Բացառիկ պատուհան դեպի Սյունիքի անցյալը. այսօր Նիկողայոս Ադոնցի ծննդյան օրն է

10.01.2019 17:22
1328

«Սյունյաց երկրի» էջերն այսօր նվիրում ենք Նիկողայոս Ադոնցին: Մեզ համար բաղձալի ու ախորժելի այս ձեռնարկման համար լուրջ ազդակներ ունենք, որոնցից մի քանիսին, ինչպես եւ առաջարկվող նյութի պարագծին, անդրադառնում ենք ստորեւ:

Նախ` Նիկողայոս Ադոնցը բոլոր ժամանակների ամենանշանավոր սյունեցիներից է,  միջազգային անուրանալի արժեք, ով փառք է բերել (եւ շարունակում է բերել) հայագիտությանը: Իսկ «Սյունյաց երկիրը» իր առաքելության հիմնական ուղղություններից մեկն ի սկզբանե համարել եւ համարում է Սյունյաց մեծերին ու անվանիներին առավել ճանաչելի դարձնելը, նրանց կյանքն ու գործունեությունն ըստ պատշաճի սերունդներին ներկայացնելը: Ուրեմնեւ` ո՞վ է Նիկողայոս Ադոնցը, որտեղի՞ց է սերվում, կյանքի ի՞նչ ուղի է անցել. ահա հարցերի առաջին խումբը, որ ծառացած է թերթի սույն համարի առջեւ: Դրանց պատասխանն ավելի տպավորիչ կլինի, կարծում ենք, եթե ներկայացվի նաեւ նրա բնօրրանը` Սիսիանն ու Բռնակոթը, ինչպես եւ անում ենք: Կարեւոր է հարցի պատասխանը, թե ինչպես ենք Սյունիքում, հատկապես Սիսիանում հիշում նրա անունն ու գործը, հաղորդվում նրա գիտական ժառանգությանը:

Տասնամյակներ շարունակ, տարբեր պատճառներով, մեր պատմագիտությունը, մեր բանասիրությունը հրամցվել են այնպես, որ բուհերի ուսանողներն անգամ նվազագույն գիտելիքներ չեն ստացել ականավոր այդ գիտնականի աշխատությունների վերաբերյալ, մինչդեռ. «Նրա շատ ուսումնասիրություններ դուրս են եկել ազգային պատմության շրջանակներից եւ դարձել համընդհանուր պատմությունը հարստացնող արժեքներ» (պրոֆեսոր Պետրոս Հովհաննիսյան):

Հիմա, փա՜ռք Աստծո, նման խոչընդոտներ եւ նյութի անբավարարություն չկան, եւ չենք կարող անտարբեր անցնել մեծ գիտնականի ժառանգության կողքով, մանավանդ որ համաշխարհային ճանաչում ունեցող հայագետի ու բյուզանդագետի գիտական ժառանգությունն այսօր հետաքրքիր է ոչ միայն նշված բնագավառների մասնագետներին, այլեւ ընթերցող հասարակության մի բավականին լայն շրջանակի: Հետեւաբար` ընթերցողին Նիկողայոս Ադոնցի գիտական ժառանգությանը, թերթի սուղ հնարավորության սահմաններում, հաղորդակից դարձնելը սույն համարի մյուս խնդիրն է: Մեր պարտքն է` գոնե հատվածների միջոցով ներկայացնել նրա` գլուխգործոցներ համարվող աշխատությունները` «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում», «Հայաստանի պատմություն. ակունքները X-VIդդ. Ք.ա», «Դիոնիսիոս Թրակացին եւ հայ մեկնիչները», ինչպես եւ այդ գործերի վերաբերյալ նշանավոր հայագետներ Նիկողայոս Մառի, Ռընե Գրուսեի, Գագիկ Սարգսյանի գրախոսությունները:

Հաջորդ հարցը. Ադոնցը Սյունիքի պատմությունը կամ Սյունիքին առնչվող հարցերն առանձին քննության առարկա չի դարձրել: Բայց նրան զբաղեցրած ե՛ւ բանասիրական, ե՛ւ պատմագիտական հարցերը մի բացառիկ պատուհան են դեպի Սյունիքի անցյալը: Նրա հայացքը, մի շարք հարցերում նրա ճշգրտումները, սրբագրումները, վերագնահատումները հնարավորություն են տալիս նոր պատկերացում կազմել Սյունիքի պատմության բազմաթիվ հարցերի վերաբերյալ: Ավելին` առանց նրա տեսակետներին ծանոթանալու, մեզ թույլ ենք տալիս ասել, անհնար է Սյունյաց հին կյանքի եւ պատմության գիտական ըմբռնումը: Նման եզրակացության հիմք հանդիսացող որոշ հետազոտությունների մասին, անշուշտ, ընթերցողն ընդհանուր պատկերացում կկազմի այս համարում: Այդ մասին, որ առավել շատ տեղ է զբաղեցնում համարում, ընդհանրական եւ համառոտ տեղեկատվություն ենք ներկայացնում հենց այս խոսքում:

…Հույն քերական Դիոնիսիոս Թրակացու (Ք.ա. II-Iդդ.) «Քերականական արվեստ» աշխատությունը, որ 5-րդ դարից սկսած հիմք է դարձել հայերենի ուսումնասիրության եւ հայ քերականական ուսմունքի ստեղծման ու զարգացման համար, շուրջ մեկ հազարամյակ մեկնության առարկա է եղել ինչպես հույն-բյուզանդական մեկնիչների, այնպես էլ հայ քերականների համար: Ամենանշանավոր մեկնիչներից երկուսը` Մովսես Քերթողը եւ Ստեփանոս Սյունեցին, Սյունիքից են: Նրանց բուն երկերը մեզ հասնելու մասին, սակայն, Ն.Ադոնցը վերապահում ունի. «Պրպտումները մեզ հանգեցրին այն եզրակացության, որ առաջին քերականների` Դավթի, Մովսեսի եւ Ստեփանոսի բուն` հեղինակային երկերը` որպես առանձին գործեր, մեզ չեն հասել: Այն նյութերը, որ ձեռագրերում կրում են նրանց անունները, ոչ այլ ինչ են, եթե ոչ Մովսեսի «Քերականության» Ստեփանոս Սյունեցու աստվածաբանական մեկնությունները» (Ն.Ադոնց, Երկեր 5 հատորով, Գ հատոր, 2008թ., էջ XIII): Մովսես Քերթողի եւ Ստեփանոս Սյունեցու անվամբ մեզ հասած գործերի` Ադոնցի վերլուծությունը, որ տեղ է գտել «Դիոնիսիոս Թրակացին եւ հայ մեկնիչները» երկասիրության մեջ, ներկայացնելն այսօր մեր խնդրից դուրս է, բայց երկու քերականների մեկնությունները գոնե մասնակիորեն ներկայացնելը պարտադիր ենք համարում: Գրաբարով մեզ հասած այդ մեկնությունները «Սյունյաց երկրի» խնդրանքով գրական հայերենի է փոխադրել մեր հայրենակից Սուսաննա Գրիգորյանը (բանասիրական գիտությունների թեկնածու: Ասվածին ավելացնենք, որ Մովսես Քերթողը 722-729թթ. Սյունիքի մետրոպոլիտն էր, հայտնի է ոչ միայն որպես խոշոր քերական, այլեւ հոգեւոր երգերի հեղինակ ու թարգմանիչ: Իսկ Ստեփանոս Սյունեցին (Ստեփանոս Սյունեցի Երկրորդն է) 734թ. ձեռնադրվել է Սյունյաց թեմի առաջնորդ` մետրոպոլիտ, եղել է ճանաչված աստվածաբան եւ թարգմանիչ (ե՛ւ Մովսեսի, ե՛ւ Ստեփանոսի աթոռակալության տարիների վերաբերյալ պատմագիտության մեջ կան իրարամերժ կարծիքներ): 

Սյունիքյան թեմայի արծարծումներով բացառիկ է Նիկողայոս Ադոնցի «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում» կոթողային մենագրությունը: Այն կարեւոր տեղեկություններ է պարունակում հետարշակունյան Հայաստանում, որ Մարզպանական Հայաստանն է, Սյունիքի քաղաքական ու վարչական կացության մասին: Ուշագրավ տեղեկություններ կան նաեւ այնպիսի վիճելի (ադրբեջանական պատմագրության կողմից առայսօր շահարկվող) հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են` Արցախի, ապա եւ Սյունիքի ժամանակավոր անջատումը Հայաստանից, Սյունիք-Արցախ միասնական վարչական նոր միավորի (551(571)-642թթ.) ձեւավորումը Վահան Սյունու գլխավորությամբ, Սյունիք-արցախյան նոր շահրի վարչական կենտրոնը Վարանդա (Սիսական-ոստան) փոխադրելու, Սասանյան Իրանի եւ Հռոմեական կայսրության կողմից 387-ին Հայաստանի (Մեծ Հայքի) առաջին բաժանման ու Արցախի վարչական կացության, Արցախն ու Սյունիքն իրար կապող Հաբանդի (երկու Հաբանդի) աշխարհագրական դիրքի վերաբերյալ:

Ն.Ադոնցի այդ մենագրության մեջ մատենագիտական նոր վկայությունների, նոր հիշատակարանների միջոցով հավելյալ տեղեկություններ ենք ստանում Սյունյաց նախարարական տոհմի, ըստ Գահնամակ-փաստաթղթերի` այդ նախարարական տան զբաղեցրած դիրքի, ըստ Զորանամակի` Սյունյաց իշխանի ունեցած այրուձիի (19400 կամ 21 հազար հեծյալ), Սյունյաց նախարարական տան ծագման, Սիսակյանների տոհմական հիմքերի, Սյունյաց եպիսկոպոսության առաջացման մասին:

Ն.Ադոնցն ուշագրավ դիտարկում է անում նաեւ Սյունիքում Սիսակյաններին հաջորդած Օրբելյանների մասին: Անդրադառնալով Մամիկոնյանների տոհմական հիմքերին` նա նշում է. «….Վրաստանի Օրբելյան իշխանները եւս իրենց նախահայրերին որոնում էին Ճենաց աշխարհում, եւ որ նրանց մոտ էլ հանդես է գալիս Ճենբակուրը: Զուգադիպությունը պատահական չէ, ըստ երեւույթին տվյալ դեպքում գործ ունենք Մամիկոնյանների տոհմական զրույցի մի վերապրուկի հետ, եւ այդ կարելի է բացատրել նրանով, որ Օրբելյաններն իրենց համարում էին Մամիկոնյանների ժառանգներ: Եվ զարմանալու բան չկա. ինչպես որ Բագրատունիները շարժվեցին Սպերից դեպի Վրաստան, Մամիկոնյաններն էլ կարող էին Վրաստան անցնել հարեւան Տայքից: Օրբելյանների թշնամական վերաբերմունքը վրաց Բագրատունիների նկատմամբ կարծես թե Մամիկոնյանների` դեպի հայ Բագրատունիների ունեցած անբարյացակամ վերաբերմունքի արձագանքն է» (Ն.Ադոնց, Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում, Երեւան, «Հայաստան», 1987թ., էջ 448-449): 

Ն.Ադոնցի դիտանկյունից նորովի է մեզ պատկերանում Սյունիքում 18-րդ դարասկզբին  Դավիթ Բեկի գլխավորած ազգային-ազատագրական պատերազմը: Րաֆֆու ««Դավիթ Բեկ» վեպի պատմական հիմը եւ գաղափարախոսական արժեքը» հետազոտության մեջ նա, հիրավի, մի քանի էական շտկում է կատարում մեր` մինչեւ հիմա ունեցած պատկերացումների մեջ: Թեեւ սուղ է թերթի հնարավորությունը, բայց տեղին ենք համարում այդ հետազոտության հիմնական մասի զետեղումը սույն համարում: Դավիթբեկյան թեմային Ն.Ադոնցն անդրադառնում է նաեւ «Դավիթ Բեկի  եւ Տեր Ավետիսի սերունդը» ուսումնասիրության մեջ, որը միաժամանակ յուրօրինակ անդրադարձ է իր տոհմական արմատներին: 

Ն.Ադոնցի գիտական ժառանգության մեջ, եւ ոչ միայն սյունիքյան տեսանկյունից, շրջադարձային նշանակություն ունեցավ «Մարզպան Վասակը պատմաբանների դատաստանի առաջ» հետազոտությունը (նրա պատմագիտական առաջին աշխատանքն է, որ լույս է տեսել 19.04-ին): Նա կարողացավ Վասակ Սյունու մասին մեզ նոր պատկերացում առաջարկել` հակառակ Եղիշեի եւ Ղազար Փարպեցու, որոնց միակողմանի եւ հակասական նկատառումները մեզանում ցավոք իշխող էին եւ են մեկուկես հազարամյակ շարունակ: Վասակ Սյունու թեման Ն.Ադոնցը քննում է նաեւ «Քաղաքական հոսանքները Հին Հայաստանում» հետազոտության մեջ: Մեծ հայագետն այդտեղ ավելի վճռական է արտահայտվում. «Ո՛չ ուրացության եւ ո՛չ դավաճանության մասին խոսք անգամ չի կարող լինել: Երկու կողմն էլ հավասարապես հասարակական շահն ի նկատի ունեն: Տարբեր էին նրանց տեսակետները, երկուսն էլ` կասկածելի իրենց առավելությամբ» (Ն.Ադոնց, Երկեր 5 հատորով, Ա հատոր, Երեւանի համալսարանի հրատարակչություն, Երեւան, 2006, էջ 225):

