Աղասի Հակոբջանյան. «Միայն ուժեղ համայնքով կարելի է պետությունը հզորացնել»

20.03.2017 17:20
2927

Հարցազրույց թիվ 12 ընտրատարածքում ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու Աղասի Հակոբջանյանի հետ


Բավականին մրցունակ թիմով թիվ 12 ընտրատարածքի ընտրողներին եւ ընդհանրապես բնակչությանը ներկայացած «Ծառուկյան» դաշինքի պատգամավորի թեկնածուներից է Աղասի Մամիկոնի Հակոբջանյանը, ով ճանաչված անուն է ամբողջ հանրապետությունում:

Նախընտրական քարոզարշավի շրջանակում մեր հերթական հանդիպումը նրա հետ էր: Վերջին ութ տարում, լինելով Սիսիան համայնքի ընտրյալ ղեկավար, քանիցս հյուրընկալվել է «Սյունյաց երկիր» թերթի էջերում եւ ներկայացրել ոչ միայն մեր ընթերցողին մտահոգող հարցերի պատասխանը, այլեւ իր տեսակետը հայտնել հանրապետության, նաեւ Սյունիքի մարզի ու հատկապես Սիսիանի տարածաշրջանի զարգացման ընթացքի, հիմնախնդիրների վերաբերյալ:

Հիմա Աղասի Հակոբջանյանը ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու է թիվ 12 ընտրատարածքում եւ, բնականաբար, նոր հարցեր են ծագում՝ ե՛ւ մեզ, ե՛ւ ընթերցողին  հետաքրքրող, որոնց վերաբերյալ նրա դիրքորոշումն ու նկատառումներն իմանալու համար էլ զրույցի հրավիրեցինք պատգամավորի թեկնածուին:


- Պարո՛ն Հակոջանյան, 2015-ի ձմռան-գարնան ընթացքում ԲՀԿ-ի հետ տեղի ունեցած պատմությունից եւ Գագիկ Ծառուկյանի հետ կատարվածից հետո ԲՀԿ խորհրդարանական խմբակցության շատ անդամներ այլ խմբակցություններ տեղափոխվեցին, որոշ ԲՀԿ-ականներ էլ կուսակցությունից դուրս եկան…

Դուք ի՞նչ պահվածք ունեցաք քաղաքական վայրիվերումների այդ ընթացքում:

- Ժամանակին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ եմ դարձել Գագիկ Ծառուկյանի առաջարկությամբ եւ նրա հետ համաձայնեցված ու համատեղ գործունեություն ծավալել: Հայտնի դեպքերից հետո, երբ նա հրաժարվեց կուսակցությունը գլխավորելուց, բնականաբար ես նույնպես պետք է հրաժարվեի: Իմ խորին համոզմամբ՝ Ծառուկյանի՝ քաղաքականությունից հեռանալուց հետո իմ կայացրած որոշումը ճիշտ էր եւ օրինաչափ: Ու դրանից հետո զբաղվել եմ միայն քաղաքապետի պարտականություններս կատարելով:    

- Մինչեւ 2015-ի՝ վերը նշված ժամկետը ԲՀԿ Սիսիանի կառույցն այդ կուսակցության տարածաշրջանային ամենամարտունակ ջոկատներից էր՝ երիտասարդական հիանալի թեւով: Հիմա՝ Գագիկ Ծառուկյանի վերադարձից հետո, ի՞նչ վիճակում է ԲՀԿ Սիսիանի կազմակերպությունը:

- Պետք է ասեմ, որ բավականին դրական արձագանք ունեցավ Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքական դաշտ, ոգեւորության ալիք բարձրացավ թե՛ տարեցների, թե՛ երիտասարդների շրջանում: ԲՀԿ Սիսիանի կազմակերպությունը կարծես նոր շունչ ստացավ՝ դառնալով նախկին մարտունակ թիմը, նույնիսկ համալրվեց, եւ շարունակվում է կուսակցության շարքերը մտնելու  դիմումների ընդունումը: Կարելի է ասել, որ այս ժամանակահատվածում հարաբերական դադարի մեջ էինք եւ այսօր մեծ թափով կրկին մասնակցում ենք նախընտրական գործընթացներին:

- Ընտրողներից ոչ բոլորն են հասկացել՝ ինչո՞ւ 2015-ին Գագիկ Ծառուկյանը նահանջեց, իսկ 2017-ին վերադարձավ: Եվ ի՞նչ երաշխիք կա, որ նա վերստին չի նահանջի, եթե, ասենք, 2015-ի նման մի նոր իրավիճակ ստեղծվի երկրի ներքաղաքական կյանքում:

- Եթե լսել եք, Գագիկ Ծառուկյանն իր ելույթներում, հայտարարություններում միշտ նշում է, որ պարտք ունի ժողովրդի հանդեպ եւ նրա համար բարեկեցիկ ապագա ստեղծելու խաչն է կրում: Վստահ եմ՝ իրատեսական են նրա բոլոր ծրագրերը, նա խոսքի եւ գործի մարդ է ու երբեւիցե իր ժողովրդին չի հասցնի մի կետի եւ հետ կանգնի: Աստվածապաշտ, եկեղեցի կառուցող մարդը չի կարող նման կերպ վարվել: Գնալու ենք մինչեւ վերջ՝ հաղթանակի, բարեփոխությունների ու կառուցելու վճռականությամբ:

- Երկու անգամ՝ 2008-ին եւ 2012-ին, սիսիանցի ընտրողը շատ լուրջ մրցակցության պայմաններում Ձեզ ընտրեց Սիսիան համայնքի ղեկավար: 2016-ի հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններին Դուք դարձյալ մեծ թվով քվեներ ստացաք, բայց դա, ըստ էության, բավական չէր, որ ընտրված համարվեիք…

Ի՞նչն էր ուշագրավ. Դուք շնորհավորեցիք Ձեր մրցակցին… Դա, գոնե մեր մարզի իրականության մեջ, քաղաքական մշակույթի նոր դրսեւորում էր՝ մրցակցող կողմերին համերաշխության մղող դրսեւորում: Եվ այնուհանդերձ, Դուք չե՞ք նեղացել ընտրողներից:

Արդյո՞ք հոկտեմբերի 2-ից հետո Դուք եւ Ձեր կայուն, հաստատուն ընտրողը մնացիք համերաշխ, բարեկամ, միմյանց նեցուկ…

- Աղասի Հակոբջանյանը ոչ մեկից նեղանալու բարոյական իրավունք չունի: Գոհ եմ սիսիանցի ընտրողից, համայնքի յուրաքանչյուր անդամից: Ասեմ՝ ինչու: Ինձ վստահության քվե տվողների այն նշաձողը, որ նախընտրական շրջանում դրել էինք, ունեցանք: Նախորդ տարիների փորձը հաշվի առնելով՝ ենթադրվում էր, որ Սիսիանում ընտրությանը կմասնակցի մոտ 6500 հոգի, որից 3000-ից ավելի ձայն էինք ակնկալում ստանալ մեր օգտին (այդպես էլ եղավ. մոտ 3200 հոգի քվեարկեց իմ օգտին): Բայց աննախադեպ իրավիճակ ստեղծվեց. հոկտեմբերի 2-ի ընտրությանը մասնակցեց արտերկրում բնակվող կամ ժամկետային զինծառայության մեջ գտնվող, բայց այստեղ ընտրելու իրավունք ունեցող մոտ 1000 ընտրող, ընդ որում՝ ժամկետային զինծառայողներ, ովքեր այդ օրը ստացել էին արձակուրդ, իսկ մի մասը նույնիսկ նոր-նոր զորակոչված էր: Սա մեզ համար անակնկալ էր, եւ արդյունքում հաղթող ճանաչվեց մյուս թեկնածուն:

Ինչ վերաբերում է նեղանալուն կամ ինչ-որ մեկի հանդեպ վատ վերաբերմունք ցուցաբերելուն, դա Աղասի Հակոբջանյանի գործելաոճը չէ: Նույն կերպ շարունակում եմ ապրել Սիսիանում, գլուխս բարձր քայլել փողոցներում, հնարավորության սահմաններում աջակցել մարդկանց: Հաշվի առնելով ժողովրդի հանդեպ ունեցած իմ վերաբերմունքը, նախորդ տարիների աշխատանքս հիմք ընդունելով եմ ընդգրկվել ընտրապայքարում:

- 2016-ի սեպտեմբերի 18-ի եւ հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններից առաջ եւ հետո որոշ փորձագետներ, քաղաքական մեկնաբաններ այն տեսակետն էին արտահայտում, թե իբր ՏԻՄ ընտրությունն ինչ-որ առումով նախավարժանք են սպասվող ԱԺ ընտրությունների համար, ուժերի  ստուգատես:

Ի՞նչ եք կարծում, կարելի՞ է այդ ընտրությունների արդյունքներով ուրվագծել քաղաքական ուժերի, լիդերների հնարավորությունների հարաբերակցությունը ներկա ընտրապայքարում, թե՞ հիմա միանգամայն այլ տրամաբանություն եւ ուժերի այլ հարաբերակցություն գոյություն ունի:

- Նման վերլուծությունը միանշանակ չեմ ընդունում, որովհետեւ առաջիկա ընտրությունների նախադեպը մենք չենք ունեցել: Այսօր Սիսիանի տարածաշրջանի ընտրազանգվածը մի քանի շերտերի է բաժանված՝ բարեկամական, ընկերական, գործընկերային, կուսակցական եւ այլն: Ի վերջո 9 քաղաքական ուժի պայմաններում հեշտ չէ որեւէ հստակ կանխատեսում անել. ամեն քայլափոխի ենթաշտաբներ, գովազդային պաստառներ են. նման իրավիճակ դեռ չենք ունեցել: Բայց կան թեկնածուներ, ովքեր նախորդ ընտրությունների ընթացքում կայուն ընտրազանգված են ձեւավորել, ինչը նպաստող հանգամանք է: Կոնկրետ ես հենվում եմ այն ընտրազանգվածի վրա, որ հոկտեմբերի 2-ին ինձ վստահության քվե է տվել, ինչպես նաեւ նրանց վրա, ովքեր նախկինում սխալվել կամ փոշմանել են: Այնպես որ ասել, թե նախորդ ընտրությունների սցենարը պետք է կրկնվի կամ այն ուժը, որ հաղթեց, այսօր էլ կհաղթի, դա ես բացառում եմ:   

- Եվ ինչպե՞ս եք գնահատում «Ծառուկյան» դաշինքի ընտրական հնարավորությունները Սյունիքի մարզում (առանց Վայոց ձորի) եւ հատկապես Սիսիանի տարածաշրջանում:

ԱԺ նախորդ ընտրություններում Սիսիանի տարածաշրջանի 16 հազար ընտրողից մոտ 5 հազարը քվեարկեց ԲՀԿ-ի օգտին: Կկարողանա՞ք այդ «բնագիծը» պահպանել:

- Երբ նոր էի ընտրվել ղեկավարի պաշտոնում՝ մոտ 30-37 տարի առաջ, ինձ համար մութ անտառ էր, բայց, հիմք ընդունելով նախորդ ղեկավարի ցուցանիշները, սկսեցի դրանցով առաջ շարժվել: Հիմա, իհարկե, նախորդ ընտրության ցուցանիշը կփորձենք գերազանցել, եթե ոչ՝ փորձում ենք նախկինը պահպանել: Մեր հանրային կյանքում բավականին լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել, եթե կարողանանք նախկինի 80-90 տոկոսը պահպանել, լավ կլինի, ինչի հնարավորությունը տեսնում եմ՝ շրջելով բնակավայրերում, մարդկանց հետ հանդիպելով:

- Ինչո՞ւ սիսիանցի ընտրողը (չեմ ասում թիվ 12 ընտրատարածքի կամ Սյունիքի մարզի) պետք է գնա Գագիկ Ծառուկյանի գլխավորած դաշինքի հետեւից: Մարդիկ հարցնում են՝ ԲՀԿ-ն ութ տարի Սիսիանում քաղաքապետ է ունեցել, ի՞նչ արմատական խնդիր է լուծել, որքանո՞վ է աջակից եղել իր քաղաքապետին:

- Նախ նշեմ, որ իմ գործունեության տարիները համընկան նաեւ այն կարճ ժամանակամիջոցին, երբ ԲՀԿ-ն կոալիցիայի կազմում էր, որտեղից դուրս գալով՝ բնականաբար ես նույնպես հայտնվեցի ոչ իշխանական թեւում: Նման իրավիճակում իշխող հանրապետականների հետ աշխատելը բավականին բարդ աշխատանք էր: Համայնքի ղեկավարման տարիներին, վեր կանգնելով անձնական, կուսակցական շահերից, բազում աշխատանքներ իրականացրինք՝ մշակույթի տան հիմնանորոգում, որոշ փողոցների ասֆալտապատում եւ բարեկարգում, լուսավորության անցկացում, տանիքների նորոգում, մարզադահլիճի կառուցում եւ այլն: Մշակութային բնագավառում նույնպես նշանակալի իրադարձություններ տեղի ունեցան՝ Համո Սահյանի ծննդյան 100-ամյակի, Նիկողայոս Ադոնցի 140-ամյակի առթիվ մեծ տոնակատարությունների անցկացում՝ հանրապետության նշանավոր գիտնականների, մշակութային եւ հասարակական գործիչների մասնակցությամբ:

Մի խոսքով՝ ղեկավարման ութ տարվա ընթացքում փորձել եմ անել առավելագույնը, բնականաբար եղել են ծրագրեր, որոնք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով իրականություն չեն դարձել, իսկ կուսակցական պատկանելությանս համար որոշ աշխատանքներ իրականացնելիս բախվել եմ նաեւ խոչընդոտների: 

