Արայիկ Խզմալյան․ «Սյունիքում ամեն քար, ամեն լեռ, ամեն քառակուսի սանտիմետր տարածք ներծծված են հայկականությամբ ու նախնյաց պատմությամբ, և այդ ամենը հավաստող փաստերն անհերքելի են»

25.07.2024 12:28
396

Ինչպես արդեն հաղորդել ենք՝ Սյունիքում՝ «Տաթևեր» ճոպանուղու «Հալիձոր» կայանում, Հայագիտական միջազգային կոնգրեսի շրջանակում, հուլիսի 22-ին տեղի են ունեցել “The Spiritual Citadel of Syunik: Tatev” («Սյունյաց հոգևոր միջնաբերդը. Տաթև», հեղ.՝ Մատենադարանի ավագ գիտաշխատող, պ.գ.թ. Արսեն Հարությունյան) պատկերագրքի և MEMAS (Matenadaran: Medieval and Early Modern Armenian Studies, խմբագիր՝ Մատենադարանի միջնադարյան գրականության և բանասիրության բաժնի վարիչ, բան.գ.դ.՝ Արամ Թոփչյան) օտարալեզու գիտական պարբերականի շնորհանդեսները։

Շնորհանդեսների ավարտից հետո զրույց ենք ունեցել Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի (Մատենադարանի) տնօրեն Արայիկ Խզմալյանի հետ։

Պարոն Խզմալյան, ողջունում ենք Ձեր այցը Սյունիք, կուզենայինք, որ համառոտ ամփոփեիք Հայագիտական միջազգային կոնգրեսի, ինչպես և կոնգրեսի շրջանակում տեղի ունեցած շնորհանդեսների արդյունքը։

– Շնորհակալ եմ շատ։ Հայագիտական միջազգային կոնգրես անցկացնելու գաղափարը ծնվեց իմ՝ որպես Մատենադարանի տնօրեն պաշտոնավարելու առաջին իսկ օրերից, քանզի  հայագիտական տարբեր շրջանակների հետ սկսեցի շփվել, Մատենադարանի գիտաշխատողներից հետաքրքրվել՝ հայագիտական կենտրոնների, ամբիոնների, առհասարակ միջազգային հայագիտության վիճակի վերաբերյալ։ Մի տարօրինակ բան պարզվեց՝ շատ մեծ բաց կա իրազեկվածության տեսակետից՝ ինչքան ամբիոններ կան, ամբիոններում ովքեր են աշխատում, յուրաքանչյուր ամբիոն ինչ խնդիր ունի, համագործակցության ինչ ինտենսիվություն կա այդ ամբիոնների միջև։ Եվ ակնհայտ դարձավ, որ այդ նույն խնդիրը կա՝ մեր ձեռագրական հոգևոր կենտրոնների հետ կապված։

Մի կարևոր պատմական իրադարձություն էր դա, որ խոշոր ձեռագրական կենտրոնները՝ Զմմառ, Անթիլիաս, Վենետիկ, Վիեննա, Երուսաղեմ, Պոլիս, Էջմիածնի Մայր աթոռ, համախմբվեցին մեկ սեղանի շուրջ։ Քննարկմանը մասնակցում էր կրթության, գիտության, մշակույթի ոլորտի քաղաքական պատասխանատուն, և ըստ էության մենք խոսում էինք նույն օրակարգի, նույն խնդիրների և նույն նպատակների մասին, ու շատերը սեղանի շուրջ նոր միայն իրար հետ ծանոթացան:

Մենք այսօր ունենք արտաքին մարտահրավերներ՝ ոչ միայն ռազմական ոլորտին առնչվող։ Տեղեկատվական դաշտում նույնպես մեծ պատերազմ է այսօր ընթանում Հայաստանի դեմ։

Ի՞նչ ենք մենք անում, որպես տարբեր օղակի պատասխանատուներ, կանխելու համար ապատեղեկատվությունն այս տարածաշրջանում։

Սկսել ենք միասնական օրակարգ ձևավորելու գործից։ Նախ՝ սա գիտաժողով ու գիտական բանավեճի հարթակ չէ։ Սա առավելապես հայագիտության կազմակերպման, հայագիտության առաջխաղացման և միասնական միջազգային օրակարգ ձևակերպելու հարթակ է։ Սա հարթակ է՝ ճշտելու՝ յուրաքանչյուր համալսարան ինչ գործունեություն է ծավալում հայագիտության ոլորտում։ Իսկ կոնգրեսին մասնակցող համալսարանները միջազգային ճանաչում ունեն՝ Հարվարդի, Օքսֆորդի, Բոլոնիայի, Բուդապեշտի... Այստեղ են 16 երկրից ժամանած օտարազգի հայագետներ։

