Գորիսի թատրոնի բեմում՝ ծմակուտյան պատկերներ՝ մարդու հայ տեսակի ու նրա վարքի ճշգրիտ բանաձեւումներով

11.07.2022 11:45
2129

ՀՀ վաստակավոր արտիստ Շանթ Հովհաննիսյանի գլխավորած Գորիսի պետական դրամատիկական թատրոնում հունիսի 29-ին եւ հուլիսի 5-ին սպասված իրադարձություն էր…

Հրանտ Մաթեւոսյանի «Աշնան արեւ» վիպակի մոտիվներով բեմադրության առաջնախաղն էր…

Արվեստի վաստակավոր գործիչ Հայկ Մնացականյանն էր գրական այդ երկը թատերականացրել՝ պիեսի վերածել, ինքն էլ ստանձնել ռեժիսորությունը:

Որքանով տեղյակ ենք՝ «Աշնան արեւ» առաջին անգամ է բեմադրվում Գորիսի պետական թատրոնում, թեեւ թատերասեր հանրությունը մինչ այդ շատ թե քիչ պատկերացում ուներ «Հայֆիլմի» կողմից 1977-ին այդ ստեղծագործության հիման վրա նկարահանված կինոնկարի, ինչպես եւ հանրապետության տարբեր թատրոններում (տարիներ շարունակ) դրա բեմադրության մասին:

Իսկ Գորիսում…Սյունիքի թատերասեր հանրությանը (հատկապես Սիսիանում եւ Կապանում) դեռեւս 1980-ականներից քաջածանոթ Հայկ Մնացականյանը երկու ամիս է՝ Գորիսի պետական թատրոնում է, հրավիրվել է Շանթ Հովհաննիսյանի կողմից, եւ, ըստ երեւույթին, հավակնոտ ծրագրեր ունեն, որի առաջնեկը «Աշնան արեւ»-ի բեմադրումն էր:

Եվ երբ տեղեկացանք գորիսյան բեմահարթակում «Աշնան արեւ»-ի առաջնախաղի մասին, մեզ նախեւառաջ երկու հարց հետաքրքրեց, որոնք էլ ուղղեցինք Հայկ Մնացականյանին:

-Նախ՝ իր գրի զորությամբ եւ հմայքով հայտնի մաթեւոսյանական գրականության տիրույթ մտնելը որոշակի քաջություն է ենթադրում, մանավանդ երբ ինքդ էլ ստանձնում ես վիպակի բեմականացման գործը, մանավանդ երբ գրական այդ երկը վաղուց է արժանացել է թատերագիրների, կինոսցենարիստների ուշադրությանը, ասել է թե՝ քո սեփական ընկալումը մատուցելու, քո պատկերացրած ենթաշերտերը բացահայտելու խնդիր ես դնում ինքդ քո առաջ: Արդյո՞ք ռիսկերը շատ չէին:

-Անշուշտ, Մաթեւոսյան տեսանողի, մտածողի ու գեղագետի աշխարհ մտնելը մեծ պատասխանատվություն է ենթադրում: Բայց եւ մեր օրերում նրա հերոսներին, նրա հարցադրումներին ու բանաձեւումներին անդրադառնալը, կարծեք, պահանջված է. այնքա՜ն իրական են հերոսները, այնքա՜ն արդիական են մարդու հայ տեսակի ու նրա վարքի բանաձեւումները,-ասաց Հայկ Մնացականյանը:

-Իսկ ինչո՞ւ «Աշնան արեւ», ինչո՞ւ Աղուն…

-Աղունը կենդանի գոյություն է: Նրա կերպարով փորձեցինք ցույց տալ, որ մեր բարոյականության ակունքները դեռ ցամաքած չեն ու չեն ցամաքելու, որ հայի ցանկալի տեսակի նկարագիրը դեռ կորած չէ, որ այդ տեսակն ապրում է մեր մեջ ու ապրելու է միշտ…

Հայկ Մնացականյանի համոզիչ պատասխանները, սակայն, սոսկ խոսքեր կլինեին, եթե դրանց «առարկայացումը» չտեսնեինք բեմում…

5 հուլիսի. Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճը, կարելի է ասել, լեփ-լեցուն էր: Հանդիսատեսը մոտ մեկուկես ժամ համակ ուշադրությամբ դիտում-վայելում էր ներկայացումը…

