Արցախյանի ազատամարտի հերոս Համլետ Մինասյանը կդառնար 60 տարեկան

04.06.2018 15:21
1054

Սամվել Ալեքսանյանի հեղինակած հոդվածը՝ «Սյունյաց աշխարհի քաջարի զավակը» վերտառությամբ, գրված 2011 թվականին՝ ստորեւ:                                                                         

                                        ***

2011թ. դեկտեմբերի 10-ին Երեւանի Քանաքեռ թաղամասի գերեզմանատանը, որտեղ հանգչում է Համլետ Մինասյանի աճյունը, հավաքվել էին զոհված ազատամարտիկի մարտական ընկերները` լեգենդար գնդապետ Իվան Ղուկասովի գլխավորությամբ, «Փոքր Մհեր» կրթահամալիրի հրամանատարական-մանկավարժական անձնակազմը` կրթօջախի տնօրեն, գնդապետ Արա Մուրադյանի գլխավորությամբ, Երեւանի N62 ավագ դպրոցի փոխտնօրեններ Ալիսա Ջավախյանը, Լուսինե Քեշոյանը, «Մայր հայրենիք» թանգարանի կոլեկտիվը` տնօրեն Հայկ Հարությունյանի գլխավորությամբ, նահատակ զինվորի հարազատներն ու մերձավորները: Հերոսի մահարձանին` պատրաստված քանդակագործ Յուրի Խաչատրյանի կողմից, ծաղկեպսակներ դնելուց հետո նրանք վերհիշեցին Համլետ Մինասյանի մարտական ուղին եւ սխրանքները: Ելույթ ունեցան գնդապետ Իվան Ղուկասովը, գնդապետ Ռուբեն Բախշյանը, «Փոքր Մհեր» կրթահամալիրի տնօրեն, գնդապետ Արա Մուրադյանը, «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանը, «Գոյամարտ» բարեգործական միության նախագահ Սերժ Ղազարյանը, «Փոքր Մհեր» կրթահամալիրի փոխտնօրեն, գնդապետ Մելս Աղայանը, Երեւանի N62 ավագ դպրոցի զինղեկ Վահագն Ֆրանկյանը:   Այդ օրն ազատամարտիկի հիշատակը հարգվեց նաեւ Երեւանի N62 միջնակարգ դպրոցում, որի 1974-75 ուստարվա շրջանավարտն էր: Տարիներ առաջ էին այդ կրթօջախում ստեղծել ռազմագիտության լսարան` նրա անունը կրող, որտեղ տեղադրված է կապիտանի կիսանդրին: Զոհված ազատամարտիկի հիշատակը հարգեցին Գորիսի շրջանի Հարժիսի միջնակարգ դպրոցում, որը 1992թ. մայիսի 23-ից կրում է Արցախի մարտերում զոհված համագյուղացու անունը: Ի դեպ, Հարժիսի միջնակարգը Համլետ Մինասյանի անվամբ կոչելու նախաձեռնությունը Սպարապետ Վազգեն Սարգսյանինն էր, ում առաջարկությանը հավանություն տվեց Գորիսի շրջխորհուրդը (նախագահ` Ռոբերտ Ալեքսանյան): Երախտապարտ հարժիսցիները 1997թ. դպրոցի բակում կանգնեցրին Համլետի հուշարձանը (քանդակագործ` Գարեն Զադայան), որի բացումը տեղի ունեցավ այդ տարվա սեպտեմբերի 1-ին: Համլետ Մինասյանի ընկերները դեկտեմբերի 10-ին այցելեցին նաեւ ՀՀ պաշտպանության նախարարության «Մայր Հայաստան» զինվորական թանգարան, որտեղ 1996թ. հունիսի 8-ից` «Գոյամարտ» բարեգործական միության ջանքով, դրված է հայ քաջորդու դիմաքանդակը (քանդակագործ` Յուրի Սամվելյան):

