Արցախը՝ դժոխքի վերածված, եւ գնահատություն Սյունիքում ստեղծված վիճակի

24.09.2023 12:49
4117

Ազգային աղետի այս ժամին, երբ հայրենիք ենք կորցնում, երբ հայոց հազարամյա Արցախում ցեղասպանություն է իրականացվում, երբ դավաճանված Արցախը միայնակ է մնացել ֆաշիստական Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ հանդիման, երբ արցախյան գրեթե բոլոր բնակավայրերից անվերջ սգո ղողանջներ են հնչում, երբ աշխարհը գործնական որեւէ քայլ չի ձեռնարկում ընդդեմ ցեղասպան պետության, սյունեցիներիս համակել է անհուն սուգը, վրեժի զգացումը եւ, իհարկե, անորոշությունն առանցքային մի շարք հարցերում:

Դարեր շարունակ Արցախն ու Սյունիքը միմյանցով են զորավոր եղել, իրար թեւութիկունք դարձած են կանգուն եղել, իսկ հիմա Արցախը բնաջնջվում է: Մեր աչքի առաջ, մեր ոչինչ չասող ներկայությամբ, հայոց անկախ պետության գոյության պարագայում մեր պատմության չափազանց կարեւոր էջ է փակվում…

Այդ ամենի, ինչպես եւ 2020 թվականին սկսած ու հաջորդած իրադարձությունների հետեւանքով ռազմաքաղաքական նոր եւ վտանգավոր իրավիճակում է հայտնվել Սյունիքը:

2020 թ. դեկտեմբերի 18-ին Սյունիքի առաջապահ մարտական դիրքերը նվիրեցինք Ադրբեջանին: Դրանից հետո թուրք-ազերիները բռնազավթեցին երկրամասի ռազմավարական նշանակության բարձունքներն ու նույնքան կարեւոր հաղորդակցության ուղիները:

2021-ի հունվարին՝ Շուռնուխ գյուղի արեւելյան կեսը, նույն տարվա մայիսին՝ Սեւ լճի արեւելյան հատվածն ու Գորիսի ամբողջ տարածաշրջանը վերահսկող Գլուխ Ձագեձորո սարագագաթը, նույն տարվա նոյեմբերին՝ Մեծ եւ Փոքր Իշխանասարերի արեւմտահայաց լանջերը, Գորիս-Կապան (Մ2) միջպետական մայրուղին:

2022-ի մարտին՝ Ներքին Հանդի դիմացի բարձունքները, նույն տարվա սեպտեմբերին՝ Մեծ Իշխանասարը, Գորհայքի ամառային արոտավայրերի հյուսիսային մասն ու Որոտան գետի ակունքի մերձակա տարածքները, կրկին առաջխաղացում Ներքին Հանդի ուղղությամբ՝ գյուղը զրկելով բնականոն կյանքից:

2023-ի մարտ-ապրիլին՝ Տեղ գյուղի արեւելյան դաշտամասերը՝ մոտ 100 հա-ի հասնող…

Զուգահեռաբար՝ զոհեր սահմանին, մեր իսկ տարածքից մեր զինվորներին առեւանգելու դեպքեր, մի քանի հարյուր հեկտար չօգտագործվող դաշտեր կամ արոտավայրեր՝ անվտանգության բարձր ռիսկերի պատճառով, Նախիջեւանից ադրբեջանցի երկու ավազակի ներթափանցում Սիսիանի եւ Կապանի տարածաշրջաններ ու խաղաղ բնակչի սպանություն…

Ասել է թե՝ Սյունիքում մենք գործ ունենք սողացող պատերազմի հետ, թեեւ 2020 թ. նոյեմբերի 9-ին ռազմական գործողությունների դադարեցման մասին եռակողմ հայտարարություն էր իբր  ընդունվել:

Ասել է թե՝ վաղուց արդեն մենք չունենք այն Սյունիքը, որ եղել է 2020 թ. դեկտեմբերի 18-ից առաջ:

Իսկ ինչ արվեց այդ ընթացքում Սյունիքում:

Նախ՝ գործադրվեց առավելագույն ջանքեր՝ հայրենական մեր տարածքների կորուստները մոռացության մատնելու, այդ տարածքների նշանակությունը զրոյացնելու ուղղությամբ:

Այնուհետեւ՝ զարկ տրվեց կենացային հայրենասիրությանը, տեւական ժամանակ էլ զբաղվեցինք  բակային մասշտաբի կարտոնե կուռքեր հնարելով:

Հետո իշխանական համակարգում ներդրվեց պատանդների ինստիտուտը:

Գրոհ ձեռնարկվեց քաղաքացիական համերաշխության դեմ, փորձ արվեց իրական եւ գիտակից համերաշխությունը փոխարինել բոլուկային միասնությամբ:

Չունեցանք գոնե մեկը, ով իր պաշտոնի բերումով կամ իր հեղինակությամբ Սյունիքի իրական խնդիրները ներկայացներ պատկան մարմիններին եւ դրանց լուծմանը հետամուտ լիներ:

Սյունիքյան հիմնախնդիրները լուծելուն միտված հնարավոր գործնական քայլերի փոխարեն առաջին պլան մղվեց թատերայնությունը, այն էլ՝ գռեհկացված տեսքով:

Կազմակերպվեցին խոհանոցային-քյաբաբային հանդեսներ՝ ցույց տալու, որ սյունեցին անկարեկից է ու անհաղորդ մի քանի կմ հեռավորությամբ գտնվող, սովի մատնված ու ցեղասպանության ենթարկվող արցախցիների դժոխային տառապանքներին:

Իշխանական համակարգին պատվաստվեցին անհայտ կենսագրությամբ տղեկներ, ՀՀԿ-ից եւ ԲՀԿ-ից փախածներ, երեկվա հանրահայտ ընտրակեղծարարը դարձավ ժողովրդավարության մերօրյա կրող եւ իշխանական խմբակի մաս:

Երեկվա բանսարկուն դարձավ միլիոնատեր եւ անշարժ գույքի ու թանկարժեք մեքենաների տեր:

Ե՛վ ներսում, ե՛ւ դրսում ի հայտ եկան պաշտոնյաներ, ովքեր սկսեցին անամոթաբար ձեռքեր տաքացնել Սյունիքի դժբախտությունների եւ դժվարությունների վրա:

Գրեթե ամեն շաբաթ Սյունիք այցելեցին օտար երկրների դիվանագետներ, բոլորը՝ խոստումներով, տասնյակ մլն եվրո ներդրումներ կատարելու կեղծ պատրաստակամությամբ: Ընդ որում՝ վերջին երկու-երեք ամսում բոլոր այդ հյուրերը, որպես քարե կանոն, այցելում էին Հագարիի կամրջի մերձակա բարձունքներ, խորհրդավոր հայացքով ու հեռադիտակով դեպի արեւելք նայում, որից հետո ձեռքերի ինչ-ինչ շարժումներ անում, որից հետ լուսանկարվում ու վերադառնում անհայտություն:

Հանրության համար անհնար դարձավ տեղեկատվություն ստանալն առ այն, թե կոնկրետ ինչ նպատակով ու որ բնակավայրերում են ծախսվել հետպատերազմյան շրջանում կառավարության կողմից Սյունիքին հատկացված ֆինանսական միջոցները:

Չիմացանք նույնիսկ, թե ով եւ ինչ հիմնավորումով է խնդիրներով ծանրաբեռ Սյունիքին այս տարում հատկացված 800 մլն դրամը վերջերս հետ տարել պետբյուջե:

Այդ ամենին զուգահեռ՝ ստեղծվեց տեղեկատվական մի փարախ՝ Սյունիքում տիրող իրավիճակը մայրաքաղաքային լսարանին անընդհատ խեղաթյուրված եւ գունեղ ներկայացնելու առաքելությամբ:

Այդ ամենին զուգահեռ՝ բազմաթիվ պաշտոնատար անձինք՝ համայնքապետ, տնօրեն, այս կամ այն ոլորտի պատասխանատու եւ մտավորական, ովքեր հայոց պետության ու պետականության, Սյունյաց աշխարհի նվիրյալներ են, ովքեր լավագույնս են կատարում իրենց պարտականությունները, ներսում հայտարարվեցին անցանկալի անձ՝ իրենց ու երկրի արժանապատվությանը տեր կանգնելու եւ նախիրին չմիանալու համար:

Ու այդ ամենի համապատկերին Ադրբեջանի բռնապետն ի լուր աշխարհի հռչակում է իր հաջորդ անելիքը՝  բռնազավթել այսպես կոչված Արեւմտյան Զանգեզուրը, որ ներկայիս Սյունիքի մարզն է:

Հաջորդ օրը նրա ավագ եղբայրը՝ Էրդողանը, մոլորակի ամենաբարձր ամբիոնից, աջակցություն է հայտնում կրտսեր եղբորը:

Թշնամու այդ մտադրությանը չենք կարող լուրջ չվերաբերվել, քանզի միջազգային գործող իրավունք այլեւս գոյություն չունի, հին աշխարհակարգը փլուզվել է, իսկ նորը չի ձեւավորվել: ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն էլ, ինչպես տեսնում ենք, միայն խոսելու տեղ է դարձել, գործնական որեւէ քայլի՝ անընդունակ:

Ի՞նչ անել պատմական ու ճակատագրական այս պարագայում:

Նախ՝ հնարավոր բոլոր միջոցներով աջակցել Արցախին ու արցախցուն, նրանց իրավունքների պաշտպանությանը, նրանց անվտանգության ապահովումը դարձնել գերխնդիր:

Ամեն գնով կասեցնել հայոց Արցախը սկուտեղի վրա թուրքին հանձնելու դիվային ծրագրի իրականացումը:

Միաժամանակ՝ մենք տեղյակ չենք, թե մեր կողմից ինչ է արվում Սյունիքի սահմանում: Կարո՞ղ ենք հուսալ, որ այս ամենից հետո  անհրաժեշտ բոլոր քայլերը ձեռնարկվում են սահմանի ամրակայման, պաշտպանական համակարգի արդիականացման ուղղությամբ:

Մեր խնդիրն է՝ ամենքս մեր տեղում. յուրաքանչյուրս մեր կարելիության չափով նպաստել հայոց ազգային բանակին:

Այդքանով հանդերձ՝ վերջին իրադարձությունները եւս մեկ անգամ ցույց տվեցին, որ դա չի կարող բավարար լինել Սյունիքի անվտանգության եւ պաշտպանության համար:

Սահմանին գտնվող հայոց բանակը պետք է ունենա լիարժեք ինքնապաշտպանության ընդունակ Սյունիք: Դա նշանակում է՝ գոնե ուշացումով որդեգրել սեփական ուժերին ապավինելու, հույսներս մեզ վրա դնելու գործելակերպ: Պետք չէ աջակցություն մուրալ որեւէ (այսպես կոչված) դաշնակցից, մանավանդ որ բոլորի համար մենք առեւտրի սովորական առարկա ենք, մանրադրամ:

Սյունիքյան ինքնապաշտպանության առանցքը կարող է լինել ԵԿՄ-ի եւ աշխարհազորի տեղական փաղանգը, մանավանդ որ նրանց շարքերում կան հարյուրավոր նվիրյալ ու փորձառու մարտիկներ: Բայց երկու այդ կառույցները պետք է հնարավորինս արագ ձերբազատվեն քաղաքական կապանքներից եւ ունենան մարտական պատրաստության նոր աստիճանի բարձրանալու լիարժեք հնարավորություն:

Զինվորագրել եւ մարտական պատրաստության վարժանքների կոչել զենք վերցնելու եւ գործածելու ընդունակ բոլոր քաղաքացիներին՝ անկախ տարիքից:

Այսպիսով՝ ժամանակի հրամայականն է՝ Սյունիքի ինքնապաշտպանությունը հայտարարել պետական առաջնահերթություն:

Այնուհետեւ՝ գոնե ուշացումով Հայաստանի կառավարությունը պետք է Սյունիքում նախաձեռնի հայ-իրանական համատեղ զորավարժություններ՝ նկատի ունենալով, որ Սյունիքի պաշտպանության հարցում մեր շահերն ամբողջությամբ համընկնում են:

Պետք է ձեւավորել եւ հանրայնացնել քաղաքական կամք ու պատրաստակամություն՝ իրադարձությունների զարգացման դեպքում ռազմական աջակցություն խնդրելու Իրանի Իսլամական Հանրապետությունից:

Չի կարելի ուշադրությունից դուրս թողնել կարեւոր մի իրողություն. Սյունիքում է տեղաբաշխված ռուսական որոշակի զինվորական կոնտինգենտ: Արցախի կոտորածը, նաեւ 2022 թ. Սյունիքի սահմաններին տեղի ունեցած ռազմական բախումների դասերը ցույց են տալիս, որ մենք նախապես  պետք է ճշտենք եւ ճշգրտենք այստեղ գտնվող ռուսական զորախմբի վերաբերմունքը հնարավոր զարգացումների դեպքում: Այդ ճշգրտումը պետք է արվի բացառապես երկու երկրի առաջին դեմքերի մակարդակով (եթե, իհարկե, չենք ուշացել), այլապես…

