Աղիտու-3 քարայրը կմնա որպես վերին պալեոլիթյան դասական հուշարձան

29.02.2016 11:54
1973

2009 թվականից հայ-գերմանական համատեղ արշավախումբը հնագիտական պեղումներ է իրականացնում Սիսիանի Աղիտու-3 քարայրում, որ հնագիտության համար բավական հետաքրքիր բացահայտում է: Հայկական կողմից աշխատանքներն իրականացնում է ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտը՝ հնագետ Բորիս Գասպարյանի, իսկ գերմանական կողմից՝ Թյուբինգենի համալսարանը՝ պրոֆեսոր Էնդրյու Քենդլի ղեկավարությամբ: «Որոտան պրոյեկտ» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների նպատակն է բացահայտել Որոտանի կիրճում գտնվող քարեդարյան հուշարձանները եւ ուսումնասիրել դրանք: Հավանաբար այդ ուսումնասիրությունները կշարունակվեն տասնամյակներ շարունակ:

Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, արշավախմբի հայկական կողմի ղեկավար Բորիս Գասպարյանը բարձր գնահատեց Աղիտու-3 քարայրի արժեքը՝ կետ առ կետ հիմնավորելով վերջինիս բացահայտման կարեւորությունը:

Սյունիքի բարձրավանդակը Հայաստանի մյուս աշխարհագրական շրջաններից շատ է տարբերվում իր ռելիեֆով, լանդշաֆտով, հրաբխականությամբ, ինչը հնարավորություն է տվել մարդուն ե՛ւ հազարամյակներ առաջ, ե՛ւ այսօր այստեղ գործունեություն ծավալել:

Երկրորդ առանձնահատկությունն այն է, որ Աղիտու-3 քարայրը Սյունիքի բարձրավանդակում հայտնաբերված առաջին պալեոլիթյան հուշարձանն է, երրորդ՝ այն Հայաստանում հայտնաբերված առաջին վերին պալեոլիթյան, քարայրային շերտագրված հուշարձանն է: Չորրորդ՝ այն իր տիպի հուշարձանների մեջ ցույց է տալիս անատոմիապես ժամանակակից մարդու ներթափանցումը Հայկական լեռնաշխարհի գոնե թե այդ բարձրադիր հատվածները: Մինչ այդ այդպիսի հուշարձան Հայկական լեռնաշխարհում չէր հայտնաբերվել: 

Աղիտու-3 քարայրը ոչ մեծ չափերի քարայր է, որը մարդը պարբերաբար գործածել է որպես կացարան. ռադիոածխածնային վերլուծությունները թույլ են տալիս հուշարձանը հասակագրել մեզանից 40 հազարից մինչեւ 23 հազար տարվա վաղեմության: «Ցավոք, վերին շերտը պահպանված չէ, որովհետեւ խորհրդային շրջանում այստեղ ռեստորան են փորձել կառուցել, ավիրել են նաեւ կոլխոզի ժամանակ: Քարայրը հետաքրքիր է նաեւ նրանով, որ, բացի պալեոլիթյան հուշարձան լինելուց, այդտեղ պեղումների շնորհիվ բացել ենք հետաքրքիր անտիկ դամբարան. քարայրում նման թաղումն արտակարգ երեւույթ է եւ հավանաբար ծիսական բնույթ ունի: Իհարկե, այս ամենը դեռեւս ուսումնասիրության փուլում է», - նշեց արշավախմբի ղեկավարը:

Հնագետի տեղեկացմամբ՝  սա լավ պահպանված առաջնակարգ հուշարձան է, որովհետեւ շերտերում հանդիպում են ոչ միայն վերին պալեոլիթյան շրջանի քարե գործիքներ, այլեւ կենդանաբանական, միկրոկենդանաբանական մնացորդներ, ոսկորից գործիքներ, նույնիսկ ծովախխունջներից շարան: Վերջինս թույլ է տալիս ենթադրել Պարսից ծոցից տարածքի բնակչության հետ կապերի մասին: «Սա ցույց է տալիս homo sapiens-ի` ժամանակակից մարդու ներթափանցումը Հայկական լեռնաշխարհ:

