Ազատ Բենիամինի Գասպարյանի ծննդյան օրն է, լրացավ նրա 65-ամյակը։
Հայաստանի լավագույն ճանապարհաշինարարներից այդ մեկի, Սյունյաց աշխարհի նվիրյալի, Մեղրի փոքր հայրենիքի հոմանիշ դարձած ադամորդու մասին խոսք ենք ասել 2021 թ․ նոյեմբերի 24–ին, երբ արժանացել էր ՀՀ վաստակավոր շինարարի կոչմանը։
Բայց 65-ամյակն առիթ է՝ նոր հայացք ձգելու նրա անցած ճանապարհին, նորովի արժևորելու նրա արած–դրածը։
Սկզբնական շրջանում ու տարիներ շարունակ հպարտությամբ էինք փաստում և իբրև գնահատանք հնչեցնում՝ եկավ Ապարանից, նվիրվեց Մեղրուն և վաստակեց լավագույն մեղրեցու համբավը։
Իհարկե, դա ճշմարիտ բնութագրում էր, սակայն հետո բացահայտեցինք կամ ինքը՝ կյանքը ցույց տվեց, որ նրա հայացքն ավելի բարձրից է և պարփակված չէ ինչ–որ տարածաշրջանով կամ սահմաններով։ Քանզի իրենն է համարում Հայաստան աշխարհը, Սյունիքը և, իհարկե, Մեղրին ու դարձյալ Մեղրին, առանց որի Հայաստան չի կարող լինել։
Եվ երկրի հանդեպ, Սյունիքի ու հատկապես Մեղրու հանդեպ նրա ինքնամոռաց սիրո խոստովանությունն իր իսկ գործերն են։
Վերհիշենք առավել նշանակալից նախագծերից մի քանիսը՝ կյանքի կոչված նրա գլխավորած ճանապարհաշինական կազմակերպության կողմից․
Թվարկումը կարող ենք շարունակել, բայց բավարարվենք ասվածով։
Եվ աշխատանքային այդ հասցեներից յուրաքանչյուրի մասին կարելի է երկար ու հանգամանալից խոսել, հպարտությամբ պատմել, բայց դա՝ մեկ այլ առիթով։
Առայժմ արձանագրենք՝ Ազատ Գասպարյանը քառասուն և ավելի տարիների ընթացքում շենացրել է Սյունյաց աշխարհի Արևիք գավառը, և երբեք ու ոչ մի պարագայում նրան չի լքել տիրոջ զգացողությունն ու արարումի ոգին։
***
Ազատ Գասպարյանը, առանց չափազանցության, հանրապետության ամենաճանաչված, ամենաբարձրակարգ ճանապարհաշինարարներից է։
Սխալված չենք լինի, եթե ասենք՝ իր գործունեությամբ ձևավորել է ավանդույթներ, որակի չափանիշներ, որոնք ընդօրինակվում են շատ-շատերի կողմից։
Գնահատելի է նրա գլխավորած ընկերության կողմից կառուցված կամ հիմնանորոգված ճանապարհների որակը, որը խոստովանում են ոչ միայն ոլորտի մասնագետները։
Ընդօրինակման արժանի է ճանապարհների ձմեռային սպասարկման նրա գործելակերպը։ 2535 մ բարձրության վրա գտնվող Դիբագի կամ Մեղրու լեռնանցքի ձմեռային պահպանությունը բավական է՝ ասվածի հավաստիության մեջ համոզվելու համար (ամենասաստիկ ձնաբքի օրերին անգամ լեռնանցքն անցանելի է ու անվտանգ)։
Այդ ամենը, խոստովանենք, խոսում է նախևառաջ այն մասին, որ Ազատ Գասպարյանը խելացի կազմակերպիչ է, իր գործի խորագիտակը։
Միայն հմուտ կազմակերպիչը կկարողանար Մեղրու ճանապարհաշինական՝ այնքան էլ ոչ հայտնի ու ոչ նշանավոր ձեռնարկությունը՝ 1995 թվականից սկսած, աստիճանաբար բարձրացնել ու դարձնել հանրապետության՝ այդ ոլորտի ամենամրցունակ ընկերություններից մեկը։
Միայն խելացի կազմակերպիչը կարող էր իր շուրջը համախմբել բազմաթիվ բարձրակարգ մասնագետների, նվիրյալ շինարարների, ովքեր ընկերության ամենամեծ հարստությունն ու հպարտությունն են։
Այդ ամենի համար է, որ Ազատ Գասպարյանն արժանացել է «Անանիա Շիրակացի» մեդալի (2007 թ․), ՀՀ վաստակավոր շինարարի կոչման (2021 թ.), իսկ մեղրեցիների կողմից՝ իրենց համայնքի պատվավոր քաղաքացու կոչման։
***
Ներկայումս Մեղրու տարածաշրջանում ձևավորվում է ճանապարհային ենթակառուցվածքների նոր պատկեր, ինչը պայմանավորված է Հյուսիս–հարավ մայրուղու Ագարակ–Քաջարան հատվածի շինարարությամբ։
