Անվանի պատմաբան Էդ. Մինասյանի ծննդյան 65-ամյակի առթիվ. նա հավատում է հայոց ոգու անշեջ կրակին….

17.03.2022 15:24
967

Սովորական կենսագրության տեր չէ պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ  պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Գարեգինի Մինասյանը՝ հայ պատմաբանների հեղինակավոր առաջատարը: Նրա տիտղոսները շատ են, ստացած մրցանակները, պատվոգրերը, շքանշանները՝ նույնպես: Այսօր իմ խոսքը ոչ միայն այդ ամենի մասին է, այլև Էդիկ Մինասյան հայորդու հոգեկան էության ու հոգևոր կենսագրության մասին:

   Էդիկ Մինասյանն արմատներով սերում է Արևմտյան Հայաստանից: Պատմական Խնուսում և Սասունում են ապրել նրա հայրական ու մայրական գծով պապերը: Էրզրումում նրանք հարուստ տունուտեղ, տնտեսություն են ստեղծել,  փառահեղ կենսագրություն կերտել: Նրա պապերն այնքա˜ն ակտիվ են մասնակից  եղել սուլթանական ռեժիմի դեմ հայ ժողովրդի մղած ազգային-ազատագրական զինյալ պայքարին:

   Կալե պապն ու Սիմոն պապը (Էդիկի հայրական և մայրական գծով պապերը), նրանց հարազատներն ու մերձավորները եղել են հայդուկային շարժման շարքերում, մարտնչել  ու մաքառել  Զորավար Անդրանիկի հրամանատարության ներքո:

Արևմտահայաստանի սիգապանծ լեռներում ապրող Մինասյանների տոհմը հավերժ կապրեր  հայրենի բնօրրանում, եթե չլինեին հայոց ջարդերն ու կոտորածները, եթե չլիներ 1915թ. ցեղասպանությունը...

    Հայոց մեծ արհավիրքից հետո Մինասյանների տոհմը՝ տալով զգալի կորուստներ, նոր հանգրվան է գտնում Արևելյան Հայաստանում՝ բնակություն հաստատելով Արագած լեռան փեշերին՝ նոր կազմավորվող Թալինի շրջանում, որն իր բնակլիմայական պայմաններով շատ էր նման կորուսյալ Սասունին և Խնուսին:

    Մինասյանների տոհմն Արագածի խստահայաց լանջին բարեբախտաբար նոր շիվեր տվեց, վերընձյուղվեց և խորն արմատներ նետեց: Գարեգին հայորդին այստեղ նոր ընտանիքի հիմքերը դրեց, ամուսնացավ  իր երկրակից Լուսիկի հետ: Ծնվեցին վեց զավակները, տունը լցվեց անհուն երջանկությամբ: Նրանցից յուրաքանչյուրը գտավ կյանքի իր ուղին: Սակայն բոլորը միասին հայրենիքի արժանավոր զավակներ դարձան:

   Էդիկ Մինասյանը գերազանցությամբ ավարտեց հայրենի գյուղի՝ Ոսկեթասի միջնակարգ դպրոցը և ուսումնառությունը շարունակեց ԵՊՀ պատմության ֆակուլտետում, որն էլ նույնպես գերազանցությամբ ավարտեց:

 Երդվեց անմնացորդ, առանց վարանումների ու սակարկումների ծառայել եղեռնազարկ իր ժողովրդին, ավերակներից փյունիկի նման  հառնող Նաիրյան երկրին:

  Եվ խորունկ հայրենասիրությունը նրա երակներում հոսեց  որպես Խնուսի և Սասնա տան իր նահապետներից եկող դաս ու պատգամ, պատվիրան և երդում:

  Իր գիտակցական ողջ կյանքի ընթացքում նա հավատարիմ  մնաց էրգրի ճշմարիտ զավակի իր անբեկանելի էությանն ու կոչմանը և անշահադետ ծառայեց հայ դատին նվիրված սերունդներ կրթելու առաքելությանը:

   1979 թվականին է գերազանցությամբ ավարտել ԵՊՀ պատմության ֆակուլտետը: Սկսած ուսանողական տարիներից  ցայսօր նրա գործունեությունն անընդհատ ու անընդմեջ կապված է Երևանի պետական համալսարանի՝ հանրապետության թիվ 1 բարձրագույն ուսումնական հաստատության հետ: Մայր բուհում նա վարել ու վարում է պատասխանատու պաշտոններ: 1985թ. պաշտպանել է թեկնածուական, 2003-ին՝ դոկտորական ատենախոսություն: Նույն հաջողությամբ ստացել է գիտական կոչումները. 1991թ. դարձել է դոցենտ, իսկ 2005 թվականին՝ պրոֆեսոր:

  2009 թվականից մինչև օրս Էդ. Մինասյանը  ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկանն է: Երկար տարիներ նա վարում է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում գործող՝ ՀՀ Բարձրագույն որակավորման կոմիտեի հայոց պատմության  004 մասնագիտական խորհրդի նախագահի տեղակալի պաշտոնը:

 Բուռն ու բերքառատ է Էդ. Մինասյանի շուրջ 40-ամյա գիտական գործունեությունը: Այդ ընթացքում  ընթերցողի դատին է ներկայացրել  տասնյակից ավելի ծավալուն մենագրություններ և երկու հարյուրից ավելի գիտական հոդված: Հարուստ և բազմազան է նրա հետաքրքրությունների շրջանակը, որն ընդգրկում է հայ դիվանագիտության պատմությունը, հայոց պատմության նորագույն շրջանը, հայրենիք-սփյուռք առնչությունները, 19-րդ դարավերջի հայկական ազատամարտը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, Արցախյան ազգային-ազատագրական պայքարը:

  Նրան մեծ հռչակ բերեցին մի շարք կարևոր, կոթողային աշխատություններ, ինչպիսիք են «Սոցիալ-տնտեսական վերափոխումները Հայաստանի Հանրապետությունում 1999-2003թթ.», «Հայաստանի երրորդ հանրապետության պատմություն», «Հայոց նորագույն պետականության քառորդ դարը», «Հայ կանայք 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հերոսամարտի տարիներին», «Հայ հերոսուհի կանայք», «Մայրաքաղաք Երևանը ՀՀ անկախության տարիներին (1991-2018թթ.)» ուսումնասիրությունները:

  Կատարած գիտական և մանկավարժական վիթխարի աշխատանքին զուգահեռ Էդ. Մինասյանը վերջին տասնամյակներում ծավալել է ազգային-հասարակական՝ նույնքան ծանրաբեռ ու վաստակաշատ գործունեություն:

  Որպես հայ պատմաբան և հասրակական –քաղաքական գործիչ  իր նպաստն է բերել Արցախյան հիմնահարցի հայանպաստ արծարծումներին, այդ առումով ևս հանրությանը ներկայացրել կարևոր զեկուցումներ և ուսումնասիրություններ: Գործնական առումով ևս ակտիվ շփումներ է ունեցել մարտնչող Արցախի պատասխանատուների և ժողովրդական զանգվածների, նաև զինված ուժերի ղեկավարության հետ: Հայ պատմաբանը հայալեզու և օտարալեզու մամուլում արժանի հակահարված է տվել ադրբեջանական «պատմաշինարարների» ամենուր տարածվող հերյուրանքներին:

 Էդիկ Մինասյան բաձր հայորդին մտավոր և հոգեկան ողջ ներուժով Հայ դատի զինվորն ու զորականն է միաժամանակ: Իր կազմակերպչական հմտություններն ու ստեղծագործական էներգիան նպատակադրում է հայոց ցեղասապանության միջազգային ճանաչման գործընթացի կարևորմանն ու խորացմանը: Սույն թեմատիկայով նա հանդես է եկել  հանրապետական և միջազգային բազմաթիվ գիտաժողովներում ու հավաքներում, խոսք ասել ռադիոհեռուստատեսային եթերից: Հանուն հայ ժողովրդի պատմականորեն անժամանցելի իրավունքների ճանաչման՝  օգտագործում է ամեն մի ամբիոն և առիթ՝ տվյալ օրակարգը միջազգային հարթակում բարձրաձայնելու համար: Նրա խորին համոզմամբ՝  հայոց  ցեղասպանության միջազգային ճանաչման գործնթացը պետք է լինի անկասելի, և ցանկացած իրավիճակում բացառված է լինելու այդ հարցի անտեսումն ու մոռացության մատնումը:

Որպես հանրային գործիչ՝ Էդ. Մինասյանը երկար տարիներ ղեկավարում է իր իսկ հիմնադրած «Խնուս» հայրենակցական միության հոգաբարձուների խորհուրդը:

Մի քանի անգամ ընտրվել է  Երկրապահ կամավորականների միության վարչության անդամ և գործուն մասնակցություն ու աջակցություն  ցույց տվել միության աշխատանքներին:

 Անվանի պատմաբանը եղել  է նաև ՀՀ հանրային խորհրդի անդամ ու աչքի ընկել իրեն բնորոշ եռանդով և ակտիվությամբ, հանդես եկել  բազմաբնույթ նախաձեռնություններով:

   Էդիկ Մինասյան….

    Շուրջ չորս տասնամյակ շարունակ հայոց պատմության ոգին ու խորհուրդը, դասերն ու պատգամներն է հաղորդում իրար հաջորդող ուսանողական սերունդներին...

