Այսօր մեծատաղանդ բանաստեղծ Տիգրան Գրիգորյանի ծննդյան օրն է

27.12.2017 11:19
1296

Ստորեւ ներկայացնում ենք Սամվել Ալեքսանյանի՝ «Սյունյաց աշխարհի մերօրյա բանաստեղծը» հոդվածը, որ տպագրվել է «Սյունյաց երկիր» թերթում նրա ծննդյան 60-ամյակի առիթով

Մի քանի տարի առաջ իմացա, որ Տիգրան Գրիգորյանը սյունիքյան գրական աշխարհի 1960-80-ական թվականների նշանավոր ներկայացուցիչ եւ օժտված բանաստեղծ Գրիշա Մանուչարյանի քրոջ որդին է: Իսկ Գրիշա Մանուչարյանին գիտեի վաղուց, նրա ստեղծագործություններն այն տարիներին միշտ էլ մեր հանրության ուշադրության կենտրոնում էին: Ժամանակին նրա ստեղծագործությունները ներկայացնում էինք «Զանգեզուր» թերթում: Եվ 2010-ին, երբ լույս տեսավ Գրիշա Մանուչարյանի «Զանգեզուրյան լեգենդները»` Տիգրան Գրիգորյանի մշակումներով (Երեւան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն), անկեղծ ուրախություն ապրեցինք: Գրքում բանաստեղծական խոսքով ներկայացված էր մեր լեռնաշխարհում շատ հայտնի չորս լեգենդ` «Մթնաձոր», «Սեւ լիճ», «Հարսնաձոր», «Դավիթ Բեկ եւ Մելիք Ֆրանգյուլ»: Ըստ էության դա Գորիսի տարածաշրջանի` վաղնջական ժամանակներից մեզ հասած լեգենդների փոքրիկ ժողովածու էր. նախատիպը չունեցող: Լեգենդները ներկայացված էին թե՛ գեղարվեստական, թե՛ ոճական ինքնատիպ համ ու հոտով, ինչը չէին կարող չնկատել Գրիշա Մանուչարյանի ստեղծագործություններին քաջածանոթ ընթերցողները: Վերստին խոնարհվելով լուսահոգի Գրիշա Մանուչարյանի հիշատակի առջեւ՝ չենք կարող չասել, որ լեգենդները նման մակարդակի էին հասցվել Տիգրան Գրիգորյանի մշակումների շնորհիվ: Նրա կատարածը, կարծում ենք, այնուամենայնիվ, միանշանակ դուրս է «մշակել» եզրույթի ավանդական շրջանակներից: Եվ առանց վերապահումի կարող ենք փաստել, որ Տիգրան Գրիգորյանի միջամտությունների շնորհիվ էին լեգենդների գեղարվեստականությունն ու էպիկական հնչեղությունը միանգամայն նոր որակի հասցվել: Ինքն ավելի ստույգ էր հրամցրել լեգենդների «մշակման» անատոմիան` «….Ստիպված էի առավել հիմնավոր միջամտություններ անելու իրավունք վերապահել ինձ եւ տարաբնույթ փոփոխություններ իրականացնել. որոշակի տողեր շտկել եմ` հուզականությանն ու ասելիքին ոչնչով չօգնող բառերը փոխարինելով նորերով, խճճվածություններ պարունակող որոշ տներ հստակեցրել եմ` բանաստեղծական պարզ հնչեղություն հաղորդելով դրանց, …որոշ պատկերներ փոխել եմ` ելնելով տվյալ պատումի հոգեբանական ընթացքի տրամաբանությունից: «Հարսնաձոր» լեգենդում հարկադրված եմ եղել սյուժեի փոփոխություն կատարել եւ իրեն ձորը նետած աղջկան կենդանի թողնել, քանի որ, ըստ ժողովրդական ավանդազրույցի, նա չի մահացել: Այդ պատճառով «Հարսնաձոր» լեգենդում մեկ քառատող ավելացրել եմ: Իսկ որոշ տներ, ընդհակառակը, այդ լեգենդներում ինքնանպատակ համարելով՝ հանել եմ...»:

Անտարակույս, արդարության առաջ մեղանչած չենք լինի եւ չափազանցություն թույլ տված չենք լինի, եթե Տիգրան Գրիգորյանին համարենք «Զանգեզուրյան լեգենդների» համահեղինակ:
                                                                         ***
Տիգրան Գրիգորյանի հետ մեր բարեկամությունն ու գործընկերությունն ավելի ուշ շրջանի ծնունդ եղան: Ի սկզբանե ինքը չէր ընդունում (այսօր էլ չի ընդունում) պաշտոնաթերթ ասվածը, իսկ «Զանգեզուրը» Գորիսի տեղական իշխանությունների պաշտոնաթերթն էր: Թեեւ 1980-90-ականների սահմանագծում թերթը միանգամայն նոր կարգավիճակ ստացավ ու նոր ոճ եւ ուղի որդեգրեց, սակայն, միեւնույն է, նա կաղապարներ ու հոգեբանական բարդույթներ էր տեսնում թերթի նորօրյա գործելակերպում: Մի խոսքով` պարբերական մամուլի կոչման իր չափորոշիչներն ուներ եւ ունի: Սակայն բոլորովին այլ վերաբերմունք ունեցավ «Սյունյաց երկրի» հանդեպ: Ըստ երեւույթին հենց այդպիսի թերթ էր ուզում տեսնել Սյունիքում…

Նա սիրեց «Սյունյաց երկիրը», նաեւ սկսեց քննարկել թերթի առանձին հրապարակումներ, բանավեճեր ծավալել խմբագրի ու հեղինակների հետ, իր նկատառումները հայտնել հատկապես հրապարակախոսական, վերլուծական, գրական ու գրականագիտական հրապարակումների վերաբերյալ: «Սյունյաց երկրի» մասին իր մտածումներն արտահայտեց հետաքրքիր մի հոդվածում (31 հունվարի 2013թ.): Առիթը Վահանավանքի 1100-ամյակին նվիրված համարի խմբագրականն էր: Իր ասելիքն էլ այսպես ամփոփեց. «Եվ ի լուր ամենքի պիտի հայտարարեմ, որ ազգային հոգեկերտվածքի վրա խարսխված համամարդկային ընկալումներն են խոսքի ազատության՝ «Սյունյաց երկիր» թերթին ուղեկցող գաղափարական չափորոշիչները: ...Առանց դույզն-ինչ տարակուսելու «Սյունյաց երկիրը» ես համարում եմ Հայաստանի Հանրապետության ամենալուրջ եւ առաջնակարգ լրատվամիջոցներից մեկը»:

Չենք թաքցնում` հաճելի է ընթերցել նման գնահատություն պարունակող տողերը, առավել հաճելի է իրողությունը, որ հեղինակը Տիգրան Գրիգորյանն է, ում ստեղծագործական տիրույթում վրիպած տողեր ու բառեր գրեթե չեն լինում:

Տիգրան Գրիգորյանի աշխարհայեցողությունը, գեղարվեստական չափանիշները, ազգային իրողություններին վերաբերող պատկերացումները ժամանակի ընթացքում մեզ ավելի հարազատ դարձան: Մեր խնդրանքով դարձավ «Սյունյաց երկրի» գեղարվեստական խորհրդի նախագահ: Եվ առայսօր մեծագույն պատասխանատվությամբ է կատարում հասարակական այդ աշխատանքը, բոլոր ստեղծագործողներին անկեղծորեն օգնելու պատրաստակամություն ցուցաբերում, մասնակցում թերթի թեմատիկ (հատուկ) համարների ծրագրավորմանը, գրական ոլորտին առնչվող խմբագրականների մշակմանը:

Եվ 2013թ. հոկտեմբերի 30-ին, երբ լույս տեսավ «Սյունյաց երկրի» հիմնադրման 10-ամյակին նվիրված հատուկ համարը, թերթում տեղ գտավ նաեւ նրա` թերթին հղած «Խոսք իմ ժողովրդին» բանաստեղծությունը, որի մեջ հեղինակի անխորտակելի հավատն է հայ ժողովրդի ապագայի հանդեպ` պայմանավորված բազում օրհասական դարեր հետեւում թողած մեր ժողովրդի ոգու անպարտելիությամբ:

Ահա այդ բանաստեղծության վերջին քառատողը`

Հազա՜ր-հազա՜ր տարիներ են եկե՜լ-անցե՛լ, անց կկենան,
Քո հույզե՛րը, գո՜ւթն ու սերը, միշտ եղել են ու կմնան,
Եթե նորից, Աստված չանի, արհավիրքնե՜ր գան ու գնան`
Քո դարավո՛ր արմատները ամե՜ն ինչի կդիմանան:
                                                                             ***
Տիգրան Գրիգորյանի քաղաքացիական կեցվածքը տեսանելի է նրա բոլոր հրապարակումներում: Սակայն ուզում ենք խոսք ասել այդ հրապարակումներից մեկի մասին՝ «Կեղծ արժեքներն իմ քաղաքում հարգի չեն» վերտառությամբ հոդվածի («Սյունյաց երկիր», N9, 2013թ.), որը, միանշանակ, շարքային հրապարակագրություն կամ խոհ չէ: Ակսել Բակունցի «Կյորես» կոթողային գործից եւ Սերո Խանզադյանի «Մատյան եղելությանց» գորիսապատումից հետո այդ հոդվածում ենք տեսնում գորիսեցուն ճշգրիտ ներկայացնող, նկարագրող հատկանիշներ, որոնք ի վերջո զերծ են տեղային մոտեցումներից եւ ավելի շատ բնորոշում են հայ մարդկային տեսակին առհասարակ: Ահա հոդվածից մի հատված. «Քսաներեք հազարին մոտ բնակչություն ունեցող Գորիսում այսօր էլ եթե մի քիչ փորփրում են՝ հարյուր տարուց էլ ավելի կտրվածքով ցանկացած բնակչի մինչեւ յոթը պորտը կարողանում են ջրի երես հանել: Եվ վա՛յ նրան է եղել, ում նախնիները ժամանակին չար գործերի հեղինակ են դարձել՝ ապրելով «ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ լինի» նշանաբանով… Նման կենցաղակերպ  որդեգրած անպատկառ մարդու չլինելուց հետո էլ վիրավորանքի, քամահրանքի, անվստահության դրսեւորումներով գորիսեցիներն այդ ջրհեղեղը «հաստատ բերում են» նրա սերունդների գլխին, երբեմն նույնիսկ իրենց սովորական շնչառության անտարբերությամբ պարտադրելով, որ վերջիններս հասարակությունից իրենց մեկուսացված զգան… Ճիշտ է ասված, որ այստեղ «չարի սերմը բույն չի դնում՝ անարմատ է»: Ահա եւ հոդվածի ավարտը. «Սովորականի մեջ արտասովորը, իսկ արտառոցի մեջ սովորականը տեսնող ու զանազանող գորիսեցուն թռուցիկ, անբովանդակ, չկայացած, էժան բաներով դժվար է զարմացնել: Նրան հիրավի զարմացնել, կամ ավելի ճիշտ, հիացնել կարող են միայն կատարյալ, անխառն, անեղծ ու անկեղծ բաները….»:

Տիգրան Գրիգորյանի քաղաքացիական կերպարի լիարժեք եւ ամբողջական, նաեւ խիզախ պոռթկումին ականատես եղանք 1988թ. փետրվարյան պատմական օրերին: Առանց չափազանցության կարող ենք ասել` ինքն էր Արցախի ազատագրության համար արթնացող հայ ժողովրդի գորիսյան հատվածի գործողությունների առաջին կազմակերպիչը: Հերոսական այդ օրերի մասին է նրա «Հետադարձ հայացք» էսսեն («Սյունյաց երկիր», N N 3, 4, 7, 2014թ.): Յուրօրինակ այդ հուշագրությունը, իսկապես, սկզբնաղբյուրային նշանակություն ունի Գորիսի նորագույն շրջանի պատմության համար:
                                                                       ***
Ոչ միայն հայ գրականության, այլեւ համաշխարհային գրականության խոր իմացությունը չէր կարող Տիգրան Գրիգորյանին հեռու պահել գրականագիտությունից ու գրաքննադատությունից եւ առհասարակ գեղարվեստական գրականության մասին սեփական պատկերացումներն արտահայտելուց: Եվ, իրոք, մի շարք հոդվածներում նրան տեսնում ենք այն մայրուղում, որ կոչվում է գրականագիտություն ու գրաքննադատություն: Նրա հոդվածներից երեքին, այնուամենայնիվ, կուզենայինք թռուցիկ հայացք ձգել:

Առաջինը, անշուշտ, Հովհաննես Թումանյանին նվիրված հոդվածն է` «Ամենայն հայոց հոգեհայրը» («Սյունյաց երկիր», N4, 2013թ.):

Ամենայն հայոց բանաստեղծի մասին շատ է գրվել եւ լավ է գրվել: Տիգրան Գրիգորյանը դրանցից հատկապես հիշել եւ իբրեւ բնաբան է ընտրել Եղիշե Չարենցի մարգարեացած խորհրդածությունը`

Ես կարդում եմ նրան ու ասում. - Այս հմուտ, հանճարեղ լոռեցին
Հոմերի, Գյոթեի հետ մի օր` հավասար` նստել է քեֆի,
Եվ թաս է բռնել նրանց հետ, մեծարանք տվել ու առել,
Ինչպես իր պապերն են արել` իրար հետ խնջույքի նստելիս:

Այս համապատկերի վրա էլ Տիգրան Գրիգորյանը Թումանյան վիթխարի երեւույթի իր տեսլականն է ներկայացնում՝ հոդվածի որոշ դրվագներում այսպես բնութագրելով նրան. «...Որեւէ բանաստեղծի բանաստեղծական աշխարհի մասին խոսելիս, նրա ստեղծագործական ժառանգությունը քաղաքակրթության գոյության բազմադարյան ֆոնի վրա արժեւորելիս ներողամտության ինչ-որ մի փափկանկատ, թերեւս՝ գորովագին կեցվածք ենք պահպանում՝ հաշվի առնելով ո՛չ միայն այն ժամանակաշրջանի յուրահատկությունները, որում ապրել ու իր երկերն է արարել բանաստեղծը, այլեւ տվյալ բանաստեղծի խառնվածքին հատուկ այս կամ այն բնորոշ ծայրահեղությունը: Բայց Թումանյանի բանաստեղծական աշխարհի հետ շփվելիս հաղորդակցվում ենք աշխարհընկալման մի այնպիսի համապարփակ պարզության հետ, մարդկային կյանքն օրորոցից մինչեւ խոր ծերություն ամփոփող, մի այնքա՜ն սիրառատ, ծնողական բարեհոգության ենք հանդիպում, որ ակամայից մոռանում ենք բոլոր ա՛յն պայմանական հանգամանքների գոյության մասին, որոնք շա՜տ ու շատ բանաստեղծների «խանգարում» են հավերժի մշտառկա ձայնափողը մնալ:

Բոլոր դեպքերում ամեն մի իսկական բանաստեղծ հավերժի ճամփորդ է, սակայն հանուն արդարության հարկ է ասել, որ այսպիսի որակումը, թեեւ՝ նախանձելի, այնուամենայնիվ, Թումանյանի համար մի քիչ մեղմ է ասված: Նա ավելի ճիշտ՝ անհունին տնօրինություն արեց ու հավիտենության մշտնջենական զրուցակիցը դարձավ...

...Թումանյանի հիրավի առասպելական հոգին ամփոփել էր համբերության խորհրդին ունկնդիր արեւելքն ու արդարության երդումին հավատարմագրված արեւմուտքը: Նրա խառնվածքում հյուսիսցու խստաշունչ պարզասրտությունը կար ու հարավցու սրտոտ խելահեղությունը: Իսկ եթե ավելի ստույգ, ապա պիտի ասենք՝ նա իր բիբլիական ժողովրդի հրեղեն ողջախոհությամբ օծված մի վճիտ հայ էր, որի մեջ Արարիչն ամբարել էր ա՛յն ամենայն առաքինին ու լուսավորը, որով հայ հանճարը մաքառելով փառավորել է իր անկրկնելի պատմությունը... »:

Տիգրան Գրիգորյանը համոզված է, որ Թումանյանն իր ստեղծագործական աշխարհով եւ ապրած կյանքով Հայոց աշխարհի հոգեւորի հավաքական մարմնացումն է: Այդ համոզմամբ էլ նա իր խոսքն ավարտում է հետեւյալ կերպ. «… եւ Հայոց Աշխարհը ինքն իրեն երկնեց Լոռվա Դսեղում»:

Գրականության յուրօրինակ ընկալումներ նկատեցինք նաեւ Համո Սահյանին նվիրված փոքրիկ, բայց եւ տարողունակ «Հայ մեծ բանաստեղծի զարմանահրաշ տեսակը» հոդվածում: Դա 2014-ին էր («Սյունյաց երկիր», N14): Նախորդած մի քանի ամսում աշխատել էինք Համո Սահյանին նվիրված հատուկ համարի վրա` ծննդյան 100-ամյակի առիթով: Եվ հասցրել էինք մտնել սահյանագիտության խորքերը: Ու այդքանից հետո թվում էր, թե Տիգրանը որեւէ նոր բան չէր կարող ասել: Բայց նա կարողացավ Համո Սահյան երեւույթի իր ընկալումը ներկայացնել. «Ժամանակների մեջ չխամրող, բանաստեղծի մնայնության հարցում մի-մի զորավարի դեր կատարող բանաստեղծություններ ունենալը Պարույր Սեւակը երանելի բարեբախտություն էր համարում, - ասում է նա ու շարունակում, - Համո Սահյանը կարողացավ հեղինակը դառնալ այնպիսի բանաստեղծությունների, որոնք ասես մեր ողջ ժողովրդի մորմոքներից ու կարոտներից երկնված հոգեպարար հրովարտակներ լինեն»: Ասել է թե` հրովարտակների նմանվող հենց այդ բանաստեղծություններն են այն մի-մի զորավարները, որ «կարողանում են» Համո Սահյանին դեպի հավերժություն ուղեկցել...

Գրականագիտական առումով ուշագրավ է Արկադի Ծատուրյանի հոբելյանի առիթով գրված հոդվածը` «Գրին ու գրականությանը նվիրաբերված կյանք» («Սյունյաց երկիր», N23, 2014թ.):

Հոդվածն ի սկզբանե (միգուցե եւ մինչեւ հիմա) միանշանակ չի ընդունվել: Մեր կարծիքով, մինչդեռ, ճշմարիտ գրականության չափանիշների լույսի ներքո Արկադի Ծատուրյանի ստեղծագործական աշխարհի դիտարկումն ինքնին խոսում է նրա ստեղծագործություններին Տիգրան Գրիգորյանի արդարացի մոտեցման մասին: Ահա հոդվածում ներկայացված չափորոշիչներից մեկը. «Գրողի «մասնագիտության» վերաբերյալ Բեռնարդ Շոուն մի պարզ, բայց անչափ տարողունակ ձեւակերպում ունի. «Գրողն ինքն իր հետ զրույց է անում, աշխարհն ականջ է դնում»: Ասույթի խորիմաստությամբ հնչող այս նկատառումը, անշուշտ, ենթադրում է, որ գրողը կյանքի ճշմարտությանը հավատարիմ, անաչառ ու անկեղծ լեզվով պիտի ինքն իր հետ զրույց անի` ամենեւին «չկառավարվելով» այն մտայնությամբ, թե իրեն ինչպես են ականջ դնելու»:
                                                                                       ***
Տիգրան Գրիգորյանի տաղանդի մի նոր դրսեւորման ականատեսը դարձանք թարգմանությունների ոլորտում:

Մեզ հաճելիորեն զարմացրեց այն փաստը, որ նա ձեռք էր մեկնել ռուս հանճարեղ քնարերգու Սերգեյ Եսենինի ստեղծագործությունների թարգմանությանը: Դրա համար, խոստովանենք, անհրաժեշտ էր քաջություն... ՉԷ՞ որ Եսենինի ստեղծագործությունները վաղուց էին թարգմանվել հայերեն եւ թարգմանվել էին նշանավոր գրողների կողմից` Պարույր Սեւակ, Համո Սահյան, Վահագն Դավթյան, Գեւորգ Էմին... Այդ հեղինակությունների թարգմանած մի քանի գործեր Տիգրան Գրիգորյանը համարձակվեց ներկայացնել իր թարգմանությամբ:

Ու կարող ենք ասել` նրա թարգմանչական նախաձեռնությունը կայացավ: Ավելին, նրա թարգմանությունները, առանց փոքր-ինչ տարակուսելու, կարող ենք դասել հայ թարգմանչական արվեստի լավագույն նմուշների շարքին:

Եսենինի ստեղծագործությունների թարգմանությունները թույլ են տալիս ասել` Տիգրան Գրիգորյանը լիովին տիրապետում է բանաստեղծության թարգմանության արվեստին, եւ այդ ասպարեզում նա իսկապես անվիճելիորեն կատարյալ է:

Ուշագրավ են թարգմանչական արվեստի մասին հնչող նրա բանաձեւումները, որոնցով նա, անշուշտ, առաջնորդվել է Եսենինի ու Նիկոլայ Ռուբցովի ստեղծագործությունները թարգմանելիս: Ներկայացնենք մեկ դրվագ այդ բանաձեւումներից. «Դա առաջին հերթին բնագրի եւ թարգմանող լեզվի դարձվածաբանական նրբությունների խորիմացությամբ` երկու լեզուների պատկերային համակարգերի յուրահատկությունների խոր զգացողությամբ` բնագրի ասելիքը թարգմանող լեզվով տեղ հասցնելու, բնագրի հուզականությանը հավատարիմ մնալու գերլարված ոգեղեն աշխատանք է: Անվերապահ ինքնալքումով, ինքնամոռաց հավատով լի թարգմանիչը հեղինակի հետ այնպես պիտի մերվի, որ կարողանա բնագրի արարման ներշնչանքի սարսուռն զգալ. թարգմանված տողը, պատկերը ոչ թե արհեստավարժորեն փոխադրված, այլ հնարավորինս պիտի երկնված լինի»:

Տիգրան Գրիգորյանի թարգմանություններն իսկապես երկունքի ցավով լույս աշխարհ եկած ստեղծագործությունների ամբողջություն են: Դրանք այնքան են անբռնազբոս, ապրված ու հայեցի հնչում, որ թվում է, թե հայ բանաստեղծի ստեղծագործություններ են, եւ Տիգրանն այդ թարգմանություններում պարզապես շարունակել է արարել իր աշխարհը՝ իր խոհերն ու ապրումները բանաստեղծական խոսքի վերածելով...
                                                                               ***
Տիգրան Գրիգորյանի առաջին` «Հավիտենության ճանապարհին» ժողովածուի (Երեւան, 2007, «Զանգակ-97») առաջաբանում ճանաչված գրականագետ Կիմ Աղաբեկյանն ուշագրավ եզրահանգում է արել. «Նրա յուրաքանչյուր գործ ապրված տառապանք է` բյուրեղացած իբրեւ բանաստեղծական գեղեցկություն: Գրքի մթնոլորտում տիրապետողը անխարդախ, ուղղակի տեսանելի անմիջականությունն է, ընդվզումի կիրքը, առաքինության ու մարդկային արժանապատվության առնական տոնայնությունը: Ակներեւ է, որ հեղինակը անցել է պոեզիայի դարավոր փորձի միջով` այդ ճանապարհին խմորելով պոետական հավատամքը. զգացվում է բառի, պատկերի նկատմամբ երկյուղած վերաբերմունքը. ատում է խոսքի մուրացկաններին»:

Ճշմարիտ, կարելի է անգամ ասել՝ ճշգրիտ այս գնահատության հետ դժվար է չհամաձայնել:
Անկախ ստեղծագործության ծավալից, ասելիքից, ընտրված տաղաչափական ձեւից, շարադրանքի խոհականությունից կամ քնարականությունից՝ Տիգրան Գրիգորյանի յուրաքանչյուր գործ իսկապես բյուրեղացած բանաստեղծական գեղեցկություն է...

