Արտուր Աթայան. «Կանեմ ամեն հնարավորը, որ կապանցին իր հայրենի քաղաքում իրեն լավ զգա, համայնքապետարանն իրենը համարի»

14.09.2016 14:39
3179

Քաղաքական դաշտ վերադառնալու, Կապանում տիրող իրավիճակի եւ մի շարք խնդիրների ու ծրագրերի մասին է զրույցը Կապան համայնքի ղեկավարի թեկնածու Արտուր Աթայանի հետ:


Այցեքարտ

Արտուր Աթայան. ծնվել է 1964թ. ապրիլի 6-ին Կապան քաղաքում: 1981թ. ավարտել է Կապանի N2 միջնակարգ դպրոցը: 1982-1984թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1984 թվականից աշխատանքի է անցել Կապանի «Էլեկտրոն» գործարանում: 1988 թվականից ակտիվորեն մասնակցել է ազգային զարթոնքին, հետագայում ներգրավվել ՀՀ սահմանների պաշտպանության կազմակերպման, ինքնապաշտպանական ջոկատների ձեւավորման, սպառազինման ու հանդերձավորման գործին: 1991 թվականից ՀՅԴ անդամ է, նույն թվականից` ՀՅԴ ԿԿ գործիչն էր Սյունիքում, 1996 թվականից` ՀՅԴ «Լեռնահայաստան» մարզային կոմիտեի անդամ: 1995 թվականին քաղաքացիական նախաձեռնությամբ առաջադրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու: 2002 թվականին որպես գործարար հիմնել է «Վայբլ» ՍՊ ընկերությունը, որի տնօրենն էր մինչեւ 2008թ. նոյեմբեր ամիսը: 2008թ. հոկտեմբերի 12-ին ընտրվել է Կապանի քաղաքապետ. առաջադրվել էր քաղաքացիական նախաձեռնությամբ: 2012-16թթ. վերստին եղել է «Վայբլ» ՍՊ ընկերության տնօրեն:

Ակտիվորեն զբաղվել է հասարակական գործունեությամբ, բազմաթիվ բարեգործությունների հեղինակ է, մասնավորապես սոցիալական ու մշակութային ոլորտներում: «Սյունյաց տուն» ազգային-մշակութային ընկերության հիմնադիր անդամ է: ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի խորհրդի անդամ է, եղել է պալատի Սյունիքի մասնաճյուղի խորհրդի նախագահ: Համագործակցել է միջազգային կազմակերպությունների հետ:

2002 թվականից նախաձեռնել ու նպաստել է «Կապան-Գլենդել քույր քաղաքների ընկերակցության» հիմնադրմանը:

2008թ. նոյեմբերի 11-ին ընտրվել է «Կապան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ:

Ունի ֆինանսիստ-տնտեսագետի բարձրագույն կրթություն (2006թ. ավարտել է Երեւանի կիրառական բիոտեխնոլոգիայի ինստիտուտի տնտեսագիտության ֆակուլտետը):

Ամուսնացած է, ունի երկու որդի, մեկ դուստր, չորս թոռ:


- Պարո՛ն Աթայան, երբ 2012թ. ՏԻՄ ընտրությունների ժամանակ Ձեր թեկնածությունը հանեցիք, շատերին թվաց, թե մեծ հիասթափություն կապրեք, քաղաքական դաշտում անելիք չեք ունենա, ոմանք էլ երեւույթը որակեցին որպես Ձեր քաղաքական կարիերայի ավարտ: Բայց, ինչպես ցույց տվեց ժամանակը, չհիասթափվեցիք, նոր ուժ հավաքեցիք, չկորցրիք Ձեր ընտրազանգվածը եւ հիմա նորից առաջադրել եք Ձեր թեկնածությունը:

- 2012թ. կատարված իրադարձությունների պատճառների մասին չէի ցանկանա խոսել, բայց մի բան պետք է նշեմ. ընտրություններից անմիջապես առաջ քրեական գործ էր հարուցվել պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքով, եւ ընտրական գործընթացն ավարտվելուց հետո դատավարություն տեղի ունեցավ, որի արդյունքում վճիռ կայացվեց պետական պաշտոնում աշխատելու իրավունքից, ընտրվելու իրավունքից առժամանակ ինձ զրկելու մասին, մի խոսքով` եթե ընտրվեի, միեւնույնն է, վճիռը կկիրառվեր: Սա էր վերջին պահին թեկնածությունս հանելու հիմնական պատճառը: Այսօր, իհարկե, շատերին է հետաքրքրում այդ հարցը: Բայց հստակ կարող եմ ասել, որ թեկնածությունս կրկին առաջադրելու պատճառներից մեկն էլ այն է, որ Կապան համայնքի ղեկավարի համար հանրապետական կուսակցությունը չի առաջադրել ավելի լավ թեկնածու եւ կրկնել է նախորդ անգամվա սխալը: Իմ կարծիքով, դա ասել եմ նաեւ հանրապետական կուսակցությունից իմ ընկերներին, այդ կուսակցության տեղական կառույցում ավելի արժանավոր թեկնածուներ կան: Այնպես որ` անցած չորս տարին կորցրած ժամանակ եմ համարում Կապանի համար, իսկ առաջիկա ընտրությունը` ուշացած: Թեկնածությունս առաջադրելու ամենակարեւոր պատճառը եւս հինգ տարի մեր քաղաքն անդեմ չտեսնելու ցանկությունս է. եթե ավելի ընդունելի թեկնածու առաջադրվեր, միգուցեեւ չառաջադրվեի: Որպես քաղաքի բնակիչ` ստեղծված վիճակին չեմ կարող համակերպվել, ուստի թեկնածուի այլընտրանք առաջարկեցի` գիտակցելով, որ կապանցի ընտրողների մեծ մասի համար ցանկալի, պահանջված եւ սպասված եմ: Այդ պաշտոնում ունենալով մեծ փորձ` վստահ կարող եմ ասել, որ անցած չորս տարվա ընթացքում Կապանում էական ոչինչ չի կատարվել, այլ հակառակը` ինչոր առումով նաեւ հետընթաց ենք ապրել` հատկապես ներդրումների առումով չկարողանալով գրավիչ դարձնել համայնքը: Էլ չեմ խոսում քաղաքի սոցիալտնտեսական, հոգեւորմշակութային եւ մի շարք այլ խնդիրների մասին:

- Թե՛ հանրապետական մամուլում, թե՛ հասարակության շրջանում հաճախ է շրջանառվում այն խոսակցությունը, որ 2012թ. նախադեպը Կապանում կարող է կրկնվել 2016-ին:

- 2012թ. ընտրողները չէին կասկածում իմ քաղաքապետ ընտրվելու հավանականությանը` նույնիսկ իշխանական հզոր լծակների օգտագործման դեպքում, բայց այն ժամանակ պատճառներն այնքան զորավոր են եղել (պատճառներից գլխավորը նշեցի), որ հրաժարվել եմ հետագա պայքարից: Այս անգամ առաջադրվում եմ Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության որոշումով եւ իմ հաստատակամության երաշխիքը, նախեւառաջ, իմ կուսակցությունն է, նրա դիրքորոշումը, ինչպես նաեւ վճռականությունս: Մինչեւ վերջ կպայքարեմ: Այսօր ես մենակ չեմ, կա թիմ, որի առաջին պահանջն է` ոչ մի պարագայում թեկնածությունս չհանել:

- Մինչեւ կուսակցության գերագույն մարմինը Ձեր թեկնածության հետ կապված վերջնական որոշում ընդունեց, ՀՅԴի շրջանակներում այլ թեկնածուների անուններ էին շրջանառվում: Արդյո՞ք դա նշանակում է, որ կուսակցության կապանյան կառույցում հավակնություններ ունեցող եւ Ձեր թեկնածությունը չպաշտպանող ուրիշ մարդիկ էլ կային:

- Մինչեւ վերջնական որոշում կայացնելը տեղի է ունեցել ներկուսակցական ընտրարշավ, հավանական թեկնածուներն առաջարկել են իրենց ծրագրերը, եւ միայն համապատասխան ուսումնասիրությունը, թեկնածուների ընտրվելու հնարավորությունը հաշվի առնելով` մյուս երկու թեկնածուն հօգուտ Արտուր Աթայանի հրաժարվել են իրենց մտադրությունից: Միայն ու միայն ներկուսակցական խնդիր է եղել դա, մենք ընկերներ ենք, ու անձնական որեւէ խնդիր մեր միջեւ չկա:

- Անկախ դիրքից եւ կուսակցականությունից` Դուք անմիջական անձնավորություն եք, վերկուսակցական պահվածք ունեցող մարդ, ով, նախեւառաջ, ՀՀ քաղաքացի է: 2012թ. դեպքերից հետո մարզային իշխանությունների հետ կոնֆլիկտներ չեք առաջացրել, վիրավորվածի կեցվածք չեք ընդունել, այլ հակառակը` հանգիստ զբաղվել եք Ձեր գործերով: Համոզված ենք` ընտրվելու դեպքում իշխող կուսակցության ներկայացուցիչների հետ կպահպանեք նորմալ, գործնական հարաբերությունները: Բայց մի հանգամանք պիտի արձանագրենք. այսօր հանրապետության, մարզի իշխանություններին հայհոյողները (եւ ոչ թե քննադատողները), կարծեք, Արտուր Աթայանի շրջապատից են. արդյո՞ք դա հետագայում իշխանությունների հետ կոնֆլիկտներ ունենալու, միմյանց չհասկանալու ավելորդ առիթ չի հանդիսանա:

- Երբ մեկ ամիս առաջ մեր կոմիտեությանը ներկայացրի նախընտրական ծրագիրս, առաջին պայմաններիցս մեկն այն էր, որ ընտրվելու դեպքում կլինեմ բոլոր կապանցիների քաղաքապետը եւ ամեն ինչ կանեմ հանուն կապանցիների բարօրության: Ինձ համար նշանակություն չի ունենա մարդու կուսակցական պատկանելությունը. սա օրինաչափ են համարում նաեւ կուսակցական ընկերներս: Մարզային իշխանությունների հետ մշտապես ունեցել եմ կառուցողական հարաբերություններ` ամեն կերպ ձգտելով օգտակար լինել թե՛ քաղաքին, թե՛ մարզին առհասարակ:

Ինչ վերաբերում է իմ շրջապատի որոշ մարդկանց պահվածքին, խոսքերին` ես որեւէ առնչություն չունեմ այդ ամենի հետ: Եթե որեւիցե մեկին ասելիք եմ ունենում, դա անում եմ առերես եւ անում եմ կոռեկտ ու քաղաքակիրթ: Վերջին չորս տարիներին ձգտել եմ հնարավորինս հեռու մնալ լրատվամիջոցներից, ամենատարբեր կոնֆլիկտներից ու քաղաքական այլեւայլ գործընթացներից. իմ ոճը չէ մարդկանց թիկունքից հարվածելը: Իսկ շրջապատի մարդկանց նմանօրինակ գործողությունները մշտապես փորձում եմ չափավորել…

- Հայ հանրության մեջ ընտրությունները կեղծելու մտավախություն կա` չնայած վերջին տարիներին Կապանը թե՛ ՏԻՄ, թե՛ համապետական ընտրություններին կարողացել է պահել իր սեփական դեմքը, կարողացել է տեր կանգնել իր քվեին: Այնուհանդերձ, ի՞նչ երաշխիք ունի ընտրողը, որ առաջիկա ընտրություններում արդարացիություն, թափանցիկություն, օրինականություն կապահովվի:

- Այս ոլորտում նորելուկ չեմ եւ ընտրական գործընթացներին ակտիվ մասնակցում եմ դեռեւս 2000 թվականից: Հանձնաժողովներում կուսակցական ընկերներիս, համակիրներիս մեծ ընդգրկվածությունն է, նախեւառաջ, իմ երաշխիքը: Հավաստիացնում եմ, ինչպես նախկինում, այս անգամ եւս տեր ենք կանգնելու մեր ձայներին: Երաշխավորում եմ, որ կլինի արդար քվեարկություն եւ ոչ մի ապօրինի գործողություն: Հոկտեմբերի 2-ին կունենանք ընտրաձայների հստակ պատկեր, ժողովրդի կամարտահայտությամբ ձեւավորված ուժերի պարզորոշ դասավորվածություն: Ուրիշ կերպ չեմ պատկերացնում հոկտեմբերի 2-ի ընտրությունները:

- Մարզկենտրոնի առաջ բազում խնդիրներ կան, բայց որո՞նք են Ձեզ առավել մտահոգող խնդիրները, որ ընտրվելուց հետո կլինեն համայնքապետարանի ուշադրության կենտրոնում:

- Կապանի բոլոր հիմնախնդիրներին մանրամասն ծանոթ եմ` թաղամաս առ թաղամաս, շենք առ շենք, բայց, իմ կարծիքով, այստեղ ամենաառաջնային խնդիրը մարդկանց զբաղվածության ապահովումն է, որ շատ եմ կարեւորում հատկապես երիտասարդների համար: Այսօր Կապանը մեկ այլ կարգի կորուստ է ապրում, այն է` լավագույն երիտասարդները մայրաքաղաքում սովորելուց հետո կա՛մ չեն վերադառնում հայրենի քաղաք, կա՛մ տեղում համապատասխան աշխատանք չգտնելով` լքում են այն: Եթե այս տեմպերով շարունակվի, մեր ապագան լրջորեն կվտանգվի: Պետք է ամեն ինչ անենք երիտասարդների զբաղվածության հարցը լուծելու համար: Երկրորդ խնդիրը ներդրումների համար գրավիչ միջավայր ստեղծելն է: Գործարարները պետք է շահույթ ստանալու երաշխիք ունենան: Մյուս բոլոր խնդիրները սոցիալական բնույթի են. ներհամայնքային ճանապարհների, բակերի, մայթերի բարեկարգում, տանիքների նորոգում, խաղահրապարակների ավելացում եւ այլն: Կարեւոր է նաեւ քաղաքի հոգեւորմշակութային կյանքի աշխուժացումը, ինչի կարիքը, հավատացնում եմ, բոլորս ունենք:

- Իսկ ի՞նչ կասեք քաղաքի բնապահպանական ոլորտում տիրող վիճակի վերաբերյալ:

- Բավականաչափ աշխատանքներ պետք է կատարվեն: Բնական է, որ հանքարդյունաբերական ձեռնարկությունների գործունեությունը հնարավոր չէ դադարեցնել, բայց այդ ընկերությունները կարող են նվազագույնի հասցնել վնասակար հետեւանքները: Չպետք է թույլ տանք, որ մտածեն, թե քաղաքն անտեր է, եւ ինչ ցանկանան, այն էլ կարող են անել: Ժողովուրդն ուզում է առողջ ապրել, եւ հանքարդյունաբերական ընկերությունները պարտավոր են իրենց շահույթի հաշվին առողջապահական, հանգստի եւ այլ հարցեր լուծել, որ հնարավորինս քիչ տուժենք: Այդ ընկերությունները ներդրումներ պետք է կատարեն առողջ միջավայրի պահպանման ուղղությամբ:

- Ինչպե՞ս եք վերաբերվում համայնքների խոշորացմանը կամ միավորմանը, որ հիմա ընթանում է հանրապետությունում, ինչպես եւ մեր մարզում:

- Ճիշտն ասած, համայնքների խոշորացմանը կամ միավորմանը համաձայն չեմ: Յուրաքանչյուր համայնք, անկախ նրանից` մե՞ծ է, թե՞ փոքր, ինքնակառավարման իրավունք ունի: Ֆինանսական տնտեսումների համար չպետք է գնալ համայնքների խոշորացման ճանապարհով, քանի որ դա լրացուցիչ խնդիրներ կստեղծի խոշորացվող համայնքի բնակչի համար: Իմ կարծիքով` այդ քայլը չի կարող նպաստել գյուղերի պահպանմանը, առավել եւս` զարգացմանը:

- Ի՞նչ դասեր կարելի է քաղել ապրիլյան քառօրյա պատերազմից եւ ոստիկանության ՊՊԾ գնդի շուրջ հուլիսին տեղի ունեցած միջադեպից:

- Ցավալիորեն պետք է արձանագրեմ, որ մենք պատրաստ չէինք ապրիլյան պատերազմին, եւ հակառակորդի հանկարծակի հարձակումը, իմ կարծիքով, անակնկալի բերեց, եւ թշնամու` որոշ տարածքներ մտնելը չպետք է տեղի ունենար: Այդ օրերին ինձ հիացրեց եւ հպարտություն պատճառեց մեր ժողովրդի միասնականությունը, որ, անկախ ամեն ինչից, նետվեց մարտի դաշտ: Իմ կարծիքով` ժողովուրդը սրանով վերջին անգամ զգուշացրեց իշխանությանը` ուժեղացնել եւ արդիականացնել բանակը, պաշտպանել ու ամրացնել սահմանները: Մեր ազգը ցույց տվեց, որ հատկապես բանակաշինության առումով մշտապես պատրաստ է աջակցել պետությանը: Իսկ մեր իշխանություններին օրեր պահանջվեց սթափվելու եւ արթնանալու համար:

Հուլիսյան դեպքերի վերաբերյալ կարող եմ ասել, որ ցավալի է, երբ մեր երկրում նմանատիպ իրադարձություններ են կատարվում, ինչի արդյունքում նույնիսկ մարդիկ են զոհվում: Բայց սա բողոքի վերջին ճիչն էր. ստացվում է` մարդիկ ամեն ինչ փորձել էին, եւ արդեն օրինական ճանապարհով ինչոր բանի հասնել հնարավոր չէր: Իհարկե, սխալ քայլ է զենքի ուժին դիմելը, բայց նաեւ մեր ղեկավարությունը պետք է այնպիսի պայմաններ ստեղծի, որ մարդիկ, այլ ելք չտեսնելով, ծայրահեղ քայլերի չդիմեն: Միանշանակ որեւէ կողմին մեղադրելն արդարացի չէ. երկու կողմն էլ մեղավորության իրենց չափն ունեն, պարզապես կարելի էր եւ խուսափել այդ միջադեպից:

- Ձեր դիրքորոշումը ՀՀ նոր սահմանադրության վերաբերյալ:

- ՀՀ նոր սահմանադրությանը քվեարկել եմ այո, ինչն իմ կուսակցության որոշումն է եղել: Անձամբ այնքան էլ համաձայն չեմ դրան: Իմ կարծիքով, պատերազմի վտանգի առաջ կանգնած պետությունը պետք է ուժեղ նախագահական կառավարում ունենա եւ ոչ թե խորհրդարանական:

- Ավագանու ինստիտուտի նկատմամբ, կարծեք, երիտասարդների հետաքրքրությունը մեծացել է: Սա է վկայում հատկապես Կապանում ավագանու 15 անդամի համար 31 թեկնածու ունենալը:

- Այդ ակտիվությունն ինձ ոգեւորում է, ուրախ եմ, որ երիտասարդները ձգտում են մասնակցություն ունենալ համայնքի կառավարման գործընթացին: Անձամբ որեւէ մեկի թեկնածությունը չեմ պաշտպանում, ամեն ինչ թողնենք ընտրողների հայեցողությանը: Պատրաստ եմ աշխատել ժողովրդի կողմից ընտրված ավագանու հետ:

- Համայնքային ենթակայության տակ գործում են համատիրություններ, որոնք չեն արդարացնում բնակիչների սպասելիքները: Եվ անվստահությունից դրդված՝ մարդիկ հրաժարվում են վճարում կատարել` բավարարվելով միայն, անհրաժեշտության դեպքում, տեղեկանքի համար գումար տալով:

- Համատիրությունը զարգացած երկրներում լուրջ կառույց է համարվում, իսկ մեզանում ֆինանսական ներարկումների բացակայության պայմաններում գրեթե անիմաստ է դառնում նրա գոյությունը: Բնակիչներից գանձվող գումարը հազիվ բավականացնում է հիմնարկի գոյության պահպանմանը: Իմ կարծիքով` ճիշտը մեկ ընդհանուր` համայնքային ոչ առեւտրային կառույց ստեղծելն է` իր համապատասխան ծառայություններով, կենտրոնացված վճարումներով: Մեկ կառույցի դեպքում համայնքն էլ ներդրում կկատարի` բնակչության որոշակի խնդիրները լուծելու համար. թե չէ այս կարգավիճակով եւ նման գործելակերպով դրանք մեռնող կառույցներ են:

- Բարգավաճ Հայաստան կուսակցության թեկնածու Արթուր Մարտիրոսյանի նկատմամբ Ձեր դիրքորոշումը:

- Անձամբ ճանաչում եմ Արթուր Մարտիրոսյանին, նորմալ հարաբերություններ ունենք: Նա ինքնառաջադրվել է, բայց Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ է: Միգուցե եւ կուսակցությունն այս առաջադրմամբ փորձում է պարզել 2017թ. ԱԺ ընտրությունների ժամանակ իրեն տրվելիք ձայների մոտավոր քանակը: Չնայած համոզված եմ` Աժ գալիք ընտրություններում այդ կուսակցությունը մեր տարածաշրջանից չի կարողանա հավաքել այնքան ձայն, ինչ հավաքեց ԱԺ վերջին ընտրությունների ժամանակ: Այնպես որ Արթուր Մարտիրոսյանի առաջադրմամբ որեւէ խնդիր` ուժերի հարաբերակցության փոփոխման առումով, չեմ տեսնում:

- Ընտրությունից ընտրություն խոսակցություններ են շրջանառվում, որ ընտրված ղեկավարն իր հետ կբերի նոր աշխատակազմ, նախորդ ղեկավարի կառավարման ընթացքում աշխատանքի ընդունված մարդկանց կհեռացնի եւ այլն, ինչը բազմաթիվ մարդկանց անհանգստություն է պատճառում:

- Երբ 2008թ. ընտրվել եմ համայնքի ղեկավար, կադրային այդպիսի խնդիր չեմ դրել, բացի նրանից, որ նշանակել եմ նոր տեղակալ, աշխատակազմի ղեկավար, մամլո քարտուղար, այսինքն` փոխել եմ միայն ինձ հետ անմիջապես աշխատող մարդկանց: Մշտապես հայտարարել եմ` ով իմ աշխատանքային տեմպին համընթաց քայլի, կշարունակի իր աշխատանքը: Չորս տարվա պաշտոնավարման ընթացքում մարդկանց աշխատանքից չեմ հեռացրել, հակառակը` աշխատատեղեր եմ ավելացրել: Իմ գործելակերպին ծանոթ մարդիկ գիտեն, որ ընտրվելու դեպքում ոչ մեկն աշխատանքից չի հեռացվի: Իր մասնագիտությանը լավագույնս տիրապետող անձը չպետք է վախենա իր աշխատատեղի կորստից, ինձ համար բնավ նշանակություն չունի, թե իրենց վստահության քվեն ում են տվել:

- Հեռո՞ւ է այն ժամանակը, երբ ընտրությունից հետո մարդիկ իրար կժպտան, հակառակորդ չեն դառնա միմյանց, թշնամիների փնտրտուք չի լինի:

- Իմ ընտրվելու դեպքում, կարծում եմ, Կապանին հենց նման խաղաղ իրավիճակ է սպասվում:

- Առհասարակ ինչպե՞ս եք վերաբերվում քննադատությանը, բացախոսությանը, թափանցիկ գործելակերպին:

- Ոչ մի անգամ չեմ խուսափել առողջ քննադատությունից, հակառակը, այն մեծ օգուտ է բերել ինձ: Եթե ի վիճակի ես տեսնել, ընդունել եւ ընկալել սխալդ, ապա հաջորդ անգամ դա չես կրկնի: Դեմագոգիային կողմնակից չեմ, եւ հետագայում պատրաստ եմ բոլորի հետ համագործակցության հիմքեր ստեղծել:

- Մոտակա օրերին կնշենք մեր անկախ պետականության վերականգնման 25-ամյակը: Ո՞րն է մեր ամենամեծ ձեռքբերումն այդ տարիների ընթացքում:

- Անկախ պետականության կերտման ճանապարհին չափազանց կարեւորել եւ կարեւորում եմ հայկական բանակի ձեւավորումը, հայոց ցեղասպանության հարցը համաշխարհային մակարդակի հասցնելը եւ այն ձեռքբերումները, որ ունենք ժողովրդավարության առումով: Ցավում եմ, որ բավականին շատ հայորդիներ բռնել են արտագաղթի ճամփան. սա վտանգավոր երեւույթ է, եւ ցավ եմ համարում: Պետք է ամեն ինչ անենք արտագաղթի դեմն առնելու համար, այլապես երկրի ներսում լուրջ ցնցումներն անխուսափելի կլինեն: Բազում թերություններով հանդերձ` ամենակարեւորն այն է, որ ունենք անկախ պետականություն եւ այդ երկրի քաղաքացին լինելով` տեր պիտի կանգնենք մեր` այդքան դժվարությամբ ձեռք բերած անկախությանը:

- Պաշտոնավարման չորս տարվա ընթացքում` 2008-12թթ., բավականին աշխուժացավ քաղաքի մշակութային կյանքը, հատկապես համաքաղաքային եւ համապետական տոներն առանձնակի շուքով էին նշվում: Պաշտոնաթողությունից հետո էլ շարունակեցիք ուշադրության կենտրոնում պահել այդ ոլորտը` մասնավորապես հովանավորելով կապանյան ծագումով կաթողիկոս Մովսես Տաթեւացուն (Խոտանանցուն) նվիրված` «Սյունյաց երկիր» թերթի հատուկ համարի լույսընծայումը: Ընտրվելու դեպքում քաղաքի հոգեւորմշակութային, մարզական կյանքի ավանդույթները վերականգնելու մտադրություն ունե՞ք:

- Ինչքան պետության խնդիրներն ավելանում են, բնականաբար, այնքան մարդիկ հոգսաշատ են դառնում: Եվ առօրյա հոգսերը ժամանակավորապես մոռանալու լավագույն տարբերակը մշակութային, մարզական կյանքի աշխուժացումն է: Մեր քաղաքին նմանատիպ միջոցառումներ շատ են անհրաժեշտ, եւ եթե նախկինում մեծ շուքով ենք դրանք նշել, ապա միակ նպատակը մարդկանց լիցքաթափելն էր, դրական հույզեր պարգեւելը: Համայնքի ղեկավար ընտրվելու դեպքում, անշուշտ, կստեղծվեն բոլոր հնարավոր պայմանները մշակութային, մարզական կյանքի աշխուժացման, ազատ ժամանցի եւ հանգստի արդյունավետ կազմակերպման համար:

- Քաղաքաշինության ոլորտի մասնագետ չենք, բայց տեսանելի է, որ հատկապես վերջին տարիներին Կապանի քաղաքաշինական դեմքում լուրջ աղավաղումներ են տեղի ունենում: Եվ, կարելի է ասել, մարզկենտրոնի քաղաքաշինական դեմքի անաղարտությունը պահպանելը եւս մտահոգիչ խնդիր է:

- Դժբախտաբար, շատ արժեքներ այդ բնագավառում անդառնալի կորցրել ենք: Ժամանակին տեղի են ունեցել հողհատկացումներ, սեփականաշնորհումներ, եւ մարդիկ այնտեղ կառուցել են շինություններ: Բայց գոնե մնացած մասը պահելու, քաղաքաշինական դեմքի` վաղուց սկիզբ առած աղավաղման գործընթացը կասեցնելու քայլեր կձեռնարկենք: Եթե պետությունն ուժեղ լինի, համայնքը` վճարունակ, ապա կարելի է ժամանակին կառուցված շատ շինությունների դիմաց մարդուն փոխհատուցում տալ եւ պահանջել այն քանդել, բայց…

- Անմիջապես քաղաքի մուտքում գտնվող գերեզմանատունն այնքան է մեծացել, որ արդեն ճանապարհի հարեւանությամբ են թաղումներ կատարում, ինչը, հավատացեք, արտառոցության տպավորություն է թողնում: Հնարավոր չէ՞ արդյոք նոր գերեզմանատան համար հողհատկացում կատարել կամ գործող գերեզմանոցում մշտական աշխատող պահել` տարածքի վերահսկման համար. չէ՞ որ հաճախ անասունները վնաս են հասցնում գերեզմանաքարերին, նոր շիրմաթմբերին…

- Նախկինում այդ հարցը մի քանի անգամ բարձրացրել եմ, երբ դեռ գերեզմանոցն այդքան չէր ծավալվել, ԱԺի դաշնակցական պատգամավորների հետ նույնպես խորհրդակցել եմ հարցի շուրջ: Իմ կարծիքով` անպայման պետք է կատարել նոր հողհատկացում… Նմանատիպ խնդիր հանրապետության այլ բնակավայրերում էլ կա, ուստիեւ ժամանակն է, որ խնդիրը կարգավորվի օրենքի ուժով:

- Դուք նշեցիք, որ դեմ եք համայնքների խոշորացմանը, բայց չմոռանանք, որ ներկայիս Կապանը նույնպես խոշորացված համայնք է. նրան են միավորվել հարակից մի շարք գյուղեր` Վաչագան, Կավարտ, Արփիկ եւ այլն: Բայց անցած տարիներին, կարծեք, համայնքի համաչափ զարգացման խնդիրը մոռացվել է: Թաղամասերում շարունակվում են օրակարգային մնալ ներհամայնքային ճանապարհների, այլ ենթակառույցների նորոգման եւ ուրիշ խնդիրներ: Ձեր ծրագրում ներառե՞լ եք համաչափ զարգացման խնդիրը:

- Իմ պաշտոնավարման ժամանակ Կավարտի ճանապարհի նորոգման համար շատ պայքարեցի, ի վերջո որոշակի աշխատանք կատարվեց, բայց գումարը բավարար չլինելու պատճառով աշխատանքները չշարունակվեցին: Առհասարակ համայնքային բյուջեով հնարավոր չէ ճանապարհների նորոգման աշխատանքներ, լուրջ ծրագրեր իրականացնել: Սա նաեւ մարզային իշխանությունների միջամտություն, հանքարդյունաբերական ընկերությունների ներդրում, ինչոր առումով նաեւ խնդիրն ըստ պատշաճի ներկայացնել է պահանջում: Իսկ քաղաքի բոլոր թաղամասերի համաչափ զարգացումն իրոք որ օրակարգային է:

- Հայաստանում ընտրությունների ընթացքում վարչական ռեսուրսը գործոն համարո՞ւմ եք, թե՞ չէ:

- Վարչական ռեսուրսը գործոն համարում եմ, ձայների առնվազն 20 տոկոսը վերցնում են այդ ճանապարհով: Բայց մի բան էլ կարող եմ նշել` Կապանում, հատկապես վերջին շրջանում անցկացված ընտրությունների ժամանակ, ակնհայտ դարձավ, որ ոչ մի լծակ չի կարող ազդել կապանցու վրա, այդ թվում` վարչական լծակը: Ազատ կամարտահայտմամբ ընտրությունները Կապանում արդեն իրականություն կարելի է համարել: Ուժեղ մտավորական խավ կա մեր քաղաքում, որ հանրապետությունում չի զիջում ոչ մի քաղաքի: Երաշխիք է նաեւ այն, որ տնտեսվարող սուբյեկտները մեծ ազդեցություն չեն թողնի ընտրությունների վրա, որովհետեւ ինչոր տեղ գիտակցում են նաեւ, որ այստեղ գործ ունեն սկզբունքային, վճռական մարդկանց հետ:

- Պարո՛ն Աթայան, Կապանի նման քաղաքի համար պատվաբեր չէ մաքրման կայան չունենալը: Տեղյակ ենք, որ դրա համար լուրջ ֆինանսական միջոցներ են հարկավոր, բայց գիտենք նաեւ, որ մաքրման կայանի եւ աղբավայրերի հետ կապված ծրագրեր են եղել ու կան:

- Քաղաքապետ աշխատելուս տարիներին աղբի մշակման հարցերով հանդիպել եմ տարբեր միջազգային ընկերությունների ներկայացուցիչների հետ, բայց աղբի այն քանակը, որ իրենք էին պահանջում մշակման համար, չկար: Արդյունքում սա այդ ընկերությունների համար ոչ շահութաբեր բիզնես էր: Եվ հիմա աղբավայրերի խնդրի լուծման հետ կապված ուղիները համայնքապետարանը պետք է գտնի:

Նախկինում քաղաքում գործում էր կազմակերպություն, որ, քաղաքապետարանի հետ կնքված պայմանագրի համաձայն, զբաղվում էր ճանապարհների մաքրման հարցերով, ինչի համար համապատասխան տեխնիկա էր ձեռք բերել եւ պրոֆեսիոնալ մակարդակով կատարում էր իր աշխատանքը: Բայց իմ պաշտոնաթողությունից հետո այլեւս պայմանագիր չի կնքվել այդ ընկերության հետ, եւ մարդիկ, երաշխիքներ չունենալով, վաճառել են տեխնիկան:

- Չնայած վերջին տարիներին «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերությունը քաղաքի ներքին ջրատար ցանցում բավականաչափ հիմնանորոգման աշխատանքներ է կատարել, բայց դեռեւս խնդիրներ կան:

- Սկսեմ նրանից, որ այն ժամանակ ես ամեն ինչ արեցի, որ ներքին ջրատար ցանցը չհանձնվի «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸին: Կապանում դեռեւս կան թաղամասեր, որտեղ չկա շուրջօրյա ջրամատակարարում, չնայած որ համապատասխան ջրի պաշար ունենք: Ջրի ճնշման, որակի եւ մի շարք խնդիրներ դեռեւս լուծում են պահանջում: Այդ ընկերությունը պետք է երաշխավորի որակյալ եւ կայուն ջրամատակարարում:

- 2010թ. հոկտեմբերի 15-ին տեղի ունեցավ Կապանում բնակելի բազմաբնակարան շենք կառուցելու հիմնարկեք, որին մասնակցեց նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Բայց, ինչպես ժամանակը ցույց տվեց, այն իրականություն չդարձավ, իսկ մարդիկ այդպես էլ չհասկացան աշխատանքների կասեցման պատճառները:

- Կապանի արհեստական լճի տարածքում բազմաբնակարան շենք կառուցելու ծրագիրը բավականին մեծ ոգեւորություն էր առաջացրել երիտասարդության շրջանում, բայց անհասկանալի պատճառներով աշխատանքները կասեցվեցին, եւ դրա մասին ոչ ոք չի խոսում մինչեւ հիմա: Այնտեղ բավականին լավ հանգստյան գոտի կար, որ կարելի էր վերականգնել, բայց առաջնայնությունը տրվեց երիտասարդների համար բնակարան կառուցելու ծրագրին, որ շատ ավելի կարեւոր էր: Լավ կլիներ, որ մարդիկ պատկան մարմիններից ստանային հստակ պատասխան այդ գրավիչ ծրագիրն իրականություն չդառնալու պատճառների վերաբերյալ, ինչպես եւ տարածքում նախկին իրավիճակը վերականգնելու ծրագրերի մասին:

- Ձեր խոսքն ընտրողներին:

- Նախեւառաջ շնորհակալություն իմ ընտրողներին, որ այս տարիներին ինձ չեն մոռացել, եւ նրանց աջակցության շունչը մշտապես զգացել եմ: Ընտրողը չի ամաչի, եթե հոկտեմբերի 2-ին իր քվեն վերստին տա ինձ: Կանեմ ամեն հնարավորը, որ կապանցին իր հայրենի քաղաքում իրեն լավ զգա, համայնքապետին եւ համայնքապետարանն իրենը համարի:

Զրույցը` ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

21.12.2024 09:29

Կապան համայնքի կանանց երգչախմբի համերգը

20.12.2024 21:31