- Նախընտրական քարոզարշավի բուռն ընթացքն ամբողջ հանրապետությունում ցույց է տալիս, որ քաղաքական ուժերն այնուամենայնիվ իրենց նախընտրական ծրագրերով են ներկայանում հանրությանը: Այլ հարց է, թե ընտրողը որքանով հաշվի կառնի այդ ծրագիրը քվեարկության ժամանակ:

Կարո՞ղ եք շատ համառոտ ներկայացնել «Ծառուկյան» դաշինքի նախընտրական ծրագիրը, որքանո՞վ է այն արտահայտում բնակչության մտահոգությունները, երկրի առջեւ ծառացած հիմնախնդիրները եւ դրանց լուծման իրական ուղիները:

Եվ, որ կարեւոր է, «Ծառուկյան» դաշինքի ծրագիրը սկզբունքային ի՞նչ տարբերություններ ունի ընտրություններին մասնակցող քաղաքական մյուս ուժերի ծրագրերից:

- Անկեղծ ասած, հեռուստատեսությամբ լսելով եմ մասամբ ծանոթացել մյուս քաղաքական ուժերի ծրագրերին, բայց քաջատեղյակ եմ «Ծառուկյան» դաշինքի ծրագրից: Ի՞նչ է պետք մեր սյունեցուն, սիսիանցուն. նախեւառաջ աշխատանք՝ արժանապատիվ ապրելու համար: Այսօր բարեգործություններով, տարեկան մեկ անգամ ինչ-որ ծրագրերով թեթեւակի աշխատանք կատարելով՝ բարեկեցիկ կյանքի չենք հասնի: Արմատական տեղաշարժ պետք է կատարվի. պետք է ունենանք արժանապատիվ կենսաթոշակ, աշխատավարձ, որ ժողովուրդն իրեն ապահով զգա եւ իր մասնակցությունն ունենա պետականաշինության գործում:

Տեղյակ եմ, որ «Ծառուկյան» դաշինքի ներկայացրած ծրագիրը տարիների աշխատանք է՝ հիմնված մասնագետների լուրջ վերլուծությունների վրա: Եթե Ծառուկյանը խոստանում է, որ կենսաթոշակը կավելանա 25 հազար դրամով կամ նվազագույն աշխատավարձը կսահմանվի 80 հազար դրամ, ուրեմն դրա հիմքերը վաղուց են պատրաստ, աղբյուրները՝ հայտնի, եւ այդպես շարունակ: Եթե խորհրդային տարիներին հայ մարդն ամենաբարեկեցիկ ապրողներից էր, ամենաստեղծարարը, ապա այսօր ի՞նչ պատահեց նրան: Ի՞նչ է ասում ժողովուրդը. ապահովեք մեզ աշխատանքով, եւ մենք կկանգնենք պետության կողքին:

- Ուշագրավ է «Ծառուկյան» դաշինքի 15 առաջնահերթ քայլերը մատնանշող փաստաթուղթը:

Գագիկ Ծառուկյանը եւ դաշինքի մյուս ներկայացուցիչները հայտնում են, որ ամենակարճ ժամանակամիջոցում դրանք կյանքի կկոչվեն, իսկ դաշինքի ընդդիմախոսները դրանք սովորական ամբոխահաճություն են համարում եւ հարցնում՝ ինչպե՞ս, ի՞նչ միջոցներով եք այդ խոստումները կյանքի կոչելու:

- Լավ ճանաչելով Գագիկ Ծառուկյանին՝ հավաստիացնում եմ, որ նա խոսքեր չի շռայլում, այլ տասը չափում, մեկը կտրում է: Վստահ եմ՝ ամեն 15 կետի տակ կա համապատասխան փաստաթուղթ, հարցի լուծման աղբյուրը: Եթե ինքը համոզված չլիներ դրանում, ապա ծրագիրը ոչ թե 15, այլ 3-4 կետից բաղկացած կլիներ: Ժամկետի առումով նույնպես համոզված եմ, որ ամեն ինչ հաշվարկված է. 50%+1 ձայն հավաքելու դեպքում «Ծառուկյան» դաշինքի ծրագրերն անմիջապես իրականություն կդառնան: Եթե վստահ չլինեմ այդ ծրագրերի հիմնավորված լինելու մեջ, ինչպե՞ս կարող եմ համոզել մարդկանց: Երկար տարիներ ղեկավար աշխատելով՝ գիտեմ, թե ֆինանսական աղբյուրները որտեղից կարելի է հայթայթել. հավաստիացնում եմ՝ մեր երկիրը հնարավոր է կարգի բերել շատ կարճ ժամանակամիջոցում:

- Իսկ ո՞ր ուժն է, ըստ Ձեզ, ԲՀԿ-ի գլխավոր մրցակից Սյունիքի ու Վայոց ձորի մարզերն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքում՝ նկատի ունենք ընտրությանը մասնակցող 9 քաղաքական ուժերին:

- Ոչ մեկին էլ իրավունք չունեմ թերագնահատել, կարծում եմ՝ բոլորս էլ մեկ նպատակ ունենք՝ մեր ներդրումն ունենալ Հայաստանի Հանրապետության զարգացման, ազգի վիճակի բարելավման ազնվագույն գործում:

- Նախընտրական քարոզարշավը եւ առհասարակ ապրիլի 2-ի ընտրությունների նախապատրաստություններն ընթանում են հակասական, երբեմն մերժելի դրսեւորումներով: Դա՝ ամբողջ Հայաստանում: Սյունիքի տարածաշրջաններից յուրաքանչյուրն էլ իր առանձնահատկությունն ունի: Իսկ Սիսիանում ինչպե՞ս է ընթանում նախընտրական պայքարը, արդյո՞ք լարվածություն կա, արդյո՞ք ճնշումներ, ոչ օրինական մեթոդներ դարձյալ կիրառվում են, թե՞ խաղաղ է ընթանում:

- Թեկնածուների միջեւ փոխադարձ վիրավորանքներ առայժմ չեն հնչում, բայց իշխող կուսակցությունների հույսը, ինչպես տեսնում եմ, նախեւառաջ վարչական ռեսուրսն է: Առաջին անգամ չէ, որ մասնակցում եմ ընտրության, եւ ինձ միշտ բարձր եմ պահել, հաճախ հանդես եկել հաշտեցնողի կարգավիճակում: Իմ թիմակիցները, բնավորությանս տեղյակ լինելով, գիտեն, որ թույլ չեմ տա այլ քայլերի դիմել. մեկը մյուսին վիրավորելով կամ փնովելով՝ չես կարող հաջողության հասնել:  

- Հանրության մեջ կարծիք կա, որ կաշառք են բաժանում նաեւ «Ծառուկյան» դաշինքի անդամները:

- Ասում են՝ տունը հարսանիք է, փեսան տեղյակ չէ: Մենք նման պայմանավորվածություն չունենք կամ նման խոստումներ չենք տալիս ժողովրդին: Նույնիսկ հակառակն ենք ասում մարդկանց. սիրելի՛ քաղաքացի, եթե այսօր ձեր ձայնը վաճառեք, եւս 5 տարի պատգամավորի դեմքը չեք տեսնի, ինչպես նախկին տարիներին: Եթե, օրինակ, 50 հազար դրամ ընտրակաշառքով ձեր հոգսը թեթեւանում է, վերցրեք, բայց մեր դաշինքն ընտրելով՝ ձեր տուն ամեն ամիս միայն կենսաթոշակից 50 հազարով ավելի գումար կմտնի: Հիմա ո՞րն է նախընտրելի. մե՞կ անգամ ստանալ այդ գումարը, թե՞ ամեն ամիս:    

- Շատ տարօրինակ, նույնիսկ զավեշտի հասնող իրավիճակների ենք բախվում այս օրերին՝ պայմանավորված «ռեյտինգային» ցուցակով: Օրինակ, պատգամավորի որոշ թեկնածուներ հայտարարում են՝ ինձ ձայն տվեք, բայց ես չեմ ուզում պատգամավոր դառնալ: Կամ՝ ինձ առաջադրել են, որ ես ձայն բերեմ, բայց պատգամավոր դառնալու միտք չունեմ: Եվ նման շատ անհեթեթություններ…

Դուք իսկապե՞ս պատգամավոր դառնալու անկեղծ նպատակ ունեք: Եթե այո՛, ապա ինչո՞ւ: Ինչո՞ւ եք ուզում խորհրդարան մտնել:

- Իմ բնավորության համաձայն՝ երբեք ուրիշի դրոշակն իմ ձեռքը չեմ վերցնում: Ոչ մեկիս համար էլ գաղտնիք չէ, որ տարածքային ցուցակի յուրաքանչյուր թեկնածու ձայն է ապահովելու նախեւառաջ իր կուսակցության կամ դաշինքի համար: Եթե կարողանամ առավելագույն ձայներ ապահովել դաշինքի համար, բնականաբար իմ տեղը կունենամ ԱԺ-ում կամ գործադիր մարմնում՝ որպես վստահության արժանացած թեկնածու: Աղասի Հակոբջանյանը մտադիր չէ այլ նկատառումներով իր անունը դնել շահարկման մեջ: Ես դեռ անելիք ունեմ իմ շրջանի, հայրենիքի համար եւ այն, ինչ մինչ այժմ կատարել եմ, բավարար չէ, երբեք չեմ ցանկացել խաղից դուրս վիճակում հայտնվել եւ իմ թիմը լուսանցքից դուրս թողնել:   

