Ավա՜ղ, մեզ հետ չէ այլեւս Ռեդիկ Հայրապետյանը

08.01.2022 18:39
8034

Հունվարի 8-ին վախճանվեց Ռեդիկ Գեւորգի Հայրապետյանը…

Երկրային կյանքին հրաժեշտ տալուն նախորդել էր երկարատեւ հիվանդությունը՝ երբեմն-երբեմն տագնապալից դրսեւորումներ ունենալով:

Բայց առողջական խաթարված վիճակը, նույնիսկ վերահաս մահվան ստույգ գիտակցումը՝ նրան ոչ մի դեպքում չընկրկեցին եւ չիջեցրին մարդկային, բարոյական, քաղաքացիական  բարձր պատվանդանից, որի վրա կանգնել էր իր ապրած 74 տարիների ընթացքում՝ ազնիվ գործելակերպով, առողջ հոգեկերտվածքով ու կենսադիրքով:

Ռեդիկ Հայրապետյանը վերջին չորս-հինգ տասնամյակի՝ գորիսյան մտավորականության ամենաերեւելի դեմքերից էր: Պատահական չէ, որ հանրապետության շատ-շատ մտավորականներ՝ Գորիս այցելելիս, կարեւոր էին համարում նրա հետ հանդիպելն ու մտքեր փոխանակելը:

Գերազանցությամբ էր ավարտել հայրենի Խնածախ գյուղի միջնակարգը, Երեւանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի քիմիայի ֆակուլտետը: Հետագայում, աշխատանքին զուգընթաց, կրթություն էր ստացել նաեւ Անդրկովկասի կոմերիտական եւ կուսակցական բարձրագույն դպրոցներում:

Եվ չնայած բնագիտական կրթությանը, օժտված էր ստեղծագործելու բնատուր կարողություններով, ինչի արդյունքը եղան բազմաթիվ արժեքավոր պատմվածքներ, ակնարկներ:

Քանիցս՝ մեր երկրի ու երկրամասի համար լարված ու անորոշ պահերին, լսվում էր նրա սթափ, հավասարակշռված ու գոտեպնդող խոսքը:

Ռեդիկ Հայրապետյանը տեւական ժամանակ Գորիսի տարածաշրջանի երիտասարդության առաջնորդներից էր. 1971-79 թթ. կոմերիտմիության շրջկոմի քարտուղարն էր, երկրորդ քարտուղարը, ապա եւ առաջին քարտուղարը (1976-79թթ):

Ռեդիկ Հայրապետյանը տվյալ էպոխայի այն կուսակցական գործիչներից էր, ովքեր պատասխանատու դիրքեր զբաղեցնելով կոմունիստական կուսակցության ապարատում՝ ամբողջ էությամբ ազգային մտածելակերպի եւ արժեհամակարգի կրողն էին:

Դա հատկապես երեւաց 1982-91 թթ., երբ կուսակցության Գորիսի շրջկոմի կազմակերպական բաժնի վարիչն էր, Գորիսի շրջխորհրդի՝ քանիցս ընտրված պատգամավորը:

Դա երեւաց նաեւ Արցախի ազատագրության համար 1988-ին սկիզբ առած համազգային զարթոնքի տարիներին, երբ սահմանամերձ գյուղերի ինքնապաշտպանությունը՝ սկզբնական փուլում, կազմակերպում էր կուսակցության շրջկոմը:

Ժամանակակիցներն առանձնապես հիշում են 1991-ի մայիսին նաեւ Գորիսի տարածքում իրականացված «Կոլցո» օպերացիան. նաեւ նրա անմիջական դերակատարությամբ ու խելամտությամբ բազմաթիվ խաղաղ բնակիչներ (Հարթաշեն գյուղից) ազատվեցին պատանդվելու ռեալ սպառնալիքից:

Ռեդիկ Հայրապետյանը մանկավարժության ոլորտի նվիրյալներից էր: Երբ 1968 թ. գերազանցությամբ ավարտեց բարձրագույն ուսումնական հաստատությունը, նրան առաջարկեցին մնալ բուհում, բայց գերադասեց վերադառնալ հայրենի Խնածախ, որտեղ ծնվել էր 1948-ի հոկտեմբերի 23-ին, որտեղ միջնակարգ դպրոցն էր ավարտել, որտեղ էլ ուսուցչություն արեց մինչեւ բանակ զորակոչվելը (1970-1971 թթ. ծառայել է Ուսուրիյսկ քաղաքում): 2005-ից հետո էլ՝ մոտ տասը տարի, քիմիա եւ կենսաբանություն էր դասավանդում Քաշաթաղի Ղազարապատ,  Գորիսի Սվարանց եւ Որոտան գյուղերում:

Նրա մանկավարժական գիտելիքները, փորձն ու հմտությունը քանիցս մատնացույց են արվել՝ իբրեւ ընդօրինակման արժանի:

Մինչ այդ՝ 1991-ից սկսած, զբաղվեց ձեռներեցությամբ, բայց ժամանակի սոցիալ-տնտեսական ու հասարակական-քաղաքական վայրիվերումները թույլ չտվեցին հաջողություններ ունենալ, ինչի համար էլ իր գիտելիքներն ու կարողություններն այլ ոլորտում օգտագործեց:

Ռեդիկ Հայրապետյանը հրաշալի ընտանիք էր ստեղծել…

Իր խաթարված առողջության եւ բժիշկների չդադարող հսկողության պայմաններում՝ երեք-չորս տարի շարունակ, անձամբ էր խնամում հիվանդացած  կնոջը (զավակները դրսում էին)՝ այդ կերպ զոհաբերելով իրեն՝ հանուն կյանքի ընկերոջ՝ Շուշանիկ Մինասյանի առողջության, որի հետ ամուսնացել էր 1975-ին՝ ունենալով երեք զավակ:

Այդ ամենի, նաեւ ընկերների, բարեկամների ու համաքաղաքացիների հետ ունեցած ջերմ եւ անկեղծ հարաբերությունների համար էլ նա վայելում էր Գորիսի հասարակության սերն ու հարգանքը:

Ահա այսպիսինն էր Ռեդիկ Հայրապետյանը, ում մահվան բոթը լսեցինք ցավով ու ափսոսանքով:

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի:

***

«Սյունյաց երկրի» խմբագրակազմը ցավակցում է Ռեդիկ Հայրապետյանի զավակներին՝ Սաթենիկին, Սոնային, Տիգրանին եւ Հայրապետյանների ամբողջ գերդաստանին՝ անդառնալի կորստի առիթով:

 

***

Ռեդիկ Հայրապետյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա 2022 թ. հուվարի 9-ին, ժամը 14-ին, Գորիս քաղաքի սգո սրահում:

Հուղարկավորությունը՝ հունվարի 10-ին, ժամը 12-ին՝ նույն տեղից:

Ռեդիկ Հայրապետյանը հողին կհանձվի Գորիս քաղաքի Թոզ կապի  գերեզմանատանը:

 

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12

Ռուսական դիզելային վառելիքի առաջին խմբաքանակը ուղևորվում է ԱՄՆ

23.10.2026 14:39

Հայ և թուրք լրագրողները ծանոթանում են երկկողմ տնտեսական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին

23.10.2026 14:11