Չափազանց կարեւոր մի իրողություն, քանի որ Իրանում, Իրաքում, Վրաստանում այդպիսի հուշարձաններ կային եւ հանելուկային էր, որ մինչ այս Հայաստանում նմանատիպ հուշարձան հայտնաբերված չէր: Աղիտու-3 քարայրը, կարծեք, մի հենակետ էր, որը լրացրեց, նաեւ բացահայտեց հարեւան երկրների հետ կապերը», - նշեց Բ.Գասպարյանը:

Հարեւան երկրների նմանատիպ քարայրերը կարստային (կրաքարային) ծագում ունեն, իսկ Աղիտու-3 քարայրի պեղումները պարզեցին, որ մարդն այստեղ փոփոխական միջավայր է մտել. քարայրի շերտերում նկատվում են հրաբխային մոխիր, փլուզվածքներ, որոնք հավանաբար կապված են հրաբխային եւ երկրաշարժային ակտիվության հետ: Այստեղ մասնագետները գործ ունեն բավական բարձր տեղադրված քարայրի հետ եւ պիտի հասկանալ, թե ինչն է պատճառը, որ մարդը հարթավայրից հանկարծ հասել է այդ ցուրտ միջավայր:

Բորիս Գասպարյանի հավաստմամբ՝ մարդու այստեղ հայտնվելը մի քանի պատճառ կարող է ունենալ. նախ՝ հումքային ստրատեգիան: Սյունիքի բարձրավանդակում գտնվում են վանակատի կամ օբսիդիանի հարուստ պաշարներ, որ ունի համառեգիոնալ նշանակություն: Փաստերը ցույց են տալիս, որ այստեղի վանակատը հասել է մինչեւ ՈՒկրաինա, Եվրոպա: Երկրորդ պատճառը հավանաբար Սյունիքի հարուստ կենդանական, բուսական աշխարհն է, որի բազմազանության համար նաեւ հրաբխային մոխիրն է նպաստավոր պայմաններ ստեղծել: Երրորդ գործոնն այն է, որ հավանաբար քարայրի առաջ ճահճային-սառցադաշտային լճակ է եղել, որի սառույցը, ամռանը հալվելով, իդեալական պայմաններ է ստեղծել թռչունների, մանր կենդանիների եւ կաթնասունների համար: Մարդը, տեղավորվելով այստեղ, նախեւառաջ զբաղվել է որսորդությամբ: Այսինքն՝ այս բարձրադիր գոտում մարդուն գրավող մի քանի գործոններ են եղել:

Մասնագետների պնդմամբ՝ մի կողմից այսպիսի շատ երկար ապրած հուշարձան ունենալը շատ լավ է, բայց այդ դեպքում ժամանակագրական շերտերը խառնվում են, մյուս կողմից էլ, ի զարմանս մասնագետների, Աղիտու-3 քարայրն իդեալական շերտագրություն ունի:

Ծրագիրը շարունակական բնույթ ունի, ներկայումս հասել են մինչեւ 6 մ խորությամբ շերտին. անտիկ շերտը դեռեւս թույլ չի տալիս տեսնել պալեոլիթյան շերտը: 2016թ. գերմանական կողմն անտիկ շերտի պեղումներին չի մասնակցի, քանի որ նրանց հետաքրքիր չէ այդ շրջանը: Բացի դրանից՝ նրանք այդ շրջանի մասնագետներ չեն: Փոխարենը նրանք կկատարեն պեղումների շնորհիվ դուրս բերված հազարավոր իրերի հաշվում, գծագրում, լուսանկարում եւ այլն: Բ.Գասպարյանը նշեց, որ այս տարի աշխատանքներում կընդգրկի ինստիտուտի՝ այդ շրջանով զբաղվող երիտասարդ մասնագետներին:

Կենտրոնական Հայաստանում, ինչպես օրինակ, Հրազդանի կիրճում, քարայրի խորությունը հասնում է 1-1.5 մ, իսկ Աղիտու-3 քարայրը 6 մ խորություն ունի, որի պատճառը հավանաբար նաեւ բնակլիմայական պայմաններն են (քամիների պատճառով նստվածքակուտակումներ են առաջացել):

Արշավախմբի հայկական կողմը կշարունակի պեղումները նաեւ Աղիտու-7 քարայրում՝ Աղիտու-3 քարայրից քիչ հեռու գտնվող՝ հուսալով բացահայտել պալեոլիթյան շրջանին պատկանող նոր սկզբնաղբյուր. Աղիտու-3 քարայրի ուսումնասիրությունը ավարտելու դեպքում Աղիտու-7 քարայրը կլինի ուսումնասիրրության նոր օբյեկտ: «Աղիտու-7 քարայրում դեռեւս միջնադարյան շերտն ենք ուսումնասիրում. քարայրը հավանաբար փարախ է ծառայել: Բայց այդտեղ մեկ այլ խնդիր կա. մի քանի մետր եւս բացելու դեպքում հավանաբար պեղավայրի չափերն ավելացնելու կարիք կլինի», - նշեց Բ.Գասպարյանը:

Հնագետի հավաստմամբ՝ գերմանական կողմի հետ համագործակցությունը նախեւառաջ հնարավորություն է տալիս հետազոտությունները կատարել գիտության ամենավերջին ձեռքբերում համարվող սարքավորումներով հագեցած լաբորատորիաներում: Հնագիտական աշխատանքների համար ներդրված գումարի առյուծի բաժինը գերմանական կողմն է ապահովում. իհարկե Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտը եւս կատարում է ներդրում: Կարեւոր է նաեւ այն հանգամանքը, որ անգլերենով հոդվածներ են հրապարակվում մեր կատարած աշխատանքների վերաբերյալ, ինչը Աղիտու-3 քարայրին համաշխարհային հնչեղություն է տալիս:

Բորիս Գասպարյանն այս քարայրի գտածոներից հատկապես արժեւորում է 26-27 հազար տարվա շերտից հայտնաբերված ոսկրե ասեղը, որ ցույց է տալիս որսի ժամանակ առանձնացված կաշվեղենի՝ որպես հագուստ մարդկանց ծառայելը: Քարայրի շերտերում հայտնաբերված օջախների հետքերից, նրանց շուրջը սփռված հազարավոր քարե գործիքներից, նետասլաքներից, կենդանիների ոսկորներից հաստատապես կարելի է ասել, որ այն ժամանակվա մարդու գործունեության հիմնական ուղղվածությունը որսորդությունն էր:

Հայտնաբերված գտածոների շնորհիվ հնարավոր է պատկերացում կազմել ոչ միայն այն ժամանակվա մարդու գործունեության, այլեւ շրջակա միջավայրի կենդանական, բուսական աշխարհի, կլիմայի վերաբերյալ: Կենդանիների ոսկորները ցուցադրական արժեք չունեն, բայց ԴՆԹ հետազոտությունների համար բավականին հետաքրքիր են: Պալեոլիթյան շրջանի մարդու ոսկոր չի հայտնաբերվել, բայց անտիկ շրջանի դամբարանից գտնվել է:

Կենդանական աշխարհից հետաքրքրական է գայլի առկայությունը: Գայլն անընդհատ ուղեկցել է մարդուն. ամենայն հավանականությամբ երբ մարդը լքել է քարայրը, գայլը մտել է այնտեղ  եւ կերել մարդու կերակրի մնացորդները, կամ էլ մարդը ուտելիս բաժին է հանել նաեւ գայլին: «Համենայն դեպս ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գայլը մշտապես գտնվել է մարդու շրջակայքում, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ հավանաբար սկսվում էր շան ընտելացման ժամանակաշրջանը: Թեկուզեւ քարայրից հայտնաբերված գայլի ոսկորի ԴՆԹ-ն շան ԴՆԹ-ի հետ որեւէ կապ չունի (Սիբիրում այդ ժամանակաշրջանում շան ընտելացման պրոցեսն արդեն ընթանում էր)», - նշեց հնագետը:

Ի դեպ, ծովախխունջներից պատրաստված շարանն առաջին գտածոն է, որ նախեւառաջ ցույց է տալիս հարեւան երկրների հետ կապերը, եւ երկրորդ՝ մարդու սիմվոլիկ մտածելակերպը: Եվ բնականաբար Աղիտու-3 քարայրն այս ամենով հանդերձ առաջնակարգ հուշարձան է Հայաստանի եւ տարածաշրջանի համար: Արշավախմբի հայկական կողմի ղեկավարի տեղեկացմամբ՝ նմանատիպ հուշարձանների թիվը Հայաստանում գնալով ավելանում է, բայց Աղիտու-3 քարայրն իր ուսումնասիրության մակարդակով կմնա որպես վերին պալեոլիթյան դասական հուշարձան:

Պեղումների շնորհիվ հայտնաբերված գտածոները դեռեւս հետազոտման, մշակման փուլում են, եւ հայտնի չէ, թե որ թանգարանը կլինի նրանց վերջնական հանգրվանը:

«Ապագայում կարելի է այդ քարայրը դարձնել տուրիստական զբոսավայր, ինչի համար մեծ նեդրումներ հարկավոր չեն (Իսրայելի փորձը հաշվի առնելով` կարելի է պեղված հատվածներն ամրակայել, մուլյաժներ տեղադրել եւ այլն): Սա եկամտի աղբյուր կլինի նախեւառաջ գյուղացիների համար: Բացի դրանից՝ Հյուսիս-հարավ կառուցվելիք ճանապարհին Աղիտու-3 քարայրը կլրացնի այդ տարածաշրջանի հետաքրքիր ու արժեքավոր հուշակոթողների շարքը», - նշեց Բ.Գասպարյանը:

Հնագույն հուշարձանների հանդեպ իշխանավորների հետաքրքրվածության մասին հարցին այսպես պատասխանեց հնագետը. «Մեր իշխանությունները սիրում են հպարտանալ: Իմ կարծիքով՝ հնագիտական աշխատանքները վերջացնելուց հետո, երբ հերթը հասնի հուշարձանի թանգարանացմանը, թե՛ տեղական, թե՛ մարզային իշխանությունները շահագրգռվածություն կցուցաբերեն: Մենք հանդես կգանք առաջարկներով, եւ չեմ կարծում, որ իշխանությունները քարայրը պահպանելու համար համապատասխան միջոցներ չհայթայթեն»:

Ինչպես նշեց Բ.Գասպարյանը, հուշարձանն աչքի լույսի պես պահողը տեղաբնակներն են, որոնց համար այդ պեղումները նախեւառաջ ապահովում են աշխատատեղ: Բացի դրանից՝ նրանք գիտակցում են, որ պիտի դադարեն ապրել ոսկի գտնելու տենդով: Աստիճանաբար պիտի ձեւավորվի այն գիտակցական մակարդակը, որ հայտնաբերված ոսկորն ավելի թանկ կարող է արժենալ: Թե՛ համայնքի ղեկավարության, թե՛ բնակիչների հետ բարիդրացիական հարաբերություններ են ստեղծվել, եւ հնագիտական աշխատանքները կատարվում են ջերմ մթնոլորտում:

«Սյունիքը մեզանում հնագիտորեն ամենաթույլ ուսումնասիրված տարածքն է, եւ այդ առումով կատարված եւ կատարվելիք աշխատանքները նոր բացահայտումներ կտան: Սյունիքի հողն իր խորքերում դեռ շատ գաղտնիքներ ունի թաքցրած», - զրույցն ամփոփեց արշավախմբի ղեկավար Բորիս Գասպարյանը:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25