- Թիվ 12 ընտրատարածքի ընտրողը, ավելի ստույգ՝ Սիսիանի տարածաշրջանի ընտրողը կոնկրետ ի՞նչ ակնկալիք կարող է ունենալ Աղասի Հակոբջանյան պատգամավորից, եթե, իհարկե, ապրիլի 2-ին ընտրվեք:

- Աղասի Հակոբջանյանը կլինի համայնքապետ, պատգամավոր կամ այլ պաշտոնում, յուրաքանչյուր սիսիանցու համար միշտ հասանելի է եղել եւ կլինի: Մարդիկ ինձ դիմում են, օգնություն եւ աջակցություն ակնկալում, ինչի շնորհիվ կարող եմ ասել, որ ինչ-որ առումով նրանց համար հույսի շող եմ: Ես սկզբունքային մարդ եմ, եւ յուրաքանչյուր սիսիանցու արժանապատվությունն ինձ համար գերակա շահ է: Կարծում եմ՝ ժողովուրդը կգնահատի իմ՝ տարիների ընթացքում կատարած հսկայածավալ աշխատանքը, որը, վստահաբար կարող եմ ասել, գերազանցում է նախորդ երկու քաղաքապետի կատարածը՝ միասին վերցրած:

- Խորհրդարանի աշխատանքը, բնականաբար, իր առանձնահատկությունները, իր դրսեւորումներն ունի՝ մշտական հանձնաժողովներ, գործադիր իշխանության գործունեության վերահսկողություն, խմբակցության գործունեություն, պատգամավորի հարցապնդումներ, գրավոր եւ բանավոր հարցեր, հայտարարություններ…

Այդ ամենը, իհարկե, այնքան էլ տեսանելի չէ շարքային ընտրողին, բայց, ի վերջո, դրանցով է չափվում պատգամավորի աշխատանքը: Մինչդեռ, որքանով հիշում ենք, տարիների ընթացքում չունեցանք գեթ մեկ օրինակ, որ սյունեցի պատգամավորն ԱԺ հարթակից հնչեցնի Սյունիքին առնչվող բազում հիմնախնդիրներից մեկը:

Եվ որքան վիրավորական է, որ Հայաստանի ամենաինտելեկտուալ մարզի պատգամավորներին կպցնում են վրավորական հորջորջումներ՝ տապանաքար, մահարձան, արձան…

Կա՞ երաշխիք, որ նույնը չի կրկնվի:

- ժողովրդի ընտրյալը դառնալով՝ դու ներկայացնում ես ամբողջ ժողովրդին եւ պարտավոր ես քո պահվածքով, նիստուկացով, ելույթներով, բառապաշարով ներկայացնել նախեւառաջ քո շրջանը եւ այնտեղ բնակվող մարդու հոգսը: Ընտրվելու դեպքում պարզապես իրավունք չունեմ իսկական պատգամավորին ոչ վայել պահվածք դրսեւորել կամ լուռ նստել: Միգուցե խոսափողը հաճախ չվերցնեմ խոսեմ, բայց տարբեր միջոցներով կկարողանամ մարդկանց հուզող բազում հարցեր լուծել: Շատ հաճախ էլ մարդկանց մի խումբը գրագետ, կիրթ խոսքեր է շռայլում, բայց արդյունքում ոչ մի հարց չի լուծվում: Ես գործի մարդ եմ, եւ եթե ձեր նշած հորջորջումները կպցնեն նաեւ իմ անվանը, ես պարզապես իրավունք չեմ ունենա այս քաղաքում ապրել:   

- Ութ տարի գլխավորելով Սիսիան համայնքը՝ Դուք հանրության կողմից գրեթե չեք քննադատվել, հայհոյանքի չեք արժանացել: Միակ նկատելի դժգոհությունը, որ նաեւ Սիսիանի տարածաշրջանից դուրս էր թեւածում, Շաքեի ջրվեժի հետ կապված պատմությունն էր, որը, բարեբախտաբար, Ձեր նախաձեռնությամբ հարթվեց:

Եվ, այդ բոլորով հանդերձ, ի՞նչ խոցելի տեղեր, ի՞նչ թերություններ, թույլ տեղեր ունեք, որ ընտրողի հետ միմյանց աչքերի մեջ ուղիղ նայելուն կարող են եւ խոչընդոտ լինել:

- Բոլոր մարդիկ էլ աքիլլեսյան գարշապար, այսինքն՝ խոցելի տեղեր ունեն: Հարցն այն է, որ ինչքան էլ անում ես, միեւնույնն է, միշտ քննադատում եւ ավելին են պահանջում: Թող ամպագոռգոռ չհնչի, բայց իմ ժողովուրդը սիրում ու հարգում է ինձ, եւ դա փոխադարձ է: Բայց կան մարդիկ, ովքեր չեն ցանկանում կամ ի զորու չեն լավը, դրականը տեսնել ու գնահատել:  

- Եվ ի՞նչ թիմով է ԲՀԿ-ն թիվ 12 ընտրատարածքում մրցապայքարի ելել:

Հանրության մեջ կարծիք կա, որ բավականին մրցունակ թիմ եք թիվ 12-ում ճակատ դուրս բերել:

- Անշուշտ ոգեւորիչ խոսակցություններ են պտտվում՝ կապված մեր թիմի մրցունակության եւ վճռականության հետ: Գրեթե բոլոր թեկնածուներին էլ անձնապես ճանաչում եմ, նրանցից յուրաքանչյուրը ճանապարհ անցած, իրենց շրջանում հարգանք եւ պատիվ ունեցող մարդիկ են, ինչը, համոզված եմ, մեր ընդհանուր գործի հաջողության երաշխիքներից է: Մաղթում եմ, որ բոլորս մեր հնարավոր ձայներն ապահովենք՝ տրված խոստումներն ու ծրագրերն իրականություն դարձնելու համար:

- Հանրության մեջ, անկեղծ լինենք, Գագիկ Ծառուկյանին հավատացողների մեծ բանակ կա: Հատկապես Սիսիանի տարածաշրջանում հավատ կա նաեւ Ձեր անձի հանդեպ, բայց… Ամեն ինչ դրանով չի ավարտվում:

Դաշինքի կամ ԲՀԿ-ի դրոշի ներքո այսօր հանդես են գալիս նաեւ նրանք, ովքեր տարիներ շարունակ պայքարել են այդ ուժի դեմ, ովքեր պետական պաշտոնը կորցնելուց հետո ՀՀԿ-ի կրծքանշանը փոխել են ԲՀԿ-ի կրծքանշանով:

Եվ այդքանից հետո ասում եք՝ հավատացեք մեզ: Իհարկե, ուրիշ կուսակցությունների պարագայում էլ այդ ցավը կա, բայց, միեւնույն է, երեւույթի անբարոյականությունը դրանով չի մեղմվում:

- Ձեր հարցի ենթատեքստում թաքնված ասելիքը հասկանում եմ, բայց այն կարծիքին եմ, որ երբեմն իրավիճակի փոփոխությունից, գաղափարական տարակարծություններից ելնելով՝ մարդիկ կարող են փոխել նաեւ կուսակցական պատկանելությունը: Ժամանակի ընթացքում հնարավոր է՝ հասկանաս, որ տվյալ կուսակցության պայմանները, գործելակերպը չեն համապատասխանում քո գաղափարներին եւ ընտրես այլ տարբերակ, որի դեպքում առավել նպաստավոր իրավիճակ կստեղծվի թե՛ քո ինքնադրսեւորման, թե՛ քո երեխայի եւ առհասարակ երկրի ապագայի համար: Այնպես որ՝ նորմալ եմ համարում նման երեւույթը: Եթե մարդիկ հավատում են մեր դաշինքին, թող գան, եւ միասին կերտենք մեր հաղթանակը:   

- Այն ծրագիրը, որ ներկայացրել է «Ծառուկյան» դաշինքը, անշուշտ, վերաբերում է նաեւ մեր տարածաշրջանին:

Բայց մեր տարածաշրջանում կա մի հիմնախնդիր, որի մասին կուզենայինք Ձեր դիրքորոշումն իմանալ, որի վերաբերյալ, ցավոք, ոչ ոք իրատեսական խոսք չի ասում:

Մեր գյուղերն են մեռնում՝ լեռնային գյուղերը, դարերով ու հազարամյակներով ստեղծված գյուղերը: Իսկ մենք ուրախանում կամ բավարարվում ենք մի դպրոցի տանիք նորոգելով, երեխաներին մի քանի գնդակ նվիրելով, նահատակ զինվորների կենացը խմելով, զոհված զինվորների տապանաքարի մոտ նկարվելով եւ հետո ի ցույց դնելով…

