Անդրանիկն Անգեղակոթում

19.04.2015 17:20
4740

Անդրանիկ Օզանյանի զինվորական կյանքի ուշագրավ էջերից են այն ինը ամիսները, որ անցկացրել է Սյունյաց աշխարհում՝ նախ կենտրոն ունենալով Գորիս քաղաքը, ապա՝ Անգեղակոթ գյուղը: Երբ թուրքական զորքերը գրավում են Նախիջեւանն ու Ջուլֆան, տեղի հայերը ստիպված գաղթում են Զանգեզուր: Անդրանիկին մնում էր մի ճանապարհ՝ ամրանալ Զանգեզուրում եւ այն դարձնել անառիկ մի ամրոց: Օգոստոսի 3-ին զորահրամանատարը մտնում է Գորիս: Դիտելով Գորիսի բնական ամրությունները՝ Անդրանիկն ասել է. «Իրավ որ Սյունիքը հետ չի մնա Զեյթունեն եւ Սասունեն»:

«Զորքի համար նա հրամանատար էր, գաղթականության համար՝ հայր», - գրել է ժամանակակիցներից մեկը: Պահապան հրեշտակի նման հսկեց ամբողջ Զանգեզուրի վրա մի այնպիսի ժամանակաշրջանում, երբ կարող էին շատ ու շատ ծանր անակնկալներ պատահել, եթե հեղինակավոր ու ռազմական գործի մեջ թրծված հերոսն օգնության չհասներ:

Թուրքական կոտորածներից եւ հալածանքներից փրկված հայ գաղթականները եւս շարժվում են դեպի Զանգեզուր: Անդրանիկը զորքով ու գաղթականներով կանգ է առնում Գորիսում: Տեղում չկարողանալով պահել ու կերակրել հազարավոր գաղթականներին` մի մասի հետ շարժվել էր դեպի Սիսիան: Նրանց զգալի մասն ապաստան գտավ Անգեղակոթում: Գյուղացիները գաղթականներին օգնում էին հագուստով, ցորենով, այլ սննդամթերքով:

Անդրանիկի՝ Անգեղակոթում անցկացրած ժամանակի հիշողություններն աստիճանաբար մոռացվում են: Սակավ մարդիկ են մնացել, որոնց հիշողության ծալքերում մնացել են անդրանիկյան պատմություններ: Աթանեսյանների այժմյան օջախում է իջեւանել Անդրանիկը, նրա մասին հուշեր է ներկայացնում Արամ Աթանեսյանը, ով Մեծ հայրենականի միակ կենդանի մասնակիցն է Անգեղակոթում: Պատմում է, որ Անդրանիկն Անգեղակոթ էր եկել իր զորականների հետ, գյուղի տների վրա բաշխվել էին նրանք, իսկ ինքը մի քանի հոգով բնակվում էր Աթանեսյանների ներկայիս տանը: Այն սենյակը, որտեղ զորավարն էր գիշերում, պահպանվել է իր նախաստեղծ տեսքով, օճորքի գերանները պահպանվել են, նույնն են նաեւ դուռն ու բռնակը, որոնց դիպել են զորավարի մատները: Նույնիսկ եղել է մեկը, որը, որպես մասունք, ցանկացել է գնել դռան բռնակը, բայց Աթանեսյանները մերժել են: «Անդրանիկի տանը ձեռք չենք տվել, ինչ որ կար, թողել ենք», - ասում են տնեցիները: Անդրանիկի մասին հուշերը համով-հոտով էր պատմում օջախի տիրուհին՝ Ասյա Հովսեփյանը, ում մտերիմներն «Անդրանիկի թոռնիկ էին անվանում»: Բայց նա մեկ տարի է, ինչ հրաժեշտ է տվել երկրային կյանքին: Եվ այժմ հուշեր է ներկայացնում նրա ամուսինը: Արամ պապի հիշողության մեջ հատկապես մնացել է այս դեպքը:

«Անդրանիկը, որ եկել է Անգեղակոթ, վեց ամիս մնացել է ստեղ: Մեկին ասել է՝ ծիդ պեր, զենք ենք տեղափոխըմ: Էդ էլ էթըմ ա, ձին նալում ա, մեխը խփում ա ոտքի մեջ, հետո ձին պերում ա՝ թե կաղում ա: Անդրանիկն էլ, թե՝ ծիդ քաշի էն կողմը: Հրացանը հանում, խփում ա, դե գնա, ասում ա»: Հրամանատարին խաբելը թանկ է նստում գյուղացու վրա:

Անդրանիկն ազատ ժամերին օգնել է գյուղացիների` զանազան աշխատանքներում: «Մեկը խոտի դեզ էր շարում, պատմում է Արամ պապը, կալի մոտ: Անդրանիկը կողքից նայում ա, ասում ա՝ այ տղա, տենց չէ, նենց դիր: Մեր կեղացին ասըմ ա, ես վարպետ եմ, չե՞մ իմանըմ՝ ոնց շարեմ: Սկսում է վիճել, չի ենթարկվում: Անդրանիկն էլ ձեռիցը բռնում, դեզից թալըմ ա մեր կեղացուն, ինքը թռնում ա դեզի վրա, սկսում ա շարել խոտը, ասում ա՝ այ սենց պիտի շարել»:

Անգեղակոթում զորավարը մտերիմ էր գյուղի տերտեր Գրիգորի հետ, միասին նստում էին, պլաններ քննարկում: «Գյուղի տերտեր մի համով բան բերում-տալիս էր Անդրանիկին», – սրանով էր արտահայտվում նաեւ տեր հոր համակրանքը զորավարի հանդեպ:

Անգեղակոթում զորավարը կոչ էր անում համախմբվել, ջոկատներ կազմել, պայքարել թուրք բռնակալների դեմ, զինվորներին էլ հորդորում էր լինել քաջ, հայրենասեր, ազնիվ, սիրել հայրենիքը: Արամ պապը հիշում է, թե զորավարն ինչպես հրաժեշտ տվեց անգեղակոթցիներին. «Անդրանիկը ոտքը դրավ քարին՝ ծին նստելու համար, ասաց, խեղճ հայեր, ես կնացիմ, վերջը ռուսի փեշը կբռնեք: Անդրանիկն Անգեղակոթը լավ ա պահա», – այսպես է զորավարի մասին միտքն ամփոփում մեր տարեց զրուցակիցը:

Պատմական այլ նշանավոր փաստեր էլ կան՝ կապված Անդրանիկի՝ Անգեղակոթում գտնվելու հետ: 1918-ի սեպտեմբերի 5-ին Անգեղակոթում ժողով է գումարվում, որին մասնակցում են Սիսիանի բոլոր հայկական գյուղերի ներկայացուցիչները: Դիմելով նրանց՝ Անդրանիկը քննարկման է դնում թուրքերին դիմադրելու պատրաստակամության հարցը: Ավելի ներկայացուցչական էր սեպտեմբերի 12-ին գյուղի եկեղեցում տեղի ունեցած խորհրդակցությունը՝ հայ եւ ռուս գյուղերի ներկայացուցիչների մասնակցությամբ: Անդրանիկը զեկուցում է թուրքական հարձակումների հետեւանքով հայ ժողովրդի ծանր կացության մասին: Մանրամասն քննարկելով բոլոր դժվարությունները՝ ժողովը միահամուռ որոշում է, որ Անդրանիկը պիտի մնա Սիսիանում եւ գլխավորի կռիվները թուրքերի դեմ, որքան էլ որ մարտերն անհավասար լինեն՝ հակառակորդի ուժերի գերակշռության պատճառով: Ժողովականներն էլ Անդրանիկին խնդրում են մնալ՝ խոստանալով Սիսիանի գյուղերի ուժերով զորքն ապահովել ամեն ինչով: Ժողովն անհրաժեշտ է գտել Սիսիանի 22 հայկական գյուղերից հավաքել չորս հազար փութ ցորեն, երկու հազար փութ գարի, հայտարարել 20-25 տարեկան երիտասարդների զինակոչ, ռազմամթերքը տեղափոխելու համար տրամադրել փոխադրամիջոցներ (տվյալները վերցված են Գեւորգ Ղարիբջանյանի «Ժողովրդական հերոս Անդրանիկ» գրքից): Եվ իրոք, նրա սարսափից թուրքերը չէին հարձակվում ոչ միայն Անգեղակոթի, այլեւ մերձակա գյուղերի վրա:

Անդրանիկը շրջագայում էր գյուղերում, ոգեւորում բնակիչներին, ստուգում նորակոչիկների զինավարժությունները, պատժում խուճապի մատնվածներին, ոգեւորում Սիսիանի պաշտպաններին: Վերջիններիս հետ Սյունյաց աշխարհը պաշտպանում էին զորավարի հետ եկած զորականները: Անգեղակոթի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում նրա զինվորների երկու շիրմաքար կա: Մեկի վրա մակագրություն. «Այս է տապանը Թռնակի Մշո Բերդ գյուղի նահատակ»:

Երախտապարտ անգեղակոթցիները գյուղում անմահացրել են զորահրամանատարի հիշատակը:

1991-ին գյուղի կենտրոնում հառնեց Անդրանիկ Օզանյանի հուշարձանը, որ կերտել էր համագյուղացի քարագործ-վարպետ Գուրգեն Ավետիսյանը: Մի քանի տարի անց հուշակոթողի հարեւանությամբ ամփոփվեցին Արցախյան գոյամարտում ընկածների աճյունները…

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10

ԱՄՆ-ն հինգ ժամ հարվածել է Իրանին․ Թրամփը տեղեկացրել է Կոնգրեսին ռազմական գործողությունների վերսկսման մասին

14.07.2026 12:04

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի երկու նավթավերամշակման համալիրների

14.07.2026 12:00