«Անմահության մարտիկները» գիրքը եւ համանուն խորագրով դիմանկարների շարքը

12.12.2017 09:50
1752

Դեկտեմբերի 1-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ բանաստեղծ, ասմունքող Աննա Կոստանյանի ,Անմահության մարտիկներըե գրքի շնորհանդես-համերգը, որին ներկա էին զոհված տղաների ընտանիքի անդամները: Ինչպես նշված է գրքի բնաբանում, այստեղ զետեղված են հերոսական կենսագրություններ, չավարտված ճախրանքներ, փշրված երազանքներ, հուշեր, ցավի ու տառապանքի վկայություններ: Եվ այդ ամենը հանուն հայրենիքի զինվորագրված 18-20 տարեկան երիտասարդների մասին, ովքեր ապացուցեցին հայոց բանակի ոգու զորությունը:


«Անմահության մարտիկները» գիրքը 145 հերոսների մասին պատմող հուշակոթող է, որը նվիրված է բոլոր ժամանակների հերոս տղաների հիշատակին, ովքեր խաղաղ պայմաններում են զոհվել:

Գրքում ընդգրկված են մասնավորապես 2014թ.-ից 2016թ. ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում զոհված տղաների մասին պատմող նյութերը: Ինչպես նշեց հեղինակը, գրքի ստեղծումը փոքրիկ նախապատմություն ունի՝ կապված ՀՀ ԶՈՒ շարքային զինծառայող Ազատ Ասոյանի հետ, ով 2014թ. հուլիսի 31-ին իր մարտական ընկերների հետ ԼՂՀ հյուսիսային հատվածում հակառակորդի կողմից ձեռնարկված դիվերսիոն գործողությունը հետ է մղել, որի արդյունքում զոհվել է հերոսական մահով, իսկ հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել ելման դիրքեր: Գրքի գլխավոր հերոսները յոթ քաջազուն տղաներ են՝ Արմեն Հովհաննիսյան, Ազատ Ասոյան, Արամ Գրիգորյան, Զորիկ Գեւորգյան, Արարատ Խանոյան, Գոռ Գրիգորյան, Սարգիս Մովսիսյան: Գրքում, բացի հիմնական հերոսների մասին պատմող նյութերից, բանաստեղծություններից, զետեղված են նաեւ 2014թ. հունվար ամսվանից մինչեւ 2015թ. հունվար զոհված զինվորների լուսանկարներն ու կենսագրականները: Ապրիլյան պատերազմում զոհվածների համար էլ գրքում առանձին խորագրով բաժին կա՝ «Ռազմի անպարտ Աստվածները», որտեղ տեղ են գտել բոլոր հերոսներն իրենց փոքրիկ կենսագրականներով եւ լուսանկարներով…


Գրքի շնորհանդեսի հանդիսավոր միջոցառման ընթացքում հնչեցին ռազմահայրենասիրական երգեր, բանաստեղծություններ, թոթովախոս մանուկների շուրթերից խաղաղության մաղթանքներ հնչեցին, ինչպես նաեւ սահիկահանդեսով մեծ էկրանին ցուցադրվեցին 145 զոհված տղաների դիմանկարները, որոնք կերտել էին 18 գեղանկարիչ Հայաստանի տարբեր շրջաններից:

Միջոցառման ժամանակ չհնչեցին նկարիչների անունները (խմբ.՝ մեծ էկրանին որոշ դիմանկարների տակ գրվեցին միայն նրանց անունները), խոսք չասվեց դիմանկարների ստեղծման նախաձեռնության նախապատմության մասին, պարզապես շնորհակալություն հայտնվեց նկարիչներին՝ դրանք ստեղծելու համար: Նոյեմբերի 24-ին Հայաստանի բնության թանգարանում տեղի էր ունեցել «Անմահության մարտիկները» խորագրով դիմանկարների ցուցահանդեսը, որտեղ ողջույնի խոսքով ելույթ էր ունեցել նաեւ սիսիանցի տաղանդավոր գեղանկարիչ Արգինե Սահակյանը, ով կերտել է 18 զոհված մարտիկի դիմանկար եւ այդ նախաձեռնության հեղինակն է: Վերջինիս հետ էլ զրուցեցինք դիմանկարների կերտման նախապատմության, միջոցառման եւ ապրած հույզերի մասին:
                                                             

- Ինչպե՞ս ստացվեց, որ մասնակցեցիք անմահության մարտիկների դիմանկարների կերտմանը:


- Երբ 2014թ. ադրբեջանական դիվերսիայի հետեւանքով զոհվեցին մեր երիտասարդները, ակամայից վերցրի մատիտն ու սկսեցի նրանց դիմանկարներն անել, կարծես դրանով փորձում էի սփոփվել: Երբ վերջացրի աշխատանքս, դրանք ցույց տվեցի Աննա Կոստանյանին, ով այդ ժամանակ գիրք էր գրում Ազատ Ասոյանի եւ մյուս տղաների մասին: Նա առաջարկեց մինչ գրքի շնորհանդեսը չտարածել այդ դիմանկարները, քանի որ ցանկանում էինք անակնկալ մատուցել նրանց ծնողներին, ընտանիքի անդամներին: Երբ գրքի տպագրությունն ինչ-ինչ պատճառներով հետաձգվեց, ցավոք, տղաների շարքը համալրվեց նոր հերոսների անուններով 2016թ. չարաբաստիկ ապրիլյան գործողությունների հետեւանքով: Նախաձեռնությունս ունեցավ իր շարունակությունը, ու կերտածս 7 դիմանկարին ավելացավ եւս 11 դիմանկար՝ ինքնակամ, անշահախնդիր, սրտի ցանկությամբ պայմանավորված:


 - Ինչպիսի՞ ապրումներ ունեցաք դիմանկարները ստեղծելիս:


- Ընդհանուր առմամբ 18 դիմանկարի հեղինակ դարձա, որից 7-ը զետեղվեց Աննա Կոստանյանի «Անմահության մարտիկները» գրքում, մյուսները ներկայացվեցին համանուն ցուցահանդեսի ժամանակ եւ գրքի շնորհանդեսի օրը հանձնվեցին նրանց հարազատներին: Հարկ եմ համարում եւս մեկ անգամ նշել դիմանկարների տեսքով իմ կերտած հերոսների անունները՝ Արմեն Հովհաննիսյան, Ազատ Ասոյան, Արամ Գրիգորյան, Զորիկ Գեւորգյան, Արարատ Խանոյան, Գոռ Գրիգորյան, Սարգիս Մովսիսյան, Մայիս Միրզոյան, Արմեն Բեգլարյան, Արմեն Հովհաննիսյան, Կարո Համբարձումյան, Սերգեյ Դանղյան, Սեդրակ Ասրյան, Դավիթ Սարգսյան, Եղիշ Նիկալյան, Էդուարդ Ալեքսանյան, Գագիկ Փարսադանյան, Արմեն Գասպարյան (Մակիչ): Հպարտ եմ, որ ակամայից այս նախաձեռնության հեղինակը դարձա, ու ինձ հետ միասին շուրջ 18 փորձառու եւ սկսնակ նկարիչներ Հայաստանի տարբեր շրջաններից միացան այս հայրենանվեր գործունեությանը՝ կերտելով 145 նորօրյա հերոսի դիմանկար: Հատկապես մատաղ սերնդի նկարիչների համար սա նաեւ հայրենասիրական դաստիարակության մի մաս կարելի է համարել. չէ՞ որ հերոսներին պատկերելով՝ նրանք եւս մեկ անգամ արժեւորել են հայրենիքի, հանուն նրա անկախության զոհվելու, թշնամու հանդեպ վրեժի ծարավով լցվելու գաղափարը:


Յուրաքանչյուր դիմանկար կերտելիս խորը վիշտ, ծանր ապրումներ եմ ունեցել, տղաների հայացքում տեսել թե՛ բողոք, թե՛ վրեժ, թե՛ ցասում՝ փորձելով պատկերել այդ ամենը: Թե որքանով է հաջողվել դիմանկարները պատկերավոր, խոսուն դարձնել, կասեն ուրիշները, բայց այն, որ կարողացանք այդ նախաձեռնությունը կյանքի կոչել, արդեն իսկ մեծ բան է: Առանձին «զրույցի» եմ բռնվել յուրաքանչյուր հերոսի հետ, փորձել հասկանալ նրանց աչքերի խաղը, վերապրածն ու զգացածը: Մեծ պարծանք է ինձ համար նախաձեռնության սկզբնավորող դառնալը, հպարտ եմ, որ կերտել եմ նաեւ սյունեցի հերոսների դիմանկարները, ստացել նրանց հարազատների օրհնանքն ու շնորհակալական խոսքերը, որ ամենամեծ պարգեւն է ինձ համար:


Կային դիմանկարներ, որոնք հեշտությամբ են ծնվել, կային, որ երկու անգամ եմ նկարել, քանի որ առաջին տարբերակը չեմ հավանել, բայց առաջինը Զորիկ Գեւորգյանի դիմանկարը սկսեցի նկարել՝ ծանր ապրումներ ունենալով երիտասարդների կորստյան համար: Գիտե՞ք՝ զոհվածների ընտանիքներում հույսի շողի նման լույս աշխարհ եկած նոր կյանքերին նայելով եմ նաեւ ստեղծել իմ դիմանկարները: Այդպիսի վառ օրինակներից մեկն էլ 2016թ. ապրիլին նահատակված Կարո Համբարձումյանի դիմանկարն է, ում թոռը՝ փոքրիկ Արթուրը, 2014թ. մայիսի 20-ին անմահացած բռնակոթցի հերոս Արթուր Օհանջանյանի եղբոր որդին է: Հենց այդ փոքրիկի աչքերին նայելով էլ ստեղծեցի Կարո Համբարձումյանի դիմանկարը:  


Երեւանի բնության պետական թանգարանի պատից կախված նկարները նման էին երկնքում ճախրող ճերմակ հրեշտակների, որոնք վերեւից մեզ էին հետեւում լուռ, բայց վրեժի, կարոտի, կիսատ մնացած երազանքների կատարման ձգտող հայացքներով: Ամենքը կարծես երկնքից փնտրող հայացքներով հետեւում էին իրենց կարոտած, թաց աչքերով մայրերին, որոնց կարող էինք բերել միայն մեր խոնարհումը…


- Ձեր գնահատականը գրքի շնորհանդեսի համար անցկացված միջոցառմանը:


- Նախ՝ շնորհակալ եմ Աննա Կոստանյանին, որ իմ ստեղծած այդ 7 դիմանկարը տեղ գտավ «Անմահության մարտիկները» գրքում: Ինձ համար միջոցառման ամենատպավորիչ մասը 145 անմահության մարտիկների նկարներով պատկերված շապիկներ հագած պատանիների մուտքն էր բեմ՝ գրքով եւ համապատասխան դիմանկարով, իսկ ամենահուզիչ պահը՝ ապրիլյան գործողությունների ժամանակ հաշմանդամ դարձած զինծառայողներ Սարգիս Ստեփանյանի եւ Հայկ Սեխլիյանի բեմ բարձրանալն ու պարգեւատրվելը: Իսկ զոհվածների հարազատները, մոտենալով այդ պատանիներին, փորձում էին մի պահ նրանց մեջ գտնել իրենց կորցրած հերոսներին:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը 2024-ի 9 ամսում 8 մլրդ 134 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել

23.11.2024 10:58

Նման զենք աշխարհում ոչ ոք դեռ չունի ․ Պուտինը՝ «Օրեշնիկի» մասին

22.11.2024 23:48

Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին․ Փաշինյան

22.11.2024 23:25

Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյան

22.11.2024 23:09

ՀՀ վարչապետի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը

22.11.2024 23:00

Մեր օրենսդրությամբ Կառավարությունը միայն որոշակի հարցեր կարող է դնել հանրաքվեի. վարչապետի հարցազրույցը Հանրային ՀԸ-ին՝ 22:10-ին

22.11.2024 20:34

ՃՏՊ Սիսիան-Կապան ավտոճանապարհին․ կա զոհ

22.11.2024 19:59

Սպասվում են ձյուն, բուք, եղանակը կնվազի 10 աստիճանով. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (տեսանյութ)

22.11.2024 19:31

Մոսկվայի կողմից նոր սպառազինության կիրառման ֆոնին Կիևը դաշնակիցների աջակցությունն է ակնկալում

22.11.2024 19:05

Ադրբեջանին վերադարձված գյուղերում Բաքուն մտադիր է նոր սահմանային ուղեկալներ կառուցել

22.11.2024 16:18

Բաքուն ՀՀ-ի հետ սահմանազատված գյուղերում հսկման տեսախցիկներ է տեղադրել

22.11.2024 15:41

Իրանն, ի պատասխան ԱԷՄԳ-ի որոշման, քայլեր կձեռնարկի`«բարձրացնելու հարստացված ուրանի արտադրությունը»

22.11.2024 14:23