Սամվել Հարությունյանի կոչն ընտրողներին
Հայրենակիցներ, բազմաթիվ մտահոգ քաղաքացիներ ինձ առաջարկել են առաջադրելու թեկնածությունս 2017թ. նոյեմբերի 5-ին կայանալիք ընտրություններին եւ, ճչացող անարդարության ու մարտնչող տգիտության դեմ պայքարի ալիք նախաձեռնելով, կանխել գորիսեցիներին պարտադրվող բարոյական վախճանը: Անշուշտ, մարդկային, քաղաքացիական, մտավորական որակներս, կյանքիս ուղին, մասնավորապես Արցախյան պատերազմի տարիներին Գորիսի քաղաքային իշխանության նախագահի դրական փորձառությունս եւ կայտառ առողջությունս ինձ վստահություն են ներշնչում՝ Հայոց ազատամարտի շարքայինի պարտականություններիս շարունակման հետ իրականացնել Գորիս խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածուի հաղթարշավ, արժանանալ ժողովրդի վստահությանը, ընտրվել եւ ստանձնել հավաքական Գորիսի առաջնորդի դժվարին առաքելությունը:
Կրկին հայտարարում եմ, որ խորհրդարանական վերջին ընտրությունների անվան տակ մարդկանց ձայների մոլեգնած տոնավաճառի նողկալի իրողությունը եւ այդ արգահատելի երեւույթը նորից պարտադրելու հավանականությունը եղել են որոշմանս գլխավոր խոչընդոտը, ինչը հաղթահարել եմ՝ համոզումով, որ հազարավոր գորիսեցիներ վերջապես մարդկային առաքինությունները կգերադասեն բարոյական անկումից: Համոզվել եմ նաեւ, որ թեկնածությունս առաջադրելու համար առկա է հասարակական պահանջ: Այդ վստահությամբ ու համոզումով էլ ինքնառաջադրվել եմ:
Գիտակցենք, որ հավաքական Գորիսն ի դեմս իր ղեկավարի պետք է լինի ոչ թե վերին իշխանավորների հլու կամակատար, այլ կերպ ասած «թազի-թուլա», այլ վշտահար մարդկանց ցավ ու տառապանքը դարմանող, նրանց հոգսերին, կարիքներին եւ հայրենի երկրամասի զարթոնքին ու վերածննդին անմնացորդ ծառայող առաջնորդ: Հակառակ պարագայում կարժանանանք հայոց սուրբ նահատակների հոգիների եւ գալիք սերունդների արհամարհանքին:
Հիշենք՝ Սյունյաց ժողովուրդը 1920թ. հուլիսին, կուլ գնալով խաղաղություն, մանավանդ շաքար, օճառ, նավթ ստանալու բոլշեւիկյան խոստումներին, լքեց Գարեգին Նժդեհին: Ֆիզիկապես եւ հոգեպես խոցված առաջնորդը մեկուսացավ Խուստուփի լանջերին եւ Վահագն աստծո հետ հաղորդակցվելուց ոգեշնչված սյունեցիներին հղեց իր հռչակավոր ուղերձը, ուր մասնավորապես շեշտադրել է. «Ժողովուրդ, ինձ լքելուց, ինձ դավաճանելուց առաջ զլացար իմ խնդիրը կատարել: Դու չուղարկեցիր վարպետներիդ բութ գործիքներով հանելու իմ աչքերը, կուրացնելու ինձ, որ չտեսնեմ քո գլխին գալիք զուլումը, քո բարոյական անկումը: Ներում եմ, թեեւ պատմությունը չի ների քեզ եւ խնդրում, երբ ինձ սպանված տեսնես, դիակս թաղիր Խուստուփի ամենաբարձր կատարին, որտեղից երեւա ինձ ե՛ւ Կապանը, ե՛ւ Գենվազը, ե՛ւ Գեղվաձորը: Իսկ մինչեւ այդ, հայացքդ մի կտրիր Խուստուփից: Որքան հաճախ, որքան շատ նայես այդ սեգ ու սեւ ամպերով ծածկված սարին, այնքան շուտ կգա, կհասնի փրկությունդ:
Աստված եւ իմ սերը քեզ հետ, ապերախտ ժողովուրդ»:
Գ.Նժդեհի արդարացի նախատինքից ցնցված Սյունյաց քաջաց-քաջերը ոչ միայն հայացքն ուղղեցին, այլեւ անհապաղ միացան Մեծ նվիրյալին: Կարճ ժամանակ անց ողջ Սյունիքն ազատագրվեց թրքաբոլշեւիկյան հորդաներից, հռչակվեցին ինքնավար Սյունիքը, ապա՝ Լեռնահայաստանի Հանրապետությունը, որի ամրակուռ ողնաշարի վրա էլ կազմավորվեց Խորհրդային Հայաստանը, ապա հռչակվեց Հայաստանի երրորդ հանրապետությունը:
Հետեւելով մեր մեծ նախնու օրինակին, շեշտում եմ. սիրելի, բայց ողորմելի հայրենակից, թույլ մի տուր, որ իրենց հոգիները սատանային վաճառածները քեզ նույնացնեն էժանագին մարմնավաճառի, մի ծախի՛ր հոգիդ, խիղճդ, ձայնդ, արհամարհի՛ր ստորացուցիչ ընտրակաշառքը, այն առաջարկողին նետի՛ր գրողի ծոցը եւ դու, զավակներդ կունենանք ոչ միայն արժանապատիվ ներկա, այլեւ լուսավոր ապագա:
Առկա ամոթալի վիճակն ինձ ստիպում է հնչեցնելու տագնապի եւ արթնացումի ղողանջ ու կոչով դիմելու արեւավառ հոգիներին. եկեք համախմբվե՛նք, կազմակերպվե՛նք եւ ոգեղեն վերելքով ու անկոտրում կամքով միասնաբար հենվե՛նք Սյունյաց պատմության փառապանծ դրվագներին, խարանե՛նք մեզ պարտադրվող անարդարության դեմքը, մարտնչող տգիտությունը, ընտրակաշառքի, ընտրակեղծիքների գարշելի երեւույթները նետե՛նք պատմության աղբանոցը, վերահաստատե՛նք մեր արժանավոր նախնիներին հատուկ արժանապատվությունը եւ Լեռնահայաստանի երբեմնի մայրաքաղաք Գորիսը, փառավոր անցյալ ունեցող Խնձորեսկը, (նաեւ Ներքին), Վերիշենը, Ակները, Քարահունջը, Հարթաշենը, Որոտանը, Բարձրավանը, Շուռնուխը դարձնե՛նք ամենքիս ոգեշնչման ու ստեղծագործական ներշնչանքի աղբյուր-սրբավայրեր:
Եկեք նոյեմբերի 5-ը հռչակենք ազգային ոգու եւ Սյունյաց արժանապատվության վերահաստատման օր, մեր կյանքը դարձնենք իմաստալից, դառնանք օրինակելի ու ցնցենք հայոց խլացած ու համրացած գիտակցությունը:
ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ
Նշանավոր հայերը Սամվել Հարությունյանի մասին
Սամվել Հայրությունյանը Սպարապետ Գարեգին Նժդեհի գործի արժանավոր շարունակողն է:
Սերո Խանզադյան,1992թ.
Գորիսեցիները պետք է պատիվ համարեն եւ հպարտանան՝ ունենալով Սամվել Հարությունյան քաղաքապետ:
Լուի Մերմազ, Ֆրանսիայի Ազգային ժողովի նախկին նախագահ, Վիենի քաղաքապետ, 1993թ.
Սամվել Հարությունյանն օժտված է պետական եւ քաղաքական գործչի բացառիկ բարեմասնություններով: Նրա հիմնական մտահոգությունն ազգին եւ հայրենիքին ծառայելն է, որի համար ունի մարդկային, քաղաքացիական, մտավորական բոլոր անհրաժեշտ որակները:
Ռազմիկ Դավոյան, բանաստեղծ, 1995թ.
Սամվել Հարությունյանը Լեռնահայաստանի հպարտ զավակն է:
Հրաչիկ Սիմոնյան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, 1997թ.
Սամվել Հարությունյանին ճանաչում եմ վաղուց, հավատում եմ նրա ազնվությանը, նրա նվիրումին: Սթափ միտք ունի Սամվելը, խիզախ ու համարձակ կեցվածք:
Սոս Սարգսյան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ,1999թ.
Ճշմարիտ մտավորականի օրինակելի կերպար է Սամվել Հարությունյանը, հայրենիքին, հայաստանյան մայր հողին ու երկնքին արմատներով եւ մտքով ձուլված նվիրյալ:
Արմեն Հովհաննիսյան, հրապարակախոս, թարգմանիչ,1999թ.
Սամվել Հարությունյանին ճանաչում եմ իբրեւ Սյունյաց արժանավոր զավակի եւ հայոց պայքարի քաջամարտիկի: Նա ձգտում է իրագործել նահատակ որդուս, մարտիրոսացած բոլոր հայորդիների իղձերը:
Փառանձեմ Տոռոզյան, Արցախյան ազատամարտի առաջին նահատակ Էդիկ Տոռոզյանի մայր, 2007թ.