32 կմ երկարությամբ այդ ճանապարհի կառուցումը, ամենայն հավանականությամբ, կավարտվի 2027–ին։ Ապագա մայրուղու շահագործումն ու պահպանումը, համոզված ենք, գործունեության նոր փուլի սկիզբ կդնի «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊ ընկերության տարեգրության մեջ։
Մինչ այդ, սակայն, տեսնում ենք՝ ճանապարհահատվածը կառուցող իրանցի շինարարները սերտ համագործակցության մեջ են Ազատ Գասպարյանի գլխավորած ճանապարհաշինական ընկերութան հետ, ինչը և սպասում էինք։
Դա էլ պատահական չէ, տարիների ընթացքում Ազատ Գասպարյանն իրանցի տնտեսավարողների միջավայրում ձեռք է բերել վստահելի և հուսալի գործընկերոջ համբավ։
***
Մեզ միշտ հետաքրքրել է ճանապարհ ասվածի գասպարյանական ընկալումը։
Եվ ինչ ենք պարզել․․․
Ճանապարհը, հիրավի, ռազմավարական նշանակություն ունի ցանկացած երկրի համար։ Ճանապարհի պահպանվածության վիճակից կարելի է պատկերացում կազմել տվյալ երկրի տնտեսական զարգացման աստիճանի մասին։ Ճանապարհներից կարելի է զգալ, թե որքանով է համաչափ տվյալ երկրի պետական համակարգի բաբախյունը։
Այդ ամենին Սյունիքում ավելանում են այլ չափորոշիչներ՝ պայմանավորված տարածաշրջանի ռելիեֆով, աշխարհագրական դիրքով ու բնակլիմայական պայմաններով։ Եվ․․․ Հարավային դարպասից Հայաստան մտնող օտարերկրացին առաջին իսկ րոպեներից «գործ է ունենում» կամ առնչվում դեպի մայրաքաղաք ձգվող Մ-2 միջպետական ճանապարհի հետ, որից և նախնական պատկերացում է կազմում մեր երկրի մասին։
Ըստ Ազատ Գասպարյանի՝ ճանապարհը երեխայի նման է, նրան պետք է սիրել, փայփայել...
Ճանապարհի ձմեռային պահպանման իր բանաձևն ունի Ազատ Գասպարյանը։
Քանի–քանի անգամ ենք ականատես եղել՝ ձյան տեղումները սկսելուց րոպեներ անց ձյունամաքրիչ տեխնիկան արդեն իր դերի մեջ է։
Քանի–քանի անգամ ենք ականատես եղել՝ ճանապարհին այս կամ այն պատճառով մնացած մեքենան դուրս է բերվում մեղրեցի ճանապարհաշինարարների ջանքով։
Իսկ ձմեռային տարեշրջանին նախապատրաստվելը, որպես կանոն, մեկնարկում է ամառվա ամիսներին։
Ճանապարհի պահպանման գործում նրա ամենամեծ մտահոգությունը սահմանված քաշից ավելի բեռներ տեղափոխող, ծանրաքաշ մեքենաների երթևեկությունն է, որը, կարծեք, այնքան էլ չի կարգավորվում տարածաշրջանում տեղադրված կշեռքների գործածման արդյունքում։
***
Մի հետաքրքիր մոտեցում ենք նկատում այն մարդկանց մոտ, ովքեր երբևէ փորձել կամ փորձում են բնութագրել Ազատ Գասպարյանին։
Բոլորն էլ առանձնահատուկ գորովանքով են խոսում նրա մարդկային, բարոյական նկարագրի մասին։
Չենք կարող չմիանալ տրված գնահատականներին ու մեր դիտարկումները չհավելել։
Ազնվություն, մարդկայնություն, բարեկրթություն ու բարեվարքություն, բարություն, ընկերասիրություն, մարդկանց մեջ առաջին հերթին լավը, դրականը տեսնելու ձգտում, չարությանն ու խարդավանքներին իր վարքում երբևէ տեղ չտալու վճռականություն։
Բնատուր մեկ այլ հատկանիշ ևս՝ կարողանում է իր բարությամբ, իր մարդկայնությամբ, իր մեջ եղած լույսով վարակել շրջապատին։
Ձգտում է հնարավորության սահմաններում օգտակար լինել մարդկանց։
Անսակարկելի հավատ մեր ազգային ու քրիստոնեական արժեքներին, և այդ ամենի ոգով աճող սերնդին դաստիարակելու կարևորության պատշաճ գիտակցում՝ դրանից բխող գործերով։
