Սյունյաց աշխարհի 12 գավառից իններորդին՝ Արևիքին, հատուկ համար նվիրելը տարիների մեր երազանքն է եղել։ Եվ վերջին 10-15 տարում հաջողվել է այդ թեմայի շուրջ մեծ քանակությամբ ու բազմաբովանդակ նյութեր հավաքել կամ պատրաստել։
Հիմա ժամանակն է՝ դրանք ընթերցողի սեղանին դնել...
Սակայն թերթի ձևաչափը, ցավոք, հնարավորություն չի ընձեռում՝ Մեղրու վերաբերյալ առկա նյութերն ամբողջապես զետեղել մեկ համարում։
Ուստի և Մեղրու մասին կունենանք առնվազն երեք թողարկում։
Առաջին մասը կամ առաջին թողարկումը, ինչպես տեսնում եք, նվիրում ենք Արևիք-Մեղրիի քրիստոնեական սրբավայրերին կամ փորձում ենք Մեղրին նախ և առաջ ներկայացնել իբրև հոգևոր տարածք, ինչպես որ կա իրականում։
Իսկ թե ինչո՞ւ նախապատվությունը տվեցինք այդ թեմային՝ կպարզաբանենք ստորև։
Նախ՝ մեծ ցավով ու ափսոսանքով ենք նկատում, որ թուրք-ադրբեջանական քարոզիչները (լրատվամիջոցներ, պատմաբաններ) հետևողականորեն (հատկապես 2025 թ․ օգոստոսի 8-ի վաշինգտոնյան պայմանավորվածություններից հետո) հայոց Սյունիքի Արևիք գավառը կամ Մեղրու տարածաշրջանը դիտարկում են իբրև ադրբեջանական տարածք։
Ցավով ու ափսոսանքով նկատում ենք նաև, թե հայագիտական մեր շրջանակներն ինչպիսի լռությամբ են հետևում այդ կեղծարարություններին։
Իրականում, մինչդեռ, Մեղրու տարածքը հայոց աշխարհի ամենաքրիստոնեական միջավայրերից է եղել ու կա։
Ավելին՝ Մեղրին աստվածաշնչյան դրախտի կամ եդեմի մաս է եղել ու կա, որի հարավային եզերքով հոսում է Սուրբ գրքի Փիսոն կամ Գեհոն գետը (ներկայումս՝ Արաքս)։
Այնուհետև՝ ինչպես Սյունիքի մեծահռչակ և ստուգապատում տարեգիր Ստեփանոս Օրբելյանն է փոխանցում՝ «․․․Հայերից նախ հավատացյալ դարձան սյունեցիները, որոնք սուրբ Ավետարանին հնազանդվեցին Բարդուղիմեոս սուրբ առաքյալի միջոցով»։
Բարդուղիմեոսը՝ իր աշակերտներով, գալիս է Ատրպատականով և անցնելով Երասխը՝ մտնում է Սիսականի սահմանները և առաջինը սկսում քարոզել Արևիքում, Գողթնում, Բաղքում․․․
Ասել է թե՝ Հայոց աշխարհում արդար արեգակի հոգեղեն ճառագայթները նախ և առաջ ծագեցին Սյունիքի մի քանի գավառում, այդ թվում՝ Արևիքում։
Պատմական այդ իրողությունը, կարծեք, անդրադարձներ է ունեցել Արևիք-Մեղրու հետագա ամբողջ ընթացքի վրա։
Անդրադարձներից մեկն այն է, որ քրիստոնեության վաղ շրջանում նաև Արևիքում ասպարեզ եկան բազմաթիվ նշանավոր վանքեր ու եկեղեցիներ, որոնց մասին հիշատակում են մեր պատմիչները՝ Մեղրո վանք, Լուսկեվանք, Լհեվանք, Զվարավանք, Կալերո վանք, Կարճևանի սուրբ ուխտ․․․