Սյունեցիներ, Սյունիք-Լեռնահայաստանը հայոց պատմության մեջ ունեցել է անգնահատելի դերակատարություն: Ցավոք, վերջին շրջանում փորձ է կատարվել սյունեցուն շեղել դրական օրինակ ծառայելու առաքելությունից: Հավատարիմ եղեք Աստվածատուր ձեր կոչմանը, առաջնորդվեք արժանապատվության զգացումով, մերժեք ստորացուցիչ «ողորմությունը», դրսեւորեք արդարամիտ վերաբերմունք եւ ընտրեք հայրենապաշտ ու մարտնչող Սամվել Հարությունյանին:
Արտաշես Հովսեփյան, քանդակագործ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, 2007թ.
Աշխատել եմ Սյունիքում, որոշակի պարբերականությամբ եղել եմ Գորիսի պետական թատրոնի ռեժիսորը, ծանոթ եմ Հայաստանի այդ քաջարի մարդկանց: Կարծում եմ սյունեցիները չեն սխալվի, եթե իրենց ձայնը տան Սամվել Հարությունյանին: Նա օժտված է այդ երկրամասի մարդկանց հատուկ բարեմասնություններով եւ ինչպես վայել է սյունեցուն, ճանապարհի կեսից հետ չի դառնա:
Երվանդ Մանարյան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի մտավորակների ֆորումի ավագնու անդամ, 2007թ.
Սամվել Հարությունյանը հայոց երեւելի այն հայորդիներից է, ով Աստվածակարոտ պահանջով իրեն նվիրաբերել է հայրենի սրբահողի եւ նրա, ցավոք, հոգսաշատ ժողովրդի առաքելություններին...
Արցախյան ազատագրական սավառնաթեւ պայքարի քաջամարտիկը դժվարագույն մեր օրերում էլ բերում է իր անհանգստությունն ու կարողությունները՝ արդի բազմաշերտ մեր խնդիրներում: Այո, ազգանվեր Սամվել Հարությունյան-մտավորականն ու հայրենասեր գործիչն արժանի է ժողովրդի սիրուն ու գնահատականին: Հենց նման նվիրյալները կհոգան եւ սրտագին կարձագանքեն հայ ժողովրդի այսօրվա, վաղվա ծրագրերին ու հոգսերին, նրա բաղձալի Անկախության առաջընթացին:
Ռոբերտ Կարայան, գրող եւ հրապարակախոս, Հայաստանի մտավորականների ֆորումի ավագանու անդամ, 2007թ.
Գրողը ե՛ւ պատմական, ե՛ւ ժամանակակից կերպարներ է որոնում եւ պատմության ծալքերում, եւ իր ապրած ժամանակում: Իսկ ո՞վ ասաց, թե քո ապրած ժամանակը նույն պատմության կրկնություն չէ: Քո ապրած կյանքը՝ իր բարբառով, իր եզերքով, իր մարդկանցով, եթե քեզ ոչինչ չեն հաղորդում, ուրեմն դու չես ապրում: Ուրախ եմ, որ Զանգեզուր մեծ աշխարհում երկրի արժանի զավակներ կան, որ կրողն են անցյալի արժեքների: Նրանցից է Զանգեզուրի արժանավոր զավակ Սամվել Հարությունյանը՝ ամենուր, ամեն իրավիճակում, միայն իր նման՝ համարձակ, բանիմաց, ժողովրդասեր, մտահոգ, արդարադատ: Ես չեմ ասի, ավելին չեմ գրի, թե կա՝ նա է, չկա՝ նա է: Էդպես չի լինում, որովհետեւ միշտ էլ լավից լավը, քաջից քաջը, մտահոգից մտահոգն է լինում: Կարծում եմ, ավելի ճիշտ համոզված եմ, որ Զանգեզուրի արդարատենչ ու ամենատես ժողովուրդը ճիշտ է վարվում, երբ այսօր նայում է իր զավակի, հարուստ ու երեսատեղի ճանապարհ անցած զավակի ճակատին: Ես հավատում եմ, որ երբեք չեմ ամաչելու գրածս տողերի, բառերի համար, ինչպես որ Սամվել Հարությունյանի ընտրողն է հոգում ուրախանալու մի օր, ինքն է ընտրել,է˜...
Հրաչյա Մաթեւոսյան, արձակագիր, հրապարակախոս, Հայաստանի մտավորականներ ֆորումի ավագանու անդամ, 2007թ.
Սամվել Հարությունյանը սկզբունքային է, հակառակ բազմաթիվ պաշտոնյանների, պատգամավորների՝ խուլիգան չէ, դեմ է Հայաստանում հաստատված ֆեոդալական կարգերին եւ ուզում է, որ ժողովուրդն ապրի ոչ թե 15-րդ, այլ 21-րդ դարում:
Ռուբեն Հախվերդյան, երգահան, 2012թ.