Երբ հաճախ ասում ենք հայագիտության կենտրոնը, առանցքը Հայաստանն է, այս միտքը հենվում է սոսկ բանավոր ձևակերպման վրա։ Գործնականում ի՞նչ քայլեր ենք ձեռնարկում, որ միջազգային գիտական հանրությունն իսկապես Հայաստանն ընկալի որպես հայագիտության կենտրոն։

Ուզում եմ միանգամից ասել՝ քանի որ Մատենադարանը միջնադարագիտական կենտրոն է, առաջիկայում մեր հիմնական ուղղվածությունը լինելու է հայագիտության միջնադարագիտության շերտը։ Եվ երբ տարբեր պաշտոնյաների հետ քննարկում էի նման մի հարթակ ձևավորելու ու հայագիտական կոնգրես հրավիրելու խնդիրը, ինձ հարց էին տալիս՝ իսկ ի՞նչ է հայագիտությունը:

Եթե մենք փորձենք բացատրել, թե ինչ է հայագիտությունը, շատ հեռու կգնանք: Դա մի ճանապարհ է՝ գրերի  գյուտից սկսած մինչև Թումանյան, Կոմիտաս... Եվ ամեն ինչ կարող ենք տեղավորել այս հասկացության մեջ։

Բայց ինչո՞ւ Մատենադարանը պիտի ստանձնի առաջամարտիկի դերը. որովհետև միջազգային հայագիտական հանրությունը հետաքրքրված է գերազանցապես միջնադարագիտական շրջանով:

Մատենադարանն այն մեծ պատուհանն է, որ շատ ավելի ազատ ու արագ կհամախմբի միջազգային շրջանակները։ Թե դա ինչ ծիլեր կտա՝ ժամանակը ցույց կտա։ Բայց ուզում եմ ասել՝ բուն գործը սկսելուց և ամփոփելուց հետո՝ զեկուցումները, որոնք ներկայացվել են, պիտի վերլուծվեն, համադրվեն։ Եվ կկազմվի վերլուծական մի փաստաթուղթ, որը կներկայացվի ԿԳՄՍ նախարարությանը, նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեին։ Այնուհետև մեր կոլեգաների հետ կմշակենք գիտական կապերի խորացման տարբեր ծրագրեր, որոնց համար գուցե ստեղծվի նոր պետական դրամաշնորհ։ Այնպես որ՝ ամեն ինչ դեռ առջևում է։

Սա առաջին խոշոր քայլն էր՝ միմյանց տեսնելու, միմյանց լսելու, ուղղակի հարցեր տալու: Եվ դա չէր դրսևորվում միայն քննարկումների ժամանակ, այլ հյուրանոցի սեղանի շուրջ, թեյ խմելիս, մասնավոր զրույցների ժամանակ: Երեկ մինչև ուշ երեկո՝ տարբեր համալսարանների առաջատար գիտնականների հետ Գորիսում քննարկել ենք հնարավոր հեռանկարները:

– Թեև մեր զրույցի գլխավոր թեման Հայագիտական միջազգային կոնգրեսն է, բայց չեմ կարող չօգտագործել առիթը և չասել՝ գնահատելի է Ձեր վերաբերմունքը Սյունիքի հանդեպ, որը նկատել ենք դեռևս այն ժամանակ, երբ Դուք ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալն էիք։ Այսօրվա շնորհանդեսներն ասվածի շարունակությունն են։ Տաթև սրբավայրի հետ կապված հրատարակությունը դրա վառ վկայությունն է։

– Կարծում եմ՝ նկատել եք, որպես ԿԳՄՍ նախարարի տեղակալ, ձգտում էի բոլոր փառատոները, բոլոր համերգային ծրագրերն ուղղորդել Սյունիք: Այն համոզումն ունեմ, որ դա պիտի լինի համապետական դիրքորոշում՝ ամեն ինչ դեպի Սյունիք: Ինչ էլ անենք, դրա զգալի մասը պիտի լինի Սյունիքում:

Եվ այս պատկերագրքի առումով ասացի՝ մի մնայուն արժեք պիտի դրվի սեղանին: Մենք կասենք, կխոսենք, կգնանք, բայց ի՞նչ ենք դնում սեղանին:

Սկսեցի հետաքրքրվել՝ ինչ կարող ենք հրատարակել այդ օրերին: Իմ տեղակալը՝ Վահե Թորոսյանը, հուշեց, որ մեր ավագ գիտաշխատողը՝ Արսեն Հարությունյանը, բավականին խորությամբ ուսումնասիրել է Տաթևի վանական համալիրի պատմությունը...

