Հունիսի 16-ից 18-ը Սյունիքում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Այցի առանձին դրվագների վերաբերյալ մեր տեսակետը հայտնելու մտադրություն չունենք, բայց շատ կարևոր մի հարց անկարելի է շրջանցել...
Վարչապետի այցից հետո, կարծեք, ակնհայտ է դառնում, որ սահմանազատման աշխատանքները (Տավուշից հետո) կատարվելու են Սյունիքում:
Ինքը՝ վարչապետը Կորնիձորում՝ ի պատասխան «Ազատության» հարցի՝ «Հնարավո՞ր է՝ սահմանազատման հաջորդ փուլը հենց Սյունիքից սկսվի», ասաց՝ «Այո, հնարավոր է...»:
Սահմանազատման վերաբերյալ խոսակցություններ են եղել սյունիքյան այլ հանդիպումներում ևս:
Այդ ամենն էլ առիթ է հանդիսացել, որ մարզում խնդրո առարկայի վերաբերյալ՝ հանրության տարբեր շերտերում, քննարկումներ սկսվեն:
Եվ ուրեմն՝ ի՞նչ նկատառումներ կամ մտահոգություններ ունեն սյունեցիներն ակնկալվող սահմանազատման վերաբերյալ:
Բուն թեմային անցնելուց առաջ մեկ անգամ ևս փաստենք՝ Սյունիքում դժվար թե գտնվի գիտակից մեկը, ով դեմ կլինի սահմանազատման, ապա և սահմանագծման գործընթացին, բայց...
***
Կա հարցերի մի խումբ, որ (ուզենք-չուզենք) պետք է պարզվի, պարզաբանվի:
Նախ՝ այլևս չկա այն Սյունիքը, որ ունեցել ենք 2020 թ. պատերազմից առաջ և նույնիսկ պատերազմից հետո, անգամ 2022 թվականին:
Սյունիքի մարզը պատերազմից առաջ ունեցել է (ըստ պաշտոնական տվյալների) 4506 քառ. կմ տարածք:
Որքա՞ն է Սյունիքի տարածքն այսօր. այդ մասին ստույգ տեղեկություն որևէ մեկը չունի:
Այդ իրողության շարունակությունը կամ հետևանքը....
Արդյո՞ք մարզի բոլոր տարածքներում հստակ է, թե ներկայումս որտեղով է անցնում Սյունիքի արևելյան սահմանը՝ սկսած Գորայքի ամառային արոտավայրերից մինչև Մեծ Իշխանասար ու Սև լիճ և այդպես շարունակ՝ դեպի հարավ-արևելք ու հարավ:
Տեղեկություններ ունե՞նք, թե սահմանի որ մասն է սահման՝ պետական իմաստով (գործող օրենքի իմաստով), որ մասը՝ շփման գիծ:
Երկրորդ. Ադրբեջանը Սյունիքի ուղղությամբ՝ 2020 թ. պատերազմից հետո, մի քանի անգամ ռազմական գործողություններ է ձեռնարկել և ամեն անգամ որոշակի տարածք բռնազավթել՝ մայիս 2021 թ., նոյեմբեր 2021 թ., մարտ և սեպտեմբեր 2022 թ., մարտ-ապրիլ 2023 թ.:
Ի՞նչ կարգավիճակ ունեն մինչև հիմա օկուպացված այդ տարածքները:
Այնուհետև՝ իրավական ի՞նչ փաստաթղթերի կամ քարտեզների հիման վրա է Գորիսի տարածաշրջանի Շուռնուխ գյուղը 2021 թ. հունվարին կիսվել (ի դեպ, խորհրդային օրերում գյուղի վարչական տարածքը՝ արևելյան ուղղությամբ, մեկ-երկու կմ հեռու էր բնակավայրից):
Այնուհետև՝ իրավական ի՞նչ փաստաղթերի կամ քարտեզների հիման վրա են Գորիս-Կապան, Կապան-Եղվարդի ենթաշրջան, Կապան-Ճակատեն ճանապարհների կարևոր հանգույցները հայտնվել Ադրբեջանի ենթակայության ներքո:
Երրորդ. 2020 թ. դեկտեմբերի 18-ին Սյունիքը կանգնեց անպատկերացնելի, որևէ տրամաբանության մեջ չտեղավորվող փաստի առջև: Հայաստանի պաշտպանության նախարարը՝ Վաղարշակ անուն, նախապես եկավ և հրահանգեց՝ Սյունիքի պաշտպանության արևելյան առաջնագծի մարտական դիրքերը թողնել ու նահանջել՝ դրանք հանձնելով թուրքին:
Արդյունքում կազմաքանդվեց տարածաշրջանի պաշտպանական առաջնագիծը և թշնամու ռազմական սպառնալիքի տակ հայտնվեց Սյունիքը՝ արևելյան սահմանի ամբողջ երկարությամբ:
Հիմա խնդիրը Վաղարշակ Հարությունյան արարածին պատասխանատվության ենթարկելու մեջ չէ, այլ խայտառակ այդ գործարքին առնչվող հանգամանքների բացահայտման մեջ, որպեսզի (գոնե հետայսու) բացառվի նման ամոթալի ու ծաղրուծանակ պարունակող երևույթի կրկնությունը:
***
Սահմանազատման գործընթացը սկսելուց առաջ պարտավոր ենք գույքագրել և սեղանին դնել իրավական բոլոր փաստաթղթերը՝ Սյունիքի տարածաշրջանում՝ հայ-ադրբեջանական սահմանների փոփոխություններին առնչվող՝ Հայաստանի առաջին հանրապետության ժամանակներից ի վեր:
Մասնավորապես, սեղանին պետք է դրվեն 1920-ականներին Սյունիքի տարածաշրջանում կատարված սահմանազատման-սահմանագծման արդյունքներն արտացոլող փաստաթղթերը: Հիշենք՝ այդ գործընթացն իրականացվել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ներկայացուցիչներից կազմված պետական հանձնաժողովի կողմից՝ Զանգեզուրի գավառի և Կարմիր Քյուրդիստանի միջև սահմանները ճշգրտելու նպատակով: Հայաստանի կողմից հանձնաժողովում ընդգրկված էր մեր մեծ Ակսել Բակունցը, որի զեկուցումներից որոշակի պատկերացում ենք կազմում կատարված աշխատանքների և արդյունքների մասին: Ընդ որում՝ նրա գրառումներում բավականին տեղեկություններ կան ներկայումս (արհեստականորեն) վիճելի դարձած տարածքների վերաբերյալ:
Բացի այդ, սեղանին պետք է դրվի այն փաստաթուղթը, որը ստեղծվել է 1980-ականներին՝ նաև Սյունիքի ուղղությամբ կատարված սահմանազատման աշխատանքի շնորհիվ:
Հայաստանի կողմից Վլադիմիր Մովսիսյանի մասնակցությամբ աշխատած այդ հանձնաժողովին աջակցում էին Սյունիքի մեջ մտնող շրջանների ներկայացուցիչները, որոնց մեծ մասը ողջ է. այսօր էլ պատմում-ներկայացնում են, թե ինչպիսի մանրամասնությամբ և հետևողականությամբ են ճշգրտել Սյունիքի սահմաններն ադրբեջանական Զանգելան, Կուբաթլի, Լաչին և Քելբաջար շրջանների հետ:
Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների կողմից ստեղծված այդ հանձնաժողովի աշխատանքն ավարտին է հասցվել, իսկ արդյունքները հաստատվել են կողմերի ստորագրությամբ:
Պատճառները, որ տվյալ փաստաթուղթը չի հանրայնացվում ու գործընթացի հիմքում չի դրվում, համոզիչ չեն: Մինչդեռ տվյալ փաստաթղթի գաղտնազերծումն ու սահմանազատող հանձնաժողովի սեղանին դնելն առանցքային հարցերից մեկն է:
***
Մի քանի պայման կամ սկզբունք, որ սահմանազատման գործընթացում պետք է համարվի պարտադիր կամ անշրջանցելի:
ա) Ադրբեջանը, առանց որևէ նախապայմանի, օկուպացիոն իր զորքերը պետք է դուրս բերի Սյունիքի բռնազավթված տարածքներից:
Խորհրդային Միության օրերում Սյունիքի շրջանները՝ Ադրբեջանի հարակից շրջանների հետ ունեցել են հստակ սահման՝ սանտիմետրերի ճշգրտությամբ:
Ուստի և՝ պետք է վերակականգնվի Սյունիքի տարածքային ամբողջականությունը, մանավանդ որ հանրապետության իշխանությունները կարևորում են 1991 թ. դեկտեմբերի 21-ին ստորագրված Ալմա Աթայի հռչակագիրը, որի մեջ պարզորոշ ամրագրված է՝ «Ճանաչել և հարգել միմյանց տարածքային ամբողջականությունն ու գոյություն ունեցող սահմանների անխախտելիությունը»:
Վարչապետն էլ Շինուհայրում ասաց՝ «Առայժմ Խորհրդային Միության օրոք գոյություն ունեցած սահմաններն են վերականգնվում»:
Դե ուրեմն՝ նախևառաջ վերականգնենք մեր սահմանները, ինչը ենթադրում է ադրբեջանական օկուպացիոն զորքերի դուրսբերում Սյունիքից:
բ) Սահմանազատման գործընթացը սկսելիս անհրաժեշտ է պարզորոշ հայտարարել՝ ո՞ր քարտեզով է կատարվելու սահմանների ճշգրտումը Սյունիքում: Ու պետք է հիմնավորվի՝ ինչո՞ւ հենց այդ քարտեզով, և իրավական ի՞նչ հիմքեր ունի տվյալ քարտեզը:
գ) Սահմանազատումը պետք է կատարվի կողմերի հավասարության պայմաններում՝ 2020-ի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի տրամաբանությունից դուրս:
դ) Գործընթացը պետք է իրականացվի միայն ու միայն միջազգայնորեն ճանաչելի սկզբունքների հիման վրա: Դրանք շարադրված են Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության քարտուղարության կողմից ընդունված «Պետական սահմանի սահմանազատում և սահմանագծում: Հրատապ հարցեր և լուծումներ» վերտառությամբ փաստաթղթում, որն ընդունվել է 2017 թ. դեկտեմբերին և դիտվում է իբրև կիրառման ենթակա ուղեցույց՝ հետխորհրդային երկրների միջև սահմանազատման աշխատանքների իրականացման համար:
Տեղյակ ենք՝ այդ փաստաթուղթը խորհրդատվական բնույթ ունի: Բայց ինչո՞ւ նկատի չունենալ, որ այն ընդունված է անվտանգության ոլորտում միջազգային ամենահեղինակավոր կազմակերպության կողմից:
Ինչո՞ւ չտեսնել, որ այդ փաստաթղթի հիմնադրույթները, կիրառվելու դեպքում, Ադրբեջանի ու Հայաստանի միջև երկարատև խաղաղության հիմքեր կարող են ստեղծել (եթե, իհարկե, կողմերը տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու անկեղծ և ստույգ մտադրություն ունեն):
***
Սահմանային հարցերին առնչվող ենթադրյալ հանրաքվեի մասին...
Շինուհայրում վարչապետն ասաց՝ «Հնարավոր է՝ գա մի պահ, երբ Հայաստանն ու Ադրբեջանը նոր պայմանավորվածություն ձեռք բերեն: Տեղեր կան, կարող է լինել գաղափար, որ ասենք՝ 100 քառակուսի մենք ձեզ զիջենք, 100-ն էլ դուք մեզ տվեք, բայց պետք է արվի հանրաքվեով...»:
Մեծ իմաստով հանրաքվեն երկրի առջև ծառացած կարևորագույն հարցերը կարգավորելու քաղաքակիրթ ձևերից մեկն է, աշխարհում ընդունված գործելակերպ: Սակայն, հանրապետությունում այսօր կա՞ պատշաճ մթնոլորտ, որի պայմաններում հանրությունը կարող է ողջամիտ դիրքորոշում ունենալ և այդ դիրքորոշումն անկաշկանդ արտահայտել:
Սահմանային հարցերով հանրաքվե անցկացնելուց առաջ մեր հանրությունը պետք է դուրս եկած լինի բարոյահոգեբանական այն ծանր վիճակից, որում հայտնվել է 2020-ի կապիտուլյացիայից և դրան հաջորդած նվաստացուցիչ իրադարձություններից հետո: Մենք չպիտի լինենք այն երկիրը կամ ժողովուրդը, որն ամեն ինչ անում է թշնամու պարտադրանքով, առավել ևս՝ սահմանները ճշգրտելիս: Մեր հանրության մտածելակերպից պիտի դուրս եկած լինի հայտնի կեղծ դրույթը, թե Ադրբեջանի պայմաններով չառաջնորդվելու պարագայում պատերազմ կլինի:
Հակառակ դեպքում՝ հանրաքվեի կշեռքի մի նժարին կդրվի «խաղաղությունը», մյուս նժարին՝ թուրքի կանոններով և շահերով չառաջնորդվելու ենթադրյալ հետևանքները:
Նման հանրաքվեի արդյունքներն այսօր արդեն կարելի է պատկերացնել:
Աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները, ցավոք, ցույց են տալիս՝ խաղաղությունն ամենաբարձր ու նվիրական արժեքը չէ, որ գոյություն ունի ժողովուրդների և պետությունների կյանքում: Կան հարցեր, որոնք ավելի կարևոր են, քան պարտադրված խաղաղությունը: Այդ հարցերից են պետության սահմանների անձեռնմխելիության, ազգի արժանապատվության, անկախ պետականության լինելիության ապահովումը:
Եվ ուրեմն՝ պետք չէ պատերազմներով մեզ վախեցնել և հանուն «խաղաղության» տարածքային զիջումների գնալ:
Եվ ուրեմն՝ արժե մտածել՝ արդյո՞ք երկրի ներսում ստեղծված այս իրավիճակում կարող ենք սահմանային հարցեր լուծել հանրաքվեով:
Հիշենք նաև մեր սիրելի մայրաքաղաքում (և ոչ միայն) ժամանակին մոլեգնող ցնորական պոստուլատը՝ Արցախը հանձնենք, որ խաղաղություն լինի, մենք էլ հանգիստ ապրենք: Այնպես որ՝ չի բացառվում, որ մայրաքաղաքի սրճարանային ակտիվիստները կամ ֆեյսբուքյան գործիչները, օրինակ, հանրաքվեի ժամանակ հարց առաջադրեն՝ մեր ինչի՞ն են պետք Իշխանասարը կամ Սև լիճը կամ Ներքին Հանդը, թողեք խաղաղություն լինի (թեկուզև պարտադրված), որ հանգիստ ապրենք...
***
Պարտադրված սահմանազատումը, անկասկած, պատերազմական գործողությունները վերսկսելու լեգիտիմ հիմք է...
Հազարերորդ անգամ փաստենք՝ Սյունիքը մոլորակի այն անկյուններից է, որտեղ իրական, չպարտադրված խաղաղությունը դարեր շարունակ երազանք է եղել ու մնում:
Սակայն սահմանազատման քողի տակ թուրքին որևէ տարածք (թեկուզ և շատ փոքր) հանձնելը, վերջին հաշվով, խաղաղություն չի կարող բերել: Ավելին, նման սահմանազատումը ցանկացած ժամանակ լեգիտիմ հիմք կարող է ծառայել՝ պատերազմը վերսկսելու համար:
Գնալ կեղծ կամ պարտադրված սահմանազատման ճանապարհով՝ նշանակում է ամեն օր սպասել ռազմական գործողությունների վերսկսմանը:
Իսկ բոլոր նրանք, ովքեր նման «սահմանազատմամբ» մեզ խաղաղություն են խոստանում՝ առնվազն մոլորված են կամ իրականությունից կտրված:
Պետական սահմանը ցանկացած պետության համար գերագույն սրբություն համարվող երևույթ է:
Ուստի և՝ անպայման զերծ մնալ արհեստական, շինծու, պարտադրված սահմանազատումից ու վերականգնել այն սահմանները, որ ունեցել ենք խորհրդային օրերում կատարված սահմանազատման արդյունքում, որ ունեցել ենք 2020 թ. նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից առաջ ու այդ պահին:
Դրանից հետո միայն կարելի է անդրադառնալ վիճելի հարցերին, այն էլ՝ սույն հրապարակման մեջ մատնանշված հարցերում որոշակիություն մտցնելուց և հատկապես ադրբեջանական զորքերը հայրենական մեր տարածքներից դուրս բերելուց հետո։
Սահմանազատման որևէ այլ գործելակերպ ի սկզբանե ընդդեմ Սյունիքի է և որևէ դրական ազդեցություն չի կարող ունենալ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու բաղձալի գործում:
Հ. Գ.
Հոդվածը պատրաստ էր հրապարակման, երբ հայտնի դարձավ՝ սահմանված ժամկետի ավարտին՝ հուլիսի 1-ին, Երևանն ու Բաքուն չեն համաձայնեցրել սահմանազատման հանձաժողովների կանոնակարգի նախագիծը, ինչի մասին Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորած հանձնաժողովները պայմանավորվել էին ապրիլի 19-ին:
Ինչո՞ւ չստացվեց սահմանված ժամկետում կանոնակարգի նախագծի համաձայնեցումը. հարցի վերաբերյալ տարբեր և մտահոգիչ տեսակետներ կան, որոնք առանձին խոսակցության նյութ կարող են լինել:
Առայժմ նշենք միայն՝ կանոնակարգի հաստատումից է կախված նաև սահմանազատման հետագա ընթացքը, այդ թվում՝ սահմանազատվող մյուս հատվածների հերթականությունը:
Սամվել Ալեքսանյան