Խնդրո առարկայի վրա լույս է սփռում «Դարձյալ Կորյունի շուրջը» ուսումնասիրությունը, որի մեջ ենթադրություն է հայտնվում առ այն, թե Կորյունի պատմությունը գրվել է Ավարայրից հետո, ինչն ավելի արժեքավոր է դարձնում Վասակ Սյունու մասին դրանում տեղ գտած հայտնի խոսքը. «Այն ժամանակ Աստված տվեց, որ Սյունիքի իշխանության գլուխն անցավ քաջ Սիսական Վասակը` խելացի ու հանճարեղ եւ կանխագետ, աստվածային իմաստության շնորհքով օժտված մի մարդ: Նա շատ նպաստեց Ավետարանի քարոզության գործին: Նա, ինչպես որդին հորը, հնազանդություն ցույց տալով եւ Ավետարանին վայել կերպով ծառայելով, մինչեւ վերջը գործադրում էր նրա հրամայածները» (Կորյուն, «Վարք Մաշտոցի», Երեւան, 1962թ., «Հայպետհրատ», էջ 109, Գլուխ ԺԴ):  Իսկ Ադոնցի եզրակացությունն այս է. «Ինչպես եւ բացատրելու լինենք Կորյունի, Եվթաղի, Մակաբայեցվոց գրքի, նաեւ Ագաթանգեղոսի փոխադարձ հարաբերությունը, գաղտնիքը որոնելու է 460 թվից հետո: Տրամադիր չենք չափազանցելու տոմարական վկայության արժեքը, բայց ուրանալը եւս անկարելի է, մանավանդ երբ գալիս են հաստատելու բանասիրական-պատմական քննության կասկածները» (Ն.Ադոնց, Երկեր հինգ հատորով, Բ հատոր, Երեւանի համալսարանի հրատարակչություն, Երեւան, 2006, էջ 86):

Մեր ուշադրությունից չի կարող վրիպել Ն.Ադոնցի մեկ այլ հետազոտություն` «Խաչատուր Աբովյանի վախճանը»: Դա քննություն է մեր մեծ հայրենակից Ակսել Բակունցի «Խաչատուր Աբովյանի անհայտ բացակայումը» հետազոտության: Եվ քննությունն այսպես է եզրափակում աշխարհահռչակ գիտնականը. «Ա.Բակունցի աշխատությունը, ամեն պարագայի, մի կարեւոր նպաստ է գործին` շնորհիվ նոր նյութերի եւ նոր մեկնաբանության» (Ն.Ադոնց, Երկեր 5 հատորով, Բ հատոր,  Երեւանի համալսարանի հրատարակչություն, Երեւան, 2006, էջ 537): 

Ն.Ադոնցի սյունիքյան արծարծումներին կարելի է հանդիպել այլ գործերում եւս:  Արժեքավոր տեղեկություններ է պարունակում մանավանդ «Քննություն Մովսես Կաղանկատվացու» հետազոտությունը: Դա նոր լույս է սփռում պատմագիտության մեջ իշխող մի կարծիքի վրա եւս, որ իբր Սյունիքում երբեմն-երբեմն իշխել են անջատական տրամադրություններ, ինչն արտացոլվել է նաեւ հոգեւոր իշխանության մեջ: Այդպիսի տրամադրությունների կոնկրետ դրսեւորումներից մեկի մասին ահա թե ինչ է ասում հայագետը. «Հայոց Եղիա կաթողիկոս Աղվանք գնալիս (704 թվին) թույլ է տվել իրեն Երիցո վանքում «խակագործություն», որով եւ ընդունված հարաբերությունները կաթողիկոսարանի եւ Սյունյաց աթոռի միջեւ խանգարվել են»: Այդ հետազոտության մեջ եւս Ն.Ադոնցը ներկայացրել է Սյունյաց եպիսկոպոսությանց (ինչպես եւ Մարդպետական եպիսկոպոսությանց) մետրոպոլիտության արժանի համարվելու մոտիվը: 

