Ազատ Գասպարյանը՝ նվիրական իր գործերով, շարունակում է նպաստ բերել Մեղրու տարածաշրջանի ամրապնդմանը

18.10.2023 11:36
892

Կապուտջուղի և Գողթանասարի երկնահաս գագաթներին արդեն ձյուն է երևում: Բայց երբ լեռնաշղթայի բարձունքներից իջնում ենք Մեղրու կիրճ, այնտեղ աշնանային գույների անզուգական հանդես է, բերքով ծանրաբեռ այգիներ... Գեղեցիկ այդ համապատկերին յուրօրինակ և հաճելի երանգ է հաղորդում աշխատանքային եռուզեռը, ինչին ականատես եղանք շինարարական չորս հրապարակ կատարած այցի ընթացքում:

Բոլոր այդ տեղերում «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊ ընկերության հևքն է՝ արդիական մեքենաներով, շինարարության նորագույն տեխնոլոգիաներին տիրապետող մասնագետների թիմով, հայրենի հողուջրին նվիրված մարդկանցով:

Այդպես էլ հյուսվել է ճանապարհաշինական կազմակերպության բարի համբավն ամբողջ հանրապետությունում:

Ընկերության ներկայիս գործունեության մասին է զրույցը «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊ ընկերության տնօրեն Ազատ Գասպարյանի հետ: Սակայն հաշվի առնելով վաստակավոր շինարարի դերակատարությունը Մեղրու տարածաշրջանի հիմնախնդիրների լուծման գործում, փորձեցինք նրա միջոցով նախևառաջ պարզել օրախնդիր, բայց և շինաշխատանքներին չառնչվող մի քանի հարցի պատասխան:

- Պարոն Գասպարյան, այսօր, երբ այցելում էինք Մեղրի, ողջ ընթացքում այն միտքն էր մեզ ուղեկցում, որ Մ 2 մայրուղու Քաջարան-Դիբագի լեռնանցք ճանապարհահատվածն այսքան բարեկարգ չի եղել երբևէ։ Բայց կուզենայինք մեր զրույցն այլ թեմայից սկսել, որ այսօր հուզում է ողջ հայությանը: Մեզ հետաքրքրում է Արցախից բռնի տեղահանվածների ճակատագիրը. արդյո՞ք Մեղրիում կան տեղահանվածներ և արդյո՞ք ինչ-որ խնդրով դիմել են Ձեզ։

- Ինձ դիմել են Մեղրիի համայնքապետը և Տաշտունի վարչական ղեկավարը՝ խնդրանքով, որ որևէ ձևով, հնարավորության սահմաններում, օգտակար լինենք տունուտեղը կորցրած արցախցի մեր հայրենակիցներին։

Անվերապահ պատրաստակամություն եմ հայտնել... Նաև ձեր միջոցով եմ ուզում հայտարարել՝ կարող ենք աշխատանքի ընդունել այն արցախցիներին, ովքեր կկամենան աշխատել ճանապարհաշինարարությունում: Եվ իրենց համար լավ կլինի, և մեզ։ Շատ հեշտ էլ կինտեգրվեն մեր կոլեկտիվին, դրանում բնավ չեմ կասկածում։

Միևնույն ժամանակ քայլեր ենք ձեռնարկել՝ տեղահանված մեր հայրենակիցներին առաջին անհրաժեշտության պարագաներով օգնելու ուղղությամբ:

- Ամիսներ առաջ այցելել էինք Նռնաձոր... Ճանապարհի վիճակը խիստ մտահոգող էր:

Տեղյակ ենք՝ ժամանակ առ ժամանակ այդ բնակավայր տանող ճանապարհը որոշակիորեն բարեկարգում եք, բայց դրանով, ցավոք, խնդիրը հիմնավորապես չի լուծվում:

Կա՞ որևէ ծրագիր Նռնաձորի ճանապարհի հիմնանորոգման հետ կապված:

- Բավականին լուրջ ծրագիր կա... Ճիշտ եք նկատել՝ այդ ճանապարհի վիճակը մտահոգող է, և մենք մշտապես հետևում ենք՝ որքան հնարավոր է, և յուրաքանչյուր տարի ինչ-որ բան անում ենք՝ ճանապարհը փոքրիշատե բանուկ պահելու համար։ Բայց դա, ինչպես նշեցիք, հարցի վերջնական լուծում չէ: Ճանապարհն անցնում է երբեմնի երկաթուղու տեղանքով, և տարիներ ի վեր շահագործվելով՝ այն խորդուբորդ է դարձել՝ բարդացնելով երթևեկությունը։

Ներկայումս իրատեսական է դառնում Շվանիձոր-Նռնաձոր այլընտրանքային ճանապարհի կառուցումը։ Ճիշտ է, ավելի բարդ տեղանքով է անցնելու ապագա ճանապարհը, բայց դրա նշանակությունը չափազանց մեծ է։

- Այսօր շատ է խոսվում այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին: Շինծու այդ արտահայտությունը ՌԴ արտգործնախարարի տեղակալն օրերս ավելի կոնկրետացրեց՝ ասելով, թե դա ոչ թե Զանգեզուրի միջանցք է, այլ Մեղրու տարածքով երթևեկության վերականգնում, մեր վարչապետն էլ հավելեց՝ Մեղրու տարածքով երկաթուղին միանշանակ պիտի գործի, բայց ոչ արտատարածքային կարգավիճակով: Հնարավո՞ր է, որ երկաթուղուն զուգահեռ նաև ավտոճանապարհ կառուցվի։

- Այդ հարցերին ես չեմ տիրապետում և, բնականաբար, չեմ կարող պատասխանել: Մի բան կարող եմ ասել՝ մենք ունենալու ենք երկաթուղուն շրջանցող Շվանիձոր-Նռնաձոր ճանապարհահատվածը, որը Նռնաձորը միացնելու է Մ-17 ճանապարհին՝ Շվանիձոր գյուղից 3-4 կիլոմետր վերև։ Ընդ որում՝ ռելիեֆային տեսակետից շատ բարդ տեղանքով է անցնելու Շվանիձոր-Նռնաձոր ճանապարհը, բայց անհրաժեշտ բոլոր պարամետրերը պիտի բավարարվեն, և բավարարվելու են:

- Մեղրուն առնչվող մի խնդրի մասին կուզենայինք խոսել. ամռանը դժվարություններ են առաջանում Արաքսից ջուր վերցնելու հարցում, ինչը վտանգի տակ է դնում տարածաշրջանի այգեգործությունը: Չափազանցություն չի լինի, եթե ասենք՝ այդ խնդիրը մեղրեցու գլխավոր մտահոգություններից է:

Ինչպե՞ս եք պատկերացնում հարցի լուծումը. Արաքսը սակավաջուր է դառնում և ջուրը հասանելի չի լինում պոմպերին:

Հիմնախնդրի լուծման մի քանի տարբերակ է շրջանառվում Մեղրիում: Ձեր կարծիքը։ Հարցն ուղղում ենք՝ նկատի ունենալով, որ տարիներ շարունակ Ձեր գլխավորած շինկազմակերպությունն էր զբաղվում ափապաշտպան կառույցներով:

- 1983 թվականից Մեղրիում եմ, միշտ ջրի խնդիր եղել է: Նույնիսկ հիշում եմ, որ սակավաջրության համար տասը տոկոս հավելավճար էր տրվում։

Դեռևս տարիներ առաջ խնդրի լուծման միակ և խելամիտ տարբերակը համարվել է արհեստական ջրամբարի կառուցումը Մեղրի գետի վերին հոսանքում: Այդ գաղափարը կենսունակ է մինչև հիմա։ Ինքս էլ համաձայն եմ այդ տեսակետին և համոզված եմ՝ եթե ջրամբարի կառուցումն իրականություն դառնա, ապա Մեղրիի ոռոգման ջրի խնդիրը հիմնովին կլուծվի։

- Վերջին շրջանում տարբեր աղբյուրներից լսում ենք, թե Հյուսիս-հարավ ճանապարհի չորրորդ տրանշի կառուցումը մոտեցել է մեկնարկի փուլին: Ի՞նչ կարող եք ասել սյունեցիներիս հետաքրքրող այդ հարցի մասին:

- Չորրորդ տրանշի համար արդեն նախագիծը կա, դա ներառում է Մեղրու մաքսակետից մինչև Քաջարան ընկած ճանապարհահատվածը՝ առանց մեծ թունելի: Մրցույթ է հայտարարվել, հաղթողներն Իրանի Իսլամական Հանրապետության շինարարներն են, լուրջ հանդիպումներ ենք ունեցել նրանց ներկայացուցիչների հետ, համագործակցելու առաջարկ եմ ստացել: Մեր ունեցած տեղեկություններով՝ հոկտեմբեր ամսից աշխատանքները պիտի մեկնարկեին, շինարարության թույլտվությունն էլ տրված է։ Հավանական է՝ մինչև տարեվերջ աշխատանքները կմեկնարկեն։ Ըստ իս՝ տարածաշրջանի բոլոր շինարարական կազմակերպություններն ընդգրկվելու են մեծամասշտաբ այդ ծրագրում: Միայն մեկ փաստ, որ կարող է վկայել կատարվելիք աշխատանքների ծավալների մասին. կիրականացվեն 150 հազար խորանարդ  մետր բետոնային աշխատանքներ։

- Վերջերս տեղի ունեցավ հայ-իրանական գիտաժողով, որի ընթացքում ներկայացվեցին հայ-իրանական տնտեսական համագործակցությանն առնչվող զեկուցումներ, շատերը կարևորեցին «Արաս» ազատ տնտեսական գոտու հնարավորությունների օգտագործման հեռանկարը: Եվ, այդքանով հանդերձ, տպավորություն ունենք, որ առկա հնարավորությունները չեն օգտագործվում։

- Կարծում եմ՝ ներկայումս փոփոխվող աշխարհաքաղաքական իրավիճակը խոչընդոտում է հայ-իրանական տնտեսական կապերի զարգացմանը, բայց երբ տարածաշրջանում խաղաղություն հաստատվի, ամեն ինչ կընկնի իր տեղը։

- Ձեր ընկերությունն առնչություններ ունի իրանցի տնտեսվարողների հետ, արդյո՞ք մաքսային, բյուրոկրատական քաշքշուկներ են առաջանում տնտեսական համագործակցության ընթացքում, թե՞...

- Փառք Աստծո, նման քաշքշուկներ չկան, երբեմն նույնիսկ փաստաթղթերի ձևակերպումը հեռավար կարգով ենք իրականացնում:

- Իսկ գնային տարբերություններ կա՞ն, օրինակ, Հայաստանում վաճառվող շինանյութի և Իրանում վաճառվողի միջև։

- Իրանում վաճառվող ցեմենտը, օրինակ, երեք անգամ էժան է. եթե Իրանում 1 տոննան գնում ենք, ասենք, 20 դոլարով՝ ութ-ինը հազար դրամով, ապա  մաքսային ձևակերպումներից հետո դառնում է 37 հազար դրամ. այս դեպքում հիմնականում խնայում ենք ճանապարհային ծախսը։ Իսկ մեզանում, եթե չեմ սխալվում, մեկ տոննան 40-45 հազար դրամ է: 

- Եթե ռազմական գաղտնիք չի պարունակում, ապա կուզենայինք կարևոր մի հարցի մասին նույնպես տեղեկանալ: Նաև Ձեր ղեկավարած կազմակերպությունն է մեր տարածաշրջանում սահմանների ամրակայման ուղղությամբ աշխատանքներ իրականացնում...

- Վերջին տարիներին սահմանների ամրակայման աշխատանքները լայն թափ են ստացել: Դրան մասնակցում է նաև մեր ընկերությունը. այս տարի այդ ուղղությամբ ծավալուն աշխատանքներ ենք կատարել ու կատարում: Ձգտում ենք ծրագրերից մեկն առաջիկայում ավարտին հասցնել, իսկ մյուսի կատարումը շարունակելու ենք։

Այդ աշխատանքների ավարտից հետո, համոզված եմ, դիրքապահ մեր զինվորը լիովին պաշտպանված կլինի։

