ԲԱՆԱԿՈՒՄ ԳՏԱ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆՍ

07.11.2019 15:56
1161

-Երեք կին զինծառայողներ այսօր հրաշալի են խոցել թիրախները, նրանց մասին գրեք,- ոգեւորված ասում է զորամասի հրամանատար, գնդապետ Արմեն Գրիգորյանը,- հա՛մ օրինակելի զինծառայող են, հա՛մ էլ գեղեցիկ են:

Ու տալիս է երեք անուն:

-Այս անգամ միայն մեկի մասին կարող եմ գրել,- ասում եմ,- երեքից ո՞րն է ամենագեղեցիկը:

Գնդապետը նայում է զարմացած՝ կատակս լուրջ է ընդունել:

-Երեքն էլ օրինակելի զինծառայող են, կրակային պատրաստությունից գերազանց արդյունք են ցույց տվել,- բացատրում է :

-Եթե երեքն էլ օրինակելի են, ես ընտրում եմ Գոհար Նահապետյանին: Հաջորդ անգամ որ գամ, մյուս երկուսի մասին էլ կգրեմ:

Մենք համաձայնության ենք գալիս: Հրամանատարը գնում է, ու քիչ անց ներս է մտնում մի գեղեցիկ երիտասարդ կին՝ բարեկազմ, կոկիկ, մազերը` շիկավուն, դիմագծերը` նուրբ, աչքերը՝ համազգեստի գույնի:

-Բարեւ Ձեզ, ինչպե՞ս եք, Գայանե՛ ջան,- այնքան մտերմիկ է խոսում, որ մտածում եմ՝ ճանաչում ենք իրար,- «Հայ զինվորի» մշտական ընթերցողն եմ, ո՞վ կմտածեր, որ մի օր իմ մասին էլ կգրեք:

Ես Խոյի բարբառի նրբերանգներ եմ որսում աղջկա խոսվածքում:

-Տեղացի՞ եք:

-Արտաշատցի եմ:

Ա՜յ քեզ զուգադիպություն: Նույն հող ու ջրի ծնունդ ենք: Մեր գյուղացիները կասեին՝ արյունս քաշեց:

-Դե, պատմիր մեր մանկության քաղաքի մասին,- ես անցնում եմ դու-ի:- Ավելի ճիշտ՝ քո մասին պատմիր, ու դա հենց Արտաշատի մասին կլինի:

Այնպիսի կարոտով եմ ասում, ասես՝ Արտաշատը Միացյալ Նահանգներում է, ու օվկիանոս պիտի կտրեմ այնտեղ հասնելու համար:

-Ամենայն մանրամասնությամբ հիշում եմ, թե ինչպես էր հայրս նկարում,- սկսում է Գոհարը:- Միշտ նկարում էր: Ես կանգնած հետեւում էի, թե ինչպես է պատկերը ծնվում կտավի վրա: Հիշում եմ ներկերի հոտը, վրձնի շարժումները կտավին, գույները, հետո շրջանակի մեջ ամփոփված պատկերները: Ես հաստատ նկարիչ կդառնայի, եթե չլիներ մի ուրիշ իրադարձություն: Երկրորդ դասարանում էի սովորում այդ ժամանակ: Սեպտեմբերի 1-ին հանդիսավոր արարողության ժամանակ բեմ բարձրացավ մի կին՝ զինվորական համազգեստով, ուսերին` մեկական մեծ աստղ: Ես զմայլված էի: Հայացքս չէի կարողանում կտրել կնոջից: Ու չեմ հիշում, թե ինչ էր խոսում, երեւի չեմ էլ լսել: Նա ասես ուրիշ աշխարհից եկած արքայադուստր լիներ:

-Զինվորական համազգեստով արքայադուստր որտե՞ղ ես տեսել:

-Դրանից հետո իմ երազանքներում բոլոր գեղեցկուհիներն ու արքայադուստրերը զինվորական համազգեստով էին: Ես՝ նույնպես: Սա իմ մանկության ամենավառ հիշողություններից է: Իսկ հիմա պատմեմ ամենահուզիչ դեպքը՝ թե ինչպես ինձ նման քաղցրակերին մեկ ամիս զրկեցին քաղցրից: Ես քաղցր բամբակ շատ էի սիրում մանկության տարիներին:

-Ես էլ: Բամբակները վարդագույն էին, դեղին ու սպիտակ: Մեքենան գալիս, կանգնում էր բակում ու վարորդը զիլ ձայնով ծղրտում էր՝ բամբա՜կ…

Գոհարը բարձրաձայն ծիծաղում է իմ ոգեւորության վրա:

-Ոչինչ քեզ այնքան չի կապում ծննդավայրիդ, որքան մանկությունդ,- ասում է: Ես գլխով եմ անում:

-Բամբակի ավտոն եկավ, իսկ մեր տանը մարդ չկար, որ ինձ բամբակ գնելու փող տար,- շարունակում է Գոհարը,- բայց ես գիտեի փողի տեղը եւ 25 կոպեկ վերցրի առանց թույլտվության: Հետո մեկ ամիս մնացի առանց քաղցրի:

-Այդպես դաստիարակելն ավելի մեղմ է, քան օրերով գլխիդ քարոզ կարդալը,- ասում եմ՝ հիշելով մորս անվերջանալի խրատները: Գոհարը օրորում է գլուխը.

