Ճանաչենք մեր վարպետներին` Սեյրան Ղազարյան

01.03.2024 14:27
1131

Վերջերս կայացավ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայ մարզիկները, պատվով հանդես գալով  քաշային կարգերում, մեդալակիրներ դարձան:

Աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, 109 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանն այս առաջնությունում դարձավ փոքր ոսկե մեդալակիր՝ 190 կգ արդյունքով:

Առավել ցածր 102 կգ քաշային կարգում Սամվել Գասպարյանը երկամարտի 390 կգ արդյունքով նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը, իսկ Արսեն Մարտիրոսյանը դարձավ փոխչեմպիոն:

Հպարտ ենք մեր մարզիկների հաջողություններով, նման հաղթանակների կարիքը, այժմ առավել քան երբևէ, մենք ունենք:

Քաջարանում հարգի է ծանրամարտը, բայց քչերը գիտեն, որ իրենց կողքին տարիներ ի վեր ապրում և աշխատում է տարածաշրջանի ծանրամարտի երախտավորներից, ԽՍՀՄ սպորտի վարպետ, բազմաթիվ մրցաշարերի հաղթող Սեյրան Ղազարյանը:

Ինքներս էլ այդ մասին տեղեկացանք շրջանային թերթերի արխիվն ուսումնասիրելուց, ու ծագեց նրան հանդիպելու մտահղացումը:

Դպրոցական տարիներից է նրա մոտ սեր առաջացել ծանրամարտի հանդեպ:

Հիշում է, որ դպրոցում ֆիզկուլտուրայի ճանաչված ուսուցիչ, ծանրամարտիկ Էդիկ Ավետիսյանի խորհրդով թողեց բռնցքամարտն ու սկսեց զբաղվել ծանրամարտով:

Լինելով մարզաձևի գիտակ՝ Ավետիսյանը նկատել էր տղայի ֆիզիկական կարողությունները և փորձել ճիշտ ուղղորդել նրան:

Ծնվել է 1963 թվականին Քաջարան քաղաքում: Քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցի ութերորդ դասարանն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի թիվ 10 մարզական թեքումով գիշերօթիկ դպրոցը:

Տղայի մասին ավագ եղբայրը՝ Անդրանիկ Ղազարյանը, մի առիթով պատմել էր Հայաստանում ծանրամարտի հայտնի մարզիչ ժորա Հովհաննիսյանին՝ հանրաճանաչ ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի հորը: Վերջինիս առաջարկով պատանին Երևան է գնում, հանդիպում հեղինակավոր մարզչին, ով նկատելով նրա կարողությունները, անմիջապես առաջարկում է մնալ Երևանում՝ մարզաձևով ավելի լուրջ զբաղվելու նպատակով:

Դա 1979 թվականի օգոստոսն էր: Իսկ առջևում՝ սեպտեմբերին, Լենինականում Հայաստանի ծանրամարտի պատանիների առաջնությունը պետք է կայանար, որին հաջող մասնակցելու համար անհրաժեշտ էր սկսել արդյունավետ մարզումները:

- Դա իմ առաջին մասնակցությունն էր հեղինակավոր մրցումներին, որտեղ արժանացա Հայաստանի չեմպիոնի կոչմանը,- հիշում է Սեյրան Ղազարյանը,- անծանոթ իրավիճակ էր տասնվեցամյա պատանուս համար, չնայած շատ էի մարզվել, սակայն, բնականաբար, հուզվում էի…

Առաջին մրցություն և միանգամից մեծ հաջողություն, չեմպիոնի կոչում, ինչը մարզական կարիերայում հազվադեպ է պատահում:

Իրար հաջորդում են Հայաստանում և Խորհրդային Միությունում տեղի ունեցող մրցաշարերը, պատանի ծանրամարտիկը գրեթե բոլորից մեդալով կամ պատվոգրով է վերադառնում, պատվավոր տեղեր զբաղեցրած. Արխանգելսկ (ԽՍՀՄ պատանեկան առաջնություն, 5-րդ տեղ), Ուլյանովսկ («Սպարտակ» մարզական ընկերության առաջնություն, 1-ին տեղ), Վորոշիլովգրադ (դպրոցականների համամիութենական մրցաշար, 1-ին տեղ), Մագնիտոգորսկ (ուսանողական խաղեր, 3-րդ տեղ), Կլայպեդա (դպրոցականների համամիութենական սպարտակիադա 4-րդ տեղ): Հենց Կլայպեդայում ցուցաբերած բարձր արդյունքների համար Ս. Ղազարյանին շնորհվել է «ԽՍՀՄ  սպորտի վարպետ» -ի կոչումը: Նույն թվականին Կազանում անցկացված մրցաշարում արժանացել է արծաթե մեդալի:

Իսկ արդեն Վիտեբսկում՝ ԽՍՀՄ պատանեկան անհատական – թիմային առաջնությունում թեթևագույն քաշային կարգում սահմանել է համամիութենական ռեկորդ՝ երկամարտում հավաքելով 225 կիլոգրամ, արժանանալով ոսկե մեդալի: Մարզական հաջողություններին զուգահեռ նա չի դադարել ինքնակատարելագործվել, 1981 թվականին ընդունվել և 1986 թ.-ին ավարտել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի ծանրամարտի բաժինը:

Սեյրան Ղազարյան պատանի ծանրամարտիկի մարզական հաջողությունները Քաջարանի պատմության նշանակալից էջերից են:

Վերոնշյալին ավելացնենք նաև, որ մարզիկը չորս անգամ արժանացել է ՀՀ չեմպիոնի կոչմանը:

- Մեր՝ իրար հաջորդող հաղթանակները ոգևորում էին: Պարտական եմ մարզիչներիս՝ Ժորա Հովհաննիսյանին, Սամվել Հակոբյանին, ամենի ակունքում կանգնած Էդիկ Ավետիսյանին: Սպորտում պահանջկոտությունը շատ կարևոր է, մարզիչներս խստապահանջ էին, ինչը հաջողություններիս գրավականներից էր:

Բազմաթիվ մրցաշարերը ոչ միայն կոփել են մարզիկին, դարձրել տոկուն ու փորձված, այլ նաև ոլորտում գործնական ծանոթություններ ստեղծել:

- Կլայպեդայում մեկ ամսյա մարզական հավաքի ընթացքում ծանոթացա աշխարհահռչակ ծանրորդների հետ, ինչպիսիք են՝ Դավիթ Ռիգերտ, Յուրի Վարդանյան, Վասիլի Ալեքսեև, Օլեգ Տարանենկո և ուրիշներ,- շարունակում է մարզիկը,- նրանց ծանոթ լինելն ու նրանց հետ մարզվելը հիշողություններ են, որ անջնջելի են ողջ կյանքի համար: Դավիթ Ռիգերտի հետ մարզումներից հոգնած՝ հանդիպեցի մարզչիս ու անմիջապես հասկացա՝ նա էր խնդրել չեմպիոնին ինձ մի լավ չարչարել/ ժպտում է/, չեմպիոնն էլ՝ չէր մերժել...

Բարձրագույնն ավարտելուց հետո Ս. Ղազարյանը գործուղվել է Ղափանի շրջանի Եղվարդ գյուղ՝ որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ, համատեղությամբ աշխատել է նաև Ագարակի ութամյա դպրոցում, ապա՝ Դավիթ Բեկ գյուղում: Մանկավարժական գործունեությունը սկսելուն պես երեկվա մարզիկը տեղափոխվում է մարզչական դաշտ, զուգահեռ  աշխատում նաև մարզօջախներում:

- Հիշողություններիս մեջ միշտ այն պահն է, թե ինչպես ինձ անմիջապես նկատեց էդիկ Ավետիսյանը,- պատմում է,- նույն սկզբունքով ես փորձել եմ սաներիս ընտրել, հասկանալ՝ ուր կարող է հասցնել նրանց ծանրամարտը:

1994-95 թթ. ղեկավարել է Ղափանի շրջանային, իսկ 1996-99 թթ. ՀՀ Սյունիքի մարզի սպորտկոմիտեն:

2004 թվականից ԶՊՄԿ ընկերության աշխատակից է, սկզբում կոմբինատի մեխանիկական արտադրամասի վարպետ էր, այնուհետև տեղափոխվել է արտադրական էսթետիկայի արտադրամաս, որտեղ որպես վարպետ աշխատում է մինչ օրս:

Մարդկային համեստ տեսակ է, երիտասարդ տարիների նվաճումների մասին պատմում է ընդգծված համեստությամբ, վայելում է շրջապատի սերն ու հարգանքը:

Նրան հանրությանը որպես մարզիկ, ծանրամարտի սպորտի վարպետ, քաջարանյան սպորտի երախտավոր կրկին ներկայացնելու պահը հասունացել էր:

 

Լիլիթ Իսրայելյան

Քաջարան, ապրիլ, 2021 թ.

Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին

31.01.2026 21:11

Լրացուցիչ քննություն կկազմակերպվի անգլերենի 2-րդ և 4-րդ տարբերակները գրած այն դիմորդների համար, ում թեստը տպագրական խոտանով է եղել․ ԳԹԿ

31.01.2026 21:08

Սուրբ Էջմիածնի զավակ եմ և երբեք իմ ուխտը չեմ դրժելու, ի՞նչ է նշանակում ճամբար փոխել․ Սյունյաց թեմի առաջնորդ

31.01.2026 19:00

«Տաշիր-կար» ֆաբրիկան ներդրումային ծրագրերի շրջանակում շարունակաբար ընդլայնում է իր արտադրական հնարավորությունները

31.01.2026 17:33

Եպիսկոպոսներին մեղադրյալի կարգավիճակով ՔԿ են կանչել, որ Ավստրիայի ժողովը տապալեն. պաշտպան

31.01.2026 17:24

Եթե hարձակում տեղի ունենա, մենք կպատասխանենք ցնցող, արագ և շատ հզոր հակաhարվածով․ Իրանի ԱԳ նախարար

31.01.2026 14:39

Երիտասարդների օրհնության կարգ Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում

30.01.2026 22:52

5 տարվա ընթացքում 300,000 աշխատատեղ ստեղծելու մասին հարցերին կպատասխանի Նարեկ Կարապետյանը

30.01.2026 22:07

«Ազատությո՛ւն Աշոտ Մինասյանին, Վահագն Չախալյանին և բոլոր քաղբանտարկյալներին». Աբրահամյանը կալանավայրերում տեսակցել է քաղաքական հետապնդումների ենթարկվողներին

30.01.2026 20:03

Պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է․ Տեր Պսակ քահանա Մկրտչյան

30.01.2026 18:53

Վեհափառի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի կալանքը ևս 2 ամսով երկարաձգվեց

30.01.2026 18:45

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրանից մի խումբ քաղաքացիներ են մտել Հայաստան․ ԱԱԾ-ն ձերբակալել է․ ի՞նչ է կատարվել Մեղրիում

30.01.2026 15:58