Այսօր Ռոբերտ Գրիգորյանը (Էջանանցին) կդառնար 70 տարեկան

25.10.2016 12:41
3399

«Ուսուցիչը պիտի անսպասելի լինի, ինչպիսին Ռոբերտ Գրիգորյանն է: Մաթեմատիկայի դասից հետո նա հանկարծ կարող է աշակերտներին տանը շարադրություն հանձնարարել «Մեր շրջանի յոթ հրաշալիքները» թեմայով: Չգիտեմ ինչ են գրել, բայց հրաշալիքներից մեկը, անշուշտ, Լեռնաձորի ութամյա դպրոցն է»: Այս տողերը չորս տասնամյակի եւ ավելի վաղեմություն ունեն: Գրվել են Մոսկվայից գործուղված թղթակցի կողմից եւ տպագրվել «Կոմսոմոլսկայա պրավդա» լրագրում: Ավաղ, Լեռնաձորի դպրոցը մեծ ճանաչման արժանացրած անձնավորությունը, մեր թերթի մեծագույն բարեկամ Ռոբերտ Գրիգորյանը՝ նույն ինքն Էջանանցին կամ Կրիքոր Լուսավերեչը (Գրիգոր Լուսավորիչ), ինչպես նրան դիմում էին նեղ շրջապատում, ինչ նրան դուր էր գալիս, արդեն երկրավորներիս հետ չէ, այլեւս չես վայելի նրա անչափ հաճելի ներկայությունը:

Շատ բան է մեզ հայտնի նրա կյանքի էջերից, բայց հետաքրքրական բազում դրվագներ միայն նրա հարազատներից կարելի է իմանալ: Եվ հիմա տիկնոջ՝ Ռիտա Ստեփանյանի ու դուստրերի հետ նստած զրուցում ենք մաթեմատիկայի նրա կաբինետում, որտեղ ամեն ինչ մեծ մանկավարժի կենդանությունն է հուշում՝ հատակին գծված կոորդինատները, գրատախտակը, որի վրա կավճով գրվածը նրա մարգարտաշար ձեռագիրն է հիշեցնում, նախշազարդ ցուցափայտը, հանրաճանաչ մաթեմատիկոսների փոքր-ինչ խունացած լուսանկարները…

Գյուղական ուսուցիչների ընտանիքում է ծնվել, հայրը՝ Քրիստափոր Գրիգորյան՝ Երկրորդ աշխարհամարտի մասնակից, պատերազմում ստացած խեղումներից անժամանակ հեռացավ երկրային կյանքից: Մայրը՝ Ծովիկ Սարգսյան՝ մանկավարժ, 36-ը դեռ չլրացած՝ անողոք մահը գտավ նրան: Այս ամենը հակիրճ ու պատկերավոր է ներկայացրել իր ինքնակենսագրականում. «Գյուղական ուսուցիչների ընտանիք, առաջնեկ, որբություն 14 տարեկանից՝ Հերիքնազ տատիս խնամքի տակ, երեք երեխաներով»: Մոտ կես դար նույն դպրոցում (սա հազվադեպ է պատահում) ուսմասվար, 1984 թվականից որպես տնօրեն, հասցեն՝ Կապանա տուն, Լեռնաձորի հիմնական դպրոց: Յուրօրինակ այս կրթօջախի հարկի տակ շատ երեւելիներ են հույրընկալվել՝ հայտնի գրողներից ու արվեստագետներից (Սերո Խանզադյան, Ռազմիկ Դավոյան, Տիգրան Մանսուրյան, Ազատ Շերենց եւ ուրիշներ) մինչեւ Խորհրդային Միության կրկնակի հերոս, ԽՍՀՄ տիեզերագնաց-օդաչու Նիկոլայ Ռուկավիշնիկով, հյուրեր արտասահմանից:

…Առաջաձոր գյուղում աչք բացած պատանու գիտակցական կյանքն անդառնալիորեն կապվեց Լեռնաձոր փոքրիկ գյուղի հետ, միջնակարգն ավարտելուց հետո 6-ամյա մանկավարժական դասընթացներ էր անցել, դասավանդելու նշանակեցին Լեռնաձորի ութամյա դպրոցում: Դա 1965 թվականին էր: «Ես էլ աշխատում էի մանկապարտեզում որպես դաստիարակչուհի, ընդունվել մանկավարժականի բանասիրականի հեռակա բաժինը, - վերհիշում է տիկինը: - Սիրում էր կատակներ անել, նաեւ ռոմանտիկ էր: Մի անգամ հանդիպեց գյուղում, թե գնանք, Ամերիկայում աշխատենք՝ ես վարժապետ, դու վարժուհի: Իսկ ինչու՞ Ամերիկայում եւ ոչ այստեղ, փորձում էի հակադարձել: Եվ այդպես շարունակ կատակներ էր անում, նաեւ շատ ռոմանտիկ էր: Մի անգամ էլ թե՝ գնանք Անուշի, Սարոյի նման փախչենք սարերը», բայց ու՞մից փախչենք, - լինում էր իմ պատասխանը:

Ծանոթությունից հինգ տարի հետո ամուսնացան: Մանրամասների մեջ չխորանալով՝ ասենք, որ պարզ, անպաճույճ եղավ նրանց ամուսնությունը, առանց հարայ-հրոցի:

- Չեմ ուզում ոչ մեկին նեղություն տալ,- ասել էր եւ հարսնացուին տեղյակ պահել, - քեզ համար էլ կաչաղակի պարագաներ չեմ առել (նկատի ուներ օծանելիքը, հարդարման պարագաները):

«Համեստ կյանքով ենք ապրել, ճոխության հետեւից չենք ընկել, քչով բավարարվել ենք, դժվարությունները միասին ենք հաղթահարել, ծնողներս են երբեմն փորձել օգնել, չի թույլատրել, - խոստովանում է Ռիտա Ստեփանյանը,- հիմնականում դպրոցում էր անցնում Էջանանցու ժամանակը, ծանրաբեռնված էր, դա դժվար չէր նկատել, ուստի ազատություն էինք տվել, տան հոգսերով չէինք ծանրաբեռնում»:

Ծնվեց առաջնեկը՝ Ծովինարը, ով վաղամեռիկ ուսուցչուհի տատի անունն է կրում: Եվ հաճելի մի զուգադիպությամբ շարունակում է մանկավարժ հոր գործը դպրոցի տնօրենի պաշտոնում:

Էջանանցին շատ էր սիրում երեխաներին. 1975-ին երկվորյակ ունեցան, տիկին Ռիտան պատմում է, որ չգիտեին, որ զույգ պիտի ծնվի. «Առաջինը Սյունեն ծնվեց, բուժքույրը շտապեց աչքալուսանք տալ՝ Գրիգորյան, աչքդ լույս, աղջիկ ունես, էլի աղջիկ-վրա բերեց Էջանանցին: Մեկ էլ երկրորդն է ծնվում: Բուժքույրն էլ՝ Գրիգորյան, մի՛ գնա, մեկն էլ ծնվեց, բայց էլի աղջիկ է… Ինչ Էջանանցի, որ կատակի չտա՝ դե ասա բժշկական ուսումնարան պիտի բացեմ»:

Կատակը կատակ, բայց երբ հասակ էին առնում, տեսնել էր պետք, թե ինչպիսի գորովանքով էր վերաբերվում դուստրերին՝ Ծովինար, Աշխեն, Սյունե, Լիլիթ, ինչպիսի հայրական սիրով լեցուն ոտանավորներ է ձոնել, խրախուսական նամակներ գրել (երբ հեռակայում էր Կիրովականի մանկավարժականում կամ գտնվում էր տնից հեռու՝ առողջարանում): Այս մի դեպքն էլ տիկինն է պատմում. «1990 -ականների սկզբին էր՝ ցուրտ ու մութ ժամանակներ, տուն եկավ, թե՝ վառարանի վրա կարո՞ղ ես լավաշ թխել,  դպրոցում աշակերտները կարող են սոված լինել: Վեր կացա, խմոր հունցեցի, լավաշի հետ տանն ինչ կար, դրեցի հետը, դպրոց տարավ: Հիմնականում դպրոցում էր լինում, մի անգամ շրջանավարտների վերջին զանգից հետո եկավ տուն, մեկ էլ թե՝ չէ, դպրոց պիտի գնամ, երեխաներն այնտեղ են, առանց նրանց չեմ կարող»:

