Անգեղակոթ. խնդրահարույց է մնում ոռոգման ջուրը

20.02.2015 14:14
4666

Սիսիանի տարածաշրջանի Անգեղակոթ այցելողը որոշակի տեղեկատվություն կարող է ստանալ նորաշեն գյուղապետարանի մերձակա պանթեոնից, որտեղ վեր է խոյանում զորավար Անդրանիկի հուշարձանը: Այստեղ հավերժական քնով ննջում են մերօրյա ազատամարտի նահատակները: Նրանց շիրմաքարերը զորավարի բազալտակուռ հուշարձանի հետեւում են: Եվ այնպես է թվում, թե հրամանատարը մարտի է գնում` հետեւից տանելով իր զինվորներին: Պատմական գյուղ է Անգեղակոթը, հարուստ պատմական հուշարձաններով. գյուղում երեք եկեղեցի կա` Սուրբ Մարիամ Աստվածածին, Սուրբ Ստեփանոս, Սուրբ Վարդան: Վերջինս ավելի շուտ սրբավայր է, վերջին տարիներին վերականգնվել են դրա մոտ կատարվող ուխտագնացությունն ու տոնախմբության անցկացումը: Սուրբ Ստեփանոս եկեղեցում 1699 թվականին Իսրայել Օրին Սյունիքի 11 մելիքի մասնակցությամբ ժողովում քննարկել է Արեւելյան Հայաստանը պարսկական տիրապետությունից ազատագրելու հարցը:

Ոչ պակաս ուշագրավ է փաստը, որ 1918 թվականին Անդրանիկն իր զորականների խմբով վեց ամիս իջեւանել է Անգեղակոթում: Այսօր էլ տեղաբնակները պատմում են, որ զորավարի ահից թուրք ելուզակները ռիսկ չեն արել հարձակվել ոչ միայն Անգեղակոթի, այլ նաեւ շրջակա գյուղերի վրա: Աթանեսյանների օջախում է իջեւանել զորավարը: Այժմ էլ նախաստեղծ տեսքով պահպանվում է սենյակը, որտեղ բնակվել է նա, նույնն են մնացել դուռն ու բռնակը, որին օրական մի քանի անգամ դիպել են հայրենիքի նվիրյալի մատները: Ուշագրավ է, որ այդ տանն այժմ ապրում է Անգեղակոթի` Մեծ հայրենականի միակ կենդանի վետերանը` Արամ Աթանեսյանը, ով, լարելով հիշողությունը, դրվագներ է պատմում Անդրանիկի` Անգեղակոթում եղած ժամանակներից: Ի հիշատակ Անդրանիկի` Անգեղակոթում լինելուն` համագյուղացի քարագործ վարպետ Գրիգոր Ավետիսյանի նախաձեռնությամբ ու մասնակցությամբ էլ կանգնեցվել է զորահրամանատարի հուշարձանը:

Իսկ ընդհանրապես Անգեղակոթի սկզբնավորումը կապում են 5-րդ դարի հետ, երբ գտնվում էր Սյունիքի քաղաքական ու կրոնական կենտրոն Շաղատի մերձակայքում: Նախ այստեղ է հիմնավորվել Վասակ Սյունին: Անգեղակոթում է գտնվում, ըստ պատմաբան Մորուս Հասրաթյանի, Վարդան զորավարի սրբավայրը: Այստեղ է ամփոփված հայոց մեծ զորավար Վարդան Մամիկոնյանը, ում դին գյուղ են բերել Ավարայրից վերադարձող զորքերը 451 թվականին:

Անգեղակոթը միջին դարերում Սյունիքի հոգեւոր եւ մշակութային, ապա նաեւ վարչական կենտրոններից էր: 16-17-րդ դարերում մելիքանիստ էր, նույնիսկ անվանվում էր գյուղաքաղաք: Այստեղ ընդօրինակվել են ավետարաններ, Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը, բազմաթիվ ձեռագրեր: Ավելի վաղ Սյունիքում մեծ համբավ ուներ Տաթեւի վանահայր Շմավոն վարդապետ Անգեղակոթցին, ով հսկայական ծառայություն է մատուցել սյունյաց եկեղեցուն եւ ժողովրդին, մեծ աշխատանքներ իրականացրել այս ու այն կողմ ցրված սուրբ մատյանների հավաքման գործում:

1810-20 թվականներին բնակավայրը զրկվել է հայ բնակչությունից: Կրկին մարդաշատ է դարձել Անգեղակոթը 1828 թվականին, երբ այնտեղ հաստատվել են Պարսկաստանի տիրապետության ներքո գտնվող հայկական գավառներից (հիմնականում Խոյ եւ Սալմաստ) գաղթած հայ բնակիչները, որոնք հիմնեցին նոր Անգեղակոթը:

Անգեղակոթի գյուղապետարանն այժմ հարմարավետ շենքում է տեղակայված: Ցուցանակից տեղեկանում ենք, որ համայնքի կենտրոնի շենքի հիմնանորոգման ծրագիրն իրականացրել է 2012-ին Հայաստանի սոցներդրումների հիմնադրամը, համայնքի անունից ներդրումը կատարել է պոլսահայ օգնության միությունը` Էրրոլ Կարաքաշի եւ Գրեգորի Մարուքյանի աջակցությամբ:

Անգեղակոթ համայնքը 2008-ի նոյեմբերից ղեկավարում է Արմեն Խաչատրյանը: Երբ սկսել էր պաշտոնավարել, գյուղը հինգ տոկոսով էր գազիֆիկացված, յոթ մլն դրամ էր անհրաժեշտ այդ կարեւոր գործն ավարտին հասցնելու համար: Բացի այդ, համայնքի ղեկավարումը ստանձնելու պահին գյուղապետարանը 11 մլն դրամ պարտք ուներ (աշխատավարձի եւ սոցիալական վճարումների): Ինչեւէ, գյուղապետի եւ համայնքի ուժերով կապույտ վառելիքը դարձավ անգեղակոթցիների սեփականությունը: Որոշ տներ (մոտ 15) բավականին հեռու էին գազատարից, դրանց գազիֆիկացման համար անհրաժեշտ խողովակը տրամադրեց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը: Համայնքի գազիֆիկացումը գյուղապետը համարում է ամենակարեւոր հիմնախնդիրը, որ լուծվեց իր պաշտոնավարման ընթացքում:

Երկրորդը` խմելու ջրի խնդիրն է, որ ամառային տարեշրջանում չէր բավականացնում: Մուխութուրյան ջրատարից դեպի գյուղ մինչեւ 2000 թվականը ջրատար էր անցկացվել, բայց անգործության էր մատնվել: Հնարավոր եղավ ջրագիծը վերանորոգել, գյուղապետի հավաստմամբ` խմելու ջրի խնդիրը կարելի է համարել լուծված, բայց ոչ ամբողջությամբ, քանի որ տնամերձ հողամասերը ոռոգում են խմելու ջրով, եւ ամռանը ջրի պակաս զգացվում է:

Հարցերի հարցը ոռոգման ջուրն է, որ համայնքը ստանում է Սպանդարյան ջրանցքով, դրա Անգեղակոթի հատվածը կառուցվել է դեռեւս 1940 թվականին եւ մասնակի նորոգվել 1990-ականների կեսերին: Տեղեկացանք, որ 18 կմ երկարություն ունեցող ջրանցքի մեկ երրորդն է բարվոք վիճակում, ինչի հետեւանքով գլխամասից վերցվող վայրկյանում 1200 լիտր ջրից գյուղ է հասնում 30-40 լիտրը: Ինչպես ասում են` մեկնաբանություններն ավելորդ են: «Եթե ջրանցքը չնորոգվի, եւ Անգեղակոթն անհրաժեշտ քանակությամբ ոռոգման ջուր չստանա, դա ցավագին կանդրադառնա գյուղի տնտեսության վրա, ջրանցքն է անգեղակոթցուն կապում իր հողին ու ջրին», – ահազանգ է հնչեցնում համայնքի ղեկավարը: Խնդրո առարկայի առնչությամբ նա գրություններ է ուղարկել բարձր ատյաններ, մասնավորապես, ՀՀ ջրային պետական կոմիտե, բայց այդ ամենը մնացել է որպես ձայն բարբառո հանապատի: Հիմնախնդրին թերթն անդրադարձել էր 2006-ին («Սյունյաց երկիր», 15 նոյեմբերի 2006թ.), բայց նույն ջուրն է, նույն ջրաղացը:

Անգեղակոթի համայնքային բյուջեն մոտ 35 մլն դրամ է, որից 25 մլն պետության հատկացրած լրավճարն է, մոտ յոթ մլն դրամը հողի հարկն է: Բյուջեի մի մասը գոյանում է տեղական տուրքերից (գյուղում գործում է վեց խանութ), նաեւ գույքահարկից: Հնարավո՞ր է նման բյուջեով գյուղում որեւէ նշանակալից գործ կատարել: Գյուղապետի փոխանցմամբ` բյուջեի մոտ ինը մլն դրամը հատկացնում են պահպանելու գյուղի մանկապարտեզը, որտեղ երկու խումբ է գործում` մոտ 50 երեխայով: Մանուկների սնունդը գյուղապետարանն է հոգում:

«Ամենադժվարը հողի հարկի հավաքումն է, գյուղացիների մի մասը տեղում չէ, տարիներով հողի հարկի պարտքեր են կուտակված», – տեղեկացնում է համայնքապետը: Անգեղակոթը եզակի գյուղերից է, որտեղ քարի մշակման երեք արտադրամաս է գործում, բայց դրանք գյուղի բյուջեին միայն հողի հարկ են վճարում: Այդ քարհանքերն արտոնագիր ունեն գործելու, ուստի բոլոր հաստատագրված հարկերը վճարում են պետությանը: Դրականն այն է, որ գյուղից հինգ-վեց ընտանիք աշխատում է քարամշակման արտադրությունում:

Ինչպես բոլոր գյուղական համայնքներում, Անգեղակոթում եւս բնակչության հիմնական զբաղմունքն անասնապահությունն ու հողագործությունն է: Գյուղաբնակն իր եկամուտների մեծ մասը ստանում է գյուղատնտեսության այդ ճյուղերից: Գյուղացիների տնամերձերում ընդհանուր առմամբ մոտ 10 հա կարտոֆիլ է ցանվում: Իսկ ընդհանրապես համայնքում աճեցվում է 50 հա կարտոֆիլ, եթե ամռան տարեշրջանում ոռոգման ջուրը բավականացնում է: Հարցերի հարցը անասնապահական մթերքների, մասնավորապես մսի իրացումն է: Համայնքում մոտ 100 ցլիկ են բտել վաճառելու նպատակով: Բայց դա առայժմ չի հաջողվում: Նույնը մանր (մոտ 1000), ինչպես նաեւ խոշոր (100-150) եղջերավոր անասունների դեպքում: Իսկ իրացումը պարզապես անհրաժեշտ է, որպեսզի ստացված գումարով հոգան վարուցանքի հոգսերը. դիզվառելիք, պարատանյութ եւ սերմացու ձեռք բերեն: Միջնորդը գյուղացուց միսը գնում է 1800-2000 դրամով, որը չի փակում անասնապահի` մսի արտադրության վրա ծախսած գումարները ու չի արդարացնում ներդրած ջանքերը:

Համայնքապետն այն համոզմունքն ունի, որ գյուղում գոյատեւելու համար բավարար չէ միայն գյուղատնտեսությամբ զբաղվելը, որ համայնքում նաեւ արտադրություններ պիտի գործեն` վկայակոչելով փաստը, որ խորհրդային տարիներին Անգեղակոթում գործում էին Սիսիանի տրիկոտաժի ֆաբրիկայի մասնաճյուղը` 60 աշխատատեղով, այլ արտադրություններ: «Պետք չէ խոշոր արտադրություն հիմնել, անհրաժեշտ չէ մեծ ներդրումներ անել, փոքր արտադրամասերով հնարավոր է գյուղում զբաղվածության խնդիր լուծել, շահագրգռել, որ գյուղացին չլքի իր տունը: Համոզված եմ` գյուղում 100 հազար դրամ վաստակելու դեպքում երիտասարդն Անգեղակոթը չի թողնի` գնա Ռուսաստան: Միայն աշխատանք լինի, մարդ կապվի իր հող ու ջրին, – մտահոգություն է հայտնում զրուցակիցս, – անգեղակոթցին շատ դժվար է լքում իր հողն ու ջուրը, բայց որ լքում է, էլ հետ չի գալիս: Եվ ամենացավալին այն է, որ այսօր գյուղից հեռանում են երիտասարդներն ու երիտասարդ ընտանիքները: Դժվար է խոստովանել, բայց այսօր արդեն Անգեղակոթը ծերացող համայնք կարելի է համարել: 1980-ական թվականներին գյուղի դպրոցում մոտ 500 աշակերտ էր սովորում, այժմ` 225, սրանով, կարծում եմ ամեն ինչ ասված է»:

Իմանում ենք, որ Անգեղակոթում բնակելի շենք վերջին անգամ կառուցվել է 1990 թվականին: «Մի տան մեջ երեք եղբայր են մեծանում, ամուսնանալու տարիքի հասնելուց հետո երկուսը ստիպված թողնել-հեռանալու են հայրական օջախից: Անցել են այն ժամանակները, երբ մարդիկ գերդաստանով մի ընտանեկան հարկի տակ էին մեծանում, ժամանակակից մարդն ուզում է իր օջախը, իր տունն ունենալ, հարմարավետ պայմաններում ապրել», – գյուղապետի այս դիտարկման հետ դժվար է չհամաձայնել:

Հընթացս տեղեկանում ենք, որ այսօրվա դրությամբ Անգեղակոթից բացակայում է 250 երիտասարդ, ովքեր հիմնականում ապրուստի միջոց հայթայթելու նպատակով արտագնա աշխատանքի են մեկնել: Վերջին տասը տարում Անգեղակոթից հեռացել է 50-ից ավելի ընտանիք: «Հիմնականում ազատագրված տարածքներում են բնակություն հաստատել, բայց Անգեղակոթը համայնք է իր բնակիչներով, մեր տարածաշրջանում իր ուրույն դեմքն է ունեցել ու սահման պահող գյուղ է», – բացատրում է զրուցակիցս:

Հայ-ադրբեջանական հակամարտության տարիներին հակառակորդի համազարկերը հասել են Անգեղակոթ: 1992-ի հունիսի 27-ին Նախիջեւանի, Բիչանակի (Բաթաբաթի) սահմանագլխից հրետակոծվել է Անգեղակոթը: Միջադեպը, բարեբախտաբար, անցել է առանց մարդկային կորուստների: Գյուղի մասին պատմող գրքի` «Անգեղակոթի պատմության կարեւոր անցքերի ժամանակագրություն» հավելվածից տեղեկանում ենք, որ այդ դեպքի կապակցությամբ լրագրող, հրապարակախոս Վանո Խաչատրյանը (Զանգեզուրցի) մեծածավալ` վեց էջից բաղկացած մի նամակ (ադրբեջաներեն), Անգեղակոթի վրա թափված բեկորների կույտի հետ, ուղարկեց Նախիջեւան` Հեյդար Ալիեւին: Հետագայում, երբ հարեւան հանրապետության կողմից մեր երկրին պատերազմ պարտադրվեց, 120 անգեղակոթցի մասնակցեց մերօրյա ազատամարտին, որոնցից 12-ը չտեսավ հայրենի գյուղի վրա բացվող խաղաղ առավոտները:

Այդքան պատմամշակութային հուշարձաններ, հնավայրեր ունեցող համայնքը չի՞ կարող ընդգրկվել տուրիստական որեւէ երթուղու մեջ: Համայնքապետն ասում է, որ նախ համայնքում պետք է ստեղծվեն ենթակառուցվածքներ, պիտի նորոգվի Սիսիան-Երեւան միջպետական մայրուղուց մինչեւ Անգեղակոթ ընկած 2.5 կմ երկարությամբ ճանապարհահատվածը: «Ճիշտն ասած պետությունից էլ չեմ կարող շատ բան պահանջել, որովհետեւ պետությունն էլ ծանր վիճակում է, բայց ցանկալի կլիներ, որ ավելի շատ ուշադրություն դարձվեր գյուղին եւ գյուղաբնակին», – հրաժեշտից առաջ փոխանցեց համայնքապետը:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25