Արեւապաշտությունը Հայկական լեռնաշխարհում

09.04.2013 14:59
7844

ԼԻԼԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կապանի թիվ 2 ավագ դպրոցի պատմության, հասարակագիտության ուսուցչուհի

Ար աստծո պաշտամունքի ծագումն ու տարածումը: Հայկական լեռնաշխարհը համաշխարհային քաղաքակրթության հնագույն օրրաններից մեկն է: Հայերն այստեղ վաղ են կազմավորվել որպես ազգ, ունեցել ուժեղ պետականություն եւ բարձր մշակույթ: Այն, որ հայերն Առաջավոր Ասիայում մեծ տեղ ու դեր են ունեցել, վկայում են նյութական մշակույթի բազմադարյան հետքերը, պատմական, դիցաբանական զրույցներն ու առասպելները, աշխարհագրական եւ անձնական անունները:

Անհիշելի ժամանակներից հնդեվրոպացիների նախահայրենիք հադիսացող Հայկական լեռնաշխարհում ապրող ցեղի ուղղակի ժառանգորդը հայ ժողովուրդն է, որը հազարամյակներ ապրում եւ արարում է իր բնօրրանում: Գեղեցիկ ու դաժան այս լեռնաշխարհում է հայ մարդը կառուցել հոյակապ կոթողներ, շենքեր ու քաղաքներ, այստեղ է ստեղծել ավանդություններ, զրույցներ: Այստեղ է երկրպագել նաեւ իր առաջին աստծուն` արեւի հզոր աստված Ար- Արային:

Հնագույն ժամանակներում յուրաքանչյուր ցեղ ունեցել է պաշտամունքի իր առարկան` աստվածը, իսկ յուրաքանչյուր աստված` իր անունը: Բացի բազմաթիվ աստվածներից ցեղն ունեցել է իր գլխավոր աստվածը:

Հնագույն պատմական վկայությունները, լեզվական, ազգագրական եւ հնագիտական նյութերը ցույց են տալիս, որ Հայկական լեռնաշխարհի բնիկների` արիների հնագույն գլխավոր աստվածն արեւի Ար աստվածն էր: Երկնային լուսատուներից ամենալուսավորն ու պայծառն արեգակն է, որը լույս ու ջերմություն է տալիս մարդուն` ապահովում բերք ու բարիքով: Մեր նախնիները` պաշտելով արեւը, նրան վերագրել են արարչական զորություն, ընդունել են նրան որպես ամենայն բարիքներ ստեղծող գերբնական մի ուժ, որպես կյանքի աղբյուր, սկիզբ ամեն ինչի: Եվ բնական է, որ մարդը «զԱրեգակն աստված համարեր եւ անոր նայելով զաստված պաշտեին»: Գարունը եւ տաք արեւը, որ փոխարինել են Հայկական լեռնաշխարհի հաճախ շատ ցուրտ ու երկարատեւ ձմռանը, մեծ ուրախություն են պատճառել մարդկանց, ովքեր մեծ անհամբերությամբ էին սպասում արեւին, գարնանն ու բնության զարթոնքին, գարնան գալուստը նշելով մեծ տոնակատարություններով (բարեկենդան, տեարնընդառաջ, համբարձման տոն):

Արեւը մարդուն հետաքրքրել է նաեւ նրանով, որ ամեն օր մեռնում ու հարություն է առնում: Արեւի մեռնելը, անհետանալն անվանել են մայրամուտ, իսկ նորից ծագելը` հարություն առնել: Մարդը նկատում էր, որ ինչպես արեւն է մեռնում ու հարություն առնում, այնպես էլ տարին է մահանում (ձմեռ) ու մահից հետո հարություն առնում (գարուն): Անտարբեր չմնալով այս գաղափարից` մարդն իր գլխավոր աստծուն օժտել էր նաեւ մեռնող եւ հառնող հատկությամբ: Ար աստվածը մեռնող եւ հառնող բնության աստվածն էր` հետագայում ձեռք բերելով նաեւ ռազմի եւ քաջության աստվածության նկարագիր:

Արեւի աստված Արը խաղաղ բնույթով եւ գեղեցիկ համամարդկային հատկանիշներով էր օժտված: Փոքրասիական այլ աստվածությունների հետ համեմատելիս անմիջապես նկատելի է դառնում Ար աստծո նկարագրի խաղաղ բնույթը: Այսպես. Բել-Մարդուկ, Թամմուզ, Ատտիս, Մոլլոք եւ այլ աստվածների տոնահանդեսների ժամանակ տեղի էին ունենում ինքնաձաղկման եւ ինքնաներքինացման արարողություններ, իսկ Մոլլոքին զոհաբերում էին մանուկներ: Ասորական արձանագրություններում (Սալմանասար 1-ին, Թիգլաթպալասար 3-րդ) վկայվում են հանուն Ասսուր աստծո եւ նրա հովանավորությամբ ձեռնարկած արշավանքների ու այդ ընթացքում կատարած ավերածությունների, թալանի ու դաժան սպանությունների մասին: Իր նկարագրի խաղաղ բնույթն արեւի Ար աստվածը պահպանել է շատ հազարամյակներ` կրելով հրապուրիչ գաղափարախոսություն, ունենալով լայն տարածում` դառնալով «ունիվերսալ կրոն»:

Շատ խոր հնության պատճառով դժվար է ճշտորեն որոշել Ար աստծո ինչպես ծագման, այնպես էլ նկարագրի զարգացման ժամանակաշրջանը: Գիտական ուսումնասիրությունները պարզել են, որ հնդեվրոպացիներն ունեցել են ակունքային մի ընդհանուր մշակույթ (հնդկական վեդաները, հայոց «Սասնա ծռեր» դյուցազնավեպը, իրանական «Ավեստան»), որը յուրաքանչյուր ժողովուրդ զարգացրել է յուրովի` բաժանվելով մայր ցեղից: Հնդկական «Ռիգվեդայում» եւ իրանական «Ավեստայում» աղոտ հիշողություններ են պահպանվել նախահայրենիքում գտնվող Երասխ /նաեւ Արաքս, Ռահ/ գետի մասին ՌԱՍԱ (Ռիգվեդա) եւ ՌԱՀԱ (Ավեստա) անունով: Տվյալ դեպքում Հայկական լեռնաշխարհի բնիկների` արիների համար գոյություն է ունեցել արեւի Ար աստծու պաշտամունքը, որը ցեղի գլխավոր աստվածն էր եւ ցեղի տարածման հետ տարածվել էր նաեւ նրա պաշտամունքը: Հնագիտական պեղումները, ազգագրական նյութերի ուսումնասիրությունները պարզել են, որ սկսած Ք.ա. 4-րդ հազարամյակից, արիական ցեղերը` շումերները, իսկ Ք.ա. 3-2-րդ հազարամյակից` հույներ, հնդիկներ, իրանացիներ, նոր բնակավայրեր ու նոր արոտավայրեր փնտրելու նպատակով սկսել են հեռանալ նախահայրենիքից` Հայկական լեռնաշխարհից: Նրանք լավ կազմակերպված համայնքներ էին, լավ ռազմիկներ, որ զինված էին մետաղե զենքերով, ունեին նաեւ ձիեր ու մարտակառքեր: Սրանով էր պայմանավորված արիների հաջողության գաղտնիքը, որոնք դուրս գալով բնօրրանից` տարածվեցին աշխարհում, իրենց հետ տանելով այնտեղ ստեղծված հոգեւոր մշակույթի բազմաթիվ արժեքներ, այդ թվում` աստվածներ ու գլխավոր աստծու պաշտամունքը: Ցեղի մի մասը սակայն մնաց հայրենիքում, դիմացավ հազարամյակների փորձությանը, կազմավորվեց որպես ազգ` հայ ազգ, ստեղծեց իր պետությունը եւ ինքնատիպ մշակույթը, որը նրա համար մեծ տեղ ու դեր ապահովեց համաշխարհային քաղաքակրթության պատմության մեջ:

Նոր պայմաններում նախնիների գլխավոր աստծո նկարագրի մեջ մի փոքրիկ գիծն անգամ նպաստում է նոր աստվածների մեջ ճանաչելու արեւի հնագույն Ար աստծոն: Այսպես. Թրակիա-Սպարտա–Հունաստանում գոյություն է ունեցել գարնան եւ ռազմի աստված Արեսը, որի անունը, ըստ գերմանացի Վելկկերի, կապվում է հայերեն արեւ բառի հետ, հովիվների ու երկրագործների աստված, ավելի ուշ Զեւսի սուրհանդակ` Հերմեսը, գարնան աստված Էրոսը, Մակեդոնիայում արեւի եւ ռազմի աստված Արասը, Իրանում երկինքը, երկիրը, մարդուն ստեղծած զրադաշտության գլխավոր աստված Ահրումազդը, Հռոմում` ռազմի աստված Մարսը, գերմանացիների մոտ` Էրթագը, սլավոնների` բուսականության, երկրագործության, ապա ռազմի աստված Յար-Յարիլա-Յարիլոն, որի անունը, ըստ Գ.Ղափանցյանի, կապված էր Ար աստծո անվան հետ եւ «Ա» ձայնավորը հետագայում առջեւից ստացել է «Յ» հնչյունը, իսկ «իլա», «իլո» մասնիկները հետագայում են ավելացել արմատին` ունենալով փաղաքշական իմաստ, Հնդկաստանում` Ռամը, որի անունն ըստ Մ.Գավուքչյանի` բխեցվում է Արամից:

Ար աստծո պաշտամունքը տարածված էր նաեւ հարեւան երկրներում: Այսպես. Եգիպտոսում տարածված էր Ռա աստծո պաշտամունքը, որը, ըստ ուսումնասիրողների, Եգիպտոսի ծնունդ չէր, այլ մուտք էր գործել Սիրիայի կողմերից, որը հարեւան էր Հայաստանին: Խեթական պետությունում պաշտում էին Արա, Ասորեստանում` Աարա, Բաբելոնում` Արիա, Վրաստանում` Արալի, Լիդիայում` Արմաս աստվածներին եւ այլն:

Անգլիացի արեւելագետ Արչիբալդ Սեյսն ասել էր. «Արայի պաշտամունքը ձեւավորվել է Հայկական լեռնաշխարհում, ապա տարածվել հին աշխարհի բազմաթիվ ցեղերի ու ժողովուրդների դիցարանում»:

Արեւի աստված Արը որպես գլխավոր աստվածություն: Հայկական լեռնաշխարհի բնիկների` արիների գլխավոր ու հնագույն աստվածն արեւի Ար աստվածն էր: Ցավոք, տեղեկություններ չեն պահպանվել Ար աստծո պատվին կառուցված տաճարների, սրբավայրերի ու նրան նվիրված տոնակատարությունների մասին, իսկ որ դրանք եղել են, անկասկած է: Ամենայն հավանականությամբ Ար աստծո տոնը նշվել է մարտի 21-ին` գարնանային գիշերահավասարի օրը, երբ Հայկական լեռնաշխարհի ցուրտ ձմեռը տեղի է տալիս, նրան հաջորդում է գարունը եւ սկսվում ցերեկվա, լույսի ու արեւի հաղթանակը գիշերվա ու խավարի դեմ: Զարթնում են բնությունն ու մայր հողը, սկսվում է Նոր տարին նոր ակնկալիքներով: Մեր նախնիներն այդ օրը` մարտի 21-ը, համարել են Նոր տարվա սկիզբ: Այդ մասին է վկայում Մատենադարանում պահպանվող տոմարական մի պատառիկ /թիվ 1999ձեռագիր/, որում գրված է հին հայկական ու հին հռոմեական ամիսների զուգահեռ ցանկը: Այդ փաստաթղթի վերնագիրն է «Ամիսք Հայոց եւ Հռոմի հանդեպ միմյանց», ցանկը սկսվում է նավասարդից` «Նաւասարդի, որ է մարտի, Հոռի` ապրիլ… եւ վերջանում է` «Հրոտից`փետրուարի» ամսով:

Հետաքրքիր է, որ հնդեվրոպացիներից իրանցիները պահպանել են նոր տարին մարտի 21-ից սկսելու նախնիների կարգը:

Հայոց հեթանոսական տոմարի մեջ եւս պահպանվել են արեւի Ար աստծո պաշտամունքի հետքերը: Այսպես. «հեթանոսական տոմարի 6-րդ ամիսը կոչվել է Արաց, «այն նշանակել է արերի/արմեններ/ օրեր եւ նվիրված էր Ար աստծո տոնակատարություններին»: Ա.Մատիկյանը գտնում է, որ Արաց «պիտի նշանակի Արայի օրեր»: Ար աստծո պատկերը մեզ չի հասել հավանաբար խոր հնության պատճառով, սակայն ուսումնասիրությունները թույլ են տալիս ասելու, որ Ար աստվածը հաճախ է պատկերվել իր ուղեկից առյուծի հետ /ավելի հաճախ կանգնած առյուծի մեջքին/: Այդպիսի պատկերներ հայտնաբերվել են Էրեբունի ամրոցի պեղումների ժամանակ: Պահպանված որմնանկարներից մեկը ներկայացնում է Վանի թագավորության ժամանակների գլխավոր աստված Խալդ-Հալդիին` /Արդի, նաեւ Հայկ/ կանգնած առյուծի մեջքին:

Հազարավոր տարիներ հայ ժողովուրդը պաշտել է արեւը ու արեւի Ար աստծուն, բայց պատմական ինչ-որ ժամանակահատվածում այն տեղի է տվել: Սիրված այս աստվածության պաշտամունքը սակայն չի անհետացել, այլ շարունակել է հարատեւել ավելի ուշ հանդես եկած Արամազդ, Վահագն, Միհր աստվածների մեջ` նրանց փոխանցելով իր նկարագրի շատ հատկանիշներ: Հայոց ուշ շրջանի հեթանոսական դիցարանը գլխավորում էր Արամազդը, Վահագնը ժառանգել էր արեւի ու ռազմի, իսկ Միհրը` կրակի /արեւի/ հատկանիշները:

Հնագույն բոլոր աստվածները հանդես են գալիս իրենց զույգերի հետ. Դումուզի-Ինանա /Շումեր/, Թամմուզ- Իշտար /Բաբելոն, Ասորեստան/, Օզիրիս–Իզիդրա /Եգիպտոս/, Ատտիս-Քիբելե /Փռյուգիա/, Ադոնիս-Ասատրե /Փյունիկիա/, Ադոնիս-Աֆրոդիտե /Հունաստան/ եւ այլն: Հետեւաբար Հայկական լեռնաշխարհի հնագույն Ար աստվածը եւս պետք է ունենար իր զույգը: Ազգագրական պատառիկները հուշում են, որ շատ վաղուց Հայաստանում գոյություն է ունեցել ՆԱՐ աստվածուհու պաշտամունքը: Այս աստվածուհու մասին եւս շատ քիչ բան է հայտնի, դարձյալ իր խոր հնության պատճառով: Դժբախտաբար քիչ տեղեկություններ կան նաեւ հայոց հնագույն դիցարանի մասին: Այդ առումով հետաքրքիր է մեր հնագույն հարեւանների դիցարանը: Շումերներն ունեցել են արեւի Բաբբար եւ լուսնի Նաննար աստվածները: Ընդ որում` Նաննար աստվածուհին շումերների մոտ ավելի մեծ կարեւորություն է ունեցել, քան Բաբբարը: Մ.Գավուքչյանը Նաննար եւ Բաբբար անուններին բավական հետաքրքիր բացատրություն է տալիս: Ըստ նրա` Բաբբարը կազմված է հայր(պապ)-Ար բաղադրիչներից, իսկ Նաննարը նան (լուսին) - Ար բաղադրիչներից, որը նշանակում է Արի Նան(լուսին): Ասորեստանում եղել է ՆԱՐ, աստվածուհի, որն ըստ Դեյմելի, Գր.Ղափանցյանի` ջրերի ոգին էր: Այս դեպքում հիշենք «Սասնա ծռերի» Ծովինարին, ով էլ հենց ջրից հղիացավ: Փռյուգիացիներն ունեցել են Նանե աստվածուհի, հույները` Նանե հավերժահարս, սկանդինավյան ժողովուրդները` Նանա դիցուհի:

Հայերը եւս ունեցել են Նանե աստվածուհի, ով Արամազդի դուստրն էր: Հայաստանի շատ շրջաններում` (Արցախ, Ուտիք, Լոռի) մեծ մորն այսօր էլ անվանում են Նան, Նանի, Նանե: Նանա սանսկրիտ նշանակում է մայր: Նար աստվածուհու պաշտամունքի հետ է կապված ազգագրական երգի պատառիկ, որ դարեր շարունակ երգվել ու պահպանվել է ժողովրդի մեջ.

Նուրին, Նուրին եկել ա,

Աչպա հուրին եկել ա,

Շալե շապիկ հագել ա,

Կարմիր գոտիկ կապել ա,

Յուղ տվեք, վարսը քսենք,

Ձու տվեք, ձեռքը դնենք:

Երգը երգում էին, երբ անձրեւ ակնկալելու խնդրանքով երեխաները Նար (Նուրի) տիկնիկի հետ շրջում էին տները:Ժամանակի ընթացքում Նար աստվածուհուն եւս փոխարինել են այլ աստվածուհիներ` Ծովինար, Նանե, Անահիտ: Փոքրասիական մայր աստվածուհիները լուսնային բնույթ են ունեցել: Եգիպտացիների Իսիսը, ասորեստանցիների Միլիտան, փյունիկցիների Աստարտան, հույների Արտեմիսը եւ ուրիշներ հաճախ են պատկերվել լուսնի մահիկի տեսքով: Նար աստվածուհուն ավելի ուշ շրջանում փոխարինած Անահիտ աստվածուհին եւս նախ եղել է լուսնի աստվածուհի, իսկ հետագայում նաեւ` պտղաբերության ու սիրո աստվածուհի: Սատաղից հայտնաբերված նրան վերագրվող բրոնզե արձանիկի ճակատին թափված է երկու խոպոպիկ` լուսնի մահիկի տեսքով:

Այսպիսով` վերոհիշյալ բոլոր անունները /Նանար, Նար, Նանե/, նաեւ Հայաստանում տարածված կանացի հնագույն Ծովինար, Հեղնար, Էլինար, Ոսկինար եւ այլ անուններ մեզ հուշում են, որ Հայկական լեռնաշխարհի հնագույն աստվածուհին ՆԱՐ աստվածուհին էր: Հետեւաբար արեւի հնագույն աստված ԱՐ-ի զույգն էր լուսնի հնագույն ՆԱՐ աստվածուհին: Խորենացին վկայում է, որ մեհյաններում դրվում էին արեւի ու լուսնի արձաններ:

ԱՐ աստծո պաշտամունքի հետքերը հնագիտության մեջ: Արեւի հայոց հնագույն ԱՐ աստծո պաշտամունքի խոր հնության ու տարածվածության մասին են վկայում Հայկական լեռնաշխարհում կատարված հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված նյութական մշակույթի բազմաթիվ արժեքներ:

Մեր հնագույն նախնիները դիտարկել, ուսումնասիրել են երկինքը, արեւը, լուսինը, աստղերը, բնության տարերքներն ու աղետները եւ յուրովի պատկերել տեսածն ու զգացածը: Հայտնաբերված հնագիտական նյութերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նրանց վրա կան բազմաթիվ զարդաքանդակներ արեգակի, լուսնի, աստղերի, երկրի ու այլ մոլորակների պատկերներով, սակայն շատ են արեւի պատկերները: Արեւը մեր նախնիները պատկերել են երկրաչափական մարմինների` խաչ, շրջանակ, սվաստիկա, կենդանիների ու թռչունների`առյուծ, ձի, ցուլ, խոյ, արծիվ, իսկ ավելի ուշ մարդկային կերպարանքով` Ար, Արամազդ, Վահագն, Միհր:

Արեւի ու նրա խորհրդանիշների ուսումնասիրության համար կարեւոր են Ք.ա. 5-3-րդ հազարամյակներին թվագրվող Արագածի, Գեղամա լեռների, Սյունիքի, Նախիջեւանի, Մեծամորի ժայռապատկերները: Ժայռապատկերներին արեւը պատկերված է ճառագայթավոր անվի, խաչի տեսքով: Ուսումնասիրությունների համաձայն` ինչպես Հայաստանում, այնպես էլ Շումերում, Բաբելոնում, Եգիպտոսում, Ասորեստանում ամենատարածվածներից էր արեւի գունդը պատկերող անվաձեւ սկավառակը: Արեւն իր պտույտի պահին պատկերվել է որպես անիվ, ճառագայթները` ճաղեր, իսկ ընթացքը` անվի պտույտ: Գեղամա ժայռապատկերներից մեկում արեւը պատկերված է ճառագայթավոր անվի ձեւով` վրան մի խոշոր թռչուն, կտուցը դեպի հրավառ գունդը:

Կան արեւ-լուսին կապն արտահայտող ժայռապատկերներ, որոնցից մեկում պատկերված է մակույկաձեւ լուսին, իսկ մակույկ-լուսնի մեջ` արեւ: Վանի թագավորության մի կնքադրոշմի վրա , ուր աղեղնավոր հերոսը կռվում է վիշապի դեմ, նրանց վերեւում պատկերված է մակույկ-լուսին ու արեւ:

Հայկական ժայռապատկերներում արեւ-խաչը պատկերված է քառաթեւ` շրջանակի մեջ առնված, հավասարաթեւ ու անհավասարաթեւ պատկերներով` ինչպես Գեղամա ժայռապատկերներում:

Ար աստծո պաշտամունքն իր խոր հնությամբ, նկարագրի գեղեցիկ հատկանիշներով ու խաղաղ բնույթով մեծ ազդեցություն է ունեցել մեր նախնիների հավատալիքների, հայոց լեզվի, մշակույթի, կենցաղի ու սովորույթների ձեւավորման վրա: Ար աստծո անունը հատկապես զգալի է հայոց անձնական ու աշխարհագրական անուններում:

Արեւի ԱՐ աստծո անունը Հայ-Արմեն ու հայոց անձնական ու աշխարհագրական անուններում: Հայոց պատմության ու մշակույթի հարցերով զբաղվող գիտնականներին հետաքրքրել է հայ եւ արմեն անունների առաջացումը: Հայ պատմիչներից առաջիններից մեկը Մ.Խորենացին այն կապում է Հայկի ու Բելի ճակատամարտից հետո Հայկի սերունդների տեղաշարժի հետ: Նա մեկնաբանում է, որ Հայ անունն առաջացել է Հայկի, իսկ «Արմեն», «Արմենիկը»` Հայկի ծոռնորդի` Արամի անունից: Խորենացու այս բացատրությունները երկար ժամանակ անվիճելի էին համարվում: Սակայն ժամանակ առ ժամանակ փորձեր էին արվում նորովի բացատրելու հայ եւ արմեն անվանումների ծագումը: 19-րդ դարի եւ 20-րդ դարի սկզբներից եվրոպացի գիտնականները սկսեցին հետաքրքրվել հայերի ու Հայաստանի պատմությամբ, մշակույթով, նաեւ հայ եւ արմեն անունների ծագման հարցերով:

Գիտնականների մի խումբ հայ անունը փորձում է բացատրել հնդեվրոպական պըտի`պետ, գլխավոր բառով, իբր իրենց այդպես են կոչել եկվոր արմենները`բնիկներից տարբերվելու համար: Հետագայում պըտինը ձեւափոխվելով դարձել է հայ: Պ. Ենցնը գտնում էր, որ հայ անունն առաջացել է հեթիթների հաթ, հաթիո էթնիկական անուններից: Ն.Մառը հայ անունը կապում է Ք.ա.6-րդ դարում Հայաստան արշաված հանիողներ կամ հենիոխներ ցեղի անվան հետ: Լ.Շահինյանն իր «Գիրքը դարերի խորքից» աշխատության մեջ մերժում է բոլոր ոչ խորենացիական տեսակետները: Գիտնականների կողմից ընդունվեց Խորենացու տեսակետը` Հայկի անունով երկիրը Հայք, Հայաստան եւ Արամի անունով Արմենիա կոչվելու մասին: Սակայն ժամանակի հետ առաջանում էին նոր հարցեր, իսկ եթե Հայկ Նահապետն է իր անունը վերցրել Հայ, Հայք անունի՞ց, ե՞րբ է առաջացել հայ անունը, ինչո՞ւ են օտարները մեզ արմեն անվանում, ո՞ր անունն է հնագույնը եւ այլն:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հնում ցեղի գլխավոր աստվածները մեծ դեր են ունեցել տվյալ ցեղի համախմբման ու կազմավորման գործում: Հաճախ նաեւ կազմավորվող ցեղն ինքն իրեն կոչել է պաշտվող գլխավոր աստծո անունով: Օրինակ` Ասսուր-Աշշուր աստծո անունով են իրենց կոչել ասորիները: Հայտնի է, որ Հայկական լեռնաշխարհում հնագույն գլխավոր աստվածն Արն էր, ուստի կարելի է մտածել, որ Ար աստծո անունով բնիկներն իրենց կոչել են ար-հար, իսկ բնօրրանը` ԱՐԱՐԱՏ, ՀԱՐՔ-ՀԱՅՔ:

Հնագույն գրավոր աղբյուրներում եւս հանդիպում ենք փաստերի, երբ «ար»-ը հանդես է գալիս «հար» ձեւով: Այսպես օրինակ. Խորենացու «Հայոց պատմության» մեջ հանդիպում ենք ՀԱՐՔ ձեւին , իսկ պարսից Դարեհ 1-ին արքայի Բեհիսթունյան եռալեզու արձանագրության մեջ էլամերեն բնագիրը Հայաստանի համար օգտագործում է ՀԱՐՄԻՆՈՒՅԱ ձեւը /պարսկերեն ԱՐՄԵՆԻԱ, աքադերեն ՈՒՐԱՐՏՈՒ/: Նույն արձանագրության մեջ էլամական բնագիրը հին պարսկերեն aria ձեւի համար օգտագործում է harri ձեւը: Հայկական լեռնաշխարհի հարավային մասերում` Վանա լճի շրջակայքում եւ ավելի հարավ Ք.ա. 2-րդ հազարամյակի կեսերին ստեղծված պետական կազմավորումներից մեկի` ՀԱՐԻ- Միտանի երկրի բնակիչներն իրենք իրենց անվանում էին հարի մարդիկ, իսկ երկիրը` Հարի երկիր: Ելնելով այս փաստից` միանգամայն հնարավոր է, որ մեր նախնիներն իրենք իրենց կոչեին ար-հար: Այս դեպքում ճիշտ է Մ.Գավուքչյանի եզրակացությունը, որ ավելի ուշ հար անվան «ր»հնչյունը դարձել է «յ»` հայ եւ Հայք, որն ավելի բարեհնչյուն է եւ հեշտ է արտասանվում:

Խորենացին օգտագործել է ԱՐԱՐԱԴԻ երկիր /Վանա լճից հարավ/, ՀԱՐՔ /Վանա լճից հյուսիս-արեւմուտք/, ՀԱՅՔ/ Վանա լճի շրջակայք, ապա ամբողջ հայկական լեռնաշխարհ/ եւ ԱՐՄԵՆԻԱ անունները: Նկատում ենք, որ այս բոլոր անունների մեջ առկա է ԱՐ աստծո անունը: Կարելի է ենթադրել, որ Խորենացու հիշատակած ՀԱՐՔ-ը ոչ թե հայերի երկիր է նշանակում, այլ պարզապես աշխարհագրական անուն է, երկրանուն: Ուշադրություն դարձնելով նաեւ Խորենացու այն վկայությանը, որ Հայկը հեռանալով Բաբելոնից, բնակություն է հաստատել ԱՐԱՐԱԴԻ երկրում /շումերական դյուցազնավեպում ԱՐԱՏՏԱ Ք.ա.4-3 հզ./, ուրեմն արդեն կար ԱՐԱՐԱՏ կոչվող երկիրը: Իսկ Հայկ նահապետը, որ ամենայն հավանականությամբ իրական անձ է, աչքի է ընկել իր քաջությամբ, ազնվությամբ ու շիտակությամբ, խոր հետք է թողել ժողովրդի հիշողության մեջ: Դա էլ հիմք է տվել Մար Աբասին, Խորենացուն եւ մյուս պատմիչներին` Հայկին համարելու հայոց նախնի: Հետեւաբար կարելի է ասել, որ Հայկ անունը ծագել է մեր ժողովրդի հայ անունից եւ ոչ հակառակը:

Ար աստծո անունով հարեւանները եւս Հայկական լեռնաշխարհի բնակիչներին անվանել են արմեն, արման, որ նշանակում է արածին, արորդի, արիմարդ: Հնում «մա», «մե» հնդեվրոպական բառարմատներն ունեցել են սերել, ծնել իմաստը:

Հանդիպում ենք նաեւ ԱՐՄԵ-ՇՈՒՊՐԻԱ, ԷՐՄԱՆԻ եւ այլ անունների: Այս բոլորը նույն ցեղի, նույն ժողովրդի տարբեր անվանումներ են: Ուստի մեր երկրի հնագույն անունները` ԱՐԱՏՏԱՆ ու ԱՐԱՐԱԴԸ կազմված են ԱՐ` արեւի աստված եւ «ատ»` տեղանվան բաղադրիչներից:

Հայկական լեռնաշխարհը, որտեղ ստեղծված պետական կազմավորումները հայտնի էին ԱՐԱՏՏԱ, ԱՐԱՐԱԴԻ, ՀԱՐՔ-ՀԱՅՔ, ԱՐՄԵՆԻԱ անուններով` բնակեցված էր ԱՐ աստծուն պաշտող հայ /ար-հար/, արմեն ցեղի մարդկանցով: Բոլորովին պարտադիր չէր, որ Հայկական լեռնաշխարհի ամբողջ տարածքը միաժամանակ ընդգրկվեր մեկ պետական կազմավորման մեջ: Հայկական լեռնաշխարհի ցեղերը միմյանցից բաժանված էին բարձր լեռներով, անդնդախոր ձորերով, կիրճերով, արագահոս գետերով ու անտառներով, որը դժվարացնում էր միմյանց հետ հաղորդակցվելը: Ուստի պետական կազմավորումներ կարող էին առաջանալ լեռնաշխարհի տարբեր հատվածներում: Ստեղծված պետությունն անպայման պետք է ցանկանար իր գերիշխանությունը տարածել ողջ ցեղի վրա` միավորելով նրան: Այդպես էր Վանի թագավորության ժամանակ, երբ Վանի արքաները փորձում էին միավորել Արարատի ցեղերին: Վանի արքաներից հետո մեր թվականության սկզբին մեծ հաջողության հասավ Տիգրան Մեծը /Ք.ա.95-55թթ./, ում հաջողվեց միավորել Հայկական լեռնաշխարհի մեծ ու փոքր ինքնիշխան պետական կազմավորումներին ու ցեղերին եւ ստեղծել հզոր պետություն:

Ի տարբերություն Վանի թագավորության ու Տիգրան Մեծի ստեղծած տերության, որ հզորանալով ընդգրկել է ամբողջ Մեծ Հայքը, ունեցել ենք Սյունիքի, Լոռու, Կարսի, Աղվանքի թագավորություններ եւ Ղարաբաղի մելիքություններ: Ուստի նախապատմական ժամանակներից Հայկական լեռնաշխարհում ապրող ցեղերն ունեցել են արեգակնային ԱՐ աստծո պաշտանմունք , որի անունով այդ ցեղերը կոչվել են հայ/ար-հար/ եւ արմեն, իսկ ընդարձակ տարածքը, ուր ապրում էին հայ - արմենները, կոչվել է ԱՐԱՐԱՏ, ՀԱՅՔ, ԱՐՄԵՆԻԱ:

Աշխարհի ոչ մի երկրում հնարավոր չէ հանդիպել «ար»-ով սկսվող անձնական ու աշխարհագրական այնքան անուններ, որքան Հայաստանում: Գրավոր հիշատակված «ար»-ով անձնական անուններ հանդիպում ենք Ք.ա. 2-րդ հազարամյակից սկսած: Դրանք Հայկական լեռնաշխարհի հարավում կազմավորված պետություններից մեկի` ՀԱՐՐԻ-ՄԻՏԱՆԻ երկրի արքաների անուններն են, որոնք մեզ են հասել Թել-Էլ-Ամառնայ /Եգիպտոս/ եւ Բողազքյոյի /Թուրքիա/ արքունական դիվանների հայտնաբերման շնորհիվ: Այդ անուններից են` Արտատամա, Արտաշումարա, Արտամանյա: Այդ անունները գրված են աքադա-բաբելական լեզվով ու սեպագրերով, որն ազդել է անվան ճիշտ գրության ու արտասանության վրա, քանի որ անունները հարմարեցվել են օտար լեզվի ու սեպագրերի:

Մ. Խորենացու «Հայոց պատմություն» աշխատության մեջ հիշատակված է 11 հայ նահապետի անուն, որոնցից 5-ը սկսվում է ԱՐ-ով` Արամանյակ, Արամայիս, Հարմա, Արամ, Արա Գեղեցիկ: Այնուհետեւ հիշատակված են Արտավազդ, Արտաշես, Արիոբարզան, Արշակ, Արշամ, Արտավան, Արքեղայոս, Արշավիր, Արտաշիր եւ այլ անուններ:

Վանի թագավորության արքաների արձանագրություններում հանդիպում ենք Արամե, Արգիշտի, Էրիմենա անուններին, որոնց ավելացվում են Արտակ, Արամազդ, Արմեն, Արմենակ, Արտեմ, Արտան, Արսեն, Արեգ, Արբակ, Արծրուն, Արմանուշ, Արեւիկ, Արմինե, Արփի, Արմենուհի եւ այլ անուններ:

ԱՐ աստծո անունով են կոչվել ոչ միայն ցեղն ու բնօրրանը, այլեւ Հայկական լեռնաշխարհի բազմաթիվ աշխարհագրական անուններ`գետեր, լեռներ, ավաններ, շեներ ու քաղաքներ` Արարատ, Արագած, Արաքս, Արածանի, Արեգունի, Արտազ, Արենի, Արմավիր, Արտաշատ, Արճեշ, Արցախ, Արտամետ, Արմաշ, Արծն եւ այլն:

Ար աստծո պաշտամունքն արեւապաշտ հայի արյան ու էության մեջ է, այն նրա հայրենիքն է, նրա անունները, սուրբ վայրերը, գետերը, լեռները: Այն հայոց հրաշք լեզվի, կենցաղի, սովորույթների, երգերի, պարերի, դյուցազնավեպի, հեքիաթների, զրույցների մեջ է: Դրանցով մենք ապրել ենք հազարամյակներ: Մենք հետնորդներն ենք անհիշելի ժամանակներից Հայկական լեռնաշխարհում ապրող հպարտ, գեղեցիկ, ազնիվ, արարող, բարի ու քաջ հնագույն մի ցեղի, որի աստվածներն անգամ (Ար, Արամազդ, Վահագն, Միհր, Անահիտ) գեղեցիկ են իրենց բնույթով ու հատկանիշներով:

 

Օգտագործված գրականություն

1. Հ.Մնացականյան, Արեւապաշտության հետքերը հին Հայաստանում , Երեւան, 1948թ.

2. Մ.Խորենացի, «Հայոց պատմություն», Երեւան, 1981թ.

3. Մ.Գավուքչյան, «Հայ եւ արմեն անունների ծագումը եւ Ուրարտուն», Բեյրութ, 1973թ.

4. Ա.Տերյան, «Ար աստծո պաշտամունքը Հայաստանում », Երեւան, 1995թ.

5. Ստ.Եսայան, «Հայաստանի հնագիտություն», Երեւան, 1993թ.

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25