Անկեղծ ասեմ՝ մեծ բավականություն ենք ստանում և հպարտությամբ լցվում, որ մեր համեստ ավանդն ենք ներդնում երկրի պաշտպանունակության ամրապնդման գործում։ Ասեմ նաև՝ մեր շինարարներն աշխատում են բնակլիմայական բարդ պայմաններում, որտեղ արդեն ձմռան շունչն է թևածում։ Բայց նրանք չեն տրտնջում ու մի բան են ասում՝ շինարարությունն ավարտելու ենք ժամանակին և որակով։

- Ձմեռը յոթ սարի հետևում չէ, ինչպե՞ս է «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊ ընկերությունը նախապատրաստվել ճանապարհների ձմեռային սպասարկմանը։

- Չէի ասի, որ 100 տոկոսով նախապատրաստվել ենք, ինչպես անցած տարիներին, բայց բավականին քանակությամբ աղ ու ավազ ենք կուտակել, որոնց քանակությունը համալրվելու է առաջիկայում: Չեմ պատկերացնում, որ մայրուղու՝ մեզ վստահված հատվածում խնդիրներ կառաջանան: Ձեռք ենք բերել ձմեռային անվադողեր, մարտկոցներ, անվաշղթաներ, որոնց թիվն ընթացքում կավելանա։ Մի խոսքով՝ ավանդույթը չենք խախտի և կշարունակենք ձմեռային սպասարկումն իրականացնել այնպիսի որակով, ինչպես տարիներ շարունակ։

- Այժմ Մեղրու ճանշինն աշխատում է մի քանի ճակատով, աշխատուժի հարցում հավանաբար դժվարություններ ունեք...

- Շատ լուրջ հարց բարձրացրիք: Կուզենայի թվարկեմ մեր շինարարական հրապարակները: Բացի սահմանների ամրակայման երկու բևեռի աշխատանքներից, որոնցում ընդգրկված է 60-70 աշխատող, նաև զգալի տեխնիկական միջոցներ, լուրջ աշխատանքներ ենք իրականացնում Լիճքի խմելու ջրի մաքրման կայանի շինարարությունում: Ավարտել ենք Քաջարանի կամրջից դեպի Մեղրի ձգվող 8,3 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգումը, ավարտվում է Վանք-Կալեր տանող ճանապարհի կամրջի վերաշինումը՝ սուբվենցիոն ծրագրով: Մենք էլ լավ ենք զգում, որ գեղեցիկ այդ կամուրջը երկրորդ կյանք է ստանում մեր շնորհիվ:

- Կամրջի շինարարության մասին, եթե կարելի է, մի փոքր ավելի հանգամանալից:

- Կամարային կամուրջը նախատեսված է եղել շահագործել 1980-ական թվականներին, շինարարության ավարտը զուգադիպել է ձմեռվա սեզոնին, և ձմեռային եղանակն ու բետոնը «չհաշտվեցին» իրար հետ, լեզու չգտան, ճակատային ծածկը շատ արագ քանդվեց...

Հետագայում անհրաժեշտություն առաջացավ վերանորոգել կամուրջը։ Մեղրու համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանի հետևողականության շնորհիվ՝ սուբվենցիոն ծրագրով, այս տարի սկսեցինք կամրջի վերակառուցումը։ Գոյություն ունեցող ծածկը քիչ թե շատ նորոգեցինք, որը ծառայեց որպես կաղապար, որի վրա՝ երկշերտ ամրանավորված սալի շնորհիվ, 20 սմ շերտով բետոնե ծածկով ստացանք բոլորովին նոր կամուրջ։ Մասնագիտորեն արտահայտվեմ՝ կամուրջը հնարավորություն կտա մեքենայի մեկ սռնու վրա տասը տոննա բեռով երթևեկություն։ Կամարային մասի ամրապնդումն ավարտվել է, մնում է հենասյուներն ուժեղացնենք։

- Ձեր շինարարական պրակտիկայում սա առաջին կամուրջը չէ, որ կառուցում եք...

