Արթուր Մարտիրոսյան. «Քաղաքապետ չեն ընտրվում աշխատասենյակում նստելու համար. քաղաքապետը մշտապես պետք է ժողովրդի մեջ լինի»

16.09.2016 15:05
3320

Հոկտեմբերի 2-ին Կապանում կայանալիք ՏԻՄ ընտրություններում հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել: Երբեմնի երկբեւեռ Կապանի փոխարեն այսօր գործ ունենք եռաբեւեռ Կապանի հետ: Թե կապանցին իր վստահության քվեն ում կտա, ցույց կտա ժամանակը: Մինչ այդ կապանյան մի շարք խնդիրների, դրանց լուծման ուղիների, ստեղծված իրավիճակի մասին զրուցեցինք Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ, բայց ինքնառաջադրմամբ ընտրությանը մասնակցող Արթուր Մարտիրոսյանի հետ:


Այցեքարտ

Արթուր Մարտիրոսյան. ծնվել է 1964թ. հոկտեմբերի 8-ին Կապան քաղաքում:  1971-1981թթ. սովորել եւ ավարտել է Կապանի թիվ 1 միջնակարգ դպրոցը: 1982-1984թթ. ծառայել է խորհրդային բանակում` Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում:

1984-1990թթ. աշխատել է «Էլեկտրոն» հայկական արտադրական միավորման Կապանի մասնաճյուղում:

1988թ. փետրվարից անդամագրվել է Ղարաբաղյան շարժմանը: Եղել է Երկրապահ կամավորների միության Կապանի տարածքային բաժանմունքի անդամ:

1990-2013թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում, որից 1990-1993թթ. եղել է ՀՀ ԶՈՒ հատուկ գնդի Կապանի վաշտի հրամանատարի տեղակալ:

1993-1998թթ. նշանակվել է Կապանի նորաստեղծ բրիգադի 7-րդ (Կարմրաքարի) գումարտակի հրամանատար, մասնակցել Կապանի, Լաչինի, Կուբաթլուի, Զանգելանի, Ֆիզուլու, Ջաբրաիլի, Հորադիզի ուղղություններով մարտական գործողություններին:

1998-2002թթ. նշանակվել է գնդի հրամանատարի տեղակալ:

2002-2004թթ. ուսանել է Ռուսաստանի Դաշնության Ֆրունզեի անվան համազորային ակադեմիայում, ստացել բարձրագույն զինվորական կրթություն, ունի գնդապետի կոչում: Ուսումն ավարտելուց հետո 2005-2013թթ. զբաղեցրել է բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնը:

2013թ. անցել է երկարամյա զինվորական ծառայության թոշակի:

2013 թվականից Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ է:

Պարգեւատրվել է ՀՀ «Մարտական ծառայություն», ԼՂՀ «Մարտական ծառայություն» մեդալներով, ՀՀ պաշտպանության նախարարության «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան», «Անբասիր ծառայության առաջին աստիճանի», «Անբասիր ծառայության երկրորդ աստիճանի», «Անբասիր ծառայության երրորդ աստիճանի», «ՀՀ զինված ուժեր-20 տարի» հոբելյանական մեդալներով, ԱՄՆ «Կանզասի Ազգային գվարդիայի», «Հայաստանի Երկրապահ», «97-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի 15-ամյակ»-ի, ՀՀ Կապան համայնքի «Կապան», «ԼՂՀ զինված ուժերի 20 տարի» հոբելյանական հուշամեդալներով:

Ամուսնացած է, ունի երկու երեխա` ուստր եւ դուստր:


- Պարո՛ն Մարտիրոսյան, սյունիքյան քաղաքական կյանքում նոր դեմք եք, մինչ այդ Ձեզ ճանաչում էին որպես զինվորական գործիչ: Համառոտ բնութագրեք Ձեզ:

- Չեմ ուզում ինքս ինձ գնահատական տալ, ինձ ճանաչող կապանցիներն ավելի ճիշտ կբնութագրեն: Դպրոցական տարիներից սկսած՝ եղել եմ ազնիվ բոլորի հանդեպ, անմնացորդ նվիրումով ծառայել հայրենիքիս ու ժողովրդիս:

- Քաղաքում հայտնի եք որպես ազնիվ համբավ ունեցող անձնավորություն: Ինչո՞ւ որոշեցիք Կապան համայնքը գլխավորելու հայտ ներկայացնել՝ իմանալով, որ ստանձնելու եք (ընտրվելու դեպքում) չափազանց պատասխանատու եւ բարդ աշխատանք:

- Մեր հասարակության մեջ անընդհատ ասել են, որ քաղաքականությունն անբարոյականություն է, իսկ քաղաքական գործիչներն ասոցացվել են խաբեությամբ ու խարդախությամբ ժողովրդի հասանելիքը յուրացնողների հետ: Առաջադրել եմ թեկնածությունս, որ ընտրվելու դեպքում փոխեմ քաղաքական գործչի մասին ժողովրդի պատկերացումները:

Իմ առաջադրվելը բնավ քաղաքական խնդիր չէ, իմ կարծիքով, Կապան համայնքի ղեկավարն ավելի շատ տնտեսական մարդ պետք է լինի, կամային ուժեղ հատկանիշներով օժտված եւ սրտացավ: Տեսնելով մարդկանց սոցիալ-տնտեսական ծանր վիճակը, քաղաքում առկա բազում եւ բազմաբնույթ խնդիրները, համեմատություններ անելով նախկինում կապանցիների արժանապատվության, նրանց ապրելակերպի հետ՝ ցավում եմ, որ այսօրվա կապանցին թե՛ բարոյահոգեբանական, թե՛ սոցիալ-տնտեսական վիճակով զգալիորեն տարբերվում է նախորդ շրջանի կապանցուց: Ստեղծված իրավիճակից ելնելով՝ որոշեցի համայնքի ղեկավարի թեկնածությունս առաջադրել: Քաղաքացիներիս վստահության քվեն ստանալու դեպքում կարող եմ համայնքի զարգացման համար լուրջ նախադրյալներ ստեղծել, կյանքի կոչել տարբեր ծրագրեր՝ ի նպաստ Կապանի եւ կապանցիների բարօրության: Իմ մեջ տեսնում եմ այն ներուժը, եռանդը, կամքն ու նպատակասլացությունը, որոնց շնորհիվ ծրագրերիս  իրականացումը մեծ ձեռքբերում կհամարեմ: Հասկանալի է, որ համայնքի ղեկավարը շատ լիազորություններ չունի, բայց ժողովրդի հանդեպ սրտացավությունը, իսկապես ժողովրդին ծառայելու ցանկությունը բավարար են մի շարք հարցեր լուծելու համար:            

- Հանրության մեջ հաճախ է քննարկվում հարցը, որ Արթուր Մարտիրոսյանը Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ է, բայց ինքնառաջադրվել է: Կարծիքներից մեկի համաձայն՝ այդ կուսակցությունն այլեւս այն կշիռը չունի Կապանում:

- Շատ նորմալ եմ համարում, երբ մարդու կուսակցական պատկանելությունը չի խանգարում վերկուսակցական գաղափարներ ունենալուն: Կարող էի եւ կուսակցության առաջադրմամբ մասնակցել ընտրություններին, բայց ինքնառաջադրվեցի, որ, նախեւառաջ, ապացուցեմ, որ մեր քաղաքում կուսակցական խնդիր չկա, կուսակցություններն ընդամենը միջոց են քաղաքի զարգացմանը նպաստելու համար: Առհասարակ արատավոր երեւույթներից մեկն էլ այն է, որ որոշ ղեկավարներ ընտրվելուց անմիջապես հետո ձեւավորում են իրենց թիմը՝ հիմքում դնելով կուսակցական պատկանելությունը: Իմ ընտրվելու դեպքում նման երեւույթ չի լինի քաղաքապետարանում, քանի որ քաղաքապետը բոլորինը պետք է լինի, քաղաքապետարանը՝ չկուսակցականացված:

Մի փոքրիկ օրինակ բերեմ. այս տարիներին մեր կուսակցության ուղարկած ամեն տեսակի օգնությունը բաշխվել է հավասարապես, ըստ մարդկանց կարիքի՝ առանց հաշվի առնելու կուսակցական պատկանելությունը:       

- Ձեր հակառակորդները հաճախ են շահարկում փաստը, որ համապատասխան աշխատանքային փորձ, կրթություն չունեք. այդ հանգամանքներից ելնելով՝ ինչպե՞ս կարող եք հավակնել քաղաքապետի աթոռին: 

- Հարցին հարցով պատասխանեմ. ինչպե՞ս կարող է պոլիտեխնիկ, պրոֆտեխուսումնարան ավարտած մարդը ղեկավարել քաղաքը, իսկ զինվորական բարձրագույն կրթություն (ՌԴ Ֆրունզեի անվան համազորային ակադեմիա, որտեղ ուսանել են նշանավոր ռազմական գործիչներ) ստացած մարդը՝ ոչ:  24 տարեկանից զբաղեցրել եմ ղեկավար պաշտոններ. զինվորական մասնագիտությունս զորքերի կառավարումն է, քաղաքացիական մասնագիտությունս՝ պետական կառավարումը: Աշխատանքային գործունեության տարիներին ղեկավարվել եմ նախեւառաջ զինվորին ողջ եւ առողջ պահելու սկզբունքով, որ իր մեջ ներառում է ե՛ւ բյուջե, ե՛ւ տնտեսություն, ե՛ւ պատասխանատվություն: Մի՞թե իմ անցած ճանապարհը կառավարման համապատասխան փորձ ունենալու մասին չի վկայում:    

- Մինչ Ձեր առաջադրումը, Կապանում հատկապես վերջին չորս տարում, երկու բեւեռ կար: Ներկայումս, ի դեմ Ձեզ, ստեղծվել է երրորդ բեւեռ: Ո՞վ է, Ձեր կարծիքով, Արթուր Մարտիրոսյանի ընտրողը, այսպես ասած՝ սոցիալական ու քաղաքական հենարանը:  

- Իմ ընտրողը կապանցին է: Առաջադրված մյուս երկու թեկնածու Արտուր Աթայանի եւ Աշոտ Հայրապետյանի հետ նորմալ հարաբերություններ ունեմ, երբեւիցե անձնական խնդիրներ չեմ ունեցել նրանց հետ եւ եթե թերություններ էլ նկատել եմ նրանց պաշտոնավարման ընթացքում, չեմ վարկաբեկել. դա իմ գործելակերպը չէ: Իմ առաջադրմամբ ժողովրդիս առաջարկում եմ ծառայությունս, որովհետեւ քաղաքապետը ծառայության պետք է գնա, ոչ թե աշխատանքի: Ինձ համար գերխնդիր չէ քաղաքապետի պաշտոնը շարունակական դարձնելը, այլ նպատակ ունեմ ժողովրդին ցույց տալ, թե ինչպես պետք է ղեկավարել քաղաքը, ճիշտ կառավարման ամուր հիմքեր դնել, այնուհետեւ էստաֆետը հանձնել երիտասարդներին. ժամանակը նրանցն է: Երիտասարդ քաղաքապետարան ձեւավորելն իմ առաջնային նպատակներից է, իսկ առավել փորձառու աշխատակիցներն իրենց գիտելիքներն ու փորձը պետք է փոխանցեն նրանց: Հավատացնում եմ՝ մեր քաղաքում գրագետ, քաղաքի հոգսերով ապրող երիտասարդական ներուժ կա, որին անպայման պետք է ներգրավել քաղաքի կառավարման գործում: Մի խոսքով՝ իմ ընտրազանգվածը բնակչության տարբեր խավերից է. կվստահեն, կընտրեն եւ կպահանջեն:     
- Եվ, այնուամենայնիվ, Կապանում նոր քաղաքական իրավիճակ է ստեղծվել. այսինքն՝ մենք երբեմնի երկբեւեռի փոխարեն ունենք եռաբեւեռ քաղաք: Տարբեր սոցհարցումներ են կատարվում, որոնք, իհարկե, ոչ միշտ են իրական պատկերն արտացոլում: Այնուամենայնիվ, համայնքի ղեկավարի թեկնածու Արթուր Մարտիրոսյանն ուժերի նոր դասավորությունն ինչպե՞ս է գնահատում:

- Նոր իրավիճակը չեմ կարող ասել ինչպիսին կլինի, բայց, ընտրվելու դեպքում, իմ ղեկավարման օրոք քաղաքը կլինի միաբեւեռ, այն է՝ կապանցիների ընդհանուր շահը: Սոցհարցումները չեմ կարեւորում, քանի որ քաղաքապետարանի դիմաց սոցհարցում չեն կատարում, սրճարանում նստած որոշումներ չեն կայացնում: Քաղաքապետ չեն ընտրվում աշխատասենյակում նստելու համար. քաղաքապետը մշտապես պետք է ժողովրդի մեջ լինի, ծանոթանա մարդկանց հոգսերին, օրվա բոլոր պահերին հասանելի լինի նրանց, աշխատանքներ սկսի իրականացնել քաղաքի ծայրամասերից, ոչ թե միայն կենտրոնում՝ մարդկանց աչքին թոզ փչելու համար: 

- Կապանը Հայաստանի հարավարեւելյան հատվածի ամենամեծ քաղաքն է, եւ ցանկություն հայտնել քաղաքապետ դառնալու, նշանակում է ինչ-որ բանի հետ համաձայն չլինել: Առանձնացրեք Կապանի համար ամենաառաջնային մի քանի խնդիր:

- Հիմնական խնդիրը, որ նաեւ համապետական է, ժողովրդի սոցիալ-տնտեսական ծանր վիճակն է: Այդ հարցը լիազորությունների սահմաններում պետք է լուծենք: Ասենք օրինակ՝ եթե ազատ տարածք կա, առանց «մաղարիչի» տրամադրել մարդկանց՝ որպես արհեստանոց կամ առեւտրի կենտրոն օգտագործելու համար: Այդտեղից ստացված գույքահարկը տեղական բյուջեն համալրելու ձեւ է, որով աշխատանքներ կարելի է իրականացնել քաղաքում, որ հետո չասենք, թե բյուջեի 95 տոկոսը ծախսվում է միայն աշխատավարձի համար: Կարճ ասած՝ փոքր եւ միջին բիզնեսի զարգացման համար համայնքապետարանը պետք է խրախուսի յուրաքանչյուր նախաձեռնություն: Եթե գործարարները համոզված լինեն, որ իրենց ներդրած յուրաքանչյուր լուման նպատակին է ծառայում, ապա համայնքում ներդրումային քաղաքականությունը կաշխուժանա: Քաղաքում աղբահանության արդյունավետ կազմակերպման, քաղաքային լուսավորության, ծայրամասային թաղամասերի մայթերի բարեկարգման եւ մի շարք այլ խնդիրներ կան: Առավել կարեւոր է նաեւ մարզական կյանքի աշխուժացումը, որի վերաբերյալ իմ նախընտրական ծրագրում որոշ դրույթներ եմ ներկայացրել: Կապանի հիմնախնդիրներից է նաեւ քաղաքային գերեզմանոցի՝ օրեցօր մեծացող տարածքը, որ բնավ հաճելի տեսարան չէ: Ժամանակն է՝ լրջագույնս զբաղվել այս հարցով եւ գերեզմանատեղիի համար այլ տարածք տրամադրել:  

- Հավանականությո՞ւն կա, որ Արթուր Մարտիրոսյանը կհրաժարվի հետագա պայքարից՝ հօգուտ այլ թեկնածուի:

- Կապանում բոլորն ինձ ճանաչում են որպես հաստատակամ ու վճռական անձնավորություն: Միայնակ լինեմ, թե կուսակցության հետ, մինչեւ վերջ կպայքարեմ, անգամ եթե պարտություն, ապա արժանապատիվ պարտություն:

- Հատկապես զբաղվածության հարցում կապանցին սեփական մաշկի վրա զգացել է ծանոթով աշխատանքի ընդունվելու փաստը: Նույնիսկ ամենահասարակ, առանձնակի մասնագիտական կարողություններ չպահանջող աշխատանքի տեղավորվելու համար մարդիկ հաճախ են բախվում սոցիալական անարդարության, ինչը ստիպում է չարանալ պետության դեմ:

- Համայնքապետարանի ենթակայության եւ ոչ մի աշխատակից իմ թշնամին չէ: Ինձ համար էական չէ, թե ով որ թեկնածուի «թիմից» է, յուրաքանչյուր մարդ իր ընտրության հարցում ազատ է: Բնականաբար, կադրային ջարդ չի նախատեսվում. դա իմ էությանը խորթ երեւույթ է: Այսօր իմ շրջապատում կան հարազատ մարդիկ, ովքեր այս պահին, տարբեր հանգամանքներից ելնելով, ինձ չեն աջակցում, բայց ես չեմ նեղանում: Առաջարկում եմ թեկնածությունս, ընտրվելու դեպքում ինձ հետ կաշխատեն գրագետ, փորձառու մարդիկ:

- Երիտասարդների՝ մայրաքաղաքից չվերադառնալը, կարծեք, սովորույթի ուժ է ստանում մեզանում, որը բավականին լուրջ խնդիր է համայնքի հետագա զարգացման համար: Ինչպիսի՞ քաղաքականություն պետք է վարել երիտասարդների մասնակցությունը համայնքային կյանքում աշխուժացնելու համար:

- Վերջերս տարբեր առիթներով շփվել եմ կապանցի երիտասարդների հետ եւ հաճելիորեն զարմացել նրանց ներուժի, քաղաքական հոգսերով ապրելու, դրանց լուծման ուղիներ փնտրելու կարողությունների վրա: Կողմ եմ երիտասարդ կադրերով աշխատավայրերը համալրելուն՝ իհարկե մեծահասակներից համապատասխան գիտելիքներն ու փորձը յուրացնելու նախապայմանով: Յուրաքանչյուր համայնքապետի հիմնական խնդիրներից է լավագույն աշակերտներին եւ ուսանողներին ճանաչելը, նրանց հնարավորինս շատ համայնքային կյանքում ներգրավելը:       

- Համայնքի ղեկավարը պետք է կարողանա նաեւ տարբեր գերատեսչությունների հետ հանուն Կապանի զարգացման համագործակցել՝ տարբեր միջոցներով համայնքում ներդրումներ կատարելու համար:

- Զինվորական տարբեր պաշտոններ զբաղեցնելու տարիներիս համընկել է նաեւ այն ժամանակաշրջանը, երբ պաշտպանության նախարարը Սերժ Սարգսյանն էր: Եթե այդ ժամանակ կարողացել եմ իմ ենթակայության ստորաբաժանումների հասանելիքը վերցնել, ուրեմն այս անգամ եւս տարբեր գերատեսչությունների հետ համագործակցության առումով խնդիր չեմ ունենա: Հավատացնում եմ՝ այն, ինչ կախված կլինի համայնքապետից, լիարժեք կկատարվի:

- Համայնքի կառավարման գործում կարեւոր դերակատարություն ունի ավագանին: Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր համագործակցությունն այդ ինստիտուտի հետ:

- Իմ կարծիքով՝ ավագանու ինստիտուտը լուրջ կայացման խնդիր ունի: Ուրախալի է, որ այս ընտրություններում ավագանու երեք կին թեկնածու է առաջադրվել. իմ խորին համոզմամբ, կանայք շատ հարցերում ավելի վճռական են եւ արագ են կողմնորոշվում: Բայց այս տարիներին ավագանու անդամներից երեւի եզակի մարդիկ են իրենց թաղամասի որեւէ խնդրի լուծման համար հարց բարձրացրել: Ավագանու անդամը միայն տարածք վերցնելու համար չէ:  