Օրը պատահական չէր ընտրված:  20 տարի է անցել այն ժամանակվանից (10 դեկտեմբերի 1991թ.), երբ Արցախի Շահումյանի շրջանում` հայրենասիրական պարտքը կատարելիս, հերոսաբար զոհվեց Սյունյաց աշխարհի քաջարի զավակ Համլետ Մինասյանը:

Ծնվել է 1958թ. հունիսի 8-ին Թուրքմենիայի Մարի քաղաքում. հայրը` Լալազար Մինասյանը, Գորիսի շրջանի Հարժիս գյուղից էր, մայրը` Արաքսյա Բալասանյանը, նույն շրջանի Կյորու (Ձորաշեն) գյուղից: Ընտանիքը Երեւանում հաստատվեց 1968 թվականին, որտեղ եւ ավարտեց միջնակարգ դպրոցը: Երազում էր դառնալ զինվորական եւ միջնակարգն ավարտելուց հետո նույն տարում ընդունվեց ԽՍՀՄ-ում լավագույններից մեկի համարում ունեցող Կամենեց-Պոդոլսկի բարձրագույն ինժեներական զինվորական ուսումնարանը (Ուկրաինա), որն ավարտեց 1979-ին: Բարձրագույն զինվորական կրթություն ստանալուց հետո ծառայեց Էջմիածնում, Նախիջեւանում, Կամչատկայի Պետրոպավլովսկում, Չիտայում, Օրջոնիկիձեում, նորից Կամչատկայի Պետրոպավլովսկում: 1985-ին, մի շարք նկատառումներից ելնելով, Համլետ Մինասյանը զորացրվեց, վերադարձավ Երեւան եւ աշխատանքի անցավ ամրանների գործարանում: Սակայն եկավ 1988-ը, որ նոր սկիզբ դրեց նրա կենսագրության մեջ: Նոր դարագլուխ էր սկսում հայ ժողովրդի բազմադարյա պատմության մեջ: Ալեկոծված Հայաստանի հոգսերը Համլետը նաեւ իրենը համարեց: Եվ ակտիվորեն նետվեց պայքարի հրապարակ ու միացավ բյուրավոր մեր հայրենակիցներին, որ ոտքի էին ելել Հայաստանի անկախության ու Արցախի ազատագրության համար: Իսկ երբ Հայաստանի սահմանամերձում ու Արցախում սկսվեցին ռազմական գործողությունները, նախկին զինվորականը մեկնեց սահմանամերձ շրջաններ, Ղարաբաղ, մասնակցեց բազմաթիվ մարտական գործողությունների: Նրան հատկապես ձգում էր հայրենի Սյունիքը: Եվ ձգտում էր առավելագույնը տալ մեր լեռնաշխարհի ինքնապաշտպանությանը: Համլետը միջուկային ականների սակրավորի հազվագյուտ մասնագետ էր եւ ակտիվ մասնակցություն էր ունենում նաեւ նոր կազմավորվող հատուկ նշանակության խմբերի մասնագիտական ուսուցմանը: Գրեթե բոլոր սահմանամերձ շրջաններում իրականացրեց մարտական հատուկ առաջադրանքներ` դրանց կատարման ամենադժվարին իրավիճակներում անգամ առանձնանալով իր կազմակերպվածությամբ, կարգապահությամբ, անվախությամբ ու անմնացորդ նվիրումով: 1991թ. հուլիսի 24-ին Համլետ Մինասյանը կամավոր ծառայության ընդունվեց ՀՀ կառավարությանը կից կազմավորված պաշտպանության պետական կոմիտե, ստանձնեց հետախուզության բաժնի ավագ մասնագետի պաշտոնը: Մինչ այդ, ինչպես նշում է Շահումյանի շրջանի 1991թ. միասնական կամավորական ջոկատների շտաբի պետ, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Ռ.