Սյունիքում՝ մարդուն, գործչին գնահատելու ուրիշ չափանիշ էլ գոյություն ունի, որը չափանիշներից առաջինն է։ Ասել է՝ իսկ ի՞նչ է արել տվյալ անձնավորությունը երկրամասի փորձության ժամին։ Ազատ Գասպարյանի պարագայում հետևյալը կարող ենք ասել՝ երկրամասի համար ամենավճռական ու բախտորոշ պահերին այնտեղ էր, որտեղ առավել պահանջված էին միջոցներ, ներդրումներ, կազմակերչպական ջանքեր, մարդկանց համախմբելու, քաջալերելու հմտություն․․․ Փորձեք հետադարձ հայացք ձգել 2016-ի ապրիլյան պատերազմի օրերին, 2020-ի արցախյան երրորդ պատերազմի սգաղողանջ և սրտատոչոր օրերին, հայրենազրկված արցախցիներին Սյունիքում ընդունելու ցնցող տեսարաններին․․․ Բազմաթիվ դրվագներում դուք անպայման կտեսնեք Ազատ Գասպարյանի ակտիվ ներկայությունը։
***
Ազատ Գասպարյանը սերում է Ապարանի տարածաշրջանի Արագած գյուղից։ Եվ նրա մարդկային ու քաղաքացիական որակների ակունքը հենց այնտեղ է։ Ուստի և չենք կարող նշանավոր այս օրը չխոնարհվել նրա լուսահոգի ծնողներ Սիրանույշի և Բենիամինի բարի հիշատակի առջև, ովքեր նման զավակ են պարգևել մեր ժողովրդին։
Արագածում է անցկացրել իր մանկությունն ու պատանեկությունը, այնտեղից էլ սովորելու մեկնել Երևան, հաջողությամբ ավարտել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետի «Ավտոմոբիլային ճանապարհներ» բաժինը, այնուհետև՝ 1983-ին, գործուղվել Մեղրու ճանապարհաշինական և շահագործման պետական ձեռնարկություն՝ կատարելով տարբեր աշխատանքներ, իսկ 1995-ին ընտրվել այդ ձեռնարկության տնօրեն, ավելի ուշ դարձել ձեռնարկության սեփականատերը։
Հաճելի է նկատել, որ պապենական օջախի, հայկական ավանդական ընտանիքի մաքրամաքուր արժեքները փոխանցվել են նրա՝ տիկին Ալլայի հետ 1984 թվականին կազմած, ինչպես և իրենց երկու որդու ընտանիքներին։
***
Ժամանակ առ ժամանակ հանդիպում ենք Ազատ Գասպարյանին և զրույց ունենում մեր ընթացքի ամենատարբեր հարցերի շուրջ։ Ու միշտ էլ բաժանվում ենք համոզմունքով՝ հայի նրա երազանքն ամուր սահմաններն են և արժանապատիվ խաղաղությունը։ Միևնույն ժամանակ, նրա պատկերացմամբ՝ երկրիդ պարտությունը սկսում է քո պարտությունից և երկրիդ զորացումը սկսում է քո զորացումից, ուրեմն և՝ ամենքս մեր տեղում մեր գործն անենք բարեխղճորեն, պատասխանատվությամբ և նվիրումով։
Մի ուրիշ հանգամանք էլ՝ Ազատ Գասպարյանի դիմանկարն ուրվագծելիս, կամա–ակամա, մտովի տեղափոխվում ենք Մեղրի, հանդիպում–զրուցում ծանոթ–անծանոթ, հարազատ մեղրեցիների հետ։ Եվ այդ ամենը, ի վերջո, ի մի բերելով համոզվում ենք վերստին՝ բարոյականության, հայրենատիրության, արժանապատվության ակունքները Սյունյաց աշխարհի այդ անկյունում երբեք չեն ցամաքելու։ Համոզվում ենք նաև՝ այսուհետ նույնպես, ինչպես դարեր շարունակ, մեզ սնելու է մեր նախնիների փառքը։
Եվ հայի, սյունեցու այդ տեսակի նկարագիրը՝ խտացված, սրբագրված, տեսնում ենք նաև Ազատ Գասպարյանի մարդկային, քաղաքացիական կերպարի մեջ։
Հիմա՝ մեր շնորհավորանքն ու բարեմաղթանքը հոբելյարին։
Հարգելի Ազատ Բենիամինի, շնորհավորում ենք Ձեզ՝ ծննդյան 65-րդ տարեդարձի կապակցությամբ, ցանկանում՝ նախ՝ քաջառողջություն, ընտանեկան երջանկություն, համառություն և հետևողականություն՝ տարածաշրջանի առջև ծառացած խնդիրների լուծման, Ձեր բազում ծրագրերը կյանքի կոչելու ճանապարհին։
Առանց չափազանցության՝ 65-ամյակը դեռևս հեռու է կյանքի աշուն լինելուց, այն ավելի շատ արարումի, ստեղծագործ աշխատանքի նոր փուլի սկիզբ է, մանավանդ որ այդ փուլ եք թևակոխում տարիների փորձով, իմաստնությամբ, կյանքի լավ ու վատից դասեր քաղած, եռանդով ու էներգիայով լցված։
Շարունակե՛ք արարումի Ձեր ընթացքը, շարունակե՛ք արարումի Ձեր հևքով վարակել մյուսներին՝ հիշելով՝ սահմանապահ և սահմանադուռ Մեղրին Ձեր կարիքն ունի։
Սամվել Ալեքսանյան