Մեկ ուրիշ իրողություն. 2020-ի նոյեմբերի 9-ից մեկնարկած կապիտուլյացիաների շքերթը, պարզվում է, ավելի  սոսկալի չէ, քան ոգեսպանությունը, որ տեղի ունեցավ մեզանում: Մեզ հետեւողականորեն ներարկեցին վախի, խեղճության, անլիարժեքության, անկարողության զգացողություն: Ուստի եւ՝ ոգի առնելու, մեր հերոս նախնիներին ընդօրինակելու, մեր քաջ նահատակների հիշատակին հավատարիմ մնալու հրամայականն է կանգնած մեր առջեւ:

Ոչ մի րոպե չպետք է մոռանլ՝ թուրք-ազերի ասկյարը դարեր շարունակ հայ զինականի առջեւ գլխակորույս փախչող տականքն է: Դրա մի նոր եւ փառավոր օրինակը եղավ օրեր առաջ՝ սեպտեմբերի 19-20-ին, Արցախի շփման գծում տեղի ունեցածը: Արդեն կան բազմաթիվ  հավաստի տեղեկություններ այն մասին, թե ինչպիսի հերոսականությամբ էին մեր տղերքը դիմավորում բազմապատիկ անգամ գերազանցող ադրբեջանցի շներին: Այնպես որ հավատացեք՝ Դավիթ Բեկի, Զորավար Անդրանիկի, Գարեգին Նժդեհի, Պողոս Տեր-Դավթյանի եւ մեր ազատամարտի մյուս լեգենդար առաջնորդների ոգին դեռեւս չի մեռել մեզանում եւ ամեն պահի կարող է հառնել նորովի, եթե գիտակցենք պահի լրջությունը:

Միասնություն ասվածին էլ նորովի պիտի մոտենանք… Միասնությունը Սյունիքում չի կարող լինել որեւէ անձի, առավել եւս որեւէ պաշտոնյայի շուրջ. մեծ իմաստով մարզի, նույնիսկ որոշ համայնքների մասշտաբով չկա այն կոչվածն ու ընտրյալը, որի շուրջ կարող են համախմբվել հանրության բոլոր խավերի ներկայացուցիչները:

Պատմական այս պահին Սյունիքում իրական միասնություն կարող է լինել կոնկրետ գաղափարի կամ արժեքի շուրջ, այն է՝ Արցախի եւ արցախահայության ճակատագիր, Սյունիքի պաշտպանություն…

Վերջին երեսուն տարում անընդհատ հռչակել ենք՝ մեր անկախությունն անսակարկելի արժեք է: Սակայն, ինչպես ցույց են տալիս իրադարձությունները, անկախությունից վեր ուրիշ մի արժեք էլ կա, որ իսկապես անքննելի ու անսակարկելի է՝ դա հայ ժողովրդի անվտանգությունն է, հայրենական մեր տարածքների անձեռնմխելիությունը: Պետությունները, որ առաջ են եկել հազարամյակներ առաջ, սահմանադրությունները, որ ծնվել են միապետությունների կործանումից հետո, նախեւառաջ մեկ գլխավոր նպատակ են ունեցել՝ պահպանել իրենց իսկ բնակիչների ֆիզիկական անվտանգությունը:

Ուրեմն եւ՝ պետության ու սահմանադրության ուրիշ տեսլական հայոց մեջ չի կարող լինել:

Եվ, այդ բոլորով հանդերձ, մեր մտքերը շարունակում են մնալ դժոխքով անցնող արցախցիների հետ:

Աղոթենք առ Աստված, որ հնարավորինս շուտ գտնվեն անհետ կորած մեր հայրենակիցները, գտնվեն նահատակված բոլոր հերոսների մարմինները եւ հողին հանձնվեն, որ մարդիկ վերադառնան իրենց տները՝ ունենալով անվտանգության իրական երաշխիքներ, որ (ի վերջո) սանձահարվի թշնամին, որ հայի վերջին խելքը շուտ վրա հասնի…

Սամվել Ալեքսանյան

 

 

 

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19