  Նրա դասախոսություններն ու ելույթներն աչքի են ընկնում բնականորեն գեղեցիկ, պատկերավոր, ընտիր հայերենով, համոզիչ ու կուռ տրամաբանությամբ, ոգեշունչ այնպիսի պաթոսով ու հանդիսավորությամբ, որ ներկաներին թվում է, թե  նա պատմական վերոնշյալ իրադարձությունների անմիջական ականատեսն ու մասնակիցն է միաժամանակ:

   Եվ երբ ուսանողական լսարանների առջև ոգեշունչ պատկերավորությամբ ներկայացնում է Վարդանանց ժամանակաշրջանը, կլանված ունկնդիրներին  իրական է թվում  պատրանքը, թե հայ պատմաբանը հենց նոր վերադարձավ 451 թվականի հերոսաշունչ իրադարձություններից, Տղմուտ գետի ափերից, Ավարայրի դաշտից...

  Նույնն է կատարվում, երբ նա իրեն հատուկ ոգով ու ոճով ներկայացնում է հայոց պատմության այլ դարերի դեպքերն ու իրադարձութիունները:

  Էդիկ Մինասյան հայորդին բնավ չի բավարարվում մատաղ սերնդին տեսական գիտելիքներ հաղորդելով: Նա յուրաքանչյուր ուսումնական տարվա ավարտից հետո ուսանողների, մտերիմների ու զինակիցների խմբով ուխտագնացություն է կատարում դեպի Արևմտյան Հայաստան, Կիլիկիա ու պատմական Պարսկահայք: Ոտքով շրջելով պատմական Հայաստանի նշանավոր  ու տեսարժան վայրերով, անվանի պատմաբանը գործնական հայրենասիրության բորբոքուն լիցքեր է հաղորդում հայ պատանիներին ու աղջիկներին: Անցած տարիներին  հարյուրավոր ուսանողների ուղեկցել է հայոց նվիրական վայրերով, կանգ առել Տղմուտ գետի ափին, Ավարայրի դաշտում և այնտեղ հայրենաշունչ դաս վարել, որն իր կյանքի և երկարամյա դասախոսական գործունեության, թերևս, ամենակարևոր ու հրաշունչ դասն ու պատգամախոսությունն է եղել:

  Էդիկ Մինասյան հայորդին հավատում է իր ժողովրդի ոգու անշեջ կրակին:

  Նա հավատացած և համոզված է, որ կգա օրը ու կսկսվի մեր ժողովրդի հավաքական տունդարձը դեպի պապենական ու պատմական հայրենիք:

   Հանուն այդ սուրբ և  հայրենանվեր նպատակի ու երազանքի ապրում, գործում ու արարում է մեր ժամանակների նշանավոր պատմաբան և հանրային գործիչը, որի միտքն ու ոգին ամեն օր   սավառնում է իր պապենական կորուսյալ հայրենիքի սրբազան վայրերով և որի հոգեղեն մասունքները երկյուղածությամբ պահում է իր հոգում:

Արմեն Կարապետյան

Պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ ավագ գիտաշխատող, ՀՀ լրագրողների միության անդամ, բանաստեղծ և արձակագիր

Գորիսի համայնքային մանկապատանեկան մարզադպրոցի սաների հերթական հաղթանակը այս անգամ ձեռնամարտից

25.12.2024 20:01

Հայտնի են հունվար ամսին 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունների օրերը

25.12.2024 19:54

Մասնագիտական կրթության ոլորտի մանկավարժները պարտադիր ատեստավորման բարձր ցուցանիշ են գրանցել

25.12.2024 19:49

ԵԱՀԿ Մինսկի խումբը և նրա բոլոր կառույցները ենթակա են լուծարման. Զախարովա

25.12.2024 19:42

Վասակաբերդը, որ կրում է Հայոց ու Վրաց մարզպան (440-451 թթ․) և Սյունյաց աշխարհի մեծագույն զավակ Վասակ Սյունու անունը

25.12.2024 16:13

1,6 մլրդ դոլար 2025-ին վճարելու ենք պետական պարտքի մայր գումարի համար. Վահե Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

25.12.2024 15:24

«ՄԵԾ ՀԱՅՔ»-Ի պարային շքահանդեսը Գորիսի բեմում

25.12.2024 14:34

Փոքր մոդուլային ռեակտորների կառուցումը՝ Հայաստանի էներգետիկ համակարգի քանդելու միջոց․ ուսումնասիրություն

25.12.2024 14:32

Կրեմլն արձագանքել է Փաշինյանի բացակայությանը

25.12.2024 14:23

Ջերմաստիճանը դեկտեմբերի 26-28-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

25.12.2024 14:19

Անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ. վարչապետ

25.12.2024 12:40

Իրանի նախագահը հանդիպել է սրբազան պաշտպանության երկու հայ նահատակների ընտանիքների հետ

25.12.2024 11:21