Ազատամարտիկ Վոլոդյա Բաղդասարյանը, ով նահատակվեց Հայաստանի անկախության վերականգնման ճանապարհին

10.04.2019 12:47
785

Արցախյան ազատամարտում 45 տարեկան հասակում զոհված Վոլոդյա Բաղդասարյանի մարտական ընկերը՝ Սուրիկ Պետունցը, թերթելով զոհված ընկերոջ հետ անցկացրած հիշողությունները, գրել է հուշապատում

***

1990թ. փետրվարի մառախլապատ եւ ձյունամեծ մի օր էր: Կանգնած էի Գորիսի շրջխորհրդի գործկոմի 2-րդ հարկի միջանցքում եւ մտորելով ծխում էի: Ի պաշտոնե հանդիսանալով նշված կառույցի իրավախորհրդատուն, ստեպ-ստեպ երբեմն ներկայանում էի աշխատատեղ, քանզի հիմնականում լրջորեն ներգրաված էի ազգային-ազատագրական շարժման մեջ: Մի պահ նկատեցի, որ աստիճաններով բարձրանում է շրջխորհրդի նախագահի վարորդ Սուրիկ Դալլաքյանը՝ անծանոթ, նոսրացող, ցորնագույն մազերով, միջահասակ մի տղամարդու հետ: Ներկայանալով եւ ծանոթացնելով երկուսիս, Ս.Դալլաքյանը պատճառաբանեց, թե նախագահն իրեն շտապ կանչել է եւ անհետացավ ընդունարանի դռների հետեւում: Ծանոթացանք: Զրուցակիցս Վոլոդյա Ազատի Բաղդասարյանն էր՝ Գորիսի նախկին տնային կառավարիչ Ազատ Բաղդասարյանի ավագ որդին, ով ծառայել էր խորհրդային սահմանապահ զորքերում, հրաշալի մեկնաբանում էր հայ-ադրբեջանական հակամարտությունը եւ դրա զարգացման հնարավոր հեռանկարը, խելամտորեն արծարծում էր ապագա հնարավոր ռազմական գործողությունների տակտիկա-ստրատեգիական մանրամասները, ինչպես նաեւ չբացառվող պարտիզանական կռիվների մարտավարությունը: Հանդիսանալով ԽՍՀՄ զինված ուժերի պահեստի սպա, ես կռահեցի, որ իմ առջեւ կանգնած է ռազմական գործի հմուտ գիտակ, ինչպես նաեւ հայ դատի գիտակից ու նվիրյալ մի մարտիկ: Միաժամանակ նա ակնարկեց, ազերիների կողմից լքված Կուրթկուլաղ գյուղում է գտնվում, զբաղվում է գյուղատնտեսական աշխատանքներով, միաժամանակ անթաքույց հավելեց, թե կարիք ունի գիտակից եւ նվիրյալ ընկերների՝ հիմնելու մարտական հենակետ, պաշտպանելու գյուղը: Այդպես էլ սկսվեց մեր ընկերությունը: Հաջորդ օրը միասին մեկնեցինք Կուրթկուլաղ, որն իր իսկ առաջարկությամբ վերանվանվել էր Մխիթարաշեն (Մխիթար Սպարապետի անվամբ): Իր դիտարկմամբ իրոք գյուղը լուրջ ստրատեգիական դիրքում էր գտնվում, ծվարած լինելով անտառապատ ձորում՝ նրա վրա ընդամենն ուղիղ գծով 100 մետր հեռավորության վրա իշխում էին բարձրադիր ադրբեջանական երկու գյուղ՝ Վերին եւ Ներքին Ջիբիքլուները: 

Հետաքրքիր արարած է մարդը՝ անմիջապես գայթակղվում է գեղեցիկ գաղափարի չափագրական տեղանքում՝ իրազեկվելով իրադրությանը եւ հնարավոր ռեալ վտանգը գիտակցելով՝ ընկնում երկմտանքի մեջ: Այսպիսի հոգեբանական վիճակ էր ստեղծվել նաեւ իմ հոգում: Վոլոդյան կռահում էր հոգուս ալեկոծումը, սակայն ոչնչով չարտահայտվեց այդ մասին: Երկուսով միայնակ էինք մթնաձոր հիշեցնող այդ վայրում՝ յուր կուսական անտառով, գետակի կարկաչով, գիշերահավի ու բվի քրքիջով եւ թույլատրված շների կողմից հարձակման իրական վտանգով: Ողջ գիշերը չքնեցինք, զրուցում էինք, քննարկում զանազան հարցեր:

Ես գիտակցում էի, որ իմ առջեւ հայի հատուկ տեսակ է, մարդու հատուկ տեսակ, որին լքելը սրբապղծություն կլիներ: Լռելյայն կնքվեց մեր մարտական դաշինքը: Աստիճանաբար գյուղը սկսվեց վերաբնակեցվել՝ Հայաստանի տարբեր շրջաններից, Երեւան քաղաքից մի քանի ընտանիք էր եկել՝ գեղեցիկ կյանքի ակնկալիքով: Վերաբնակների մեջ կար երկու միայնակ անձ, առանց ընտանիքի՝ ոմն Վիկտոր, իբրեւ, ըստ իր ներկայացման, ազգությամբ գերմանացի, կինը՝ հայուհի, ընտանիքը բնակվում է Աբովյանում, իսկ մյուսը՝ ազգությամբ հայ` Գեւորգ անվամբ՝ Շամխորից բռնագաղթած, ովքեր բավականին տարօրինակ վարքագիծ ունեին: Այդ երկուսն ամառ-ձմեռ սեւ կոմբինզոն էին հագնում, ինչպես նաեւ աներկյուղ շրջում Կուրթկուլաղ-Շուռնուխ հատվածում՝ այն պարագայում, որ 1990-92 թթ. բազմաթիվ հայ քաղաքացիներ անհետացան կամ զոհվեցին Գորիս-Կապան մայրուղու այդ հատվածներում: Երբ իրադրությունը թեժացավ, վերաբնակ ընտանիքները փութով լքեցին գյուղը, սակայն նշված երկուսը մնացին: Զարմանալի եւ տարօրինակ էր, թե ինչով էին զբաղված շրջանի իրավապահ մարմինները, ո՞ւր էր նայում ազգային անվտանգության բաժինը, ինչո՞ւ չէր գործում զտման մեխանիզմը: Հակամարտող կողմերում կանգնած էին ԽՍՀՄ զինված ուժերի 4-րդ եւ 7-րդ բանակային ստորաբաժանումները: Կատարիի հեռուստաաշտարակի մոտ տեղակայված էր 7-րդ բանակի սահմանապահ ուղեկալը, որի հրամանատարն էր կապիտան Անդրեյը: Նրա հետ Վոլոդյան ստեղծել էր ջերմ, փոխվստահելի հարաբերություններ, եւ, բնականաբար, լինում էին փոխայցելություններ: 

1991թ. ապրիլին Վերին Ջիբիքլու գյուղի դիմահայաց ճանապարհահատվածներում զինված ընդհարում է առաջանում հայերի եւ ադրբեջանցիների միջեւ, հանգամանքների բերումով ես գտնվել եմ Գորիսում եւ մասնակցություն չեմ ունեցել: Ըստ Վոլոդյայի պատմածի՝ իրենք չորսով են եղել՝ Գորիսի վաշտի երկու պայմանագրային, ինքը եւ Քոլատակից Գեւորգ Մինասյանը: Այդ ընդհարման մասին բավականին պատկերավոր էր նկարագրում անզուգական Վոլոդյան: Դեպի Ջիբիքլու գնացող ճանապարհի ոլորանի ճամփեզրյա ջրատար առվի մեջ էին դիրքավորվել ազերիները, իսկ մեր տղաները մոտավորապես 30-40 մետր հեռավորության վրա գտնվող բոխու ծառերի հետեւում: Երկկողմանի մրրկալից կրակ էր տեղում: Վոլոդյային հաջողվում է շարքից հանել ազերիներից մեկին, իսկ նրա կողքին դիրքավորված ազերին շարունակում էր կրակի տակ առնել հայ մարտիկներին, այդ պահին վիրավորվում է Քոլատակի Գեւորգը: Հակառակի պես Վոլոդյայի փամփուշտները սպառվում են: Հանկարծակի ազերիների դիրքերից դուրս է պրծնում ԽՍՀՄ ԶՈւ մի սպա՝ հավանաբար ցանկանալով անցնել մեր տղաների թիկունք, սակայն ճանապարհի միջնամասում վայր է ընկնում՝ առաջ նետելով ձեռքի ինքնաձիգը: Վոլոդյան թշնամու կրակի տակ սողալով մոտենում եւ վերցնում է լեյտենանտի զենքը, որով էլ վերջ է տալիս վերջին ազերուն: Ապա մոտենում է լեյտենանտին, որոշակի հեռավորությունից հրամայում է՝ «Не симулируй, стань»! Վերջինս բարձրացնում է գլուխը, ձեռքերը կտրուկ թափահարում եւ հառաչելով հոգին ավանդում: Վոլոդյան մոտենում է նրան, արձակում զրահաբաճկոնը, որի ծոցից թափվում են 10-ից ավելի կրակված ավտոմատի պահունակներ: Վոլոդյան զննում է լեյտենանտի մարմինը եւ պարզում, որ գնդակը նրա մարմին է թափանցել թիկունքից՝ պոչուկային վերջույթի շրջանում: Նշանակում է, որ ազերիները կարծելով, թե նա ցանկանում է անցնել հայերի կողմը՝ թիկունքից խփել են: Որքանով որ զավեշտալի է, ռուս լեյտենանտը որոշակի ժամանակ անց արժանացավ ԽՍՀՄ հերոսի կոչման, որի առթիվ «Труд» թերթում հրապարակվեց հրամանագիրը: Զոհված լեյտենանտի ԱԿՍ ինքնաձիգը, որպես ռազմավար, Վոլոդյան բերել էր գյուղ եւ պահում էր իր մոտ: Մի քանի օր անց գյուղ եկավ Վազգեն Սարգսյանը՝ Գորիսի վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Միշա Խոյլունցի հետ եւ համոզելով Վոլոդյային, զենքը տարան իրենց հետ: 

