ԱՊԵՐԱԽՏՈՒԹՅՈՒ՞Ն

04.08.2020 10:31
12326

Եթե մի հիսուն տարի առաջ, ապագան կանխատեսելու նոստրադամուսյան հանճարով օժտված որևէ մեկն ինձ ասեր, որ 2020թ. ես պիտի հանդես գամ Վահագն Դավթյանի և ընդհանրապես նրա գրական սերնդի պաշտպանությամբ, ապա ես դա առանց վարանելու կհամարեի բանդագուշանք կամ չար կատակ:

Անցյալ դարի վաթսունականների վերջից, ավելի քան տասուկես տարի մենք ներքաշվեցինք կատաղի բանավեճի մեջ: Առաջինը նրա կոպիտ և դիվանադիտական պատշաճությունից իսպառ զերծ հարձակումն էր` «Գարուն» ամսագրի 1968թ. հուլիսյան համարում տպագրված Զահրատի ընդարձակ շարքին և իմ առաջաբանին: Երկու տարի անց, նա ոչ պակաս հարձակողական մի հոդված տպագրեց Շահան Շահնուրի դեմ, իսկ այնուհետև, մինչև ութսունականների կեսերը մեր միջև մշտական ընդհարումներ էին տեղի ունենում  մամուլումև նույնիսկ 1976թ. ՀԳՄ համագումարում, որտեղ նա հանդես եկավ որպես պոեզիայի զեկուցող և նախորդ հոդվածների վայրագությամբ հարձակվեց «Գարուն»-ի բանաստեղծական սերնդի և, իհարկե, տողերիս հեղինակի վրա: Իմ պատասխան ելույթում ես նրան համեմատեցի իր զավակներին խժռող Քրոնոս-Յուպիտերի հետ: 

Մենամարտը սակայն դրանով չավարտվեց, հաջորդեցին հոդվածներ հանրապետական մամուլում, ես նույնիսկ ծավալուն մի նյութ տպագրեցի մոսկովյան գրական ամսագրերից մեկում: Մեր բանավեճի վերջակետը փաստորեն դրվեց մի հինգ տարի առաջ, երբ իմ անձնական արխիվում կուտակված հարյուրավոր թղթերի մեջ պատահմամբ հայտնաբերեցի ի պաշտպանություն Շ.Շահնուրի գրված իմ պատասխան հոդվածը, որը ժամանակին մերժվեց «Հայրենիքի ձայն» թերթում, իսկ մյուս թերթերն ու ամսագրերը չուզեցին տպագրել` զգուշանալով նրա հետ գործ ունենալ: Եվ հայկական ամբողջ մամուլի կողմից մերժված հոդվածը պիտի լույս տեսներ քսանմեկերորդ դարի երկրորդ տասնամյակում, «Ազգ»-ի մշակութային հավելվածում:
Սակայն այսօր, ավելի քան կես դար անցած ես շտապում եմ հանդես գալ ոչ միայն նրա, այլև ընդհանրապես այդ սերնդի պաշտպանությամբ, ոչ թե որ ես նրանց պոեզիայի սիրահարն եմ: Ամենևին: Շատ ավելի կարևոր խնդիր կա:

Յուրաքանչյուր ոք կարող է իր սիրելի բանաստեղծներն ունենալ, որոնք երբեմն զիջում են հանճարներին, բայց ավելի հոգեհարազատ են, ավելի համապատասխան մեր ճաշակին: Դա բնական է և դրանում ոչ մի պախարակելի բան չկա: Նախասիրած (և չսիրած) հեղինակների իրավունքը կարող է ունենալ նաև գրողը, մտավորականը, սակայն երբ նա հրապարակայնորեն կարծիք է հայտնում ժամանակի մեջ կայունացած և պատմականորեն արդեն արժևորված հեղինակների մասին, ապա շարքային քաղաքացու պես իրավունք չունի առաջնորդվել լոկ իր քիմքով, և գրական ու մարդկային բարեկրթության նորմերը կոպտորեն խախտելով ի լուր աշխարհի նրանց նշավակել: Մանավանդ երբ քննարկվում են Հայ Գրականության դպրոցական ծրագրերը: Նման դեպքում նա պարտավոր է նախկին, բայց իր համար անընդունելի արժեքները դիտարկել նախևառաջ հայ գրականության և անցած ժամանակների համապատկերի մեջ:

Կարդալով «Հրապարակի» կայքում զետեղված բանաստեղծ և թարգմանիչ Հակոբ Մովսեսի հարցազրույցը («Հրապարակ», 1 օգոստոսի, 2020թ.), հիշեցի, թե ինչպես, ժամանակին Գրականության և Արվեստի թանգարանում թերթում էի Ե. Չարենցի սպանությանը հաջորդած տարիների գրական մամուլը: Դա մի զարհուրելի տեսարան էր: Էջերը լցված էին`չգիտես որտեղից միանգամից ծլած անթիվ ու անհամար աշուղների պարզունակ, բարբառախառն տողերով և կատարելապես շնորհազուրկ հեղինակների ոտանավորներով: Ե. Չարենցին և մանավանդ հայ գրականությունը շարունակում էին սպանել այդ թերթերի էջերում: Դա մահաբեր մի խորշակ էր որ թվում էր` վերջնականորեն պիտի ոչնչացնի ոչ միայն մեր գրականությունը, այլև մեր մշակույթը և մեզ իջեցնի անգիր ու անմշակույթ ցեղերի մակարդակին: Եվ ես, փշաքաղված, ութսունականների կեսին մի պահ այն տպավորությունն ունեցա, թե արդեն հայտնվել եմ խավար մի փոսում և դուրս գալու ոչ մի միջոց չեմ տեսնում:

Ես շատ կուզեի, որ Հ. Մովսեսը ժամանակ գտներ և ուշադիր թերթեր այդ մամուլը, և հարց տար իրեն. ինչպե՞ս եղավ, ո՞ւմ շնորհիվ, մեկ հոգո՞ւ, թե՞ մի ամբողջ խմբի ջանքով կարողացանք զարմանալիորեն և վերջնականապես դուրս գալ այդ գարշահոտ գուբից և կայուն կամուրջ հաստատել` հայ գրականությունը միջազգային մակարդակին հասցրած տաղանդների հետ: Սպանվել էին ոչ միայն ստեղծագործող անհատներ, այլևս գրական-մշակութային առողջ, ստեղծարար մթնոլորտն էր հիմնավորապես պղծվել:

Նույնիսկ այսօրվա հեռավորությունից դիտելիս հավատդ չի գալիս, որ Չարենցի, Բակունցի, Թոթովենցի, Զապել Եսայանի և ուրիշ տաղանդաշատ ու արժանավոր գործիչների միաժամանակյա ոչնչացումից հետո հնարավոր կլինի բառացիորեն երեք տարի անց այդ կամուրջի կառուցման առաջին և հիմնավոր քարը դնել` քսաներկուամյա Գևորգ Էմինի` ընդամենը 66 էջանոց «Նախաշավիղը»: Վերնագիր, որը ոչ միայն հարգանքի տուրք էր Մեծն Աբովյանին, այլև գիտակցաբար, թե ոչ, բրտորեն ընդհատված հայ գրականության «շավիղը», ուղին շարունակելու հայտ: Եվ շարունակվեց:

Հաջորդեցին ուրիշ ժողովածուներ, որոնք տպագրեցին հատկապես հաղթական պատերազմից վերադարձած հեղինակները, որոնցից մեկը նաև Վահագն Դավթյանն էր: Գերազանցապես նրանց շնորհիվ էր, որ համեմատաբար կարճ ժամանակում վերականգնվեց խզված կապը:
Այսօր ոմանք, լոկ որպես ընթերցող, կարող են չհավանել նրանց ստեղծած գրականությունը: Դրա իրավունքն ունեն: Բայց որպես մտավորական կատարյալ ապերախտություն կլինի անտեսել նրանց ոչ միայն գրական-մշակութային, այլև ազգային-քաղաքացիական սխրանքը, առանց որի մեր պատմության մեջ պիտի դատարկության տասնամյակն իշխեր: Հաշվի առնենք նաև, որ նրանք ժամանակին համահունչ պոետական նոր գեղագիտություն ստեղծեցին, որը բավարար հիմք դարձավ եկող սերունդների ստեղծագործական նոր նվաճումների համար: Եվ այսօր էլ, տասնամյակներ անց, նրանք իրենց բազմահազար երկրպագուներն ունեն: Միայն այսքանը բավական է, որպեսզի մենք նրանց մշտապես մեր հարգանքի տուրքը մատուցենք և անգամ հիմնովին ժխտելիս գոնե մնանք բարեկրթության սահմաններում:

Ինձ համար հասկանալի է, թե Հ. Մովսեսն ինչու է լիովին անտեսում այդ սերնդի նշանակությունը մեր գրականության պատմության համար: Մշակութային երևույթների այս միակողմանի գնահատման բացատրությունը նա ինքն է տալիս. «Գրականությունն առաջին հերթին ոչ թե գաղափարախոսություն է, այլ գեղագիտություն, ճաշակ, արդիականություն…»: Չգիտեմ, Ֆրանսիայում, XIX դարի երկրորդ կեսին, «Lևart pour lևart»(«Արվեստն արվեստի համար») սկզբունքը դավանող պառնասականների շրջանակում գուցե հնարավոր էր նման տեսակետ արտահայտել, բայց ոչ այսօր` Հայաստանում: Եվ ինչո՞ւ միայն Հայաստանում:

«Поэтом можешь ты не быть, но гражданином быть обևязан», - գրում էր Ալեքսեյ Նեկրասովը 1860-ականներին: Չպետք է սա հասկանալ պարզունակ, թե առանց գրական ձիրքերի բավական է քաղաքացիական կարգախոսներ աղաղակել և համարվել բանաստեղծ: Ի դեպ, ճշմարիտ հայրենասիրությունն աղմուկ չի սիրում, այլ լուռ և տևական աշխատանք: Ռուս բանաստեղծի հայտարարությունը նշանակում է, որ էսթետիկան և էթիկան պետք է միաձուլված լինեն, որ գրական տաղանդըև քաղաքացիական բարձր պատասխանատվությունը հաղորդակից անոթների պես պետք է միմյանց լրացնեն և մշտապես մի¨նույն մակարդակի վրա լինեն, և որ մեկի` մանավանդ քաղաքացիականի նվազումը կամ անհետացումն անմիջապես հանգեցնում է գեղագիտականի նվազման և բանաստեղծին մտցնում տխմար կրկնաբանության փակուղի: Ինչպես եղավ Հ. Մովսեսի թվարկած անուններից մեկ-երկուսի հետ: Եվ մանավանդ սա նշանակում է, որ գրողն իրավունք չունի կյանքին նայել «Փղոսկրե աշտարակի» հարմարավետության նեղ պատուհանից: Մանավանդ մեր` այսօրվա Հայաստանի պարագայում: Այսինքն` ինչո՞ւ միայն այսօրվա:

Ոչ այլ ոք, քան «գեղեցիկի, ճաշակի, արդիականության…» հարգն իմացող Դանիել Վարուժանը, ճիշտ է երկյուղներ ուներ, որ հայրենասիրությունը կարող է ջարդել հայ գրականության ողնաշարը, սակայն միաժամանակ նշում էր, որ հայ գրողն ուրիշ ելք չունի: Իսկ Լոզանում ուսանող, կարապների, Լեման լճի գեղեցկությունը երգող, դարասկզբի եվրոպական պոեզիայի գեղագիտությունը հիմնովին յուրացրած և եվրոպական պոեզիայի մետրերին վայել բանաստեղծություններ գրող Ռուբեն Ս)ակը 1909թ. Կիլիկյան աղետից հետո արմատապես փոխեց իր հայացքը կյանքի և գրականության հանդեպ` հայտարարելով. «Ուսով կը հրենք մեր ցավին անիվը դարահոլով»: Երկու տարի անց, «Այլասերում» մարգարեական հոդվածում, ասես երկխոսելով նաև մեր օրերի հետ, նա գրեց. «Գառնուկի պես անզեն ցեղ մը ամե՛ն օր, ամե՛ն օր կը հոշոտվի: Իսկ մեր գամբռները խելոքցեր, փիլիսոփայացեր, քաղաքակրթվեր են, տիեզերական եղբայրակցության մը խոսքեր կ’ընեն մեզի, ու կ’երազեն այն հեռավոր օրվան` ուր գայլ ու գառնուկ մեկտեղ կտ‘արածվին…

Թռչունի պես վիրավոր ցեղ մը, փոքրիկ վիրակապի մըն է կարոտ` իր թևերը նորեն բանալով միջոցի մեջ արծիվի պես սավառնելու համար: Իսկ մեր ընկերաբանները թո՜ւյն կը փչեն բույներեն ներս, ու մեզ կը խոսին այն տարտամ ապագաներուն վրա` ուր ազգն ու հայրենիք կը լուծվին համաշխարհային միջազգայնականության մը մեջ…»: 