Նրա ստեղծագործական աշխարհում կան խոհափիլիսոփայական ապրումներով շաղախված, փոթորկահույզ պոռթկմամբ երկնված այնպիսի գլուխգործոցներ, ինչպիսիք են «Ապխտածություն», «Հայրենիքս», «Ճահճատենդ» ստեղծագործությունները: Սակայն ըստ իս՝ Տիգրան Գրիգորյանի բանաստեղծական աշխարհի զարդը քնարաէպիկական շնչով գրված «Անմահության համանվագ» պոեմն է: Ամեն անգամ այդ պոեմն ընթերցելուց հետո արարչագործության հետ հաղորդակցված լինելու մի անմեկնելի զգացողությամբ եմ պարուրվում, ու ինձ թվում է, որ անկախ մարդկանց կրթվածության եւ աշխարհընկալման մակարդակից, նախասիրություններից ու ճաշակից, յուրաքանչյուր ընթերցող այդ աստվածային զգացողությունն ունենում է...

«Անմահության համանվագ» պոեմը հենց առաջին քառատողից ասես իր գիրկն է առնում քեզ եւ իր անմիջականությամբ այնպես վարակում, որ թվում է, թե հեղինակի տատը քո տատն է, գերանդիներն առած՝ քնակարոտ քայլքով գյուղամեջ իջնող տղամարդիկ քո գյուղի գերանդիավորներն են, քնկոտ գամփռներն էլ, զիլ-զիլ ծուղրուղու կանչող աքլորներն էլ, չնաշխարհիկ արիաներ հեղած սարյակներն էլ, հացը կապած, հանդ գնացող կին ու ջահել աղջիկներն էլ, կենդանիներն անգամ՝ քո գյուղից են... Առավել քան համոզված եմ, որ այսպես է ընկալվում այդ ստեղծագործությունը բոլոր այն ընթերցողների կողմից, ովքեր իրենց մանկության կամ պատանեկության տարիներին առնչություն են ունեցել հայոց լեռնաշխարհի գյուղերի հետ:
Եթե ասենք, որ «Անմահության համանվագ» պոեմն ընթերցողին է ներկայացնում հեղինակի՝ պատանի տարիքում գյուղաշխարհում անցկացրած կյանքի մեկ օրվա պատմությունը՝ վաղ առավոտից մինչեւ ուշ գիշեր, եւ այն գյուղական իրականության, կենցաղի ու առօրյայի բանաստեղծական նկարագրություն է՝ համեմված հեղինակի հովվերգական ընկալումներով, անշուշտ, սխալված չենք լինի, բայց եւ ոչինչ ասած չենք լինի: Բովանդակային առումով պոեմն ընդգրկուն է այնքան, որքան կյանքը...

Եվ, այնուամենայնիվ, այս զարմանահրաշ ստեղծագործության մեջ տեղ գտած մի հազվադեպ գեղարվեստական իրողության չեմ կարող չանդրադառնալ: Դա այն է, որ հեղինակն ընդամենը մի քանի քառատողով՝ պապի մասին պատմող տատի զրույցների տեսքով, կարողացել է հուզաթաթավ խոսքի պատկերավոր բանաստեղծական վարպետությամբ այդ ստեղծագործության մեջ տեսանելի դարձնել նաեւ պատմական մի ամբողջ դարաշրջան: Պոեմի այդ մի քանի քառատողում՝ խորհրդային պետության կայացմանն ուղեկցած՝ մասնավոր հատվածին տնտեսական որոշակի ազատություն բերած ՆԷՊ-ի հուսադրող տարիները կան. հարկադրաբար կոլեկտիվ տնտեսություններ ստեղծելու խորհրդային իշխանությունների կույր մոլեռանդության ու այդ ռեժիմի կամակատար չեկիստների կամայականությունների տխուր ժամանակները կան. կյանքն ու հիշատակներն արժեզրկած՝ սովի դաժան տարիները կան: Մեծ հայրենականի արհավիրքով անցած՝ զավակներ կորցրած մեր ժողովրդի՝ հետպատերազմյան տարիների հոգի մղկտացնող ցա՛վը կա նաեւ պոեմի այդ փոքրիկ հատվածում, ու վերջապես՝ Խորհրդային Միության բարեկեցիկ ժամանակների ինքնաբավ իրականությու՛նը կա: Եվ այս ամենի մեջ ու այս ամենի մոտ՝ Երկնավորի հետ երբեք իր կապը չկորցրած, գթասրտությունը հավատք դարձրած անզուգական հայ կնոջ ոգեղենությունը կա...

