Բաց նամակ Ներսես Խառատյանին՝ ընտրանի ժողովածուի ծննդյան առիթով

14.06.2024 14:36
843

Բարև, թանկագի՛ն բարեկամ.

Քո արձակ ու չափածո ժողովածուների շարքում այս ընտրանին առանձնահատուկ առաքելություն ունի. ընթերցողներին ծննդյան 70-ամյակի առիթով ներկայացնել ստեղծագործական ճանապարհի այն կիզակետերը, որոնք քո գրականության ուղենիշներն են, թեև պիտի խոստովանեմ, որ գիրքն, այնումենայնիվ, ամբողջությամբ չի արտահայտում Ներսես Խառատյան արձակագրի թողած նշանակալի հետագիծը ժամանակակից հայ արձակում։ «Թռիչք ժամանակից դուրս» գիրքդ, ցավոք, ինձ «հասավ» նրա լույս աշխարհ գալուց… յոթ տարի անց, և այդ առիթով գնահատանքի խոսք ասել նշանակում է ինչ-որ առումով անդրադարձ կատարել ընդհանրապես քո արձակ ստեղծագործություններին, մանավանդ, որ այդ ժողովածուն ներառում է ոչ միայն անցած, այլև վերջին տարիներին գրված պատումներ։ Եվ սա առիթ է քավելու իմ «մեղքը», որ ինչ-ինչ անհիմն պատճառներով առ այսօր գնահատանքի խոսք չեմ ասել քո ստեղծագործական բեղմնավոր ճանապարհի մասին, թեև ժամանակին սիրով եմ ընթերցել «Կարոտի երգեր», «Դու հրաշք էիր, կյանք» բանաստեղծական ժողովածուները, ՀԳՄ Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակին արժանացած դետեկտիվ ժանրի «Ո՞վ սպանեց Էլենին» վեպը։ Այս ժանրում նույնպես քո ներդրումը մեծ է, և ընթերցողների շրջանում այդ ժանրի երկերը լայն արձագանք են գտել։ Վերջերս էլ այդ փաստը հաստատագրվեց, և դու կրկին արժանացար ՀԳՄ Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակին` «Գործուղում Վիեննա» դետեկտիվ վեպի համար։ Եվ այլ պարգևեր ու մրցանակներ` տարբեր գրքերի ծննդյան առիթներով` «Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ» հայ-ամերիկյան գրական հիմնադրամի մրցանակ` «Մերժվածները» վեպի համար, ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալ, Միջազգային անվտանգության ակադեմիայի «Տիգրան Մեծ» շքանշան… Պատկերացնե՜լ է պետք. ութ ծավալուն վեպ ես պարգևել մեզ, որից յոթը` դետեկտիվ ժանրին բնորոշ հյուսվածքով։ Այսօր արդեն շուրջ 20 գրքի հեղինակ ես` «Գիշերով եկար», «Խաղ մահվան հետ» պատմվածքների ժողովածուները, «Մերժվածները», «Հին օրերի կանչը», «Հովտաշուշան» (վեպեր), ռուսերեն «Сожгли меня» («Մորմոք»)... Ո՞ր մեկը թվեմ...

Եվ այսպես, ուշացումով ընդունիր գնահատանքի իմ խոսքը, թեև տեղին է գրականագետ իմ գործընկերներին նույնպես «կշտամբել» (եթե իրավունք ունեմ այս խոսքով նրանց դիմել), որ բավական ժլատ են եղել քո գրականության արժևորման առումով։ Բայց և այնպես, առանձին գնահատանքի խոսքեր մեջբերված են «Հին օրերի կանչը» վեպի հավելվածում` արտահայտված «Մերժվածները» վեպի՝ 2018-ի հոկտեմեբերյան շնորհանդեսում։

