Արա Հովսեփյան. ««ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ն Հայաստանի հիդրոէներգետիկայի ոլորտի ամենամեծ արտադրողն է եւ լուրջ տեղ է զբաղեցնում համաշխարհային չափանիշներին համապատասխանող հիդրոկառույցների շարքում»

12.08.2021 10:30
5173

2020թ. դեկտեմբերին լրացավ «Որոտան» հիդրոէլեկտրակայանների համալիրի առաջնեկի՝ հէկ-ի գործարկման 50-ամյակը:

2020 թվականը «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ընկերության համար նշանավոր էր նաև մեկ ուրիշ առումով. օգոստոսին լրացավ հինգ տարին այն ժամանակվանից, երբ «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ն անցավ նոր սեփականատիրոջ և վերածվեց նոր՝ «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲ Ընկերության:

Հոբելյանական և հիշարժան այդ տարեդարձերի առիթով զրույց ունեցանք ընկերության գլխավոր տնօրեն Արա Հովսեփյանի հետ:

 

Արա Հովսեփյան. այցեքարտ

Մինչեւ «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնելը մասնակցել է «Քոնթուր Գլոբալ»-ի անունից ՀՀ կառավարության հետ բանակցություններին՝ Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի ձեռքբերման նպատակով:

Արա Հովսեփյանն իր աշխատանքային գործունեությունը սկսել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունում՝ 1995 թվականից, որտեղից հեռացել է 2000 թվականին՝ դառնալով Միացյալ Թագավորության դեսպանատան Միջազգային զարգացման նախարարության (DFID)  հայաստանյան ներկայացուցչության առաջին տեղական ղեկավարը: Այնուհետեւ՝ 2006-2011թթ., Արա Հովսեփյանը եղել է ԱՄՆ «Հազարամյակի մարտահրավերներ» (ՀՄՀ) ծրագրի գլխավոր գործադիր տնօրենը:

2012 թ. Արա Հովսեփյանը տեղափոխվել է ղեկավարելու Ասիական զարգացման բանկի և ՀՀ կառավարության կողմից ֆինանսավորվող «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցման» ներդրումային ծրագիրը: 2013թ. մայիսին իր ցանկությամբ նա հեռացավ այդ պաշտոնից՝ միանալով 1990 թվականից Հայաստանում ԱՄՆ ամենախոշոր մասնավոր ներդրումային գործարքի բանակցություններին՝ որպես «Քոնթուր գլոբալ» ընկերության գլխավոր ներկայացուցիչ:

Արա Հովսեփյանն ունի Վ. Բրյուսովի անվան Երեւանի լեզվագիտական համալսարանի անգլերեն լեզվի եւ պատմության ֆակուլտետի բակալավրի դիպլոմ (1995թ.), Հայաստանում Ամերիկյան համալսարանի քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների մագիստրոսի դիպլոմ (1997թ.), ինչպես նաեւ Օքսֆորդի համալսարանի միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության հետբուհական ասպիրանտական դիպլոմ (Oxford University, Exeter College,1999):

- Պարոն Հովսեփյան, նախ շնորհավորում ենք Ձեզ և ի դեմս Ձեզ՝ «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲ ընկերությանը, աշխատակազմին, վետերաններին՝ Տաթեւ հէկ-ի գործարկման 50-ամյակի եւ, իհարկե, Որոտանի հէկերի համալիրի մասնավորեցման 5-րդ տարեդարձի կապակցությամբ, մաղթում հաջողություններ:

- Շնորհակալություն շնորհավորանքի համար:

Շնորհակալ եմ նաեւ, որ մեր ընկերության հոբելյանը պատշաճ ուշադրության է արժանանում «Սյունյաց երկրի» կողմից:

- Հավանաբար Դուք այսօր՝ տարիների հեռվից, գնահատանքի եւ երախտագիտության խոսք ունեք՝ ուղղելու  ե՛ւ նախագծողներին, ե՛ւ հիդրոշինարարներին, ե՛ւ նախկին աշխատակիցներին, որոնց ջանքերի շնորհիվ ծնվեց Տաթեւ հէկ-ը եւ տասնամյակներ շարունակ ծանրակշիռ ներդրում ունեցավ մեր հանրապետության էներգետիկ համակարգում:

- Ավելի քան 50 տարի է, ինչ շահագործվում է Տաթեւհէկը, որը Որոտանի կասկադի առանցքային հիդրոկայանն է, որովհետեւ Տաթեւ հէկ-ը ունի ոչ միայն էլեկտրաէներգիա արտադրելու գործառույթ, այլեւ հանրապետության էլեկտրամատակարարման համակարգի մեջ հաճախականության կարգավորման գործընթաց է իրականացնում, ինչը, ըստ էության, թույլ է տալիս շատ արագ արձագանքել օպերատորի պահանջներին, հէկը շահագործման մեջ դնել շատ կարճ ժամանակամիջոցում եւ կարգաբերել ամբողջ հաճախականությունը համակարգում: Նախկին Խորհրդային Միության ժամանակներում հէկը համարվել է էներգետիկական ոլորտի ադամանդներից մեկը, եւ այդ առումով շատ նշանակալի տարեդարձ է: Ափսոս, որ անցյալ տարի հասկանալի պատճառներով չկարողացանք ըստ արժանվույն նշել 50-ամյա հոբելյանը: Բայց փույթ չէ, ինչ-որ մի ժամանակ  կնշանավորենք այդ տարեդարձը:

Իսկ մինչ այդ սրտանց շնորհավորում եմ ընկերության աշխատակիցներին, Տաթեւ հէկ-ի եւ ընդհանրապես Որոտանի հէկերի համակարգի վետերաններին՝ Տաթեւ հէկ-ի գործարկման 50-ամյակի, ինչպես եւ ընկերության մասնավորեցման 5-րդ տարեդարձի կապակցությամբ:

- Պարոն Հովսեփյան, անցած տարիներին «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲ ընկերության եւ «Սյունյաց երկրի» միջեւ պահպանվել է համագործակցության սերտ մթնոլորտ, քանիցս լուսաբանել ենք ընկերության գործունեությունը:

Սակայն կան հարցեր, որոնց պատասխանը ցանկալի է լսել նախեւառաջ ձեզանից, ինչի համար եւ կարեւորեցինք սույն հարցազրույցը:

Թեեւ նախկինում էլ առիթ է եղել ներկայացնելու «Որոտանի հէկերի համալիրի» ներկայիս սեփականատիրոջը, բայց հարկ ենք համարում կրկին լսել Ձեր խոսքը:

- Սեփականատեր ընկերությունը ոչ թե անհատ է, այլ «ՔոնթուրԳլոբալ» միջազգային ընկերությունը, որ հիմնադրվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, բայց 2016 թ. վերջից գրանցված է Լոնդոնի արժեթղթերի հիմնադրամում, որպես բաց բաժնետիրական ընկերություն, այսինքն՝ հիմնադրվել է մի տեղ (ԱՄՆ), գրանցված է մեկ այլ տեղ (Լոնդոն),  եւ այսպես ասած՝ նաև անգլիական կապիտալի ներկայացուցիչ է: Ընկերությունը համեմատաբար երիտասարդ է, հիմնադրվել է 2004 թվականին, դեռ 20 տարին չի լրացել, բայց բավականին արագ տեմպերով առաջադիմում է, այժմ ունի մոտ հինգ հազար մեգավատտ ընդհանուր դրվածքային հզորություն, մոտավորապես 30 երկրում՝ չորս մայրցամաքում գործունեություն է ծավալում, ներդրումներ է կատարել  ե՛ւ վերականգնողական էներգետիկայի, ե՛ւ ավանդական, ե՛ւ ֆորմալ էներգետիկայի ոլորտում:

- Փորձենք համառոտ ամփոփել  «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ » ՓԲ ընկերության անցած հինգ տարվա գործունեությունը, գլխավոր արդյունքները:

Ձեզ հետ ունեցած նախորդ զրույցներից մեկում Դուք ընդհանուր գծերով նշել եք նոր սեփականատիրոջ մտադրությունները, ծրագրերը:

Հետաքրքիր է, այդ ծրագրերը, նախանշումները որքանո՞վ կարողացաք կյանքի կոչել:

- Նախ՝ անխափան կարողացել ենք ապահովել «Որոտան» հիդրոկասկադի շարունակական աշխատանքը՝ ամենօրյա ռեժիմով, եւ երբեւէ խափանում չի եղել էներգիայի արտադրության ու Հայաստանի էլեկտրացանցերին (ՀԷՑ) մատակարարման գործում, չնայած կայանների սարքավորումները հնացած են եղել, երբ ձեռք ենք բերել համակարգը: Ու հիմնական մեր առաքելությունը, երբ մասնավորեցման գործարքն արդեն կատարվել էր, ներդրումներ կատարելն էր, որ ողջ համալիրի սարքավորումներն արդիականացվեն:

Վերջին հինգ տարվա ընթացքում կարողացանք ե՛ւ ընկերության անխափան աշխատանքը կազմակերպել, ե՛ւ մեր ստանձնած պարտավորությունները կյանքի կոչել, այն է՝ ներդրումներ կատարել:  2017 թ. սեպտեմբերից սկսեցինք ի կատար ածել էլեկտրամեխանիկական վերազինման ծրագիրը, որի արժեքը մոտ 51 միլիոն եվրո է, ֆինանսական աղբյուրը գերմանական KFW բանկն է, որը պետական, ֆինանսական հաստատություն է, եւ գումարը մեզ հատկացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության միջոցով: Այդ ծրագիրը մինչեւ այս տարվա հունիսի 30-ը ավարտելու ենք:

Առ այսօր ինչ նպատակ դրել ենք մեր առջեւ՝ պատշաճ կատարել ենք: Իհարկե, անցյալ տարվա ֆորսմաժորային իրավիճակները՝ COVID եւ պատերազմ, ազդեցություն ունեցան մեր ծրագրի իրականացման ժամկետների վրա, այն պետք է ավարտեինք 2020 թ. նոյեմբերի 25-ին, բայց նշածս երկու հանգամանքի պատճառով հետաձգվեց: Այդուհանդերձ՝ ծավալների վրա այդ ամենը չազդեց, մի քիչ խախտվեց սարքավորումների ներկրման ժամանակացույցը: Ամեն դեպքում սարքավորումները ներդրվեցին եւ իրենց գործառույթները կատարում են, շուտով կհասնենք լիակատար շահագործման:

Վերազինման ծրագիրը կարողացել ենք կատարել անընդհատ, անխափան աշխատանքային ռեժիմով: Դա բավականին բարդ գործընթաց էր:

- Վերջին տարիներին Հայաստանում այսպիսի մի մշակույթ է ձեւավորվել, երբ խոսքը վերաբերում է հատկապես երբեմնի պետական ձեռնարկությունների մասնավորեցմանը. կատարված աշխատանքը չափել-նժարել նախեւառաջ նոր սեփականատիրոջ ներդրումներով եւ ընդհանրապես ներդրումային քաղաքականությամբ:

Ուստի եւ՝ որքա՞ն ներդրում է կատարվել ընկերությունում վերջին հինգ տարում ու հատկապես ո՞ր ոլորտներում, մանավանդ որ ի սկզբանե ընկերության մասնավորեցումը ներդրումների ներգրավման բարենպաստ պայմանների ստեղծումով էր պայմանավորել Հայաստանի կառավարությունը:

- Վերը նշվածը միակ խոշոր ներդրումային ծրագիրն է, որ սկսել ենք եւ շուտով կավարտենք: Բայց ընթացքում՝ ամեն տարի՝ միջինը 5-7 մլն դոլարի չափով ներդրումներ ենք կատարել, ինչի շնորհիվ բարելավվում, արդիականացվում է  արտադրությունը:  Ընդհանուր առմամբ՝ այս պահի դրությամբ մոտ 70 մլն դոլարի ներդրում ենք կատարել՝ կասկադի մոդեռնիզացման, վերակառուցման ուղղությամբ: Դա պայմանավորված է եղել  հանրապետության կառավարության հետ ժամանակին ձեռք բերված համաձայնությամբ՝ գործարքի շրջանակներում: Երբ 2015 թ. հուլիսի 8-ին ստորագրում էինք առք ու վաճառքի գործարքը՝ «Որոտանի հէկերի համակարգ» ՓԲ ընկերության ձեռք բերման մասին, մեր ստանձնած պարտավորությունն այն էր, որ 70 մլն դոլարի չափով ներդրում կատարենք: Եվ դա ոչ միայն կատարել ենք, այլ՝ գերակատարել…

- Վերոնշյալ երկու տարեդարձը հաճելի առիթ են անդրադառնալու հարցին՝ ի՞նչ է իրենից այսօր ներկայացնում «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ընկերությունն իր երեք հէկով:

- «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադը» խոշոր էներգետիկական կառույցի սեփականատեր է, որն արդեն հինգ տարում իր ձեռք բերած կառույցը հասցրել է միջազգային չափանիշներին՝ որդեգրած էլեկտրական եւ մեխանիկական վերազինման շնորհիվ: Առաջիկա տարիներին նախանշված ներդրումները կհանգեցնեն նրան, որ ամբողջությամբ կկայանա՝ ե՛ւ իր էլեկտրական-մեխանիկական սարքավորումներով, ե՛ւ իր պատվարային ու ջրային կառույցներով, ինչպես նաեւ կայանները շահագործող անձնակազմով ու բարեկարգված այլ տարածքներով: Եվ լուրջ տեղ կզբաղեցնի համաշխարհային չափանիշներին համապատասխանող հիդրոկառույցների շարքում: Դա որպես նպատակ դրել ենք մեր առջեւ եւ հաստատուն քայլերով գնում ենք դրա իրականացմանը:

- Ձեր գլխավորած ընկերության երեք հէկ-ի կշիռը Հայաստանի Հանրապետության էներգետիկ հաշվեկշռում:

- Մոտավորապես 12-15 տոկոս է կազմում Հայաստանի ընդհանուր էներգետիական հաշվեկշռում: Հիդրոէներգետիկայի արտադրությամբ ամենախոշորն ենք, տարեկան կտրվածքով երկու անգամ ավելի էլէներգիա ենք արտադրում, քան, ասենք, «Սեւան» հիդրոկասկադը: Իսկ  Հայաստանի հիդրոէներգետիկայի ոլորտում արտադրում ենք հանրապետության հիդրոէներգետիկայի մոտ 1/3-ը: Մի խոսքով՝ ոլորտի ամենամեծ արտադրողն ենք:

- Վերազինման, հիդրոսարքավորումների արդիականացման շնորհիվ, կարծում ենք, փոփոխություններ են կատարվել կամ կկատարվեն արտադրվող էլէներգիայի ինքնարժեքում. եթե առեւտրային գաղտնիք չէ՝ կուզենայինք իմանալ այդ մասին:

- Հիդրոսարքավորումների վերազինման-վերակառուցման նպատակն արտադրության հուսալիության բարձրացումն է, անխափան աշխատանքի ապահովումը, այսինքն՝ մենք փոխել ենք այն սարքավորումները, որ կայանների հիմնադրման առաջին օրվանից գործում են եւ չեն փոխարինվել. միջինը՝ 40-50 տարվա վաղեմություն ունեն: Մեր ձեռնարկած տեխնիկական վերազինման նպատակը հենց սարքավորումների հուսալիության բարձրացումն է, այսինքն՝ տուրբոգեներատորային տնտեսությունը եւ տրանսֆորմատորները եւս 40-50 տարի հուսալիորեն կաշխատեն: Իսկ այդ ամենը դժվար թե ֆինանսատնտեսական հետեւանքներ ունենա էլեկտրաներգիայի սակագնի փոփոխության առումով, որովհետեւ վերազինման իմաստը եւ նպատակը դա չի եղել: Ի դեպ, մեր արտադրած էլեկտրաէներգիայի սակագինը մնում է ամենաէժաններից մեկը հանրապետությունում:

- Արցախյան երրորդ պատերազմի հետեւանքով փաստորեն էականորեն կրճատվեցին ոչ միայն Արցախի Հանրապետության, այլեւ Հայաստանի Հանրապետության էներգետիկ հնարավորությունները: Ավելին, Հայաստանի որոշ կայաններ առաջիկայում ժամանակավոր դադար կառնեն՝ վերանորոգման պատճառով: Ասել է թե՝ մեզանում կառաջանա (եւ արդեն իսկ առաջացել է) էներգետիկ ռեսուրսների խնդիր:

Նման պայմաններում, բնականաբար, ավելի կմեծանա «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲ ընկերության դերը:

Արդյո՞ք ստեղծված վիճակն անդրադարձ կունենա Ձեր ընկերության սակագնային քաղաքականության վրա:

- Պատերազմն այնպիսի  երեւույթ է, որ հանրապետության բոլոր ոլորտների վրա ազդեցություն է ունենում: Իսկ թե ինչ ազդեցություն կունենա էլէներգիայի սակագների վրա՝ չեմ կարող ասել: Իրոք, չեմ տիրապետում այդ դաշտի ամբողջական իրավիճակին: Մի բան է ստույգ՝ ինչքան տնտեսությունը թույլ լինի, էլէներգիայի սպառումն այնքան նվազ կլինի: Եթե երկրի տնտեսությունը վերելք ապրի, ապա էլեկտրաէներգիայի սպառումն էլ կաճի, ինչը մեզ ձեռնտու է: Այդ դեպքում արդեն կարող ենք խոսել ե՛ւ առողջ տնտեսության, ե՛ւ էներգետիկ համակարգի զարգացման մասին:

- Որոտան գյուղի մերձակայքում, ավելի ճիշտ Գորիս-Կապան ավտոմայրուղու Գորիս-Որոտան հատվածում անվտանգային նոր իրավիճակ է 2020թ. նոյեմբերի 9-ից, ավելի ստույգ 2020թ. դեկտեմբերի 18-ից հետո, երբ հայկական մարտական դիրքերը նահանջելու հրաման ստացան, որի հետեւանքով Որոտան գյուղը հայտնվեց սահմանային գյուղի կարգավիճակում, իսկ Գորիս-Որոտան մայրուղու մոտ 4 կմ հատվածը՝ Կուբաթլուի շրջանի Էյվազլար գյուղի վարչական տարածքում:

 Նախ՝ ընկերության աշխատակիցներն ամեն օր անցնում են այդ ճանապարհով, մյուս կողմից՝ Տաթեւ հէկ-ը հայ-ադրբեջանական սահմանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա է գտնվում: Եթե կարելի է, ի՞նչ նոր գործելակերպ եք որդեգրել անվտանգային այդ խնդիրները կարգավորելու համար:

- Մենք բացառել ենք գիշերային երթեւեկությունը Տաթեւ հէկ-ից Գորիս եւ հակառակը: Այնպես ենք կազմակերպել, որ աշխատակիցները երթեւեկեն մինչեւ մութն ընկնելը: Եվ, իհարկե, հնարավորության դեպքում քիչ լինի երթեւեկությունը: Ճանապարհի, ինչպես եւ Տաթեւ հէկ-ի անվտանգությունն ապահովում են պետական համապատասխան մարմինները, կարծում եմ այդ խնդրում որեւէ  բան չի փոխվել:

- Կուզենայինք իմանալ, թե սեփականատերն ուրիշ ի՞նչ ծրագրեր է իրականացնում Հայաստանում եւ մասնավորապես Սյունիքի մարզում:

- Միայն նշված ուշագրավ ծրագրերը չէ, որ իրականացնում ենք: Սոցիալական ծրագրեր էլ ունենք՝ յուրաքանչյուր տարվա  համար, որ իրականացնում ենք՝ մոտ 80-100 հազար դոլարի  սահմաններում, նաեւ զանազան այլ ծրագրեր ենք իրականացնում տարբեր  բնակավայրերում, հիմնականում  նրանցում, որոնք մեր  գործունեության շառավղում են գտնվում: Ամենահետաքրքիրներից  մեկն այն է, որ շուտով Գորիսում կբացվի  Ամերիկյան համալսարանի կրթական  կենտրոնը, որտեղ առաջին փուլում կմատուցվեն Ամերիկյան համալսարանի  կարճաժամկետ նեղ մասնագիտական դասընթացներ, որը լավ սկիզբ կհանդիսանա Գորիսում եւ Սյունիքում Ամերիկյան համալսարանի հիմնավոր ներկայությունն ապահովելու համար: Իսկ ծրագրեր, իհարկե, իրականացվում են Գորիսի եւ Սիսիանի տարածաշրջաններում՝ հիմնականում սոցիալական բնույթի:

- Եվ, այդ բոլորով հանդերձ, կուզենայինք իմանալ ընկերությունում առկա խնդիրների, Ձեր հիմնական մտահոգությունների եւ, իհարկե, առկա մարտահրավերների ու ապագային միտված ծրագրերի մասին:

- Ինչ  վերաբերում է առաջիկա անելիքներին, ցանկանում ենք ծրագրեր իրականացնել արեւից  եւ քամուց էներգիա ստանալու ոլորտներում: Գաղափարներ կան, որ ուզում ենք իրականացնել երկրում ներդրումային իրավիճակից ելնելով... Շատ կարեւոր է կառավարության հետ  համագործակցությունը, եւ հույս ունենք, որ մոտ ժամանակներս կկարողանանք համաձայնության եզրեր գտնել, թե ինչպես առաջ շարժվել: Ամեն դեպքում մեր կողմից այդ հետաքրքրությունը կա: Որոշ ծրագրերի մասին չեմ ուզում այս պահին բարձրաձայնել:

- Վերջին ամիսներին Հայաստանում հերթական անգամ գրանցված երկրաշարժերը վերստին հիշեցրին ոչ միայն մեր շինությունների, բնակշենքերի, այլեւ (նախեւառաջ) հիդրոկառույցների անվտանգության ապահովման հույժ կարեւորության մասին:

Հատկապես հետաքրքիր է ջրամբարների, թունելների սեյսմակայունությունը եւ առհասարակ պաշտպանվածությունը:

Ի դեպ, Գորիսում եւ Սիսիանում չեն մոռացել Շամբի ջրամբարի պատվարի վթարը՝ 1970-ին, Սպանդարյանի եւ Տոլորսի ջրամբարների վթարները՝ 1980-ականներին: Թեւ դրանք այլ պատճառներ ունեին, բայց, միեւնույն է, մարդիկ տեսան, թե որքան անդառնալի վնասներ բերեցին այդ վթարները Որոտանի կիրճին:

Հետաքրքիր է իմանալ ջրամբարների, կարգավորիչ ջրամբարի եւ թունելների անվտանգության ապահովման ուղղությամբ Ձեր գլխավորած ընկերության կատարած աշխատանքների եւ անելիքների մասին:

- Ընկերությունը կատարել է բոլոր պատվարների ուսումնասիրություն, նաեւ օրվա կարգավորման ջրամբարում, եւ պարզվել է՝ բոլորը սեյսմակայուն են: Սակայն, դրանով հանդերձ, նպատակ ունենք, ինչպես էլեկտրամեքենայական սարքավորումները, այնպես էլ պատվարային տնտեսությունն ու ջրամբարը համապատասխանեցնելը միջազգային ստանդարտներին: Դա որոշ միջոցառումներ է ենթադրում՝ այսինքն՝ պատվարի վիճակի մոնիթորինգային համակարգի արդիականացում եւ ավտոմատացում: Ասեմ նաեւ, որ նշված կառույցները սեյսմակայուն են, ուղղակի միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելը նույնպես որոշ ներդրումներ է պահանջում:

- Շնորհակալություն հետաքրքիր հարցազրույցի համար:

 

 

Հարցազրույցը՝

 Տիգրանուհի Բադալյանի եւ Սամվել Ալեքսանյանի

 

 

 

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25