Մահ իմացեալ անմահություն է

25.10.2020 13:42
8984

Ազգակործան արհավիրքը նորից չոքել է մեր դռանը, էլի ապրելու չափորոշիչը մարտակոչն է... «Ի զենը» նորից օրվա հրամայականն է, նորից ազգովի կռվի ենք ելել` մեր ապրելը չուզող, մեր ինքնությանը սպառնացող թշամու դեմ, կրկին արյունով ենք պահում հող հայրենին... Քիչ է ասել, որ կարող ենք մեր տղաների մարտական կեցվածքը, նվիրումը, կորովը, մարտավարությունն իբրև քաջություն կամ հերոսություն գնահատել. արհամարհելով մահը` նրանք վայրագ ոսոխին ամենուր դիմակայում եւ ջախջախում են աստվածատուր մոգական ուժով, իրականացնում անօրնակ սխրանքներ մարտադաշտի բոլոր տեղամասերում...

Ցավոք` այս ամենն առանց զոհերի չի լինում... Հեղվում է ջահել, հաճախ չպտղավորված, գենոֆոնդի ներուժը ձեւավորող արյունը...

Մարտադաշտից բերված ամեն մի նահատակի աճյուն մեր ազգային կերպը, համաժողովրդական պայքարն ու միասնությունը խորհրդանշող կերտվածքի մի մասնիկն է, մեր գալիք հաղթանակի մասունքը... Խոնարհվում ենք մեր ազգապահ նահատակ քաջորդիների շիրիմներին, հավատում ենք, որ այդ անունները ոսկե տառերով կգրվեն մեր պատմության մեջ, եւ իբրեւ խոսք հրաժեշտի ասում ենք.

-Հանգչեք խաղաղ, ազգի պայծառ զավակներ, ձեր սխրանքները սահմաններ չունեցան, ձեր անունն ու ոգին անմահ է...

Վահե Վահագնի Բակունց

 

Արցախի 2020 թ.սեպտեմբերյան պատերազմի առաջին զոհերից է: Ծնվել է 2001 թ. մարտի 24-ին, Սյունիքի մարզի Վերիշեն գյուղում: Ավարտել է հայրենի գյուղի միջն. դպրոցը 2019-ին: Ավագ եղբայրը` Սերգեյը, ով իրենից ընդամենը մեկ տարով է մեծ, պարտադիր զինորական ծառայության էր մեկնել 2018-ին, եւ կամովի այն իրականացնում էր Արցախի սահմանային գոտում: Հաջորդ տարին ծառայության մեկնած Վահեին եւս ուղարկում են նույն N զորամասը, որի 41-րդ հրետանային գնդում շուտով դառնում է ճանաչված հետախույզներից մեկը: Մեկ տարի եղբայրների ծառայությունը համատեղվում է: Օգոստոսին Սերգեյը զորացրվում է: Սեպտեմբերյան այդ չարաբաստիկ օրը թշնամին առաջինը հրետակոծում է Արա լեռը: Մի քանի ժամ տեւած կատաղի մարտերից հետո մեր զորամիվորումները հետ են վերցնում բարձունքի դիրքերը, մարտադաշտում Վահեին զոհված են գտնում...

-Անկեղծ էր, անմիջական, ընկերասեր, ուներ նուրբ հումոր... Ֆիզիկապես առողջ էր եւ ուժեղ, ջանում էր հնարավորինս օգտակար լինել ընտանիքին, ծնողներին...- այսպես է բնութագրում նրան դասղեկը` ռուսաց լեզվի ուսուցչուհի Լուսյա Մկրտչյանը:

Մենք մանրամասն չգիտենք պատերազմի առաջին օրվա քո սխրանքի մասին, դիրքապա'հ զինվոր... Բայց քեզ ճանաչում ենք իբրեւ թշնամու դեմ ելած առաջին հերոսի, քանզի քեզնով է սկսվում Արցախյան սեպտեմբերյան գոյամարտի հերոսական տարեգրությունը...

Սամսոն   Հրաչիկի  Ամարյան

 

«...Եվս մեկ հայրենասեր, տան մինուճար որդի, բնույթով`համեստ, տեսակով՝մարդասեր ու անսահման բարի...». այս բնութագիրը Նարա Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջի հոկտեմբերի 12-ի գրառումից է, ով ներկայացնում է էլի մեկ զոհի, մի քաջորդու`Սամսոն Ամարյանին:

 Ծնվել է 1988 թ.նոյեմբերի 15-ին, Գորիսի Բռուն (Ակներ) գյուղում: Այդ ժամանակ ընտանիքը բնակվում էր Բաքու քաղաքում: Ազգամիջյան հարաբերությունների սրման հետևանքով հայրը փոխանակում է բնակարանը, տեղափոխվում է Սիսիանի Շաքի գյուղ: Սամսոնն ավարտում է Շաքիի միջնակարգ դպրոցը, ծառայում հայոց ազգային բանակում, աշխատանքի է անցնում Սիսիանի զինվորական զորամասում: Թեեւ սիրած աղջիկ ուներ, բայց ամուսնությունն անընդհատ հետաձգում էր... Սեպտեմբերյան պատերազմն էլ տակնուվրա արեց ամեն ինչ... Նա մարտադաշտ մեկնեց առաջին զորակոչին, զոհվեց  հոկտեմբերի 10-ին Ջեբրաիլի մատույցներում...