Գզողյանը, «վաստակել էր արհեստավարժ ինժեներ-սակրավորի համբավ, տասնյակ ազատամարտիկների ուսուցանել ականապատման եւ ականազերծման մասնագիտություն, որոնց կատարած աշխատանքը բազմաթիվ մարտական հաջողությունների, ազատամարտիկների եւ խաղաղ բնակչության փրկության երաշխիքը դարձան»: 1991թ. դեկտեմբերի 4-ին Համլետ Մինասյանն Իջեւանից հետ է կանչվում եւ գործուղվում «Հատուկ շրջան»` Շահումյանի միասնական կամավորական ջոկատների հրամանատարության տրամադրության տակ: Համլետ Մինասյանի այդ գործուղման մասին, որ վերջինը դարձավ, այսպես է հիշում ՀՀ զինված ուժերի հետախուզության նախկին պետ Իվան Ղուկասովը. «Իջեւանում ստացվեց Վազգեն Սարգսյանի հրամանը, որ Շահեն Մեղրյանը Համլետին սպասում է, եւ մեկ-երկու օրից նա մեկնեց այնտեղ»: …Փայլուն կերպով լուծելով ականազերծման խնդիրները, նա եւ իրեն աջակցող ազատամարտիկները` Շահեն Մեղրյանի հրամանատարությամբ, դեկտեմբերի 9-ին սկսում են հարձակողական գործողություններ  Էրքեջ եւ Թոդան գյուղերի ազատագրման համար, որից հետո հնարավոր պիտի դառնար մարտերի շարունակումը Մանաշիդ-Բուզլուխ եւ Կամո-Ազատ գյուղերի ուղղությամբ: Համլետը նրանց հետ էր` իր անձնական օրինակով ոգեւորելով ու սխրանքների մղելով մարտական ընկերներին: Այդ լարված մարտերից մեկում` Թոդան գյուղի մոտակա բարձունքում, Համլետ Մինասյանը թշնամու դավադիր գնդակից մահացու վիրավորվում է: «Տիգրան Մեծի» մարտիկ Հայկ Մանուկյանը ողբերգական այդ պատահարի մասին որոշ մանրամասներ է հիշում. «Առավոտյան ժամը 5-ին գնդապետ Դմիտրի Բաղդասարյանի հրետանային կրակից թուրքական օմոնը խուճապի է մատնվում եւ բնակչության հետ միասին սկսում լքել գյուղը: Նրանց լավ սպառազինության դեմ մեր ամենամեծ զենքը գնդացիրն էր, մի հատ էլ նռնականետ: Ամեն ինչ շատ լավ էր ընթանում, բավականին ռազմական ավար էինք վերցրել, երբ ռադիոկապով Մանաշիդից օգնության հասած ջոկատից իմացանք, որ ծանր վիրավորված Համլետին, Դեւին ու Արարատին թրթուրավոր տրակտորով բերում են»: …Մի քանի ժամ տեւած վիրահատությունը, ցավոք, ո՛չ Համլետին, ո՛չ էլ նրա զինակից ընկերներին չկարողացավ փրկել: Կրծքին դիպած գնդակներից մեկը վնասել էր մայր զարկերակը, եւ բժշկական սուղ միջոցներով հնարավոր չէր դադարեցնել արյունահոսությունը: Մահվան դեմ այդքան համառ կռիվ տալու առիթով գնդապետ Ռուբեն Բախշյանը հետագայում այսպիսի արձանագրում արեց. «Ուժերի ծաղկման շրջանում էր, 33 տարեկան, կենսախինդ ու այնքան առողջ, որ նույնիսկ կրակահերթը չէր կարողացել կտրել նրա կյանքի թելը»:

Համլետ Մինասյանի մասին տասնյակ լրագրային հոդվածներ են հրապարակվել, բազմաթիվ զորահրամանատարներ ու ճանաչված ռազմական գործիչներ, մարտական ու աշխատանքային ընկերներ նրա մասին կարծիք են հայտնել եւ բնութագրումներ արել: Դրանցից մի քանիսը` ստորեւ:

Գուրգեն Դալիբալթայան, գեներալ-գնդապետ. «Միայն Նյուվադիի գրավման օրինակը, որի նախապատրաստական աշխատանքները կատարել էր ինքը (հետախուզություն, քարտեզագրում` տիրապետում էր կատարյալ, հրաշալի ձեռք ուներ, նկարչի ձիրք, տիրապետում էր ուժերի բաշխմանը, հրետակոծությանը եւ այլն), հերիք էր պատկերացում կազմելու նրա անսպառ երեւակայության եւ զինվորական գործի տաղանդով օժտված լինելու մասին: Նա սիրում էր լինել առաջին գծում»:

Իվան Ղուկասով, գնդապետ, Հայաստանի զինված ուժերի հետախուզության նախկին պետ. «Հետախույզ, ինժեներ-սակրավոր Համլետ Մինասյանի մասին ինքս պիտի հուշեր գրեմ անձամբ, որովհետեւ այն, ինչ ես գիտեմ, ինչ տեսել եմ սեփական աչքերով, պետք է պատմել: Համլետ Մինասյանն այն պրոֆեսիոնալներից էր, ով մեր նոր պետականության առաջին օրերից մասնակիցը դարձավ Հայոց ազգային բանակի ստեղծմանը: Եվ այդ սրբազան գործին նա տվեց ոչ միայն իր հարուստ գիտելիքները, զինվորական փորձը, այլեւ կյանքը: Որերորդ անգամ խոնարհվում եմ այն ընտանիքի ու ծնողների առջեւ, ովքեր մեր ժողովրդին տվեցին Համլետ Մինասյան որդի»:

Արմեն Արմենակյան, «Տիգրան Մեծի» հրամանատար. «Թոդանի գրավման նախորդ օրը` դեկտեմբերի 9-ին հրամկազմի կողմից մշակվեց գործողության ծրագիր, ըստ որի` գրոհի ուղղություն տվողը` Էրքեջ-Մանաշիդի բարձունքներից, լինելու էր Համլետը: Նախնական հարձակման պատասխանատուն էլ ինքն էր, հրետանին էլ իր հրամանատարության տակ էր»:

Վահան Շիրխանյան, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ. «Համեստությամբ եւ սեփական անձի հանդեպ պահանջկոտությամբ եզակի անձնավորություն էր: Կատարողական կարգապահությունը, պատրաստակամությունը, ցանկացած խնդիր լուծելու եռանդը վարակում էին ուրիշներին: Նրա նմանները, որ մերժել չգիտեին ու պատրաստ էին գիշերով սահմանի մի ծայրից մյուսը թռչել, արժանի են լավագույն գովեստների»:

Յուրա Դանիելյան, թոշակառու. «Երկրորդ այդպիսի մեկին չեմ հանդիպել: Գեղեցիկ, թիկնեղ… Ամեն ինչով եզակի էր: Եվ ամենաուշագրավը` իր մեջ ամեն ինչ մաքրամաքուր, փայլուն ու զինվորավարի էր` կեցվածքը, պահվածքը, պատասխանատվությունը: Որքա՜ն հասարակ էր մարդկային հարաբերություններում եւ այդ իսկ պատճառով որքա՜ն սիրված»:

Արա Մուրադյան, գնդապետ, մարտական ընկեր, «Փոքր Մհեր» կրթահամալիրի տնօրեն. «Ինքս սակրավորի մասնագիտություն էի ստացել մեր ճարտարագիտականում, բայց Համլետից սովորելու շատ բան ունեի, տեղյակ էր հայրենական ու արտասահմանյան ռազմական տեխնիկայի բոլոր տարատեսակներին, ինչը շատ կարեւոր էր: Թուրքիան Ադրբեջանին լիուլի մատակարարում էր ամերիկյան արտադրության մեզ անծանոթ ականներ: Հին բանաձեւերի փոխարեն նա մեզ ուսուցանում էր այնպիսիները, որ կամուրջների կամ այլ շինությունների պայթեցման հաշվարկը միանգամից հեշտանում էր: Նա ոչ միայն սովորական, այլ մինչեւ իսկ միջուկային ականների հայտնաբերման ու տեղադրման մասնագետ էր եւ դեռ ինչե՜ր պիտի աներ, եթե ողջ մնար»:

Կարելի է շարունակել Համլետի բնութագրումը: Բայց… բավարարվենք ասվածով եւ հիշենք նրա որակներից եւս մեկը, որ դրսեւորվեց նաեւ պատերազմի դժվարին օրերին: Նա ոչ միայն լավ մասնագետ, սպա ու զինվոր էր, այլեւ… սիրում էր նաեւ գրչով փառաբանել երկիր հայրենին, իր խոհերն ու հույզերն արտահայտել չափածո խոսքով: Հետագայում նրա ծոցատետրում գտնված որոշ տողեր հավելյալ անգամ այդ են վկայում: Ինքը չվայելեց 1992թ. մայիսի 9-ի հաղթանակը, բայց ամիսներ առաջ գրել էր. 

Հավատա դու մեր ուժին,

Կազատենք քեզ, ո՜վ Շուշի…

Մեկ այլ խոսք էլ` գրված մահվանից ժամեր առաջ (դարձյալ ծոցատետրում գտնված), կարծեք, պատվիրան էր` ուղղված ողջերիս.

Ու եթե ընկնեմ հանուն Արցախի, 

Շաղ չտաք շիրմիս ծաղիկներ ու լաց.

Տղե՛րք, ջնջեցեք թշնամուն վայրի,

Որ հայոց հողում ես ննջեմ խաղաղ:

Համլետի` հիրավի հերոսական վարքում, բազմաթիվ գործոնների հետ մեկտեղ, նախնյաց ոգու կանչն էր խոսում: Ճանաչված նախնիների նորօրյա շառավիղն էր: Պապի եղբայրը լեգենդար Խաչունց Բադին (Բաղդասարն) էր, ով 20-րդ դարասկզբին անուրանալի դեր խաղաց Գորիսի շրջանում` թուրքերի ոտնձգությունից համագյուղացիներին ու մերձակա գյուղերի բնակիչներին պաշտպանելու նվիրական գործում: Մեծ հեղինակությամբ օժտված այդ մարդը 1937-ին գնդակահարվեց Գորիսի Շորի ձորում: Նախնիներից մի քանի հոգի էլ` համագյուղացիների ջոկատի կազմում, քաջ վաշտապետ Արմենակ Գրիգորյանի հրամանատարությամբ, մասնակցեցին Սարդարապատի հերոսամարտին, իսկ հետո` Զանգեզուրի գոյակռվին: Հորեղբայրը` Վոլոդյա Մինասյանը` լեյտենանտի զինվորական կոչումով, 1942թ. զոհվեց Սմոլենսկում` գերմանական ֆաշիզմի դեմ  մղվող կռվում: Մյուս հորեղբայրը` Եղիշե Օհանյանը (հետագայում` գնդապետ) Մեծ հայրենականի տարիներին զինվորական հոսպիտալի գլխավոր բժիշկ էր: Նրանցից յուրաքանչյուրի մասին Համլետը գիտեր եւ հպարտանում էր: Նախնիների բնօրրանի հանդեպ նույնպես չթուլացող հետաքրքրություն ուներ: Գրեթե ամեն տարի` ամառային արձակուրդներին, այցելում էր գյուղ: Մանրամասն գիտեր մեր քար ու քարափը:

Համլետի պատվիրանը` «Տղե՛րք, ջնջեցեք թշնամուն վայրի», նրա մարտական ընկերները` ազատամարտի ելած հայորդիների հետ մեկտեղ, կատարեցին: Եվ մեր սուրը փառքով դրեցինք պատյան: Միայն մայրը չկարողացավ անսալ որդու մյուս խնդրանքին` «Շաղ չտաք շիրմիս ծաղիկներ ու լաց». 1999-ին տիկին Արաքսյան իր մահկանացուն կնքեց` չդիմանալով ծանր վշտին, ու հավերժորեն հանգրվանեց որդու կողքին: 