Մինչ Ռ.Ստեփանյանի հիշողությունների կծիկը սկսել էր քանդվել, Ծովինարը մանկական տարիների հուշեր ներկայացրեց. «Հայրիկի համար մի հաճելի զբաղմունքը մեզ հետ բնության գրկում անցկացնելն էր: Հատկապես դա լինում էր աշնանը, երբ ծառերը բազմերանգ գույներով էին պատվում: Ամեն ինչ բացատրում էր, խոսում ծառերի, բույսերի, սողունների եւ միջատների, գետերի ու գետակների մասին, ստուգաբանում տեղանունները, մի խոսքով՝ մեր այցը բնության գիրկ ուսուցողական, ճանաչողական բնույթ էր կրում՝ անմոռանալի ու հետաքրքիր: Երբեմն անտառ գնալիս մեզ հետ ինքնաեռ էինք վերցնում, թեյ պատրաստելիս խոտաբույսեր էր օգտագործում, թեյն այնքան համեղ էր ստացվում, որ բուրումնավետ այդ ըմպելիքից հնարավոր չէր կշտանալ»: Ծովինարը հիշում է նաեւ հայրիկի ընթերցանության ժամերը, երբ իրենց համար գրական-գեղարվեստական ստեղծագործություններ էր ընթերցում. «Հիշում եմ՝ մի անգամ այնքան տպավորիչ կարդաց «Գիքորը», որ քույրիկներով սկսեցինք լաց լինել: Ինքն էլ հուզվեց. նուրբ հոգի ուներ:

Հաճախ երեկոյան քույրիկներով դպրոց էինք գնում, լուսնադիտակով նայում երկնքին, երեւի դրանից իմ մեջ սեր արթնացավ աշխարհագրության, աստղագիտության հանդեպ: Դեռ շատ փոքր էինք, բայց գիտեինք՝ ինչ է գալակտիկան, մոլորակները, եղել է գիշեր, որ աչք չենք փակել, զրուցել էինք տարբեր թեմաների շուրջ:  Դասընկերուհիներիս բնակարաններում պատերին՝ թանկարժեք գորգեր էին կախված, մեր տան պատերին աշխարհի քաղաքական քարտեզը. ննջասենյակում՝ Հայաստանի քարտեզը՝ ցուցափայտը կողքին: Մեր տանը հյուրերից մեկը հայրիկին այդպես էլ ասել էր՝ «գյաբա չունես, պատերին քարտե՞զ ես կախել»:

Նրա հարուստ արխիվն ուսումնասիրելիս ուշագրավ շատ բան կարելի է պեղել: Որ Լեռնաձորի ութամյա դպրոցում 1970-ականներին ստեղծել է «XYZ» ակումբ, X-ը խորհրդանշում է աշխատանքը, Y-ը՝ գիտելիքը, Z-ը՝ ժողովրդական բանահյուսությունը: Գյուղի ծերունիներից գրի էր առնում նրանց պատմած ավանդազրույցները, խնդիրները, խրախճանականներ: Դեռ ավելին. 15 խրախճանական «Հայկական ժողովրդական խնդիրներ» վերնագրի ներքո տպագրվել է համամիութենական «Քվանտ» ամսագրի 1972 թվականի հունիսյան համարում: «XYZ» ակումբի մասին գրվել է գերմանական «Ալֆա» ամսագրում՝ «Մի մաթեմատիկական ակումբ Հայկական ԽՍՀ-ում» վերտառությամբ:

Որ Էջանանցին աշակերտի, դեռահասի երեւակայությունը բորբոքող մեկն էր, տողերիս հեղինակը համոզվել է դպրոցահասակ տարիքում՝ ամառային արձակուրդի օրերին, «Գանձասար» պիոներական ճամբարում: Ճամբարի ավագ ջոկատավարն էր, բազում հետաքրքրական միջոցառումների նախաձեռնող ու հեղինակ: Հիշում եմ այսպիսի մի դրվագ. գիշերվա կեսին, երբ ճամբարն անուշ քուն էր մտել, մեկ էլ տագնապ էր հայտարարվում: Երբ ճամբարականները՝  կիսաքուն, քնաթաթախ, բանից անտեղյակ շարք էին կանգնում, հայտնում էր, որ այսինչ բացատում այլմոլորակայինները տիեզերանավով վայրէջք են կատարել, ճամբարականները պիտի գնան եւ դիմավորեն նրանց: Կամ մի այլ հուշ. երբ ջոկատը քայլում էր անտառամիջյան ճանապարհով. մեկ էլ հրաման կհնչեր՝ ջոկատ, կանգնիր: Մի բույս էր քաղում եւ հարցնում դրա տեսակը (ո՞վ պիտի իմանար): Փոքր դադարից հետո ասում էր. «Սա թանթրվենի բույսն է»: Եվ հետեւում էին տեղեկություներ դրա մասին:

Էջանանցու բնավորության գծերից կարելի է առանձնացնել կողքինին օգտակար լինելու պատրաստակամությունը. հարազատների վկայությամբ՝ երբ տանը հնչում էր հեռախոսազանգը, ընկալուչը վերցնելով՝ առաջին արտահայտությունն էր՝ ինչո՞վ կարող եմ օգտակար լինել: Երեխաների մեջ էլ սերմանում էր այդ հատկությունը, ծերերին, տկարներին պետք է օգնել: Երբ շրջապատում մեկը հիվանդանում էր, տնեցիներին հորդորում  էր տեսակցության գնալ, հետաքրքրվել որպիսությամբ: Մի դեպք պատմեցին. մի անգամ տուն եկավ մի պարկ կանաչիով՝ մի մասը դեղնած: Երբ հետաքրքրվեցին, թե բանն ինչ է, ինչու է այդքան կանաչի գնել, պատասխանեց՝ բա ի՞նչ անեի, շուկայում միայն մի ծեր կին էր մնացել…

Այդպես պատրաստ էր գրպանի համեստ պարունակությունից բաժին հանել իր սաներին, ծերերին, կարիքավորներին…

Էջանանցին՝ բանահավաք: Սա մի առանձին եւ մանրակրկիտ ուսումնասիրության թեմա է՝ դպրոցում ստեղծել էր հնագիտական եզակի թանգարան, ինչպես տնեցիներն են ներկայացնում, մեծ ջանասիրությամբ էր հավաքում Լեռնաձորի, Քաջարանի, Կապանի տարածաշրջանի բանավոր զրույցները՝ խրախճանականներ, օրհնանքներ եւ անեծքներ, ժողովրդական բանահյուսության նմուշներ, ինչպես՝ Իշխան պապի ու Շուշան տատի հանելուկները, կազմել էր բարբառային բառերի բառարան, սիրում էր զրուցակիցներին տեղեկացնել, որ Լեռնաձորը նախքան մեր թվարկությունը կոչվել է Տիրնիք, 8-րդ դարից՝ Քրդիկանց, ի պատիվ նրա տիրոջ՝ Քրդիկ իշխանի, 1929 թվականից կոչվում է Լեռնաձոր: Որեւէ հավաքի կամ միջոցառման ժամանակ սիրում էր երգել Շուշան տատից լսած եւ գրառած խաղիկը՝ ստեղծելով անմիջական մթնոլորտ:

Հենա օրը նօրալա,

Նօրալա, պիլլորալա,

Քու լըսնենգա իրեսաթ,

Իմ սէրտըս մըլլօրալա:

Հումորը միշտ անպակաս էր նրանից: Ամանորի առիթով երգիծանքի լեզվով քառատողեր, բանաստեղծություններ (հումորեսկներ) էր գրում տարբեր մարդկանց (հիմնականում ճանաչված) մասին, որոնք տպագրվել են տարբեր թերթերում: Մինչեւ վերջին օրերը հավատարիմ էր  կատակասերի իր բնավորության գծին: Հիվանդանոցում եւս կատակում էր. մեկին ասաց. «որ լավ սրսկես, քեզ մի որձակ եմ տալու»: Երեւանցին ինչ իմանա՝ որձակն ինչ է: Հարցնում է՝ ի՞նչ: Որձակ էլի, կրկնում է Էջանանցին: Որոշ դադարից հետո՝ հա՜, իմացա՝ որձ հավ:

Որքան էլ դժվար էր պատմել այդ մասին, նրա կողակցից ցանկանում ենք իմանալ որեւէ դրվագ նրա ապրած վերջին օրերից. «Հաջորդ օրը պիտի գնայինք Երեւան՝ բուժզննման: Ճաշելուց հետո մեկ էլ թե՝ պիտի դպրոց գնամ: Ասի՝ մի գնա (ոտքերը ցավում էին, դժվար էր քայլում): Ընդդիմացավ՝ թե այստեղից դպրոց ինչ ճանապարհ կա, մի մատյան կա, գնամ, լրացնեմ, գամ: Մի քիչ ուշացավ, մեր հեռախոսազանգերին չէր պատասխանում, հետո ինքը զանգեց, թե վատ եմ զգում: Աղջիկներիս հետ շտապ դպրոց հասանք՝ սիրտը վատացել էր, պառկեցրինք բազմոցին, ասաց՝ մահը եկավ: Վերջ: Այլ բան չասաց…»:

Լեռնաձորի դպրոցում ամեն ինչ այնպես է, ինչպես նրա կենդանության օրոք, իսկ ահա երբ դուրս ես գալիս կրթօջախից եւ քայլում փողոցով, այն զգացողությունն է քեզ պատում, որ գյուղը դատարկվել է: Եվ շատերն ունեն այդ զգացողությունը:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30