Ն.Ադոնցը, թեեւ կրթությամբ ու նախասիրություններով նախեւառաջ միջնադարագետ էր, համաշխարհային համբավ ու ճանաչում ունեցող բյուզանդագետ, անդրադարձել է նաեւ մեր ամենացավոտ ազգային հարցին` Հայ դատին, որի վերաբերյալ նրա կշռադատումը (թեեւ մահվան ժամանակից անցել է մոտ 70 տարի) շարունակում է մնալ ամենաարդիականներից մեկը, եթե ոչ ամենաարդիականը: Մեր ձեռքի տակ է նրա երկերի չորսհատորյակի Ա հատորը («Հայագիտակ», 1996թ.), որն ընդգրկում է հայ մեծ պատմաբանի հոդվածներն ու ուսումնասիրությունները հայկական հարցի վերաբերյալ: Բոլոր հոդվածներն ու ուսումնասիրությունները, առանց վերապահումի կարելի է ասել, արժեքավոր են ու արդիական: Սակայն դրանցից մեկը` «Մեծ եղեռնի տարելիցին» (գրվել է 1928թ. Բոստոնի «Հայրենիք» ամսագրի խմբագրության հատուկ պատվերով), ընթերցողին ներկայացնելը պարտադիր ենք համարում: 

Վերեւում անդրադարձանք Ն.Ադոնցի «Դիոնիսիոս Թրակացին եւ հայ մեկնիչները» աշխատությանը: Մինչդեռ դա հայոց լեզվի քերականությանը եւ ընդհանրապես հայերենին նվիրված միակ գործը չէ: Հայերենագիտական շարքից ընթերցողին կներկայացնենք  մի քանի բառերի ստուգաբանություն եւս:

Մեր ձեռքի տակ են նաեւ Ն.Ադոնցին նվիրված բազմաթիվ գիտական հոդվածներ, արխիվային նյութեր, որոնցից մի քանիսը նույնպես առաջարկում ենք ընթերցողին:

Մեկ այլ առիթով վերեւում նշեցինք` «…Առանց նրա հայացքին ծանոթանալու… անհնար է Սյունյաց հին կյանքի եւ պատմության գիտական ըմբռնումը»: Դրան հետեւյալ հավելումն ենք ուզում անպայման անել` հայագիտությունն այսօր առանց Ադոնցի հիմնարար աշխատությունների անհնար է պատկերացնել: Ուրեմնեւ` մեր թերթի սույն թողարկմանը, վստահ ենք, կհաջորդեն նմանատիպ նոր քայլեր: Եվ դրանց ձեռնարկողները, անշուշտ, հաշվի կառնեն մեր բացթողումները եւ ավելի տարողունակ նյութ կառաջարկեն ընթերցողին:

«Սյունյաց երկրի» սույն` հատուկ համարի թողարկումը եւս մեկ առիթ է երախտագիտություն հայտնելու բոլոր այն գիտնականներին ու հաստատություններին, որոնց մտքի ու ջանքի շնորհիվ Ն.Ադոնցի գիտական ժառանգությունն այլեւս հասանելի է ընթերցող հասարակությանն ու գիտական շրջաններին: Մենք, ցավոք, չկարողացանք (ծավալի պատճառով) սույն համարում ներկայացնել Ն.Ադոնցի գիտական ժառանգության մատենագիտական ամբողջ շրջանակը` հեղինակած վաստակաշատ պատմաբան Պետրոս Հովհաննիսյանի կողմից, բայց չենք կարող չնկատել, որ արդեն ընթերցողի սեղանին է Ն.Ադոնցի հինգ հատորով երկերի չորս հատորը, ինչն իրականություն է դարձել Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության Հայկական բաժանմունքի տնօրեն, դոկտոր Զավեն Եկավյանի ջանքով, ում մեր անկեղծ երախտագիտությունն ենք հայտնում: Բազմահատորյակի հրատարակման գործում բացառիկ ներդրում ունենալու, ինչպես եւ թերթի սույն համարը պատրաստելու գործում ցուցաբերած օժանդակության համար մեր առանձնահատուկ շնորհակալությունն ենք հայտնում Պետրոս Հովհաննիսյանին: Ի դեպ, վերջինիս ներդրումն այնքան ակնառու է ադոնցագիտության մեջ, որ կամեցանք նրան ներկայացնել առանձնակի: Շնորհակալություն ենք հայտնում նաեւ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին, Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանին, Սիսիանի պատվավոր քաղաքացի Աշոտ Մինասյանին, Շաղաթի համայնքի ներկայացուցիչ Գագիկ Խաչատրյանին, Բռնակոթի գյուղապետ Ատոմ Առաքելյանին` խմբագրության սույն ձեռնարկումը քաջալերելու համար: Բարձր ենք գնահատում գեղանկարիչ Ռոբերտ Կամոյանի մասնակցությունը թերթի հերթական համարի ծննդյան գործին:  Նրա` Վասակ Սյունուն եւ Ն.Ադոնցին նվիրված կտավները, կարծում ենք, նոր խոսք են առաջարկվող թեման ըստ պատշաճի ներկայացնելու հարցում: Մեր շնորհակալությունն ենք հայտնում Լեռնաձորի հիմնական դպրոցի տնօրեն Ռոբերտ Էջանանցուն, Կապանի երկրագիտական թանգարանի տնօրեն Գրիշա Սմբատյանին` համարի նախապատրաստության ընթացքում թեմային առնչվող հարցերի քննարկումներին  շահագրգիռ եւ օգտակար մասնակցություն ունենալու համար: 