Վանական մի շարք հաստատություններ այնպիսի նշանակություն ձեռք բերեցին, որ նրանց գտնվելու վայրերը (բնակավայրերը) կոչվեցին տվյալ սրբավայրերի անվամբ՝ Աղվո վանք, Աբկավանք, Մեղրո վանք, Որդիշո վանք, Խոլավանք, Լոհավանք, Լուսկավանք (հավանաբար՝ առաքյալի Լուսիկ կոչված աշակերտի անունով), Զվարկի վանք, Կուրավանք․․․ Մինչև հիմա էլ տարածաշրջանում կան վանք բաղադրիչով գյուղանուններ՝ Վանք, Ալվանք․․․
Այս հարցում ուրույն կարծիք ունի Ղևոնդ Ալիշանը․ «Սրանց մեջ, ինչպես տեսնում ենք, աչքի են ընկնում «վանք» բառով կազմված բարդությունները, և պատշաճ եմ նկատում հասկանալ ընդհանուր նշանակությամբ, այսինքն՝ մենակեցական բնակարանների իմաստով, քանզի այս գավառը որքան անծանոթ և անհիշատակ է քաղաքական պատմության տեսակետից, նույնքան քաջածանոթ է թվում համաձայն քրիստոնեական կրոնի՝ Բարդուղիմեոսի և նրա աշակերտների քարոզությամբ․․․»։
Երբ փորձում էինք շատ թե քիչ ճշտել Մեղրու քրիստոնեական սրբավայրերի ցանկը, անվանումները և տեղագրությունը՝ երիցս ակնհայտ դարձավ՝ տարածաշրջանում չի եղել գոնե մեկ բնակավայր, որտեղ վանք կամ եկեղեցի չլիներ ու չգործեր։ Որոշ բնակավայրերում նույնիսկ մի քանի եկեղեցի է գործել։
Այդ փաստը ևս մեկ ապացույց է առ այն, որ Մեղրու տարածաշրջանում այլադավաններ ու այլազգիներ ամբողջ միջնադարում չեն բնակվել (ճիշտ է՝ եկել ու ժամանակավորապես տիրացել են, բայց հետո դուրս են մղվել։ Տարածաշրջանն այլադավաններով բնակեցվեց հատկապես Բաղքի (Կապանի) թագավորության անկումից, ինչպես և Դավիթ Բեկի գլխավորած ազատագրական պայքարի մարումից հետո)։ Անգամ Նռնաձոր-Նյուվադիում երբեք թուրքական ծագումով բնակիչներ չեն եղել։ Նշանավոր ճանապարհորդ, բնագետ և հնէաբան Դյուբուա դե Մոմպերրեն՝ 1843 թ․ ապրիլին լինելով այդ գյուղում, հանդիպելով տեղի բնակիչների հետ, արձանագրում է, որ Նյուվադիի կամ Նյուղադիի բնակիչները ծագումով հայեր էին։
Այդ փաստը հիշատակում է նաև Ղևոնդ Ալիշանը «Սիսական» կոթողային գործում։
Ավելին, Ըռնաձոր կամ Էռնաձոր անվամբ այդ ձորը մինչև այսօր բազմաթիվ վկայություններ է պարփակում իր մեջ, որոնք մեր ինքնությունը հավաստող հավելյալ վկայություններ են՝ դարերի խորքից եկող։
Ցավոք, Մեղրու տարածաշրջանի վանքերից ու եկեղեցիներից շատերն այսօր ավերված են, խոնարհված, ամայի ու թափուր՝ շենությունից։ Մի խոսքով՝ քչերն են դրանցից լուսավորության մեջ։
Նման վիճակը հետևանք է այն փորձությունների, որի միջով դարեր շարունակ անցել է Մեղրու տարածաշրջանը։
Ուշագրավ մի հանգամանք, որ պատմիչները վաղուց են նկատել․ սրբազան մեր երկրի վրա եկած բոլոր զավթիչները սոսկ տարածք նվաճելու խնդիր չեն ունեցել, այլ մեր ինքնությունն ու հավատը պահպանող սրբավայրերը ոչնչացնելու գերնպատակ։ Դրա օրինակներից մեկը Մեղրու տարածաշրջանում ավերված բազմաթիվ եկեղեցիներն ու վանքերն են։