«Անմահության համանվագն» ասես մեր բնաշխարհի խենթացնող թովչանքնեով լեցուն մի շտեմարան լինի: Այդ ստեղծագործությունը կարդալիս այնպիսի չնաշխարհիկ, անզուգական պատկերների ես հանդիպում, որ թվում է՝ ոչ թե բանաստեղծություն ես ընթերցում, այլ շլացուցիչ գեղանկարներ ու դյութիչ տեսապատկերներ ես դիտում եւ երբեմն անգամ թվում է նաեւ, թե մասնակցում ես քո աչքի առաջ ու քո ներկայությամբ տեղի ունեցող իրադարձությունների:

Գյուղաշխարհի իրողություններն ու բնապատկերներն այնքան կախարդող ճշմարտությամբ եւ արարչական նրբագեղությամբ են վրձնված, որ զմայլանքդ ըմբոշխնելով՝ անվիճարկելի մի եզրակացության ես հանգում՝ այս պոեմում գործ ունենք որեւէ ժամանակաշրջանով չսահմանափակվող մարդկային հավերժական զգացողությունների ու տարաբնույթ երեւույթների անմահ իրականության հետ:

Մեր խորին համոզմամբ «Անմահության համանվագ» պոեմը բոլոր ժամանակների ստեղծագործություն է, որովհետեւ այն մարդ-բնություն տիեզերական արարչաստեղծ կապի գեղարվեստական բացառիկ արտահայտություն է...
                                                               ***
Տիգրան Գրիգորյանը պիտի որ իրեն երջանիկ մարդ համարի, քանզի ինքը շատ սիրված անձնավորություն է մեր միջավայրում եւ սպասված զրուցակից, երեւի թե՝ ամենքի համար: Այսօր առավել քան երբեւէ նա պետք է մեր իրականությանը, մեր մշակույթին եւ հատկապես մեր գրականությանը, որովհետեւ այն, ինչ անում է, անում է լավագույնս, անմնացորդ սիրով ու նվիրումով:

Նրա խորհրդածություններին կարելի է ժամերով ունկնդիր լինել:

Նրա ոգեշնչված բանավեճերին առանց ձանձրանալու կարելի է ամեն օր մասնակից լինել:

Նա գիտի հայ ու համաշխարհային գրականությունը, իսկ ամենակարեւորը՝ զգում է որն է իսկական, համամարդկային գրականությունը, ինչի շնորհիվ էլ նրա խորհրդածություններից անընդհատ լույս է ճառագում...

Նա պայծառ մտքով ու մեծ մարդկայնությամբ օժտված վառ անհատականություն է՝ ճշմարտությունը տեսնող, արդարությամբ ապրող...

Այդ բոլորով հանդերձ պիտի խոստովանենք՝ մի լուրջ վրիպում ենք թույլ տվել` ավելի վաղ նրա մասին խոսք չասելով եւ նրան ըստ պատշաճի չներկայացնելով ընթերցողին ու հանրությանը: Դա էլ, կարծեք, իր խառնվածքով էր պայմանավորված, իրեն հեռու էր պահում (եւ պահում է) լրատվամիջոցներից, գրականագետներից:

Ինչեւէ, ուշացումով, բայց մեծ սիրով ու գորովալի ակնածանքով ներկայացնում ենք մեր տաղանդավոր հայրենակցին:

Առողջություն եւ ստեղծագործական ներշնչանք ենք մաղթում նրան՝ Սյունյաց աշխարհի մերօրյա բանաստեղծին, մտավորականի մեր պատկերացրած ու փնտրված տեսակին, խիզախ հայորդուն...

ՍԱՄՎԵԼ  ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
«Սյունյաց երկիր» թերթի խմբագիր

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25