Արթուր Առաքելյան. «Արյան դոնորությունը մարդասիրական ներդրում է»

05.06.2015 16:35
2140

«Սյունիքի մարզային արյան փոխներարկման կայան» ՓԲԸ տնօրեն, ՄԻԱՎ-ի հետազոտման մարզային լաբորատորիայի ղեկավարը պատասխանում է «Սյունյաց երկրի» հարցերին

- Պարոն Առաքելյան, առաջին անգամ ենք մեր ընթերցողին ներկայացնում արյան դոնորության հետ կապված խնդիրները, ուստի եւ սկսենք Ձեր կայանի առաքելությունը պարզաբանելուց. «Սյունիքի մարզային արյան փոխներարկման կայան» ՓԲ ընկերության հիմնական առաքելությունը մարզում եւ հարավային տարածաշրջանում:

Առողջապահության կառավարման եւ կազմակերպման ոլորտային խնդիրները, վարչական եւ մասնագիտական գործառույթների կատարման սկզբունքները:

- «Սյունիքի մարզային արյան փոխներարկման կայան» ՓԲ ընկերությունը Հայաստանի Հանրապետության մարզային արյան փոխներարկման հինգ կայաններից մեկն է, միակը՝ Մեղրի-Երեւան-Արցախ տարածաշրջանում: Արյան փոխներարկման կայանի կարգավիճակն ի տարբերություն հիվանդանոցային արյան կետերի, առանձնահատուկ պայմանավորված է արյան բանկի հնարավորություններով: Ուստի հատուկ նշանակություն ունի քաղաքացիական եւ զինվորական հիվանդանոցներում փոխներարկումային բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպումը, արտակարգ իրավիճակներում, խաղաղ եւ ռազմական դրության պայմաններում որակյալ արյան բաղադրամասերով ապահովելու եւ հատուկ դրության քաղաքացիական պաշտպանության խնդիրները լուծելիս:

Արյան կայանը գործում է հիմնադրի՝ ՀՀ Սյունիքի մարզպետարանի, ի դեմ՝ մարզպետի, կողմից հաստատած կանոնադրությամբ, որպես 50 տոկոս եւ ավելի պետական մասնակցությամբ բաժնեմասով սեփականատիրոջ: Ընթացիկ աշխատանքներն  իրականացվում են Հիմնադրի կողմից հաստատած տարեկան եկամուտների եւ ծախսերի նախահաշվով, հաստիքացանկով եւ համաձայնեցված պետական գնումների պլանով:

Արյան կայանը ղեկավարվում է արյան դոնորության եւ փոխներարկումային բուժօգնության վերաբերյալ հաստատված իրավական ակտերով, մասնավորաբար՝ «Մարդու արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության մասին» ՀՀ օրենքով /25.11.2011/ եւ Ազգային ծրագրով /01.03.2012/,  «Փոխներարկումային բժշկական օգնության իրականացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 16.08.2012 N1056 որոշմամբ, ՀՀ ԱՆ 22.11.2013թ. N74-Ն հրամանով հաստատված «Չափորոշիչով», ՀՀ կառավարության մի շարք որոշումներով եւ ՀՀ առողջապահության նախարարի հրամաններով հաստատված ընթացիկ գործունեության «Կարգ» փաստաթղթերով:

«Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման շրջանակներում արյան հավաքման եւ դրան առնչվող ծառայությունների ձեռքբերման, հիվանդանոցային բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող բուժհաստատություններում փոխներարկումային բուժօգնության կազմակերպման մասին» չափորոշիչը հիմնական գործառույթների սկզբունք է ոլորտում:

Արյան փոխներարկման կայանը ՀՀ առողջապահության նախարարության ուղղահայաց սկզբունքով ֆինանսավորվող միակ առողջապահական հիմնարկն է՝ առանց պետական առողջապահական գործակալության մարզային մասնաճյուղի: Գործում է պատվիրատուի՝ ՀՀ առողջապահության նախարարության՝ որպես բժշկական օգնության եւ սպասարկման պետական պատվեր տեղադրող մարմնի եւ կատարողի՝ «Սյունիքի մարզային արյան փոխներարկման կայան» ՓԲ ընկերության  միջեւ կնքված տարեկան պայմանագրի հիման վրա: Պատվիրատուն հանձնարարում, իսկ կատարողը պարտավորվում է իրականացնել արյան հավաքման ծառայություններն առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում, յուրաքանչյուր ամսվա եւ եռամսյակի համար սահմանված ժամկետներում ներկայացնում է պատշաճ ծավալի եւ որակի փաստացի կատարողականի հաշվետվություն, ինչը կողմերի վավերացմամբ ֆինանսավորվում է:

Ըստ որում՝ պայմանագիրը սահմանում է՝ ապահովել ընկերության տարեկան զարգացման ծրագրով սահմանված ցուցանիշների, այդ թվում՝ շահութաբերության ապահովումը, պատվիրատուի սահմանած կարգով կազմակերպել բուժանձնակազմի մասնագիտական կրթումը,  վերապատրաստումը եւ ստուգարքը, գոյացած ֆինանսական միջոցների արդյունավետ եւ նպատակային օգտագործումը՝ պահպանելով ծախսերի իրականացման հետեւյալ առաջնահերթությունները. աշխատավարձ, հարկային պարտավորություններ, լաբորատոր եւ բժշկական նշանակության ապրանքների գնում, այլ ծախսեր, վճարովի ծառայություններից ստացվող եկամուտների լիարժեք մուտքագրումը, հաշվառումը, ՀԴՄ-ների առկայությունը եւ ոչ պաշտոնական վճարումների բացառումը:

Կողմերն ունեն ՀՀ օրենսդրությամբ եւ սույն պայմանագրով նախատեսված այլ իրավունքներ եւ կրում են ՀՀ օրենսդրությամբ եւ սույն պայմանագրով նախատեսված այլ պարտականություններ:

- Ավելի կոնկրետ, կուզենայինք իմանալ տարեկան ֆինանսավորման, աշխատավարձի ֆոնդի, ֆինանսների գոյացման, արյան ծառայության հասանելիության եւ դիմելիության ծավալների մասին:

- 2015 թվականի «Արյան հավաքման ծառայություններ»-ի տարեկան պայմանագրի գումարը սահմանված է տասներեք միլիոն վեց հարյուր տասը հազար ՀՀ դրամ, որի կառուցվածքում, ցավոք, աշխատավարձի ֆոնդը կազմում է 82 տոկոս: Դա նշանակում է, որ մնացած ավելի քան երկու միլիոն դրամ  գումարով, ներառյալ կադրային արյան դոնորի փոխհատուցման, արյունատվությունից հետո կենսաբանական եւ էներգետիկ կարողությունների վերականգնման նպատակով դոնորին սնունդ  տրամադրելու յուրաքանչյուր արյունատվության դեպքում 13 հազար ՀՀ դրամ գումարը, արյան կայանը կարող է տարեկան վճարել 190 արյան դոնորի արյունատվության համար: Ուստի տարեկան  պաշարվում է 380 պարկ թարմ սառեցված պլազմա եւ էրիթրոցիտար զանգված: Արյան բաղադրամասերի որակական հատկանիշների ապահովման նպատակով հատուկ ջերմային եւ անվտանգ պայմաններում պահպանվող 190 պարկ թարմ սառեցված պլազման -40 աստիճան C սառցարանային ռեժիմում ունի պիտանելիության 3 տարի ժամկետ, իսկ 190 պարկ էրիթրոցիտար զանգվածը +40C սառնարանային պայմաններում ունի պիտանելիության մեկ ամիս ժամկետ: (Եթե բնակչության կարիքի,  պահանջարկի արյան փոխներարկման անհրաժեշտ եւ մշտական արյան պաշարների տեղերում նախապես առկայության նպատակով մարզի հինգ քաղաքացիական հիվանդանոցների եւ մեկ զինհոսպիտալի կողմից սահմանված կարգով պահանջագիր ներկայացվի, ապա արյան կայանը 380 արյան պարկ բաղադրամասերի իրացմամբ կունենա  6650.0 ՀՀ դրամ եկամուտ): Կամ՝ կողմերի միջեւ կնքված գործող պայմանագիրը հիվանդանոցային բուժհիմնարկին հնարավորություն է տալիս արյան բաղադրամասը ձեռք բերել եռակի էժան գնով՝ հինգ հազար հինգ հարյուր դրամ վճարելով արյան հավաքման ծախսի դիմաց եւ ապահովելով անհատույց արյան դոնոր (դա կարող է լինել հիվանդի հարազատը): Այս դեպքում՝ 190  դոնորի արյան դիմաց արյան կայանը կտնտեսի երկու միլիոն երկու հարյուր ութսուն հազար ՀՀ դրամ: Անհատույց արյան դոնորի չապահովման դեպքում՝ բժշկական կազմակերպության կողմից վճարման ենթակա են նաեւ փոխհատուցվող դոնորներից դոնորական արյան հավաքման հետ կապված ծախսերը: Դա, իհարկե, մասնագիտացված հիվանդանոցային համակարգի եւ արյան կայանի իդեալական տարբերակ է:

Մարզային արյան փոխներարկման կայանի վերջին երեք տարիներին տրամադրած արյան բաղադրամասերի իրացմամբ դրամական մուտքերը յուրաքանչյուր տարի կազմել են պետության ֆինանսավորած ամբողջ գումարի համեմատ 27 տոկոսը, եւ պետության ֆինանսավորած արյան կայանի պահպանման ծախսերի համար տարեկան գումարի նկատմամբ 48 տոկոսը: Դա նշանակում է, որ մարզի 150-550 միլիոն ՀՀ դրամ բժշկական կենտրոնների տարեկան պետֆինանսավորման նկատմամբ 27 տոկոս վճարովի ծառայությունների դրամական մուտքերով՝ մարզի տարածքում գործող հիվանդանոցներում  կարձանագրեինք օրինակելի եկամուտներ:

Հարց է ծագում, ինչպես են ծախսվում 27 տոկոս մուտքեր  կազմող երեք միլիոն դրամի մի մասը /մյուս կեսը՝ յուրաքանչյուր տարի թողնում ենք ռեսուրս-մնացորդ՝ հիմնարկի բանկային հաշվեհամարին/: Շուրջ 300 հազար ՀՀ դրամ՝ արյան ստերիլ պարկերի, 600 հազար ՀՀ դրամ լաբորատոր թեսթ-համակարգերի, քիչ ավելի՝ վառելիքի եւ գործուղումների համար, որոշակի գումար ծախսվում է էլէներգիայի եւ հանրային այլ ծառայությունների, հարկերի համար:

Մարզի ամբուլատոր պոլիկլինիկական բժշկական հիմնարկները կարող են միմյանց հետ մրցակցել որակյալ  ախտորոշիչ ծառայությունների մատուցմամբ, այսինքն՝ դոնորական արյուն հանձնող քաղաքացու մարդասիրությանը պատասխանել համապատասխան մարդասեր եւ ոգեւորիչ, մասնագիտական եւ ջերմ վերաբերմունքով, ղեկավարվելով «Արյունը վերցնելուց առաջ արյան դոնորի առողջության պահպանման նպատակով վերջինիս կողմից անվճար բժշկական հետազոտություն անցնելու կարգը եւ դոնորության համար հակացուցումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի 07.02.2013թ. N06-Ն հրամանի հաստատած կարգով: Արյան դոնորությունը մարդասիրական ներդրում է:

Այսպիսով, որպեսզի հստակեցվի, թե ինչ վճռորոշ դեր ունի մատուցված ծառայությունից մուտքագրված երեք միլիոն ՀՀ դրամը, նշենք, որ տարվա մեկ եռամսյակի աշխատավարձի ֆոնդը՝ ներառյալ եկամտահարկը պետական հիմնարկում, հոգում ենք ինքներս՝ արյան բաղադրամասերի իրացման գումարով: Ավելին կանենք, եթե հիվանդանոցային բուժհիմնարկները ղեկավարվեն ՀՀ կառավարության հիշյալ 16.08.2012թ. N1056-Ն որոշմամբ եւ ՀՀ ԱՆ 22.11.2013թ. N74-Ն հրամանով հաստատված «Չափորոշիչ»-ով, այն է՝ վիրաբուժական, մանկաբարձագինեկոլոգիական եւ վերակենդանացման ուղղվածության յուրաքանչյուր 10 մահճակալի համար հիվանդանոցային բուժհիմնարկը նախօրոք պարտավոր է ունենալ (գնել) չորս պարկ արյան բաղադրամասերի պաշարներ: Այս պարտաճանաչությունը թույլ կտար նվազեցնել արյան կայանում ժամկետանց էրիթրոցիտար զանգվածի քանակը,  օրվա յուրաքանչյուր ժամին՝ աշխատաժամերից դուրս արյան կայան ուղղված տագնապի հեռախոսազանգերը, փաստորեն շփոթելով պետպատվերով շուրջօրյա գործող շտապ օգնության կայանի հետ: Տասներեք տարի ուշացումով հայտարարենք, որ այսպիսի արտաժամյա աշխատանքի եւ անքուն գիշերների համար մեզ երբեւէ չեն վճարել կամ գնահատել:

Այս վերլուծությունն անուղղակի ցուցանիշ է հիվանդանոցներից արյան կայան դիմելիության մասին: Ինչ վերաբերում է արյան ծառայության հասանելիությանը, հպարտանալու տեղ ունենք, թեեւ պարտավորված չլինելով, շտապ եւ անհետաձգելի կանչերը սպասարկում ենք  շուրջօրյա, անկախ որեւէ հանգամանքից կամ հանգստի օրերից: Ցավոք, վերջերս մայրաքաղաքի հիվանդանոցային հիմնարկները կարող են մրցակցել մեր արտադրանքի ներմուծման ցուցանիշով Սյունիքի մարզի հիվանդանոցներից մեծ մասի հետ: Մինչդեռ, իսկապես, չէինք ցանկանա մեր որակյալ արտադրանքն արտահանել, ինչն իրականացվում է փոխանակման կարգով՝ «Պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ եւ «Սյունիքի մարզային արյան փոխներարկման կայան» ՓԲԸ միջեւ, ՀՀ կառավարության 14.03.2013թ. N 235-Ն որոշմամբ սահմանված կարգով:  Իհարկե, այստեղ չէի ցանկանա ծավալվել հիվանդի սահմանադրական իրավունքի եւ իր բնակավայրում բուժվելու բաղձանքի մասին: Օգտվելով պատեհ առիթից, ներհիվանդանոցային վարակների նախականխման եւ անկողմնակալ, ճշգրիտ, լաբորատոր հավաստի հետազոտությունների իրականացման նպատակով, առաջարկում ենք Արյան կայանի անկախ լաբորատորիայում կազմակերպել մարզի բուժաշխատողների առողջական վիճակի լաբորատոր հետազոտություններ,  որի ուղղությամբ  պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային ծառայությունը կարող է նպաստել պայմանագրեր կնքելու բուժհիմնարկների հետ:

- Մի քանի խոսք մասնագիտական վերահսկման կառույցների, արյան բանկի, շենքային եւ սարքավորումների պայմանների, կադրերի, ոլորտի զարգացման խնդիրների մասին:

- Արյան կայանին պարբերաբար գործնական ստուգարքներով մասնագիտական վերահսկման հաստատություններ են  ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲ ընկերությունը եւ ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը: Արյան բաղադրամասերի որակից եւ համատեղելիության գործոններից է կախված հիվանդի օրգանիզմում հետփոխներարկումային բարդությունների ի հայտ գալը: Դոնորային արյան վարակային անվտանգության եւ խումբ-ռեզուսի պատկանելիության լաբորատոր հետազոտությունների դրվածքով ապահովում ենք ազգային անվտանգության հանդեպ բացառիկ պատասխանատվությունը եւ կատարելագործում մասնագիտացվածության չափանիշը: Դոնորական արյունով կարող են փոխանցվել անբուժելի հիվանդությունները՝ ՄԻԱՎ-ՁԻԱՀ, հեպատիտներ, սիֆիլիսներ, բրուցելոզ եւ այլն: Չմոռանանք, որ բնակչության արտագնացությամբ արտերկրից վարակների ներմուծման եւ փոխանցման գործոն ունենք: Իսկապես ճշգրիտ եւ պետության, հասարակական շահի հանդեպ անձնուրաց այս լաբորատոր ծառայությունն առաջնորդվում է ՀՀ օրենքի  19-րդ հոդվածի 2-րդ մասով եւ ՀՀ ԱՆ 07.08.2012թ. «Արյան պարտադիր հետազոտությունների ցանկը, իրականացման կարգն ու մեթոդները հաստատելու մասին» N12-Ն հրամանով:

Ոչ դոնորային արյան գծով՝ հղիների, բժշկական ցուցումներով անձանց, ազատազրկվածների եւ այլն, յուրաքանչյուր ամիս մարզի հիվանդանոցներից եւ այլ հաստատություններից ուղեգրված փորձանմուշները  ՄԻԱՎ-ի նկատմամբ լաբորատոր հետազոտվում են արյան կայանում, նույնպես իմունաֆերմենտային մեթոդներով եւ վերջին տարիներին անհատույց ձեռք բերված սարքավորումներով: Այս աշխատանքների ծավալները և հետազոտությունների արդյունքները յուրաքանչյուր ամիս հաշվետվության սահմանված կարգով ներկայացվում են ՀՀ ԱՆ, ՀՀ ԱՆ ենթակայության հիշյալ վերահսկիչ հիմնարկներ:

Լաբորատոր, դոնորային արյան մշակման եւ սառցարանային սարքավորումների գծով անվճար ձեռք ենք բերել ավելի քան 18 մլն ՀՀ դրամի անգնահատելի օժանդակություն ՀՀ ԱՆ դրամաշնորհային ծրագրի շնորհիվ: Նման անհետաձգելի ձեռքբերում էր  Գորիս քաղաքում 1968թվականից շահագործվող արյան կայանի շենքի 2000քմ տանիքի ցինկապատ թիթեղով հիմնանորոգումը ՄԱԿ-ի ծրագրով եւ ՀՀ Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանի միջնորդությամբ, ՄԻԱՎ-ի հետազոտման մարզային լաբորատորիայի արյան կայանի կազմում տեղակայած ՄԱԿ-ի նախաձեռնած ծրագրի հետագա համագործակցությունը զարգացնելու շնորհիվ: Շենքի ներքին հիմնանորոգումը դեռեւս չի լուծվում: Դեռևս արյան դոնորի կլինիկական ախտորոշիչ հետազոտությունների համար սարքերի, խաչաձեւ ռոտորով ցենտրիֆուգի՝ ժամանակակից հիմնական սարքավորումը ձեռք բերելու խնդիր ունենք: Դոնորային արյան վարակային անվտանգության ապահովման լաբորատոր ժամանակակից ախտորոշիչ սարքեր կան, որոնք շեշտակի նվազեցնում են մարդկային գործոնով պայմանավորված որեւէ սխալ: Այսպիսի խնդիրները լուծելու հնարավորություն ունեն մարզը հայրենիք համարող շատերը, բայց նախաձեռնողականությունը չենք տեսնում: Ուր են մեր ժամանակի հերոսները: Վիվասել-ՄՏՍ-ի պես բարձր մարմնից նախաձեռնության ենք սպասում բարեգործական խիզախում ցուցաբերելու համար: Մեկ անհատ-ձեռներեցի մարկետն էլ ունի հնարավորություն:

Որպես ոլորտի պատասխանատու, 2013 թվականին Հիմնադրին ներկայացվել է ընկերության զարգացման հիմնական ծրագիրը: Այդ ծրագրով շեշտադրել ենք, որ կայուն շահութաբերությանը խանգարող հանգամանք է՝  13610 հազար ՀՀ դրամ տարեկան պայմանագրով նախատեսված 6528 հազար ՀՀ դրամ տարեկան պահպանման ծախսերը, ինչն աշխատավարձի տարեկան ֆոնդից հետ է մնացել տարակուսելի 5 միլիոն ՀՀ դրամով: Մինչդեռ, ողջամիտ կլիներ, եթե արյան կայանի մեկ ամսվա պահպանման համար տրամադրվող 544 հազար ՀՀ դրամն ապահովեր գոնե 10 աշխատողի  մեկ ամսվա 900 հազար ՀՀ դրամ աշխատավարձի ֆոնդի՝ ներառյալ եկամտահարկի  ծախսածածկումը: Մինչեւ 2003 թվականը հիմնարկը 100 տոկոսով  ֆինանսավորվել է պահպանման ծախսերով եւ կոչվում էր պետական փակ բաժնետիրական ընկերություն: Ներկայումս, արյան դոնորի թվով ֆինանսավորվող պայմանագիր-ծրագրի սկզբունքն անհասկանալի է, նույնն է, եթե հրշեջն աշխատավարձ չստանար, քանի որ հրդեհի դեպք չկար: Ուստի, արյան դոնորության կամավորության սկզբունքն ու մարդու իրավունքների հանդեպ այսպիսի իրավական կնճիռը, կարծես, թե մտադիր չեն հարթել: Պատկերացնենք մի պահ, որ եկող ամիս չի հաջողվել համոզել արյան դոնորին կամ որեւէ քաղաքացու այցելել համոզել արյունատվության համար եւ այդ պատճառով աշխատավարձ չպիտի ստանան հատուկ նշանակության այս հիմնարկի 10 աշխատողները եւ կուտակվեն աշխատավարձի պարտքեր: Մի՞թե աշխատավարձ ստանալու համար էլ պիտի պայքարենք, մանավանդ, որ հարավային Հայաստանի՝ մարզի միակ  մասնագիտացված այս ծառայությունն արդեն իսկ բնույթով ունի անձնակազմի առողջության համար վտանգավոր աշխատատեղեր, լարված, ռիսկային եւ սթրեսային է: Այս նկատառումով էլ յուրաքանչյուր տարեվերջին հիմնարկի բանկային հաշվեհամարին տնտեսված, խնայողաբար պաշտպանված գումար ենք ունենում՝ առնվազն մեկ ամսվա աշխատավարձի պաշարով:

Հպարտորեն նշենք, որ հիմնարկը 2002 թվականին ութ պարկ պլազմայի պաշարով ընդունելով, այսօր արյան բանկում մշտապես անձեռնմխելի  պաշարված է 250 պարկ թարմ սառեցված պլազմա: Չորս միլիոն ՀՀ դրամ արժողությամբ  -40C ռեժիմով 2-րդ սառցարանը անվճար ձեռք բերելու դեպքում կավելացնենք պլազմայի պաշարը: Դոնորային արյան արտագնա հավաքման, արյան բաղադրամասերի եւ թեսթ-համակարգերի տեղափոխության համար մարդատար ավտոմեքենայի կարիքն ամեն օր է զգացվում, ի կատարումն ՀՀ կառավարության 28.06.2012թ. N811-Ն որոշմամբ սահմանված Կարգի եւ ՀՀ ԱՆ 08.02.2013թ. N07-Ն հրամանով հաստատված Կարգի:

Վերջին տասնամյակում՝ արյան կայանը կադրերի հաստիքների կրճատում չի կատարել: Ընթացել է աշխատանքի տարիքային սահմանափակումը, սակայն սերնդափոխություն չենք կարողացել իրականացնել կադրերի գերբեռնվածության պատճառով: Երկրորդ անգամ  երկարաձգել ենք աշխատանքային պայմանագրերը՝ կադրերի վերապատրաստումներն ավարտելու, աշխատողների եւ ծառայությունների անհրաժեշտությունն ու կարողությունների արդյունավետությունը գնահատելու եւ տնտեսված ֆինանսական միջոցներն ուղղելու ոլորտի զարգացման գործին:

Կոչ եմ անում  մարզի բոլոր աշխատավորական կոլեկտիվներին՝ առնվազն մեկ անգամ ներկայանալ կամ տեղեկացնել մեզ այցելելու համապատասխան բնակավայրեր՝ անվարձահատույց, կամավոր դոնորական արյուն հանձնելու, «Նվիրիր կյանք» քաղաքացիական ակցիային մասնակցելու համար:

«Արյուն՝ ի հիշատակ»-ը միջազգային նախագիծ է, որ հիմնվել է Ժնեւում Շվեյցարիայի հայկական ասոցիացիաների եւ հիմնադրամների միության հովանավորությամբ՝ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը ոգեկոչելու նպատակով: Ծրագրի նպատակն է մինչեւ 2015թ. ավարտն ամբողջ աշխարհում կազմակերպել մեկուկես միլիոն արյունատվություն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն զոհերի:

Օգտվելով մարզային «Սյունյաց երկիր» թերթի միջոցով հայտարարություն հանրահռչակելու այս հնարավորությունից, անհատույց կամավոր արյան դոնորության նպատակով հրավիրում ենք մարզի 18-ից 50 տարեկան քաղաքացիներին՝ մարզի բնակավայրերում դոնորական արյուն հանձնելու համար՝ այդ մասին նախապես տեղեկացնել Արյան կայանի արտագնա այցելությունը կազմակերպելու նպատակով:

Նախագիծը նախատեսում է ներգրավել աշխարհի տարբեր համայնքների՝ ընդգծելով արյան դոնորության կարեւորությունը: Նախագիծը կոչված է ընդգրկել հասարակության ցածր ռիսկային խմբերին դոնորության գործընթացին, ովքեր իրենց արյունը պարբերաբար եւ կամավոր հիմունքներով կտրամադրեն՝ ապահովելով անվտանգ ու մշտական արյան պաշարների առկայություն: Ծրագրի հիմքում ընկած է այն գաղափարը, որ արյունատվությունը կօգնի տվյալ վայրի կարիքավոր հիվանդներին, անհատույց դոնորներից արյան հավաքագրում կարիքավոր հիվանդներին անվճար տրամադրման նպատակով: Արյունատվությունը մարդասիրական քայլ է, որը չի նախատեսում որեւէ եկամուտի կամ շահույթի ստացում, մանավանդ, որ դոնորային արյան վարակային անվտանգության ապահովման լաբորատոր հետազոտությունների ծախսերը եւ արյան հավաքման գործընթացում ներդրված ծախսերը գերազանցում են հումքի՝ մարդկային արյան դիմաց արյան դոնորին տրամադրվող փոխհատուցման միջոցները:

Հարցազրույցը՝ ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆԻ

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19

Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ․ ՀՀ առաջին նախագահի գրասենյակ

24.12.2024 12:14

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից նույնպես պատասխանել են Փաշինյանին

24.12.2024 12:04

Խորհուրդ ենք տալիս նրան բանավիճել համանախագահ երկրների նախագահների հետ, ովքեր 5 անգամ հայտարարել են՝ որ սկզբունքների հիման վրա պետք է լուծվեր ԼՂ հիմնախնդիրը․ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

24.12.2024 12:01

Հնդկաստան-Իրան-Հայաստան եռակողմ հարաբերությունները կարող են վճռորոշ լինել նրանց տնտեսական զարգացման համար

24.12.2024 11:57