«Ակսել Բակունցը որպես անխարդախ ժողովրդայնութեան առաջամարտիկ խորհրդահայ գրականութեան մեջ» աշխատությունը

12.06.2019 18:00
1130

1959թ. ԳՖՀ-ի Մյունխեն քաղաքում լույս է տեսել գրականագետ Լեւոն Մկրտչյանի «Ակսել Բակունցը որպես անխարդախ ժողովրդայնութեան առաջամարտիկ խորհրդահայ գրականութեան մեջ» աշխատությունը: Այդ մենագրությունը նախապես հոդվածի ձեւով  նախատեսված է եղել հրատարակել  ԽՍՀՄ–ի ուսումնասիրության ինստիտուտի կողմից հրատարակվող «Կաւկազիան Ռեւու» անգլերեն հանդեսի համար: Այսինքն, որպես ընթերցող նկատի էր առնված  իրականության  մանրամասնություններին անծանոթ օտարազգի մտավորականությունը, որն էլ իր դրոշմն է դրել գործի ընդհանուր շարադրանքի եւ ոճի  վրա:

Հեղինակը ձգտել է, ըստ էության, ճշմարտացի դրսեւորումներով ցույց տալ Ակսել Բակունցի գործունեության իրական պատկերը` վերհանելով նրա ստեղծագործության գլխավոր հատկանիշը՝ ժողովրդայնությունը եւ  ջանալով  բնորոշել նրա աշխարհայացքի հիմնական կողմերը:

Աշխատության մեջ, Բակունցին անմիջապես վերաբերող նյութերից բացի, օգտագործված են խորհրդային ընդհանուր եւ գրական-մշակութային միջավայրն արտացոլելուն առնչված նյութեր:

Այս մենագրության նպատակն է եղել նաեւ թարմացնել Բակունցի լուսավոր հիշատակը՝ նրա  ողբերգական մահվան քսանամյակի առթիվ:

Լ. Մկրտչյանն ի սկզբանե մերժում է խորհրդային գրականության  մեթոդոլոգիան եւ բնավ չի ձգտում փորփրել  մարքսիզմ-լենինիզմի դասականների խառնիխուռն երկերը, որպեսզի այնտեղից քաղած զանազան մեջբերումներով հաստատի կամ հերքի գրականագիտական այս  կամ այն դրույթը: Ինչո՞ւ: Որովհետեւ նախ` չի հավատում, թե մարքսիզմ-լենինիզմի դասականներն այնքան գեբնական ու ամենագետ են եղել, որ կարողանային սպառիչ խորությամբ  հետազոտել մարդկային ճանաչողության բոլոր ոլորտներն անխտիր:

Եվ  երկրորդ. որովհետեւ մտածման ազատությունն ի բնե չի ճանաչում հավիտենապես պարտադիր գիտական հեղինակություններ, նույնիսկ ամենից հանճարեղներին, որոնց կուրորեն հետեւելն անխուսափելիորեն հասցնում է ստեղծագործական ամլության եւ մշակութային  լճացման:

Երրորդ գլխում («Խորհրդահայ գրական սերնդի երկու  կարկառուն դէմքերը- Եղիշե Չարենց եւ Ակսել Բակունց») զուցահեռի վրա դնելով Չարենցի եւ Բակունցի կերպարները, հեղինակը նշում է, որ այս երկու անհատականությունն անպայման  բարձրանում են մյուսներից եւ առաջին հերթին իրենց տաղանդով ու ստեղծագործության որակով: Դրանից զատ, նրանք «աչքի են ընկնում իրենց բացառիկ անհատականութեամբ, համարձակութեամբ, միշտ կատարելագործւելու բուռն  ձգտումով  եւ շրջապատի վրայ թողած  խորունկ ազդեցութեամբ»:

Այդ ամենով հանդերձ, ըստ  հեղինակի, Չարենցն ու Բակունցը  տարբեր էին միմյանցից անհատական խառնվածքով եւ գրական ըմբռնումներով ու գրական-հասարակական շատ խնդիրներում  ուղղակի հակոտնյա  դիրքերի վրա էին:

Սակայն տարիների ընթացքում նրանք աստիճանաբար մոտեցան, «մէկը միւսին աւելի լաւ հասկացաւ, եւ մի շարք առանցքային խնդիրներում իրար գտան ու փոխադարձաբար խանդավառւեցին»: Վերլուծելով երկու մեծերի ստեղծագործական ուղիներն ու մեթոդները, հեղինակը նշում է, որ «Չարենցը հիմնականում բանաստեղծ էր, թեեւ գրել է նաեւ արձակ գործեր: Բակունցն արձակագիր էր, որի արձակը թաթախւած էր թրթռուն բանաստեղծականութեամբ»:

Հետաքրքիր է այն դիտարկումը, ըստ որի, Բակունցի ուղին արտաքուստ  միակտոր է: Բակունցը երբեք ինքն իրեն չի հերքել: Նա ոչ մի բանով «չափազանցեալ կերպով չի յափշտակւել, ոչինչ չի ժխտել սոսկ յուասխաբութիւնից թելադրւած: Դրա պատճառը միայն այն չէ, որ նա գրական ասպարէզ մտաւ աւելի հասունացած տարիքում: Հիմնական պատճառը թաքնւած է Բակունցի խառնվածքի մէջ: Նա հաստատակամ էր եւ լուրջ»:

Չորրորդ գլուխն ամբողջությամբ նվիրված է Ակսել Բակունցի կյանքի եւ գրական գործունեության, նրա գրական  վաստակի ու ժառանգության քննությանը: Մանրամասն  ներկայացնելով գրողի կենսագրականը, աշխատության հեղինակը վերստին զուգահեռներ է տանում Չարենց-Բակունց գրական հարթության վրա: Շեշտադրվում է, որ Բակունցի գրական-հասարակական գործունեությունը շրջադարարձային աշխուժություն է ստանում 1931թվականից, երբ ընտրվում է Արտաշես Կարինյանի  խմբագրությամբ լույս տեսնող «Նոր  ուղի» հանդեսի խմբագրական կոլեգիայի կազմում, իսկ  նույն տարվա մարտին մտնում է Հայաստանի պրոլետ-գրողների ասոցիացիայի նոր վարչության մեջ՝ Եղ. Չարենցի կողքին: 

Ճշմարտացի խոսք ասելով  Բակունց գրողի եւ  հայրենասերի  գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ, գրքի հեղինակը մատնանշում է այն դժվարին խոչընդոտները, որոնք կամա եւ նաեւ ակամա դրված էին նրա առջեւ: Իսկ այն, որ Բակունցը մեծապես ազգային  նկարագիր ունեցող անհատ էր, երեւում  է գրքի ամբողջ շարադրանքից:

Նույնիսկ  կինոյի  ոլորտում գրողը հանդես է բերում իր հստակ արտահայտված  ազգային  հակումն ու նկարագիրը` ձգտելով, որ  1930-ակակ թթ. հայ կինոյի գործունեության ծրագրում ընդգրվեն հայ ժողովրդի ազգային-ազատագրական շարժման ճշմարտացի ընթացքը բացահայտող վավերագրական ու գեղարվեստական դրվագներ, ինչը, բնականաբար, մերժվում  է այդ  դարաշրջանի  բոլշեւիկյան գրաքննիչների կողմից:

Աշխատության մեջ էական ու խորին անդրադարձ կա մեծ գրողի մահվան եւ անմահության խորհրդին:

Հայ գրականության համար մահաբեր համարվող 1937 թվականից հետո Բակունցի  անունն ու  գործը մոռացված եւ անտեսված  էին տասնամյակներով՝ մինչեւ երկրի  ապաստալինականացումը: 

1956թ. հոկտեմբերին  Հայաստանի գրողների միությունը որոշեց կազմավորվել Բակունցի գրական ժառանգությունը  հետազոտող  եւ հավաքող  հանձնաժողով: Մեծ թափ է ստանում գրողի վերաբերյալ  արխիվային նյութերի որոնման ու  հավաքման գործընթացը: Սակայն, ըստ հետազոտող հեղինակի, կոմունիստական բռնադատիչները չէին բավարարվել լոկ գրողին բանտարկելով ու մահվան  մատնելով, այլ ձգտել էին «ոչնչացնել կամ թաքցնել նաեւ նրա ձեռագրերը, գրառումները, հաւաքած նիւթերը, որպէսզի հետք չմնա նրա տակաւին  չտպւած բեղուն  ժառանգութիւնից»: Դա ֆիզիկական բռնություններից ավելի  վտանգավոր  էր: 

Հետաքրքրական է, որ աշխատության հեղինակը  մեջբերում էր  կատարել  ռուս գրաքննադատ Կարնելի Ջելինսկուց, որում հետեւալ միտքն էր. «Մեր կուլտուրայի  թշնամիները 1937 թվականին Ակսել Բակունցին տարան իր տանից, եւ նա  դիմաւորեց իր մահը որպէս կոմունիստ եւ այլեւս չվերադարձաւ  տուն»:

Հայ  գրականագետը սույն պնդման կապակցությամբ հետեւյալն  է արձանագրում. «Անշուշտ, Բակունցին սպանեցին հայկական եւ առհասարակ  մարդկային  մշակոյթի թշնամիները, որոնց ժառանգներն ամեն օր պատրաստ են նույն բանն  անելու, բայց ակնյայտօրէն սխալւում է Ջելինսկին, երբ  ասում է, թե Բակունցը «դիմաւորեց իր մահը  որպէս կոմունիստ», քանի որ այլ  բան է վկայում նրա կեանքը իր էութեամբ»:

Հինգերորդ  գլխում հեղինակը քննության առնելով Բակունցի  ստեղծագործության բովանդակությունն ու դիմագիծը, ընդհանրական այն եզրահագմանն է հասնում, որ գրողի ստեղծագործության հիմնական նյութը եղել է բուն հայ  ժողովրդի կյանքը եւ նա սկսել է գրել այն  ամենից, ինչ որ իրեն ավելի էր ծանոթ: 

Եվ քանի որ նրա կենսափորձն անընդհատ հարստանում էր եւ կյանքի ճանաչողությունը խորանում, ապա այդ փոփոխություններն արտացոլվում էին նաեւ յուր գեղարվեստական սոտեղծագործության մեջ՝ նյութերի ընտրության եւ դրանց մշակման առումով:

Եթե սկզբում Բակունցը զբաղվում էր միայն նախախորհրդային հայ գյուղով եւ իրեն շրջապատող խորհրդային գյուղի էական տեղաշարժերով, ապա հետագայում իր ստեղծագործական շրջանածրի մեջ առավ հին եւ  նոր  քաղաքի կյանքը, 1930-ական թթ. հայ մարդու ապրումները, երկրի սոցիալական ու տնտեսական կերպարանափոխությունը, իսկ ավելի ուշ տարվեց ու տարածվեց դեպի պատմական  ու  համապարփակ  թեմաները:

Լ. Մկրտչյանը քննադատում  է խորհրդային  գրախոսների այն տեսակետը, թե Բակունցի նկարագրած գյուղական պատկերներից միայն հնին վերաբերող պատկերներն են  տխուր, ծանր, չարքաշ կյանքի արտացոլումը հանդիսանում:

Աշխատության հեղինակը համոզված պնդում է, որ դա ճիշտ չէ, քանզի 1920-ական թվականների խորհրդահայ  գյուղի պատկերը  եւս պայծառ չէ: Ինքնաբերաբար իրականությունը նմանվում է հնի վատ պատկերներին:

Վեցերորդ գլխում  («Արուեստի դրսեւորման առանձնայատկութիւնները Բակունցի երկերում») հեղինակը խտացված կերպով հետեւյալն  է շարադրում. «Եթե գրողի երկերը իրենց բովանդակությամբ եւ նպատակասլացությամբ տոգորված են ապրող  ժողովրդի իրական կյանքն ու իրական ձգտումները ներկայացնելու, կյանքի իրական  ճշմարտությունը գեղարվեստական պատկերավորման միջոցով տեսանելի, շոշափելի եւ  ուսանելի  դարձնելու մտահոգությամբ, ապա նունքան «հետաքրքրութիւն են ներկայացնում արուեստի դրսեւորման իրենց խրայտակութեամբ, - մանավանդ, երբ նկատի ենք առնում, որ այդ արուեստը խիստ տարբերւում է հորհրդային պայմաններում իր ժամանակ խրախուսող անկենդան չորութիւնից»:

Ըստ հետազոտողի` եթե արվեստի դերը որոշ առումով կայանում է գեղարվեստական հաճույք պատճառելու մեջ, ապա Բակունցին լիովին հաջողվել է դա անել իր համակ ստեղծագործությամբ:

Խորամիտ է այն դիտարկումը, որ Բակունցը մեծ խնամք  է տարել իր երկերի արվեստը մշակելու բնագավառում եւ ջանացել է, որ այն լինի նւազ «արւեստական» եւ որքան հնարավոր է, շատ բնական: Նա միշտ աչքի առջեւ է ունեցել  արտահայտման  եւ ընկալման հոգեբանության օրինաչափությունները, երբեք չի փորձել  «խաբուսիկ  գեղեցկութիւններ  ստեղծել եւ սպասել, որպէսզի  մարդիկ նրանցով հրապուրւեն ու կուրանան, այլ  ձգտել  է յայտնաբերել կեանքի տգեղութիւնների կողքին  նաեւ նրա  գեղեցիկ կողմերը՝ մնայուն վայելքի համար»:

Աշխատության ութերորդ գլուխը ներկայացում է Բակունցին որպես գրականագետ եւ գրական  դաստիարակ, որն ինքնին շատ հետաքրքիր դիտարկումներ է պարունակում:

Սույն  հոդվածը թերեւս ամփոփենք աշխատության վերջին՝ 10-րդ գլխի («Բակունցի ճակատագիրը անխարդախ  ժողովրդայնության ճակատագիրն է») գնահատությամբ եւ իմաստավորումով, որը նաեւ բանալին  է ամբող աշխատության ճշմարտացի  ըմբռնման ու ընկալման:

Հեղինակը համոզիչ տրամաբանությամբ  դիտարկում է, որ գրականության բնագավառում գործող այն ուժերը, որոնք ունեին  առաջադեմ եւ ժողովրդական աշխարահայացք, դավանում էին ստեղծագործական  առողջ սկզբունքներ, ֆիզիկապես հալածվեցին եւ շատ հաճախ զոհվեցին, իսկ նրանց  ելակետային սկզբունքները դարձան իշխանության մշակութային  քաղաքականության ցուցանակային նշանախոսքերը:

Այսպիսով տեղի ունեցավ մի արտասովոր նենգափոխություն: Իշխանությունը «յուրացրեց» իր զոհերի տեսակետները եւ գործադրեց  միանգամայն հակադիր ուղղությամբ:

Այդ սկզբունքներից մեկն էր արվեստի եւ  գրականության ժողովրդայնությունը: Ընդ որում` ժողովրդայնությունը կարող է լինել  մեկ, բայց  ոչ բազմաթիվ տեսակի: Դա  անխարդախ ժողովրդայնությունն է, որը ձգտում  է ճշմարտացիորեն արտացոլել մարդկային հարաբերությունների բարդ ընթացքը եւ իր  արտահայտման վավերական  բնույթով ազդակ ծառայել պիտանի  անհատների գումար ժողովրդի քաղաքակրթական բարձրացման համար:

Եվ այդ սկզբունքի կիրառումն անհնարին է մի երկրում, որտեղ միահեծանորեն իշխում է մեկ կենտրոնացված կազմակերպություն, մեկ ինքնահավան  գաղափարաբանություն:

Աշխատության հեղինակն ընդհանրացնում է, որ Բակունցի անհատական ճակատագիրը նույնացավ անխարդախ  ժողովրդայնության ճակատագրի հետ: Երկար ու  համառ պայքարից հետո նրան եւ նրա  գաղափարակիցներին հաջողվեց քաղաքացիական իրավունք նվաճել ժողովրդայնության սկզբունքի  համար: Բայց հերոսական դիմադրության եւ ժողովրդի  բնական  իրավունքների պաշտպանության համար մաքառող  ուժերի ընտրյալ ներկայացուցիչներն իրնեք անվանարկվեցին եւ զոհվեցին  որպես  «ժողովրդի թշնամիներ», իսկ ժողովրդայնության դրոշը «առեւանգւեց նրա յաղթանակին հետամուտ առաջամարտիկների ձեռքից ու բարձրացւեց ժողովրդայնութեան թշնամիների  գլխից վեր որպէս  ապակողմնորոշող հովանի»:

Միանգամայն ճշմարտացի է հնչում այն դիտարկումը, որ Բակունցի նման անհատները եղան հակաժողովրդական իշխանության զոհերը՝ իրենց մարդկայնության, ժողովրդայնության անհատական ու ստեղծագործական բարձր արժեքների պատճառով:

Եվ օրինաչափ ու տրամաբանական է այն եզրահանգումը, որ Բակունցի դիմագիծն իր իսկությամբ ներկայացնելը նշանակում է նրան կորստի մատնող ուժերի սնանկության  եւ անընդունելիության բացահայտում, քանզի որքան ավելի ցայտուն երեւա Բակունց անհատի  մեծությունը, այնքան ավելի կպարզվի նրան ոչնչացնողների  չնչինությունը: 

Վերջում ընդգծենք, որ Լ. Մկրտչյանի  սույն աշխատությունն իր բնույթով եւ բովանդակությամբ  աննախադեպ գործ է: Նման  գիրք  տվյալ ժամանակում չէր կարող ստեղծվել եւ հրատարակվել նախկին Խորհրդային  Միության  տարածքում:                                                     

                                                                                                    Կարապետյան Ա.Հ.

                                                                            Պատմական գիտությունների    թեկնածու,   

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող 

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34