Աստծո այդ տաճարների ավերումներն այնքան հետևողական են իրագործվել, որ բազմաթիվ վանքերի ու եկեղեցիների տեղն առ այսօր հնարավոր չէ ճշտել, քանզի ավերել են հիմնովին ու հողին հավասարեցրել։
Այսօր՝ մեր ինքնության դեմ պայքարողները, ինչպես տեսնում ենք, նույն կերպ թիրախավորում են Հայ առաքելական եկեղեցին՝ իր տաճարներով ու իր հոգևոր բովանդակությամբ։
Այդ բոլորով հանդերձ՝ ներկայացնում ենք 40 սրբավայր (կանգուն կամ խոնարհված)՝ համառոտ տեղեկություններով։
***
Մենք արդեն առիթ ենք ունեցել ասել՝ 1300 տարի շարունակ՝ 6-7-րդ դարերից մինչև 19-րդ դարասկիզբ, Սյունիքը եղել է նկարազարդ ձեռագրերի կամ մանրանկարչության արարման կարևոր տարածաշրջան։ Պատկերազարդվել են գրքեր, Ավետարաններ, կրոնական-ծիսական ժողովածուներ, մատյաններ․․․
Այսօր արդեն կարող ենք փաստել՝ ձեռագրական մշակույթի միջավայր է եղել նաև Արևիք գավառը՝ վանքերով ու եկեղեցիներով։
Համարում ներկայացնում ենք Քուջերթի ավետարանը (1678 թ․), Վահրավարի ավետարանը (1323 թ․), Տաշտունի ավետարաններից մեկը (1661 թ․)։
Այդ ուղղությամբ կատարվող աշխատանքները, ցավոք, չկարողացանք ավարտին հասցնել, թեև Մատենադարանի մեր բարեկամների հետ բավականին ջանքեր գործադրեցինք։
Մասնավորապես չհաջողվեց գտնել՝
Վերոգրյալ ձեռագրերի, մատյանների փնտրտուքը, կարծում ենք, պետք է շարունակվի, որովհետև (ամեն ինչից զատ) դրանք բացառիկ վկայություններ են այն մասին, որ Մեղրիի վանքերն ու եկեղեցիները միջնադարում եղել են նաև գրչության կենտրոններ։
***
Առանձնահատուկ են Մեղրու վանքերի ու եկեղեցիների որմնանկարները։
Ավելին՝ Արևիքի սրբավայրերի ներքին հարդարանքի լուծումները՝ թեմատիկ տեսարանների ընտրություն և տեղաբաշխում, ծաղկանկարների առատ գործածում և այլն՝ նոր մոտեցումներ էին որմնանկարչության մեջ։
Այդ հարցերին պատշաճ ուշադրություն է դարձվում․ դրանում մեզ օգնել են արվեստագիտության թեկնածու, դոցենտ Քնարիկ Ավետիսյանը, արվեստագիտության թեկնածու Գայանե Պողոսյանը, Որմնանկարների վերականգնման գիտահետազոտական կենտրոնի ներկայացուցիչ Ավետիս Ավետիսյանը։
Համարում քննարկվում է նաև որմնանկարների հեղինակների հարցը։
Մեղրու Փոքր թաղի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու 1793 թ․ որմնանկարների, ինչպես և Կարճևանի Սուրբ Աստվածածին եկեղեցու որմնանկարների հեղինակից՝ Աստվածատուր Աստապատցուց բացի մյուս հեղինակները, որքան գիտենք, հայտնի չեն։
Որմնանկարների հեղինակների հարցը դիտարկվում է համեմատությունների մեջ՝ նկատի ունենալով Արևիքի եկեղեցաշինական ավանդույթների նմանությունը Երնջակի, Գողթանի եկեղեցաշինությանը։