- Որքան էլ մեր իշխանությունները նշեն, որ ուշադրության կենտրոնում են պահում պատերազմի վետերաններին, զոհվածների ընտանիքներին, ակնհայտ է մի փաստ. այսօր նրանց շրջանում նեղացածություն կա, նրանց վաստակն ըստ արժանվույն չի գնահատվում: Փոխարենն անարժաններն են հերոսի անվան տակ տարբեր արտոնություններից օգտվում:

- Միանգամայն համաձայն եմ ձեր դիտարկմանը, ով ով, բայց ես շատ լավ գիտեմ, թե ովքեր են իրականում մասնակցել Արցախյան պատերազմին եւ ինչպիսի վաստակ ունեն: Եթե համայնքապետ ընտրվեմ, ոչ միայն զոհված ազատամարտիկների ընտանիքները, այլեւ պատերազմի վետերանները կունենան հատուկ կարգավիճակ եւ կօգտվեն մի շարք արտոնություններից, որոնց մասին նախընտրական ծրագրում ներկայացրել եմ: Նրանց դերը հասարակության մեջ պետք է բարձրացվի: Ծրագրեր ունեմ նաեւ Բաղաբուրջի հուշահամալիրը բարեկարգելու ուղղությամբ:     

- Ճակատագրի կամոք Կապանը շրջապատվել է պոչամբարներով, որ բացասական ազդեցություն է թողնում շրջակա միջավայրի վրա: Բնականաբար, կոչ չենք անում փակել հանքարդյունաբերական ձեռնարկությունները կամ սահմանափակել դրանց գործունեությունը, բայց վատ ազդեցությունը նվազագույնին հասցնելու որոշ քայլեր ձեռնարկելը ժամանակի հրամայականն է:

- Այս ոլորտում խնդիրները բավականին լուրջ են ու բազմաթիվ, բայց դրանց լուծումը կախված չէ նույնիսկ մարզպետարանից: Պարզապես այդ հարցը պետք է բարձրացնել համապատասխան գերատեսչություններում, հասնել նրան, որ հանքարդյունաբերական ձեռնարկություններն ավելի շատ ներդրում կատարեն վնասակար ազդեցությունները նվազագույնին հասցնելու համար: Ես այն կարծիքին եմ, որ նմանատիպ քաղաքների համար համապետական բյուջե մտնող բնապահպանական վճարներից համայնքային բյուջեին մասհանում պետք է կատարվի՝ այդ ոլորտում որոշ հարցեր լուծելու համար: Ոգեւորությամբ ընդունվեց նաեւ պոչուկների վերամշակման գործարան բացելու լուրը, որը դեռեւս քննարկման փուլում է:

- 1988 թվականից ազգային զարթոնքի շարժման կազմակերպիչներից եք, անկախությունը կերտողներից: Ո՞րն էր Ձեր երազանքն անկախության ճանապարհը բռնելիս, եւ ի՞նչ ձեռքբերում ունեցանք:

- Միշտ երազել եմ ներկայիս գրավյալ տարածքում գտնվող «Խուստուփ» դիրքում, երբ պապիկ լինեի, թոռանս հետ նստեի եւ այդ բարձունքից նայեի հայոց այդ տարածքներին: 1994թ. հակառակորդից այդ դիրքն իմ հրամանատարությամբ ենք վերցրել: Շարժումը սկսելու ժամանակ բոլորիս երազանքը Ղարաբաղն ազատ ու անկախ տեսնելն էր: Իհարկե, անկախության հետ կապված երազանքներիս մի մասն իրականություն է դարձել, բայց ժամանակին համընթաց փոխվում են նաեւ մարդկանց պահանջները: Ամենամեծ ձեռքբերումը, իհարկե, մեր անկախությունն է՝ անկախ այս տարիներին մեր քաղաքական, սոցիալ-տնտեսական եւ մի շարք այլ ոլորտներում առաջացած բազում խնդիրներից:

Զրույցը՝ ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

21.12.2024 09:29

Կապան համայնքի կանանց երգչախմբի համերգը

20.12.2024 21:31