Պատկերագրքի վերնագիրն ինքս եմ որոշել՝ «Սյունյաց հոգևոր միջնաբերդը Տաթև»։ Եվ մի բան էի խնդրել՝ հնարավորինս թեթևացնել գիտական բաղադրիչը, դարձնել դյուրամարս, բայց ընթացքում էլի գիտական պահեր եղան: Շատ ակնահաճո, շատ հետաքրքիր, հիմնարար մի աշխատություն ստացվեց, որ եկավ լրացնելու տեղեկատվական այն բացը, որ  ունենք միջազգային հարթակներում:

Այն համալսարանները, որոնց ներկայացուցիչներն այստեղ են, շատ քիչ հայագիտական գրականություն ունեն օտար լեզվով: Փոխնախարար  եղած ժամանակ առաջարկս եղավ՝ ստեղծել հայ մշակույթն օտար լեզուներով ներկայացնելու դրամաշնորհային մի ծրագիր, որի շրջանակում բազմաթիվ կարևոր գրքեր՝ տարբեր լեզուներով, հրատարակվեցին՝ սկսած Իրանի հայկական մշակութային ժառանգությունից, Արցախ-Ուտիքի մշակութային ժառանգությունից... Ահա դրամաշնորհի շրջանակում ընթերցողի սեղանին դրվեց այս պատկերագիրքը:

Մենք պիտի գիտակցենք, որ մեծ քայլերով պիտի գնանք առաջ: Հայ ժողովուրդը, հասարակությունն այսօր իրավունք չունեն մանր քայլերով ընթանալու: Իհարկե, մեծ քայլերն ունեն ռիսկեր, բայց վիճակն այնպիսին է, որ ռիսկերի պիտի դիմենք, չվախենանք, պիտի մտածենք մեծ ծրագրերի մասին, միջազգային  գիտական հանրությունը Հայաստանի բարեկամը դարձնելու մասին: Բայց զուտ խնդրանքով բարեկամ չեն դառնում: Մենք չպիտի խնդրենք: Մենք պիտի լինենք այնպիսին, որ մարդիկ ցանկանան բարեկամություն անել։ Եվ կազմակերպվածության այն մակարդակը, այն որակը, որ ունեցանք այս կոնգրեսի շրջանակում, մեծագույն հիացում է առաջացրել բոլորի մեջ: Յուրաքանչյուր մասնակից քանիցս կրկնում էր կոնգրեսի՝ հաջողված լինելու մասին, իսկ դա նշանակում է՝ մարդիկ ձգտելու են մեզ հետ գործընկերային  հարաբերություն ստեղծել:

– Դուք մեծ գործ եք անում մեր ժողովրդի մշակութային արժեքներն աշխարհին ներկայացնելու ուղղությամբ, բայց կուզենայինք, որ այս գիրքը տպագրվեր նաև հայերեն:

Հետաքրքիր է՝ Սյունիքի վերաբերյալ ի՞նչ ծրագրեր ունի Մատենադարանը։

– Պատկերագիրք–ուսումնասիրությունը կհրատարակվի նաև հայերեն։

Մեծ ցանկություն ունենք անգլերենով հրատարակել Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքի պատմությունը»: Կարծում եմ՝ դա ևս կլինի մի շատ  զորեղ հրատարակություն:

Եվ ինչ է ցույց տալիս այդ ամենը. Սյունիքում ամեն քար, ամեն լեռ, ամեն քառակուսի սանտիմետր տարածք ներծծված են հայկականությամբ ու նախնյաց պատմությամբ, և այդ ամենը հավաստող փաստերն անհերքելի են: Մեր հարևաններն ինչ ֆինանսական ներդրումներ անեն, ինչ աշխատանք էլ տանեն, նման թարգմանական մի աշխատությունը սեղանին դնելով՝ կարող ենք պատասխանել բազմաթիվ հարցերի: Պարզապես չպիտի հապաղենք...

– Կրկին շնորհակալություն և հաջողություններ։ Հարգանք Ձեզ, որ Սյունիքի մշակութային արժեքները փորձում եք հանրայնացնել աշխարհով մեկ։

– Ուզում եմ «Սյունյաց երկրի» հարթակն օգտագործել և իմ հայրենակիցներին ասել հետևյալը. լավ ժամանակներում ուժեղ լինելը մեծ բան չէ, բարդ ժամանակներում պետք է ուժեղ լինել։ Եվ նոր եմ հասկանում Հովհաննես Թումանյանի «Քեֆ անողի քեֆը չի պակսի» հեքիաթի իմաստը, որովհետև լավ ժամանակներում քեֆ անելը մեծ բան չէ, վատ ժամանակներում զվարթ ապրելն է կարևոր, ուստի և մաղթում եմ, որ սյունեցու զվարթության մի տոկոսն անգամ չնվազի:

Զրույցը՝ Սամվել Ալեքսանյանի

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25