Արամ Մանուկյանը Վանի 1915 թ. հերոսական ինքնապաշտպանության կազմակերպիչ և ղեկավար

18.07.2025 12:30
308

Թուրքական իշխանությունները, օգտվելով սկսված համաշխարհային պատերազմի ընձեռած պատեհ հնարավորությունից, որոշեցին իրականացնել իրենց հրեշավոր ծրագիրը՝ բնաջնջելու միջոցով լուծել hայկական հարցը: Այնպես որ, hայոց ցեղասպանությունը նախօրոք մտածված, մանրամասն ծրագրված ու հատուկ այդ նպատակով ստեղծված պետական կառույցների կողմից իրականացվող քաղաքականություն էր, որին զոհ գնացին ավելի քան մեկուկես միլիոն անմեղ հայեր:

Ստեղծված իրավիճակում այլ ելք չունենալով`հայությունը ոտքի ելավ ինքնապաշտպանվելու, թուրքական արնախում ոհմակին դիմագրավելու, սեփական պատիվն ու կյանքը փրկելու համար: Ցավոք, շփոթված, հանկարծակիի եկած, հիմնականում անզեն ու գլխատված ժողովուրդը չկարողացավ կազմակերպել համընդհանուր, կազմակերպված, միասնական ինքնապաշտպանություն, ինչի հետևանքով Արևմտյան Հայաստանի մեծ մասում տեղահանվեց ու անխնա կոտորվեց: Սակայն մի շարք գավառներում, այնուամենայնիվ, հայ ժողովուրդը կարողացավ կազմակերպված ինքնապաշտպանվել և փրկվել թուրքական յաթաղանի ամենակուլ երախից:

Արևմտահայության ինքնապաշտպանական կռիվների զարդապսակը (հատակապես' արդյունավետության տեսակետից) Վան-Վասպուրականի 1915 թ. հերոսական ինքնապաշտպանությունն էր, որի ընդհանուր ղեկավարությունն իրականացնում էր հայ ժողովրդի նշանավոր զավակ Արամ Մանուկյանը:

Արամ Մանուկյանը (Սարգիս Հովհաննիսյան) ծնվել է Կապանի Զեյվա գյուղում՝ աղքատ զինագործի ընտանիքում1: Ունեցել է դառը մանկություն: Սովորել է Շուշիի, ապա Երևանի թեմական դպրոցներում: 14 տարեկանում ընդունվել է ՀՅԴ շարքերը և մինչև կյանքի վերջը ծառայել հարազատ կուսակցությանն ու ժողովրդին:

Բաքվում, Գանձակում, Կարսում, Խոյում և մի շարք այլ վայրերում գործունեություն ծավալելուց հետո 1905 թ. Արամը մտնում է Վան: Շնորհիվ իր խոհեմ և զուսպ վարվելաձևի՝ նա այստեղ կարողանում է շահել տեղացիների սերն ու համակրանքը և քայլ առ քայլ իրականացնել իր առջև դրված խնդիրները: Հարազատ ժողովրդի կողմից փաշա տիտղոսին արժանացած Արամը ստեղծում է մարտական խմբեր, երկիր ներկրում զգալի քանակությամբ զենք, հիմնադրում կրթօջախներ և իրավական օգնություն ցուցաբերում ժողովրդին: Զգալիորեն բարելավում է հայ-քրդական հարաբերությունները՝ ձգտելով հասնել քրդերի չեզոքությանը, համերաշխություն ստեղծում Վանում գործող Արմենական-Ռամկավար և Հնչակյան կուսակցությունների հետ և այլն:

Դավոյի հայտնի դավաճանության հետևանքով ձերբակալված և 1908 թ. երիտթուրքական հեղաշրջման արդյունքում ազատված Արամը միայն կարճ ժամանակ ոգևորվեց երիտթուրքական սահմանադրության հռչակմամբ, սակայն շատ արագ հասկացավ և ճիշտ ըմբռնեց նրա էությունը: Նա հրաժարվեց խորհրդարանի պատգամավոր դառնալուց և գերադասեց մնալ ժողովրդի մեջ՝ այն համոզումով, որ «այդպէս աւելի օգտակար կը լինէր ժոդովուրդին, քան խորհրդարանում նստած և բոցաշունչ ճառեր ասելով»2 և ընկերակցելով նույն խորհրդարանում բազմած թուրք երևելիներին, «որոնցմե շատերու ձեռքերը հաւանաբար մաքուր չէին հայերու արիւնէն ու արցունքէն»3:

Վստահորեն կարելի է պնդել, որ եթե հայ ազգային-ազատագրական պայքարի բոլոր գործիչները 1908 թվականից հետո Արամի նման մտածեին և, խորհրդարանական գործունեությամբ չոգևորվելով, ձեռնամուխ լինեին արևմտահայությանն արագորեն զինելու աշխատանքին, հայությունն այդքան դաժանորեն չէր ճաշակի ցեղասպանության սարսափները: Շնորհիվ մի շարք գործոնների և հենց այդ խոհեմ գործելակերպի՝ Վանի բնակչությունը փրկվեց 1915 թ. եղեռնից:

Առաջին աշխարհամարտի Կովկասյան ճակատում ռուսական ուժերի անբավարարության բացը լրացնելու նպատակով (և ոչ արևմտահայության փրկության, ինչպես մատուցում էին ռուսական քարոզիչները)՝ ռուսական իշխանությունների թույլտվությամբ ու հովանավորությամբ սկսվեց կամավորական շարժումը, ինչն Արամը «թրքահայ ժողովրդի համար կորստաբեր կը համարէր... և մանավանդ գործոն մասնակցութիւնը»4: Արամի մտավախությունն անհիմն չէր: Հատկապես ռուսական բանակի շարքերում հայերի կռվելու հանգամանքը հարմար առիթ էր թուրքական կառավարության համար՝ իրականացնելու իր հրեշավոր ծրագիրը:

Դեպքերը Վանում կտրուկ կերպով սկսում են զարգանալ 1915 թ. ապրիլի սկզբներից: Վանի նորանշանակ կուսակալ Ջևդեթ բեյը հրամայում է քաղաքի հայկական թաղամասերը՝ Այգեստանն ու քաղաքամեջը զորքերով շրջապատել և սպառնում հաշվեհարդար տեսնել Վանի հայության հետ, եթե նրանք շարունակեն չենթարկվել ու չկատարեն իր բոլոր հրամանները: Հայերը հույսեր էին փայփայում, որ կհաջողվի խուսափել բախումից: Նրանք փորձեցին ամերիկյան միսիոներների միջնորդությամբ բանակցելով լուծել հակասությունները, սակայն հաջողություն չունեցան: Սպառելով բոլոր միջոցները և մի կողմ թողնելով կուսակցական տարաձայնությունները՝ վանեցիները որոշում են համախմբվել և դիմել ինքնապաշտպանության:

Ապրիլի 5-ին ստեղծվում է Վանի հայ ինքնապաշտպանության զինվորական մարմին, որի մեջ մտնում են ռամկավար Ա. Եկարյանը (ռազմական ղեկավար), Կայծակ Առաքելը (Տիգրան Աբաջյան), Բուլղարացի Գրիգորը (երկուսն էլ դաշնակցական), որոնց մի փոքր ուշ միացան Փանոս Թերլեմեզյանը և Արամ Մանուկյանը: Զինվորական մարմնին կից ստեղծվում են նաև այլ ստորաբաժանումներ, որոնք կոչված էին ապահովելու հայության ինքնապաշտպանությունը:

Այգեստանը բաժանվում է յոթ ինքնապաշտպանական շրջանների՝ 79 դիրքով: Հայ մարտիկների թիվը 1053 էր, իսկ զենքի քանակը 505 հրացան և 549 ատրճանակ: Հակառակորդի ուժերը մոտ 12000 զինվոր էր, գումարած թուրք խուժանն ու քուրդ հրոսակները5:

Ապրիլի 5-ին զինվորական մարմինը հատուկ շրջաբերականով հայտնում է, որ իրենց կռիվը պաշտպանողական է և բոլորը պարտավոր են ենթարկվել կառույցի հրահանգներին: Պաշտպանության ամբողջ ընթացքում ընդունվեցին մի շարք այլ շրջաբերականներ ևս, որոնցով, փաստորեն, զինվորական մարմինն իրականացնում էր օրենսդիր ու գործադիր իշխանության գործառույթներ:

1915 թ. Վանի հերոսական ինքնապաշտպանության մասին առկա են տարաբնույթ և իրարամերժ գնահատականներ, որոնցով լի են հատկապես կուսակցական հուշագիրների ու պատմագիրների երկերը: Սակայն հստակ է մի բան, որն ընդունում են բոլորը ինքնապաշտպանության ընդհանուր ղեկավարությունն իրականացրել է Արամ Մանուկյանը, նրան օժանդակել են բոլորը՝ կուսակցական հավակնությունը տեղի է տվել համերաշխության: Պաշտպանությունն իրականացվել է գրեթե անթերի, որի արդյունքում իրական ոչնչացումից փրկվել է Վան-Վասպուրականի հայության ճնշող մեծամասնությունը: Արամն ու իր զինակիցները եղան ինքնապաշտպանության հիմնական կազմակերպիչներն ու ոգեշնչողները, ինչի մասին կան բազմաթիվ վկայություններ: Վանի հերոսամարտը տևել է 1915 թ. ապրիլի 6-ից մինչև մայիսի 3-ը, երբ Ջևդեթը դիմեց փախուստի և Վան մտան հայ կամավորները:

Արձանագրենք.

• 1915 թ. Վանի ապրիլյան հերոսամարտը, ինչպես նաև Մուսա լեռան հերոսական ինքնապաշտպանությունը, եզակի կռիվներից էին, որոնք տվեցին ցանկալի արդյունք՝ ոչնչացման իրական վտանգից փրկվեց հայության մի հատվածը:

• 1915 թ. Վանի ինքնապաշտպանությունն ուներ 1896 թ. հերոսամարտի ուսանելի և խիստ հուսադրող ու ոգևորող փորձը: 1896 թ. շատ մասնակիցներ կռվում ու քաջալերում էին նաև 1915 թ. պաշտպանության ժամանակ:

• Վանի պաշտպաններն ապավինեցին սեփական ուժին, թեև ակնկալվում էր նաև ռուսական բանակի օգնությունը: Ինքնապաշտպանության ընթացքում Վանում առկա էր կուսակցական իրատեսական համերաշխություն, բացակայում էր կուսակցամոլությունն ու դրա անցանկանալի ազդեցությունը:

• Ինքնապաշտպանության ընդհանուր ղեկավարությունն իրականացնում էր Արամ Մանուկյանը, որի նկարագիրը մեծ դերակատարություն ունեցավ հաղթանակը կռելու գործում:

Լինելով արևելահայ, Արամ Մանուկյանը շատ շուտ ըմբռնեց արևմտահայության ցավը և ամենագլխավոր խնդիրը՝ ինքնապաշտպանության դիմել ֆիզիկական գոյությունը պահպանելու և ազատություն նվաճելու համար: Նա հասկացավ, որ պետք չէ վստահել մեծ տերությունների տված խոստումներին, այլ անհրաժեշտ է ապավինել սեփական բազկին, կրթել, զինավարժել ժողովրդին: Կողմնակից լինելով խաղաղ պայմաններում թուրքերի հետ խաղաղ գոյակցությանը՝ նա միաժամանակ պահանջում էր աչալուրջ լինել: Արամը դեմ էր կամավորական շարժմանը: Նրա կարծիքով՝ դա գազազեցնում էր թուրքերին, որոնք, նախապես մշակված ծրագիր ունենալով, առիթ էին փնտրում ջարդերի միջոցով մեկընդմիշտ փակելու հայկական հարցը: Վճռական պահերին Արամը հեռու մնաց կուսակցամոլությունից: Զինվորական մարմինը ղեկավարում էր փառապանծ ու վեհանձն Արմենակ Եկարյանը, ով ռամկավար էր: Ինքնապաշտպանության ղեկավար մարմնում ևս մեծ թիվ էին կազմում ոչ դաշնակցականները, որոնք կարևոր ֆունկցիաներ էին կատարում: Սակայն դա ամենևին չէր խանգարում, որ նրանք համատեղ ու միակամ պայքարեն անարգ թշնամու դեմ: Այս ամենի արդյունքում՝ ժողովուրդն ու շարքերը ներդաշնակ համերաշխությամբ և իրենց հերոսական քաջագործություններով միահամուռ կռեցին բաղձալի հաղթանակը:

Այստեղ ցանկանում ենք մի կարևոր հանգամանք ընդգծել: Մեր օրերի ազատությունը հնարավորություն է ընձեռում գրել ամեն ինչի ու բոլորի մասին: Չկան արգելված թեմաներ: Սակայն երբեմն գրվում են նախադասություններ, օգտագործվում են մակդիրներ, որոնք չեն համապատասխանում իրականությանը: Կամ մեծարվում, փառաբանվում են որոշ գործիչներ, իսկ նրանց կողքին ոչ պակաս հերոսացած նվիրյալներ մոռացության են մատնվում: Կարծում ենք՝ ժամանակն է բոլորի նկատմամբ ուշադիր լինել և տուրք չտալ կուսակցականությանը: Համոզված ենք նաև, որ սա այն դեպքն է, երբ ով էլ գրիչ վերցնի Արամի մասին գրելու, մեծարանքի, գնահատանքի ու փառաբանման խոսքերից բացի ոչինչ չի գրի: Իսկապես, լավ է ասված. «Արամը, օժտված ի վերուստ, ամբողջ ժողովրդի մը համար ստեղծեց նոր պատմութիւն եւ կեանքի կոչեց ու իրականացուց մեր հայրենիքի աւերակներուն վրայ 500 տարիներէ ի վեր թափառական ու անհանգիստ երազը: Արամը կրցավ առարկայացնել ահա այդ մեծ երազը եւ այդ մեծ առարկայացումին մէջ է, որ կը մեծնայ Արամը եւ կը գերազանցէ իր եւ իրմէ ետք եկող ժամանակներա բոլոր մեծութիւնները, քանի որ, ամէն բանէ առաջ, Արամը կերտեց Ազատ եւ Անկախ Հայաստանը»6:

Ծանոթագրություններ

1. Պատմագիտական գրականության մեջ և հուշագրություններում այս հարցի վերաբերյալ կան տարակարծություններ առաջնության դափնին միմյանցից խլելով՝ կենսագիրները մի դեպքում Արամ Մանուկյանի ծննդավայր են հայտարարում Շուշին, իսկ մյուս դեպքում՝ Զեյվան: Մանրամասների պարզաբանումը մեր խնդիրը չենք համարում, այդ հարցին կանդրադառնանք մեկ այլ առիթով։

2«Յուշեր Արմենակ Եկարեանի», խմբագրեց՝ Լ. Աճեմեան, Պէյրութ, 1985, էջ 161:

3 Երամեան Հ., Յուշարձան Վան-Վասպուրականի, հ. Բ, Աղեքսանդրիա 1922, էջ 147:

4 Դարբինեան Ա., Հայ ազատագրական շարժման օրերէն, Յուշեր 1890 էն 1940, Երևան, 2003, էջ 159:

5Սահակյան Ռ., Արևմտահայության ցեղասպանությունը և ինքնապաշտպանական կռիվները 1915 թվականին, Երևան. 2005. էջ 193:

6 Մխիթարեան Օ., Վանի հերոսամարտը, Սոֆիա, 1930, էջ 129։

Սուրեն Սարգսյան

ՀՀ ԳԱԱ ՊԻ

«Ալիևը չի թաքցնում Հայաստան պետությունը ոչնչացնելու ծրագիրը»․ Ոսկան Սարգսյան

05.12.2025 14:39

ԿՐԿԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ՝ «ՊԱՐՏԱՎՈՐ ԵՔ ԱՊԱՀՈՎԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ»

05.12.2025 12:38

Բաքվում շարունակվել են հայ գերիների պաշտպանների ելույթները

05.12.2025 12:16

Սյունիքում սպասում են ՀՀ ոստիկանապետի պարզաբանմանը՝ ի՞նչ հիմքով են ոստիկանները հայտնվել Գորիսի պետական քոլեջում և ինքնիրավչությամբ զբաղվել

05.12.2025 11:38

Պուտինը ժամանել է Դելիի նախագահական պալատ. նրան դիմավորել են պատվո պահակախմբով և օրհներգով

05.12.2025 10:44

Տարեկան պետք է տնկել 20–25 միլիոն ծառ. Մելիքյանը՝ հրդեհների ու օդի աղտոտվածության մասին

05.12.2025 10:35

Արշակ Սրբազանին մեղադրում են, թե իբր Վեհափառի դեմ ակցիա իրականացնողներից մեկի պայուսակում թմրամիջոց է դրել․ փաստաբան

04.12.2025 18:56

ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում ձերբակալեց Արշակ Սրբազանին․ փաստաբան

04.12.2025 18:52

Իրանի կառավարությունը ցանկանում է ջուր գնել հարևան երկրներից

04.12.2025 17:34

Մոսկվան կոշտ արձագանքով է սպառնում Եվրոպայում սառեցված ակտիվների հետ անօրինական քայլի դեպքում

04.12.2025 16:59

Ռուսաստանը միշտ արել է հնարավորը՝ հայ-ադրբեջանական կարգավորման համար. Շոյգու

04.12.2025 16:54

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց առողջության հանընդհանուր ապահովագրության և պարտադիր զինծառայության ժամկետի կրճատման նախագծերը

04.12.2025 16:49