Արմեն Հակոբջանյան. «Ամեն ինչի պատասխանը ժամանակը կտա...»

31.10.2021 17:03
7144

Հարցազրույց Սիսիանի համայնքապետի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանի հետ

Այցեքարտ. Արմեն Հակոբջանյան

Ծնվել է 1985 թվականի օգոստոսի 30-ին Տոլորս գյուղում, 1989-ին ընտանիքով  տեղափոխվել են Սիսիան:

1992-2002 թթ. ընդունվել  եւ ավարտել է Սիսիանի թիվ 3 միջնակարգ դպրոցը: 2002 թ. ընդունվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարան: 2004-2006 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 2012 թ. ավարտել է բուհը՝ սանիտարափորձագետ՝ «Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն» մասնագիտությամբ:

Աշխատանքային գործունեությունը սկսել է «Ջերմուկ գրուպ» ՍՊ ընկերությունում՝ շուկայի զարգացման պատասխանատու, «Դիստրիմեքս» ՍՊ ընկերությունում՝ մենեջեր. «Իզի փեյ» ՍՊ ընկերությունում՝ անվտանգության մասնագետ, ինկասացիոն բաժնի աշխատակից, այնուհետեւ՝ «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերությունում՝  Սիսիանի տարածքային բաժնի պետ:

2021 թ. օգոստոսի 25-ին նշանակվել է Սիսիանի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար:

- Պարոն Հակոբջանյան, սովորաբար ղեկավար անձանցից հարցազրույց վերցնում են պաշտոնավարման 100 օրը լրանալուց հետո, բայց այս դեպքում ժամկետը չի լրացել: Բանն այն  է, որ պատեհ առիթը բաց չթողնելով՝ ցանկանում ենք մի քանի հարց ուղղել Ձեզ. հասցրե՞լ եք հարմարվել, հունի մեջ մտնել:

-Հունի մեջ մտնելն այս դեպքում չափազանց հարաբերական է,  որովհետեւ գործերն անընդհատ շատանում են, անելիքի պակաս չկա: Եթե ասեմ՝ ամբողջապես մտել եմ հունի մեջ, կնշանակի՝ գործ չեմ անում: Բայց չեմ վհատվում,  լավ կլինի, համենայն դեպս լավատեսությամբ եմ համակված: Որոշ գործեր արդեն արվել են, բայց անելիքը շատ ավելի շատ է...

- Եւ անսպասելի՞ էր  նման պատասխանատու պաշտոն ստանձնելու  վերաբերյալ առաջարկությունը:

-Իհարկե: Ճիշտ է, միշտ ակտիվ աշխատել եմ, մշտապես գործի մեջ եմ եղել,  բայց այս պաշտոնում  ինձ երբեք չեմ պատկերացրել: Առաջարկն անակնկալ էր: Ես էլ չմերժեցի՝ վստահ լինելով ուժերիս վրա. գուցե ճիշտը դա էր: Ինչ խոսք՝  ամեն ինչի պատասխանը ժամանակը կտա...

-Համայնքի առջեւ ի՞նչ գլոբալ հարցեր են ծառացած, նախորդից ի՞նչ ժառանգություն եք ստացել, ի՞նչն է ամենից շատ մտահոգում համայնքապետի պաշտոնակատարին:

-Սիսիանի (նկատի ունեմ նաեւ գյուղերի մի մասի) խմելու ջրի ներքին ցանցն անմխիթար վիճակում է, նույնը՝ կոյուղուն է  վերաբերում, իսկ համայնքի որոշ գյուղական բնակավայրերում ոռոգման ջրի խնդիր կա: Սա շատ լուրջ խնդիր է եւ հրատապ լուծում պահանջող: Նախկին համայնքապետի պաշտոնավարման օրոք այդ ամենը շտկելու համար ծրագիր են շահել, աշխատանքներ կատարվում են, երկու տարի ժամկետում գործը պիտի գլուխ գա: Ժողովուրդն էլ տեսնում է, որ գործ արվում է, բողոքները պակասել են: Մենք էլ խնդրել ենք, որ արագացնեն, քանզի դրանից հետո ասֆալտապատման գործեր պիտի արվեն Գետափնյա փողոցում: Այս մեկը եւս՝ նախկին համայնքապետի պաշտոնավարման օրոք շահած մրցույթի շրջանակում:

Դե, իհարկե, հարցերի հարցը սահմանամերձում անվտանգության ապահովումն է, քանզի Սիսիանը ե՛ւ արեւմուտքից,  ե՛ւ հյուսիսից սահմանակից է Ադրբեջանին:

-Էլ ի՞նչ լուրջ խնդիրներ կան:

-Ինչպես հանրապետության  խոշոր բնակավայրերում, Սիսիանում եւս լուրջ հիմնախնդիր է բնակչության զբաղվածության հարցը: Համայնքապետարանի եւ նրա ենթակա կառույցներում հաշվվում է 530 աշխատատեղ: Օրական 20-30 մարդ է դիմում ինձ՝ աշխատանքի տեղավորման  կամ ֆինանսական օգնության խնդրանքով: Գոնե լավ է, որ ունենք նախադեպեր, երբ մարդիկ ուզում են Սիսիանում ներդրումներ անել, ասենք՝ այգիներ կամ օղու գործարան հիմնել, քացախի արտադրություն կազմակերպել: Իմ պարտքն ու պարտականությունն  է նրանց ընդառաջել, օժանդակել, քանզի այն համոզումն ունեմ, որ եթե համայնքում հինգ աշխատատեղ էլ ստեղծվի, դա ձեռքբերում է:

-Արցախյան 44-օրյա պատերազմում Սիսիանը մեծ կորուստներ ունեցավ: Որքանով հայտնի է, զոհվածների մեծ մասն հուղարկավորված է Սիսիանի պանթեոնում, կան նաեւ մարդիկ, որոնց ճակատագրի մասին մինչեւ այժմ ոչինչ հայտնի չէ: Թեեւ տխուր թեմա շոշափեցինք, բայց կուզեինք ներկայացնել պատերազմի տխուր վիճակագրությունը՝ Սիսիանի կտրվածքով:

-Սիսիան համայնքը մերօրյա պատերազմում 78 զոհ է տվել, որից 64-ը հուղարկավորված է Սիսիանի պանթեոնում, երեքը՝ Շաղատում, երկուսը՝ Անգեղակոթում, ինը՝ տարբեր տեղերում: Այս պահի դրությամբ ունենք յոթ անհետ կորած:

-Իսկ ի՞նչ ընթացքի մեջ են հուղարկավորվածների գերեզմանների բարեկարգման աշխատանքները:

-Նախ տեղեկացնեմ, որ պանթեոնի համար ցանկանում ենք մի հաստիք ստեղծել՝ համայնքապետարանի կոմունալ ծառայության համակարգում, աշխատակից, ով կզբաղվի գերեզմանների խնամքով՝ ավելորդ խոտը կքաղհանի, մաքրություն կապահովի, ձյունը կհեռացնի, թառամած ծաղիկները կհավաքի շիրմաքարերից եւ այլն: Ինչ վերաբերում է նոր հուղարկավորված զինվորների գերեզմանների ընդհանուր բարեկարգմանը, այդ նպատակով հատկացվել է 54 մլն դրամ, այս պահին աշխատանքներ տարվում  են,  որոնք իրականացնում  է Սիսիանի (Նոր բակ) «Նորոգշին» ԲԲ ընկերությունը (ղեկավար՝ Մարատ Ասլանյան):  Որոշ խնդիրներ են ծագել  շիրմաքարերի միօրինակությունն ապահովելու  առումով, կարծում եմ՝ խնդիրը կհարթվի:

-Զբոսաշրջության հետ կապված նորություններ կա՞ն. Սիսիան մտնելիս Զորաց քարերի մատույցներում տուրիստական  ավտոբուսներ տեսանք:

-Նախկին երեք-չորս տարվա շարժը չկա: Բայց, մանավանդ  պատերազմից հետո,  որոշ աշխուժություն է նկատվում, ամառվա ընթացքում՝ ավելի շատ էր նկատելի: Այլ խնդիր է մեզ հուզում: Պատճառը գոնե ինձ համար չեմ բացահայտել: Զբոսաշրջիկները Սիսիանում  հիմնականում չեն իջեւանում, այլ հասնում են Գորիս:  Շատ քչերն  են գիշերում Սիսիանում, թեեւ,  բացի հյուրանոցներից, վերջին ժամանակներս ավելացել են հյուրատները: Սա նորություն է մեզանում: Ուրախացնողն այն է, որ Սիսիան  շրջագայության ընտանիքներով են գալիս, ասել է թե՝ կա հետաքրքրություն Սիսիանի տարածաշրջանի տեսարժան վայրերի հանդեպ:

-Դեռեւս խորհրդային տարիներին Սիսիանը դիտվում էր (եւ այդպես էլ կա) որպես գյուղատնտեսական (անասնապահական) տարածաշրջան: Պատերազմական իրավիճակով թելադրված՝ կարողացա՞ք յայլաղային շրջանում արոտավայրերը հնարավորինս արդյունավետ օգտագործել:

-Հակված չեմ վճռականորեն ասել, որ ոչ մի  խնդիր չկա Սիսիանի տարածաշրջանի արոտավայրերի անվտանգության հետ կապված, թշնամու հետ շփման գիծ ունենք տասնյակ կիլոմետրերով, որոշ արոտավայրեր տեսանելի են նրանց դիրքերից, բացի դրանից՝ Գորիսի տարածաշրջանից էլ  ամռանն անասունները հիմնականում այստեղ են տեղափոխել, որովհետեւ 1990-ականներին ազատագրված տարածքների արոտավայրերն այլեւս անհասանելի էին: Սա շատ լուրջ խնդիր է եւ լինելու է այդպիսին, քանի դեռ հարցը չի լուծվել: Մյուս կողմից՝ երաշտի եւ դրանով պայմանավորված խոտի պակասի պատճառով անասնակերն է թանկացել: Խոտի մի տուկի գինը տատանվում է 1500-2000 դրամի սահմաններում: Եթե անասուն պահողը չկարողանա կեր հայթայթել, կրճատելու է անասնագլխաքանակը, ինչը ոչ մի լավ  բանի չի հանգեցնելու: Նաեւ ասեմ, որ Սիսիանում պատերազմի հետեւանքով բնավորված ընտանիքները հարյուրներով ոչխար են բերել, դե ոչխարն էլ որտեղով անցնում է, այնտեղ  այլեւս խոտ չի աճում: Դա արդեն մեզ համար լուրջ խնդիր է դառնում:

-Արդեն նշեցիք, որ Արցախից Սիսիան տեղափոխված ընտանիքներ կան, քանի՞սն են եւ ինչպե՞ս  եք հոգում նրանց  կարիքները:

-Այս պահին Սիսիանում Արցախից տեղափոխված 166 ընտանիք է բնակվում (ընդհանուր հաշվով՝ 650 մարդ)՝ հիմնականում գյուղական բնակավայրերում: Համայնքապետարան են դիմում տանիքի նորոգման, վառելափայտի  ձեռքբերման, պատուհանի ապակեպատման եւ այլ խնդիրներով: Կարելվույն չափով ձգտում ենք օգտակար լինել,  թեպետ նրանց օգնության համար գումարներ նախատեսված  չեն:

-Մեզ հետաքրքրում է, թե ինչպիսին է փոքրիկ սիսիանցիների  նախադպրոցական դաստիարակության եւ  կրթության դրվածքը, քանի՞ մանկապարտեզ է գործում Սիսիան քաղաքում, քանիսը՝  խոշորացված համայնքի բնակավայրերում:

- Սիսիանում գործում է չորս մանկապարտեզ, եւս մեկ մոդուլային  մանկապարտեզ կգործի՝ մոտ 140 երեխայի համար, այդ նպատակով հողհատկացում արդեն կատարվել է: Բացառությամբ մեկ-երկու գյուղի, մյուսներում գործում են նախադպրոցական խմբեր:  Հավելեմ, որ Սիսիան քաղաքում  հերթագրվածներ կան՝ հարյուրի մոտ՝ մանկապարտեզ հաճախելու համար: Եվ, այդուհանդերձ, Սիսիանի մանկապարտեզների շենքային պայմանները բավարար կարելի է համարել. լուծված է ջեռուցման խնդիրը, մանուկների դաստիարակության գործը պատշաճ հիմքերի վրա է:

Զրույցը՝  Վահրամ Օրբելյանի

 

 

 

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06