Ուստիև որոշ որմնանկարներ վերագրվում են հռչակավոր Հովնաթանյան տոհմի նշանավոր ներկայացուցիչներին, անգամ նույն տոհմի հիմնադիր՝ բանաստեղծ, տաղերգու, նկարիչ Նաղաշ Հովնաթանին։
Ներկայացվում է որմնանկարների թեմատիկ բազմազանությունը։ Օրինակ, Մեղրու Փոքր թաղի եկեղեցում տեսնում ենք քրիստոնեական արվեստի ամենաբարդ և նշանակալի պատկերներից մեկը՝ «Ահեղ դատաստանը»՝ կատարողական բարձր մակարդակով ներկայացված։
Ըստ սյուժեի՝ Քրիստոսն իր դատաստանով բաժանելու է արդարներին մեղավորներից՝ հատուցելով յուրաքանչյուրին ըստ իր գործի, վարձատրելով ճշմարիտ հավատացյալներին, պատժելով չհավատացողներին, ապստամբներին, փարիսեցիներին, մեր սրբությունները պղծողներին։
Ինչևէ, համարը հանգամանալից տեղեկություններ է պարունակում Մեղրու Սուրբ Հովհաննես եկեղեցու (Անապաստանաց վանքի), Մեղրու Սուրբ Աստվածածին եկեղեցու, Մեղրու Փոքր թաղի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու, Կարճևանի Սուրբ Աստվածածին եկեղեցու նկարազարդումների մասին։ Դրանք, առանց չափազանցության, հայ կերպարվեստի այդ ժամանակաշրջանի լավագույն ստեղծագործություններից են և աչքի են ընկնում կատարման բարձր վարպետությամբ։
***
Համարում, շնորհիվ Մուրադ Հասրաթյանի ուսումնասիրության, ճարտարապետական հայացք ենք ձգում Մեղրու եկեղեցիներին ու վանքերին։
Ըստ Մուրադ Հասրաթյանի՝ հայ ճարտարապետության համար մեծ արժեք են ներկայացնում գմբեթավոր եկեղեցիները, որովհետև Սյունիքի 17-րդ դարի նույնատիպ տաճարները կառուցված են որպես թաղածածկ դահլիճներ կամ եռանավ բազիլիկներ։
Մեղրու գմբեթավոր երեք եկեղեցիներն են՝ Մեղրու վանքի, Մեղրու Մեծ թաղի և Տաշտունի եկեղեցիները։
Մեղրիի եկեղեցական ճարտարապետության մեջ տարածված են եղել T-աձև մույթով եռանավ բազիլիկները (Լիճքի Սուրբ Կարապետ ու Մալևի Ամենափրկիչ անապատի եկեղեցիներ)։
Մեղրու տարածաշրջանում 17-րդ դարում կիրառվել է պաշտամունքային կառուցվածքների մի հետաքրքիր ենթատիպ՝ որմնախորշերով թաղածածկ դահլիճի հորինվածք, որն այդ ժամանակաշրջանում հայոց մեջ հանդիպում ենք միայն Մեղրիում։
Այդ տիպի լավագույն օրինակներ են Վահրավարի Կարմրավանքը և Զվարավանքը։
- Այսպիսով, 17-րդ դարում հարավային Սյունիքում՝ վերցնելով գմբեթավոր սրահի հորինվածքը (հատակագծային լուծումը լրիվ, իսկ ծավալայինը՝ մասամբ, ստացան թաղածածկ դահլիճի մի նոր ենթատիպ՝ որմնամույթերով դահլիճ, - գրում է Մուրադ Հասրաթյանը։ - Եվ պաշտամունքային կառուցվածքներ այս հորինվածքով հանդիպում են միայն Սյունիքում, իսկ իր ավարտուն ձևով՝ Մեղրու շրջանում։
