Առողջապահությունը բարելավվում է մարզերից մինչև մայրաքաղաք. նախարարի գործունեության 100 օրը

23.08.2018 12:12
1135

Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո ձևավորված կառավարության անդամներն ամփոփում են իրենց աշխատանքային 100 օրը: Առողջապահության ոլորտում նախորդ 100 օրվա ձեռքբերումների, խնդիրների, բացահայտումների և օրակարգային այլ հարցերի շուրջ «Արմենպրես»-ը զրուցել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ:

-100 օրը տեքստային տարբերակով ամփոփելիս նշել եք, որ ներքին տնտեսումների հաշվին առողջության առաջնային պահպանման օղակի աշխատավարձերի 15%-ով բարձրացում է տեղի ունեցել: Ինչպիսի՞ տնտեսումների մասին է խոսքը:

-Աշխատավարձերի բարձրացումները եղել են ներքին տնտեսումների ու վերաբաշխումների հաշվին, քանի որ համակարգը չի ստացել հավելյալ ֆինանսավորում: Ինչ վերաբերում 15%-ին, դրանք այն գումարներն են, որոնք ժամանակին վերցվում էին առողջության առաջնային պահպանման օղակից ու տարվա վերջում տրվում հիվանդանոցային համակարգին: Այս տարի որոշում է կայացվել՝ այդ գումարները չվերցնել կամ այնքանով չվերցնել, որպեսզի հնարավոր լինի օգոստոսի 1-ից 15%-ով բարձրացնել աշխատավարձերը:

-Ձեր պաշտոնավարման ընթացքում այցեր եք կատարել հանրապետության մարզերի և Արցախի Հանրապետության բժշկական հաստատություններ: Արդյոք այնտեղ հայտնաբերվե՞լ են կոռուպցիոն ռիսկեր: Պաշտոնանկություններ կլինե՞ն:

-Մեր նպատակը կոռուպցիոն բացահայտումները չեն, դրանք բուժհաստատությունների արդյունավետության բարձրացմանն ուղղված մեր գործունեության կողմնակի արդյունքներն են: Մարզային բուժհաստատություններում կլինեն կադրային փոփոխություններ, բայց դրանք չեն լինի ինքնանպատակ, և ինչ-որ այլ պատճառներից դրդված, այլ միայն այդ հիվանդանոցների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Մարզային հիվանդանոցներում այս պահին մի փոփոխություն է եղել, սպասվում են նաև այլ փոփոխություններ, որովհետև արդեն գիտենք, թե որտեղ խնդիրներ կան: Եղել են նաև դեպքեր, երբ սուբյեկտիվ պատճառներով բուժհաստատությունների տնօրեններին փոխելու ցանկություն են հայտնել մարզային իշխանությունները, բայց իմ կողմից կասեցվել են այդ փորձերն այն պատճառով, որ նրանք շատ լավ աշխատող տնօրեններ են եղել: Առաջնորդվելու ենք միշտ նույն սկզբունքներով՝ արդյունավետության բարձրացում, արդյունավետություն, հիմնարկի աշխատանք, ազգաբնակչության լավ սպասարկում և այլն:

-Ինչպիսի՞ խնդիրներ ունեն մարզային բժշկական հաստատությունները:

-Մարզային բուժհաստատությունների խնդիրները մի շարք հանգամանքներով պայմանավորված տարբեր են, բայց ընդհանուր խնդիրներ էլ կան: Նախ՝ բժշկական անձնակազմի համալրվածությունը. թափուր հաստիքներ կան, որովհետև բժիշկները չեն ցանկանում գնալ և մարզում աշխատել: Երկրորդը ֆինանսական խնդիրն է. մարզային բուժհաստատություններն այնքան էլ չեն կարևորվել պետական ֆինանսավորման տեսանկյունից: Երրորդ խնդիրը շենքային և բժշկական տեխնիկայով հագեցվածությունն է: Բայց մարզային բուժհաստատություններ կան, որոնք, եթե չեն զիջում Երևանին, ապա առնվազն բավարարում են տվյալ տարածաշրջանի կարիքները: Մոտ 15 բուժհաստատություն կան, որոնք կապիտալ վերանորոգման և վերազինման կարիք ունեն: Մեր մարզային այցելությունների ընթացքում հենց այդ խնդիրներին ենք ծանոթանում և մտածում, թե ինչպես կարելի է դրանք լուծել:

-Ձեր պաշտոնավարման այս կարճ ժամանակահատվածում մայրաքաղաքի մի շարք բժշկական կենտրոններում ստուգումներ տեղի ունեցան, որոնց արդյունքում նաև պաշտոնանկություններ արվեցին: Այսպիսի ստուգումների շարքը շարունակվո՞ւմ է:

-Այս պահին շուրջ 6 կենտրոնում ստուգումներ են ընթանում, ոչ միայն Երևանում, այլև մարզերում: Այդ ստուգումներին պետք է նորմալ վերաբերվել: Դրանք չիրականացնելն է անսովոր, որովհետև ստացվում է, որ կան արտոնյալ բուժհաստատություններ: Հիմա նման բուժհաստատություններ չկան, և զրոյից սկսելու խնդիր կա, երբ մենք կստուգենք ոչ միայն ինչ-որ մեկին պատժելու համար, այլև նրա համար, որ իրենք էլ հասկանան. եթե ինչ-որ բան սխալ են արել, ապա այս պահից սկսած դրանք չեն կարող արվել: Մեր կողմից այդպիսի քայլերին ուղղված ռեակցիան էլ լինելու է համարժեք՝ վնասի վերականգնման, կադրային փոփոխության կամ այլ եղանակներով:

-Վերջին շրջանում մամուլում հրապարակումներ եղան, որ որոշ բժշկական կենտրոններ պատկանում են նախկին իշխանության անդամներին կամ նրանց ընտանիքներին: Փորձո՞ւմ եք ճշտել տարածվող լուրերի իսկությունը:

-Սեփականության ձևը և սեփականատիրոջ անունը, որպես առողջապահական հիմնարկ, ոչինչ չի նշանակում: Եթե հիմնարկն աշխատում է նորմալ, պատշաճ որակի ծառայություններ է մատուցում, ապա մենք որևէ խնդիր չենք տեսնում: Եթե խոսքը բուժհաստատությանը տիրանալու մասին է, թե ինչպես է ստացվել, որ այս կամ այն նախկին պաշտոնյան տիրացել է պետական գույքին, դա արդեն իրավապահ մարմինների տիրույթում է: Ես էլ պարզապես խոսակցությունների մակարդակով գիտեմ, որ «Նաիրի» ԲԿ-ում Ռոբերտ Քոչարյանի կինն ինչ-որ ձևով մասնակցություն ունի, բայց որևէ փաստի չեմ տիրապետում:

-Պատրաստվում եք առողջապահական ապահովագրության համակարգ ներդնել: Ի՞նչ առավելություններ ու հնարավորություններ կտրամադրի դա քաղաքացիներին:

-Առողջապահական համակարգն աշխարհում գործող առողջապահության ֆինանսավորման եղանակներից մեկն է: Մենք կարծում ենք, որ այն ամենակիրառելին է Հայաստանում, քանի որ այս պահին գործող համակարգը արդեն սպառել է իրեն: Մենք արդեն բժշկական ապահովագրության պիլոտային ծրագիր ունենք, դա սոցիալական փաթեթի 100 հազար շահառուների ապահովագրությունն է: Փորձելու ենք այդ ծրագիրն ավելի ընդլայնել՝ ընդգրկելով այլ քաղաքացիների, որոնց պետությունը անվճար բժշկական օգնություն է երաշխավորել: Այս ծրագրի հաջողելուց հետո արդեն կմտածենք այն քաղաքացիների մասին, ովքեր հիմա օգտվում են վճարովի բուժծառայություններից: Կարծում եմ՝ կկարողանանք հասնել մեծ ծածկույթի և այն ունենալուց հետո մտածել համապարփակ ապահովագրության մասին:

-Վերջերս հայտարարեցիք, որ անդամակցել եք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Ինչպե՞ս կայացվեց որոշում, և դա, արդյոք, չի՞ կաշկանդելու հետագա պաշտոնավարման ընթացքում:

-Կարծում եմ՝ չի կաշկանդելու, հակառակը՝ ավելի հաստատակամ է դարձնելու իմ գործողությունները: Որոշումը կապված էր մեր քաղաքական թիմն ավելի կուռ դարձնելու հետ: Միշտ եղել եմ ՔՊ թիմի հետ, նույնիսկ դեռ այն ժամանակվանից, երբ այդպիսի կուսակցություն ստեղծված չէր: Այդ նկատառումներով նպատակահարմար գտա անդամակցել կուսակցությանը:

-Սովորաբար 100 օրն ամփոփելիս ընդունված է խոսել արդեն իրականացված ծրագրերի մասին, սակայն ի՞նչ չեք հասցրել անել այս օրերի ընթացքում:

-Անելիք շատ կա. ոչ թե օրերի, այլ տարիների: Առողջապահական համակարգն այն ոլորտներից է, որ երբեք չես հասնում մի կետի, երբ դրանից հետո այլևս անելու բան չլինի: Բժշկագիտությունը արագ է զարգանում, եթե համեմատենք ճանապարհ սարքելու հետ, եթե ճանապարհ ես սարքում, որը չորս տարի կդիմանա, գիտես, որ տվյալ ժամանակահատվածում այլևս անելիք չունես: Բժշկության մեջ այդպես չէ, եթե այսօր համակարգ ես ներդնում, միանգամից սկսում ես այն բարելավելու գործընթացը: 100 օրվա ընթացքում փոքրիկ ձեռքբերումները նույնպես բարելավման կարիք ունեն:

Հարցազրույցը վարեց Նորայր Շողիկյանը

armenpress.am

 

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նման ցինիզմով խոսում Հայաստանի և նրա պատմության մասին. քաղաքագետ

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11

Ադրբեջանցիները մեզ վերևից են նայում․ ինչպե՞ս են ապրում սահմանամերձ Շիկահողն ու Սրաշենը

11.09.2026 15:21