Իսկ հիմա` ըստ էության։ Քո ընտրանի այս ժողովածուի բնաբանն արդեն ինչ-որ չափով ուղղորդում է ընթերցողին, բայց, իմ կարծիքով, ամբողջովին չի արտահայտում գրքի բուն նպատակը։ Այո՛, ժողովածուում «ընդգրկված պատմվածքներն ու նովելներն աչքի են ընկնում թեմատիկ բազմազանությամբ, արծարծվող խնդիրների ինքնատիպ, գունեղ ու հյութալի պատումային ընթացքով… Հեղինակն ինչի մասին էլ գրի, ասելիքի խորքում մարդկային ես-ի ու գոյի հոգեբանության տարաբնույթ դրսևորումներ են, ինչն էլ պատումը դարձնում է յուրօրինակ ու հետաքրքիր»։ Իսկ ինձ թվում է, որ այս ճշմարիտ դիտարկումով հանդերձ, շեշտված չէ գրքի ամենաբնորոշ զարկերակը` քո խնկարկվող սերը հայրենի եզերքի` ծննդավայր Մեղրիի գեղակերտ բնաշխարհի և նրանում ու նրանով ապրող հայրենակիցներիդ հանդեպ, նրանց վարքուբարքը, կենցաղը, առօրյա հարաբերությունները` բեկված անցյալի դառնագին հուշերի և ներկայի հպարտ կեցության խաչմերուկներում, այդ կեցությանը շաղախված հումորը, խոսքն ու խոհը, երկխոսություններում մարդկային էությունը դրսևորելու քո ունակությունը։ Ստեղծագործական ճանապարհի այդ երակը մանկության հուզիչ պատկերներով երևակվում է հատկապես «Հին օրերի կանչը» պատումաշար-վեպում, որի նախաբան «Երկու խոսք»-ում քո սիրո խոստովանությունն է առ ծննդավայր Մեղրի. «Մեղրին իմ նախնիների բնօրրան է։ Պղնձակոփ ժայռերի, մայր Արաքսի, փոքր թաղում վեր խոյացող Նաղաշ Հովնաթանի նկարազարդած Սուրբ Սարգիս եկեղեցու ու այլևայլ հրաշալիքների հարևանությամբ կյանքն այնտեղ այսօր էլ շարունակվում է, ու հայրենի եզերքի տարեգրության նոր էջերն են գրում նրանք, ովքեր Մեղրու այսօրվա պատասխանատուներն են։ Այնտեղ ներկայի հետ նաև անցյալն է ապրում` ձուլված սերունդների հիշողությանը` իր էջերում ամփոփելով հետաքրքիր պատմություններ, հիշարժան դեպքեր ու անուններ…»։ Այս ամենը, տարբեր ստեղծագործությունների էջերից ճառագող սերը բնօրրանի հանդեպ հենց քո գրականության բաբախող զարկերակներից է։ 