***
Ամբողջ միջնադարում (և ոչ միայն) հանդիպում ենք հոգևոր դասի բազմաթիվ նշանավոր գործիչների։
12-13-րդ դարերում՝ մոտ 130 տարի, Սյունյաց թեմը գլխավորել են ծագումով մեղրեցի եպիսկոպոսները՝ Տեր-Բարսեղ եպիսկոպոս (1143-48 թթ․), Տեր-Գրիգոր Ե եպիսկոպոս (1148-68 թթ․), Ստեփանոս Գ եպիսկոպոս (1168-1216 թթ․), Տեր-Հովհաննես եպիսկոպոս կամ Հովհաննես 8-րդ (1216-51 թթ․), Տեր-Հայրապետ (1252-72/74 թթ․), Տեր-Սողոմոն 3-րդ (պաշտոնավարել է Տեր-Հայրապետի հետ միաժամանակ)։
Պատմագրությունը հետաքրքիր տեղեկություններ է պահպանել Տեր-Բարսեղ եպիսկոպոսի մասին (1143-48 թթ․)։ Ստեփանոս Օրբելյանը գրում է․ «․․․ Տեր Բարսեղը․․․ կարճ ժամանակ ապրելով, մի պատահմունքով Աստապատ գյուղի մոտ Երասխ գետն է ընկնում՝ իր հեծած ջորու հետ միասին։ Լողորդները մտնելով հանում են, և ջրի վրա մեծ լույս է ճառագում։ Նրան տանում, թաղում են Մաղարթա վանքում, որը կառուցվել էր սուրբ Բարդուղիմեոսի կողմից։ Եվ պահվեց եկեղեցու պատի մեջ իսրայելցիների երեք հատ մանանայի նման, որը հաստատում է Միխայել պատմագիրը։ Այնուհետև աթոռը ամայացել էր բնակիչներից, և տեր կամ իշխող չկար, որ հոգ տաներ եկեղեցու կամ հավատացյալ համայնքի մնացորդների մասին ու առաջնորդի համար որոնումներ կատարեր։
Մեղրի մեծ ավանում կար մի ավագ քահանա՝ Գրիգոր անունով, ճշմարտասեր մի լավ մարդ, որը Տեր-Բարսեղի եղբայրն էր։ Սրան հորդորեց Ծամամ կոչված իր սրբասեր ու խորահավատ տիրուհին՝ ասելով․ «Ո՛վ քահանա, Սյունյաց աթոռն ամայացավ, փութա՛ և եղի՛ր քահանայապետ, որ մեր որդյակն էլ քահանայապետի որդի դառնա․ հիշի՛ր սուրբ Գրիգորին և նրա որդիներին ու թոռներին, որ բոլորն էլ ամուսնացած էին և կին ունեին»։ Դրանից համարձակություն ստանալով՝ այս ավագ քահանան գնում է Ներսեսի եղբայր Հայոց կաթողիկոս Տեր-Գրիգորիսի մոտ և այնտեղ եպիսկոպոս ձեռնադրվելով՝ գալիս է Սյունյաց վիճակը․ քսան տարի աթոռակալելով մեռնում է Վայոց ձորի Խարձա գյուղում, հավատացյալ համայնքի մեջ շրջելիս, վեց հարյուր տասնյոթ թվականին։ Նրան տանելով Նորավանքի սուրբ ուխտը՝ թաղում են Տեր-Հովհաննես Կապանեցի Սուրբ եպիսկոպոսի մոտ։ Նրա տեղն հաջորդում է իր որդի Ստեփանոսը մանուկ հասակում՝ լի բազում շնորհներով, սիրված ու մեծարված ժամանակի իշխող ավագների աչքում․․․, որոնք փաղաքշական անվամբ նրան կոչում էին Ֆախր էլ Մսեհ, այսինքն՝ «սիրող Քրիստոսի», նրան պատվում տուղրագրով, ֆարմանով ու մանշուրով, որ մենք սիգել ենք անվանում։ ․․․ Սա նորոգեց Տաթևի սուրբ Առաքելոց խարխլված եկեղեցին և վրան գմբեթ դնել տվեց․․․։ Եպիսկոպոսության պաշտոնին մնալով քառասունվեց տարի՝ մեռավ Վայոց ձորի Արփա գյուղում, տարվեց, դրվեց իր հոր մոտ, նույն Նորավանքում, վեց հարյուր վաթսունհինգ թվականին»։