Ցավով ու ափսոսանքով պետք է նշեմ, որ նույն օրը երեկոյան, նույն ռազմաճակատի մի այլ տեղամասում զոհվել է նաեւ նրա հորաքույր Անահիտի որդին`Ջիվ (Ջիվան) Ռուբենի Խաչատրյանը, ով Ագարակի բնակիչ էր...

Վահան  Գագիկի Բաբայան

Գյուղը մեկ մարդու պես հավաքվել էր հրաժեշտ տալու իր հերոսին...

Ծնվել է 1987 թ. նոյեմբերի26-ին, Սյունիքի մարզի Վերիշեն գյուղում: Դպրոցն ավարտելուց հետո ծառայել է ՀՀ զինված ուժերում: Հայենիքի նկատմամբ զինվորական պարտքը կատարել է Արցախում` Մարտունիի պաշտպանական դիրքերում: Ծառայությունից հետո ամուսնացել եւ բնակության է տեղափոխվել Ռուսաստանի Դաշնություն: Շուրջ վեց տարի աշխատել է Խանտի-Մանսիական ինքնավար շրջանի Սուրգուտ քաղաքում: Այնուհետեւ վերադարձել է գյուղ եւ, իբրեւ պայմանագրային զինծառայող, աշխատանքի է անցել  ՀՀ բանակում: Երկու տարի Նախիջեւանի սահմանային գոտում իրականացրել է մարտական հերթապահություն, ապա` զորամասի շտաբում աշխատել վարորդ: Սեպտեմբերյան պատերազմի ծանր օրերից մեկում, երբ մեր զինվորները կյանքի ու մահվան մարտեր էին մղում ռազմաճակատի հարավային թեւում` Ջեբրաիլի մատույցներում, արկերով բարձած երկու բեռնատարն անհրաժեշտ էր հասցնել առաջնագիծ: Տեղանքին ծանոթ մարդիկ քիչ էին: Այդ գործը կամովի իր վրա է վերցնում Վահանը: Հոկտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը բեռնատարներից մեկի խցում զինամթերքն ուղեկցում է մարտադաշտ: Հենց մեր դիրքերի մոտ սկսվում է հրետակոծությունը: Այստեղ էլ կտրվում է նրա կյանքի թելը: 

 Ավարտեցի քաջարի հայորդու կենսագրության եւ սխրանքի համառոտ շարադրանքը, հետո զգացի, որ ինչ-որ բան պակասում է: Զանգահարեցի բարձրաստիճան զինվորականին, որի հետ վերջին տարիներին աշխատել, նրան սպասարկել է Վահան Բաբայանը: 

 -Դժվար է բառեր գտնել բնութագրելու Վահանին, - ասաց նա, - եզակի մարդ էր` անկեղծ, պարզ, անմիջական... Ծառայության մեջ ոչ միայն պատասխանատու էր, այլեւ` պատրաստակամ, ընկերոջը, զինվորին հասնող, չէր տրտնջա նույնիսկ 24-ժամյա աշխատանքային ռեժիմից... Զինմասում էլ, եթե ազատ ժամանակ ունենար, նորեկների կողքին էր. օգնում էր, քաջալերում, հուսադրում... Կատարվածն էլ իր նվիրվածության ու ազնվության արդյունքն էր...

Հավերժ հիշատակ մեր նահատակներին:

Հավատում ենք, որ նրանց թափած արյունը կարժեւորվի միայն հաղթանակով...

Հաղթելու ենք ...

                                                                                    Գագիկ Հայրումյան

                                                                                                                                 Գորիս

 

 

Իրանը առանց Լիբանանում hրադադարի չի անցնի բանակցությունների հաջորդ փուլին. Բաղայի

21.06.2026 14:33

Վաղվանից սկսած աստիճանաբար օդի ջերմաստիճանը կսկսի նվազել․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)

20.06.2026 22:36

Թեհրանը չի պարտվել այս պшտերազմում Վաշինգտոնին․ Մեդվեդև

20.06.2026 13:41

7 քաղաքական ուժի դիմումը ՍԴ աննախադեպ իրողություն է և վկայում է, որ հետընտրական գործընթացը վերածվել է իրավական, քաղաքական լեգիտիմության լուրջ փորձության․ Սուրեն Սուրենյանց

20.06.2026 00:30

ՈՒՂԻՂ. Ռոբերտ Քոչարյանը ներքաղաքական վերջին զարգացումների մասին

19.06.2026 20:48

ՆԳՆ–ն անգործություն է ցուցաբերել. դատարանը բավարարել է եկեղեցու հայցն ընդդեմ ոստիկանության

19.06.2026 20:08

Եվս 4 քաղաքական ուժ ՍԴ է դիմել խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու հարցով

19.06.2026 17:56

CaseKey-ի այս տարվա մեկնարկը տրվեց մասնակիցների ռեկորդային ցուցանիշով

19.06.2026 17:45

«Հայաստան» դաշինքը ևս դիմում ներկայացրեց ՍԴ՝ ընտրություններն անվավեր ճանաչելու համար

19.06.2026 17:40

ՍԴ ներկայացված դիմումը 84 էջից է, միջնորդելու ենք, որ որոշ դատավորներ չմասնակցեն քննությանը. Արամ Վարդևանյան (Տեսանյութ)

19.06.2026 15:57

Նոր ապացույցներ են ձեռք բերվել Ուկրաինայում կենսաբանական զենքի մշակման վերաբերյալ. Ռտիշչև

19.06.2026 15:52

Վարչապետը ծանոթացել է COP17–ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին

19.06.2026 15:11