- Մենք զրոյից կառուցել ենք երկու կամուրջ Մեղրի-Երևան միջպետական ճանապարհի վրա, բայց մեր պրակտիկայում կամրջի հիմնանորոգման առաջին դեպքն է։ Սա յուրահատուկ հիմնանորոգում է՝ նախ ուժեղացրինք կամարները, հետո կառուցեցինք երթևեկելի գոտին։

- Սուբվենցիոն մեկ այլ ծրագրին անդրադառնանք, մաքրման կայանի շինարարությունը նկատի ունենք:

- Մաքրման կայանը վայրկյանում 70-80 լիտր ջուր մատակարարելու հնարավորություն կունենա։ Կառույցի շինարարությունը սկսել ենք անցյալ տարի և ավարտելու ենք 2024 թվականին: Մաքրման կայանից խմելու որակյալ ջուր է դուրս գալու, մնացյալը խողովակաշարի որակով  պայմանավորված կլինի ...

- Քիչ առաջ եղանք Մեղրի քաղաքից Արաքսաշեն թաղամաս ձգվող ճանապարհին: Աշխատանքային ակտիվ մթնոլորտ էր, տպավորված ենք...

- Այդտեղ միջին նորոգում ենք իրականացնում պետբյուջեի հաշվին, որի երաշխիքային ժամկետը 5-6 տարի է: 17,2 կիլոմետր հատվածի վրա 5 սանտիմետր հաստությամբ ասֆալտբետոնե ծածկ է տեղադրվում: Եթե Նռնաձորի ճանապարհի շինարարությունն էլ իրականություն դառնա, միանալու է այս հատվածին և դառնալու է նորմալ ճանապարհ:

Միջին նորոգումը ճանապարհի վերին շերտի թարմացումն է ասֆալտբետոնով, որի տակ եղած թերությունները վերացնում ենք և մեկ շերտ մանրահատիկ ասֆալտբետոնե ծածկ տեղադրում:

- Արդեն երկրորդ տարին է, ինչ վերանորոգվում է Մ 2 մայրուղու Քաջարան-Դիբագի լեռնանցք ճանապարհահատվածը։ Այդ մասին կուզենայինք լսել:

- Դա իրենից ներկայացնում է 8,3 կմ ճանապարհահատված, և ամենաբարդը Քաջարան քաղաքի միջով անցնող հատվածն էր։ Առանց չափազանցության՝ գրեթե մեկ մետր քանդեցինք և կավային բնահողը հեռացրինք՝ տեղը լցնելով ժայռային զանգված՝ այդպիսով ամրացնելով հիմքը։ Ընդամենը վեց հարյուր մետր ճանապարհահատված էր, բայց շինաշխատանքները տևեցին մոտ վեց ամիս։ Դրան հավելած մեքենաների անընդհատ երթևեկությունը, առանձին դեպքերում՝ մեքենաների կայանատեղերը։ Մի խոսքով՝ դժվարին հատված էր։ Բայց փառք ու պատիվ մեր շինարարներին, որ կարողացան հիմնախնդրին ճիշտ լուծում տալ ու ժամանակին ավարտել շինարարությունը։

Մասնագիտական լեզվով ասեմ՝ ճանապարհն ունի ցեմենտով վերամշակված ասֆալտբետոնե հիմք. դա կոչվում է հիմքի ամրացում, որի վրա տեղադրվել է երեք շերտ ասֆալտբետոն։ Նման լուծումը լիովին համապատասխանում է ժամանակակից տեխնոլոգիաներին։ Կարծում եմ՝ ճանապարհը երկար ժամանակ կծառայի, եթե պահպանումը ճիշտ կազմակերպենք, եթե երթևեկությունը ճիշտ իրականացնենք, եթե ծանրաքաշ մեքենաների քանակը սահմանափակենք և այլն։

- Պարոն Գասպարյան, հաջողություններ ենք մաղթում Ձեզ և ընկերության  բոլոր աշխատակիցներին՝ հայրենաշեն գործերում և, իհարկե, ամուր առողջություն։

- Շնորհակալ եմ, կձգտենք արդարացնել բոլորի սպասելիքները։

Զրույցը՝ Սամվել Ալեքսանյանի և

Վահրամ Օրբելյանի

Լուսանկարները՝

Հարություն Վարդանյանի

13 հոկտեմբերի 2023 թ.

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

21.12.2024 09:29