Թումանյանի աշխարհի, Բակունցի Մթնաձորի կողքին Մաթեւոսյանը կանգնեցրել է իր Ծմակուտը, որը, հիրավի, գրական գրանցում ստացած ինքնավար մի եզերք է:

Իրադարձությունները տեղի էին ունենում հենց այդտեղ՝ Աղունի եւ Սիմոնի հարկի տակ, բայց…Գորիսում, ինչը հուշում է բեմի հետնամասի նկարչական ձեւավորումը՝ Շենի երկնահաս քարաժայռերը, բերդաքարը, որ որոշ մասնագետների կարծիքով Ձագեձոր բերդի տեղանքն է, դեպի Սուրբ Մարտիրոս վիմափոր եկեղեցին եւ դեպի Նըհատակի լեռ ու Խաչի աղբյուր տանող արահետները…

Թե ինչու է Հայկ Մնացականյանը ծմակուտյան պատկերներին գորիսյան միջավայրում շունչ տվել, պարզ է դառնում բեմադրությունը դիտելու ընթացքում, որին կանդրադառնանք քիչ հետո:

Իսկ բեմահարթակում դեպքերը զարգանում են այնպիսի ընթացքով ու կենդանի, աշխույժ շարժումներով, որ հանդիսատեսը կամա թե ակամա մասնակից է դառնում գործողություններին:

Գլխավոր դերում Թեհմինե Աբրահամյանին ընտրելը ճիշտ որոշում է եղել: Նա հաջողում է աշնան գույների մեջ ցուցանել Աղունի ծանր նազանքը: Թեհմինե-Աղունը կարողանում է վերստին համոզել, որ Հրանտ Մաթեւոսյանի հերոսները չեն մնացել գրքի էջերում, այլ տեղափոխվել են կյանք եւ ապրում են մեզ հետ:

Ամբողջ ընթացքում Աղունը պատրաստության մեջ է, Երեւան պիտի գնա…

Կյանքի աշնանը մոտեցող կինը որդուն ամուսնացնելու գնալուց առաջ հանրագումարի է բերում անցյալը, մեծ տառապանքների ու փոքր ուրախությունների ամբողջ շղթան, բեռնաձիու տոկունությամբ ապրած իր կյանքը, եւ անցած օրերի դառնության միջից, այնուամենայնիվ, լավատեսությամբ է նայում գալիքին, մտածում որդու տունը շենացնելու մասին:

Նրա խոսքերի մեջ, առաջին հայացքից, չարություն կա, բայց դա բխում է իր ապրած դառը  կյանքի տխուր փորձից եւ որդու կյանքը լուսավոր, բարի տեսնելու մայրական մղումից:

Բեմադրության ամբողջ ընթացքում տեսնում ենք Աղունի «հակադիր» բեւեռը, որի մարմնավորումը Սիմոնն է, որի կերպարը (շնորհիվ Հարութ Բադիրյանի) նույնպես կերտված է վարպետորեն:

Սիմոնի տեսակը եւ ժամանակը հարձակման են ենթարկվում Աղունի տեսակի եւ հոգեբանության կողմից:

Սիմոնի եւ Աղունի միջեւ ծավալվող խոսակցությունը միանգամայն տարբեր զգացողություն եւ աշխարհայացք ունեցող մարդկանց երկխոսություն է: Անվերջ վեճերի ու կռիվների պատճառներից մեկն էլ Սիմոնին պարտք ունեցողներին առնչվող հարցն է՝ «Սիմոնն աշխատում, աշխատում, աշխատում է սրա-նրա համար, իսկ վարձը՝  էգուց, եկող տարի, երբեք… Ամբողջ աշխարհը Սիմոնին պարտք է»:

Ծմակուտյան իրականությունը, ավանդական ու նոր մտածելակերպի բախումը բացահայտվում են նաեւ Աղունի եւ Արուս սկեսուրի հակադրությամբ:

Ըստ Արուսի՝ «Կինը սեր պիտի լինի ամուսնու համար» դիտարկումը չի կարող սահմանափակվել կնոջ «հավերժական էությանը» հավատարիմ մնալու պահանջով: Դա անհրաժեշտ է նաեւ հասարակական ոլորտում: Կինն ամուսնու լծակիցն է, ու միասին պիտի քաշեն գութանը: Մի լծի «եզներն» իրար սովորում են ու իրար խնայում, էլ ուր մնաց մարդը: Կենդանին ներքին բնազդով պաշտպանում ու խնայում է նրան, ում հետ քաշում է գութանը, եւ երբ ինքը կորցնում է լուծընկերոջը, ուրեմն կորցնում է ինքն իրեն…