Ընթերցողի տարակուսանքը չեմ կիսի, եթե այս պարագայում հավելեմ, որ, Ներսես ջան, շատ պատումների միջավայրը, հերոսների կոլորիտային կերպարների ինչ-ինչ նրբագծեր համահունչ են քո մեծ հայրենակցի` Ակսել Բակունցի «Կյորես» վիպակի հյուսվածքին։ Ես նկատի ունեմ հատկապես «Չքնաղ Մեղրի, քաղցր մանկություն» բաժնի մի շարք պատումներ, որոնցում առօրյա կյանքի «մանր», երբեմն զավեշտալի դիպվածներում դու երևակում ես մարդկային հոգեբանության, դժվար կենսընթացի աննկատելի թվացող «մեծ» ցավը, կարեկցանքի ստվերն ու լույսը, և դա անում ես այդ մարդկանց հանդեպ սիրո ու նվիրումի զգացումներով։ Գրքի առաջին` անխորագիր բաժնի «Հանցագործը», «Խաղ մահվան հետ», «Օտարվածը», «Վայրագը» ևայլ նովելային պատումների «երակները» նույնպես բաբախում են նույն զարկերակներով։ «Քաղցր մանկության» դառնագին հուշը, այս կամ այն հերոսի վարքուբարքի, արարքների պատճառ-հետևանքները, երբեմն անհավատալի հանգամանքներում դրսևորվող «ես-ն ու գոյը» (բնաբանի բնորոշումով) քո գրական հավատամքի հենասյուներն են` քեզ հուզող գաղափարն ու խնդիրը երևակելու համար։ Եվ պատումների «ներսից» բարձրանում, մեզ պարուրում է խոհափիլիսոփայական մտորումը` հերոսների ճակատագրի, նրանց արարքների «արդարացման» քո ջանքերի վերջնական նպատակադրումը. այդ մարդիկ իրենց մեծ ու փոքր ցավ-հոգսերով, իրենց վարքուբարքով ծննդավայր Մեղրիի անցյալ ու ներկա կենսընթացի անբաժանելի մասն են։ Ինչպիսի՜ լուսավոր, ջերմաշունչ, բայց հոգեխռով, ներհուն թախիծով, «քաղցր մանկության» դառը հուշերով ես դու շերտ-շերտ բացում-ներկայացնում մանկության ընկերներիդ, մեղրեցի հայրենակիցներիդ` նրանց ճակատագրի հանդեպ տագնապալի խոսք ու խոհով։ Ահա «հարևան Բագրատ բիձան` կարճահասակ, ջլատ մի մարդ` կնճռապատ, պեպենոտ ու հարբեցողությունից մշտապես կարմիր, մեծ քթով»։ Այս ընդհանրական բնութագիրը «Խալխի մալը» պատումի հյուսվածքում «արդարացվում» է արդեն պատումի բուն հյուսվածքում` մարդկային հոգեբանության նուրբ դիտարկումներով, երբ նույն այդ ծերունին բարոյական դասեր է տալիս իր ծխախոտից գողունի օգտվող դեռահասին` «խալխի մալին աչք գցողի վերջը լավ չի վերջանա» խրատական ասացվածքով։ Հերոսի ընդհանրական նախաբնութագիրը ներքին հյուսվածքում բացել-ներկայացնելը կոնկրետ փաստերով` քո արձակին բնորոշ գծերից է։ Ահա «մանկության քո հասակակից ընկերներից դժբախտ մեկը, որ մշտապես բոյկոտի աննախանձելի վիճակում էր։ Երբ գործիքը ձեռքին երևում էր, ետևից կանչում էին` «դոռեմիֆասլյոդո»։ Եվ ապա հյուսվում է քո իսկ հուշապատումը «երաժշտական արկածներիդ» մասին՝ «արանքում» էլ որդու ճակատագրի հանդեպ ջերմ, բարի խոսքեր հայրական տագնապներով։ «Ո՞ւր են ճողոպրում» պատումը նույնպես դպրոցական տարիների թանկ ու նվիրական հուշ է բարի ու նրբանկատ տնօրենի մասին։ Իսկ «Գաբոն», «Բեյբութ», «Վարուժան Բաղդասարիչ», «Ղեյրաթի Վանեսը» ևայլ պատումներում մեղրեցի հայրենակիցներիդ կյանքի ու կենցաղի ուշագրավ դրվագներում երևակվում է կերպարներ կերտելու (այո՛, հենց կերտելու) քո վարպետությունը, առօրյա «սովորական» արարքների, հարաբերությունների մեջ անսովորը, ամենակարևորը նկատելու-արտացոլելու հմտությունը։

Եվ շնորհակալ ենք քեզ, Ներսես ջան, որ քո արձակով դու մեր գրականության մայրուղում բացել ես մի «մոռացված» երակ, որ անցյալի ինչ-ինչ ժամանակներում մենք կոչել ենք «գյուղագրություն», որ գրական կյանք վերադարձավ Հրանտ Մաթևոսյան մեծ արձակագրի տաղանդի շնորհիվ։ Չեմ ժխտի, մեր այլ արձակագիրներ նույնպես ժամանակակից գրականություն են «բերել» իրենց գյուղի ու նրա մարդկանց «ես-նու գոյը», բայց դու, իմ կարծիքով, առանձնանում ես նրանց շարքում, և սա քո գրական հավատամքի հանդեպ ոչ թե չափազանցված բարձր գնահատանքի արգասիք է, այլ՝ ճշմարիտ հայացք ինքնատիպ ձեռագիր ունեցող արձակագրի երևելի ներկայության արժևորում։