- Կյանքի պայմանները շատ արագ են փոխվում, եւ շատ դեպքերում դրանցից հետ մնացող գյուղում ապրելն արդեն իսկ հերոսություն է: Մեր գյուղերից շատերն այսօր չունեն նորմալ դպրոց, մանկապարտեզ, բարեկարգ ճանապարհ, ոռոգման ու խմելու ջուր եւ այլն: Առհասարակ պետության զարգացման շեշտը պետք է դնել նախեւառաջ գյուղերի զարգացման վրա, իսկ մեր ծրագրում դրա համար կան համապատասխան հիմնադրույթներ, այն է՝ տրամադրել ցածր տոկոսադրույքով կամ անտոկոս երկարաժամկետ գյուղատնտեսական վարկեր, գյուղացիական տնտեսությունների համար տարեկան 1 հա հողամասի ոռոգման ջրի դիմաց վճար սահմանել 1000 ՀՀ դրամ եւ այլն: Գաղտնիք չէ, որ այսօր շատ գյուղացիներ պայմանագրային զինծառայողներ են. բարձրացնելով նրանց աշխատավարձը,  գյուղում ապրելու համար նպաստավոր պայմաններ ստեղծելով՝ նա հնարավորություն կունենա եւ կցանկանա ապրել գյուղում:

- Ի՞նչ եք կարծում, համայնքների խոշորացումով գյուղերը կհանե՞նք հոգեվարքից, թե՞ կարագացնենք նրանց վախճանը:

Ի դեպ, որքանով տեղյակ ենք, Սիսիանի տարածաշրջանում էլ համայնքների խոշորացում է սպասվում…

- Գիտե՞ք՝ ինչ, համայնքների խոշորացումը պետք է ինքնանպատակ չլինի: Իմ տեղեկություններով՝ Սիսիանում նույնպես կշարունակվի այդ գործընթացը: Խոսելով ժողովրդի, նախկին ղեկավարների հետ՝ առաջին հերթին լսում ենք մարզպետարանների՝ որպես ոչ արդյունավետ աշխատանքով կառույցի գործունեության վերանայման մասին: Մեկ կառույցն ի վիճակի չէ ամբողջովին պատկերացնել համայնքների խնդիրները, ղեկավարել դրանց աշխատանքները, իսկ հեռախոսային ինֆորմացիայով Սյունիք ղեկավարելը պետության կործանման սկիզբն է: Իմ կարծիքով՝ մարզպետարանները պետք է վերացվեն եւ փոխարենը ստեղծվեն տարածաշրջանային իշխանություններ, ինչը կնպաստի համայնքների զարգացմանը: Միայն ուժեղ համայնքով կարելի է պետությունը հզորացնել:       

- Սյունիքի մարզի զարգացման ռազմավարություն է մշակվել, Սյունիքի մարզում ներդրումների փաթեթ է մշակվել ու կառավարությունում քննարկվել, ի վերջո կառավարությունն է ներդրումային հավակնոտ խոստումներ տալիս:

Արդյո՞ք տեղյակ եք այդ փաստաթղթերին, եւ ի՞նչ ծրագրեր կան այդ շարքում, որ ուղղակիորեն առնչվում են Սիսիանի տարածաշրջանին:

- Անկեղծ ասած, իրազեկված չեմ, բայց չեմ կարծում, որ Սիսիանն անմասն է մնացել: Ողջունելի է, որ շեշտը դնում են հատկապես գյուղատնտեսության վրա, բայց ցանկալի է ուշադրություն դարձնել նաեւ արդյունաբերության որոշ ճյուղերի, զբոսաշրջության զարգացմանը: Առհասարակ ռազմավարական ծրագրերը պետք է իրատեսական ու հստակ լինեն, իսկ մինչ ընդունելը կամ հաստատելը դրանք պետք է հանրային քննարկման առարկա դարձնել:   

- Եվ, իհարկե, այս օրերի համար ավանդական հարց. ի՞նչ հորդոր կամ կոչ կուղղեք թիվ 12 ընտրատարածքի ընտրողին ապրիլի 2-ի քվեարկությունից առաջ:

- Ապրենք համերաշխ, առանց իրար վարկաբեկելու՝ գործիք չդառնալով դրսի որոշ ուժերի համար: Բարձր պահելով մեր արժանապատվությունը՝ անցկացնենք ազնիվ, արդար ընտրություններ: Այս ընտրությունը մեզ համար նաեւ քննություն է, որ պարզենք, թե ով ինչքանով է վայելում ժողովրդի վստահությունը: Մեր իրական գնահատականը ստանանք ժողովրդից եւ պատրաստ լինենք այն ընդունել որպես ճշմարտություն: Ժողովուրդը սպասողական վիճակում է, փոփոխություններ է պահանջում, հոգնել է նույն անձանցից, միգուցե ինձնից էլ է հոգնել. կարծում եմ՝ այս ընտրությունը կտա այդ հարցի պատասխանը:

Հարցազրույցը՝ ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25