Լյուդմիլա Պետրոսյանին հաջողվել է կերտել սկեսուրի կերպարը, հաջողվել է Ծմակուտի ավանդույթները կրողի կերպարն արտացոլել ըստ պատշաճի, որը  հակասության մեջ է նոր մտածելակերպի հետ:

Ներկայացման բազմաթիվ ու կարեւոր շերտերից է ընտանիքի գաղափարը, որն ի վերջո նույնանում է օջախի, փոքր հայրենիքի գաղափարի հետ…

Աղունը Ծմակուտ է եկել Վանքից, եւ կարծում է, որ դրանով իսկ մեծ անարդարություն է տեղի ունեցել: Քաղաքից կամ քաղաքատիպ ավանից գյուղ է եկել, մինչդեռ հակառակը պիտի լիներ: Հոր՝ Իշխանի ունեցվածքն էլ հակադրության մեջ է Ծմակուտի ինչքին՝ «Իմ հոր պալատները-իմ մարդու գոմը»:

Աղունի եւ Սիմոնի միջեւ մի ուրիշ խնդիր էլ կա…

Ներկայացման մեջ Սոնային չենք տեսնում, նա արդեն մահացել է, բայց ներկա է Աղունի եւ Սիմոնի հարաբերություններում, ավելի ճիշտ՝ Սոնայի երբեմնի սերը հակադրված է Աղունին:

Ժամանակին բանը նրան էր հասել, որ կարտոլի բերքահավաքին Աղունը փորձել էր Սոնային ծեծել: Շուշանը բահն առել ու վրա է քշել՝ «Այ աղջի, է՜յ… գլուխդ աշխատո՞ւմ է, թե չէ: Հիտլերի դեմ, որ  մերոնք զոհվեցին, մենակ մեզ համար չզոհվեցին, ու ձերոնք էլ, որ էդպես  ողջ-առողջ եկել են՝ մենակ ձեզ համար չեն եկել, է՜յ…»:

Ու դա հիշում է Աղունը. ավանդական բարոյականը բախվում է տրամաբանությանը…

Բայց եւ այդ հակասությունների մեջ հաղթում է ընտանիքը, որը, ի վերջո, դառնում է օջախ, փոքր հայրենիք՝ Ծմակուտ...

Եվ ուրեմն՝ Ծմակուտն ապրում է ու պիտի ապրի: Հանուն դրա Աղունն առանձին դեպքերում իր իսկ էությանը «հակառակ» զգացողություն եւ մտքեր է ունենում. ի վերջո բնավորությունն ընթացք է, որը կարող է եւ կտրուկ շրջադարձներ ունենա, ինչին և ականատես ենք դառնում:

Քսանհինգ տարեկան Արմենակ տղա ունի Աղունը Երեւանում, իր չիրականացված երազները նրա միջոցով պիտի կյանքի կոչի:

Իսկ փոքրին՝ Սերոյին, խնդում է օգնել հորը, փորձում է նրան ենթակա դարձնել նյութականին (ինչպես ինքն է). «Էս տանը ինչ-որ կա՝ քոնն է, տունն էլ հետը, ես ու քո հերն էլ քո ճորտերն ենք, այսինքն՝ քո ծառաները»:

Սերոն էլ մոր հետ Ծմակուտից քաղաք մեկնել է ուզում, եւ նրան զայրացնում է մոր կռվարար բնավորությունը (Սերոյի կերպարը նույնպես ստացվել է, դպրոցական Նվեր Մանուցյանը դրան հաճելիորեն հասել է):

Այո, Ծմակուտը պիտի ապրի՝ նաեւ Սերոյով, Սիմոնով ու Ադամով (վերջինիս դերում Մհեր Ղազարյանն է) եւ, իհարկե, Աղունով… Բայց լավ ապրելու ձգտումով, ապրելու ավանդական կարգից բարձրանալու ձգտումով, աշխատելու, արարելու, ստեղծելու, «հաշվելու» միջոցով…

Ասել է թե՝ «Աշնան արեւ» ոչ միայն ու ոչ թե ծանր կյանքի, այլ մարդկային չկայացած երջանկության եւ նրան հասնելու, երկիրը կանգուն պահելու եւ շենացնելու ներքին մղումների մասին է, ինչում նորից համոզվեցինք Գորիսի պետական թատրոնի ներկայացման շնորհիվ:

***

Ներկայացման ամբողջ ընթացքում մտովի զուգահեռներ էինք անցկացնում գրականության մեջ իր տեղը գտած Ծմակուտ աշխարհի եւ Սյունիքի լեռնային ու սահմանամերձ գյուղերի միջեւ…

Թվում էր, թե Աղունի նախատիպը մեր լեռնային գյուղերի հրաշալի տիկնայք են, ովքեր, բազում դժվարությունների պայմաններում անգամ, պինդ կանգնած են հայրենի հողին, ովքեր հազարամյակների խորքերը հասնող արմատներ ունեն հողում:

Հավանաբար այդպես էր մտածել նաեւ Հայկ Մնացականյանը, ով ծմակուտյան պատկերներին շունչ էր տվել հենց գորիսյան միջավայրում:

Ավելին, բեմադրության ընթացքում երբեմն-երբեմն թվում էր, թե ծմակուտցիք խոսում են մեր գյուղերի մարդկանց անունից կամ մտահոգ են  մեր գյուղերի հոգսերով, թվում էր, թե Աղունը եկել ու բնակվում է մեր գյուղերում:

Ներկայացումը կոնկրետ օրինակներով ու հիմնավորումներով վերստին համոզեց, որ Ծմակուտը հայրենիք է, եւ Ծմակուտի կորուստը (Աստված մի արասցե) աչքալուսանք է լինելու մեր թշնամուն:

Մի խոսքով՝ ամբողջ բեմադրությունից, ինչպես եւ վիպակից, հառնում է իմ Հայաստան հայրենիքը…

Հ.Գ.

Բազմաթիվ դժվարությունների մեջ ընկղմված Գորիսի թատրոնն աջակցության կարիք ունի:

Մշակութային այդ օջախին մտահոգող գլխավոր խնդիրները (գոնե մասամբ) լուծելու դեպքում  մեր հնամենի թատրոնը կարող է լույսի եւ հույսի մի նոր օջախ դառնալ սահմանապահ Սյունիքում, ինչում համոզվեցինք «Աշնան արեւ»-ի առաջնախաղը դիտելիս:

Սամվել Ալեքսանյան

ՃՏՊ Սիսիան-Կապան ավտոճանապարհին․ կա զոհ

22.11.2024 19:59

Սպասվում են ձյուն, բուք, եղանակը կնվազի 10 աստիճանով. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (տեսանյութ)

22.11.2024 19:31

Մոսկվայի կողմից նոր սպառազինության կիրառման ֆոնին Կիևը դաշնակիցների աջակցությունն է ակնկալում

22.11.2024 19:05

Ադրբեջանին վերադարձված գյուղերում Բաքուն մտադիր է նոր սահմանային ուղեկալներ կառուցել

22.11.2024 16:18

Բաքուն ՀՀ-ի հետ սահմանազատված գյուղերում հսկման տեսախցիկներ է տեղադրել

22.11.2024 15:41

Իրանն, ի պատասխան ԱԷՄԳ-ի որոշման, քայլեր կձեռնարկի`«բարձրացնելու հարստացված ուրանի արտադրությունը»

22.11.2024 14:23

Բաքվին չի հաջողվում COP29-ի մասնակիցներին ընդհանուր հայտարարի բերել համաձայնագրի շուրջ

22.11.2024 14:03

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Լիոնում մասնակցել է «Օվերն-Ռոն-Ալպ-Հայաստան-Սյունիք բարեկամության օր» միջոցառմանը

22.11.2024 13:38

Ուկրաինայի Գերագույն ռադայի նիստը չեղարկվել է. պատգամավորները հայտնել են հարվածի սպառնալիքի մասին

22.11.2024 13:33

Բացառիկ հանդգնություն․ Ադրբեջանը չի խորշում տարածքային հավակնություններ ներկայացնել Երևանի նկատմամբ

22.11.2024 13:04

Աշխարհը նման քաոսային և կատաղի շրջան չի տեսել Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր. Կիմ Չեն Ըն

22.11.2024 11:51

Վաշինգտոնը հավատարիմ է մնում Կիևին աջակցելու իր ռազմավարությանը՝ չնայած Ռուսաստանի հնարավոր գործողություններին. Սպիտակ տուն

22.11.2024 00:16