Միգուցեեւ Ն.Ադոնցին այսկերպ ներկայացնելն ամենաարդյունավետ ու ամենաօպտիմալ տարբերակը չէ: Բայց նախապատվություն տվեցինք հենց այս կերպին, թեեւ ունեինք համարը կառուցելու այլ տարբերակներ եւս: Բնականաբար, հնարավոր չէր ներկայացնել Ն.Ադոնցի գիտական ամբողջ ժառանգության համառոտագրությունն անգամ: Սակայն առաջարկվող նյութերի, թեմաների ծիրը բավարար է, համոզված ենք, որ ընթերցողը նրա կյանքի եւ գիտական ժառանգության մասին ունենա ամբողջական ու ընդհանուր պատկերացում: Միաժամանակ, սույն համարը, կարծում ենք, յուրօրինակ ուղեցույց է դեպի մեծ հայագետի գիտական ընդարձակ եզր ձգվող ճանապարհին, ինչպես եւ հարգանքի յուրակերպ տուրք է ականավոր պատմաբան ու բանասեր, աշխարհահռչակ բյուզանդագետ Նիկողայոս Ադոնցի հիշատակին: Սա, ի վերջո, Սյունյաց աշխարհի հերթական, անկեղծ ու համեստ գնահատանքն է իր տաղանդավոր զավակին: Ծննդյան 140-ամյակի առթիվ անհնարին էր ուխտագնացություն կատարել նրա շիրիմին, որովհետեւ, որքան էլ ցավալի է, նրա գերեզմանի հետքերն այլեւս չկան: Ըստ էության` Բրյուսելի հայ համայնքն այդ հարցում ժամանակին ակնհայտ անպատասխանատվություն է ցուցաբերել, այլապես 1942թ. մահկանացուն կնքած գիտնականի շիրիմը մի քանի տարի անց չէր անհայտանա` գերեզմանոցի տարածքում կատարված քաղաքաշինական աշխատանքների պատճառով (կինը` Օլգա Հովնաթանյանը, թաղված է Փարիզի Պեր-Լաշեզ գերեզմանոցում): Մենք չկարողացանք տեղեկություններ ստանալ նաեւ Ն.Ադոնցին առնչվող բրյուսելյան վայրերի մասին, թեեւ օգնություն էինք հայցել հանրապետության արտաքին գործերի նախարարությունից ու Բելգիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանից: Փոխարենն այցելեցինք Բռնակոթ, ծունկի եկանք, մոմ վառեցինք նրա հոր` Գեւորգ Առաքելի Տեր-Ավետիքյանի շիրիմին, որ գտնվում է գյուղի Սբ Գեւորգ եկեղեցու բակում, խնկարկեցինք այնտեղ (մայրը թաղվել է Բաքվի Արմենիքենդ շրջանի հայկական գերեզմանոցում): Եվ խնդրեցինք ամենակալ Բարձրյալին, որ ընդմիշտ օրհնյալ լինի վիթխարի գիտնական, պատվական հայ, Սյունյաց աշխարհի անվանի զավակ Նիկողայոս Ադոնցի հիշատակը:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ 

18 հոկտեմբերի 2011թ.

«Սյունյաց երկիր», N236

 

 

 

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

21.12.2024 09:29

Կապան համայնքի կանանց երգչախմբի համերգը

20.12.2024 21:31

Պահեստային տարածքի վարձակալության մրցույթ

20.12.2024 20:13

Մեղրիի փոքր թաղի վերածնունդը` պատմության եւ զբոսաշրջության նոր շունչ

20.12.2024 19:13