Այս ամենով հանդերձ` տարակուսանք ունեմ քո ընտրանիի խորագրի առիթով։ Քո իսկ պատմվածքներում ու նովելներում «ապրող» մարդիկ գործում եմ հենց իրենց ժամանակի մեջ, իրենց ժամանակի տիրույթում։ Հապա էլ ինչո՞ւ` «Թռիչք` ժամանակից դուրս»։ Որքան էլ ջանք թափեցի, ների՛ր, չկարողացա վերծանել խորագրի քո իմաստավորումը։ Ես ժողովածուում ոչ իրական թռիչք տեսա, ոչ էլ՝ ժամանակից դուրս ապրող ու գործող մարդկանց։ Եթե սա անհարկի դիտարկում է իմ կողմից, հուսով եմ, առիթ կլինի լսել քո մեկնաբանությունը։ Հեռախոսազրույցում պարզաբանեցիր, որ այդ խորագրով պատում է տեղ գտել քո ժողովածուներից մեկում, և այն «մեխանիկորեն» փոխանցվել է ընտրանիին։ Պարզ է, բայց դա չի արդարացնում իրողությունը։

Իհարկե, Ներսես Խառատյան բանաստեղծ-արձակագրի ստեղծագործությունն ընդհանրապես առավել հանգամանալից և խորքային անդրադարձի անհրաժեշտություն ունի, բայց դա արդեն թերևս հերթական ժողովածուների լույս աշխարհ գալու առիթով։

Այդ ակնկալիքով սպասում եմ ընթերցողների հետ քո նոր հանդիպումներին և ստորագրում`

Լյուդվիգ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Բան. գիտ. դոկտոր

www.grakantert.am

Նոր աշխատատեղեր լինելու են նաև քո համայնքում. «Մեր ձևով» շարժում (տեսանյութ)

01.02.2026 11:17

Կրթությունը՝ կայուն և արդյունավետ արտադրության հիմքում

01.02.2026 10:47

Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին

31.01.2026 21:11

Լրացուցիչ քննություն կկազմակերպվի անգլերենի 2-րդ և 4-րդ տարբերակները գրած այն դիմորդների համար, ում թեստը տպագրական խոտանով է եղել․ ԳԹԿ

31.01.2026 21:08

Սուրբ Էջմիածնի զավակ եմ և երբեք իմ ուխտը չեմ դրժելու, ի՞նչ է նշանակում ճամբար փոխել․ Սյունյաց թեմի առաջնորդ

31.01.2026 19:00

«Տաշիր-կար» ֆաբրիկան ներդրումային ծրագրերի շրջանակում շարունակաբար ընդլայնում է իր արտադրական հնարավորությունները

31.01.2026 17:33

Եպիսկոպոսներին մեղադրյալի կարգավիճակով ՔԿ են կանչել, որ Ավստրիայի ժողովը տապալեն. պաշտպան

31.01.2026 17:24

Եթե hարձակում տեղի ունենա, մենք կպատասխանենք ցնցող, արագ և շատ հզոր հակաhարվածով․ Իրանի ԱԳ նախարար

31.01.2026 14:39

Երիտասարդների օրհնության կարգ Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում

30.01.2026 22:52

5 տարվա ընթացքում 300,000 աշխատատեղ ստեղծելու մասին հարցերին կպատասխանի Նարեկ Կարապետյանը

30.01.2026 22:07

«Ազատությո՛ւն Աշոտ Մինասյանին, Վահագն Չախալյանին և բոլոր քաղբանտարկյալներին». Աբրահամյանը կալանավայրերում տեսակցել է քաղաքական հետապնդումների ենթարկվողներին

30.01.2026 20:03

Պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է․ Տեր Պսակ քահանա Մկրտչյան

30.01.2026 18:53