Ալեն Դավթյանն է ցույց տալիս՝ Քաջարանց գյուղում այգեգործության մեծ հնարավորություններ կան

18.08.2022 11:37
3374

Քաջարան անունը մեզանում, առնվազն յոթ տասնամյակ շարունակ, լեռնահանքային արդյունաբերության հոմանիշ և խորհրդանիշ է: Ավելին՝ Քաջարան հանքավայրն ու Քաջարանի կոմբինատը, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ է կոչվում, աշխարհահռչակ անուններ են հատկապես մոլիբդենի արտադրության ոլորտում...
Այդ ամենին զուգահեռ և այդ ամբողջ ընթացքում, նաև դրանից առաջ՝ դարեր շարունակ, Քաջարանց գյուղը հայտնի է եղել գյուղատնտեսության լուրջ ներուժով ևս. Կապուտջուղի արևելյան լանջերն ի վեր սփռված ալպիական արոտավայրեր, սառնորակ և մաքուր ջրաղբյուրներ ու գետակներ, խոտհարքներ, բանջարաբոստանային մշակաբույսերի համար պարարտ հող...

Այլ հարց է, թե այդ ռեսուրսները որքանով են օգտագործվել ու օգտագործվում...

Պարզվում է սակայն, որ Քաջարանց գյուղի հողատարածքները՝ ծովի մակերևույթից 2050 մ բարձրությամբ, նաև այգեգործության, պտղաբուծության համար մեծ հնարավորություններ ունեն...

Այդ «բացահայտման» գլխավոր հեղինակն Ալեն Դավթյանն է՝ իր նախնյաց եզերքի մերօրյա նվիրյալը, ով  վերջին վեց տարում այգեգործական տնտեսություն է հիմնել՝ փռված գյուղից դեպի արևմուտք, դեպի Կապուտջուղ-Աժդանական, դեպի հրաշալիք Կապուտան երթի ելած լեռնագագաթների ստորոտում (հանդամասը կոչվում է Գիդրջանց):

Ո՞վ է Ալեն Դավթյանը:

Քաջարանց գյուղի հայտնի գերդաստաններից մեկի շառավիղն է, ծնված 1981-ին, մասնագիտությամբ ճարտարագետ ու տնտեսագետ, ծառայել է հայոց բանակում, հիմնականում զբաղվել է ձեռնարկատիրությամբ:

Դեռևս 2016-ին հիշյալ տարածքում ձեռք է բերել ութ հա հողամաս և պտղատու այգի հիմնելու փորձնական քայլեր ձեռնարկել: Եվ դա այն դեպքում, որ այնտեղ ավանդաբար բանջարաբոստանային մշակաբույսեր են միայն աճեցվել՝ կաղամբ, ճակնդեղ, կարտոֆիլ...

Նախ տնկել է մրգատու բազում ծառատեսակներից նմուշներ՝ յուրաքանչյուրից մինչև քսան մատղաշ ծառ: Հիմնականում՝ խնձորենի, տանձենի, ծիրանենի, կեռասենի, բալենի, հոնի, սալորենի, դեղձենի, զկեռենի, հաղարջենի, ընկուզենի...

Բոլոր տնկիները, բացի նշենուց, դիմացել են տեղանքի կլիմայական պայմաններին և հարմարվել միջավայրին:

Հետագայում՝ ամեն տարի, փորձարկված ծառատեսակներից նորանոր ծառեր են տնկվել, ընդհանուր թվով՝ 12300 ծառ:

Աշնանը կտնկվի ևս 2750 ծառ, որի համար նախապատրաստական ակտիվ աշխատանքներ են տարվում ներկայումս:

Նկատի ունենալով տեղանքի բնակլիմայական առանձնահատկությունները՝ այգու չորս կողմում բարդիներ են տնկվել և տնկվում, որոնք իրենց բարձր, սլացիկ ներկայությամբ տարիներ հետո կպաշտպանեն այգին՝ հնարավոր ուժեղ քամիներից, որոնք այդ կողմերում անխուսափելի են:

Որքան էլ զարմանալի է՝ հսկայական այդ հողամասը մշակում են վեց հոգով: Նրանցից երկուսին հանդիպեցինք՝ Ռուբիկ Մուսայելյան և Հենրիկ Հարությունյան, որոնց փորձն ու մասնագիտական դրվատելի կարելիությունները, նաև քրտնաջան աշխատանքը հնարավոր չէր չնկատել:

Ռուբիկի և Հենրիկի ուղեկցությամբ շրջագայեցինք այգում: Եղանք նաև այգու այն հատվածում, որտեղ այս աշնանն արդեն իսկ բերքահավաք է սպասվում: Մինչ այդ կեռասի, թթի, նաև վաղահաս ծիրանի բերք են ունեցել, իսկ ուշահաս ծիրանը կհավաքեն հոկտեմբերի 10-ից ոչ շուտ:

Մենք արժանացանք հյուրասիրության և այգու մրգերը համտեսելու հնարավորություն ունեցանք. առավել տպավորիչ էր ծիրանը՝ մեղրացած:

Այգեպանները մրգերի քաղցրության և անուշության էական պայման համարեցին ոռոգելի ջրի բարձր որակը, որ բերել-այգի է հասցվել (ինքնահոս եղանակով) մոտ 600 մ հեռավորությունից՝ Ուղտահան կոչված վայրից: Իսկ այդ վայրերի ջուրը, իրոք, անմրցելի է իր մաքրությամբ, քաղցրահամությամբ: Մի փոքր հարավ Կապուտջուղ և Քաջարանց գետակներն են գրկախառնվում իրար և ծնունդ տալիս Ողջի գետին. դրանց ջրերը չափազանց հաճելի են խմելու համար, դրանցով էլ ոռոգվում են այգիները...

