարդկանցից, ովքեր առայսօր պետական պաշտոն են վարում Աղասի Հակոբջանյանի՝  ժամանակին ցուցաբերած հոգածության շնորհիվ: Ես սիսիանցիների կյանքով ապրել եւ ապրում եմ, ես նրանցից մեկն եմ: Սիսիանցին պարտավոր չէ անընդհատ իմ հետեւից գալ, հօգուտ ինձ քվեարկել անվերջ, ժամանակները փոխվում են, ուժերի հարաբերակցությունը՝ նույնպես: Կարեւորն այն է, որ համայնքային իշխանության եկած ուժերն ավելին անեն, քան նախորդները: Եվ մենք միայն կուրախանանք:  


- Ձեզ՝ հաջողություն: Եվ, իհարկե, շնորհակալություն անկեղծ զրույցի համար:

Հարցազրույցը՝ ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ, ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆԻ

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25