-Ուրեմն՝ դու քաղցրակեր չես: Ես ծնողներիս երեք աղջիկներից կրտսերն էի, ինձ սիրում էին շատ, բայց յուրաքանչյուր սխալի համար պատժում էին անխնա՝ զրկում էին ամենասիրած բաներից: Ես այդպես էի սովորում ճիշտը՝ սխալիս համար վճարելով: Մինչեւ… սիրահարվեցի:

-Սիրահարվելն ի՞նչ կապ ունի սխալվելու հետ:

-Սիրահարվելուց հետո շատ լրջացա, դարձա օրինավոր, պատասխանատու, ասես մանկությունս մեկեն ավարտվեց, օրիորդ դարձա: 17 տարեկան էի այդ ժամանակ: Նա, ում սիրահարվեցի, ոստիկան էր, համազգեստ էր կրում: Շատ համառ տղա էր, նպատակասլաց ու նրբանկատ: Մինչեւ հիմա էլ այդ գծերն եմ բարձր գնահատում տղամարդու մեջ:

-Ամուսնացա՞ծ չեք:

-Ամուսնալուծված եմ: Այնպես եղավ, որ ես շուտ ամուսնացա, առանց կրթություն ստանալու: Ամուսնալուծվելուց հետո ինչ գործ ասես չեմ արել, որ պահեմ աղջկաս: Յուրաքանչյուր աշխատանք տանջանք էր ինձ համար: Մինչեւ հանդիպեցի մեկին, որը ծառայում էր զորամիավորումներից մեկում: Ամեն անգամ, երբ տեսնում էի նրան՝ համազգեստը հագին, սիրտս սեղմվում էր: Մի օր էլ նրան պատմեցի, թե որքան եմ սիրում զինվորական գործը եւ ինչպես էի երազում համազգեստ կրել: Նա ասաց, որ դեռ ուշ չէ, դեռ կարող եմ իրականացնել երազանքս: Ու ես նրա հորդորով ու օգնությամբ ծառայության անցա զորամասում՝ որպես հեռախոսավար:

…Ես շատ ծանր էի տանում ամուսնալուծությունը, ու երբ համազգեստ հագա, ինձ թվաց՝ ինչ-որ ուժ, լավատեսություն եկավ-լցվեց մարմնիս մեջ: Գլուխս բարձրացավ, ողնաշարս ուղղվեց, ոտքերս պնդացան: Երբ ինձ նայեցի հայելում, ասես հեքիաթի մեջ լինեի:

Ես վախենում եմ հարցնել՝ արդարացա՞ն արդյոք աղջկա սպասելիքները, որովհետեւ զինվորականի առօրյան ու հեքիաթը այնքան հեռու են միմյանցից: Բայց աղջիկը առանց հարցնելու պատասխանում է.

-Ես առաջին անգամ զգացի սիրած գործով զբաղվելու հաճույքը: Այնքան ամուր ու պաշտպանված եմ հիմա, որովհետեւ մեծ ամբողջի փոքրիկ մասնիկն եմ, ու ամբողջի ուժը իմ ուժն է:

-Քեզ դո՞ւր է գալիս զինվորական միջավայրը,- ես ուզում եմ, որ նա էլի պատմի, գովեստի խոսքեր ասի այն մարդկանց մասին, որոնք զինվորական համազգեստ են կրում: Ես ուզում եմ, որ մեծ երազանքներով բանակ եկած այս երիտասարդ կինը բանակում գտած լինի ոչ միայն արժանապատիվ աշխատանք, ապրուստի միջոց, այլև հարազատ հոգիներ՝ իսկական ընկերներ, ամուր հենարան…

-Զինվորականները շատ են տարբերվում մյուսներից իրենց հոգատարությամբ, ազնվությամբ, անգամ օտարին պաշտպանելու պատրաստակամությամբ: Հայրենիքը պաշտպանելը նրանց մեջ բոլորին պաշտպանելու հատկանիշ է ձեւավորել: Զինվորականների միջավայրում դու երբեք մենակ ու անպաշտպան չես: Իմ կյանքը մեկեն փոխվեց: Ես սիրով եմ ծառայում, հպարտանում եմ իմ աշխատանքով: Երբ համազգեստով տուն եմ գալիս, զգում եմ շրջապատի հարգանքն իմ հանդեպ: Աղջիկս հպարտանում է ինձնով: Նա արդեն համազգեստ ունի եւ ուզում է ինձ պես զինվորական դառնալ: Չկա ավելի գեղեցիկ բան, քան` երբ աղջիկդ ցանկանում է նմանվել քեզ: Այսքանից հետո ավելորդ է ասել, որ մեծ նվիրումով եմ ծառայում: Սկզբում վատ էի կրակում, ծառայակից ընկերներիս խնդրեցի օգնել, այնքան պարապեցի, որ արդեն գովասանքի եմ արժանանում: Բանակում ես գտա իմ երջանկությունը՝ սիրած աշխատանք, լավ ընկերներ, պատիվ…

Հիմա միայն մի նպատակ ունեմ՝ լավ ծառայել ու ամեն ինչ անել, որ աղջկաս ճիշտ դաստիարակեմ: Որ նա դառնա կիրթ, բանիմաց ու բարոյական մարդ: Պիտի այնպես ապրեմ, որ իմ կյանքը նրա համար լավագույն օրինակը լինի: Ու ես ջանում եմ…

-Մի բան ասեմ… մեր մեջ:

Գոհարը գլխով է անում: Հանգը բռնել, ականջը մոտեցրել է ինձ:

-Ինչ լավ է, որ հենց քեզ հետ զրուցեցի: Ես հպարտ եմ, որ դու արտաշատցի ես: Հեչ լավ չէր լինի, որ դու արտաշատցի չլինեիր,- ասում եմ:

Գոհարը շիկնում է ու շփոթվելուց սուրճը թափում գրոտած թղթերիս վրա:

-Ոչինչ,- ասում եմ,- ես այս մեր ջերմ զրույցից ոչ մի բառ չեմ մոռանա:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Լուս.՝  ՍՈՒՐԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ

hayzinvor.am

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25