Բոլորել էր ընդամենը 24 գարուն

24.03.2014 14:30
1900

Մերօրյա ազատամարտը սկսեցինք ֆիդայական ջոկատներով եւ որսորդական հրացաններով: Մարտից մարտ զորամիավորումները ղեկավարող հրամանատարները փորձ էին ձեռք բերում: Բայց կային այնպիսիք (ճիշտ է, սակավաթիվ էին), ովքեր խորհրդային բանակի փորձառությունն ունեին: Քչերից մեկը ենթասպա Վահրամ Սահակյանն էր: Աչք է բացել մանկավարժի ընտանիքում 1970 թվականի դեկտեմբերի 2-ին, ավարտել Ղափանի N27 գիշերօթիկ միջնակարգ դպրոցը: Հայրենի քաղաքի լեռնամետալուրգիական տեխնիկումում երկու տարի ուսումնառություն ստանալուց հետո պարտադիր զինվորական ծառայությունն անցել է Սվերդլովսկում տեղակայված զորամասում: Զինծառայության ընթացքում ավարտել է նաեւ ռազմական վեցամսյա դասընթացներ եւ ենթասպայի ուսադիրներով վերադարձել զորամաս: Ժամկետային ծառայությունն ավարտելուց հետո նույն զորամասում ծառայել է եւս մեկ տարի:

Այդ ընթացքում հայ-ադրբեջանական հակամարտության թափանիվն արագացնում էր պտույտները: Զգաց, որ հայրենիքում պիտի լինի: Վերադարձավ եւ 1992-ի սեպտեմբերից ռազմագիտություն էր դասավանդում Ձագեձորի միջնակարգ դպրոցում: Ցանկությունը մեծ էր՝ խորհրդային բանակում ստացած գիտելիքները հաղորդել պատանիներին: «1993-ի հունվարի վերջն էր, - վերհիշում է հայրը՝ պատմության երկարամյա ուսուցիչ Հրանտ Սահակյանը, - մի օր եկավ, թե` էլ չեմ ուզում մանկավարժություն անել, - ես էլ ցանկացա, որ գոնե մինչեւ ուսումնական տարվա ավարտն աշխատի, բայց ոչինչ չստացվեց: Անդրդվելի էր: - Ես զինվորական եմ, իմ տեղը կռվող տղաների կողքին է: - Ի՞նչ անեի, ինձ մնում էր օրհնել որդուս ընտրած ճանապարհը»:

Մի քանի օր հետո արդեն ենթասպա Վահրամ Սահակյանը Կապանի դեսանտագրոհային գումարտակի մարտիկների հետ էր: Իսկ այնուհետեւ մասնակիցը եղավ Կուբաթլիի, Զանգելանի ուղղությամբ մղվող մարտերին, Ներքին Հանդ գյուղի պաշտպանությանը: 1994-ի հունվարը բեկումնային էր Արցախյան պատերազմում: Անընդհատ լարված ու թեժ մարտական գործողություններ էին ընթանում: Թշնամին վիրավոր գազանի նման վերջին ճիգերն էր գործադրում` վերագրավելու մեր մարտիկների կողմից ազատագրված տարածքները, անընդհատ գնդակոծում եւ հրետակոծում էր մեր դիրքերը: Առավել դժվարին օր էր հունվարի 26-ը: Առավոտից սկսած Վահրամն իր վաշտով կարողացավ կասեցնել հակառակորդի առաջխաղացումն աջ թեւում: Թվում էր, թե ամեն ինչ բարեհաջող պիտի ավարտվեր, բայց դարանամուտ դիպուկահարի գնդակը գտավ նաեւ Վահրամին, ով գլխի շրջանում հրազենային ծանր վնասվածք ստացավ: Կարեվեր խոցված զինվորականին արագությամբ դուրս բերեցին կրակադաշտից եւ տեղափոխեցին Կապանի հիվանդանոց, բայց կյանքը փրկել չհաջողվեց: Ծանր վերք ստանալուց վեց օր անց` փետրվարի 1-ին, հայրենիքի պաշտպանը կնքեց մահկանացուն:

Հավերժի ճամփորդ դարձած Վահրամ Սահակյանի մասին քիչ չի գրվել հանրապետական եւ մարզային մամուլում («Հայ զինվոր», «Սյունյաց աշխարհ»): Այս անգամ նախընտրեցինք լսել նրա զինակիցների հուշերը, որոնք նոր վրձնահարվածներ են ավելացնում նահատակ մարտիկի դիմանկարին:

Արարատ Մանուչարյան (փոխգնդապետ, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր, ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի օպերատիվ վարչության ուղղության պետ), - Պիտի ասեմ, որ 1994-ի հունվարը լուրջ փորձություն էր մեր գումարտակի համար: Հակառակորդը պարբերաբար գնդակոծում եւ հրետակոծում էր մեր դիրքերը: Հունվարի 9-ի, 12-ի, 18-ի, 23-ի մարտերին իրեն լավագույն կողմերով դրսեւորեց ենթասպա Վահրամ Սահակյանը: Նա մինչ այդ դասակ էր ղեկավարում, բայց իր այդ նվիրվածության շնորհիվ նրան վստահեցին վաշտի հրամանատարի պարտականությունները: Մեջս տպավորվել է այն, որ զինակիցները հարգանքով եւ վստահությամբ էին վերաբերվում հրամանատարին, ինքն էլ անկեղծորեն հետաքրքրվում էր ենթակաների որպիսությամբ, նրանց խնդիրներով, անհրաժեշտության դեպքում քաջալերում էր նրանց: Ավա՜ղ, նախախնամությունը նրան կարճ կյանք էր պարգեւել:

Արա Սարգսյան (մարտական ընկեր), - Վահրամ Սահակյանի հետ մոտիկից շփվելու առիթ եղավ 1993թ. փետրվարի 1-ից, երբ նա միացավ մեր գումարտակի մարտիկներին: Թեպետ երիտասարդ տարիքին՝ ձեւավորված մտածելակերպ ուներ, մեծի հետ մեծ էր, փոքրի հետ` փոքր: 1993-ի մարտին, երբ վիրավորվեցի, առաջինը Վահրամն ինձ օգնության հասավ, նրան հանձնեցի ավտոմատս, այդպիսի չգրված օրենք կա կռվողների մեջ. առաջին օգնության հասնողին հանձնել զենքը: Մարդամոտ էր, անմիջական, ինչի շնորհիվ արժանացել էր զինակիցների հարգանքին:

Գարիկ Ներսիսյան (մայոր, Կապանի զինկոմի տեղակալ, զորահավաքային բաժանմունքի պետ), - Նրա ընտանեկան դաստիարակությունը եւ խորհրդային բանակում կուտակած փորձը, պարտաճանաչությունը, հրամանները ժամանակին կատարելը վկայում էին այն մասին, որ պատրաստի զինվորական է:

Պատահական չէր, որ երբ վաշտի հրամանատարը վիրավորվեց, Վահրամին վստահեցին նրա պարտականությունները: Նրա ակտիվությունը, համարձակությունը ոգեւորում էին ծառայակիցներին: Մի անգամ, հիշում եմ, Հորադիզում էինք: Վիրավորներ կային, բնականաբար, տխուր եւ ընկճված էինք, զգաց մեր հոգեվիճակը, սկսեց ուրախ պատմություններ պատմել` փորձելով մեզ հանել այդ տխուր վիճակից: Ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել ձեր թերթին մեր զոհված զինակցի հիշատակը հարգելու եւ նրան հիշելու համար: Արցախյան պատերազմի բոլոր մասնակիցները` նահատակ, թե կենդանի, ուշադրության կենտրոնում եւ պետական հոգածության ներքո պիտի լինեն:

Գարիկ Պապյան (մարտական ընկեր), - Վահրամի մասին երկար կարելի է խոսել ե՛ւ որպես մարդու, ե՛ւ որպես հրամանատարի: Միշտ ծիծաղը երեսին էր, ինչը նշան էր այն բանի, որ նման մարդուց, ինչպես մեծերն են ասում, վատ բան չես սպասի: Պատասխանատվության զգացում ուներ, ոչ մի հանձնարարություն կամ խոսք գետնին չէր թողնի: Նրա հետ շատ հուշեր են կապված. պատմեմ, թե ինչպես ամուսնացավ: Տրիցատիի (երկաթուղու 30-րդ կիլոմետր, ծանոթ. խմբ) դիրքերում էինք, մի օր ասաց. «Գարիկ, ընկերուհուս կարոտել եմ, մի օրով պիտի գնամ»: Երկու օր հետո եկավ, թե ընկերուհուս տուն եմ տարել, մենք էլ շնորհավորեցինք, բարին մաղթեցինք: Այդպես էր նա, եթե մի նպատակ էր դնում իր առջեւ, անպայման պիտի կատարեր: Մի այլ դեպք էլ է տպավորվել մեջս. 1994-ի հունվարի 6-ին մեզ գնացքով պիտի տեղափոխեին Հորադիզ: Հարավ-արեւելյան ճակատում իրադրությունը սրվել էր, հակառակորդն այդտեղ ռազմական տեխնիկայի եւ զինուժի մեծ կուտակումներ ուներ, լուրջ մարտեր էին ընթանում: Սառնաշունչ երեկո էր, Կապանի կայարանում մոտեցավ ինձ, թե` վտանգավոր տեղ ենք գնում, միշտ իրարից անբաժան պիտի լինենք: Այդպես էլ եղավ, հունվարի 6-ից մինչեւ նրա ծանր վիրավորվելը կողք կողքի էինք կռվում, կիսում մի պատառ հացը:

Մինչեւ 1997 թվականը զինծառայության մեջ եմ եղել եւ միշտ Վահրամի բացակայությունը զգացել եմ, նման հավատարիմ մարդու կարիք յուրաքանչյուր ոք զգում է, մանավանդ երբ նա այլեւս չկա…

Ի դեպ, Վահրամի եղբորորդին` Զորայրը, որոշել է շարունակել հորեղբոր կիսատ թողածը` զինվորական գործը, սովորել եւ ավարտել է Հունաստանի մայրաքաղաք Աթենքի ռազմական ակադեմիան: Այժմ հրետանավորի մասնագիտությամբ ծառայում է հայոց բանակի՝ Իջեւանում տեղակայված զորամասում:
Կարելի է փաստել, որ Վահրամ Սահակյանի ծառայությունն իր երկրին գնահատվել է: 2001-ի մայիսի 6-ին (հետմահու) արժանացել է «Արիության համար» մեդալի: Կապանի N5 հատուկ դպրոցի (նախկինում` N27 գիշերօթիկ դպրոց) դասարաններից մեկն անվանակոչվել է եւ կրում է մերօրյա ազատամարտի նահատակ Վահրամ Սահակյանի անունը: Նրա հայրենի գյուղի` Արծվանիկի մանկական այգում կառուցվել է Արցախյան գոյամարտում ընկածների հիշատակը հավերժացնող հուշահամալիր, որի հարակից փողոցը կրում է Վահրամ Սահակյանի անունը:

Թող որ լինի այնպես, ինչպես հանրահայտ խոսքում է ասվում` ոչ ոք չի մոռացել, ոչինչ չի մոռացվել:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19