Այս տարի բերքի մթերման անհրաժեշտություն չի լինի, բայց եկող տարի նման խնդիր կառաջանա, ինչի համար էլ Ալեն Դավթյանը պատրաստվում է այգու մերձակայքում գտնվող երբեմնի անասնաշենքի հիմքերի վրա սառնարանային տնտեսություն հիմնել:

Մի երևույթ էլ, որի կողքով հնարավոր չէր անտարբերությամբ անցնել. ամբողջ այգում դաղձի ծաղկի աստվածային բույրն էր թևածում... Ու նորովի հասկացանք, թե ինչու է այդ ծաղիկը հավերժորեն տնավորվել հայ գրականության արևոտ անդաստանում՝ շնորհիվ Սյունյաց աշխարհի մեծ զավակ, մեծ քնարերգու Համո Սահյանի: Եվ ակամայից հիշեցինք «Դաղձի ծաղիկ» ժողովածուն, մտաբերեցինք գրքի մի քանի բանաստեղծություններ, որոնց թվում և այս քառատողը՝

Ծլել ենք: Ապրել ենք ու բացել

Մեզ համար մեր հոգու խորունկը,

Եվ էլի դժվար ենք հասկացել

Մեր ցեղի գոյության խորհուրդը...

Իսկապես, չենք հասկացել ու շարունակում ենք չհասկանալ մեր ցեղի գոյության խորհուրդը, բայց և տեսել ենք քանիցս ու հիմա էլ երբեմն տեսնում ենք, որ մեր լինելիության ստույգ գրավականը սեփական ուժերին ապավինելն ու միասնությունն է, նաև ստեղծարար աշխատանքը, որի մի փոքրիկ, բայց և ուշագրավ օրինակն Ալեն Դավթյանի այգին է՝ Սյունյաց աշխարհի օլիմպոս համարվող Կապուտջուղի արևելահայաց ստորոտում:

Մեր այցելության օրը՝ օգոստոսի 15-ին, սակայն, չհանդիպեցինք Ալեն Դավթյանին, Երևանում էր: Բայց նախաձեռնած գործով գրեթե ամբողջական պատկերացում կազմեցինք նրա ստեղծարար կերպարի մասին:

Նման տպավորություններով էլ վերադարձանք...

Հ.Գ.

Մեր ստեղծագործական խումբը Քաջարանց գյուղի հրաշալի այդ անկյուն այցելեց Մերուժան Աթայանի ընկերակցությամբ:

Վերստին համոզվեցինք՝ Սյունիքի մարզաշխարհում ճանաչում ունեցող Մերուժան Աթայանը նաև իր հայրենի քարափների քաջագիտակն է: Նրա լավատեղյակությունը, որ կարևոր է, համեմված է հպարտությամբ: Հպարտություն այն բանի համար, որ մեր պատմության ամենադժվար հանգրվաններում անգամ թուրքը չի հաջողել Կապուտջուղից անցնել Քաջարանց, իսկ եթե երբեմն հաջողել է, ապա ջախջախվել է խորխորատների պռնկին իշխող Արյունոտ քար կոչվող վայրում. և նախնյաց այդ վարքը, ինչպես ինքն է ասում, դաս պետք է լինի ժամանակակիցներիս համար:

Վերադարձից առաջ կանգ առանք Թթու ջուր կոչված վայրում, որը, համայնքապետ Մանվել Փարամազյանի ջանքով, դարձել է հանգստի հրաշալի գոտի:

Սամվել Ալեքսանյան

 

ԿԽՄԿ–ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Ամատունի

21.08.2026 22:19

Այս ամբողջ ընթացքում Ձեր պահվածքը եղել է իսկական հավատավորի և հոգևոր առաջնորդի պահվածք՝ զուսպ ու վեհ․ Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծննդյան առթիվ

21.08.2026 19:37

Ձեր հոգևոր ծառայությունը, հատկապես այս օրերին, առանձնահատուկ դեր և նշանակություն ունի Հայոց Եկեղեցու միասնականության գործում․ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծննդյան առթիվ

21.08.2026 19:35

Առանձնակի երախտագիտությամբ ենք հիշում Ձեր հետևողական և սկզբունքային ձայնը Արցախի հայության իրավունքների պաշտպանության հարցում. Արցախի ԱԺ նախագահի ուղերձը՝ Վեհափառին

21.08.2026 19:31

Թունավոր խաղալիք է հայտնաբերվել․ վաճառքը կասեցվել է

21.08.2026 16:52

Հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը չի կարող լիարժեք լինել առանց հայ գերիների ազատ արձակման․ The Washington Times

21.08.2026 16:47

Տաթևի Մեծ անապատում պեղումների ժամանակ վիմագիր արձանագրություն է հայտնաբերվել

21.08.2026 16:42

Եվ Տիրոջ օգնությամբ «Սյունյաց երկրին» հասանելի դարձավ Խուստուփի առասպելական քարայր–ուխտատեղիի մուտքը

21.08.2026 14:55

Անվճար նախապատրաստական դասընթացներ ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղում

21.08.2026 12:42

Հայաստանը Բաքվում պահվող գերիներին տեսակցելու հարցով դիմել է երրորդ երկրի. ԱԳՆ

21.08.2026 11:39

Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Վահրավար գյուղի օրվա կապակցությամբ

21.08.2026 11:02

Մոսկվան կարող է ընտրողական տնտեսական ճնշում գործադրել ՀՀ-ի վրա․ The National Interest

21.08.2026 10:55