1991թ. մայիսի վերջին տասնօրյակին կրկին Կուրթկուլաղում էի: Մայիսի 27-ին Շուռնուխից երկու տղա անտառային կածաններով Կուրթկուլաղ գալով հայտնեցին, որ Շուռնուխի ջոկատը ցանկանում է մայիսի 28-ը նշել հավուր պատշաճի, ուստի եկել էին խոզի միս ձեռք բերելու: Վոլոդյան մի խոճկոր մորթեց՝ իր կողմից ձրի տրամադրելով շուրջ 6 կգ` հայտարարելով՝ «Տարեք, քեֆ արեք»: Վերջիններս բռնելով տունդարձի ճամփան, խնդրեցին ներկա լինել վաղվա արարողությանը: Սակայն մեզ վիճակված չէր ներկա գտնվել հիշյալ արարողությանը:

Մայիսի 28-ն էր, ժամը 18-ի սահմաններում Վոլոդյան նստելով «Երազ» ավտոմեքենայի ղեկին, ինձ եւս պատվիրեց նստել: Ես առարկեցի նրան, թե չափազանց մեծ ռիսկի ենք դիմում՝ փաստարկելով, որ մայիսի 28-ի առիթով ոսոխը ճանապարհին անպայման դարան սարքած կլինի: Նա գլուխը խոնարհեց ղեկին, եւ այսպես շուրջ 5-10 րոպե լուռ էինք: Հանկարծ ներքեւից մեքենայի հռնդյուն լսվեց, եւ քիչ անց հայտնվեց մի «Ժիգուլի» ավտոմեքենա, որից դուրս եկան Գորիս քաղաքի բնակիչներ Կամո եւ Սամվել Մկրտչյանները: Նրանք հայտնեցին, որ Տաթեւի ճանապարհով գնացել են Կապան եւ այժմ վերադառնում են Գորիս: Վոլոդյան մտախոհ ակնարկեց, թե ճանապարհն անվտանգ չէ, սակայն Սամվելը ծիծաղելով ցույց տվեց ձեռքի ավտոմատը: Այնուհետեւ նրանք շարժվեցին դեպի Գորիս, իսկ մենք բարձրացանք Նոր Առաջաձոր՝ հյուրընկալվելով մեր ընկեր Գրենիկին, որտեղ էլ գիշերեցինք: Հաջորդ օրը պարզվեց, որ տղաներն ընկել են ոսոխի դարանը, Կամոն սպանվել էր, իսկ Սամվելը՝ գլխից վիրավորված, անտառներով հասել Կարմրաքար:

1991թ. հուլիս ամիսն էր, գտնվում էի Գորիսում եւ պատահականորեն հանդիպեցի «Կատարի» ուղեկալի հրամանատար Անդրեյին, ով «Ուրալ» ավտոմեքենայով սնունդ էր տանում Կատարի. ի դեպ վարորդն ազգությամբ ուզբեկ Իլհոմն էր: Վերջիններիս հետ մեկնեցի Կատարի: Բեռնաթափումից հետո մեկնեցինք դեպի Կուրթկուլաղ եւ ավտոմայրուղու խաչմերուկում հանդիպեցինք հակառակորդի կողմից չեզոք դիրք անցած 4-րդ բանակային զորամիավորման մի կապիտանի՝ Օլեգ անվամբ, երկու շարքայինի հետ: Օլեգն Անդրեյին խնդրեց իրեն եւս տանել, հայտնելով, որ Վերին Ջիբուքլու են գնում: Երբ հասանք Ջիբիքլուի ճամփաբաժին՝ Անդրեյն ինձ հարցրեց. «Поехали что ли, Сурик», առանց երկմտելու դրական պատասխան տվեցի, սակայն երբ «Ուրալը» ասֆալտից անցավ Ջիբիքլուի խճապատ ճանապարհը, գիտակցեցի, որ անխոհեմ քայլի եմ գնացել: Ես հագնված էի կիսաքաղաքացիական-կիսազինվորական եւ նստած էի Իլհոմի ու Անդրեյի արանքում: Երբ մեքենան կանգ առավ ազերիների շտաբի մոտ, կողակամիջակին թռավ մի ազերի լեյտենանտ եւ զրույցի բռնվեց Անդրեյի հետ, նկատելով ինձ՝ հարցրեց, թե ով եմ ես: ԱՆդրեյը հստակորեն պատասխանեց՝ «Մեր նոր ծառայողներից է»: Շարժվեցինք դեպի Կուրթկուլաղ, եւ ճանապարհին խորհում էի իմ անմիտ արարքի մասին: Հասանք գյուղ եւ ուղեւորվեցինք Վոլոդյայի մոտ, ով հնձած խոտ էր մամլում: Հարցրեց՝ որտեղից եք գալիս, պատասխանեցինք՝ Ջիբիքլուից: Վոլոդյան անակնկալի եկած ապշած ինձ էր նայում, ապա փրփրեց աջ ու ձախ նախշելով, կատաղած վրա տվեց ինձ՝ թունդ հիշոցներով ասելով, թե որ էդ մերը... քեզ տար թուրքերին, որ քարը պետք է գլխիս տայի: Անդրեյն ութ տարի ծառայել էր Էջմիածինում եւ որոշակիորեն գիտեր հայերեն, մասնավորապես հայհոյանքները: Նա մոտեցավ Վոլոդյային, մտերմաբար ակնարկեց՝ «Не оскорбляй, Володя, если я хотел бы, за его одного уху мог бы получать 2 тысяча рублей»։ Իսկ որ ԽՍՀՄ զինվորականները բազմիցս զբաղվել են այդ ստոր առեւտրով, քաջ հայտնի էր բոլորիս:

1992թ. մայիսին Վոլոդյան Գորիս էր եկել: Մայիսի 4-ին «Կամազ» ինքնաթափով մեկնեցինք Կուրթկուլաղ՝ Վոլոդյան էր, կինը՝ Մանիկը, որդին՝ Արտակը, լուսահոգի Ավյան Գագիկը եւ ես: Հասնելով փոքր Կատարու խաչմերուկ, թեքվեցինք աջ եւ Աղբուլաղով իջանք Կուրթկուլաղ: Վոլոդյան տիկնոջը պատվիրեց սեղան բացել: Դեռ մի կտոր հաց չէինք կտրել, երբ արնաշաղախ ներս մտան երկու երիտասարդ: Պարզվեց, որ նրանք Շուռնուխում տեղակայված ՀՀ ՆԳՆ ՄՀՕՋ-ի ¥միլիցիային օժանդակող հատուկ ջոկատ¤ մարտիկներ են, ովքեր նպատակ ունենալով մեկնել Կապան, ցանկացել են ավտոմայրուղով անցնել՝ արհամարհելով իրական վտանգը: «ՈւԱԶ» ավտոմեքենան նռնակներով ցանկացել են խոցել, սակայն վրիպել են. արկը դիպչելով ճանապարհի հողաթմբին՝ պայթել էր, սակայն հետընթաց ալիքով փշրել էին «Ուրալի» դիմապակիները, որի բեկորներից նշված երկու մարդիկ լուրջ վերքեր էին ստացել: Վոլոդյան կնոջը պատվիրեց վիրակապել, իսկ ինձ եւ Գագիկին հրահանգեց հետեւել իրեն: Զառիվերով բարձրանում էինք դեպի անտառապատ բարձունք, որպեսզի ուսումնասիրենք իրադրությունը: Գագիկը վերջնապահ էր եւ որոշակիորեն մեզանից հետ էր մնացել: Վոլոդյան շշուկով ասաց, թե տղան առաջին անգամ է այստեղ եկել, տանելու ենք կրակի տանք, համոզիր` թող հետ դառնա: Վոլոդյան սկսեց բաձրանալ, իսկ ես սպասեցի Գագիկին: Երբ նա հասավ ինձ, նրան ակնարկեցի, թե առանձին բան չկա, կնայենք եւ կուսումնասիրենք ընդհանուր իրադրությունը եւ կվերադառնանք՝ պատվիրելով վերադառնալ գյուղ: Նա վիրավորված պոռթկաց: Եվ բարկացած սկսեց բարձրանալ: Երկուսով տեղ հասանք, Վոլոդյան դիրքավորված քարակույտի հետեւում՝ զննում էր հեռադիտակով դիմացի բլուրները, որտեղ թառած էին թլպատված շները: Նա արդեն տեղորոշել էր թշնամու նռնակաձիգի տեղը, ով ստեպ-ստեպ բարձրանում էր եւ կոմուլյատիվ արկով ցանկանում էր խոցել ոլորանի մոտ կանգնած «Ուրալ» ավտոմեքենան, սակայն՝ ապարդյուն: Վոլոդյան վերցրեց իմ ձեռքի «Կարաբինը» եւ սկսեց կրակել նռնակաձիգի ուղղությամբ, սակայն ըմբռնելով, որ առանց նշանառու զենքի անհնար է շարքից հանել նրան, դադարեցրեց կրակը: Նկատեցինք, որ փոքր Կատարիի ուղղությունից տեղ հասած մեր կազմավորումներն աստիճանաբար ծավալվում են մեր ուղղությամբ: Վոլոդյան ինձ հրահանգեց դիրքավորվել քարակույտի հետեւում եւ կրակի տակ պահել ոսոխի նռնակաձիգին, իսկ ինքը գնաց մեր առաջապահ ուժերին ընդառաջ: Գագիկը պառկել էր գետնին եւ շփոթված դիտում էր ծավալվող մարտական գործողությունները, իսկ ես «Կարաբինով» սկսեցի զսպիչ կրակ վարել նռնակաձիգի ուղղությամբ: Որոշակի ժամանակ անց, հետաքրքրությունից դրդված, ցանկացա տեղեկանալ, թե ինչ են պլանավորել տեղ հասած մեր ուժերը, Գագիկին խնդրեցի մնալ այդ դիրքում, իսկ ես նույնպես մեկնեցի Վոլոդյայի գնացած կածանով: Շուրջ 100 մետր խորանալով անտառում՝ Վոլոդյային գտա երեք ՄՕՀՋ-ականների հետ զրուցելիս: Վոլոդյան տեսնելով ինձ, բարկացած շշպռեց ինձ, ասելով՝ «Քեզ դիրք եմ վստահել, ինչո՞ւ ես լքել»: Ամոթահար հետ վերադարձա ոչ թե եկած կածանով, այլ ուղղակի բռնեցի կարճ ճանապարհ եւ մտա մի մեծ բացատ, որտեղ ինձ գտավ ազերի գնդացորդը: «Կարաբինը» առաջ բռնած, արագ պառկեցի եւ սկսեցի սողալ՝ փորձելով դուրս գալ հակառակորդի գնդացրային կրակի շառավղից: Լսում էի, թե ինչպես ինձնից շուրջ երկու մետր հեռավորությամբ շաչում են գնդացրային համազարկերը, իսկ անտառային կանաչ խոտը կարծես սուր գերանդու բերան ընկած հնձվում էր: Շուրջ 30 մետրի չափով սողալուց հետո, դուրս եկա կրակի տակից եւ արագ վազքով հասա իմ դիրքին: 

Շարունակելի:

 

 

 

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25