Համլետի մահվան հերթական տարելիցին մարտական ընկերներից կրկին լսեցինք քանիցս հնչած մտահոգությունը, որ նրան (1998-ին) հետմահու տրված «Արիության մեդալը» քիչ է ու գործած սխրանքներին, ունեցած ավանդին համաչափ չէ ամենեւին: Այդ մասին զինակից ընկերներն ու բարձր հրամանատարության ներկայացուցիչները նույնպես ըստ պատշաճի ու բազմիցս իրազեկել են պատկան մարմիններին, բայց… Այդ հանգամանքն արդարացիորեն տարօրինակ է թվում նաեւ հորը, ով որդու ամենամեծ գնահատականը, այնուամենայնիվ, ճանաչողների, մարտական ընկերների, հրամանատարների գնահատանքը, անկեղծ ու չխամրող սերն է համարում: Եվ ամենակարեւորը` Համլետի մարդկային տեսակը որեւէ ակնկալիքով չէ (մանավանդ` հետմահու) հայրենիքի պաշտպանության համար զենք վերցրել: Իսկ եթե հայ մարդու այդ տեսակը, այնուամենայնիվ, ակնկալիք է ունեցել, ապա դա մեկն է եղել ու անսակարկելի` Արցախն ազատագրված տեսնել, Հայաստանը` հուսալիորեն պաշտպանված, բոլորիս համար Հայրենիք դարձած: 

Համլետի սխրանքների համար, հոր հետ միասին, օրինական հպարտություն են ապրում այրիացած կինը` Գյուլնարան (Խնձորեսկի Ղալդունց գերդաստանի դուստր), երեք քույրերը, ավագ որդին` Արսենը (ծնված 1983թ., բնակվում է Մոսկվայում), մյուս որդին` Խորենը (հորեղբոր անունով է երկրորդ որդուն կոչել, ծնված 1990թ.), ով ներկայումս սովորում է Երեւանի ճարտարագիտական համալսարանի մագիստրատուրայում:

Երկու տասնամյակի հեռավորությունից խորհելով Համլետ Մինասյանի անցած ճանապարհի, գործած սխրանքների մասին, երիցս հանգում ենք եզրակացության, որ 1991թ. դեկտեմբերի 10-ից նա դասվել է անմահների շարքը, եւ նրա անունը, սրբազան երդման պես, ձուլվել է սերունդների հիշողությանը: Ոչինչ, որ նա հետմահու  ըստ պատշաճի չի գնահատվել դեռեւս: Փոխարենը` կա ժողովրդական հիշողություն ու անկեղծ սեր: Իսկ այդ հիշողությունն իր մեջ ամփոփում է ոչ միայն Համլետ Մինասյանին: Հայ ժողովրդի երբեք չխամրող հիշողության մեջ կան ու ընդմիշտ կլինեն Արցախյան ազատամարտի բոլոր նահատակների անունները: Ուրեմն` մտապահենք ու հիշատակենք նրանցից յուրաքանչյուրի ծննդյան ու մահվան օրերը, խոնարհվենք նրանց շիրիմներին, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին մեր նոր պետականության կերտման, հայ ժողովրդի արժանապատվության պաշտպանության, Արցախի ազատագրության ճանապարհին: Դա ողջերիս պարտքն է, քանզի որքան հեռանում ենք Արցախյան ազատամարտի հերոսական օրերից, այնքան վեհանում է ու բյուրեղանում նահատակված մեր ազատամարտիկներից յուրաքանչյուրի կերպարը: Համլետ Մինասյան անունը` ահավասիկ:

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19

Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ․ ՀՀ առաջին նախագահի գրասենյակ

24.12.2024 12:14

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից նույնպես պատասխանել են Փաշինյանին

24.12.2024 12:04

Խորհուրդ ենք տալիս նրան բանավիճել համանախագահ երկրների նախագահների հետ, ովքեր 5 անգամ հայտարարել են՝ որ սկզբունքների հիման վրա պետք է լուծվեր ԼՂ հիմնախնդիրը․ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

24.12.2024 12:01

Հնդկաստան-Իրան-Հայաստան եռակողմ հարաբերությունները կարող են վճռորոշ լինել նրանց տնտեսական զարգացման համար

24.12.2024 11:57