Անհրաժեշտության դեպքում ես պատրաստ եմ միայնակ մեկնել Բաքու․ Լիլիթ Գալստյան

07.10.2026 23:05
284

ԵԱՀԿ ԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանի ելույթը՝ Անդորրայում ընթացող ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանում

«Հարգելի՛ գործընկերներ,

Դիմում եմ ձեզ՝ որպես ԵԱՀԿԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ և ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ հրատապ մարդասիրական կոչով։

Արդեն գրեթե երեք տարի է, ինչ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և այլ պատանդների դատավարություններն անցկացվում են դռնփակ։ Նրանց ընտանիքները զրկված են իրենց հարազատներին այցելելու հնարավորությունից։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջոցով ստացված տեղեկությունները լուրջ մտահոգություններ են առաջացնում նրանց ֆիզիկական և հոգեբանական ծանր վիճակի վերաբերյալ։

Գրեթե մեկ տարի է՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին արգելված է այցելել կալանավորված անձանց։ Անցնող երեք տարիների ընթացքում ոչ մի միջազգային դիտորդական առաքելություն կամ չեզոք կողմ չի կարողացել տեսակցել նրանց։

Խնդիրն ուղղակիորեն վերաբերում է մեր կազմակերպության մարդասիրական առաքելությանը՝ պաշտպանելու մարդու իրավունքները, մարդկային արժանապատվությունը և մարդասիրական սկզբունքները։

Կցանկանայի առանձնահատուկ ուշադրություն հրավիրել Պորտոյի հռչակագրի 208-րդ և 209-րդ պարբերությունների վրա։ Դրանք կոչ են անում Վեհաժողովին մշակել ազատազրկված անձանց գործերի դիտարկման շրջանակ։

209-րդ պարբերությունը մասնավորապես ընդգծում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունից տուժած բոլոր անձանց իրավունքների պաշտպանության և ռազմագերիների նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի անհրաժեշտությունը։

Այս համատեքստում կարծում եմ, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի մարդասիրական այցը Բաքու կարող է լինել այս հանձնառությունների կոնկրետ դրսևորումը։

Պաշտոնական նամակով այս հարցը արդեն բարձրացրել եմ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահի, գլխավոր քարտուղարի և Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչի առջև՝ խնդրելով նրանց անձնական աջակցությունը նման այցը հնարավոր դարձնելու համար։

Կցանկանայի ընդգծել՝ սա քաղաքական բանակցություն չէ։

Նպատակը շատ հստակ է՝ գնահատել պահվող անձանց մարդասիրական և մարդու իրավունքների վիճակը և համոզվել, որ մեր Վեհաժողովի կողմից ընդունված սկզբունքները գործնականում կյանքի են կոչվում։

Անհրաժեշտության դեպքում ես պատրաստ եմ անձամբ և միայնակ մեկնել Բաքու։

Եթե ԵԱՀԿ-ի այլ խորհրդարանականներ ցանկանան միանալ ինձ, ես միայն կողջունեմ նրանց մասնակցությունը։

Ուստի՝ կոչ եմ անում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովին կազմակերպել մարդասիրական այց Բաքու և ապահովել պատվիրակության անվտանգ մուտքի, անվտանգության և վերադարձի անհրաժեշտ երաշխիքները։

Հարգելի՛ գործընկերներ,

Եկե՛ք դրսևորենք բարի կամք և հանձնառություն։

Եկե՛ք մեր սկզբունքները վերածենք կոնկրետ գործողությունների։

Համոզված եմ, որ նման այցը կարող է դառնալ վստահության ամրապնդման կարևոր միջոց և քայլ դեպի իրական խաղաղության գործընթաց։

Շնորհակալություն»։

Թուրքիայում «Հայկական հարցի» մասին վավերագրական ֆիլմաշար են պատրաստել

03.11.2026 12:49

2027-ից պոլիէթիլենային տոպրակներն ու մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքները կարգելվեն․ կլինի բացառություն

03.11.2026 12:46

Հայաստանին հաջողվել է ընդլայնել գործընկերների շրջանակը, բայց ոչ լիովին վերացնել իր կախվածությունը ՌԴ-ից․ The National Interest

03.11.2026 12:41

Արդարադատության նախարարը ներկայացրեց դատապարտյալների և կալանավորված անձանց թվերը

03.11.2026 12:16

254 մլն դրամի վնաս շրջակա միջավայրին․ ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 114 դեպք

03.11.2026 11:51

Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի սահմանին

03.11.2026 11:43

Հնչեցին հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ և արտասահմանցի կոմպոզիտորների կինոյի  համար ստեղծված երաժշտություններ

03.11.2026 11:37

Իրանում ՀՀ դեսպանը Մեջլիսի պատգամավորներին ներկայացրել է ԹՐԻՓՓ ուղու շուրջ վերջին պայմանավորվածությունները

03.11.2026 11:25

Ռուսաստանը Զապորոժիեում հարվածել է դպրոցի, որտեղ օգնություն էին բաժանում. կա 26 զոհ, բազմաթիվ վիրավորներ

03.11.2026 11:02

Մարզերում գործարկվել է «ՀայՓասի» 12 գրասենյակ․ Գյումրու գրասենյակի բացմանը մասնակցել է ՆԳ նախարարը

03.11.2026 10:38

Նարեկ Կարապետյանը, Իրինա Յոլյանն ու Անուշ Միրզոյանն այցելել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին

03.11.2026 10:30

Պարզաբանում․ Կարմիր խաչը գումար չի բաշխում

03.11.2026 10:23