Սյունյաց թեմի վերոնշյալ առաջնորդներից Ստեփանոս Մեղրեցու մասին ուշագրավ հոդված է հեղինակել երջանկահիշատակ Ռոբերտ Էջանանցին՝ նշելով․ «Հպարտանալու է, որ Ստեփանոս Մեղրեցին Սյունիքի պատմության երևելիների ոսկե բազումքի մեջ է»։
Ցավոք, հենց այդ շրջանում է Սյունյաց թեմը բաժանվել երկու մասի։
Մեղրեցի Տեր-Սարգիսը (Տեր-Ստեփանոս 3-րդի քրոջ որդին) 1216 թ․ Աղվանքի կաթողիկոսի կողմից ձեռնադրվում և Վայոց ձորի Նորավանքում եպիսկոպոս է նստում՝ այդկերպ Վայոց ձորը հանելով Տաթևի վանքի ենթակայությունից՝ ստեղծելով առանձին թեմ։
«Քահանայապետ Վայոց ձորի» անվամբ հորջորջվող Տեր-Սարգիսը վախճանվել է 1298-ին, թաղված է Նորավանքում, շիրիմը պահպանվում է։
Ծագումով մեղրեցի Վահան Տեր-Գրիգորյանն էլ Արցախի թեմի առաջնորդն էր 1920 թվականի զուլումի օրերին։
Չափազանց ծանր ժամանակ էր․ այդ տարվա մարտին թուրքերը Շուշիում կազմակերպեցին հայ բնակչության կոտորած, իսկ Վահան եպիսկոպոսին գլխատեցին։
Վահան Տեր-Գրիգորյանի կյանքի ու գործունեության մասին հետաքրքիր հոդված է հեղինակել Մեղրու տարածաշրջանի պատմության բացառիկ գիտակ, Սյունյաց աշխարհի մեր օրերի մտավորական փաղանգի երևելի ներկայացուցիչ Նաիրա Հայրապետյանը։
Արևիք աշխարհի զավակ Ստեփանոս Մեղրեցին էլ 1670-74 թթ․ Հայ Առաքելական եկեղեցու Կոստանդնուպոլսի պատրիարքն էր։
Մեղրու հոգևոր անցյալի մասին խոսելիս հնարավոր չէ չհիշել կորովաբան և հանճարեղ այրերից Երեմիա վարդապետին, ով ստեղծողն է մի Բառարանի կամ Աստվածաշնչի բառերի բացատրության (նրա մասին հաջորդ թողարկումներում ծավալուն խոսք կներկայացնենք)։
Այսօր հնարավոր չէ չհիշել Մովսես Խոտանանցի կաթողիկոսի աշակերտ Իսրայել վարդապետին։
Անհնար է չհիշել Աբրահամ Գ կաթողիկոսին, ով իր շրջագայության ժամանակ 1735-ին գալով այստեղ, գրեց. «Եկանք Մեղրի, որտեղ կար պատվական ու հաճոյական մի փոքր վանք, ուր մնացի երեք օր՝ սփոփելով նաև նրանց»։
Կարճևանից էր Մովսես կաթողիկոսի աշակերտ Եսայի վարդապետը, ով կառուցեց և առաջնորդը եղավ Երնջակի Սուրբ Կարապետ վանքի։
Մի հիշարժան հանգամանք էլ․ 18-րդ դարասկզբին (ռազմաքաղաքական բարդ իրավիճակով պայմանավորված) Գողթան աշխարհի Շահկերտ կամ Ղազանչի գյուղից, ինչպես և Հին Ջուղայի հարևանությամբ գտնվող Ագուլիսից, ավելի ուշ՝ 1752-ին, Մեղրիից Շուշի է տեղափոխվում հայության մի հոծ զանգված։
Այդ ժամանակ էլ Շուշիում հիմք է դրվում Մեղրեցոց թաղամասին (1840 թ․ տվյալներով Շուշիում բնակվում էր 458 մեղրեցի)։
Այդտեղ էլ մեղրեցիք 1833-ին կառուցում են Մեղրեցոց Սուրբ Աստվածածին (որոշ աղբյուրներում՝ Սուրբ Ամենափրկիչ) եկեղեցին։