Մենք Իսլանդիայի կամ քաղաքակիրթ, բարձր մշակույթ ստեղծած երկրների հարևանությամբ ապրող Շվեյցարիայում չենք: Անգամ հանգիստ ու ապահով այդ երկրի գրողները տագնապած էին աշխարհի ճակատագրով: 1936թ. Շառլ-Ֆերդինանդ Ռամյուզն իր` «Եթե արևը նորից չծագի…» վեպում ամենայն հստակությամբ կանխատեսում էր աշխարհակործան պատերազմը, 1958թ, Մաքս Ֆրիշը «Բիդեռմանը և հրձիգները» պիեսում, իսկ Ագոտա Կրիստոֆը 1990թ. իր նշանավոր «Երկվորյակների եռապատումի» մեջ այսօր աշխարհով տարածված պատերազմական հրդեհներն էին տեսնում: Իսկ հայ գրողն ինչպե՞ս կարող է գաղափարական բաղադրիչն այդպես հեշտությամբ հանել գրական գործի միջից և անմարմին, ինքնաբավ, ժամանակից ու տարածությունից դուրս գեղեցիկը մատուցել մեզ:

Հայկ Նահապետի ժամանակներից ի վեր ստիպված ենք մշտական կռիվ մղել մեր բնօրրանում ապրելու իրավունքի համար: Իսկ այսօր մենք հայտնվել ենք գայլի և բորենու միջև, որոնք միայն մի ցանկություն ունեն` ամեն կերպ, ամենայն անգթությամբ ոչնչացնել մեզ: Աներևակայելի ստորությունների են դիմում, այդ մասին չեն խորշում նույնիսկ ամենայն լկտիությամբ բարձրաձայնել խուլականջ աշխարհին: Ուստի հայ գրողը չի կարող այս ամենը չնկատել, մոռանալ, թե որտեղ է ապրում և տրվել իրականազերծ գեղեցիկի փնտրտուքներին: Ընդհանրապես գեղեցիկ չի կարող լինել հայ գրողի համար, երբ այսօր սահմանում շարունակ հայ զինվոր է զոհվում դիպուկահարի կրակոցից, երբ կաննիբալական հայատյացությամբ իրենց դպրոցներում սերունդներ են թունավորվում, երբ հայկական բանակի հերոսաբար զոհված զինվորի գլուխը ծեծ կերած ասկյարները կտրում ենև ֆուտբոլ խաղում, իսկ կտրողին բարբարոսական երկրի մանրասուլթանը շքանշանով է պատվում:

Ուզենք թե չուզենք մեր գրականությունը պետք է համակված լինի որոշակի և հասցեավորված գաղափարախոսությամբ, այն է` հայրենասիրությամբ, որով մեզ դաստիարակեցին խորհրդային դպրոցներում` Աբովյանի, Նալբանդյանի, Րաֆֆու, Ծերենցի, Մուրացանի, Դեմիրճյանի, Զորյանի, Խանզադյանի, Դաշտենցի, Շիրազի, Գևորգ Էմինի, Պ. Սևակի հայրենասիրությամբ, գործեր, որոնցում այդ գաղափարախոսությունը համահունչ էր արվեստին, այլապես չէին կարողանա ընթերցողների մի քանի սերնդի համար սեղանի գրքեր դառնալ: Եվ վերջապես ավելացնենք, որ Արցախն ազատագրած զինվորների մեծ մասն այդ գաղափարախոսությամբ էին դաստիարակվել: Եվ նրանք վսեմ ու սքանչելի եղան իրենց անձնազոհությամբ:

Բնավ չի նշանակում, որ դպրոցական ծրագրերը պիտի լրացվեն միայն թվարկված հեղինակների ստեղծագործություններով, փառք Աստծո, մեր գրականությունը հարուստ է ամեն տեսակի գործերով, չասած արտասահմանյան գրողների  մասին, սակայն հայ գրականության դասավանդման մայր գիծը մեր դպրոցներում պիտի համակված լինի հայրենասիրական գաղափարախոսությամբ:

 Ալեքսանդր ԹՈՓՉՅԱՆ

hraparak.am

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25