Այդ ընթացքում էլ՝ հայոց Արցախի մեծ զավակ Ավան հարյուրապետի կողմից կառուցված Շուշիի բերդի (հետագայում ինքնակոչ Փանահ խանի կողմից զավթված) մերձակայքում (1868-87 թթ.) իրենց եկեղեցին կառուցեցին Սյունյաց Գողթանի Շահկերտի կամ Ղազանչիի հայերը (Շուշիի Սուրբ Ամենափրկիչ կամ Ղազանչեցոց եկեղեցի), ինչպես և Ագուլիսի հայերը (Ագուլեցոց եկեղեցի):
Մեղրու հոգևոր անցյալի մասին ուշագրավ հետազոտություններ է կատարել և կատարում մեր երևելի հայրենակից, Կապանի նշանավոր զավակ Սերգեյ Ջհանգիրյանը։ Նրա հեղինակած հոդվածով՝ «Եվս մի քանի դրվագ Մեղրու հոգևոր-մշակութային կյանքից», ընթերցողը նոր տեղեկություններ կստանա Մեղրու մասին։
***
Կուզենայինք կարևոր մի հանգամանքի վրա էլ ուշադրություն հրավիրել։
Սյունիքում, այդ թվում՝ Մեղրիում, դարեր շարունակ հանդուրժական և հարգալից վերաբերմունք է եղել այլադավանների ու նրանց սրբությունների հանդեպ։
Օրինակ, մինչև հիմա Մեղրու տարածաշրջանի Շվանիձորում և Բուղաքարում պահպանվում են իրանական սրբավայրերը։
Կամ՝ Կապանում 1865-ին Կոնդուրովները կառուցեցին հունական Սուրբ Կատարինե եկեղեցին, որը մինչև հիմա (թեև խոնարհված) կա։
Կամ՝ 1897 թվականին Գորիսում կառուցվեց Ռուս ուղղափառ եկեղեցու մի տաճար՝ Սուրբ Նիկողայոս Հրաշագործի անվամբ, որը, ցավոք, 1920-ականներին ավերվեց, քաղաքական նկատառումներով։
Այդ ամենը հիշելով՝ մեզ ավելի է զարմացնում բռնազավթված Արցախում հայկական եկեղեցիների ու մյուս սրբավայրերի պղծման՝ պետականորեն կազմակերպված արշավը, որը վանդալիզմի դասական օրինակ է, այն էլ՝ իբր քաղաքակիրթ 21-րդ դարում։
***
Անշուշտ, Մեղրու մասին մեր զրույցը կշարունակենք 2026 թվականին։ Ինչպես արդեն նշեցինք՝ հավաքված կամ պատրաստված նյութերն ընթերցողին ներկայացնելու համար անհրաժեշտ կլինի հանդեսի ևս երկու (եթե ոչ ավելի) համարի հրատարակում։
Որքան էլ դժվար լինի նման նախագծի իրականացումը (ֆինանսական պատճառով), այն կյանքի կկոչենք անպայման․ հայ մարդը պետք է լիովին ճանաչի Սյունյաց աշխարհի բացառիկ այդ տարածաշրջանը, որն իմ մեծ և անզուգական հայրենակից Սերո Խանզադյանի խոսքով՝ Արաքսի հովտի մարգարիտն է։
Միևնույն ժամանակ՝ մենք հույս ենք փայփայում, որ Մեղրու քրիստոնեական սրբավայրերի թեման նոր ուսումնասիրողներ կունենա։ Եվ այն, ինչ մենք չենք հաջողել, կլրացնեն ուրիշները։
Իսկ վերջում՝ մեր խմբագրակազմի սրտաբուխ երախտագիտությունը Արևիք-Մեղրիի նվիրյալներ Ազատ Գասպարյանին՝ համարը հովանավորելու, Նաիրա Հայրապետյանին՝ անշահախնդիր համագործակցության, Մարատ Օհանյանին՝ Մեղրու հանդեպ մեր սերն ամեն օր նորոգ պահելու համար։
Սամվել Ալեքսանյան